Մի մսխալ, մի խարվար

Հեղինակ:

 Ֆարիբա Վաֆին իրանցի կին արձակագիրներից է, ում գրքերի հրատարակմանը մեծ հետաքրքրությամբ սպասում է  իրանական ընթերցասեր հանրությունը, և գործերը վերահրատարակվում են բազմաթիվ անգամներ: Իրեն բնորոշ հակիրճ, վավերագրողի  ոճով Ֆարիբա Վաֆին նկարագրում է արտաքուստ սովորական թվացող առօրեական վիճակներ ու  իրադրություններ (հիմնականում քաղաքային միջին խավին պատկանող կանանց կյանքից), որոնց տողերի արանքում  սակայն մեծ ընդհանրացումներ կան: Պատմվածքն ընտրվել է  հեղինակի՝ գրական մրցանակ շահած «Առանց քամու, առանց նավաթիակի» վերջին ժողովածուից:

 

 

 

 

ՄԻ ՄՍԽԱԼ, ՄԻ ԽԱՐՎԱՐ

 

Պիտի գնայի յոթանասունհինգ տարեկան մորս գրկեի ու համբուրեի: Գրկախառնվելու միտքը Ամերիկայից նոր վերադարձած տիկին Սադրին մտցրեց գլուխս:

-Մորդ գրկո՞ւմ ես:

-Չէ:

Զույգ հոնքերը միաժամանակ վեր քաշվեցին: Կարծես, ասած լինեի, թե  երերսս ու ձեռքերս երբեք չեմ լվանում:

-Հնարավո՜ր չէ:

Հոնքերը վար իջան, իսկ հայցաքը դարձավ խղճահարական: Չիմացա՝ ի՞նձ էր խղճում, թե՞ մորս:

-Ուրեմն հենց հիմա պե՛տք է գնաս՝ գրկես նրան :

-Հիմա ուշ է արդեն:

Նայեց իր ժամացույցին.

-Դեռ ժամը ութն էլ  չկա:

-Ուզում եմ ասել՝ քառասուն տարի կլինի, չեմ գրկել իրեն: Հիմա որ էդ գործն անեմ, կսարսափի:

-Մայրդ զգայուն տարիքում է: Վաղը չէ մյուս օր է՛լ  չի լինելու: Նրան չգրկելու ափսոսանքը մինչև կյանքի վերջ մնալու է սրտումդ: Ես իմ ասելն ասացի…

Հետո լրջորեն  հարցրեց.

-Գիտե՞ս, այս տարիքում մայրերը որքա՜ն կարիք ունեն գրկի:

Ամբողջ մի ժամ խոսեց, մինչև ինձ լուսավորեց:

-Եթե տարեց մարդիկ շոյվեն, ավելի քիչ կվախենան մահից:

Հպման հոգեբանական ազդեցությունների մասին պատմեց, շատ խոսեց նաև չգրկելու և հորն ու մոր մահից հետո մեղքի զգացողության մասին: Մի պահ շփոթվեցի  այդքան շատ կուտակված աչքաթողությունից, չէի կարողանում հանգիստ նստել տեղումս, չէի կարողանում նույնիսկ սպասել մինչև առավոտ: Վախենում էի, որ մահվան հրեշտակն ինձնից շուտ գնար մորս հետևից  և նրան գրկեր ու տաներ: Շտապ հագնվեցի ու ճանապարհ ընկա:

Իրիկնապահի բանուկ ժամն էր: Ոտքով գնացի մինչև փողոցի գլուխ՝ մոռանալով մորս ապսպրած մի քանի մետր ռեզինն առնել իր համար: Բոլոր այդ մանր-մունր բաները կորցրել էին իրենց կարևորությունը: Փողոցի եզրին մեքենայի սպասելիս միտք էի անում գրկախառնվելու և դրանով մարդու մեջ արթնացող հանգած հույզերի մասին: Մեքենաներն արագ անցնում էին կողքովս: Աշնան վաղահաս ցրտից դողաց մարմինս: Խաբված ու դատարկաձեռն մարդու տրամադրություն ունեի, ով իր կյանքի վերջին օրերում գլխի է ընկել, թե ինչքա՜ն հեշտ է անցել կյանքի արժեքավոր բաների կողքից: Մի մեքենա արգելակեց, ու ես նստեցի: Մեքենան հաճելի ջերմություն ուներ, և ես տաք ու փափուկ նստատեղում մտածեցի՝ ի՜նչ լավ է, որ մայրս կա: Կենդանի մայր ունենալն ի՜նչ երջանկություն է: Այդ հուզավառ վերհիշմամբ առլեցուն զգացողությունը կենդանացրեց հոգիս: Դեռ ուշ չէր, ժպիտ եկավ շուրթերիս, դեռ ժամանակ ունեի փոխանցելու:

Ինձ տեսնելով՝ զարմացավ մայրս,  սովորաբար երեկոյան այդ ժամերին չէի գնում իր տուն: Նույնիսկ չուրախացավ: Մինչև իմ նստելն ու խոսելը, տարակուսած տնտղում էր ինձ:

— Կռվե՞լ ես մեկի հետ:

Անակնկալի եկա նրա խոսքից. կարծում էի՝ այդ պահին աշխարհի ամենաբարի դեմքն ունեմ: Ցույց չտվեցի, որ նեղացել եմ:

— Ըսկի նմա՞ն եմ կռված մարդու:

Չպատասխանեց:

-Թեյը նոր եմ վրա դրել, երկու հատ լցրո՛ւ խմենք:

Ես ու մայրս նրանցից չէինք, ովքեր ամեն մի պատրվակով միմյանց գիրկ են թռնում և րոպեն մեկ ջան-ջիգյար ասում իրար:

Տիկին Սադրին գլուխ չէր հանում.

-Բա որտեղի՞ց եք հասկանում, թե ինչքան եք իրար սիրում՝ մի մսխա՞լ, թե՞ մի խարվար:

-Դե՜հ… մեր վարմունքից:

-Դուք ամենակարևոր վարքը դուրս եք դրել ձեր հարաբերություններից:

Հետո խոսեց սիրո և գորովանքի տարբեր տեսակներից. հպումային, խոսքային, տեսողական:

-Սիրո արտահայտումը հենց սիրո չափ կարևոր է: Մարդիկ արտահայտելու և արտահայտված լինելու կարիք ունեն:

Ինքն այն ժամանակվանից, երբ Ամերիկա էր գնացել, իր վարքի ու մշակույթի մեջ նկատել էր  այդ թերությունը և հիմա չէր կարող թեկուզ մեկ օր առանց գրկելու անցկացնել: Պատահել էր, որ ձեռքի տակ ոչ ոք չէր եղել, ու  ինքը չէր կարողացել  բավարարել իր շտապ կարիքը, ստիպված ինչ-որ պատրվակ էր գտել  և անծանոթի գրկել: Հաց ուտելու պես կախվածություն էր ձեռք բերել և գիտակցաբար էր անում այդ գործը, նույնիսկ այն ժամանակ, երբ սիրտը դատարկ-դատարկ էր:

Մայրս ֆռթոցով կում արեց թեյն ու հարցրեց.

-Ի՞նչ է պատահել:

-Ոչի՜նչ:

Պառաված կոպերը կասկածանքով  կկոցվել էին.

-Երազ-մերազ ես տեսե՞լ:

Երազ չէի տեսել, նշանածիս էի հիշել: Տարինե՜ր առաջ էր. սիրտս ուզում էր, որ նա ինձ գրկեր ճիշտ այնպես, ինչպես տեսել էի կինոներում և պատկերացրել միշտ երևակայությանս մեջ: Ասում էր՝ այդպիսի թիթիզություններ չի սիրում: Մինչև մեր հարաբերությունների վերջին օրը, թեկուզ մի անգամ լեզուն չպտտվեց ասելու, որ ինձ սիրում է: Միակ անգամն էլ, որ փորձեց մազերս շոյել, մարմինս լարվեց ու պրկվեց: Փութկոտ մատները մազերիս արանքն էին մտնում,  և դրանց խրխրթոցի ձայնը պտտվում էր  ականջումս: Ասես, ձիու մաշկի վրա քերիչ խոզանակ քաշեր: Անհարմար էի զգում ասել, որ ձեռքը  հետ տանի գլխիցս: Գլխիս մաշկը անզգայացել էր, և նրա ձեռքերի շարժումը վերջին բանն էր, որ կործանեց երազանքներս:

Մայրս ոչ տարավ, ոչ բերեց, ասաց.

-Երևի երազ ես տեսել, որ մեռել եմ, չէ՞…

Ապշած նայեցի նրան.

— Բա՜ն ասացիր, էսօր երկու րոպե էլ աչք չեմ կպցրել:

-Բա ի՞նչ ղալաթ էիր անում:

Երկուսս էլ ծիծաղեցինք:

Մի քանի ժամ, որ այնտեղ էի, այդպիսի բաներից խոսեցինք՝ անարդյունք ու սովորական: Զրուցելիս ձեռքս մոտեցրի և շտկեցի նրա շորի թևքը, նա էլ զրուցելու ընթացքում թևքի եզրը  հետ շրջեց՝ առաջվա պես: Մի անգամ էլ ձեռքը թափ տվեց, թե՝ «Մի փոքր էն կողմ նստիր, շոգ է»:

Խոսելիք չունեինք այլևս: Երկուսով նայեցինք ծաղկամանին, որի տերևների արանքից երկու մանրիկ վարդագույն ծաղիկ էր բողբոջել, հետո հերթով սևեռվեցինք գորգի ծաղիկներին և  չմիացված հեռուստացույցին, այնուհետև նա իր ուռած ոտքերին նայեց՝ գիրուկ ծնկներն իրար մոտ բերելով և համեմատելով միմյանց հետ, ես էլ հաշվեցի ձեռքիս սրճագույն խալերը: Վեր կացա ու խաղալեն պայուսակիս քուղը  ուսիս գցեցի:

-Ուշ է, գնամ արդեն:

Նայեց սենյակի բաց պատուհանին.

-Լավ արեցիր եկար, ես հո միշտ չեմ լինելու, մի քանի օր էլ էս աշխարհի հյուրն եմ:

Ես էլ պատուհանին դիմելով՝ ասացի.

-Այսինքն  որտե՞ղ ես գնալու:

Երկուսիս ծիծաղը եկավ: Մտածեցի հիմա հարմար ժամանակ է: Չէի ուզում հեռանալ առանց այն բանի, ինչի համար եկել էի: Կռացա և հենց նույն պահին էլ մտածեցի, որ պիտի ուրիշ անկյուն ընտրեի գրկելու համար: Այս ձևով, ասես, հարձակվում էի նրա վրա:  Ճիշտ ժամանակին՝ նախքան գլխին  փուլ գայի, բարձրաձայն ասաց. «Իմ բաժակն էլ վերցրո՛ւ»:

Սկուտեղը վերցրի ու խոհանոց գնացի: Քրտինքը պատել էր ինձ այն գործի ամոթից, որը պիտի անեի  ու մտածեցի՝ ինչ լավ, որ չարեցի: Ձայն տվեց.

-Մաքո՜ւր լվա:

Դիտողություն անելու սովորություն ուներ: Բաժակները լվացի ու ասացի.

-Քեզանից ավելի մաքուր եմ լվանում:

Ծորակից հոսող ջրի ձայնը չթողեց լսել նրա խոսքը: Ծորակը փակեցի:

-Գնալուց առաջ դեղահաբս տո՛ւր:

Դեղահաբը տվեցի, զարկերակային ճնշումը չափեցի, ծաղկամանը ջրեցի և նորից պայուսակիս քուղն ուսիս գցեցի:

-Ցտեսությո՛ւն, ես գնացի:

Աստիճաններից վայր իջա: Հետևիցս կանչեց.

-Մոռացե՜լ ես ռեզին առնել, վաղն ա՛ռ:

 

 

մսխալի- ծանրության հին չափ, որ հավասար է մեկուկես գրամի:

խարվար- ծանրության չափ, որ հավասար է 30 փթի (մոտ՝ 491 կգ):

 

Պարսկերենից թարգմանեց՝  Էմիկ Ալեքսանդրին

 

Կարծիքներ

կարծիք