Մարաղա.  Լռեցված ցեղասպանություն

 Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցավ թերևս ամենաողբերգականը. ադրբեջանական զինուժը գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը, խոշտանգեց և  կոտորեց ապաստարաններում պատսպարված մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների.  Ռոզա Բարսեղյանին և Ժորա Ստեփանյանին կացնով մասնատեցին, Այլոշա Հովհաննիսյանին, Վանյա Մարությանին և իր կնոջը` Ռայային, բենզինով այրեցին Մարաղայի կոտորածը համարվում է լռեցված ցեղասպանություն, այն  հանրային լայն ճանաչում չունի: Այս ոճրագործության մասին քիչ է խոսվում, կադրերը և լուսանկարները քիչ են, սակայն կան մարդիկ, ովքեր դեռ հիշում են արյունալի այդ օրը:

«Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարաղայի կոտորածից 27 տարի անց «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Նարինե Աղաբալյանի՝ «Մարաղա» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է այն մասին, որ 1992 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ 20-րդ դարում հայ ժողովրդի, ըստ էության, երրորդ ցեղասպանությունը, անզեն մարդիկ դաժան խոշտանգումների ենթարկվեցին և մահացան միայն նրա համար, որ հայ են և ապրում են իրենց պապենական հողում:

Մարաղա գյուղը Լեռնային Ղարաբաղի հինավուրց բնակավայրերից էր, այն Գանձակ Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա Ղարաբաղի դարպասն էր, նավթային կարևորագույն հանգույցներից մեկը: Ըստ 1989 թվականի մարդահամարի, գյուղում ապրում էր շուրջ 5000 մարդ՝ հիմնականում հայ։ 1992 թվականի ապրիլի 10-ին, առավոտյան ժամը հինգին սկսվում է Մարաղայի   հրետակոծությունը: Սովետական բանակի մեծաթիվ տանկեր՝ հիմնականում ռուս սպաների մասնակցությամբ, մտնում են գյուղ՝ ճամփա բացելով ադրբեջանցիների համար: Կեսօրին մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը՝  1000 զինվոր 20 զրահամեքենայի ուղեկցությամբ, ներխուժում են գյուղ և սկսում խաղաղ բնակչության խոշտանգումները։ Հայկական  ինքնապաշտպանական ուժերը՝ 60 հոգուց բաղկացած խմբերով, փորձում են պաշտպանել իրենց հայրենի գյուղը, սակայն ժամեր անց, հասկանալով, որ անհնար է դիմադրել անհավասար մարտում, նահանջում են: Բնակչության հիմնական մասը հասցրել էր լքել գյուղը, իսկ ովքեր չէին հասցրել կամ չէին ցանկացել լքել իրենց վաղնջական հողը, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհը դարձան։ Մարաղայում ապրիլի 10-ի կեսօրին մնացել էին մոտ հարյուր մարդ՝ հիմնականում տարեցներ, կանայք և երեխաներ, ովքեր պատսպարվել էին  նկուղներում։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված ոճրագործության արդյունքում նրանցից շատերը դաժանաբար սպանվեցին, մի քանի տասնյակ գյուղացիներ, այդ թվում երեխաներ,  գերեվարվեցին, որոնց մի մասը հետագայում փոխանակվեցին, իսկ մյուսների  ճակատագիրը մինչ օրս  համարվում է անհայտ: Մարաղացիները զրկվեցին իրենց պապենական օջախից և ունեցվածքից: Ադրբեջանցիներն ամեն ինչ թալանեցին և հրի մատնեցին հայերի տները: Երբ հաջորդ օրը հայկական զինված ուժերն ազատագրեցին Մարաղան, հայտնաբերեցին հայերի խեղված դիակները՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված, մայրը սպանված էր՝ կրծքին դրված երեխայի դիակը։ Խաղաղ բնակիչների դեմ  Մարաղայում իրագործված ռազմական հանցագործությունների մասին վկայել են «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ Մարաղա էին այցելել կոտորածից անմիջապես հետո:  Ինչպես վկայում է  Քերոլայն Քոքսը, Մարաղայի՝ գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։

«Մարաղա» փաստավավերագրական  ֆիլմում մեջբերվում է Քերոլայն Քոքսի հարցազրույցը. «Այն, ինչ մենք տեսանք Մարաղայում, նկարագրել  հնարավոր չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհված իրենց մերձավորներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Ես ունեմ այդ օրվա նկարները, որոնցում պատկերված են գլխատված դիակներ, մարդկանց մոխրացած մասունքներ, և կա մի սահմռկեցուցիչ լուսանկար, որում մի ծերունի է՝ ձեռքում բռնած հարևանի ականջը: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ բնակիչների կտրած գլուխներ, երեխաների դիակներ, մարմնի մասեր և արյունոտ հող, որտեղ սղոցել էին մարդկանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները յաթաղանով նշան էին արել դիակների վրա»: 

Քերոլայն Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»:

Մարաղան այսօր էլ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն անցնում է Մարաղայով: 1992 թվականից ի վեր շատ  մարաղացիներ արտագաղթեցին, իսկ նրանք, ովքեր չհեռացան Արցախից, վերաբնակվեցին Կըզըլ Քենգերլի կոչվող գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա:

Մարաղացիների վկայությամբ՝ գերեվարված և հետագայում փոխանակված իրենց համագյուղացիների  մեծ մասը գտնվել է սոսկալի վատ վիճակում և կարճ ժամանակ անց մահացել: Նրանք հաճախ ամաչել են պատմել իրենց հետ կատարվածի, ադրբեջանցիների անմարդկային, ստորացուցիչ վարմունքի  մասին:

Մարաղայի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը  մարդու իրավունքների խախտման, սպանության, գլխատման, խոշտանգման ու պատերազմական հանցագործության անհերքելի դեպք է: Եվ ամոթալի է, որ երկիր մոլորակի վրա կա մի ազգ, որը Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևին շնորհել  է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։  Ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, այնպես էլ Մարաղայում  Ադրբեջանի կողմից, ըստ էության, շարունակվեց հայերի էթնիկ զտման, ջարդերի ու բռնի տեղահանությունների  քաղաքականությունը։  Տեղահանված շատ հայեր, ցավոք,  ցայսօր կրում են այդ զարհուրելի քաղաքականության ֆիզիկական, նյութական և հոգեբանական  սոսկալի հետևանքները, և առ այսօր  իրավական պատշաճ գնահատական չի տրվել մարդկության դեմ կատարված այդ հանցագործություններին՝ համաձայն  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի:

Մարաղայի ոճրագործությունը համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը:

Մարաղացիները  Նոր Մարաղա այցելող օտարազգի հյուրերին,  ԵԱՀԿ փաստահավաք առաքելության խմբերին չեն դադարում ներկայացնել  պատմական ճշմարտությունը և դատապարտել այն անտարբերությունը, որն առ այսօր ցուցաբերում է քաղաքակիրթ աշխարհը՝ լռելով ու չդատապարտելով Մարաղայում իրագործված կոտորածը… Մարաղայում իրականացված ոճրագործությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի   բիրտ խախտումը, լուռ աղաղակում է առ այն, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների՝ 20-րդ դարի ցեղասպանությունների   անպատժելիությունը   հանգեցնում է դրանց կրկնությանը…

 

 

 

Կարծիքներ

կարծիք