Մեր թաղի գույները. Վալյան

Օրվա բոլոր ժամերին Վալյան գլուխը կախ մեր փողոցն է ավլում:

Քսան տարուց ավելի է արդեն, լույսը բացվելուց մինչև մութն ընկնելը…

Այդ փողոց կոչվածն էլ տան նման մի բան է Վալյայի համար, դրա համար է երևի տան համար նախատեսված փոքր ավելով ավլում: Տարածք չէ, բակ չէ, տուն է` բացօթյա ու անտանիք:

Գարունը բացվելուց հետո մինչև ուշ աշուն ավլում է:

Ավլելուց հետո էլ մի պարկ նախորդ օրվա հաց է առնում մեր թաղի հացի փռից ու տուն տանում:

Նիհար է, բարձրահասակ, հագին սև կիսաշրջազգեստ է` մի քանի պտույտ պտտված վրան ու ոլորված` սև բախտի նման…

Մաքրասեր կյանքը դեմքից ավլել, սրբել տարել է ժպիտը։ Անատամ մարդիկ չեն ժպտում, երբ ժպտալու առիթ է լինում, նրանք տխրում են…

Աչքերը խոնարհած` ինչ-֊որ բան է պատմում ինձ։ Պատմելիս երեսիս չի նայում, ամաչում է։

Ամաչում է, որ էպիլեպսիայով հիվանդ ամուսնուն շուտ է կորցրել։ Ամաչում է, որ աղջիկն ու նրա անչափահաս երեք երեխաներն իր խնամքի տակ են, ամաչում է, որ աշխատում է ու ապրում է` ամեն օր իր հալալ աշխատանքի ոսկեհատիկ քրտինքը ճակատից մաքրելով…

Ամաչում է ու չգիտի որտեղ թաքցնի ձեռքերը…

Ամբողջ օրը մաքրող- ավլող ձեռքերը, փողոցը տան ավելով ավլող ու տան նման մաքուր պահող ձեռքերը, երեք անչափահաս երեխա մեծացնող ձեռքերը…

Ես չեմ հարցնում տան անչափահաս երեք երեխաների հոր մասին, չեմ հարցնում, ընդհանրապես հարցեր չեմ տալիս։

Չգիտեմ ու չեմ էլ ուզում լսել պատասխանը…

Աչքերում մի հոգնություն կա, որ աշխատելուց չէ, չարչարվելուց չէ, որ սովորաբար քնելուց, վեր կենալուց հետո անցնում է:

Աչքերում հոգնություն կա, երևի կյանքի գույներից է հոգնել, ամբողջ օրն այդ գույները փողոցներից հավաքելուց ու աղբարկղը լցնելուց է հոգնել…

Մեր թաղի աղբագույն գույներն ավլելուց է հոգնել…

Աչքերի խորքում մի թաքուն ու բացահայտ երազանք է լող տալիս…

Կուզեր ինքն էլ մի ճերմակ արջ լիներ` ճերմակ մորթով, ճերմակ հայացքով, ճերմակ քնքշությամբ…

Աշխարհը ճերմակ լիներ, ոտքի տակը ճերմակ ու հարթ, սահուն, մաքուր, անխոչընդոտ լիներ…

Ապրեր սահելով, հեշտ….

Ճերմակ գլխի վերևն էլ ճերմակ ամպեր լինեին միշտ, ճերմակ խաղաղություն-մաքրություն լիներ, սփռվեր, տարածվեր….

Ճերմակ ճայերի ճռվողյուն լիներ…

Սիրտը կյանքի պես ճերմակ լիներ….

Ճերմակ օդ շնչեր, ու արտաշնչած ներսի մրուրն էլ ճերմակ քուլաներով դուրս գար…

Ինքը ճերմակ աշխարհի հարազատը լիներ, ճերմակ աշխարհի գույնից ունենար, մի ճերմակ կտորը լիներ ու չտարբերվեր երբեք այդ աշխարհից…

Հավատը ճերմակ լիներ, ճակատի գիրը ճեփ-ճերմակ լիներ, հույսը ճերմակ-ճերմակ լիներ….

Հոգնել էր գույներից….

Բաց աչքերի առաջ կեղտոտ ու աղբահոտ աշխարհի գույներն էին` փողոցում աջուձախ թափած…

Իսկ փակ աչքերի առաջ ճերմակ երազներ էին` երկնքից իջած…

Ձեռքերն օդեղեն երազանքներում ճերմակ մտքեր էին խմորում…

Ես միշտ էլ կռիվ եմ տալու մի տարածված մտքի հետ, որ մարդը հնձում է այն, ինչ ցանում է…

Էդ դեպքում ամբողջ կյանքում իր արդար աշխատանքի ճերմակը ցանած Վալյան ինչո՞ւ պիտի գունավոր աշխարհի աղբագույնը հնձի…

Ցորեն ցանած մարդը իսկապես մի օր ցորեն կհնձի, եթե չլինի հեղեղը, որ քշում, տանում է հող ու սերմ, եթե չլինի քամին, որ փշերի սերմերով է պատում ցանածդ արտը ու խեղդում ցորենիդ, եթե չլինի կարկուտը, որ ջարդում, գետին է փռում ցանածդ….

Մենք այդքան հզոր չենք, որ հսկենք ու վերահսկենք քամուն, հեղեղին, կարկուտին:

Մարդն իր ցանածը հնձում է այն ժամանակ, եթե բախտ է ունենում` ժպտացող, անհեղեղ, անկարկուտ…

Եթե մարդու բախտը բերի, Վալյա չի ծնվի, Վալենտինա կծնվի ու մի օր էլ կյանքի աստիճաններով այնքան կբարձրանա վեր, որ տիեզերք կհասնի։ Այնտեղից կնայի ու կծիծաղի ծուռ ու շիտակ, ճերմակ երազող այս գունեղ աշխարհի վրա…

 

Գիշերը երազում Վալյային տեսա։ Վալյան էր հաստատ, բայց ոնց որ Վալյան չլիներ։ Ավելը ձեռքին էր, բայց չէր ավլում։ Ճոճում էր օդում ու պարի շարժումներ անում։

Հագին սպիտակ, սիրուն շոր էր թեթև-֊թեթև թռվռում։ Ոլորված չէր սև բախտի նման…

Երկու հայտնի երաժիշտ էին նվագում։ Անունները չգիտեմ, բայց երեխա ժամանակ շատ եմ հեռուստացույցով երկուսին էլ տեսել…

Շատ հայտնի դեմքեր էին…

Իսկ Վալյան պարում էր ու անհոգ ցատկոտում երկնքի նման սպիտակ ու թեթև աշխարհի վրա…

 

Կարծիքներ

կարծիք