Պարսկահայերի 1828-1829թթ. ներգաղթի շուրջ

2015թ. հայտնի դարձավ, որ «Ադրբեջանի և Ռուսաս­տանի միջև մշակութային կապերի զարգացման գործում հատուկ ծառայություն­ների համար» ձևակերպմամբ, նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Դոստլուղ» («Բարեկամու­թյուն») շքանշանին արժանացած հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը պատ­րաստվում է Ադրբեջանում 19 մասանոց ֆիլմ նկարահանել ռուս գրող Ա. Գրի­բոյեդովի վերա­բերյալ՝ հույս ունե­նալով դրա ֆինանսավորման գործում ներգրավել Բաքվի օլի­գարխ­ներին:

Ըստ ադրբե­ջանական աղբյուրների՝ իրենց մտավորականության մեծ մասն իբր բացա­սաբար է ընկա­լում Ա. Գրիբոյեդովի անվան հետ կապվող այն փաստը, ըստ որի՝ վերջինս է ստորագրել Թուրքմենչայի պայմանագիրը, որով «Հարավային Ադրբե­ջանն» անցել է Պարսկաստանին: Դրան զուգորդվում են Արևելյան Հայաս­տանի և Արցա­խի իբր «Արևմտյան Ադրբեջան» հանդիսա­նալու մասին հայտնի ցնդաբանությունները:

Քննարկելով Ա. Գրիբոյեդովի վերաբերյալ համատեղ ֆիլմի աշխատանքների հնարա­վորու­թյան հարցերը՝ Ն. Միխալկովը հույս է հայտնել Ադրբեջանի նախագահին, որ կար­դարացնի այդ պետության սպասելիքները: Գաղտնի չէ, որ ով վճարում է, նա էլ պատ­վիրում է:

Մեզանում այս ամենի արձա­գանքը հետևյալն է. «Նրա ֆիլմը հանրությանը պետք է համոզի, որ Արցախը ռուսներն են տվել հայերին, ուրեմն կարող են նաև ետ վերցնել…»:

 

 Ադրբեջանական պատմագրության զեղծարարությունները

«Գրիբոյեդովպարսկահայերի ներգաղթ» թեմայի շուրջ

 

Շրջանցելով անվանի թյուրքագետների հետազոտությունները՝ մերօրյա ադրբեջա­նա­կան զեղծարարները համաշ­խարհային հասարակությանն ապակողմնորոշելու և հայու­թյան դեմ տրամադրելու միտումով փորձում են վերաձևել պատմությունը: Իրենց էթնիկ պատկա­նելության հարցերում ցայսօր իրար բզկտող ադրբեջանական «գիտնական­ները» նենգա­փոխում են հայ-Հա­յաստան-Արցախ անվանումների հետ կապված ամեն ինչ՝ թողարկելով մեկը մյուսին հակասող կամ իրարա­մերժ տեսակետներ: Հիշյալ ձեռնածուների կարևո­րագույն խնդիրն է՝ «ապացուցել», որ կովկասյան տարածաշրջանում հայերը եկվոր­ներ են, որ Արցախը (Ղարաբաղը) զուտ ադրբեջանական տարածք է եղել և հայկականացվել է շնորհիվ Ռուսական կայսրության և ռուս գրող Ա. Գրիբոյեդովի ջանքերի՝ պարսկահայերի զանգվածային վե­րաբնակեցման շնորհիվ:

Իրենց Ատրոպատոսի, Ջևանշիրի, Բաբեկի, միևնույն ժամանակ՝ Օղուզ Խաքանի, Շահ Իսմայիլի և Մահմուդ Ղազնևիի «թոռները» համարող ադրբեջանցի «հետազոտող­ները» Թուրքմենչայի պայմանագրի XV հոդվածի կազմման գլխավոր մեղավոր են համա­րում Ա. Գրիբոյեդովին, որն իբր «գործիք էր դարձել հայ քաղաքական և հոգևոր գործիչներ Լազար­յանների և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու ձեռքին», ովքեր, ըստ նրանց, շարունա­կել են այն գործը, որը դեռ 1701 թ. սկսել էր «Մեծ Հայաստանի» գաղափարի հեղինակ Իսրա­յել Օրին: Ադրբեջանցի հեղինակները գրում են, որ հակառակ Ի. Պասկևիչի՝ հայերին բռնի կեր­պով չվերաբնակեցնելու և կալվածատիրականի փոխարեն պետական հողե­րում վե­րա­բնա­կեցնելու վերաբերյալ հրահանգի՝ իբր խախտելով Թուրքմենչայի պամանագիրը՝ հայե­րին վե­րաբնակեցրել են բռնությամբ, և իբր՝ Ա. Գրիբոյեդովի նախաձեռնությամբ կազմա­կերպված հայերի ներգաղթի շնորհիվ են Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի «ադրբեջանա­կան» նախկին խանու­թյուն­ները (իմա՝ «Արևմտյան Ադրբեջանը» — Վ.Ս.) հայկականացվել:

Սակայն վերոհիշյալ «հետազոտողները» միտումնավոր շրջանցում կամ այլա­փոխում են պատմական այն փաստերը, ըստ որոնց՝ հիշյալ տարածաշրջանում հայերն ապրել ու արարել են դարեդար և Օսմանյան Թուրքիա ու Պարսկաստան են բռնագաղթեցվել տար­բեր ժամանակներում: Շրջանցվում կամ անտեսվում են ցարական այն ժամանակվա պաշ­տոնյաների և այլոց վկայությունները, որ մինչև իրանահայերի 1828-1829 թթ. ներ­գաղթը, նույնիսկ դարավոր բռնագաղթեցումներից ու տեղահանություններից հետո հիշյալ խանու­թյուններում հայերն ունեցել են կարևոր թվաքանակ, ինչը վկայվում է նաև Հայաստա­նի տեղանվանում­ների ու դրանց սկզբնաղբյուրների, ինչպես նաև հայկա­կան տեղանուն­ների թյուր­քացման ու վարչական փոփոխությունների մասին հիմնավոր վերլուծություններով:

Արևելյան Հայաստանի էթնիկ դիմագծի ձևափոխումների պատմությունից

Արևելյան Հայաս­տանի հայաթափման պատմությունը սկսվել է սելջուկ-թյուրքերի, մոն­ղոլների, Լենկ-Թեմուրի արշավանքների, ապա թուրք-պարսկա­կան պատերազմների ժամա­նակներից, երբ հայության զգալի զանգվածներ բռնագաղթեցվել կամ վաճառվել են ստրկու­թյան կամ էլ ստիպված են եղել տարագրվել օտար ափեր: Միայն Շահ Աբասի արշավանք­ների ժամանակ Արևելյան Հայաստանից շուրջ 300 հազար հայեր են բռնագաղթեցվել Պարս­կաստանի խորքերը: Փոխարենը տարբեր ժամանակներում Հայկական լեռնաշխարհ են թա­փանցել թյուրքա­կան ու մահմեդական զանազան վաչկատուն հորդաներ, ինչի հետևանքով փոխվել է և՛ ժողովրդագրական, և՛ տեղանվանական պատկերը:

Հայտնի է ռուսական բանակի վրացի գեներալ Ցիցիանովի վկայությունն առ այն, որ 1795 թ. դրությամբ Ղարաբաղում (Արցախում) ապրել են 60.000 հայ ընտանիքներ, որոնց թիվը խստագույնս կրճատվել է 1797 թ. Աղա Մուհամմեդ շահի ավերիչ արշավանքներից հե­տո, համաճարակների և զանգվածային արտագաղթի հետևանքով: Ընտանիքների անդամ­ների թիվը միջինը 5 անձերով հաշվելու դեպքում դա կկազմեր շուրջ 300.000 մարդ: Պատ­մական ոչ մի վկայություն չկա, որ հիշյալ 60.000 հայ ընտանիքներին Արցախում են վե­րաբնակեցրել օտարները:

Հայերին բռնությամբ վերաբնակեցնելու քաղաքականությունը շարունակել են վա­րել նաև ռու­սական իշխա­նությունները՝ Վրաստանը Ռուսաստանին միացնելուց հետո, երբ ռուս-պարսկական 1804-1813 թթ. պատերազմի առաջին փուլում գեներալ Ցիցիա­նովը մեծ թվով հայերի վերաբնակեցրել է Արևելյան Վրաստանում:

Հետագայում կայսր Ալեքսանդր I-ը 1819 թ. հոկտեմբերի 22-ին հաստատել է «Արտա­սահմանից գաղթած վերաբնակեցվածներին Վրաստանում կալվածատե­րերի կողմից սեփա­կան հողերում ընդունելու մասին» կանոնադրությունը, որում, ի թիվս վերաբնակեց­վածների և կալվածատերերի հարաբերություններին վերաբերող հոդվածների, առկա է դրա 13-րդ հոդվածը, որտեղ նշված է. «Վրաստանի հետ սահմանակից երկրների հետ պատերազմի դեպքում վրաց կալվածատերերին թույլ էր տրվում այդ երկրներից դուրս բերել և իրենց հողերում վերաբնակեցնել այդ երկրների հպատակներին նույն հիմունք­ներով, ինչ՝ կամավոր վերաբնակեցումների դեպքում»: Հասկանալի է, որ սահմանակից ասելով նկատի են առնված Օսմանյան Թուրքիան ու Ղաջարական Պարսկաստանը և դրանց հպատակության տակ գտնվող հայերը:

Այսպիսով՝ դարավոր բռնագաղթեցումների, ինչպես նաև Վրաստանում հայերի բռնի վերաբնակեցման հետևանքով Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ ԱրցախՂարաբաղում հայ բնակչության թիվը կտրուկ նվազել էր մահմեդական ցեղերի բնակչության թվի համեմա­տությամբ, ինչը նաև զգալի անհարմարություններ էր պատճառել ռուսներին՝ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում: Ալեքսանդր I-ի վերոհիշյալ կանոնադրությունը կիրառում է գտել նաև այս պատերազմից հետո՝ պարսկահայերի ներգաղթի և մահմեդա­կան քոչվոր ցեղերին հպատակեցնելու ժամանակ: Այս հանրահայտ փաստերը միտումնավոր  շրջանցում կամ խեղաթյուրում են ադրբեջանական նորօրյա ուսումնասիրողնե­րը:

 

 Ալեքսանդր Գրիբոյեդովը և Թուրքմենչայի

պայմանագրի կազմման գործընթացին

 

Ադրբեջանական զեղծարարները, հիմնվելով խորհրդային շրջանում ձևավորված կար­ծրատիպերի վրա, Թուրքմենչայի պայմանագրի՝ իրենց համար չարաբաստիկ XV հոդ­վածի հեղինակ են համարում Ա. Գրիբոյեդովին: Փորձենք հասկանալ, թե որքանով է հիմ­նավոր նման պնդումը: 16 հոդվածներում ամփոփված գլխավոր պայմաններից և 9 հոդվա­ծանոց հատուկ արձա­նագրությունից կազմված Թուրքմենչայի պայմանագրի կնքման գոր­ծում Ա. Գրիբոյեդովի դերը «բացահայտող» հիշատակություն է անում իշխան Շչերբատովը՝ վկայա­կոչելով գլխա­վոր շտաբի պետ Ի. Դիբիչին հղած Կովկասյան կորպուսի հրամանա­տար Ի. Պասկևիչի մի զեկուցագիրը: Դրանում նշվում է, որ կայսերը հղած մի զեկույցում Ի. Պասկևիչն իբր երաշխավորել ու գովաբանել է Ա. Գրիբոյեդովին՝ մինչև ռազ­մատուգանքի մի մասի ստացումը պարսիկների հետ հաշտություն չկնքելու հորդորի համար: Մինչդեռ, դատելով Ի. Դիբիչին հղած վերոհիշյալ զեկուցագրի տեքստից, ինչպես նաև Թուրք­մենչայի պայմանա­գրի առիթով կայսր Նիկոլայ I-ին ուղղված Ի. Պասկևիչի շնոր­հավորական նամա­կից՝ իսկ հա­ջորդ օրն էլ արտգործնախարար Կ. Նեսսելրոդեին ուղղված հաղորդագրությունից՝ դրանցում բացակայում է ռազմատուգանքի առաջնահերթ պահանջի վերաբերյալ իշխան Շչերբատովի բերած վկայությունը, թեև երեք փաստաթղթերում էլ Ի. Պասկևիչը գո­վաբանում է Ա. Գրիբոյեդովին՝ որպես եռանդուն, տեղական գործերում փոր­ձառու մարդու:

Վկայակոչելով նախքան Կարազիադինի բանակցությունները (1827 թ. հուլիս) Ա. Գրի­բոյեդովի մի նամակը՝ ուղղված Պարսկաստանում ռուսական նախկին հավատար­մատար Ս. Մազարովիչին, որում վերջինից նա խնդրում էր իրեն ուղարկել Գյուլիստանի պայ­մա­նագրի ֆրանսերեն կամ ռուսերեն տարբերակը՝ խորհրդային շրջանում այն կարծիքն է հայտնվել, թե այդ տեքստն Ա. Գրիբոյեդովին հարկավոր էր՝ Պարսկաստանի հետ հաշտության պայմա­նագրի նախնական տեքստ կազմելու համար: Սակայն հայտնի է, որ Կ. Նեսսելրոդեն նույն թվականի ապրիլին պետական պաշտոնյա Ա. Օբրեսկովի հետ Ի. Պասկևիչին արդեն ուղար­կել էր Պետերբուրգում կազմված պայմանագրի նախնական տեքստը, որը տեղ էր հասել մա­յիսի վերջին: Այսինքն՝ եթե Ի. Պասկևիչը նախքան Կարազիադինի բանակցություն­ները հրա­մայել է կազմել նախնական պայմանագրի տեքստը, ապա նա պետք է, որ անպայ­ման տրա­մադրած լիներ նաև արդեն տեղ հասած նախնական պայմանագրի կառավարա­կան տարբե­րակը: Ուրեմն` Կարազիադինում Ա. Գրիբոյեդովը հանդես է եկել ոչ թե Գյուլիս­տանի պայմա­նագրի հիման վրա ի’ր «կազմած» նախնական պայմանագրի տեքստով, այլ կառավարու­թյան և Ի. Պասկևիչի ցուցումներով ու իր կողմից հմտորեն խմբագրված տարբե­րակով:

Ինչ վերաբերում է հայերին վերաբերող XII, XIV և հատկապես XV հոդվածներն իբր Ա. Գրիբոյեդովի կողմից Թուրքմենչայի պայմանագրում ներմուծվելու գաղափարին, ապա դրա համար էլ հիմք են հանդիսացել գերիների փոխանակման և վերաբնակեցման վերաբեր­յալ Գյուլիստանի պայմանագրի VI հոդվածի հետ վերոնշյալ հոդվածների համե­մա­տական վերլուծությունը, ինչպես նաև Ի. Պասկևիչին Ա. Գրիբոյեդովի հղած հաղոր­դագրության մեջ այդ հոդվածների շուրջ վերջինիս կատարած մեկնաբանությունների ծա­նո­թագրությունը:  Սա­կայն վերոհիշյալ պնդումները խիստ ենթադրական են. այդ ծանո­թագրու­թյան մեջ Ալեքսանդր Գրիբոյեդովն ընդամենը մեկնաբանել է հոդվածները, որովհետև դա կապ­ված էր որոշ մահմեդական անձանց՝ պայմանագրի հոդվածները ճիշտ չընկալելու և կրկին պարսկահպա­տակություն ընդունելու ցանկության հետ, ինչը կասեցնելու համար Ա. Գրիբոյեդովը փորձել է Ի. Պասկևիչի միջոցով, հրամանի ձևով տեղեկատվություն հասցնել մաքսային և սահմանային պետերին: Ուստի Ա. Գրիբոյեդովի կողմից հոդվածների մեկնաբանումը բոլորովին էլ չի նշանակում, թե նա է եղել դրանց հեղինակը:

Նշենք, որ նախքան Դեհկարխանի բանակցությունները (1827թ. նոյեմբեր) սկսելը, գնդապետ Եղիազար Լազարյանին ուղղված նամակում վիրահայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին գրել էր, որ իրազեկել է  Ի. Պասկևիչին Հայաստանի սահմաններն ընդարձակելու և պարսկա­հայերով ու տաճկահայերով բազմամարդ դարձնելու մասին: Նա նշել էր Սուրմալուի և Մակվի գավառների միացման, Ղազվինից, Համադանից, Թեհրանից, Սպահանից և այլ վայրերից հայերի վերաբնակեցման անհրաժեշտության մասին: «… Մեծ բազմութիւն ունի հայոց բազ­մանալ այսր ի Հայաստան ի տերութեան օսմանցւոց,- գրում է արքեպիսկոպոսը,- առ որ անանցանելի հարկավորութեամբ, հարկ է վասն սահմանաց Երևանու նշանակել ոչ զԵրասխ գետն, այլ զսեպհական սահմանն Երևանու, այսինքն է յայնկոյս Երասխայ յարևելից կողմանե անմատչելի ձորն Մակու անուանեալ, որ բաժանէ զԵրևանու սահմանն ի Խոյէ, զգագաթ լերինն Արարատայ և ընդ նմին կցեալ շղթայապատ լերանց՝ որք բաժանեն յԵրևանայ զսահ­մանն օսմանցւոց իշխանութեան…»:

Բայց արդեն Դեհկարխանի բանակցությունների ժամանակ, գաղտնի պահելու պայմա­նով, Ն. Աշտարակեցին Մակվի մահալի Սբ. Թադևոս առաքյալի վանքի վանահայր Բարսեղ եպիսկոպոսին և այլոց տեղեկացնում էր, որ ռուսական սահմանն Արաքսից այն կողմ չի անց­նելու և պատվիրում էր հորդորել իրանահայերին, որ անցնեն Արաքսը և բնակություն հաս­տատեն Արարատյան դաշտում կամ Նախիջևանում՝ ընդմիշտ ազատվելով պարսից բռնա­կալությունից:

Այն, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե հիշյալ գործիչների կողմից հայերի վե­րաբնակեցումն իրականացվել է բռնությամբ, հերքվում է նույն Բարսեղ եպիսկոպոսին արքե­պիսկոպոս Ներսեսի՝ 1827 թ. դեկտեմբերի մեկ այլ նամակի փաստով, որում վերջինս հայտ­նում է Երնջակի և Նախավկայի վանահայրերին միմիայն ներգաղթի հորդորով Պարսկաս­տան առաքելու մասին:

Իսկ Ներսես արքեպիսկոպոսին ուղղված Ի. Պասկևիչի պատասխան նամակն ապա­ցու­ցում է, որ դեռ 1827 թ. դեկտեմբերի 27-ին, վերջինիս ուղղած նամակով արքեպիսկոպոսը խնդրել էր Ռուսաստանին անցած տարածքներում, վերաբնակեցման նպատակով, պարս­կական տիրույթներից հայերի գաղթ կազմակերպել և Իրանի կառավարությանն առաջարկել հայերի ունեցվածքը, անշարժ գույքը, այգիներն ու ջրաղացները վերցնել կառավարության տրամադրության տակ՝ դրանց տերերին տալով որոշ փոխհատուցում կամ էլ իրանցի մասնավոր անձանց հնարավորություն տալ հարմար գներով գնելու դրանք: Ի. Պասկևիչը Ն. Աշտարակեցուն տեղեկացրել է, որ ապագա հաշտության պայ­մա­նագրում հա­տուկ կետ է մտցվել ներգաղթողների անշարժ գույքը 5 տարվա ընթացքում վաճառելու իրա­վունքի վե­րաբերյալ: Նա նշում է նաև, որ ներգաղթող հայերին ոչ մի նեղություն չէր պատ­ճառվելու իրանական կողմից: Փաստացի հայտնի է, որ Թուրք­մենչայի պայմանագրում հենց Ներսես Աշտարակեցու՝ ներգաղթողների ունեցվածքի վերաբերյալ վերոհիշյալ առաջարկներն են տեղ գտել:

Անտեսված է նաև այն ուշագրավ փաստը, որ Ի. Պասկևիչն ինքը գրել էր ներքին գոր­ծերի նախարար կոմս Բլուդովին այն մասին, որ ռուսական մարզերում բնակվելու ցանկու­թյուն հայտ­նած որոշ հայերի իղձերին ընդառաջ գնալով՝ դեռ Դեհ­կարխանի բանակցություն­ներում ինքը որոշել է դրա վերաբերյալ անհրաժեշտ հանձնարարականներ տալ: Ասվածն ապացուցում է, որ պարսկահայերի ներգաղթի գաղա­փարն ու առաջարկն արվել էր հայ գործիչների և ոչ թե Ա. Գրիբոյեդովի կողմից:

Անշուշտ, հետազոտողները չեն բացառել, որ Կարազիադինում Ա. Գրիբոյեդովի «պատրաստած պայմանագրի նախնական տեքստում» հաշվի են առնվել նաև հայ գործիչ­ների, մասնավորա­պես Ն. Աշտարակեցու “Записка об армянах для включения при перего­ворах о мире” և “О переселении армян из персидских владений в провинции, принадле­жащие России” գրությունները, որի վերաբերյալ հղում է կատարվել «Արձանագրություն­ների» (АКАК) հ. VII-ի փաստ. 546-ին: Սակայն այդ վավերագիրը նախ` թվագրված է 1828 թ. հունվարի 25-ով, երկրորդ՝ այն իրականում Ի. Պասկևիչի պատասխանն է Ներսես Աշտարա­կեցու 1827 թ. դեկտեմբերի 27-ի` պարսկահայերի գաղթը դեպի ռուսական տիրույթներ թույլատրելու խնդրանքին և բոլորովին կապ չունի Կարազիադինի բանակցությունների հետ, որոնք ավարտվել են 1827 թ. հուլիսի վերջերին:

Անտեսելով հայ գործիչների ջանքերն ու առաջարկները, ինչպես նաև ժխտելով Ի. Պասկևիչի և Ա. Օբրեսկովի մասնակցությունը հայերին վերաբերող հոդվածները պայմա­նագրում ներառելու հարցում՝ նշվել է հետևյալը. «… Դեռ մինչև պայմանագրի կնքումն Ա. Գրիբոյեդովի սերտ կապերը Հայաստանի հետ, նրա ամենաակտիվ մասնակցու­թյունը Պարս­կաստանի հետ հաշտության պայմանագրի մշակմանը, հնարավորություն են տալիս ենթա­դրել, որ հայ ժողովրդի շահերը պաշտպանող Թուրքմենչայի պայմանագրի հոդ­վածները կազմված են հենց նրա կողմից»:

Սա անապացույց ենթադրություն է, ինչը խորհրդային շրջանում դարձել էր կարծրա­տիպ, որովհետև դրանով փորձ էր արվում կապ ստեղծել առաջադեմ Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև: Այս հայտնի հորինվածքից էլ փորձում է կառչել նորօրյա ադրբեջանական պատմագրությունը:

Ամեն դեպքում կարևորում ենք այն հանգամանքը, որ դիվանագետ Ա. Գրիբոյեդովի ծառայությունն ընդգրկում է 1818-1829 թթ. (11 տարի), իսկ Հայաստանի ազատագրության համար դիվանա­գիտական պայքարն ու շփումները ծավալվել են՝ սկսած Պյոտր Մեծի և Եկա­տերինա II Մեծի ժամանակներից, ուստի դրան հասնելու ուղիների, ակնկալվող օգուտ­ների և շահերի վերաբերյալ հայկական հիմնավորումները վաղուց արդեն ներառվել էին Ռու­սաստանի արտաքին քաղաքականության զինանոցի մեջ: Դրանք, ըստ ամենայնի, քննարկ­վել են ռուսական իշխանությունների կողմից, և տվյալ պատմափուլում հայերի նպատակ­ները և ռուսական իշխանությունների շահերը պարզապես համընկել են:

Այն, որ պայմանագրի հոդվածները Ա. Գրիբոյեդովի հեղինակածը չէին, հաստատվում է Ի. Պասկևիչին հղած Կ. Նեսսելրոդեի՝ 1828 թ. մարտի 16-ի գրությամբ, որում Թուրքմենչայի պայմանագիրը համեմատելով կառավարական հրահանգների հետ՝ վերջինս գրել է. «… Թուրքմենչայի տրակտատի հոդվածները, այս հարցի կապակցությամբ, ես բարձրագույն հրահանգներին համապատասխան տրված և խստագույնս ճշտությամբ արված գտա»:

 

Պարսկահայերի ներգաղթը և Ա. Գրիբոյեդովը

 

Դեռևս ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմի ընթացքում «Պարսկաստանի հետ իրենց սահմանները հուսալիորեն պաշտպանելու, ասիական ցեղերին սանձելու, դավա­նանքով և ջանասիրությամբ իրենց ամենևին էլ ոչ օտար հայերի հետ մերձենալու, ռուսական զորքերի մահացությունը պակասեցնելու …. մալոռուսական աղքատ կազակնե­րի բարեկե­ցությունն ապահովելու, Մալոռուսիան ավելորդ ազգաբնակչությունից ազատե­լու» նպատա­կով դեռևս 1827 թ. ապրիլի 27-ին ռուսական կառավարության կողմից հետևազորի գեներալ կոմս Տոլստոյի գլխավորությամբ կազմակերպվել էր հատուկ կոմիտե, որը 80.000 մալոռուս կազակների պետք է վերաբնակեցներ Այսրկովկասի նորանվաճ տա­րածքներում: Նաև սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ մինչև նոյեմբերին սկսած Դեհկարխանի բանակցությունները, ռուսպարսկական պայմանագրի նախնական տարբերակում նախա­տեսված չի եղել հայերի վերաբնակեցումն Արևելյան Հայաստանում: Դա ապացուցվում է Ա. Օբրեսկովին ուղղված կոմս Նեսսելրոդեի՝ 1827 թ. ապրիլի 19-ի շրջա­բերա­կանով: Նրանում խոսվում է Իրանի հետ հաշտության և առևտրական պայմանագրերի նախագծերի մասին, որոն­ցում առաջ էին քաշված միմիայն սահմանագծի և 40 մլն ռուբլի ռազմատուգանքի հարցերը:

Ռուս կազակների վերաբնակեցման ծրագիրը չիրականացավ, և ռուսական կառավա­րությունը գործողության մեջ դրեց պարսկահայերի ներգաղթ կազ­մակերպելու հայ գործիչ­ների (Լազարյանների) առաջարկներն ու նախագծերը՝ պարսկահայերի ներգաղթի կազմա­կերպման նպատակով ստեղծելով գերազան­ցապես հայ գործիչ­ներից կազմված Ներգաղթի կոմիտե: Այն գլխավորել է Ի. Պասկևիչի կողմից Ռու­սաստանից հրավիրված գնդա­պետ Եղիազար Լազարյանը: Այս գործի անուրանալի ջատագովներից է եղել հա՛տ­կապես Ներսես Աշտարակեցին, ում հայրենասիրությունը, Հայաստանն ազատագրված ու կրկին հայերով բնակեցված, հայկական զորքերով էլ պաշտպանված տեսնելու բուռն տենչանքն ու գործու­նեությունը կասկածից դուրս են: Հայերը ռուս-պարսկական ու ռուս-թուրքական պատերազմ­ների ժամա­նակ ռուսական բանակին ցուցաբերած բազմակող­մանի, այդ թվում՝ զինական օգնությամբ ապացուցել էին իրենց միամիտ հավատարմու­թյունը, իսկ մահմեդական բնակչու­թյան ուխտադրժությանը ռուսները բազմիցս էին առնչվել: Վրացիներն էլ միտված էին իրենց կորսված թա­գավորությունը վերականգնելու ակնկա­լիքներին: Ուստի ռուսական իշխանությունները ճարպ­կորեն շահարկում էին հայոց անկեղծ նվիրվածությունն ու հավա­տարմությունը: Հայերին սիրաշահելու վկայու­թյուն է Ի. Պաս­կևիչի՝ թարգմանությամբ պահ­պանված հետևյալ գրությունը. «…Ոչինչ երկմտիմ նմա­նապես թե երևելի միաբանութիւն հոգևո­րական անձանց Էջմիածնի վանացդ թախան­ձեալ յինչ յինչ օրինակաց այնքան բազմաթիւ ժողովրդականաց չունիցին զբարօրու­թիւն ընդ հեզ և իմաստուն կառավարու­թեամբ Մեծի Արքայիս մերոյ…. Այլ ինձ ախոր­ժելի է հավատացուցանել ձեզ… ինչք ձեր ի վանացդ եղիցի անմերձենալի յաղագս իւրաքանչիւրոց»:

Պարսկահայերին բռնությամբ չեն վերաբնակեցրել և Արևելյան Հայաստան ներգաղթե­լու գաղափարին իրանահայության մեծ մասն, իրոք, ցուցաբերել է դրական վերաբերմունք: Փաստված է նաև, որ եղել են տարակու­սանքի, երկմտանքի, թերահավատության և անվստահության բազմաթիվ դեպքեր և հայ հո­գևոր-հասարակական գործիչները ստիպ­ված են եղել քարոզչական մեծ աշխա­տանք տանել իրանահայության շրջանում՝ բա­ցատրելով ռուսական տիրա­պետու­թյան տակ անցնելու օգուտներն ու առավելություն­ները: Բացի հարուցած խոչըն­դոտներից՝ Պարսկաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են փորձել հայերի և նեստորականների շրջանում արտոնությունների և ազգային իղձերի իրականաց­ման շուրջ հավաստիա­ցումներ անել: Օրինակ՝ Էջմիածնից, Թիֆլիսից և Երևանից ստացված տեղեկություն­ների հիման վրա Լազարյանների կազմած մի զեկու­ցագրում նշվում է, որ ըստ Թավ­րիզում տարածված լուրերի՝ Երևանի սարդար Հուսեինը հայերին իբր խոստացել էր հա­յոց թագավորություն հիմնել՝ թագավոր օծելով վրաց թագաժառանգ Ալեք­սանդ­րին:

Հիմնականում Արևելյան Հայաստան են գաղթել չքավոր կամ միջակ ունեցվածքի տեր ընտանիքներ: Ներգաղթող պարսկահայերի քանակությունից և մեծ ծախսերից անակնկալի եկած՝ Ի. Պասկևիչը դժգոհել էր Ե. Լազարյանի գործունեությունից, քանի որ վերջինս ներ­գաղթի կազմա­կերպման գործում իբր կարևորել և ի ցույց էր դրել իր տոհմի արժանիքների մասին հավաստիա­ցումները և, որ միմիայն իր տոհմի հանդեպ ունե­ցած մեծ հա­վատի ու վստահության հետևանքով էին հայերը գաղթել Այսրկովկաս:

Այդ ամենը համարելով իր, ռուսական զենքի և պետության դերը «նսեմացնող հան­գամանքներ»՝ Ի. Պասկևիչը հատուկ նամակներով Ա. Գրիբոյեդովից, գեներալ Պանկրա­տևից, Ա. Ճավճավաձեից և իշխան Արղության-Երկայ­նաբազուկից պահանջել էր իրեն ներ­կայացնել տեղե­կություններ, թե իրո՞ք մեծ է եղել Ե. Լազարյանի տոհմի համարումը պարս­կահայե­րի շրջանում և ինչպե՞ս է նա կազմակերպել այդ գործընթացը:

Նշված անձինք և առաջին հերթին Ա. Գրիբոյեդովն իրենց զեկուցագրերում բա­ցառել են վերոնշյալ հանգամանքները՝ կարևորելով միմիայն ռուսական զենքի, պետության հովա­նավորության և Ի. Պասկևիչի արդար խոստումների հանգամանք­ները : Ուշագրավ են ռու­սական գաղութային քաղաքականությունն իրականացնողներից հա՛տ­կապես Ա. Գրիբոյե­դովի կարծիքները: Դրանք ներկայացված են “Записка о переселенiи Армянъ изъ Персiи въ наши области” վավերագրում, որում Ա. Գրիբոյեդովը քննադատում է Ե. Լազարյանի կազմակերպած ներգաղթը՝ կետ առ կետ նշելով «թերությունները»: Ներգաղթի գլխավոր ոգեշնչողն, ըստ նրա, պարսկահայերի վստահությունն էր Ռուսաստանի հանդեպ:

Ա. Գրիբոյեդովը Մ. Արղությանի հետ երկար քննարկել է նաև մահմեդականներին ար­վելիք այն ներշնչանքները, որոնց նպատակն է եղել համոզել վերջիններիս, որ նրանց նեղու­թյունները ժամանակավոր են և հայերին կստիպեին հեռանալ մահմեդա­կաններին պատկա­նող տարածքներից: Անդրադառնալով ներգաղթյալներին՝ Ա. Գրիբոյեդովը համոզ­ված պնդել էր, որ Ռուսաստանի համար պարսկահայ բնակչությունն առավել օգտա­կար է վրացահա­յերից և, ընդհանրապես, չարչիներից (торгаши), որոնք գան­ձարանին ոչ մի օգուտ չեն բերել, իսկ Պարսկաստանից գաղթածներն արհեստավորներ ու հողամշակներ էին:

Ա. Գրիբոյեդովը գրել էր Ի. Պասկևիչին, որ Նախիջևանում թաթարների շրջա­նում մեծ հուզումներ են սկսվել ներգաղթյալ հայերի պատճառով: Նա ներկա­յացրել էր իր կողմից կազմած մի աղյուսակ, որում Նախիջևանի «մարզի» և քաղաքի տարածքում նախկին 404 հայ և 2024 մահմեդական ընտանիքների առկա­յության պայ­մաններում, ցույց էր տվել ընտա­նիքների հա­րաբերակցության փոխվելը 1328 հայ ըն­տանիքների ներգաղթի հետևանքով, որի արդյուն­քում հայ ընտանիքների թիվը մահ­մեդական 2024-ի դիմաց հասել էր 1732-ի: Ա. Գրիբոյեդովը վերոնշյալ «անհամամաս­նությունը» վեր էր համարել ամեն տեսակի դատո­ղությունից և մահ­մեդականներին հանգստաց­նելու համար առաջարկել էր շտապ կերպով 500 հայ ընտանիք տեղահա­նել և 15-20 ընտանիքներով վերաբնակեցնել Դարալա­գյազում (Վայք): Ըստ նրա՝ 200 ընտանիք արդեն ցանկացել էին տեղափոխվել, մնա­ցածների կեսին, նրա հա­մոզ­մամբ, կա­րելի կլիներ համոզել, իսկ մնացած առավել հա­մառներին՝ հար­կադրել գաղթել: Ա. Գրի­բոյեդովի պնդմամբ՝ ավելի քիչ ան­հար­մարություն կլիներ 100 կամ 150 հայ ընտանիք­ների, քան ողջ մարզի թաթարների բողոքների դեպքում, հակառակ պարագայում ռուսա­կան իշխանու­թյուն­ները կարող էին թաթարներին դրդել ափսո­սալու և կա­րոտով հիշե­լու պարսկական կառավարումը: Այս առնչությամբ Ա. Գրիբոյեդովը մտա­վախություն էր հայտնել, որ մահմե­դական ցեղերը կանցնեն Պարսկաստան և արտասահման­յան թերթերը կսկսեն գրել ո՛չ ռուս­ների օգտին:

Ա. Գրիբոյեդովն Ի. Պաս­կևիչին համո­զել էր, որ 500 հայ ընտանիքների դուրս բերումը մեծ բարե­գործություն կհամարվի թաթարների համար: Դրանից բացի՝ Ա. Գրիբոյեդովն առա­ջարկել էր ռուսների կողմն անցած մահմեդական ցեղերին վերցնել ծառայության, ռոճիկ վճարել և չէր հապաղել ավելացնել, որ խաներից ու բեկերից խլված իշխանության փոխարեն իրենք նրանց տվել էին օտար (ռուսական — Վ.Ս.) օրենքների խճճվածու­թյուն:

Թաթարների կրած նեղությունների պատճառով ստացած բազմաթիվ բողոք­նե­րից «խեղդված»՝ Ա. Գրիբոյեդովը «բռնել է Նազար-Ալի խանի և Շիհ-Ալի Բեկի կողմը և նրանց համոզել է, որ օգտագործելով իրենց հեղինակությունը՝ ժո­ղովրդին ներշնչեն հավատա­րիմ ծառայել ռուսական կառավարությանը»: Ըստ նրա՝ մահմեդա­կան ցեղերին կարելի կլիներ «խելքի բերել»՝ նրանց տոհմական պետերի և հո­գևորական­ների միջոցով, նաև վերջիններիս և ղազիների դատաստանական գործե­րին չխառնվե­լով: Նա նույնիսկ խորհուրդ էր տվել տարեկան 800 թուման նպաստ վճարել Նազար-Ալի խանին այն գումարից, որն իր կողմն անցած խաներին, մահ­մեդական իրենց մարզերի գործիչներին խոստացել էին ռուսները: Ըստ նրա՝ պարսկական անհնազանդ տիրույթներում դա կարող էր բարձրացնել ռուսական իշխա­նությունների վարկը:

Հարկ է ընդգծել, որ մինչխորհրդային պատմագիտության մեջ, բացի վերո­հիշյալ փաս­տաթղթերի հիշատակումից, Ա. Գրիբոյեդովի անունը հայերի ներ­գաղթի հետ այլ կերպ չի կապվել և նրան չեն վերագրվել Լազարյանների և Ներ­գաղթի կոմիտեի հետ մշտապես կապ­ված լինելու, ներգաղթը կազմակերպելու «Հրահանգների» կազմման, հայ ժողովրդի հա­վատարիմ պաշտպանը լինելու, իրանաթուրքական լծից հայերին ազա­տագրելու գաղափա­րի հեղինակը լինելու և նրա շնորհիվ պարսկա­հայերի գաղթի իրակա­նացման առաքելու­թյունն իրականաց­նելու, բազմաչարչար հայ ժողովրդի վիճակի և ճակատագրի հանդեպ կարեկից լինելու, նրա պատմության և մշակույթի խորագիտակ լինելու հանգամանքները:

Ինչպես տեսնում ենք, Ի. Պասկևիչի վրա հայ գործիչների կողմից «փափուկ ճնշում» գործադրելու վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները նույնպես հիմնազուրկ են. ճարպիկ ու խարդավասեր Ի. Պասկևիչը ռուսական գաղութային քաղաքականությունն իրականացնող «չինովնիկ» էր, ում, ինչպես նաև Ա. Գրիբոյեդովին, հետաքրքրել են իրենց ու ռուսական պետության շահերը և ոչ թե հայ ժողովրդի վիճակն ու ճակատագիրը:

 

Ա. Գրիբոյեդովհայեր փոխհարաբերությունները

 

Վերևում նշվեց, թե ինչ վերաբերմունք է դրսևորել Ա. Գրիբոյեդովը հայ գործիչների նկատմամբ: Ուստի ադրբեջանական նորօրյա պնդումները, թե իբր հայերը մոլորեցրել են Ա. Գրի­բոյեդովին և ամուր օղակի մեջ առնելով՝ «իրենց ձեռքին գործիք են դարձրել»,պարզապես ցան­կալին իրականության տեղ հրամցնելու անապացույց ենթադրություններ են, քանզի փաստերը լրիվ հակառակ իրականության մասին են վկայում:

Սկսենք նրանից, թե ինչ գործունեություն է ծավալել նա Պարսկաստանում՝ կապված ներգաղթողների թողած ունեցվածքի հետ: Վկայված է, որ բացի պարսկահայերից, մեծ թվով խաներ և մահմեդական ժողովուրդ են գաղթել ռուսական տիրապետության տակ անցած հայկական տարածքներ: Այսպես, 1828 թ. դեկտեմբերի 3-ին Թավրիզից Վ. Միկլա­շևիչին հղած նամակում Ա. Գիբոյեդովը պատմում էր ներգաղթյալների՝ Պարսկաստանում թողած գույքի «հսկողության» մասին: Սակայն այդ նամակում նախ՝ չի նշվում, թե կոնկրետ ինչ ազգության կամ դավանանքի ներգաղթյալների մասին է խոսքը, ապա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա իր «չթույլատրված» ամուսնության պատճառով արդեն ուշացրել էր մեկնումը Թեհրան և շտապելով այնտեղ՝ կնոջը՝ Նինո Ճավճավաձեին, թողել էր Թավրի­զում, իսկ Թեհրանում էլ մնացել էր ընդամենը 3 շաբաթ, ապա ի՞նչ «հսկիչի» պարտականու­թյունների մասին կարող էր լինել խոսքը, երբ նա պարզապես այդ պարտա­կանությունները և ժամանակը չի՛ ունեցել: Նրան հանձնարարված կամ նրա կողմից «հսկիչի» աշխատանք տանելու վերաբերյալ ոչ մի փաստ գոյություն չունի. Թավրիզում նա ավելի շատ զբաղված է եղել մահմեդական հարեմներում քրիստոնյա կանանց հայտնաբերելու, հարցաքննելու, որոշ պարսիկների ծեծի ենթարկելու, իր անզուսպ և դրամաշորթ աշխատակիցների պատճառած տհաճությունների խնդիրներով:

Մեր կարծիքով՝ վերոհիշյալ նամակում Ա. Գրիբոյեդովը պարզապես փորձել է իր նա­մակների ուշացումները բացատրել բազմազբաղ լինելու հանգամանքներով: Ասվածը հաս­տատվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ Ասիական գործերի դե­պար­տամենտի ղեկավար Կ. Ռոդոֆինիկինին դարձյալ Թավրիզից գրած նամակով, որտեղ նշված է, որ իրենց կողմն անցած խաներն ու ժողովուրդը 5 տարի օգտվելու էին իրենց նախկին եկամուտներից և կարող էին իրենց ունեցվածքը վաճառել (հմմտ. Ի. Պասկևիչին Ներսես Աշտարակեցու կողմից դեռ 1827 թ. դեկտեմբերի 27-ի նամակում արված առաջարկ­ների հետ):

Դարձյալ նկարագրելով «հսկիչի» իր ծանր աշխատանքը՝ իշխանություններից նա թույլտվություն և լիազորություններ էր խնդրել՝ իր անունով գնելու գաղթողների կալ­վածքների «ղաբալաները» (առք ու վաճառքի պայմանագրերը), որպեսզի պարսկական իշխանություն­ները հասկանան, որ դրանք կորցնում են ընդմիշտ և թույլատրեն իրենց հպատակներին` գնելու դրանք:

Ինչպես տեսնում ենք, վերոհիշյալ նամակներում խոսքը բացառապես մահմե­դական խաների ու ժողովրդի ներգաղթի և ունեցվածքի մասին է, և ոչ մի փաստ չի ներկա­յացվում, թե կոնկրետ ինչ ջանքեր են գործադրվել պարսկահայերի ներգաղթի և նրանց ունեցվածքի ճակատագրի շուրջ:

Ընդհանրապես՝ հայերի հանդեպ Ա. Գրիբոյեդովի բացասական վերաբերմուն­քի մասին վկայում են նրա նա­մակները: “Сын отечества” հանդեսի խմբագրին ուղղված նամակում ռուսական իշ­խանություններին վարկաբեկող կեղծ լուրեր տարածելու գործում նա անհիմն և անապացույց կերպով մեղադրել է իրենց առևտրից դժգոհ հայերին, որոնց միջոցով իբր չափազանց­ված ձևով այդ լուրերը կարող էին տեղ գտնել տարբեր արտասահմանյան ամսագրերում:

Ղազանչիից Ս. Մազարովիչին գրած նամակով Ա. Գրիբոյեդովը պատմել էր, որ քարա­վանի հետ գնացող մի հայի միջոցով ինքը ցանկացել է նամակ ուղարկել դեպի ռուսական ուղեկալ, բայց վերջինս որպես վարձ պահանջել է 50 հորթ: Այս «չափից դուրս մեծ պահանջից» վրդովված և տվյալ հայի հավատարմության նկատմամբ երաշ­խիք չունենալով` նա վռնդել է այդ մարդուն: Նրա խոսքերն են. «Ի՜նչ ստոր ծնունդ (վիժվածք) են այդ հայերը. նրանցից ոչ մեկն ինձ ճանաչել չէր ուզում և միևնույն ժամանակ ականջիս միշտ շշնջում են, որ մենք նրանց ապագա հովանավորներն ենք: Լա՜վ հովանավորյալներ են: Նրանք մեզ ծախում են այն նույն պարսիկներին, որոնք պատրաստ են նրանց մասնատել և եփել ցանկացած խյուսի (соус) տակ…»:

 

Վերոշարադրյալից եզրակացնենք հետևյալը.

 

Հա­յանպաստ հոդվածները Թուրքմենչայի պայմա­նագրում ներառվել են Դեհկարխանի բա­նակցությունների (1827 թ. նոյեմբեր – 1828 թ. հունվար) ժամանակ, երբ բանակցություն­ները կառավարական հրահանգ­ներով վարում էին Ա. Օբրեսկովն ու Ի. Պասկևիչը և ոչ թե Ա. Գրիբոյեդովը: Ուստի Թուրք­մենչայի պայմանագրում XIV, XV հոդվածները ներառելու ջանքերը որոշ խորհրդային հետազոտողների և ադրբեջանական նորօրյա զեղծարարների կողմից բացառապես Ա. Գրիբոյեդովին վերագրելն արդարացված չէ. առավել իրատեսա­կան է հարցը դիտարկել որպես ռուսական իշխանությունների գաղու­թային քաղաքակա­նության նպատակներից բխող հրահանգների, հայ հոգևոր և զինվորա­կան գոր­ծիչների առաջարկ­ների ու ջանքերի և Ա. Գրիբոյեդովի կողմից հոդվածները գրա­գետ խմբագրելու արդյունք:

Բարձր գնահատելով հայերի ներգաղթի նշանակությունն Արևելյան Հայաստանի ժողո­վըրդագրական իրավի­ճակի փոփոխու­թյան և իր պատմական հայրենիքում ազգահավաք­ման գործում, հարկ է ընդգծել դրանում հատկապես Ներսես Աշտարակեցու և Ե. Լազարյանի անուրանալի դերը: Ռուս-պարսկական պատերազ­մից հետո հայրե­նանվեր այս գործիչներին Այսրկովկասից հեռացնելը Ռու­սաստանի գաղու­թային քաղաքականության շարունակու­թյունն էր: Ե. Լա­զարյանի գործու­նեության ընթացքում այդպիսի չափերով առաջին անգամ իրակա­նացված ներգաղթի կազ­մակերպման ժամանակ չէին կարող վրիպումներ չլինել: Թե­րությունների համար նրան մեղադրողները, այդ թվում՝ Ա. Գրիբոյեդովը, անտեսել են ռուսական կառավարության և Հայկական մարզային վարչության՝ գործից անտեղյա­կությունն ու դրան անպատրաստ լինելու հանգամանքները:

Այսրկովկասից Ե. Լազարյանին հեռացնելու իրական պատճառները նրա հա­յանպաստ գործունեության և սեփական դերը կարևորելու՝ Ի. Պաս­կևիչի հերթական խարդավանքներն էին: Ներսես Աշտարակեցու նման՝ Ե. Լազարյանն էլ է նպատակ ունեցել Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի (Արցա­խի) խանություններում, թեկուզ մասնավոր տիրույթներում, վերաբնակեց­նել այդ տարածքներից իրանական իշխանություն­ների կողմից ոչ վաղ անցյալում տեղահանված բնիկ տերերին՝ հայերին:

Ռուսական իշխանությունների և նրանց նպատակները իրականացնողներից նաև Ա. Գրիբոյեդովի համար կարևոր է եղել Այսրկովկասում թույլ չտալ հա­յերի դերի զգալի մեծա­ցումը և հնարավորինս համամասնություն պահպանել հայ և մահմե­դա­կան բնակչության հարաբերակցության առումով, քանի որ ռուսների հա­մար կարևոր էր Այսրկովկասում ունենալ հավատարիմ հպատակ, բայց միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված խառը բնակչություն, որպեսզի որևէ կողմի բա­ցարձակ գերակշռության դեպքում ազգային հնարավոր ձգտումներ, պահանջներ և ազատագրական ելույթներ չծագեն:

Ալեքսանդրը Գրիբոյեդովը  Ի. Պասկևիչի հանձնարարությամբ կատարել է Ներգաղթի կոմիտեի գործունեությունը վերստուգողի (ռևիզորի) ու «վերլուծողի» և ոչ թե ներ­գաղթը կազմակեր­պողի և իրականացնողի դերը, քանզի, չլինելով տվյալ կոմիտեի և ոչ էլ Հայկական մարզային վարչության անդամ, նա ժամա­նակային առումով էլ չէր կարող ակտիվորեն մասնակից լինել հայերի ներգաղթի գործընթացին: Լինելով պետական պաշտոնյա և ելնելով պետական շահերից՝ նրա գործու­նեությունը տվյալ հարցում սահմանափակվում էր ռուսական կառա­վարության գաղու­թային քաղաքականությանը նպաստող առաջարկ­ներով, ըստ որոնց՝ ներգաղթողների սոցիալ-տնտեսա­կան վիճակը շարու­նա­­կելու էր մնալ նույնը և վերաբնա­կեցված քրիստոնյա հայերը շարունակելու էին մահմե­դական բնակչու­թյան հետ առնչվել շարիաթի օրենք­ներով:

Փաստեր չկան, որոնք վկայեն, թե կոնկրետ ինչ գործողությունների շրջանակ­ներում է արտահայտվել հայ ներգաղթյալների՝ Պարսկաստանում մնացած ունեցվածքի և եկա­մուտների պահպանման ու ստացման վերահսկողությունը  Ալեքսանդր Գրիբոյեդովի կողմից:

Ներկայացնելով հայ ժողովրդի հանդեպ Ալեքսանդր Գրիբոյեդովի ունեցած վերաբեր­մունքի շուրջ գերադրական տե­սակետներ՝ խորհրդային շրջանի գաղափարական կապանք­ներով կաշկանդված ուսում­նասիրողները շրջանցել են հայերին տրված բացասական և հաճախ՝ արգահատալից գնահատականեր պարունակող նրա գրառումները: Իրանում նախկին գերեվարվածների կամ գաղթեց­վածների շահերի պաշտպանու­թյամբ Գրիբոյեդովի հանդես գալու հանգա­մանքների մասին հիշա­տակությունները հիմնականում վերաբերում են միայն մահմեդական հարեմ­ներում պահվող հայ, վրացի և գերմանուհի կանանց հայտնա­բերման (հարեմային դիվանագիտություն) և հետ վերադարձնելու իրողու­թյուններին: Ասվածը թույլ է տալիս պնդելու, որ խորհրդային շրջանում գերագնահատվել են Ալեքսանդր Գրիբո­յեդովի առնչությունները պարսկահայերի ներգաղթի գործին. նա այդ գործըն­թացին չի ունեցել բովանդա­կային մասնակցու­թյուն:

Դատելով պատմագիտական առումով հիմնազուրկ ադրբեջանական պատմախեղում­ներն էկրանացնելու՝ ռուս կինոռեժիսոր Ն. Մի­խալկովի պատրաստակամությունից՝ Ա. Գրի­բոյեդովի մասին սպասվող ֆիլմը լինելու է հեր­թական հակահայկական քաղաքական պատ­վեր, որը չի՛ ընդունվելու պատմական իրակա­նությանը քաջա­ծանոթ գիտական հանրության կողմից, որովհետև դրա հիմքում դրվող՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի առնչությունները պարսկահայերի ներգաղթի գործին, անհիմն են և մտացածին:

 

 

 Վահրամ Սիմոնյան 

Պատմ. գիտ. թեկնածու

 

 

 

Կարծիքներ

կարծիք