Սաթին

Քրիստոնեության տոներից արդեն  քանի՜ տասնամյակ  հրաժարված քաղաքի ամենակարևոր ու մեծ  տոնը Նոր Տարին էր: Նախօրեին ամենքը  ունեցած-չունեցած ուտեստները դնում էին սեղանին ու սրտի թրթիռով սպասում կեսգիշերվան, որ բաժակ-բաժակի տան՝ «տարին խերով լինի» ասելով, հետո սկսեն կերուխումն ու շնորհավորական այցերը միմյանց: Իսկ ամենատոնականը երեկոյան լույսերի մեջ տիրող արտասովոր աշխույժով քաղաքի  հրապարակն էր, մի քանի  փայտաշեն, աղոտ լուսավորված կրպակներով բոլորված, որտեղ  գայթակղիչ  քաղցրավենիքներ, չոր մրգեր ու այլ բարիքներ էին վաճառում, ջվալներով չրթչրթան ընկույզ, ծանր տակառների մեջպսպղացող սև ձիթապտուղ…
Կրպակներից մեկի աղոտ լուսավորության մեջ,  ձմեռային տաք բաճկոնի վրա կասկածելի ճերմակության խալաթ հագած կանգնած էր լինում   Ձնեմոքուրի մեծ քույրը՝ Սաթին, սև սաթի պես մազերը ուղիղ մեջտեղից ճղած,  ծամը  գլխին բոլորած, վառ կարմիր ժպիտն ու ճերմակ ատամնաշարի  շողը   շուրթերին և «Կրասնայա Մոսկվայի» մշտական բուրումով: Սաթին սիրում էր այդ օծանելիքը:  «Կրասնայա Մոսկվան»  նրա անհատականության բույրն էր:
Սաթին քաղաքի ոչ մեծ առևտրացանցի սակավաթիվ վաճառողներից էր: Բոլորը գիտեին, որ  նրա հմուտ ձեռքի տակ, այն անցած-գնացած օրերին ֆրանսիական բուրժուական օծանելիք մերժող և փոխարենը բոլշևիկների առաջարկած «Կրասնայա Մոսկվայի»   բուրումի ներքո  կշեռքը մշտապես  մեղանչում է արդարության դեմ: Բայց միշտ լայն ժպտացող և  քաղցրախոս վաճառողուհին, որ ռազմավարական իր  բնազդով զգում էր, որ հարձակումը պաշտպանության ամենալավ միջոցն է, վարպետորեն լեզու բանեցնելով  կարողանում էր ամենամարտականորեն տրամադրված  գնորդին էլ վայրկենապես զինաթափ անել: Ուստի Սաթիի դեմ իրենց անզորությունը գիտակցելով մարդիկ գերադասում էին   չնկատելու տալ այնպիսի մի մանրուք, ինչպիսին առևտրի ասպարեզում «թերակշռում» կոչվածն է, թեև այն պակաս տարիներին չքավորի համար կես կիլոգրամի  թերակշռումը զգալի նյութական կորուստ էր: Բայց դա քաղաքում հաստատված կարգ  էր: Իսկ Սաթիի  լեզվատարափի տակ ընկնելն ու քաղաքում ժլատ կամ կծծի մարդու համբավ ստանալը շատ ավելի մեծ կորուստ էր: Բացի դրանից քաղաքում պարենամթերքի հատուկենտ խանութներ կային, որտեղ մթերքի ոչ մեծ տեսականի կար, ոչ էլ քանակ: Այստեղից  դժվար չէ ենթադրել, թե քաղաքը որքանով էր կախված Սաթիի  կամայականությունից: Ուստի ճարպիկ վաճառողուհու լեզվանիությունից զգուշանալով  և հիշյալ  նրբին հանգամանքները նկատի ունենալով, ամենքը  քաղաքում ձևացնում էին ու նույնիսկ հավատում, թե սիրում-հարգում են  նրան, ներս մտնելիս  ողջամտորեն աշխատում էին սիրաշահել խանութի տիրուհուն, նրա պես իրենք էլ էին լայնորեն ժպտում,  ասում-խոսում, ջան ասում ու Սաթիից  ջան լսում:
Ասում են  Սաթիի  անիրավությունից մշտապես տուժող և իրենց ճակատագրին հնազանդ քաղաքացիներից  մեկը, մի կին, որը հետագայում  ափսոսալու էր իր անմիտ քայլի համար, մի օր որոշում է  ապացուցել, որ Սաթին  թերակշռում է:
— Սաթի, ա՛յ Սաթի, ա՛յ հոգուդ մատաղ, բա սա մի կիլո շաքար է՞, որ ձեռքս  ես տվել: Տարա տուն, կշռեցի՝ տեսա կես կիլո էլ չկա:- Ցույց տալով շաքարի  քսակը և ջանալով լեզվակռվից խուսափել, մի տեսակ աղերսող-երկչոտ փորձեց բողոքել  կինը, մոտենալով կշեռքի դեմ կանգնած Սաթիին, որը  ամեն արհավիրքի դիմագրավելու միշտ պատրաստ  սովորականի պես կարմիր ժպիտ էր սարքել դեմքին:
Դե, Սաթին  Սաթի չէր լինի, որ  քաղաքում ընդունված ներքին կարգը խախտողին  ցույց չտար, թե ինչ ասել է ընդվզում:
—  Է՜ս ինչ նորություն՝ «կշռե՜-ցի»: Ղալաթ արիր, որ կշռեցիր: Էն է՝ ես կշռել էի, դու՛ ինչի՞ էիր կշռում: Բա  իմ կշռածին չես հավանում, գնում քո կշռածին ես հավանում, հա՞, այ գետինը մտած… Ես էլ մտածում էի, թե խելքը գլխին  կնիկ ես… Ու՜ր է թե… Ես քո գլուխը թաղեմ… Բա մարդիկ լսեն՝ ի՞նչ կասեն… Չեն ասի՞ Սաթին էս է-էն է…Կասեն, ո՞նց չեն ասի: Ը՜-ը՛հ:  Դեհ, ի՞նչ  ես արձան կտրել, գնա բանիդ, աչքիցս ընկար… Էլ քեզ չտեսնեմ…
Սաթիի կշտամբանքների կարկտից կարկամած,  խեղճ կինն իսկույն  ափսոսաց  արդարություն հաստատելու իր ձախողված փորձի  համար: Նրա դեմքին հայտնված զղջանքը  որսալով, Սաթին վայրկենապես  նորոգեց դեմքի իր սովորական վառ կարմիր ժպիտը, որ զայրույթից չքացել էր, ու  ողորմածաբար պարգևեց  այն իր զոհին, ասես քիչ առաջ  ինքը չէր նրան հոշոտողը: Ու այդպես էլ առանց  շաքարը վերակշռելու,  բայց գորովանքով,  սիրալիր խոսքերի  մի այնպիսի հեղեղով  նրան ուղարկեց   տուն, որ կինն ակամա իրեն մեղավոր  զգաց:
«Կես կիլո  շաքարի եղածն ի՜նչ է… Իմ խելքը՜…»,-մրմնջաց խեղճը:
Եվ  «Կրասնայա Մոսկվայի» բուրումից  մի քիչ հետը տարավ տուն…
Սաթին Ձնեմոքուր քրոջ ճիշտ հակապատկերն էր: Սա  չնչին մի պատճառով կամ առիթով ցանկացած մարդու հետ կապեր խզելու և միայնության մռայլ դղյակում իրեն մեկուսացնելու մի հատուկ ձիրք ուներ, այնինչ Սաթին խելամիտ էր և  հրաշալիորեն  տիրապետում էր մարդկանց հետ լեզու գտնելու  բոլոր գաղտնիքներին: Նա  գտել էր  կորդինատների խորհրդային համակարգում իր հաստատուն տեղը, հասկանում էր,  որ «կյանքը տեսիլ է, մարդը՝ դերասան…», չնայած  փիլիսոփայելու հակում չուներ ու չգիտեր, թե ով է-ինչ է Վիլյամ Շեքսպիրը: Որևէ բան կարդալու նա ոչ հակում ուներ, ոչ էլ կարիք,  համարում էր, որ ամենաիմաստուն գիրքը  ինքը՝ կյանքն է, և ապրում էր գոհ ու լիարյուն կյանքով, որքան դա թույլ էր տալիս աշխարհի սրընթաց անցուդարձից  խորին  լեռնաշխարհը քաշված քաղաքի իրականությունը:
Սաթին միայնակ էր: Նա ոչ ընտանիք ուներ, ոչ էլ երեխա: Ձնեմոքուրն ասում էր, թե նա ինչ-որ ժամանակ ամուսնացած է եղել , բայց թե ում հետ, այդպես էլ մինչև օրս պարզ չէ, ինչպես և այն, թե ինչու է փլվել այդ գուցե թե չեղած  միությունը: Նրա անձնական կյանքի մանրամասները մեն- միայն իրեն ու մեկ էլ երևի թե  քրոջը՝ Ձնեմոքուրին  էին հայտնի, քանի որ երկուսն էլ Կյորվա քարուժեռը  թողած, երկուսով մի  սենյակ վարձած ապրում էին քաղաքում՝ կյանքի բովում քոքված Սաթին, որ վաղուց էր լքել գյուղը, և  Ձնեմոքուրը, որ ավելի ուշ էր եկել քաղաք ու նոր-նոր հարմարվել էր Կյորվա աներջանիկ կյանքից լիովին տարբեր քաղաքի ապրելակերպին: Դարմանի տակով հոսող ջրի պես ծածկամիտ Ձնեմոքուրը ողջ կյանքում խորին լռության մեջ պարտակած էր պահում մեծ քրոջ անցյալն այնպես, որ քաղաքը չէր էլ փորձում պրպտել այն ու պարզապես սովորել էր այդ մասին  չմտածել:Եվ Սաթին ապրում էր առանց անցյալի: Ասենք՝ նա ներկա էլ չուներ: Չունե՞ր, այն էլ ինչպե՜ս չուներ… Բա Սաթիի վառ, կենդանի կերպարը  քաղաքում մի՞թե նրա ներկան չէր: Նա ապրում էր, ժպտում, բուրում, սիրում, ատում, թերակշռում, մի խոսքով անում այն, ինչ հատուկ է աշխարհի ամեն  քաղաքի բնակչի: Սակայն այդ ներկան  գաղտնիքների մի այնպիսի թանձր շղարշով  էր ծածկված, որ թվում էր, թե այն չկա կամ էլ թե դա  երկատված  տեսիլի պես մի բան է՝ աչքից հեռու,  նրա սակվոյաժում, կրպակի աղոտ լույսի մեջ հառնող կշեռքի ետևում, գիշերվա մթությամբ պարուրված, և աչքի առաջ, որ լոկ փարթամ կրծքերով նրա հպարտ կեցվածքն էր,  իր անձնական կյանքը քչփորել փորձող  ամեն հետաքրքրասերի  ջախջախիչ հարված տալու միշտ պատրաստ նրա կերպարանքը, միայն ու միմիայն իրեն՝ Սաթիին, հատուկ  հավերժական  վառ կարմիր ժպիտով ու մեղրածոր լեզվով…
Ես շատ եմ ուզում Սաթիին լավ, բարի նկարագրություն տալ, մտածում եմ, փորփրում հիշողությունս, բայց միտքս դարձյալ ծռվում է… Այստեղ, անկասկած, տատս է անտեսանելի թելերով այն աշխարհից  ղեկավարում մտքերս, տատս, որ Սաթիին շատ չէր սիրում, որովհետև կյանքի փորձից գիտեր, որ ատել կա, ու այդ պատճառով շատ չէր ատում Սաթիին, քանի որ դարձյալ մեր խառն ու բարդ կյանքը սովորեցրել էր, որ ուզես չուզես՝ սիրել կա: Ու ոչ սիրում էր, ոչ էլ ատում  նրան: Ասենք, այստեղ սիրել-չսիրելու հարց էլ չկար, այլ կար վախ, վախ Ձնեմոքուր հարսից, որը հորս հետ ամուսնանալու առաջին իսկ օրից հասկացնել էր տվել տատիս, որ «հին բոլշևիկ ու պողպատ կին» լինելն  իր համար մի կտրած եղունգ էլ չի, և որ այսուհետ ինքն է տան գլխավոր կինը:
Պետք է ասել, որ Ձնեմոքուրը տնեցիներին ու ցանկացած մեկին վախ ներշնչելու գործում ամենանրբին հնարանքներով օժտված մարդ էր: Անասելի ծանր կոպերով գետնին իջեցրած նրա գեթ մի հայացքը   և միշտ դժգոհ, կամացուկ, բայց կտրուկ, հատ-հատ  ֆշշոցը՝ «Ա՛-չքը՛դ  դու՛րս գա՛…», որ հազար ու մի վնասակար բաղադրիչներ պարունակող   թուրմի  ուժ ուներ, կարող էին հոգի սարսռացնել ու մոխրացնել շուրջն ամենալավն ու բարին: Ես սարսափում էի ոչ այնքան այդ բառերից, որքան նրանց  հատ-հատ արտասանությունից, որ կառափնարանում դատապարտվածի վզին իջնող դահճի կացնի հատու հարված էր հիշեցնում:
Այդ ամենը լավ գիտենալով, Սաթիի ներս գալուց  տատս ժպտում էր  բռնազբոս ու  թախտին ծալապատիկ նստած՝ գլուխը կախ «Սովետական Հայաստան»  կարդում, իբր  զգացնել տալով, որ մեր տանը ինքն էլ ինչ-որ ազդեցություն ունի, որ ընտանիքի ոչ բոլոր անդամների համար է ցանկալի երեկոյան մեր նիստուկացերին նրա  ներկայությունը և, որ առանց թերակշռումներից «վաստակած» մթերքներով լի նրա ամենօրյա սակվոյաժի էլ մենք  ընդունակ ենք  ապահովել  մեր անկատար ընտանիքի բարեկեցությունը: Սաթին գիտեր, որ դա շինծու ժպիտ է: Գիտեր, բայց  ձևացնում էր, թե չգիտե, որովհետև ամենևին  չէր հավատում, թե տատս որևէ ազդեցություն ունի  հարսի, ասել կուզի իր քրոջ վրա,  ու անբասիր կարմիր ժպիտը սովորականի պես դեմքին ծաղկեցնելով,  շատ արձակ ու համարձակ էր պահում իրեն: Գալիս, միայն իրեն հայտնի ներքին կապերի միջոցով այստեղ-այնտեղ հայթայթած ընծաներով սակվոյաժը դմփացնում էր ճաշի սեղանին ու բարերարի տիրական շարժումներով ու մանր քրքիջով  ընծաներ բաժանում  քրոջը, նրա երեխաներին և հորս: Երբեմն ինձ էլ  որևէ մանրուք էր բաժին ընկնում, որից  Ձնեմոքուրի մութ հայացքն անբավականությունից ավելի էր  մթնում, բայց հազիվ զսպելով չարությունը լոկ մի թունոտ տնքոց էր հանում, ակներևաբար հաշվի առնելով  քրոջ ավագությունը և բարերարի  նրա սրբազան իրավունքը:
Տատս, որ մշտապես քաղաքի տարբեր հիմնարկների գլխավոր էր, այդ ժամանակ  Գորիսի առևտրացանցի նախագահը, լավ գիտեր վաճառողի՝ Սաթիի հնարամտությունների մասին, սակայն հո դեմ չէր գնա այն կարգերին, որի ակամա հիմնադիրներից մեկը ինքն էր եղել՝ որպես  վաստակավոր «հին հեղափոխական»… Պատվասիրության հարց էր: Բացի դրանից, ով չգիտեր, որ լեզվանի Սաթիի դեմ պայքարում հաղթանակ տանելն անհույս  բան է: Հետո էլ, ի՜նչ արած, Սաթին  մեր ընտանիքի անդամի պես մի բան էր:  Ուզած թե չուզած: Ախր տատս էր  այդ ծուռտիկ-մուռտիկ ընտանեկան կառույցի ճարտարապետը: Կառույցն ավարտված էր, Ձնեմոքուրը պտղավորված, մի տուն լիքը երեխաներով  լիիրավ տանտիկին:Այ այդպես էլ ապրում էինք, ինչպես խեղդող շոգից հովանալու համար  առաջին իսկ պատահած պղտոր ջրափոսը մտած լողորդներ…
Սակայն Սաթիի նկատմամբ  տատիս քողարկված անբարյացակամության պատճառը  ոչ միայն «պողպատ հալեցնող»  հարսից վախենալն էր: Դրա պատճառը մի գաղտնիք էր, որը, ճիշտն ասած,  արդեն գաղտնիք էլ չէր: Այն հայտնի էր ողջ քաղաքին, այդ մասին խոսում էին շշուկով, ակնարկներով, շրթունքները բազմանշանակորեն հուպ տալով, աչքով անելով, թաքուն հեգնելով, մարդու դեմքը աղավաղող  ամենաբազմանշանակ դիմաշարժերով: Այն աստիճան, որ  երեխաներն էլ էին  գլխի ընկնում, որ ինչ-որ մի բան այնպես չէ և, որ քաղաքի խոսքուզրույցի հորձանքի մեջ ընկած այդ ինչ-որ բանը «Կրասնայա Մոսկվա» բուրող կրպակավաճառ Սաթիի հետ է կապված:
Իսկ գաղտնիքը՜… Օ՜հ, այդ գաղտնիքը… Այն ընդամենը մի արգելված սեր էր, Սաթիի վառ ու դրամատիկ սիրավեպը, Ռոմեո և Ջուլիետ ասե՜մ,  Լեյլի և Մեջնու՜ն, թե՞ Տրիստան և Իզոլդա… Ոչ-ո՜չ, այն ավելի բարդ,  թերևս իսկապես արգելված, եթե կուզեք՝ նույնիսկ հանցավոր սեր էր, հանցավոր՝ քաղաքի աչքում, որովհետև Սաթիի սիրո առարկան, նրա Տրիստանը, իր մերձավոր  ազգականուհի Անիկի ամուսինն էր՝ փարթամ, ալիքվող մազերով, սև ու թավ բեղերով գեղեցիկ, բայց հաշմված մի  տղամարդ, քաղաքում հայտնի վարսահարդար  Բարխուդարը: Չոլա՛խ Բարխուդարը:  Գեղեցիկ ու անհողդողդ ժայռերի մեջ կյանքներն անցրած մարդկանց  պարզ բնականությամբ  առանց քաշվելու այդպես էր նրան հորջորջում  քաղաքը:
Ա՜խ այդ Բարխուդա՜րը…
Քաղաքի վարսահարդարի գայթակղությունը չլիներ, մանկության իմ հեքիաթն անավարտ չէր մնա… Սակայն նա այդ մասին  տեղյակ չէր, քանզի այդ եզրահանգումն ընդամենը  իմ հասուն մտորումների  արդյունքն է: Բայց   դա այդպես էր: Բարխուդարի և Սաթիի սերը չլիներ, զվարճալի հակասությունների անոթ իմ տատը դժվար թե ուրիշ  այլ փայլուն առիթ ունենար քաղաքին հավաստելու  եվրոպասեր պապիս ազատամիտ ավանդներին խստաբարո այրու իր հավատարիմ լինելը: Բանը նրանումն է, որ այդ  հայտնի պատմությունը  ոչ միայն ինձ, այլև իրեն՝ Ձնեմոքուրին էր վնասել, որի  կուսական պատիվը քաղաքի  ուխտադիր այրիները  արատավորված էին համարում լոկ այն պատճառով, որ Ձնեմոքուրը… Սաթիի քույրն էր, ուստի, անմիջականորեն  առնչված Սաթիի ու Բարխուդարի արատավոր կապին: Ասում եմ չէ՞, որ սիցիլիական խստակրոն այրիների  հետ ընդհանուր շատ բան ունեին Գորիսի հանգած աչքերով սևազգեստ այրիները: Ոչ ոք չէր ուզում  իր տուն հարս բերել գյուղից եկած այդ սիրունատես, թովիչ աչք-ունքով, սուսիկ-փուսիկ աղջկան, քանզի նա… Սաթիի քույրն էր: Այնինչ տարիներն անցնում էին, սիրուն աչքերն ու սև ունքերը օր-օրի խամրում էին… Ու միայն   կորդինատների բոլշևիկյան համակարգ ստեղծողների առաջնագծում աչքի ընկնող տատս ասաց.
-Ի՜հ, դատարկ-մատարկ բաներ են, էս  ո՜ր թիվն է… Ես էդ տեսակ բաների նայողը չեմ: Խոնարհ, նախշուն աղջիկ է, աչքունքը տեղը, սուսիկ-փուսիկ…Ի՜նչ է եղել, գլուխը կախ աշխատանքի է գնում, գալիս տուն…  Տղաս էլ սիրտը կոտրած,  երեխի տե՜ր…
Եվ «սիրտը կոտրած» հայրս արեց ճիշտ  այնպես, ինչպես  որոշեց «հին բոլշևիկ» իր մայրը, և Ձնեմոքուրը մեր տուն հարս եկավ, ինձ համար բախտորոշ այդ իրադարձության բոլոր  հետևանքներով հանդերձ…
Բարխուդարը պատերազմում էր կորցրել ոտքը, բայց  փայտե պրոթեզը ինչ-ինչ վերականգնել էր հաշմված ոտքի գործունեությունը:Նա ոտքի կանգնած՝ քաղաքացիների մազեր էր հարդարում,  բայց քայլում էր միայն ծանր գավազանին ապավինելով: Միայն թե քայլելիս փայտե ոտքն ուժգին դըխկդըխկում էր և ուր էլ գնար,  քաղաքում ամենքը իմանում էին, որ դա վարսահարդար Բարխուդարն է: Վաղ թե ուշ, մի օր այդ դըխկդըխկոցը պիտի դավաճաներ նրան, եթե նա մտադրվեր որևէ ծածուկ գործ բռնել: Բայց այդ ծածուկ գործն արդեն կար և այն մի մեծ զգացում էր, սեր, որը սովորաբար գալիս է առանց զգուշացնելու, հանկարծակիորեն, հախուռն, փոթորկի պես ասեմ, հրաբխի թե՞ ջրհեղեղի: Դա սեր էր առաջին հայացքից, և այն բռնկվեց, երբ  ջահել, վայելչակազմ  ու գեղեցկադեմ, ոտից գլուխ սեր տենչող, լիարյուն կյանքի ծարավ Սաթին առաջին անգամ ոտք դրեց  Բարխուդարի տունը, որովհետև նրա կինը՝ չորս երեխաներ բերած ու մեծ ընտանիքի հոգսն ու ցավը ուսած փոքրիկ, վտիտ ու չորուկ, իր հասակից անհամեմատ ծեր թվացող Անիկն էր՝ Սաթիի զարմուհին:  Կյորվա քարափներից  փախած  ու միգուցե կողակից գտնելու չհաջողված փորձից   հետո անտուն-անընտանիք մնացած Սաթին եկել էր ժամանակավորապես ապաստանելու  ազգականուհու տանը: Եվ ի՜նչ իմանար, որ  ճակատագրի բերումով,  հոգու և սրտի ամենանուրբ ու մեղսավոր թելերով այդպես էլ ամբողջ կյանքը կապված է մնալու այդ ընտանիքի հետ:
Ով գիտե, թե երբվանի՜ց էր սկսվել այդ  կապը, այն ժամանակից, երբ Սաթին ապրում էր Բարխուդարի  տանը, թե՞ երբ նա արդեն  քաղաքի տներից մեկի գետնահարկային մի մութ սենյակի աննկատ  կենվոր էր: Սակայն երբ  սերը շանթահարեց  երկուսին էլ՝ Բարխուդարը սիրեց Սաթիին, Սաթին էլ՝ Բարխուդարին,  ապա մի՞թե դա այլևս կարող էր որևէ նշանակություն ունենալ: Սիրո՝ այդ հզոր զգացման առջև ամեն ինչ՝ թե՛ ամուսնական պարտականություն ու զավակի դատապարտող հայացք, թե՛ խղճի խայթ և ուխտադիր այրիների մոխրացնող դատափետում,  կորցնում են իրենց կարևորությունը, ճղճիմ մի բան դառնում, մարդը սիրուց գինովցած եթերանում է, թեթև ամպի վերածվում  ու թռչու՜մ, սավառնում  բա՜րձր, հեռու ամենքի՜ց, հեռու չար աչքից ու չար խոսքերից…
Դա հին, վաղուցվա սեր էր արդեն,  տարիներով դրոշմված, փորձությունների բովով անցած, ուխտադիր այրիներով լեցուն քաղաքի դատապարտող հայացքով  թրծված, մի  չմարող կիրք, որ կարողացել էր արիաբար դիմագրավել  քաղաքի խստապահանջ բարքերին ու մնալ վառվռուն, ինչ էլ որ լիներ, ինչ էլ որ չասեին՝
«Դու էդ փչացածին տես է՜…»…
«Էդ  լիրբը բա ամոթ-աբուռ  չունի՞…»…
«Դու էդ չոլախի հալին նայիր, է՜ …»…
Քաղաքը  չէր հասկանում  ու…  բվվում էր այդպես:
Եթե աշխարհին հայտնի շատ սիրավեպեր սովորաբար ողբերգական վախճան էին ունեցել, ապա Սաթիի և Բարխուդարի սերն ընդհանրապես անվախճան էր, հարատև, նույնիսկ հավիտենական այնքանով, որքան թույլ էր տալիս այդ վեհ զգացումը վառ  պահող  բնության՝ մարդուն տրված  կենսական պահանջը:
Իսկ Անի՞կը… Ի՞նչ աներ խեղճ Անիկը, որ բախտի բերմամբ թե պատահմամբ իր կյանքն անդարձ կապել էր իրենից անհամեմատ մեծ առավելություններ ունեցող Բարխուդարի հետ: Թեկուզև միոտանի:Նա աղքատ ընտանիքի աղջիկ էր, ոչնչով աչքի չընկնող, համարյա տանը մնացած,  երբ  պատերազմից հաշմված, մզված, բայց գեղեցիկ, ջահել ու սփոփանքի կարոտ, ընտանիք կազմելու մարմաջով Բարխուդարը վերադարձավ կռվի դաշտից: Ու  պսակվել էին, առանց սիրո: Դեհ, ի՜նչ սեր սմքած, ոսկրոտ, մազը գլխատակին  մի կծիկ արած պառավող աղջկա և թեկուզ  միոտանի, բայց ջահել ու գեղեցիկ տղամարդու միջև: Ու ասես այդ  խորդուբորդ  անհամատեղությունը ցավագնորեն սվաղելու համար մարդ ու կին  իրար ետևից սիրուց չծնված չորս երեխա էին աշխարհ բերել, ցեմենտել իրենց աններդաշնակ միությունը: Եվ այդպես ապրում էին:
Աստված, որ անգթորեն զրկել էր Անիկին կնոջ բարեմասնություններից,  փոխարենը  նրան կանացի նրբին իմաստություն էր շնորհել, երևի թե որ  խեղճ կինը ի զորու լիներ դիմագրավել կյանքի անողոք հարվածներին: Եվ իսկապես, նա զարմանալիորեն հաշտ ու հեզորեն ընդունեց ամուսնու և մերձավոր ազգականուհու դավաճանությունը, ասես վաղուց արդեն պատրաստ ամուսնու այդ քայլին: Կյանքի նման դրամատիկ պահին այդ վտիտ կնոջ համար, որ մարդկային ցեղը բազմացնելուց և մեծ տան  հոգսը տանելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեր անել, իսկապես շատ տեղին եղավ «յոթը մոր կուրծ ծծող» գառան հեզությունը, նամանավանդ որ Սաթին  ազատ  ելումուտ էր անում իր տանը այնպես, ասես ոչինչ էլ տեղի չէր ունենում: Անիկն էլ իր հերթին ձևացնում էր, թե ոչինչ  չի տեսնում ու թե ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի: Տիրաբար ու որևէ հանդուրժում չընդունող  ժպիտ  շողոմելով՝ Սաթին այդ ընտանիքի կենցաղային ու ոչ կենցաղային հարցերն էր լուծում, ինչ-որ իմաստով  ընտանիքի ղեկն իր ձեռքում պահած: Ընտանիքի բոլոր անդամները անտրտունջ  ընդունում էին այդ իշխանությունը, որովհետև դա նախ՝ տան գլխավոր տղամարդու՝ Բարխուդարի կամքն էր, որին անկասելիորեն ենթարկվում էին բոլորը, հետո նաև Սաթին  բարերար էր, Սաթին բարեկենդան, Սաթին առատաձեռն ու խելամիտ: Նա Անիկի ու Բարխուդարի երեխաների բարվոք կյանքը, նրանց հագուկապը ապահովողն էր: Մի խոսքով, Անիկը, նրա երեխաները, Բարխուդարը և Սաթին մի ընտանիքի պես էին, մի տեսակ օդ ու ջրի պես միմյանց անհրաժեշտ:
Բարխուդարն էլ, սիրո վայելքների կարոտ, ամուսնական առագաստում  միայնակ թողնելով սմքած կողակցին, ամեն կեսգիշեր գնում էր Սաթիի   տունը՝ նրա  սիրառատ  գրկում հագենալով Կրասնայա Մոսկվայի բուրումով: Այդ նրբին հանգամանքներից Անիկը հեզորեն իրեն  հեռու էր պահում, դեռ ավելին՝ չտեսնելու- չիմանալու էր տալիս  և լռությամբ  տանում-հնազանդվում, գուցե և թաքուն լալիս իր բախտը, բավարարվելով նախախնամության ընծայած փոքրագույնով, գուցե և թե մեծագույնով, ո՜վ գիտե, որ թեև իրեն չպատկանող, բայց օրինական ամուսին ունի, ընտանիք, երեխաներ, լավ  թե վատ ապահովված ամեն ինչով… Երեխաները ծնողներ ունեն  և դպրոց են գնում, ուսում առնում…
Սաթին էլ էր գոհ, որ մի մեծ, թեև բազմանշանակ ընտանիք ունի,  նաև… սեր ու վայելք, չնայած  քաղաքի կասկածների և  կապարե հանդիմանանքի ծանրության տակ… Այդպես էր թելադրում  Նորին Մեծություն Կյանքը, այդպես էին ցանկանում այդ տեսիլի բոլոր մասնակիցները, որոնք ասես մի  լուռ պայմանավորվածությամբ  միմյանց հետ կապված չէին համարձակվում  խախտել այդ պայմանի ամենակարևոր կետը՝ «ընդունել կյանքն այնպես, ինչպես  կա»…
Ուր էլ որ ապրելիս լիներ Սաթին, Բարխուդարի փայտե ոտքի դըխկդըխկոցն ամենքին իմաց էր տալիս սիրող զույգի կեսգիշերային տեսակցությունների մասին: Քաղաքը խլթխլթում էր վավաշոտ, խտղտան ու նաև նախանձոտ բամբասանքներից, կծու կատակներից… Բայց երբ   վերջապես գլխի ընկան, որ դա ոչ թե հեշտասեր կապ է, այլ երկու անձանց միջև բռնկված  զգացում, Սաթիի ու Բարխուդարի համար շատ կարևոր,  հոգևոր ու կենսականորեն անհրաժեշտ  բան, այլևս… վարժվեցին  դրան, հաստատելով իրենց եվրոպականությունը, ուրիշի նրբին  գործերի մեջ քիթ խոթելը համարելով ամոթալի բան, մանավանդ որ ամուսնուն  կորցնելու վախից թե անճարությունից, դա կարևոր չէ, Բարխուդարի օրինական կինը չէր բողոքում: Եվ Սաթին գլուխը բարձր պահած, կանգնում էր  իր վաճառատեղում,  իսկ նրա շենշող-կարմիր ժպիտը և բարձր ստինքներով հպարտ կեցվածքը կարծես ասելիս լինեին քաղաքին.
«Ի՜նչ ուզում եք, էն էլ մտածեք: Ի՜նչ ուզում եք, էն էլ փսփսացեք:  Ձերը՝ ձեզ, իմն էլ՝ ինձ:  Էս է, ես եմ, Սաթին, ինչպես  կամ: Իմ կյանքի տերն էլ եմ ես, իմ բախտի տերն էլ …  Դեհ, տեսեք, ումի՞ց եմ պակաս ու ի՞նչս է պակաս… Ի՞նչ է, ես սեր, ընտանիք, երեխաներ ունենալու իրավունք չունե՞մ… Ունե՛մ, լսու՞մ եք, ունե՜մ…»:
Այ այդպեսին էր Սաթին՝ իր գույներով ու բույրերով: Քաղաքին դուր էր գալիս Սաթիի վառ ներկած շուրթերի գունեղ ժպիտը և Կրասնայա Մոսկվայի մշտական բույրը,  որովհետև քաղաքում կային շատ այրիներ՝ հանգած աչքերով  և պինդ հուպ տված շուրթերով: Եվ քաղաքն անտրտունջ ընդունում էր նրա այդպիսությունը:Այդպիսի ժամանակներ էին: Սաթին հարկավոր  էր քաղաքին…
Սաթիին էլ հարկավոր էր քաղաքի հավատը իր սիրո բյուրեղայնութան հանդեպ, այն իմաստով, որ ինքը Բարխուդարի ընտանիքը  չէր քայքայել, երեխաները հայր ու մայր ունեին, իր զարմուհի Անիկն էլ՝ ամուսին:  Ու քանզի  անողորմ ժամանակն արդեն  խեղճացրել էր խստադեմ այրիներին և նրանց  ամուսինների հիշատակը «հին գերեզման»-ի վերածել,  դեհ, մեծ բա՜ն չէ, Գորիսը՝ որպես աշխարհի  մի քաղաք, դրան էլ էր վարժվել  և  ընդունում կամ էլ ձևացնում էր, թե ընդունում է Սաթիի սևի սպիտակությունը: Դա նույնպես քաղաքի հետ  կապած Սաթիի  չգրված պայմանն էր: Բոլորն այլևս համակերպվել էին ժամանակի ու կյանքի անցավորությանը,  կիսում էին Սաթիի անկախ ժպիտը, ոչ ոք այլևս հանդիմանանքով  չէր նայում  նրան,  կամ էլ որևէ բանով ցույց տալիս, որ ինչ-որ մի բան այնպես չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ  Բարխուդարի փայտե ոտքի կեսգիշերային դխկդխկոցը  հնչում էր քաղաքի  կենտրոնի մեր նշանավոր բակում, այն բակում, որտեղ արդեն ավարտվել էր իմ մանկությունը, և որում մինչև խոր ծերություն ապրելու էր  ու մի գեղեցիկ օր իր մահկանացուն կնքեր Սաթին:
Մեր անկատար ընտանիքն արդեն տեղափոխվել էր քաղաքի ծայրամասում կառուցված երկհարկանի քարաշեն տունը:  Հին բոլշևիկ Աշխեն տատս խորհրդային  համակարգի  բոլոր հնարքները  գործի դրեց, որպեսզի  Սաթին կայուն  անկյուն ունենա ու հաստատվի մեր նախկին  տանը: Չէ՞ որ Սաթին մեր բարեկամն էր ու բարերարը: Տատս նույնպես համակերպվել էր կյանքն իր բոլոր երանգներով ընդունելու անհրաժեշտության հետ,  ու այլևս սրտանց էր ասում.
— Սաթին ձեռնաբաց է, սիրտ շահող… Սաթին լավ սիրտ ունի…
Այդուհանդերձ սիցիլական խստաբարո այրուն հատուկ բազմանշանակ դիմաշարժով  ավելացնում էր.
Էդ տեսակ  կանայք բարի սիրտ են ունենում…
Նա այլևս  առաջվա պես չէր ասում՝ «Բագրատը որ բերդի պես տուն էր մտնու՜մ…», արդեն հազվադեպ էր գնում նրա «հնացած գերեզմանին»: Ու թվում էր, թե սիրում է Սաթիին, նույնիսկ այն պահերին, երբ որևէ նախկին հարևանուհու հանդիպելիս սա փսփսում էր, թե Բարխուդարի փայտե ոտքի դխկդխկոցից ամեն կեսգիշեր քնահարամ է լինում մեր հին բակը…
— Ախչի, դե լա՜վ, ի՜նչ է եղել, ականջդ փակիր, չիմանալու տուր: Էսօր կանք, էգուց չկանք:-փիլիսոփայորեն խրատում էր տատս:
Իսկ ես երկար ժամանակ չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ մեր բակն ու մեր տունն այլևս արդեն իմը չէ…

 

հատված «Աշխարհի մի քաղաք» վիպակից

 

Կարծիքներ

կարծիք