***
Եվ ջրերը չգիտեն՝
Ինչ է մահը,
Նրանց միջով հոսող քաղաքները
Հատվում են ավազում:
Երկինքը հոգին է ցամաքող ջրերի՝
Ցրված ճերմակ ամպերով:
Եվ ջրերը մաղում են ժամանակը
Ինքնահոս ողբից,
Հիշողության համաճարակից:
Ջրերը չգիտեն ու չեն իմանա,
Թե ինչ է մարդկային մաղձը:
***
Երկու նարինջ ու կույր դանակ
Սեղանին,
Կարմիր ամպեր,
Խուլ հեծկլտոց փողոցից.
Անսեռ կարոտը իջել է
Կտուրներին քաղաքիս.
Երկու նարինջ, թաց երազներ-
Հոգեվարքն է խավարի:
***
Լողալ սովորեցինք
Ձկներից լավ,
Պաշարեցիք բարձրունքը Էվերեստի,
Արծիվները մեռան ծառերին,
Հաշվեցինք տիեզրական բոլոր մարմինները,
Անգոյության մոլորակները հսկա:
Տրորեցինք լուսնի հողը կեղտոտ ոտքերով,
Թռչում ենք անվախ երկաթե թռչուններով`
Խոցելով որբացած երկինքը:
Ամեն ինչ գիտենք
Եվ անգամ գազանների լեզուն,
Բայց մարդ լինել,
Մարդ մնալը չսովորեցինք:
***
Լորկա,
Լորկա,
Լորկա …
Քո անվան մեջ,
Քո հանգի մեջ
Դող կա:
Լորկա՜,
Քեզ սպանեցին,
Ու մինչ այսօր
Բառի սով կա…
Ձիթենին քո թախծից է
Միայն ծաղկում,
Արևը՝ սարսռած լավա,
Այրում է, մինչ դու
Ննջել ես
Քամու թևերին:
Լորկա,
Լորկա,
Լորկա՜.
Բաց է դեռ քո պատուհանը,
Լույս է վառվում՝
Ո՞վ կա,
Ո՞վ կա:
***
Երկինք՝
թաց դեկոր
Հերայի,
Բաց ստինքներդ
ճերմակ ու մանիր
փշրված երազը Եվայի:
Պտտվե՛ք,
պտտվե՛ք,
անանուն
գիսաստղեր,
հրածին
փոթորկի առանցքում
կպայթի
միջօրեն բաղձանքի
Չորս քառորդ
մաժորում հեշտանքի:
***
Ինչ սիրուն են գնում գնացքները՝
սափրելով արահետը հույսի:
Ռելսերին փշրվող հրաժեշտը
կմաքրեն անձրևն ու քամին:
Ինչ խաղաղ են մեռնում երազները
և սերերը թոթովող-վաղանցուկ.
ես փակել եմ գիշերվա բորբ աչքերը,
ես թռչում եմ Աստծո երազում:
***
Մահը հոգնեց
Մեր ձանձրալի
Սպանդներից,
Ծիծաղելի դրամատիզմից.
Ինքնասպան դեռահասներից,
Ինքնաոչնչացնող մարդկային
Տեսություններից,
Գրքերից ու իր մասին
Տափակ հումորներից :
Հիմա ննջում է լազուրներում,
Երեկոները վիսկի է խմում Բևեռլի Հիլզում
Ամենասիրուն ծտերի հետ,
Ծաղրերգ է հյուսում
Մեր էժան կյանքերից:
***
Կվազեմ ասուպների մեջ,
Կփնտրեմ
Գողացած մանկությունս,
Օրորոցս ձեռքդ՝ պարզած սնարիս
Կգտնեմ բոլոր կորած
Հեքիաթի հերոսներին, որ թաքնվել են
Հիշողության մարմաջից:
Կգրեմ մի նոր
Տխուր հեքիաթ
Իմ ու քո մասին,
Պապ:
Կթողնեմ ասուպները մթնում,
Հեքիաթս անավարտ կմնա:
Մեռնում են անհեքիաթ աշխարհում,
Ծերացած մանուկները հիմա:
Լուսանկարը` Նառա Վարդանյանի