Երևակայությանս երկու եսերը

Իմ երևակայության մեջ ապրող բոլոր կանայք
ու բոլոր աղջիկները,
բոլոր քաղաքական կուսակցությունները
և անքաղաքական մարդիկ,
որոնք ամեն աստծո օր պատերազմում են
իրենց ճակատի քրտինքի հետ,
որոնք ամեն օր զոհաբերում են ինչ-որ բան
այս կյանքում ինչ-որ բանի հասնելու համար,
նրանք բոլորն այսօր ընդվզել են երևակայությանս դեմ
և պահանջում են քրտինքի և սիրո համար
ճիշտ չափաբաժին,
որովհետև եթե տղամարդ ես, եթե այսմոլորակային ես,
ուրեմն, անկասկած, Ադամի շառավիղն ես,
տատիկդ Եվան է, և քաղաքականությունն ու սերը
հետդրախտյան սովորական ու պարզ ճշմարտություններ են,
որը 21-րդ դարյա երևակայությունս փորձում է վերականգնել:

Մարդը բարեկամ է մարդուն,
մարդուց դուրս ամեն ինչ բնազդ է,
և առանց ուղեղի կատարված ամեն ինչ բնազդական է
ու ոչ մարդկային, երբ երազում հանդիպում ես
երկրորդ եսիդ հետ, երբ այն մյուս եսդ
թաքնված ցանկություններիդ ու մտածողությանդ
իրական կրողն է, գիտակցում ես, որ քո երևացող
մասն ուղղակի այն է, ինչ ցանկանում են տեսնել,
գիտակցում ես, որ երազում տեսած երկրորդ եսդ
ավելի ես է, քան այն, ինչ ցանկանում են քեզ տեսնել,
և այն, ինչ կաս:

Բառի և մարդու միջև եղած տարածքը շոշափելի է,
և քանի որ զգացմունքն ու մտածողությունը
մարդուն տարբերակում են քարանձավյանս հիշողություններից,
երևակայությանս մեջ առանձնացնում եմ
որոշակի տարածքներ, որոնք առանձին-առանձին
պատկանում են հիշողությանս ժամանակագրությանը:

Խրամատում կանգնած յուրաքանչյուր զինվոր
գիտակցում է հաջորդող պահի անկարևորությունը այնքանով,
որովհետև խրամատում կարևորը այն պահն է,
որը մեկ վայրկյան հետո անցյալ է,
խրամատում զինվորի և սպայի ժամանակը կառուցվում է
վայրկյան առ վայրկյան, որ ներկայում ապագայի համար է,
այնինչ քաղաքականությունս մսխում է զինվորի վայրկյանները
տարիների տեսքով:

Երազի և երևակայության միջև ընկած է իմ սեփական իրականությունը.
զինվորի առօրյա` երբ զինվոր ես, երբ ուսուցիչ ես,
երբ բանաստեղծ ես, երբ զգում ես,
որ բառը նույնպես արձակված գնդակ է,
որ երբևիցե հասնելու է նշանակետին,
գիտակցում ես, որ քրտինքը ճանապարհ ունի,
որ արյունն հենց այնպես չի հոսում
և ժամանակը արձանագրվելու է այլևս
վայրկյաններով, որ քամին ուղղակի օդի
հորիզոնական տատանում է,
որ ապագայում ծնվելու են նախարարներ,
քաղաքական գործիչներ ու պատգամավորներ,
որ երբևիցե մտածելու են երևակայությանս
երկրորդ եսի մասին, որ իմ իրական դեմքն է,
և այն խաբկանքը չէ, որը ես չեմ:

Երբ ծաղիկ ես դնում զոհված զինվորի
տապանաքարի վրա, երբ հետմահու մեդալներ
են շնորհվում այլևս գոյություն չունեցող մարդուն`
կարծես սեփական խղճի հանգստության համար,
երբ հանրագումարի ես բերում ժամանակը`
զգում ես, որ անկախության քսանութ տարիներին
քաղաքական բոբիկությունը քողարկվել է
ուղղակի գուլպաներով,
իսկ տրեխ կարելու համար այսօր էլ
կոշկակար չկա:

Հայկական քաղաքականությունը ծաղիկ է,
որը մենք ջրում ենք արյունով, արցունքով, քրտինքով…
հայկական կոռուպցիան նույնն է,
թե զոհված զինվորի տապանաքարից ծաղիկ գողանաս,
թե գողանաս նրա մոր, նրա կնոջ, նրա ուստրերի ու դուստրերի,
նրանց հոր ծանր արցունքները
և դրանով վիժվածքներ սնես,
ցինիկ հռհռոցով այդ մարդկանց դեմքին
նետես կենդանական ողջ բնազդիդ այն ցնդաբանությունը,
որ ամեն ինչ զուր և իզուր է:

Ժամանակը խրամատում հոսում է
վայրկյան առ վայրկյան,
յուրաքանչյուր վայրկյան մեկ չզոհված զինվոր է:
Հորիզոնն ունի չորս կողմ,
և դա բացարձակ ճշմարտություն է,
դա Ադամից եկող ճշմարտություն է,
բայց երբ աղավնու աչքերով ագռավները
խժռում են ջրհեղեղյան աչքերս
և պտտվում զոհվածների գերեզմանների
և նրանց արյան հիշողության վրա,
զգում եմ, որ դեռևս վայրենի եմ և կենդանի,
որ հաջորդ բնազդական քայլիս համար
անպատախանատու են լինելու
երևակայությանս երկու եսերը:

Ժամանակը երկրագնդի վրա սկսվում է խրամատից,
այն երկիրը, որ խրամատ չունի,
այնտեղ ժամանակը քողարկվում է երևակայության
մի քանի եսերի քաղաքականությամբ:

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք