Գյուլնարայի խանութը

Հեղինակ:

Երկուշաբթի և ուրբաթ «սիգարետի օրեր» էին: Գյուլնարան շաբաթական երկու անգամ էր սիգարետ ստանում, քանի որ այն ամենավաճառվող ապրանքն էր: Օրինակ` դիմացի շենքի Հայկազ պապը օրական երեք տուփ սիգարետ էր գնում, նրա որդի Մամիկոնը` երկու, իսկ Մամիկոնի որդին` Հայկազ պապի Գոռ թոռնիկը, ով նոր էր վերադարձել բանակից` մեկ: Այդպիսով միայն Հայկազենց ընտանիքը Գյուլնարայի խանութից օրեկան վեց տուփ սիգարետ էր գնում, չհաշված այն, որ երբեմն, երկու օրը մեկ, Հայկազի հարսը` Մամիկոնի կինը, Գոռի մայրը մեկ տուփ բարակ սիգարետ էր գնում, չնայած նրա տան տղամարդկանցից ոչ ոք բարակ սիգարետ չէր ծխում: Հա, ու այս մասին ոչ ոք չգիտեր, միայն Գյուլնարան և Մամիկոնի կինը: Օրինակ մի անգամ կինը այնքան սպասեց, մինչև խանութում հավաքվածներին բոլորին Գյուլնարան ճանապարհեց, նոր ասաց, թե ինչ է ուզում:

Լավ վաճառվող ապրանքների երկրորդ տեղում արևածաղկի սերմն էր: Ընդ որում, Գյուլնարայի խանութում հաճախ երեխաները հերթ էին կանգնում` արևածաղկի սերմ գնելու համար, չնայած մոտակա սուպերմարկետում այն կարելի էր առանց հերթի գնել: Գաղտնիքը շատ պարզ էր. մասնագիտությամբ հոգեբան Գյուլնարան, հատկապես մասնագիտացած լինելով երեխաների հոգեբանության մեջ, հատուկ ձևով էր արևածաղկի սերմը վաճառում: Ասենք սուպերմարկետում այն վաճառում են հատուկ տուփով, հետևաբար կոնկրետ երեխաների համար այն նույն կշիռն ունի միշտ: Իսկ Գյուլնարան նախ վերցնում էր թափանցիկ տոպրակը, ապա մոտենում էր արևածաղկի սերմի պարկին, հետո այնտեղից տոպրակի մեջ հենց երեխայի դիմաց անհամեմատ ավելի քիչ էր լցնում, քան նա պահանջել է: Այնուհետև այդ տոպրակը դնում էր կշեռքին, ու հենց կշեռքի վրա պարկից ավելացնում, անընդատ ավելացնում, մինչև կգա այն կշիռը, որը պահանջել էր երեխան: Երեխայի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ Գյուլնարան իրեն շատ արևածաղկի սերմ է տալիս, իսկ իրականում, հասկանալի է, նա այնքան էր տալիս, որքան պահանջվել է:

Ազատ ժամանակ Գյուլնարան մտածում էր իր կյանքի մասին, այն, ըստ քառասունն անց կնոջ, ըստ էության, չէր ստացվել: Կինն այսպես մտածում է, երբ երեխա չի ունենում, ընդ որում, երեխա «տերմինը» պետք չէ խառնել ամուսին «տերմինի» հետ, կամ մեկը մյուսից ածանցել: Գյուլնարան հիշեց իր մանկությունը` ԼՂԻՄ Շահումյանի շրջանում, երբ տանն առավոտյան տնական թարմ հավի ձվից պատրաստված ձվածեղն ու թարմ, տնական պանիրը ուտելուց, իր սիրելի այծի կաթը խմելուց հետո, վերցնում էր իրենից ծանր պայուսակն ու գնում դպրոց, ինչպես տատն էր ասում` «կարդալու»: Տատիկին համբուրելուց հետո, արդեն դեպի հարևան գյուղ (որտեղ դպրոցն էր) ճանապարհին, Գյուլնարան մտածում էր, թե որքան բան չգիտի իր տատը, քանի որ կարծում է, թե դպրոցում միայն կարդում են, այնինչ այնտեղ նաև գրում են, արտասանում են… Գյուլնարան սիրում էր դպրոցը, բայց ավելի շատ իր կողքին նստող Մամիկոնին: Մամիկոնը ամրակազմ տղա էր, ու չէր թողնում, որ դասընկերները ծաղրեն Գյուլնարային` նրա «թուրքի անունի»պատճառով: Ի դեպ, Գյուլնարան այդ անունը կրում էր, քանի որ նրա հայրը` սև աչքունքով Վաղարշակը, Բաքվի տեխնիկումում սովորելու տարիներին մի աղջկա է սիրել` ադրբեջանցի Գյուլնարային, հետո երկուսի ծնողներն էլ դեմ են եղել, Վաղարշակին անհապաղ կանչել են տուն, պսակել դրկից Լյուբայի հետ, ով ռուս ծնողների զավակ էր, հետո ծնվել է ինքը, ու հայրը նրան անվանել է Գյուլնարա:

Գյուլնարան սիրում էր հորը: Վերջին անգամ նրան տեսավ ուղղաթիռից, երբ նա իրեն, մորը և եղբորը` Վովային, բերել էր սար, որտեղ պետք է իջներ ուղղաթիռն ու պատերազմի մեջ գտնվող Շահումյանում բնակվող ազգությամբ հայերին պետք է բերեր Երևան: Գյուլնարան` մոր` Լյուբայի ու եղբոր` Վովայի հետ նստեց ուղղաթիռ, հայրը, չնայած, ձեռնափայտով էր արդեն, բայց օգնեց նրանց, որ նստեն: Հետո Վովան հարցրեց` «Բա դո՞ւ, պապ»: Պապան չեկավ, ուղղաթիռը վեր բարձրացավ, ու Գյուլնարան վերջին անգամ տեսավ հորը` իր հողի վրա ամուր, բայց ձեռնափայտով կանգնած` վերև նայելիս, հայտնի չէ` Աստծո՞ւն, թե՞ իր ընտանիքին: Մեկ շաբաթից, արդեն Երևանում, երբ Գյուլնարան տանը լալիս էր, որովհետև այստեղ նրան «թուրք» էին անվանում, հաղորդեցին, որ Շահումյանն ընկավ, «այնտեղ էլ հայեր չեն մնացել, իսկ ով մնացել է, էլ կենդանի չէ». տեղեկացրեց  ռադիոն: Լյուբա մայրիկը նույն պահին սրտի ցավ զգաց, այդ օրը երեկոյան Վովան ու Գյուլնարան լրիվ որբացան: Գյուլնարան 20 տարեկան էր, Վովան` 13:

Բայց ապրեցին: Չէին կարող չապրել: Գյուլնարան իրեն ամբողջովին նվիրեց եղբորը, սկսեց աշխատել մանկապարտեզում, հետո դպրոցում, զուգահեռ սկսեց սովորել, դիմեց ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետ, ընդունվեց: Սկսեց եղբոր հետ պարապել, Վովան ընդունվեց պոլիտեխնիկ, սիրահարվեց, ամուսնացավ, հեռացավ… Գյուլնարան սրբեց արցունքներն իր խանութում նստած, հիշելով, թե ինչպես եղբայրն այստեղ այդպես էլ նորմալ աշխատանք չգտնելով, վերցրեց ընտանիքն ու գնաց Սմոլենսկ: Նրանց մոր` Լյուբայի հայրենի քաղաք: Հիմա լավ են, հիմա Գյուլնարան լավ չէ, որովհետև հեռացողները, որպես կանոն, լավ են լինում, մնացողներն են վատ մնում, միշտ: Երբ Վովան հեռացավ, Գյուլնարան 33 տարեկան էր. ամուսնանալուն նա վերաբերում էր այնպես, ինչպես վերաբերում էր կյանքում երբևիցե բենգալյան վագրի հետ, կողք կողքի վազելուն. երկուսն էլ սարսափելի էին, երկուսն էլ` երազանք էին, անիրագործելի: Վովան ամեն ամիս փող էր ուղարկում: Գյուլնարան, իհարկե, չէր պահանջում, ավելին, մի քանի անգամ խնդրել էր, որ չանի. «Դու ընտանիք ունես, ձեզ նայեք, բալա», ասում էր քույրը, ինչին Վովան պատասխանում էր. «Դու էլ կարող էիր ընտանիք ունենալ, բայց ինձ ես պահել»: Հենց եղբոր ուղարկած գումարով, մանավանդ, տեսնելով, որ հոգեբանությամբ չես ապրի, Գյուլնարան իրենց շենքի բակում խանութ բացեց: Խանութի բացման հաջորդ տարում այս թաղամաս տեղափոխվեց շահումյանցի Հայկազ պապի ընտանիքը, նրա որդին` Մամիկոնը, նրա կինը, նրանց որդի` Գոռը: Մամիկոնը ծովի պես կապույտ աչքեր ուներ, ու օրական երկու տուփ սիգարետ էր գնում, երկուսն էլ Գյուլնարայի խանութից, բայց ոչ միանգամից, այլ մեկը ծխելուց հետո նորից էր իջնում ու նորն էր գնում: Հայկազ պապը Գյուլնարայի հոր պես ուղղաթիռի տակ չէր կանգնել-մնացել, նա նստել էր այդ ուղղաթիռներից մեկը: Գյուլնարայի հոր հետ Հայկազը չնայած մտերիմ էր, բայց գաղափարական հակառակորդներ էին: Ամեն անգամ, երբ Հայկազը` գյուղամիջում, հերթական անգամ Գյուլնարայի հորը նարդի հաղթելուց հետո, ասում  էր իր սիրած, թեմայի հետ ոչ մի կապ չունեցող, թևավոր խոսքը` «Որտեղ հաց, ընդեղ կաց», Գյուլնարայի հայրն արձագանքում էր` «Իսան չես դառնա, էլի»… Երբ Հայկազ պապն իմացավ, թե Գյուլնարան ում աղջիկն է, չնայած դժվար էր քայլում, բայց իջավ ոտքով ութերորդ հարկից (վերելակից Հայկազ պապը վախենում էր, չնայած ինքն ասում էր` «արհամարհում եմ»), ոտքով հասավ Գյուլնարայի խանութ ու ասաց. «Հերդ պատրիոտ էր, հերդ ոսկի մարդ էր, հորդ անունը բարձր պահի, բալա, ողորմի…»: Հետո նա համբուրեց Գյուլնարայի ճակատն ու երեք տուփ սիգարետ գնեց: Հայկազ պապի հարսը՝ Մամիկոնի կինը, սկսեց ծխել բավականին հանկարծակի: Մի անգամ  նա տնային հագուստով իջավ Գյուլնարայի խանութ ու սկսեց զրուցել իր հասակակից Գյուլնարայի հետ:

-Էնքան նեղված եմ, չես պատկերացնի:

-Ինչի՞, -հարցրեց Գյուլնարան:

-Մամիկոնն էնքան անտարբեր ա դարձել, հետս, պատկերացրու՝ չի խոսում:

-Կարողա՞ հիվանդա,-Գյուլնարայի ձայնում անհանգստություն կար:

-Ուրա թե հիվանդ լիներ, էսքան չէի նեղվի: Ինձ թվում ա ման ա գալիս,-Մամիկոնի կինը սկսեց արտասվել: Գյուլնարան սառել էր: Հանկարծ Մամիկոնի կինն ասաց.

-Սիրտս ծխել ա ուզում: Համ էլ կարողա դրա սիրածը ծխողա, ես էլ սկսեմ ծխել, կարողա նորից գրավեմ: Մի հատ սիգարետ տուր, էտ «դամսկիներից»: Գյուլնարան, իհարկե սկզբում զարմացավ, հետո փորձեց հետ համոզել ընկերուհուն, բայց Մամիկոնի կինը համառ էր.

-Ծխողը ես չե՞մ, աղչի, որ ասում եմ, ուրեմն տուր, էլի, ինչ լինի, ինձ ա լինելու, հո քեզ չի՞ լինելու,-ասաց Մամիկոնի կինը: Գյուլնարան տվեց:

-Հա, ոչ մեկին հանկարծ չասես, Գյուլո. տղես բոյիս ա: Գյուլնարան արձագանքեց.

-Էրեխա՞ ես դու: Պայմանագիր չստորագրեցին, բայց դրանից հետո Մամիկոնի կինը երկու օրը մեկ սիգարետ էր գնում Գյուլնարայի խանութից, իսկ Գյուլնարան ոչ մեկին չէր ասում, թե հացից, մածունից և մազերի ներկից բացի էլ ի՞նչ է գնում Մամիկոնի կինն իր խանութից:

Քառասունն անց կանայք սիրում են տուն վերադառնալ, Գյուլնարան, սակայն, առավոտն էր սիրում, երբ տնից պետք է դուրս գար: Երեկոները, հատկապես խանութը փակելու ժամերին, Գյուլնարան աշխատում էր ոչ մեկի հետ չխոսել: Ամուր փակելով արևածաղկի սերմի պարկը՝ Գյուլնարան, օրվա եկամուտը ձեռքի պայուսակը դրեց և պատրաստվում էր դուրս գալ, երբ զգաց, որ խանութում մենակ չէ: Մամիկոնն էր, այդ օրը նա արդեն գնել էր երկու տուփ սիգարետ, ուրեմն ինչո՞ւ էր եկել…

-Փակո՞ւմ ես արդեն,- Մամիկոնը հաստատուն քայլերով առաջանում էր: Գյուլնարան, կարծես բենգալյան վագրի հետ վազելիս լիներ, այդքան սարսափած ու հիացած դեմքով նայում էր, թե ինչպես է մոտենում Մամիկոնը:

-Էն մեր գյուղացի Անդոն սիրուն ռեստորան ա բացել, ասեց Գյուլոյին էլ վերցրու, եկեք, մի կտոր հաց ուտենք,-Մամիկոնի աչքերը փայլում էին: Գյուլնարան հենց այդ փայլին պատասխանեց, ոչ թե Մամիկոնի բառերին.

-Չէ, պիտի տուն գնամ, Վովան պիտի զանգի, շուտվանից չեմ խոսացել, համ էլ կարևոր գործ կա հետը:

Մամիկոնն արդեն կանգնած էր ուղիղ Գյուլնարայի դիմաց: Նա բռնեց կնոջ ձեռքը.

-Էրեխայություն մի արա, էրեխա չենք, որ ասում եմ արի, ուրեմն արի:

Գյուլնարան մինչ կհասկանար, որ ձեռքը պետք է ազատի Մամիկոնի ձեռքերից, ասաց.

-Ի՞նչ ես անում, Մամիկոն, էրեխեն հիմա ե՞ս եմ, թե դո՞ւ:

Մամիկոնը չէր էլ պատրաստվում թողնել կնոջ ձեռքը, նա ամուր սեղմեց այն ու ասաց.

-Մեր մեջ սեր կա, արի գնանք, էլի…

Գյուլնարան միանգամից սթափվեց, լրջացավ, անգամ ձեռքը կարողացավ հանել Մամիկոնի ափից, հետո նա խանութի ցուցանակից վերցրեց Մամիկոնի սիգարետներից ու մեկնելով նրան, ասաց.

-Առ, ռեստորան ես գնալու, կարողա սիգարետդ պրծնի, ես էլ փակում եմ խանութը, էլ որտեղի՞ց պիտի առնես: Իսկ  սերը միշտ կա, բայց դա չի նշանակում, որ մենք սիրում ենք իրար: Օրինակ, ծովում փոքրիկ նավակում երկու հոգի նստած են, երկուսն էլ չեն թիավարում, բայց նավակը գնում է, չէ՞…

Մամիկոնը ոչինչ չհասկացավ, հատկապես` նավակի ու թիավարության մասով, չնայած ծովի պես կապույտ աչքեր ուներ: Մամիկոնը կախեց գլուխը: Երկուսն էլ լուռ էին:

-Ես գնամ, ուշ է,-հանկարծ ասաց Մամիկոնն ու վերցնելով Գյուլնարայի տված սիգարետը, հեռացավ: Գյուլնարան անջատեց իր տան լույսը միայն այն ժամանակ, երբ Մամիկոնի մեքենան ուշ գիշերը կանգնեց շենքի բակում և Մամիկոնը բարձրացավ տուն:

 

Կարծիքներ

կարծիք