Զոկերի առեղծվածը

Հայերիս պատմական հայրենիքի կենտրոնական հատվածներից մեկում` հնամյա վիպերգերի և զարմանահրաշ գուսանների բնօրրան գինեվետ Գողթն գավառում, հազարամյակներ շարունակ ապրել և արարել է հայկական մի յուրօրինակ ցեղ: Զոկեր են կոչվել հինավուրց այդ ցեղի ներկայացուցիչները, որոնք հայությանն ու աշխարհին տվել են Կոմիտաս և Արամ Խաչատրյան, Անրի Թրուայա և Մայքլ Առլեն, Էդգար Շահին և Գայանե Խաչատրյան… Նրանց վերջին բնակավայրը` Ցղնա գյուղը, մարեց 1989 թվականի գարնանը, և այլևս պատմություն դարձավ Ագուլիսի բարբառ կամ զոկերեն կոչվող այդ զարմանալի հայերենը…

Ներկայիս Նախիջևանի տարածքն ընդգրկում է պատմական Հայաստանի Վասպուրական աշխարհի Գողթն և Նախճավան, Այրարատ աշխարհի Շարուր, Սյունիք աշխարհի Ճահուկ-Շահապունիք և Երնջակ գավառների տարածքները: Պատմականորեն տարբեր նահանգների, հետևաբար և ազգագրական տարբեր շրջանների խաչմերուկ լինելու հանգամանքը, ինչպես նաև բնակչության զանգվածային տեղաշարժերը նպաստել են Նախիջևանի տարածքի` ընդհանուր-ազգայինին հարազատ, միաժամանակ իր առանձնահատկություններն ունեցող մշակութային-բարբառային գունագեղությանը:

1918-20 թթ. իրադարձությունների նախօրյակին, երբ բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմում էին հայերը, Նախիջևանի տարածքն ընդգրկում էր շուրջ յոթ տասնյակ հայաբնակ բնակավայրեր, որոնց կեսից ավելին խոսում էր Խոյի բարբառի խոսվածքներով: Չնայած պատմական հանգամանքների բերումով տարածքում տեղի ունեցած բնակչության մեծ տեղաշարժերին` պահպանվել էին նաև տեղաբնիկ խոսվածքներ` Ագուլիսի բարբառը (Ագուլիս ավան և շրջակա գյուղեր), Ջուղայի բարբառը (Հին Ջուղայի մերձակայքում գտնվող Ջուղա գյուղ), Արարատյան բարբառը (Աստապատ, Կարմիր վանք գյուղեր), Վայոց ձորի միջբարբառը (Ազնաբերդ և Օծոփ գյուղեր), Արցախի և Մեղրու բարբառները (համապատասխանաբար Երնջակ և Գողթն գավառների հյուսիսային գյուղեր):

Բարբառային այս բազմազանության մեջ իր հատկանիշներով առանձնանում էր բազմաթիվ ուսումնասիրողների ուշադրությունը գրավող Ագուլիսի բարբառը (զոկերենը), որով խոսում էին Վերին և Ներքին Ագուլիսներում, Ցղնա, Տանակերտ, Քաղաքիկ, Դիսար, Հանդամեջ գյուղերում:

Զոկ ցեղանվան ստուգաբանություններով զբաղվել են բազմաթիվ ուսումնասիրողներ, սակայն մինչ այսօր հարցը մնում է դեռևս լիովին չպարզաբանված:

Արարատ Ղարիբյանը այս ցեղանունը բխեցրել է սկյութների սակ ցեղանունից` գտնելով, որ Գողթնում և հարակից տարածքներում պահպանված տեղանունները (Սիսական, Սակաշեն /Շակաշեն/, Սակաձոր /Ոսկեձոր/ և այլն) հուշում են սակ և զոկ ցեղանունների նույնարմատ լինելու մասին: Ա. Ղարիբյանն այս ենթադրությունն արել է` հիմք ընդունելով Նիկողայոս Մառի կարծիքը, որի համաձայն զոկերի և սկյութների ցեղանունները կապ ունեն միմյանց հետ:

Հետաքրքրական է, որ այս վարկածն ինչ-որ տեղ հաստատում է Ղուկաս Ինճիճյանի գրանցած` հայերի մասին պարսկական մի ասացվածքում հիշատակված սուք ձևը`

 

Էրտիւպատ էհլի` խանէփէրէսթ,

Վէ դէպրիզիեան` զէնփէրէսթ,

Վէ սիւքքեանի Նէխճէվան` զէրփէրէսթ…

 

Թարգմանաբար`

 

Աստապատցիք` տնապաշտ,

Թավրիզեցիք` կնապաշտ,

Եվ զոկերը Նախճավանի` ոսկեպաշտ…

 

Քերովբե Պատկանյանը, սակայն, այն տեսակետն է հայտնել, որ զոկ ցեղանունը ընդամենը մականուն է` առաջացած բարբառում կիրառվող հոկ (ոկ), դոկ, նոկ (այս, այդ, այն) դերանունների զ նախդիրի հետ կիրառվող զհոկ (զոկ), զդոկ, զնոկ ձևերից: Այս տեսակետն են պաշտպանել նաև Սարգիս Սարգսյանցը և Արգամ Այվազյանը:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ զոկ բառը իրականում ոչ թե այլոց կողմից Ագուլիսի բարբառը կրողներին տրվող մականուն է եղել (ինչպես ախպարը կամ հոսհոսը` արևմտահայերին, կամ կլլան` Վայոց ձորի Հերհեր գյուղի բնակիչներին և այլն), այլ ցեղանուն, որով առաջին հերթին հենց իրենք` բարբառը կրողներն են ինքնանվանվել: Վերջինիս վկայությունն են, օրինակ, այն փաստերը, որ Թիֆլիսում անցյալ դարասկզբին լույս տեսնող զոկական պարբերականը կրել է <Զօկի ճրոյգ> անունը, Ագուլիսի բարբառով պահպանված բանահյուսական նմուշներում և գրական ստեղծագործություններում գողթնեցիներն իրենց զոկեր են կոչել, իսկ իրենց բնօրրանը` Զոկստուն.

 

Իբ օր ըշխարքում ուսում չի կօ նէլ,

Զօկարը լուսը շօտ ըն սայրամ նէլ,

Ազգերի մաջին ակն ըն ընգէծ,

Զօկ անումն ալ նրուց ա կպէծ:

(Սողոմոնենց Ս. <Ըգուլեաց անումը>)

 

Թարգմանաբար`

 

Երբ որ աշխարհում ուսում չի եղել,

Զոկերը լույսը շատ-շատ են սիրել,

Եվ ազգերի մեջ աչքի են ընկել,

Զոկ անունն էլ նրանց է կպել:

 

 

Կամ`

Միզ կյանք տըվուղ, միզ շունչ տըվուղ

Զօկըստունը մառնամ ա,

Նօ՞ր ըք, նօ՞ր ըք, քյամբախտ զօկար,

Շուտ հըսա°նիք, մառնամ ա:

(Թումանաց Հ. «Միր հըգյադառձ վաթանը»)

 

Թարգմանաբար`

 

Մեզ կյանք տվող, մեզ շունչ տվող

Զոկստանը մեռնում է,

Ո՞ւր եք, ո՞ւր եք, դժբախտ զոկեր,

Շուտ հասեք դուք, մեռնում է:

 

Զոկերի ինքնանվանման ծագման վերաբերյալ հետաքրքիր վարկած է առաջարկել Մանուկ Աբեղյանը. ըստ նրա` զոկ ցեղանունն առաջացել է մարաց առասպելական թագավոր Աժդահակի անվան Զոհակ ձևից: «…Գողթնի բնակիչները յուրացրել և ախորժելով պահել են մարերի մասին հին երգն ու առասպելը, վիշապազների առասպելը,- գրում է Մ. Աբեղյանը,- և զարմանալի չի լինիլ, որ նրանք յուրացրած և պահած լինեն նաև «Աժի Դահակի»` Վիշապ Դահակի զարմ կոչումը: Հին առասպելական Դահակ անունը, ինչպես հայտնի է, դարձած է Զոհակ, սրանից է ծագում Զոկ: Գողթն գավառի բնակիչների արդի Զոկ կոչումն, ուրեմն, ոչ այլ ինչ է, եթե ոչ հին «զարմք Աժի Դահակայ» կոչման մնացորդը, որ հին դարերից պահվում է մինչև մեր օրերը»: Այս վարկածը պաշտպանել են Լեոն, ինչպես նաև Սերգեյ Ումառյանը:

Եվ իսկապես, պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ` հայոց Տիգրան Երվանդյան արքան, հավատալով մարաց (պարսկերեն` մար — «օձ») թագավոր Աժդահակի (պարսկերեն` աժդահա — «վիշապ») բարեկամության խոստումներին, իր քույր Տիգրանուհուն կնության է տալիս նրան: Սակայն Աժդահակի նենգամիտ նպատակներն ի հայտ գալուց հետո Տիգրանը, դաշնակցած պարսից Կյուրոս Մեծ թագավորի (Աքեմենյան արքայատոհմի հիմնադիրը) հետ, կռվում սպանում է Աժդահակին, ապա «յուղարկէ թագաւորապէս զքոյր իւր Տիգրանուհի մեծաւ ամբոխիւ ի Հայս, յաւանն զոր շինեաց յիւր անուն Տիգրան, որ է Տիգրանակերտ, և զգաւառսն զայնոսիկ ի ծառայութիւն նմա հրամայէ: Եւ զոստանն անուանեալ կողմանցն այնոցիկ ազատութիւն ի զարմից սորա ասէ լեալս, իբր թագաւորական զարմս:

Իսկ զԱնոյշ, զառաջին կինն Աժդահակայ, և զբազումս ի սերմանէն  Աժդահակայ աղջկունս, հանդերձ պատանեկօք և բազմութեամբ գերեացն, որչափ թէ աւելի քան զբիւր մի, բնակեցուցանէ յարևելեայ կուսոյ մեծի լերինն մինչև ի սահմանս Գողթան, որ են Տամբատ, Ոսկիողայ, Դաժգոյնք, և որ այլք առ եզերբ գետոյն դաստակերտք, յորոց մինն է Վրանջունիք, մինչև հանդէպ ամրոցին Նախճաւանու. և զերիս աւանսն, զԽրամ և զՋուղայ և զԽոշակունիս, իսկ ի միւս կողմանէ գետոյն, զբոլոր դաշտն, որոյ գլուխն Աժդանական, մինչև ցնոյն ինքն ամուրն Նախճաւանու»:

Այս Տիգրանակերտը, որ բոլորովին կապ չունի Արտաշիսյան Տիգրան Մեծի կողմից Աղձնիքում հիմնադրված համանուն հռչակավոր մայրաքաղաքի հետ և նրանից հին է հինգ դարով, հայ պատմագրության մեջ հիշատակվել է նաև Տիգրանավան, ավելի ուշ` Ապարանք, Ապարաններ ձևերով, վերջինից էլ ակնհայտորեն բխում է պատմական ավանի տեղում գտնվող` ներկայիս ադրբեջանաբնակ գյուղի Բանանիար աղավաղված ձևը: Իսկ Աժդանական լեռը Գողթնի և ողջ Նախիջևանի կարոտի խորհրդանիշ Օձասարի կամ Վիշապասարի անվանումներից մեկն է:

Զոկերի ինքնանվանման շուրջ առկա են նաև այլ վարկածներ: Ըստ Մարտիրոս Գավուգճյանի` ուղղակի կապ գոյություն ունի Գողթն գավառանվան և Ուելս, Գալլիա երկրանունների միջև, հայկական գողթ և եվրոպական կելտ, գալլ ցեղանունների, հետևաբար նաև զոկ անվան և շոտլանդացիների սկոտ ցեղանվան միջև:

Գոյություն ունի նաև այլ, ավելի անհավանական վարկած` տարածված հիմնականում համացանցի կայքերում, համաձայն որի զոկերին վերագրվում է այսպես կոչված «հրեական ծագում», իբր նրանք ոչ այլ ոք են, քան «հայկական հրեաներ»: Այդ «վարկածը», սակայն, չունենալով ոչ մի գիտական հիմք, ընդամենը պայմանավորված է քաղաքական-քարոզչական նկատառումներով:

Այնուամենայնիվ, եթե զոկերի մեջ երբևէ օտար արմատներ փնտրելու լինենք, ապա կասկածներն առաջին հերթին կտանեն Խորենացու և Աբեղյանի վկայակոչած մարերը` իրանական լեզուները, մանավանդ որ հայերենի հնավանդ այս բարբառում առկա են լեզվական ուշագրավ իրողություններ:

Օրինակ` Ագուլիսի բարբառում ա > ու հնչյունափոխություն չկա: Այդ հնչյունափոխությունն առկա է միայն ն և մ ռնգայիններից առաջ (ան > ուն, ամ > ում)` ճանճ > ճունջ, թանձր > թունձըր, նման > նըմուն, քսան > քըսսուն, ինչպես նաև` ծամ > ծում, շամամ > շամում, Ռամիս > Ռումիս և այլն: Այս երևույթը բնորոշ է, օրինակ, պարսկերենի Թեհրանի բարբառին` բարան (ՙանձրև՚) > բարուն, խանե («տուն») > խունե, ան («այն») > ուն, նան («հաց») > նուն, Իրան > Իրուն, ինչպես նաև` համմամ («բաղնիք») > համմում, բամ («կտուր») > բում, բադամ («նուշ») > բադում և այլն:

Ագուլիսի բարբառին բնորոշ է գրաբարի պարզ ձայնավորների երկբարբառայնացման երևույթներ: Մասնավորապես, ի ձայնավորի դիմաց առկա է այ երկբարբառը` ինն > այնը, սիրել > սայրիլ, սիսեռն > սայսառնը, սպիտակ > սպայտակ, քիթ > քայնթ, տտիպ > տտայպ, միս > մայս, ծիծ > ծայծ և այլն: Իրանական լեզուներում նույնպես տեղի են ունեցել հնչյունափոխության համանման երևույթներ. օրինակ` պահլավերենի նեզակ («նիզակ») բառը ժամանակակից պարսկերենում դարձել է նեյզե, նել («լեղակ») բառը` նեյլ, նիսան ամսանունը` նեյսան և այլն:

Բարբառում առկա են նաև մի շարք չստուգաբանված բառեր, որոնք ակնհայտորեն կարող են ստուգաբանվել իրանական հիմքով: Դրանցից է, օրինակ, Խըդօդուշը (առասպելական էակ, որ գիշերն ընկնում է քնած մարդկանց վրա, ծանրացնում), որ համեմատելի է պարսկերեն Խօդա («Աստված») և դուշ («ուս») բառերի հետ: Կան բառեր, որոնք բարբառ են մտել` ենթարկվելով բարբառի ավելի վաղ գործած հնչյունափոխական օրենքներին. օրինակ` խոյլա («հորաքույր») բառը, փոխառվելով պարսկերենից, պետք է հնչեր խալա, սակայն ենթարկվելով ա > օյ հնչյունափոխության օրենքին (ինչպես ազի > օյզի, ճրագ > ճրօյգ և այլն), ստացել է վերոհիշյալ ձևը: Այս կարգի բառերը Հ. Աճառյանը դիտում է որպես ավելի վաղ շրջանի փոխառություններ:

Ուշագրավ է մի հետաքրքրական հանգամանք ևս. Զոհակ հատուկ անվան զոկերեն ձևը Ագուլիսի բարբառում չի պահպանվել, սակայն բարբառում առկա հնչյունափոխության օրինաչափությունները թույլ են տալիս ենթադրել, որ այդ անունը բարբառում ունեցել է Զըհոկ ձևը: Դրանում դժվար չէ համոզվել` համեմատելով հնչյունափոխության համանման բազմաթիվ օրինակներ. հազար > հըզզոր, դժուար > դըժոր, դողալ > դըղղոլ, կրակ > կըրոկ, թրթուր > թըռթոռ, մկրատ > մըկրոտ, փշատ > փըշոտ, նշխարք > նըշխորք և այլն:

Մեր նպատակը, անշուշտ, հայկական զոկ ցեղին օտար ծագում վերագրելը չէ, սակայն համեմատելով արտահայտված բոլոր ենթադրություններն ու վարկածները, հիմք ընդունելով հատկապես պատմահայր Մովսես Խորենացու վկայությունն ու անվանի հայագետ Մանուկ Աբեղյանի կարծիքը, ուսումնասիրելով բարբառային նյութը, Ագուլիսի բարբառում առկա իրանական լեզուների հետ հնագույն շփումների հետքերը` այնուամենայնիվ կարելի է առավել հավանական համարել զոկերի ինքնանվանման` Աժդահակ-Զոհակի անունից բխելու վարկածը: Եվ սա, անշուշտ, ընդամենը խոսում է հնամյա հայկական այս ցեղի մեջ որոշակի մարական (իրանական) շերտի ներթափանցման մասին, որի մասին էլ հիշատակել են Քերթողահայրն ու մեծանուն հայագետը:

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք