Մոխրաման

Հեղինակ:

Մատուցողը փոխում է մոխրամանը. չեմ ծխել, շշի պատառոտված պիտակով է լի: Գլխի թեթև շարժումով շնորհակալ եմ լինում սիրալիր էս աղջկան, ով էս երեկո ինձ պես ևս յոթ-ութ տղայի լցվող ու դատարկվող մոխրամանների վկան է: Անունը չեմ կարողանում կիսամթի մեջ կարդալ: Թող քո անունն էսօր ունենա, միևնույն է՝ այնքան մարդ ունի անունիցդ, որ մեկով ավելին չի խանգարի: Թող նյարդերիս ու օրվաս պես պատառոտված պիտակը տեսնողն ու ինձանից հեռու տանող-թափողը քո անունն ունենա: Ինչպես որ միշտ դու ես բուժել ու հավաքել: Մինչև որ հենց ինքը կբերի պիտակով հաջորդ շիշը, մինչև որ հենց ինքը կդառնա էս ամենի կրկնության պատճառ:

Ուզում եմ ինչ-որ հարազատ զրույց ունենալ մի լավ մարդու հետ, ով կհոգա: Հեռախոսս ձեռքումս պտտում եմ մի քանի անգամ, մտքովս մի քանի դեմք ու անուն է անցնում, ոմանց լուռ ժպտում եմ ինքս ինձ, ոմանց հետ եմ ուղարկում գրողի ծոցը. էդպես էլ ոչ մի զանգ ու ոչ մի նամակ չեմ ուղարկում, ոչ ոքի: Հարազատս էսօր ինքն է՝ քո անունով մատուցողը:

Տեսնես ո՞վ է նրան զանգելու, որ աշխատանքից հետո միասին մոռանան մեր երեկոյի բոլոր մոխրամաններն ու շշերը: Ու՞մ համար է տաք հագնվելու: Տաք: Էնպես, ինչպես երբեք չհագնվեցիր էդպես էլ: Քամոտ է էսօր, տեսնես որտեղ ես: Կարոտս չհագածդ բաճկոնների ու մրսող ուսերիդ բույրն ունի: Գայի ու մի տաք բան բերեի քեզ. վերարկու, մի բառ ու թևերս: Գայի՝ մտածելով, թե կջերմացնեմ քեզ: Գայի ու քեզանից առավել ե՛ս տաքանայի: Տեսնես անունդ ունեցող էս մատուցողն իրեն կարոտող ունի՞: Կա՞ մեկը, ով ամեն օր մտածում է. «Էսօր, էսօր կհանդիպենք»: Տեսնես մտքում հետը խոսող ունի: Տեսնես ասածներն անգիր հիշող ունի: Իրեն անսահման լավն ու փրկող կարծող ունի: Տեսնես ունի՞ մի լավ մարդ:

Չկան բացարձակ լավ ու վատ մարդիկ: Մենք լավն ենք կոնկրետության մեջ. կոնկրետ իրավիճակում, կոնկրետ մարդու հետ ու հանդեպ, հանուն կոնկրետ մարդու ու նրա համա՛ր հաճախ: Լավս էիր դու: Ու ինչքան էի ես ուզում լավը լինել քե՛զ համար: Ինչքան եմ կարծել, թե լավը եղա քո շնորհիվ: Ինչքան կուզեի լավը լինել քո չափ: Մեղավոր չզգալու, ինձնից ինքս իմ առաջ չամաչելու, մարդկանց չցավեցնելու, ինձ սիրելու, քեզ մոտ լինելու չափ լավը լինել: Ինչքան էր ցավում, երբ հասկանում էի՝ լավը չեմ ուզածիս չափ: Ինչքան էր անբացատրելի, որ լավն էի քո աչքում, սրիկա ու հրեշտակ եղած ժամերիս, լավն էի քո աչքում, որովհետև գիտեիր ինձ նախապայմաններից անկախ, իրավիճակներից դուրս: Իսկ դու մեկ է, լավն ես էլի: Հեռու՜ լավս, հպա՛րտ լավս:

Իմ կարոտը երկու կարոտ է: Քեզ եմ կարոտում ու ինձ: Ինձ, երբ կողքիս էիր, երբ մոտ էի, երբ ամեն բան մոռանալու ճոխությունն ունեի: Տեսնես էս մատուցողն իրեն խելքի բերող ունի: Ինձ իրականություն բերողն էիր դու, խելքս գլուխս հավաքողն էիր դու, երբ խելքահան էի լինում ամեն բան հասկացող քո հարազատությունից: Երբ գտնում էի պակասածս քո մեջ: Երբ կտրվում էի ամեն բանից՝ քեզնով տարված: Ինձ հողից կտրելուդ վրա աչք փակելու կամքն ունեիր դու, երկաթե կամքը, ինձ նորից հողին կանգնեցնելու ջանքերդ եմ հիշում, այնպես ընկերաբար, այնպես հոգացող: Որ չլինեմ սրիկա: Որ լավը լինեմ: Որ ճիշտ մնանք:

Տեսնես իր համար բառեր փնտրող ունի՞ էս մատուցողը: Տեսնես կա՞ մեկը, որ չգիտի՝ ինչից սկսի, ինչ խոսի, որ եղածն էլ չկորցնի: Տեսնես կա մեկը, որ էսքան ասելիքի հետ նրա «Մոխրաման» Լիլի Մկրտչյան հետ խոսելու շուրջ տատանվում է դեռ: Տեսնես իրեն ժամերով հիշող ու չկշտացող ունի: Տեսնես ամեն բան իր հետ առաջինը կիսել ուզող ունի: Տեսնես ամեն պահի իր արձագանքն անգիր իմացող ունի՞ էս աղջիկը: Տեսնես խորհուրդ տվող մեկն ունի՞ բոլորին ժպտացող, բոլորի պատռած պիտակներն ու չծխած ծխախոտները տեսած էս աղջիկը, թե՞ քեզ է նման այստեղ էլ: Մարդիկ կան, որ խորհուրդ չեն հարցնում: Իրենք գիտեն: Հաճախ էդ էն մարդիկ են, որոնք օգնում են հասկանալ, օգնում են մյուսներին: Իրենց թուլությունների, իրենց պատմությունների մասին չեն խոսում: Գուցե ծայրահեղ անկեղծության պահին, երբ դիմացինը պատմում է իր պատմությունը, մի նախադասությամբ, մի արտահայտությամբ փորձեն ասել: Չլսելի, չբացահայտող մի խոսքով:

Տեսնես ունի մեկը, ով հիանում է իրենով: Տեսնես իրեն պատասխանատու զգում է որևէ մեկը նրա համար ու նրա առաջ: Գիտես, մենք դադարում ենք լինել «տղա» ու վերածվում տղամարդու էն պահին, երբ առաջին անգամ պատասխանատվություն ենք վերցնում մեր ուսերին: Երբ հայտնվում է մեկը, ում ամուր ուսը մենք ենք: Դու իմ պատասխանատվությունն էիր:

Էս կիսախավար գարեջրատանը թվում է, թե մենակ իմ կյանքն է էսպիսին: Թե քաղցրությունը մենակ ինձ է պակասել: Հետո, մի քանի րոպե կամ բաժակ հետո ամեն ինչ պարզվում է. աչքիս առաջ ու իմ մտքում: Հեռուներից գուցե հեշտ ու թեթև նայեմ իմ այսօրվան, այս հին բազկաթոռին ու իմ էսօրվա ապրումներին: Գուցե սիրով էլ նայեմ էն մարդկանց, ովքեր էսօր քնել չեն թողնում, արթուն մնալ չեն թողնում, սիրել ու չսիրել էլ մի կարգին չեն թողնում: Առհասարակ, ինձնից շատ բան տարած, ինձ շատ բան չտվածներին ես գուցե սիրով նայեմ էդ հեռուներից: Կսիրեմ իմ տարիները, հասունության փոխվող երիտասարդությունս կպաշտեմ, որ պիտի ինձ մարդ դարձնի, կարգին ու խելքը գլխին մարդ, ով գիտի՛, ով մոլորված չէ: Գուցե ինձ հիմա ճիշտ ճամփին դնողս է պակասել, կամ գուցե դատարկ եմ, որ ճամփից մի կարգին շեղող էլ չունեմ: Տեսնես ուշ ժամին ճանապարհող ունի՞ էս աղջիկը:

Տեսնես ունի մեկը, ով ափսոսում է, որ ավելի շուտ չեն հանդիպել: Տեսնես կորսված մտերմությունն ափսոսող մեկն ունի անունդ կրող էս աղջիկը: Տեսնես կա մեկն, ով ուզում է պոկվել նրա մասին մտքերից, բայց սրտում լավ է հասկանում, որ հարազատ են դարձել մտքերն էլ, կարոտն էլ, ափսոսանքն էլ, ու դրանցից բաժանվելը դատարկվել կնշանակի: Ու գիտակցաբար երբեմն հրաժարվում է մոռանալուց ու բուժվելուց: Ու չի դադարում մխալ ամեն գիշեր: Գիշերվա մեջ է սրվում կարոտը: Ամենատաքը գիշերն է լինում:

Արդեն երկրորդ շիշն է մերկացել, երկրորդ անգամ փոխել է արդեն մոխրամանս: Չեմ էլ նկատել: Էսպես է: Անվերջ ու անընդհատ մտածում ես, հիշում ու կարոտում, իսկ օրերդ ճմռթվում են ու թափվում հետևի բակի մի աղբամանում, բոլորից թաքնված պատի հետևում: Իսկ դու շարունակում ես մնալ էդ ամենի հետ ու մեջ: Տեսնես քանի շիշ ու մոխրաման կլցնեմ ու կդատարկեմ, մինչև անցնես: Հաշիվն եմ ուզում: Մի քանի հազար դրամ վճարիր ու հանգիստ դուրս արի, քեզ պահող չկա: Մի օր հաշիվն ուզեմ, ինչքան է էս ամենը կազմելու՝ տամ, փակեմ ու դուրս գամ վերջապես: Վերջանա: Պահող չլինի:

 

Կարծիքներ

կարծիք