Աստրալ

Հեղինակ:

Արդեն լույսը բացվում էր, երբ փորձեցի աչքերս բացել ու փափչել երազիս միջի տագնապից։ Ինչ-որ մեկը բռնել էր ձեռքս և քաշում էր դեպի իրեն, դեմքը չէի տեսնում, բայց մատների փոշուց զգացի, որ տարիքով է ու բան է ուզում ասել։ Չէի լսում, չէի տեսնում, միայն զգում էի, որ հնարավոր է մնամ երազիս մեջ ու դուրս չգամ։

Մինչ այդ պահը տան մեջ էի, խուլ երեկո էր։ Տան բոլոր դռները փակ էին, ու կահույքի վրա սպիտակ սավան էր գցած։ Աչքերիս դիմաց մարդ չկար, բայց մոմի լույսի տակ լիքը շողքեր էին գալիս ու գնում, կիսատ լույսի տակ շարժվում էին, հասնում մի վայր, որտեղ մոմի լույսը չէր լուսավորում ու կորչում էր։

Նույն երևույթը կրկնվում էր շատ հաճախ, նույն շողքերը կարծես մոմի լույսից փախչելով գալիս էին դեպի ինձ ու բարևում։

Տան մթությունը անսպառ էր, մտքերս բախվել էին իրար ու փորձում էին հասկանալ՝ ի՞նչ է կատարվում սենյակում։ Մոմը շարժվում էր, առանց քամու պար էր գալիս ու չէր հանգչում։

Ես հասկանում էի, որ երազիս մեջ եմ, բայց չէի հասկանում՝ ի՞նչ է այնտեղ՝ սենյակի վերջում, որտեղ լույսից ծնված շողքերը հասնում էին ու խոնարհվում ինչ-որ բանի առաջ։

Ոտքերս խրվել էին գետնի մեջ, աչքերս շողքից շողք էին անցնում։ Ուզում էի քայլել, բայց չէի կարողանում շարժվել՝ ասես սենյակում օտար լինեի ու անհամապատասխան այն միջավայրին, որտեղ հայտնվել եմ։

Փորձեցի ոտքս պոկել տեղից ու միաձուլվել շողքերի հետ։ Աջ, ձախ՝ ասես շարքով գնայի հետները, գլուխս խոնարհել էի ու նայում էի այսուայնկողմ։

Սենյակը չէր շնչում։ Դանդաղ քայլում էի շողքերի հետ, նրանք աչքեր չունեին, չէին խոսում, բայց երևի մտածում էին իմ պես. ո՞վ իմանա։

-Երկար ես սպասելու, մինչև հասնես սենյակի ավարտին,- շշնջաց մի ստվեր։

-Ինչո՞ւ,- հարցրի ես՝ խախտելով սենյակի լռությունը։

-Որովհետև դու այստեղից չես, ո՞նց ես հայտնվել ու ինչո՞ւ ես ուրիշ կերպարանքով։

Խոսքերս էլ չէին կարողանում դուրս գալ բերանիցս, կանգնել էին կոկորդիս։ Մղձավանջ, մղձավանջ, բայց ես պետք է տեսնեմ, թե ինչ կա սենյակի վերջում, երևի արթնանալուս ճամփան սա է՝ «ես ուզում եմ արթնանալ »։

Այդ խոսքիս վրա մոմերն ավելի ուժեղ սկսեցին պար գալ, ես քայլում էի, բայց ասես դոփեի տեղում, ավելի արագ… չեմ հասնում…

Անցա մի ստվերի կողքով, հետո երկրորդ, այդպես շարունակ գնում էի։ Փոքր սենյակը վերջ չուներ ու սկիզբ՝ ևս։ Անսահմանության մեջ էի. երազներիս անսահմանությունը կուլ էր տվել ինձ ու չէր ուզում թքել։

Հասա վերջապես, գայթակղությունը ինձ հասցրեց մինչ սենյակի վերջը, մի քանի մոմ վառվեցին և ցույց տվեցին ինձ այդ ճանապարհը։

Տղամարդ էր պառկած այդտեղ՝ մաշկը չորացած, աչքերը բաց նայում էր ինձ, սպասում էր ինչ-որ բանի։ «Երևի աղո՞թքի»,- մտածեցի  ես։

Չէ՜, սա ինչ կերպար է. ձեռքերը ծալած էր, մեջը՝ թաշկինակ, աչքերի մեջ շողքերն էի տեսնում և մոմի ու մթության միաձուլումը։ Ձեռքս տարա, որ դիպչեմ ու արթնանամ։ Հանկարծ նա ցատկեց տեղից, նայում էր ինձ չորացած աչքերով, որոնցից սկսեց արյուն հոսել ու լցվել սպիտակ վերնաշապիկի վրա, բերանը բացեց ու ճչալով ասաց.

-Դու չգիտե՞ս, որ այստեղ մահացածներին ձեռք չեն տալիս։

Նա բարձր գոռում էր, ամբողջ սենյակը դղրդում էր, մարմինս կարծես ուզում էր կուլ տար։ Ստվերները պար բռնեցին մեր շուրջն ու սկսեցին օրորվել, ձայներ էին հանում՝ այստեղ վերջն է, այստեղ վերջն է, այստեղ վերջն է… դու մնացիր, դու անցել ես սահմանը երազիդ, հիմա պետք է մնաս՝ փսփում էին նրանք։

Տղամարդը ծռվեց՝ կրճտացնելով փտած ոսկորները, նայեց ինձ ու ասաց.

-Այստեղ վերջն է,- և ձեռքով քաշեց ինձ… Արթնացա։

Հիմա պառկած տան մեջ, դողով մտնող արևի շողքի հետ ես ձեռքերս խաչել էի կրծքիս ու, վերհիշելով այդ երազիս կերպարի դեմքը, հասկացա, որ այդ նույն դեմքից ես էլ ունեմ, ու այդ դեմքն էր, որ իր շուրջն էր հավաքում այդ ստվերները։

 

Կարծիքներ

կարծիք