Հեքիաթ ծղոտե աթոռի մասին

Հեղինակ:

Երիտասարդը միայնակ նստել էր իր տան ձեղնահարկում: Նա ուզում էր նկարիչ դառնալ. դրա համար սակայն անհրաժեշտ էր որոշ դժվարություններ հաղթահարել: Ու նա հիմա ապրում էր ձեղնահարկում, ժամերով մի փոքրիկ հայելու առաջ էր նստում՝ փորձելով նկարել սեփական դիմանկարը: Այդպիսի նկարներով երիտասարդը արդեն մի ամբողջ նկարատետր էր լրացրել, և նկարներից որոշները նույնիսկ գոհացնում էին նրան:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես բացարձակապես ուսում չունեմ,-խոսում էր նա ինքնիրեն,-այս պատկերը կարելի է բավական հաջողված համարել: Ինչպիսի՜ հետաքրքիր կնճիռ կա այնտեղ՝ քթի մոտ: Միանգամայն նկատելի է, որ փիլիսոփա եմ կամ էլ դրա նման մի բան: Պետք է միայն բերանի անկյունը մի փոքր ներքև տանել, և թախծոտ տպավորություն կստեղծվի:

Սակայն երբ նա նկարները որոշ դադարից հետո կրկին աչքի անցկացրեց, ընդհանրապես չհավանեց: Հաճելի չէր, բայց առաջադիմելու համար նա որոշեց իր առջև շարունակ ավելի մեծ պահանջներ դնել:

Իր ձեղնահարկում և այն իրերի շրջապատում, որոնք կային այնտեղ, երիտասարդը ապրում էր ոչ այնքան մտերմիկ ու ցանկալի հարաբերության մեջ, բայց ամեն դեպքում՝ նաև ոչ վատ: Նա իրեն շրջապատող իրերի ու առարկաների հետ վատ չէր վարվում, ինչպես շատ մարդիկ, պարզապես նրանց հազվադեպ էր նկատում ու լավ չէր ճանաչում:

Երբ դարձյալ չհաջողվեց նկարել սեփական դիմանկարը, նա սկսեց գրքեր կարդալ, որոնցից իմանում էր՝ ինչ ճանապարհ են անցել մնացած մարդիկ՝ երիտասարդները, որոնք ճիշտ իր նման անորոշությունից սկսում են, ապա դառնում՝ ճանաչված մարդիկ: Նա հաճույքով էր այդպիսի գրքեր կարդում՝ նրանցում փորձելով գտնել սեփական ապագան:

Մի օր նա նորից մռայլ ու ճնշված նստել էր տանը ու կարդում էր մի հոլանդացի շատ հայտնի նկարչի մասին: Իմացավ, որ այդ արվեստագետը խանդավառված տարված էր մի տենչանքով միայն. նրան ամբողջությամբ իշխում էր լավ նկարիչ դառնալու ձգտումը: Երիտասարդը մտածում էր, որ այդ հոլանդացի նկարչի հետ ինքը որոշ նմանություններ ունի: Շարունակելով կարդալ՝ նա սակայն նոր բաներ բացահայտեց, որոնք իր դեպքում չէին համընկնում: Այնուհետև կարդաց, որ հոլանդացի նկարիչը վատ եղանակին, երբ անհնար է դրսում նկարել, համառորեն ու խանդավառությամբ նկարում էր այն ամենը՝ նույնիսկ ամենաաննշանը, ինչ տեսադաշտում երևում էր: Այդպես նա մի անգամ մի զույգ մաշված փայտե կոշիկներ էր նկարել, մի ուրիշ անգամ էլ՝ մի հին ծռված աթոռ, որ խոհանոցային կոպիտ ու անմշակ աթոռակ էր՝ փայտե ոտքերով, նստատեղը՝ բավական մաշված: Այդ աթոռը, որ ոչ ոքի ուշադրությունը անգամ չէր գրավի, նկարիչը այնքան սիրով, պատասխանատվությամբ, այնպիսի մեծ խանդավառությամբ ու նվիրվածությամբ էր նկարել, որ նկարը իսկապես նրա լավագույն գործերից մեկն էր դարձել: Հեղինակը շատ գեղեցիկ ու հուզիչ բառերով էր նկարագրում նկարում պատկերված ծղոտե աթոռը:

Այստեղ երիտասարդը դադարեցրեց ընթերցանությունը և մտածեց: Մի նոր բան կար, որ պետք է անձամբ փորձեր: Նա անմիջապես որոշեց (երիտասարդը աչքի էր ընկնում արագ որոշումներ կայացնելու հարցում) ընդօրինակել այդ մեծ արվեստագետին և ճանաչման հասնելու համար մի անգամ էլ այդ ճանապարհը փորձել:

Նա աչքի անցկացրեց ձեղնահարկը ու հասկացավ, որ այնքան էլ լավ չի ճանաչում իրեն շրջապատող առարկաները: Առանց նստատեղի, ծղոտից հյուսված ծուռ աթոռ ու փայտե կոշիկներ նա չգտավ. մի ակնթարթ նա տրտում ու վհատ տեսք ուներ, և նրա մոտ կրկին այն ծանոթ զգացողությունն էր, որ լինում էր ամեն անգամ, երբ մեծ նկարիչների կյանքի մասին կարդալիս կորցնում էր արիությունը. ապա մտածեց, որ բոլոր մանրուքները, մատնանշումները ու արտասովոր բախտը, որոնք նման մարդկանց կյանքում ինչ-որ դեր են խաղում, իր դեպքում պարզապես բացակայում են ու զուր սպասեցնում: Սակայն նա շուտով կրկին իրականություն վերադարձավ և նկատեց, որ հիմա ճիշտը այն է, որ ինքը համառորեն գնա հռչակի հասնելու ճանապարհով: Զննեց իր սենյակի բոլոր առարկաները ու մի ծղոտե աթոռ բացահայտեց, որ կարող էր իսկապես որպես օրինակ ծառայել:

Ոտքով նա աթոռը մոտեցրեց իրեն, սրեց նկարչական մատիտը, նկարատետրը ծնկին դրեց ու սկսեց նկարել: Առաջին գծերից իսկ, ինչպես նրան թվաց, հասկացավ, որ ճիշտ է գտել ձևը և մատիտի մի քանի հարվածով ստացավ ուրվագիծը: Նրա ուշադրությունը գրավեց աթոռի անկյունի եռանկյունաձև ստվերը, նա աշխուժորեն մատնանշեց այն ու շարունակեց նուն ոգով, մինչև ինչ-որ բան սկսեց խանգարել իրեն:

Երիտասարդը մի որոշ ժամանակ ևս շարունակեց նկարել, ապա մի կողմ դրեց տետրը ու սկսեց զննել նկարածը: Նկատեց, որ ծղոտե աթոռը այնքան էլ լավ չի ստացվել:

Զայրացած նա մի գիծ էլ ավելացրեց ու կատաղի հայացքը գցեց նկարածին: Լավ չէր: Դա նրան զայրացրեց.

-Սատանա ես դու, ոչ թե աթոռ,-գոռաց նա ջղագրգիռ,-այսպիսի քմահաճ չորքոտանի դեռ երբևէ չէի տեսել:

Աթոռը ճռճռաց ու ասաց անտարբեր.

-Մի անգամ էլ նայի՛ր ինձ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և երբեք չեմ փոխվի:

Նկարիչը ոտնածայրով հրեց աթոռը: Աթոռը հետ քաշվեց և հիմա լրիվ այլ տեսք ուներ:

-Հիմա՛ր աթոռ,-գոռաց երիտասարդը,-քո մեջ ամեն ինչ աղավաղված է ու սխալ:

Ծղոտե աթոռը մի թեթև ժպտաց, ապա հանգիստ ասաց.

-Դա կոչվում է հեռանկար, երիտասա՛րդ:

Երիտասարդը տեղից վեր թռավ.

-Հեռանկա՜ր,-ճչաց նա մոլեգնած,-ինչ-որ տխմար է խոսում աթոռի կերպարանքով ու փորձում իրեն վարժապետի տեղ դնել: Հեռանկարը իմ գործն է, ոչ թե քո, ականջիդ օղ արա՛:

Աթոռը այլևս ոչինչ չասաց: Նկարիչը մի որոշ ժամանակ սենյակում նյարդային շարժումներով հետ ու առաջ էր քայլում, մինչև ներքևից ձեռնափայտով սկսեցին հատակին զայրացած հարվածել: Ներքևի հարկում, մի շատ ծեր գիտնական էր ապրում, որ աղմուկ չէր սիրում:

Երիտասարդը նստեց ու կրկին ձեռքն առավ վերջին ինքնադիմանկարը: Բայց կրկին չհավանեց այն: Նա մտածում էր, որ ինքը իրականում ավելի գեղեցիկ ու հետաքրքիր տեսք ունի, և դա ճիշտ էր:

Նա փորձեց շարունակել ընթերցանությունը: Բայց այնտեղ խոսքը կրկին գնում էր նույն ծղոտի աթոռի մասին, և դա զայրացրեց նրան: Նա կարծում էր, որ այդ աթոռը իսկապես մեծ աղմուկ է բարձրացրել, և առհասարակ…

Երիտասարդը, փնտրելով գլխարկը, որպիսին միշտ կրում են նկարիչները, որոշեց մի քիչ զբոսնել: Նա հիշեց, որ արդեն որոշ ժամանակ գլխում այն միտքն է պտտվում, որ կերպարվեստը ներքին բավարարվածություն չի բերում: Նրանից անպակաս են տանջանքն ու հիասթափությունը, և վերջապես նույնիսկ աշխարհի ամենահռչակավոր նկարիչը լավագույն դեպքում կարող է պատկերել միայն իրերի մակերեսը: Այն մարդկանց համար, որոնք խորություններ են նախընտրում, վերջիվերջո այն մասնագիտություն չէ: Ինչպես շատ անգամներ արդեն եղել էր, նա նորից լրջորեն մտածեց հետևել իր առաջվա նախասիրությանը ու գրող դառնալ: Ծղոտե աթոռը ձեղնահարկում մենակ մնաց: Նրան ցավ պատճառեց իր երիտասարդ տիրոջ հեռանալը: Նա հույս ուներ, որ իրենց միջև վերջապես լավ հարաբերություններ կհաստատվեն: Աթոռը երբեմն խոսելու պահանջ էր զգում և գիտեր, որ երիտասարդին կարող է ինչ-որ օգտակար բան սովորեցնել: Բայց, ցավոք, ոչինչ չստացվեց:

 

 

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը

 

 

Կարծիքներ

կարծիք