Դերենիկ Դեմիրճյանի արձակի ռիթմը

Հեղինակ:

Դերենիկ Դեմիրճյանի արձակը խիստ ինքնատիպ տիրույթ է հայ գրականության համապատկերում, որտեղ առանձնանում են ոչ միայն պատմողը կամ պատմվողը, այլ նաև պատկերների կյանքը, ավելի ճիշտ՝ ռիթմականությունը: Դեմիրճյանի դեպքում այս առումով կարելի է ասել, որ գրիչը զորել է և՛ փոքր արձակում, և՛ մեծ: Իմ ուսումնասիրության առանցքում հատկապես արձակի արվեստի ցայտուն գծերով աչքի ընկնող մի շարք պատմվածքներ են, որոնց բնորոշ է պատկերների անընդհատական շարժումը, դադարն ու լռությունը, անկանոն ընթացքն ու արձակի ռիթմին հատկական մի շարք իրողություններ: Կարելի է համարել, որ մեծաթիվ պատմվածքների պատումը շարժման պոեզիա է, կոմպոզիցիան խարսխվում է արագության և դանդաղության, թռիչքների և անկումների վրա: Այս մեծ շղթայում արձակագիրը ռիթմական հարուստ պատկերի մեջ է տեսնում մարդուն, կյանքը, բնության տեսարանները, մարդկային ամենատարբեր ապրումները: Քննելով Դեմիրճյանի ստեղծագործությունների ռիթմը՝ կարելի է տարբերել և հակադրել դրանք միմյանց: Իրենց ռիթմական պատկերով հակադրվում են ոչ միայն առանձին ստեղծագործություններ, այլև հերոսներ, բնության պատկերներ, ձայներ, բույրեր, պատումային իրադրություններ: Հստակ տարբերություն կարելի է տեսնել ‹‹Գիրք ծաղկանց›› վիպակի և ‹‹Ավելորդը››, ‹‹Սեփականություն››, ‹‹Խանութպան››, ‹‹Իրեր››, ‹‹Չարգյահ›› պատմվածքների ռիթմերի միջև: Եթե ‹‹Գիրք ծաղկանց››-ում և ‹‹Ավելորդ››-ում իշխում է անկանոն և անհանգիստ շնչառությամբ ռիթմը, ապա ‹‹Սեփականություն›› պատմվածքում՝ հանգիստ և խաղաղ ընթացքը, չնայած այստեղ էլ տեղի են ունենում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ: ‹‹Ռիթմը պրոզայի մեջ›› հոդվածում Դեմիճյանը նկատում է.  ‹‹Ռիթմի խնդիրը ներքին խնդիր է նախ և առաջ: Նա կապված է նյութի, բովանդակութան, հոգեբանության, իդեայի հանգույցի զարգացման լուծման ամբողջ ընթացքի հետ: Սա արդեն բարդ երևույթ է, որը պիտի ուսումնասիրել: Բովանդակության մասերը, հոգեբանությունը, իդեայի զարգացումները, սերտ կապվելով իրար հետ, պահանջում են հանգույցի զարգացման ռիթմիկ հաջորդականություն››:[1] ‹‹Ավելորդը›› պատմվածքում, պատկերելով մարդկային հոգեբանության բարդագույն վիճակներ, գրողը ստեղծում է ռիթմական տատանումների մի ամբողջ շղթա: Արտաքուստ խաղաղ պատում հիշեցնող սկիզբը ձեռք է բերում այլ շնչառություն՝ ցավոտ, անհավասար, խեղդվող լացի աքցանում, տեղ-տեղ հեծկլտոցով և հեռացող քաղաքի լռությամբ: Եվ այդ լռությունից հետ արթնացող և նոր  կյանքի ուղին բռնած քաղաքն էլ կարծես մեղքի ու ապաշխարության անցումներով դժվարանում է շտկել ծուռ մեջքը: Հետևաբար պատումն անհավասար ռիթմիկ պատկերների հերթագայություն է՝ սպասումով, կորուստներով, հավատի ու ողբերգության բաց շնչառությամբ: Ռիթմը ցայտուն է դառնում մի քանի դիմանկարներում. առաջինը՝ Հաճի աղայի, նրա աղայական քայլվածքն առաջին անգամ ընկնում է իր սովորական ռիթմից և անկանոն շարժման մեջ դնում կյանքում իր տեղը գտած մարդուն: Խախտվում է ներքին հաստատունությունը, ամեն ինչ  փոխվում է, և Դեմիրճյանը դիմում է միայն իրեն հատուկ՝ ոչ թե արագահոս պատկերների, այլ հակառակը, մեղրի պես ծորացող, դանդաղ, ավելի դանդաղ, որ հիշեցնում է Հեկտոր Բեռլիոզի ‹‹Ֆանտաստիկ›› սիմֆոնիայի չորրորդ մասը, երբ մի պահ ամեն ինչ կանգ է առնում՝ կարծես տնտղելու խորհրդավոր իրականությունը, որը նոր է, և մարդիկ էլ դեռ կարգին չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Ուրեմն՝ հաճախ անորոշ, տարտամ գործողությունների շարան է սկսվում հերոսների մոտ: Դա փոխանցվում է փոքրիկ քաղաքի ներքին ռիթմին: Հետաքրքիր ռիթմական պատկերներ ունեն առանձին հերոսներ: Շմավոնի խառնաշփոթությունը ևս շատ հետաքրիքիր ռիթմ ունի: Հայրը մտնում է խանութ՝ որդու մոտ, որտեղ անսովոր անկարգություն է տիրում: Գեր ու կլոր Շմավոնը հևում է փուքսի պես, իսկ քրտինքի կաթիլները շարվել են նրա չեչոտ, կարմիր երեսին: Պատմվածքում իշխող՝ փախուստի ու վտանգի ռիթմերն անընդհատ փոխում են իրենց տեղերը: Հերոսների զսպվածությունն անզոր է՝ թաքցնելու խուճապն ու անկրելիությունը: Այս լարվածությունը փոխանցվում է անընդհատ հայտնվող սպասված երկխոսություններին, որոնք հիմնականում հարցեր են՝ չափազանց լարված և պիրկ ռիթմով:
Պատումն անընդհատ նոր լարումների ուղի է բռնում և տեղ-տեղ դառնում անհուսալի ջղաձիգ: Այդպիսի մի պատկեր է Հաճի աղայի մյուս որդու՝ Հակոբի տուն մտնելը, ով ներս է մտնում դռան գռռոցի հետ և կանչում մորը՝ հուզված ու կտրուկ: Դեմիրճյանն այս պատկերում գործածում է ‹‹շնչասպառ››, ‹‹ջղաձիգ››, ‹‹սաստիկ›› բառերը: Իրավիճակը  չափազանց լարված է, պայթյունավտանգ: Իսկ հերոսների ռիթմային պատկերները փոխվում են. ‹‹Հակոբը քանդեց իր կավագույն բաշլըղը, հանեց դեղնած հաստ վերարկուն և, հարձակվելով սնդուկների վրա, այնպես ուժով առաջ քաշեց, որ զոռից դեմքի ու վզի երակները ուռան: Իրար  ետևից ներս լցվեցին և դռների մոտ արձանացան Շողոն, Շմավոնի կինը, փոքր հարսը և մի հարևանի կնիկ››:[2]
Դեմիրճյայնի արձակում կարևոր տեղ ունի ձայնի պոետիկան: ‹‹Ավելորդը›› հենց առանձնանում է ձայնային ‹‹տեսանելիությամբ››՝ մարդկանց անկանոն հարցերը, զարմանքը՝ սփռված ամբողջ քաղաքի մակերեսին, որն ավելի արտահայտիչ դարձնելու համար Դեմիրճյանը դիմել է առոգանության նշանների բոլոր հնարավություններին: Այս ամենին միանում են լացի, հեծկլտոցի, աղերսանքի, խնդրանքի ձայները, որոնք ռիթմական նոր պատկերներ են բերում:
Իրերի ռիթմն էլ է մասնակցում պատումի գործողությունների շղթային՝ կապույտ սփռոցը՝ տան խորհրդանիշը, կապերտը, մինդարը, Հաճու տունը, ցեխոտ ճանապարհը, ֆուրգունը, մեծ և պզտիկ օդաները, թիթեղե փեչը, պետքական և անպետք իրերը: Իրերն իրենց լինելիությամբ ու շարժմամբ վավերացնում են մարդկանցից թոթափվող քաղաքի անսահման մեծ վիշտը:
Պատմվածքում առանձնակի հմտությամբ է պատկերավորված հոգու ռիթմը: Ռիթմ, որ պահպանում է մասերի հավասարությունը: Այդ դեպքում նրանք հավասար անկանոն են և աստիճանաբար վերածվում են անհանգիստ թրթռումների: Սակայն ամենահետաքրքիրն այս պատմվածքում պատկերված է խղճի ռիթմը: Այն հանգում է Սրբունի կերպարին և նույնանում են այս դեպքում, այսինքն՝ Սրբունի հոգու ռիթմը նույնն է խղճի ռիթմին: Սա Դեմիրճյանի արձակի վարպետոթյան ևս մեկ օրինակ է: Նախ խղճի տեսքը, որ ուռած դեմքով է, հիվանդագին և ճերմակ: Նա հետևում է բոլորին, բայց իրեն գրեթե չեն նկատում: Խիղճը թույլ գծերով է պատկերված, անձայն, երբեմն լսելի է նրա հեծկլտանքը: Այն ամենաշատը կրողը նման չէ բոլորին. անդամալույծ է: Ուրեմն՝ այլաբանորեն պատկերելով այսպիսի խորհրդանիշ՝ արձակագիրը ցավով և հուսահատությամբ է վավերացնում, որ աշխարհում գնալով պակասում է ամենակարևորը՝ խիղճը: Եվ ինչպիսի՜ վարպետությամբ է ընտրված պատմվածքի վերնագիրը՝ ‹‹Ավելորդը››: Միայն խիղճն է, որ այնքան քիչ է, սակայն ավելորդ է, որին տեղ չկա ոչ մի տեղ: Բայց պատմվածքի հաղթանակն էլ այն լուսավոր գաղափարն է, որ առանց խղճի անհնար է ապրել: Այն վաղ թե ուշ ցույց կտա իր ներկայությունը:
‹‹Ավելորդը›› պատմվածք է նաև անհանգիստ շարժումների՝ բազմաթիվ պատկերներում: Շարժվում է ամեն ինչ՝ նույն տեղում և հակառակ ուղղություններով: Հակադրվում են մարդիկ, հակադրվում է ներկան անցյալին, մաքրությունն ու աղտը, աղմուկն ու լռությունը, մարդկանց անտարբերությունն ու խիղճը:
‹‹Ռիթմը պրոզայի մեջ›› հոդվածում Դ. Դեմիճյանը գրում է, որ ‹‹արձակը նույնպես բանաստեղծություն է… Արձակի ռիթմը ավելի հարուստ է, ավելի նուրբ, բազմազան և խոր, քան երբեմն ոտանավորի ռիթմը: Լավագույն պրոզայիկների (Բալզակ, Մոպասան, Տուրգենև, Պուշկին, Գոգոլ և այլն) ընթերցումը ցույց կտա այն բանաստեղծական խոր շունչը, որ կա պրոզայի մեջ››, նաև նկատում, որ ՛՛ արձակը ևս ռիթմ, չափ ունի. միայն դա չի նկատվում: Շատերը չեն կասկածում, չգիտեն էլ այդ փաստը: Այո, արձակը ռիթմ ունի և չափազանց բազմապիսի, նուրբ, հետաքրքիր››[3]:
Կերպարի արտացոլումը գրական երկում, մասնավորապես արձակում, ենթադրում է նրա վարքագիծը, ճակատագիրը, բնավորությունը, շփումը մյուս հերոսների հետ և այլն: ‹‹Քանի որ պոետները,- գրում է Արիստոտելն իր նշանավոր Պոետիկայում››,- նկարագրում են գործող մարդկանց, որոնք ըստ անհրաժեշտության լինում են լավ կամ վատ (մեր գործողությունները այլ չափանիշ չունեն, նրանք բոլորը վերաբերում են բարուն կամ չարին), ապա մարդկանց կարելի է ներակայացնել կամ վատ, կամ այնպես, ինչպես որ մենք ենք, և կամ այնպես, ինչպես նկարիչների մոտ են: Օրինակ՝ Պոլիգնոտեսը նկարում է լավագույն մարդկանց, Պավսոնը՝ ամենավատերին, Դիոնիսիոսը՝ մեզ նմաններին: Ակներև է, որ վերը նշված բոլոր բանաստեղծական վերարտադրությունները կունենան այդ նույն տարբերությունները և միմյանցից կտարբերվեն ըստ վերարտադրության ենթակա առարկաների: Այս տարատեսակները հանդես են գալիս պարի, ավլետիկայի, կիթառիստիկայի, պրոզայի և զուտ բանաստեղծության մեջ››[4]:
Արձակի ռիթմը հնարավորություն է տալիս՝ խորապես զգալու կերպարի բնավորության, այսպես կոչված, լավ և վատ կողմերը, որ հստակ զգացվում է Դեմիրճյանի բազմաթիվ հերոսների բնավորություններում և շարժման ձևերում: ‹‹Սեփականություն›› պատմվածքի Ժակ Բուրդիլիեի կերպարային վարքագիծն իր միօրինակությամբ, միատեսակությամբ հակադրվում է Լեմանի ափին տարածված շվեյցարական գյուղի գեղեցկությանը: Հակադրությունների ճանապարհով ընթացող պատմվածքի պատումն իր մեջ է վերցնում գլխավոր հերոսի աններդաշնակությունը՝ որպես այդօրինակ դրսևորում՝ առանց զարմանքի ու դատապարտման, այդպիսի մարդն էլ կյանքինն է, սովորական է բնության համար այնպես, ինչպես Վըվեի լռիկ այգիները: Հաճախ շրջապատի՝ բնության, կյանքի ռիթմը համընկնում է գլխավոր հերոսի շարժմանը, ինչպես. ‹‹Եվ ահա ժամավորը ափից ելած գետի պես տարածվում է փողոցներում: Գեղեցիկ, զբոսնելու օր է. Վըվեն ժպտում է իր կապույտ Լեմանի պես: Շտապում են տուն: Եվ Ժակը ահա ամենից ուրախ շտապում է տուն, ուր իրեն սպասում է մի բուրալից և ճոխ սեղան››[5]: Բայց երբ խախտվում է մարդու և բնության կապը, երբ բացապարզվում է մարդու ագահությունը, փոխվում է ռիթմական ողջ պատկերը, դա ափերը ճեղքող զբոսանավի հայտնվելն է բոլորովին անսպասելի: Նա գալիս է դեպի ափ՝ ճանկռելով ջուրը՝ բերելով իր հետ բազմաթիվ զբոսաշրջիկների, ‹‹նավի զարթեցրած ալիքները փախչելով դեպի ափ՝ ‹‹շը՜շշ, շը՜շշ ռիթմով փշրվում են քարակուռ ափերին››[6]: Սա պատահական պատկեր չէ: Բուրդիլիեի անմարդկային վերաբերմունքի արձագանքն է, որ գրողը կառուցել է այսպես: Պատկեր, որ զգուշացնում է, որ բնությունը մարդկանց է պատկանում, և չկա մեկը, ով կսեփականի և կտիրանա նրան, ինչն ավելի է բացահայտվում պատմվածքի վերջում: Պատկերների առատությունը, համեմատությունները, կյանքի ու լույսի գովերգումն այստեղ մեկ նպատակ ունեն՝ որքան հնարավոր է ավելի ընդգծել մարդկային ամենածանր արատներից մեկը՝ ագահությունը, որ հանգրվանել է հենց վերնագրում: Պատումի հոսքում չերևացող գետի նման ընթանում է գլխավոր հերոսի դժբախտությունն այնքան, մինչև հասունացող երկխոսությունը, այն պահը, որ բազմաթիվ ապրված հոգեվիճակներից է ծնվում: Ժակ Բուրդիլիեն պարզում է իր համար, որ կյանքը լույս է, և այդ իրական լույսը նա ամենավերջում է գնահատում: Ռիթմական պատկերների բազմաթիվ հակադրություններ կան ‹‹Ադաջիո››, ‹‹Ստամոքս››, ‹‹Ժպիտը››, ‹‹Խանութպան››, ‹‹Միայն մեկը›› պատմվածքներում: Ադաջիոն, որ պատմվածքի վերնագիրն է, երաժշտական տեմպ է, որ հանդարտ, անվրդով ընթացքն է մեղեդու: Եվ այստեղ՝ մարդու աններդաշնակության հակադրությունն է աշխարհին, աշխարհ, որ անվրդով ու հանգիստ է ապրում, չի ընդունում անհնազանդ, ըմբոստ վարք: Եվ պատմվածքի սկզբում հնչող թավջութակի կռնչոցը, որ հետո կաղկանձի և հեկեկոցի է փոխակերպվում, հերոսի բողոքն ու ցասումն է, որը նրան այդպես էլ չի հաջողվում հասկանալի դարձնել: Անհանգիստ հակադրություններով ընթացող պատումը մեղեդային առատ թեմաներ է մատուցում, երաժշտական լեզվով՝ սինկոպացնում հոգու տարածությունը: Անհավասար շնչառությամբ նա արտահայտիչ է դարձնում թավջութակահարի օտարությունն ու ցավը, բացասական հույզերի առատությունը: Հետաքրքիր է ռիթմի խնդիրը հատկապես այն պատմվածքներում, որտեղ գրողն իր առջև նպատակ է դրել պատկերելու ստորը, նսեմը, արգահատելին: Այդ ամենը հստակ երևում է նաև ‹‹Խանութպան›› պատմվածքում: Դարձյալ հակադրություններով, հախուռն շարժման, երաժշտական լեզվով՝ վաթսունչորսերորդականներով հոսող պատումը հոգու և արատների վարք է, աշխարհի ամենատխուր իրականություններից մեկը, որ հաճախ է երևում Դեմիրճյանի գործերում. խղճի իսպառ բացակայությությունը: Ինչպես երգահանը, այս դեպքում էլ՝ արձակագիրը ամենայն բարեխղճությամբ և հետևողականությամբ է պատմում այդ մասին: Պատմվածքը մեղեդային է ամեն առումով, Դեմիրճյանն այստեղ օգտվում է բայի անսահման հնարավորություններից՝ փոխանցելու աշխարհի ամենադժբախտ տարածություններից մեկը: Փտող, հոտած ներքնատունը և ապրող աշխարհը. դերբայների օգնությամբ տրվող պատկերները հստակեցնում են կյանքի ռիթմը: Նաև փորձում է գտնել անվանում այս չափազանց նեղ և նեղմիտ տարածության համար` անվանելով այն ներքնատուն, դագաղ, դժոխք, ծակուռ, գուբ: Պիտի խոստովանենք, որ նրան օգնում են ոչ թե այստեսակ բառերը, այլ առաջին հայացքից իբր հանդարտ պատմվողը, որ մեծ զարգացում է ապրում և հայտնվում չսպասված մի նոր ոգեղեն տարածքում՝ ազատագրված չարիքի բեռից: Մահանում է խանութպանը, ում կերպարում ամբարված բոլոր անխղճությունները կործանման ճանապարհ են բռնում: Հետաքրքիր է նաև Դեմիրճյանի մոտեցումը հերոսների դիմանկարին: Չէ՞ որ արտաքինի պատկերումն արտահայտում է հերոսի հոգեկան ներաշխարհը, վարքը, վերաբերմունքը մյուս մարդուն: Բոլոր պատմվածքներում չէ, որ գրողը փորձում է տեսանելի դարձնել այս կամ այն կերպարի պատկերը: Բայց կան պատմվածքներ, որտեղ դիմանկարի պատկերումը, հենց, օգնում է զգալու այս կամ այն հերոսի շարժման ռիթմը: Ընդհանրապես, դիմանկարի դեպքում առաջինը, որ կարող է տպավորել, աչքերն են, կամ դեմքի որևէ հատվածը: Դեմիրճյանն այս դեպքում էլ օգտվում է ավելի զորեղ միջոցից՝ շարժումից, նկարագրության այն եղանակից, որ արձակի արվեստի առկայության լավագույն ապացույցն է: Դարձյալ ‹‹Խանութպան›› պատմվածքում խանուպանի նկարագիրը այսպես է. ‹‹Ցերեկը դռնից դեպի ցած նայողը մթան մեջ հազիվ կնշմարեր իրեն՝ խանութպանին: Հիսունից անց էր վաղուց, դեղնած մումիա, չոր տառեխ: Տխուր աղվեսի պես դանդաղ վեր կսողար սանդուղներից, մագաղաթի ճաղատ գլուխը դուրս կհաներ ծակուռից, մի երկու բերան տխուր աչք կածեր փողոցը, կվերցներ մի փտած, գոգնոցով կկեղտոտեր և քիթը խպշտելով կիջներ ցած և քացի տալով քոսոտ կատվին՝ առաջ կքաշեր մրգերի արկղը՝ ջոկելու համար ամենամգլածը, վերջապես դուրս գցելու վճռով››[7]: Փաստորեն, հաջողվում է հենց այսպիսի գործողություններով և արտաքին նկարագրի այսպիսի ժլատությամբ պատկերել այնպես, կարծես տեսնում ենք նրան ամբողջովին:
‹‹Ստամոքս›› պատմվածքի անանուն հերոսը, ում հյուսն է անվանում, արատավոր է: Աստվածաշնչյան ամենածանր մեղքերից մեկն է բաժին հասել նրան՝ որկրամոլությունը: Այսքանն արդեն հնարավոր է դարձնում՝ պատկերացնելու, թե ինչպես նրան կբացահայտի արվեստագետ գրողը: Այս գործը կարելի համարել Դեմիրճյանի լավագույն աշխատանքներից մեկը պատմվածքի ժանրում: Պատկերվող հերոսի համար կյանքը մեկ նպատակ ունի, որը հասկանալի է դառնում հենց վերնագրից: Մեկը, ով ունակ է անգամ մտովի ուտել, ծամել ամբողջ աշխարհը, որովհետև արտաքին աշխարհից եկող բոլոր ազդակները՝ բույրերը, ձայները, շարժումները ծամելու պես էին իր համար: Նա վերածվել էր կենդանու: Անասնական բնազդը թույլ չէր տալիս՝ զգալու կյանքի գեղեցկությունը. ‹‹Հյուսնը նստած էր պատշգամբի ճաղերի մոտ և դունչը պատշգամբի եզրին դրած դիտում էր դիմացի տան բակի անցուդարձը: Հարևան խանութպանը սայլի փայտ էր առել և հսկում էր, որ սայլը պարպվի: Մի ալևոր, կարմրաթուշ սղոցպան եռանդով սղոցում էր և ռիթմով նվում: Մի զույգ առողջ եզներ՝ մեկը պառկած, մյուսը կանգնած որոճում էին նահապետական դանդաղկոտությամբ: Ինչ-որ խոտի ու փայտի հոտ էր ընկել փողոցը: Օրը ջինջ էր, արևի լույսը՝ կարմիր ձվածեղ: Նայում էր հյուսնը այս բոլորին և տանջվում ախորժակից: Հիշեց երանությամբ այն օրերը, երբ ինքն էլ ձմեռվա պաշար էր տեսնում, հիշեց իբրև մանկություն, որ քաղցր է, որ անդառնալի է››[8]: Դեմիրճյանի պատումին բնորոշ են կտրուկ շրջադարձերը, ինչպես ‹‹Ավելորդ››-ում, ‹‹Խանութպան››-ում, ‹‹Սեփականությունում›› և այլ գործերում: Ուտելու անվերջ ձգտումը, որ շարժման արագության փոխակերպումների անընդհատական շարժում է, կորցնում է հախուռնությունն ու արագությունը և կորչում բացարձակ հանդարտ գծով, կարծես այդպիսի կիրք չէր էլ եղել, երազ էր, որ կորավ անդառնալի: Պատմվածքն ավարտվում է այսպիսի պատկերով. ‹‹Կինը սպասեց, որ մի բան փոխվի: Բայց ոչինչ չփոխվեց: Նայեց իր դեմը և աչքին ընկավ՝ մի կողմ սովամահ հյուսնի բաց ու սառած աչքերը և մյուս կողմ պահարանը, որ նույնպես բաց ու անշարժ նայում էր իրեն չարչարողի հետ››[9]:
Դեմիրճյանի արձակն աչքի է ընկնում հատկապես բնանկարի ռիթմական պատկերների առատությամբ: ‹‹Գիրք ծաղկանց›› վիպակում բնապատկերներն այնքան տիրական են, որ նրանց շարժման գոյությամբ է հյուսվում գրողի ասելիքը: Վիպական գործողությունները սկսվում և ավարտվում են բնության ձայնով և շարժմամբ. ‹‹Երեկոն մանիշակ ցանեց գյուղի, դիմացի քարափների ու անդնդի այգիների վրա››[10], ‹‹Գարունը հևում է Հայաստանի լեռնաշխարում››[11], ‹‹Օրը ջինջ աղբյուր, կոհակում է խաղաղ[12]››, Ձյուն է թափվում լույսի նման››[13], ‹‹Առավոտյան դեմ բուքը բերանքսիվայր ընկավ դաշտերի ու լեռների վրա››[14], ‹‹Պաղ գետի պես ձորակներից հոսեց աշունը և գնաց ձորնիվայր[15]››:
Հաճախ նույն պատմվածքում Դեմիրճյանի բնանապատկերները հաջորդում են իրար: ‹‹Սեփականություն›› պատմվածքը բնության պատկերների շղթա է՝ մեկ շնչառությամբ, ռիթմական մեկ հոսքով: Հանդարտ, հանգիստ պատումի օգնությամբ գրողը պատկերում է խաղաղությունը, անդորրը, որը երջանկության աղբյուր է իրականում: Իսկ ‹‹Գիրք ծաղկանց›› վիպակում բնության պատկերները հաջորդում են իրար, և նրանց ռիթմական փոփոխությունները կապված են հիմնականում հերոսների հոգեկան ապրումների, տեղի ունեցող իրադարաձությունների հետ: Զվարթի հոգու ճնշվածությունը, երկյուղը, չհասկացվածությունը, շփոթը պատկերելու համար Դեմիրճյանն օգտվում է արձակի ռիթմի բոլոր հնարավորություններից: Ռիթմական պատկերն ավելի է հարստանում բանաստեղծական հատվածներով, որոնք բացառապես բնության պատկերներ են: ‹‹Միայն մեկը›› պատմվածքում   լարվածությունը և հերոսի դրաման վրձնելու համար Դեմիրճյանն օգտվում է կարճ նախադասությունների ռիթմական հնարավորությունից: Արագընթաց դեպքերը, պրեստո տեմպում, բնության դաժան պատկերները, որ կործանման նախանշաններ են, ստեղծում են պատումի բացառիկ դրսևորում՝ հարուստ շարժմամբ և ասելիքի խորությամբ:
Միշտ չէ, որ գրողին հաջողվում է կերպավորել ձայնը: Սա բարդագույն արվեստ է, որ դժվար է տրվում նաև երգահաններին՝ հայտնաբերելու համար ձայնային նոր տեմբրեր՝ շարժմամբ և որակով, դրա համար օգտագործելով մի քանի գործիքների համաժամանակյա հնչեցումը, ինչպես նաև օգտագործելով գործիքների նոր հնարավորությունները: Վստահաբար կարելի է ասել, որ Դեմիրճյանի արձակը ձայնային ինքնատիպ հնչողություն ունեցող իրականություն է: Արձակի արվեստի ևս մեկ դրսևորում, որը ոչ բոլորին է հաջողվում պատկերել: Փաստորեն գրական երկի հնչունակությունը ճիշտ կազմակերպելու համար, այսինքն՝ որոշակի հնչյունաշար տեղադրելը պահանջում է մեծ վարպետություն: Դեմիրճյանը նաև այդպիսի վարպետ է: Նա ոչ միայն պատկերվող աշխարհի ձայնն է ստանում, այլև ապահովում է խոսքարվեստի ռիթմը՝ կառուցելով խոսքի և մտքի և նրանց շարժման որոշակի միատեղություն:
‹‹Չարգյահ›› պատմվածքում, թվում է, հսկա տարածության մեջ գտնվող ամեն առարկա ձայն ունի, անգամ՝ լռությունը: Պատմվածքում զարգացող իրադարձությունների հետ մեկտեղ ավելանում է Ձայնի ուժգնությունը, ավելի լսելի դառնում ռիթմական որոշակի պատկերում: Կարավանն ասես մի մեծ երգչախումբ լինի, և հատկապես անապտում այդ ձայներն առանձնահատուկ գրավչություն են ստանում, ավելի լսելի դառնում. ‹‹Կարավանը ռիթմ է տալիս անապատին: Ուղտերի բեռնած սապատները ալիք-ալիք՝ մակույկներ են ելնում-իջնում… Առջևում նառն է՝ ուղտ-պարագլուխը հպարտագլուխ, վես: Քայլ է անում դարիվ-դարիվ, վրան մատաղահաս Նինգիլը, վրան բոժոժ ու զանգ՝ նազան, ճոճան, զանգ-զրանգ… Մեղկ ձայն է տալիս զանգը զանգին: Խոր հետ է դարձնում զանգին զանգը››[16], կամ. ‹‹Հանկարծ անապատը ոռնաց: Ռիզան էր դուրս եկել ճանապարհից, հեռացել էր, որ ձայնն արձակ հնչի: Նա էր, որ ոռնաց տանջված գայլի ձայնով: Դա գրոհի երգ էր, մարտական կարավանի, որ ոտ է առնում, շարժվում սպառնագին ու դիզվելով զարկում՝ զանգ-զրանգ: Այստեղ ուղտերը ռազմական են, զանգերը հնչում են մարտի կոչելով, իսկ նրանց մեջքին թունավոր հողի պես գալարվում, թափահարվում է հարձակվողների մռնչոցը և հոսում դեպի թշնամին: Լսում են՝ չարգյահն է: Հիմա զանգերը այլ կերպ են հնչում, ուղտերն այլ կերպ են ճոճվում՝ զանգ-զրանգ››[17]
Դեմիրճյանի արձակում մեծ տեղ է զբաղեցնում լռությունը, նաև՝ շշուկների, շննջոցների ձայները, տխրության ձայնը: Նմանաձայնությունների և բնաձայնությունների համատեղում է ‹‹Միայն մեկը›› պատմվածքը. վաշտի աղմուկը՝ խըրթ, խըրթ, երբ նրանց ‹‹կոշիկները ռիթմիկ շեշտով խոսում, խաղ են անում քարերի, կոշտերի հետ››[18], զիվորների հևոցը՝ խառնված շրջակայքի լռության հետ, անձրևի փսփսոցը, խաղաղութան ռիթմը, բոցի կչրտոցը, նրա ձևերի թափահարումը: ‹‹Սեփականություն›› պատմվածքն էլ ձայնային է. առվակը ծիծաղում է երեխայի նման, այլ պատկերում՝ մրմնջում, հեռու բլուրների ետևում զվիցերական կովը խաղաղ հնչեցնում է զանգակը: Այս բոլորը մեղմ օրորոցային են հիշեցնում, որ էլ ավելի են գունավորում բնության պերճությունը:
Դեմիրճյանի արձակում՝ որպես խորհրդանիշ և գեղարվեստական պատկերի կարևոր բջիջ, ժպիտը իշխող է: Այն հանդես է գալիս հանկարծ՝ ասնպասելի, հայտնվում մեղսոտ հերոսների հայացքում և ոչ միայն, ‹‹Գիրք ծաղկանց››-ում ժպտում է նաև գիրքը: ‹‹Խանութպան›› պատմվածքում շահի գրկում ապրող մարդը բախվում է մաքրությանն ու անմեղությունը, և դեմքին հանկարծ ժպիտի է երևում. ‹‹Քանի՜ տարի է՝ չէր ժպտացել: Կնճիռները մրոտ երեսին բացվեցին իբրև մամուլի տակ սխալ գցած լրագրի ծալված տեղեր, որոնց չի դիպել տառերի մուրը… Եվ առաջին ժպիտը-միակ նորությունը նրա կյանքի վերջին տարիներում››[19], կամ. ‹‹Սեփականություն›› պատմվածքում կերպավորված Լեմանի ժպիտը. ‹‹Ժպտում է Լեմանը, և ծաղկում են Վըվեի փոքրիկ այգիները[20]››:
Արձակի ռիթմի մասին հետաքրքիր դիտարկում է արել Չիչերինը ‹‹Պատկերի ռիթմը›› աշխատության մեջ: Վերջինս գտնում է, որ արձակի ռիթմի համար մեծ նշանակություն ունի բանաստեղծական խոսքի ոչ թե հնչյունական, այլ շարահյուսական կառույցը. ‹‹Արձակի ռիթմը,-գրում է գրականագետը,-նախ և առաջ պայմանավորվում է շարժվող և հանգստացող առարկայի նկարագրության բնույթով, նրա բայական և ոչ բայական արտաբերումի նշանակությամբ: Բայց և ոչ բայական արտաբերման ժամանակ հնարավոր է ներդաշնակորեն բարձրացող հանգստություն, ինչպես նաև բարձր, ջղային աշխուժություն››[21]: Այս բոլորը նկատելի է հենց ‹‹Սեփականություն պատմվածքում դարձյալ Լեմանի վարքում, որ պատկերների շղթա է հիշեցնում՝ կանխորոշելով պատմվածքի ընթացքն ու ճակատագիրը. ‹‹Միայն Լեմանն է, որ գեղեցիկ, քմահաճ գեղուհու նման զանազան նյարդային կծկումներ է անում դեմքի վրա: Մեկ էլ տեսար ճակատը կծկեց ու դժկամեց… Եվ ահա ճերմակ ճայերը հանդեսի ժամանակ օդում թռչող ճերմակ գլխարկների պես վեր ու վար արին՝ կարծես գրգռելով մոտեցող փոթորկին, որ գալիս մի երկու ժամ գժի պես մի քանի պտույտ է անում լճի վրա և կրկին գնում, կորչում: Եվ ահա, տեսար, դալկացավ լճի դեմքը, հայացքը մարեց և անհայտ միտք եկավ խլեց նրա ուշը և տարված իր խոհերին՝ պիշացավ մի հսկայական երազի մեջ››[22]:
Երկխոսությունները ևս շատ կարևոր բաղադրատարր են Դեմիրճյանի արձակում: Դրանք շատ կենդանի, ապրված տեսարաններ են, որտեղ լավ է երևում Դեմիրճյան-դրամատուրգը: Կան պատմվածքներ, որոնց կենսահյութը հենց երկխոսություններն են: Դա շատ լավ է երևում ‹‹Ավելորդ››-ում, ‹‹Աստծո տանը››, ‹‹Դադար››, ‹‹Տերտերը›› պատմվածքներում: Անմիջական և կենդանի լեզուն, հումորը, բարբառային ձևերի օգտագործումը ստեղծում են կենդանի երկխոսությունների հնարավորություն:
Խոսելով հայ պատմավիպասանների ստեղծագործությունների ռիթմական տարբերությունների մասին՝ Զավեն Ավետիսյանը գրում է. ‹‹Եթե Ծերենցի ստեղծագործության մեջ իշխող ռիթմը նպատակադիր գաղափարի իրականցման սյուժետավոր խոսքի ռիթմն է, որ հակված է հայ միջնադարյան պատմագրության ռիթմին, իսկ Րաֆֆու խոսքը մտահոգության, ցավի ու զայրույթի շերտ ունի, ապա Դ. Դեմիրճյանի Վարդանանքին հատուկ է հորդաբուխ էպիզմը՝ գործողոթյունների լայնահուն սրընթացությամբ, փիլիսոփայական շիկացումներով››[23]:
Այսպիսով՝ գեղարվեստական խոսքի ռիթմը՝ որպես արձակի արվեստի խոր դրսևորում, պայմանավորում և կազմակերպում է ստեղծագորործության ներքին կյանքը՝ ըստ դեպքերի և նրա զարգացումների, գործող անձանց նկարագրություններում և երկխոսություններում, լեզվի արտահայտչամիջոցների չափաբաժնում: Եվ որքան զորեղ է արձակը, այնքան ավելի ցայտուն և ընդգծված է նրա ռիթմը: Հիրավի, Դերենիկ Դեմիրճյանի արձակի արվեստը խոր շերտեր ունի, հարուստ լեզու, որն իր հնարարավորություններով ընդգրկում է այն բոլորը, ինչ գտնվում է մարդու գործողության և ընկալման դաշտում՝ գեղարվեստական ինքնատիպ պատկերներ ստեղծելու առումով:

[1] Դ. Դեմիրճյան, Երկերի ժողովածու, հ.5, Ե., 1985, էջ 96:

[2] Դ. Դեմիճյան, Երկերի ժողովածու, հ2. Երևան, էջ 102:

[3] Դ. Դեմիրճյան, Երկերի ժողովածու, հ 5, 1985, էջ 97:

[4] Արիստոտել, Պոետիկա, Երևան, 1955, էջ 145-146:

[5] Դ. Դեմիրճյան, Պատմվածքներ, Երևան, 1977, էջ 32:

[6] Նույն տեղում, էջ 29:

[7] Նույն տեղում, էջ 95:

[8]Նույն  տեղում, էջ 84:

[9] Նույն տեղում, էջ 86:

[10] Նույն տեղում, էջ 154:

[11] Նույն տեղում:

[12] Նույն տեղում:

[13] Նույն տեղում, էջ 171:

[14] Նույն տեղում:

[15] Նույն տեղում, էջ 173:

[16] Նույն տեղում, էջ 123:

[17] Նույն տեղում, էջ 129:

[18] Նույն տեղում, էջ 103:

[19] Նույն տեղում, էջ 99:

[20] Նույն տեղում, էջ 26:

[21] А. Чичерин, Ритм образа, М., 1973, էջ 206:

[22] Դ. Դեմիրճյան, Պատմվածքներ, Երևան, 1977, էջ 26:

[23] Զ. Ավետիսյան, Հայ պատմավեպի պոետիկան, Երևան, 1986, էջ 139:

Կարծիքներ

կարծիք