Նոբելյան ճառ.Thomas Mann

Հեղինակ:

Նոբելյան մրցանակի է արժանացել 1929 թվականին

«…ամենից առաջ «Բուդենբրոկներ» մեծարժեք վեպի համար, որը դարձել է ժամանակակից գրականության դասական երկ և որի հանրաճանաչությունն անշեղորեն աճում է ողջ աշխարհի ընթերցողների շրջանում»:

 

 Ման Թոմաս (1875-1955) — գերմանացի գրող և հրապարակախոս: Ծնվել է Լյուբեկում` Գերմանիայի հյուսիսում: Գրել սկսել է ավագ եղբոր` Հենրիխ Մանի ազդեցության ներքո «Բուդենբրոկներ» վեպը (1901), որի համար գրողն արժանացել է Նոբելյան մրցանակի, նրա առաջին վեպն էր և երկրորդ հրատարակված գիրքը` «Փոքրիկ պարոն Ֆրիդեման»  (1898) նովելների ժողովածուից հետո: Մանի ստեղծագործության նախապատերազմյան շրջանում  «Բուդենբրոկներից»  բացի լույս են տեսել մի քանի հրաշալի նովելներ`  « Տոնիո Քրյոգերը»  (1903), «Մահ Վենետիկում» (1913) և այլն:

Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական ներքին աններդաշնակություն առաջացրեց գրողի մեջ, և նրա ստեղծագործության նոր բարձունքներն արդեն վերաբերում են հետպատերազմյան տարիներին: Առաջին հերթին դա   «Կախարդական լեռը »  (1924) վեպն է: Նոբելյան մրցանակն ստանալուց հետո Մանը որոշ ժամանակ գրողից վերածվում է հրապարակախոսի: Նա փորձում է ընդհանուր ճակատ ստեղծել ծնվող ֆաշիզմի դեմ, սուր ելույթներ է ունենում Հիտլերի ու Մուսսոլինիի դեմ:

Երբ Հիտլերն իշխանության եկավ, Մանը Շվեյցարիայում էր և որոշեց չվերադառնալ Գերմանիա: 1938 թվականին տեղափոխվեց ԱՄՆ, 1944-ին ստացավ ամերիկյան քաղաքացիություն: Պատերազմից հետո եղավ երկու Գերմանիաներում, բայց չցանկացավ մնալ դրանցից ոչ մեկում և ապրում էր Ցյուրիխի մերձակայքում: Մանի վերջին ստեղծագործություններն ապացուցում են, որ նրա տաղանդը չէր խամրել. այդ տարիներին է գրել  «Հովսեփը և նրա եղբայրները»  (1933-1943), «Լոտտան Վայմարում»  (1939),   «Դոկտոր Ֆաուստուս»  (1947),  «Արկածախնդիր Ֆելիքս Կրոլի արկածները » (1954) վեպերը:

 

 

 

Նոբելյան ճաշկերույթին արտասանած ճառը

Ահա ինձ համար ևս վրա հասավ շնորհակալական խոսք ասելու րոպեն` բաղձալի րոպեն, չեմ ուզում թաքցնել: Բայց այժմ, երբ այն վրա է հասել, ես հարկադրված եմ վախենալ, որ բառերս չեն հասնի զգացմունքներիս ետևից, ինչպես հաճախ է պատահում այն մարդկանց հետ, ովքեր հռետոր չեն ծնվել:

Ես գրողներին դասում եմ ի ծնե ոչ հռետորների շարքը. խոր տարբերություններ, նույնիսկ հակասություններ գոյություն ունեն ստեղծագործելու ու ներգործելու հռետորական և գրողական եղանակների միջև, և գրողի բնազդներին, թերևս, ամենից շատ հակացուցված են ցանկացած հռետորաբանության իմպրովիզացիոն սկիզբը, գրական մոտավորությունը, գեղարվեստական թերության սկզբունքը, որոնք շատ դեպքերում, նույնիսկ էական հարցերում հիմնվում են անձի լրացուցիչ ազդեցության վրա: Մեր դեպքում արժե ավելացնել նաև պահի անհարմարությունը, որն իմ տնաբույծ հռետորությանը հաջողության շատ քիչ հույսեր է թողնում. նկատի ունեմ հանգամանքները, որոնց մեջ ինձ դրել եք, Շվեդական ակադեմիայի անդամ հարգելի պարոններ, հուզիչ, հոյակապորեն վստահազրկող և ցնցելու աստիճանի հանդիսավոր հանգամանքները: Արդարև, ես չէի պատկերացնում մեծարման այն ամպրոպային ուժը, որով դուք օժտված եք: Ես էպիկական էություն եմ և ոչ դրամատիկական: Հանգիստ մանել քո թելը, պահպանել չափասահունությունը կյանքում և արվեստում,- ահա, ըստ էության, ինչին են հանգում իմ բոլոր ցանկությունները: Զարմանալի չէ, որ այս չափասահունության մեջ Հյուսիսից ներխուժած շռինդը` աղմկալից հաջողությունը, սովորականից ավելի է սահմանափակում իմ հռետորական կարողությունները: Շվեդական ակադեմիայի որոշումը հանրության սեփականություն դառնալու պահից ես ապրում եմ անընդմեջ տոնական իրարանցման, դյութիչ խառնաշփոթի մեջ, ինչի հոգեբանական և մտավոր հետևանքներն ամենից լավ կարելի է նկարագրել` հիշեցնելով Գյոթեի սիրային հրաշալի բանաստեղծությունը` ուղղված իրեն` Կուպիդոնին: Նկատի ունեմ «Ամանեղենը դու ամբողջը տեղաշարժեցիր, ամբողջը տեղափոխեցիր» տողը: Նոբելյան մրցանակը ճիշտ այդպես տեղաշարժեց և տեղափոխեց իմ ողջ էպիկական կահ-կարասին. հուսով եմ` չեմ նսեմացնի ինձ ցույց տրված մեծարանքը, եթե ինձ վրա գործած նրա ազդեցությունը համեմատեմ կարգավորված կենցաղի վրա սիրո կրքի ազդեցության հետ:

Եվ այնուամենայնիվ արվեստագետի համար որքան դժվար է առանց ական թոթափելու դիմանալ այն մեծարանքներին, որ տեղացին իմ գլխին: Կա՞, արդյոք, այնպիսի մի բարեկանոն ու ինքնաքննադատական արտիստիզմ, որի խիղճը, ընդ որում, մաքուր լինի: Այստեղ, թերևս, կօգնի գերանձնական, գերանհատական տեսակետը: Անհատականից հրաժարվելը միշտ բարերար ազդեցություն է գործում հատկապես այսպիսի դեպքերում: Գյոթեն հպարտ խոսքեր ունի. «Համեստ է միայն նա, ով ոչնչություն է» : Սրանք մեծ ազնվականի խոսքեր են, ով ուզում էր դրանցով անջրպետվել կեղծավորությունից ու սին բարեպաշտությունից: Եվ այնուամենայնիվ դրանք այնքան էլ արդարացի չեն: Համեստությունը բխում է նաև խելքից, իմաստնությունից, և, իմ կարծիքով, իսկական հիմար է նա, ով իրեն բաժին հասած մեծարանքների այսպիսի հարգանքն ու պատիվը կվերածի ինքնապարծության ու գոռոզության աղբյուրի: Արդ, ավելի լավ է, որ քիչ թե շատ պատահականորեն ինձ շնորհված այս պարգևը դնեմ իմ հայրենիքի ու իմ ժողովրդի ոտքերի առջև, հայրենիքի ու ժողովրդի, որոնց հետ իմ կերտվածքն ունեցող մարդիկ այսօր իրենց շատ ավելի ամուր են կապված զգում, քան այն ժամանակներում, երբ զենքն էր շաչում: Այս տարի ստոկհոլմյան համաշխարհային մրցանակը երկար տարիների ընդմիջումից հետո շնորհվել է գերմանական ոգուն, մասնավորապես գերմանական արձակին, և ձեզ համար դժվար է պատկերացնել վիրավոր ու ոչ միշտ հասկացվող ժողովրդի արձագանքի նրբազգացությունը մնացյալ աշխարհի կողմից համակրանքի այսպիսի նշանների նկատմամբ:

Ինձ թույլատրվա՞ծ է, արդյոք, այդ համակրանքի իմաստը մեկնաբանել փոքր-ինչ ավելի մանրամասն: Վերջին մեկուկես տասնամյակում Գերմանիայում հոգևոր ու գեղարվեստական բնագավառներում ստեղծագործությունն ընթանում էր ամենևին ոչ բարենպաստ հոգեբանական և նյութական պայմաններում. ոչ մի ստեղծագործություն չէր հասունանում և չէր ամբողջանում անվտանգության ու հանգստության մթնոլորտում. ոչ, արվեստը և հոգևոր կյանքը գտնվում էին կարիքի, գժտության ու տառապանքների խառնաշփոթության մեջ, որում գերմանական ոգին պահպանեց ձևի, պատվի արևմտյան, եվրոպական սկզբունքը: Չէ՞ որ եվրոպացու համար ձևը պատվի խնդիր է, այդպես չէ՞: Ես կաթոլիկ չեմ, իմ ավանդույթը, ինչպես, հավանաբար, ներկաների մեծամասնությանը, բողոքականի անձնական դիմումն է Աստծուն: Բայց ես մի սիրած սուրբ ունեմ: Ասեմ նրա անունը` սուրբ Սեբաստիան. հիշո՞ւմ եք, պատանին սյան մոտ, բոլոր կողմերից նետահարված և տառապանքների մեջ` ժպտացող: Վայելչագեղություն` տառապանքների մեջ,- ահա սուրբ Սեբաստիանի խորհրդանշած հերոսականությունը: Կերպարը գուցե չափազանց համարձակ է, բայց ես շատ կուզենայի գերմանական ոգուն, գերմանական արվեստին վերագրել նման հերոսականություն և ենթադրել, որ Գերմանիայի գրական նվաճումներին բաժին հասած համաշխարհային ճանաչումը ինչ-որ ձևով նկատի ունի նաև այդ վեհ հերոսականությունը: Գերմանիան իր գրականությամբ հաստատեց վայելչագեղությունը տառապանքների մեջ: Նա պահպանեց իր պատիվը. քաղաքականապես` չքայքայվելով ողբի անարխիայի ճիրաններում, այլ պահպանելով պետականությունը, իսկ հոգևոր կյանքում` կարողանալով միավորել տառապանքի արևելյան սկզբունքը ձևի արևմտյան սկզբունքի հետ և տառապանքների գրկում ստեղծելով գեղեցիկը:

Որպես ամփոփում թույլ տվեք մեկ անգամ ևս հիշատակել իմ մասին: Մրցանակի վերաբերյալ ընդունված որոշումից հետո ինձ այցելած առաջին իսկ զրուցակիցներիս ես ասում էի, թե ինձ ինչպես է հուզում, ինչպես է ուրախացնում այն հանգամանքը, որ այս պարգևն եկավ հենց հյուսիսից` Սկանդինավիայից, որի հետ ինձ` Լյուբեկի զավակիս, երիտասարդ տարիներից կապում է կենսակերպերի մեծ նմանությունը, իսկ որպես գրողի` հիացական գրական բուռն հակումը հյուսիսային ոգու և կոլորիտի նկատմամբ: Երբ երիտասարդ էի, գրեցի «Տոնիո Քրյոգերը» պատմվածքը, որը մինչ օրս դեռ դուր է գալիս երիտասարդներին: Այն Հարավի և Հյուսիսի մասին է և դրանց` մեկ միասնության մեջ միավորվածության մասին, որը հղի է բախումներով և բարեբեր միախառնումով: Այդ պատմվածքում Հարավը ինտելեկտուալ-զգայական արկածախնդրության, արհեստի սառը կրքի խորհրդանիշն է, Հյուսիսն, ընդհակառակը, սրտագինության, բյուրգերական հայրենիքի, խոր արմատավորված զգացմունքի, նվիրական մարդկայնության խորհրդանիշն է: Եվ ահա նա` սրտի հյուսիսային հայրենիքը, գրկում և ընդունում է ինձ` որպես ճաճանչող տոն: Հրաշալի, նշանակալից օր է իմ կյանքում, կյանքի իսկական տոն,  höktidsdag` ինչպես արտահայտիչ կերպով անվանում է տոնը շվեդերեն լեզուն: Իմ անճարտար արտաբերած շվեդերեն այդ բառին թույլ տվեք ավելացնել հետևյալ խնդրանքը: Եկեք, հարգելի տիկնայք և պարոնայք, միավորվենք և շնորհակալություն ու շնորհավորանքներ հղենք բարեշնորհ և աշխարհով մեկ հայտնի հիմնադրամին, որին մենք պարտական ենք այս հրաշալի երեկոյի համար: Շվեդական բարի ավանդույթի համաձայն` բոլորին խնդրում եմ ինձ հետ քառակի «ուռա»  հասցեագրել Նոբելյան հիմնադրամին:

 

 Ռուսերենից թարգմանեց  Հովհաննես Այվազյանը   

 

 

Կարծիքներ

կարծիք