Բանկը

Հեղինակ:

Տողանով շարված տասներկու մամլիչ անդուլ հաշվում է ապակե բանկ մտած փողերը: Չարենցի հնամաշ ու Սևակի նոր գլուխները հանդիպում ու հարվածում են իրար: Փողերի հարվածից փոշի է դուրս գալիս: Սրահում շրջանաձև պտտվող օդորակիչի վերահաս քամին վայրկենապես մաքրում-տանում է փոշին: Այո՛, այո՛, փող հաշվող գործիքը նույնքան մամլիչ է`Չարենցի ու Սևակի գլուխները սեղմում է իրար: Սեղմումի ցավից արյուն է դուրս գալիս: Ցավի սեղմումից փողր մաքրվում-դառնում է թղթադրամ: Բայց արյունը ծանր է, արյունը փոշի չի, որ օդորակիչը հավաքի-տանի: Արյունը շիթ-շիթ նստում է մամլիչի հատակին` սպասելով նորերին:

Անվերջ լայն սրահի տասներկու սեղանների առաջ աշխատող մասնագետները չեն նայում իրար, չեն նայում հաճախորդին: Էլեկտրոնային ցուցանակ ու համակարգչի էկրան, ահա այն ամենը, ինչին նայում են մասնագետները: Մասնագետներին թիկունքից նայում են վերադասները: Մասնագետներին ու վերադասներին նայում են ոստիկանները: Բոլորին նայում են տեսագրող սարքերը: Մամլիչից` երկաթե դարակ մտնող թղթադրամները պաշտպանված են իրար նայող հաճախորդներից, մասնագետներից, ոստիկաններից: Բոլորը պաշտպանված են բոլորից:

                                                                                          ***

Երրորդ սեղանին մոտենալու կոչնակը կանչում է: Ամառվա շոգից հազիվ իրեն ներս գցած ու օդորակիչի սառը շուքին բազմած 56-57-ամյա կինը փույթով վեր է կենում, շտկում զգեստը: Միջահասակ է կինը`կարճ մազերով: Ընդգծված ու դեպի ականջների վերին ծայրը ձգտող այտերը բարձրացնում են շուրթերի եզրերը`անվերջանալի ժպիտի պատրանք նվիրելով նայողին: Կորաձև, մի քիչ կարճ հոնքերի տակից բացվող աչքերը կա՛մ կանաչ են, կա՛մ` բաց-շագանակագույն: Խիտ են թարթիչները, շատ խիտ, կարգին տեսնելու առիթ չեն տալիս: Միայն լարվածության կնճիռներն են մատնում, որ աչքերը համաձայն չեն ի ծնե ժպտացող շուրթերի հետ:

Թափանցիկ ֆայլի մեջ խնամքով դասավորված թղթերը ամուր բռնած` կինը մոտենում է երրորդ սեղանին: ԿԱ-ՐԻ-ՆԵ` գրված է սպասարկող մասնագետի կրծքանշանին:

— Նախորդ անգամ կիսատ փաստաթղթեր կային, վարկս չհաստատվեց: Խնդրեմ, — ասում է կինն ու Կարինեին մեկնում փաթեթը:

— Լավ… բոլոր փաստաթղթերի պատճենները կա՞ն: Հիմա կնայենք, — խոսում է Կարինեն:

Կինը լարվում է: Չլինի՞ էլի մի բան մոռացել է: Նայում է Կարինեին: Կարինեն իր տղայի տարիքին է, կիրթ է խոսում, վճռական է: Բայց սեղանի մի անկյունում դրված «լավ-միջին-բավարար» սեղմակներով`մասնագետներին գնահատող գործիքը պատմում է, որ նոր է գործի տեղավորվել: Կինը տեսնում է Կարինեի վարսերի միջից ճերմակին տվող վերնաշապիկի կիսամաշ օձիքը: Օձիքից ներս` հղկված արծաթից փոքրիկ կուլոնը: «Գործս վերջացնեմ, սեղմակներից լավ-ին եմ սեղմելու», — մտածում է կինը:

-Ինչու՞ եք վարկ վերցնում, — հնչում է հարցը:

-Տունը վերանորոգելու:

Պատասխանը բավարարող է: Թղթերն ուսումնասիրելու ընթացքում լռությունը խախտած Կարինեն ձեռքը մոտեցնում է անկյունի կլորիկ տամուկ սպունգին ու տամկացած մատով շարունակում է թերթել: Մի մատանի կա միջնամատին, շատ մեծ չի ու չի խանգարում, որ բնօրինակները համեմատի պատճենների հետ: Ամեն թուղթը վայր դնելիս` կնոջ թարթիչները աննկատ շարժվում են.

-Իսկականի հետ ճիշտ է: Ինչպես նոտարիատում: Իսկականի հետ ճիշտ է, փառք Աստծո, — կինը այսպես մտածելով էլ կմնար, եթե չլինեին Կարինեի հաջորդ բառերը.

-Ձեր տղայի տեղեկանքում գրված չի մաքուր աշխատավարձի չափը:

Ահա՛: Վե՛րջ: Հիմա ի՞նչ անի: Մինչև որդին տեղեկանքը վերցնի, մի քանի օր էլ կանցնի: Շոգերն ընկել են, գործը պիտի շուտ սկսի, որ շուտ էլ վերջացնի.

— Իսկ չի՞ լինի, որ ես ինքս գրավոր նշեմ մաքուր աշխատավարձի մասին ու ստորագրեմ: Տղայիս էլ կկանչեմ-կգա ու մի ստորագրություն էլ ինքը կդնի:

Կարինեն առաջին անգամ հայացքը կտրում է գործից ու նայում կնոջ աչքերին: Այնտեղ թվեր չկային: Կարինեն լարվում է, ինչ-որ անհստակություն է մտնում հարյուր տոկոսով կառավարվող գործողություններում: Նպատակին ներհակ մտքերը մի ակնթարթ իշխում են Կարինեին` մոր տարիքին կլինի կինը, ուղիղ է խոսում, սխալ բան չի ուզում: Ի՞նչ անի… Կողքի մասնագետին կարող է հարցնել: Բայց ոչ, դրա կարիքը չկա, ինքը գլուխ կհանի: Կարող է իր վրա վերցնել պատասխանատվությունը ու վերադասի հետ խոսելով` ընթացք տալ գործին: Կարող է համարն իմանալ ու տղայի աշխատավայրից անձամբ ճշտել մաքուր աշխատավարձի չափը…

Կարինեն սկսում է պատառ-պատառ անել ձեռքի տակի թուղթը: Բայց թղթի խշշոցից մի տոն բարձր շրշում է Կարինեին հսկող սուպերվայզեր աղջկա զգեստը: Կարինեն բզկտված Ա4-ը նետում է ցանցկեն աղբամանը: Թերթիկներից մեկը ընկնում է գետնին, Կարինեն գլուխը իջեցնում է, որ վերցնի: Աչքին է ընկնում հագի անկատար ճերմակ վերնաշապիկը: «Փոխելու ժամանակն է», — մտածում է Կարինեն ու հենց այդ պահին նկատում հերթը հսկող ոստիկանի անհանգիստ շարժումները:

Որոշումը կայացվում է ինքնաբերաբար.

-Տիկին, Ձեր դիմումը`եղած փաստաթղթերով, ուղարկում եմ բանկի խորհրդի քննարկմանը: 15-20 րոպե կտևի: Խնդրում եմ սպասել սրահում: Ես մինչ այդ մյուս հաճախորդին կսպասարկեմ:

Կլորիկ գումարը ձեռքին մի տղամարդ է մոտենում`վարկը վաղաժամկետ մարելու: Կարինեն անշեղ հմտությամբ ընդունում է հաճախորդի անձնագիրը, հետո` գումարը: Ոգեզինված հայացքով հավասարեցնում է փողի եզրերն ու երկու կիսածալ արմունկներով ազդարարում կանխիկ գումարի մուտքը ապակե բանկ: Մամլիչը միանում է ու հաշվում…

 

                                                                                               ***

Օդորակիչի սառը քամին այլևս չի զովացնում տխրունակ կնոջը: Աղմուկն ու ձայները մի պահ ընկրկում են, ու մնում են տասներկու սեղանների առաջ աշխատող մասնագետների ձեռքերը: Առաջինը դիպչում է սեղանին լայն փռված ստեղնաշարին, երկրորդը կիսաբարձրացած է` մամլիչին է հետևում, երրորդի ձեռքը լսափողի հետ ականջին է, չորրորդը`վերև պարզած` սպասում է տպիչից իջնող թղթին… Փողի շփումը չլիներ` վերից վար պար պիտի պարեին միասին: Սպասումի դողը չլիներ`պարի մեղեդին պիտի լսեին: Ապակե պատերը չլինեին`պիտի հոգնեին: Մամլիչը փողի արկղ պիտի լիներ, ինքն էլ`արկղից որդու համար գումար հանող մի մայր…

Բայց իրենք բոլորը փոքր են` իրենց փոքր ցանկություններով: Որովհետև մեծը ապակե բանկն է: Ու մեծը շատ է մեծ, երբեք չի պարտվում: Մեծը միշտ հաղթում է, որպեսզի իրենք`փոքրերը, հերթով պարտվեն: Կինը հայացքը գցում է Կարինեին: Կարինեն այսօր չի պարտվի: Կպարտվի ինքը: Սիրով կպարտվի: Կարինեի համար կպարտվի: Կպարտվի ու կհեռանա նույնքան դատարկ, որքան փողերը մամլիչին հանձնած մյուս հաճախորդները: Որդին տանը մի քիչ կնեղվի, բայց հաջորդ օրը առանց շտապելու նոր տեղեկանք կխնդրի: Տղան կսովորի ճիշտ տեղեկանք խնդրել:

-Չե՞ք լսում, տիկին, մոտեցեք, խնդրում եմ, — լռության խավարը ճեղքելով` լսելի է դառնում Կարինեի ձայնը:

Բարձունքում գործող տպիչի միջից անկշիռ մի թուղթ դուրս է սահում ու օձագալար նազանքով ընկնում Կարինեի առաջ: Դեռ օդում պտտվելիս`կինը տեսնում է շրջանակի հանգույն թավ եզրագծերը, ամենակարողությունից արբշիռ բանկի տարբերանշանը, կառավարչի երկար անվերապահ հավաստի ստորագրությունը: Միայն մեջտեղի բովանդակությունը տեսնելն էր, որ չի տեսնում`հասարակ 12 տառաչափով էր: Դրա ընթերցումը կարճ էր.

-Ձեր դիմումը մերժվել է:

Կինը շրջվում է, նայում հերթին ու տեղը արագ զիջելու մտքից` մոռանում գնահատել Կարինեին:

 

 

 

Կարծիքներ

կարծիք