Բառարանը դիահերձման սեղանին

Հեղինակ:

Դուրս հանելով իմ միջից կենդանական եռանդը՝ ես կեղտոտ ձեռքերով, որոնց վրա մնացել են իմ չծնված երեխաների արձագանքները, վերցնում եմ գրիչս, որ կրկին մտնեմ մի ճամփորդության մեջ, որը կտանի ինձ դեպի իմ անդունդը: Անդունդը, որը, նայելով իմ մեջ, վախ է ապրում և գլխապտույտ:

«Ոչ մի օր առանց տողի»  արտահայտությունը ես փոխում եմ «ոչ մի տող առանց ապրված օրվա» -ի հետ: Տողերի վրայից պետք է կյանքի հոտ գա՝ տղամարդու հոտ: Այդ հոտը կգրգռի թանաք սիրող կանանց:

Թանաքը ծորում է՝  իր մեջ խեղդելով չգրված գրքերը: Ամբողջ գրքից մնում է միայն թանաքի հոսող գետը, որը տանում է իր մեջ հազարավոր ձեռագրեր:

Քաղաքը այսօր թաքնվում է ինձնից, քաղաքը այսօր փակել է իր բոլոր դռները և բառարանները: Բայց ես հերձում եմ նրան և գիտեմ, թե ինչից է այս քաղաքը բաղկացած:

Բառարանում ես գտնում եմ երկու բառ:

 

ԲԱՌ ԱՌԱՋԻՆ

ՔԱՂՔԵՆԻ

 

  1. Քաղաքացի, քաղաքաբնակ
  2. Սահմանափակ հայացքների տեր մարդ

 

Քաղաքը ունի իր օրենքները և ունի սեփական սահմանները: Եթե դու ապրում ես քաղաքում այդ օրենքներով, ուրեմն քաղաքաբնակ ես, այսինքն՝ քաղքենի: Եվ քանի որ ապրում ես որպես քաղաքացի այդ սահմանների մեջ (հակառակ դեպքում դու չէիր լինի քաղաքացի), դու ձեռք ես բերում այնքան, ինչքան քաղաքն է տեղավորում իր մեջ: Դու նայում ես քաղաքի երկու սահմանին: Սահմնանները փակ են դրսից եկողների համար: Փակ սահմանների կամ սահմանափակ հայացքների պատճառով դու դառնում ես իսկական քաղքենի:

Այսինքն՝ քաղաքացին ինքնին արդեն քաղքենի է:

 

ԲԱՌ ԵՐԿՐՈՐԴ

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ

 

  1. Մշակույթ, քաղաքակրթություն ունեցող
  2. Բարեկիրթ, կրթված

 

Այսինքն՝ այն կրթությունը, որ մենք ստանում ենք քաղաքում, կոչվում է քաղաքակիրթ, որն էլ իր հերթին նշանակում է բարեկիրթ և կրթված: Միայն քաղաքի ապրողը կարող է իրեն կրթված համարել:

 

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

 

Քաղակիրթ մարդը նույն քաղքենին է, ով քաղաքացի է, այսինքն՝ կրթված և բարեկիրթ: Իր կրթվածությունը տեղավորվում է լուցկու տուփի մեջ, քանզի նա սահմանափակ հայացքների քաղաքակրթության մեջ է ծնվել: Նա իրեն համարում է այս քաղաքի լիիրավ անդամ և երջանիկ է իրեն զգում այս քաղաքային մշակույթի մեջ, որը իրականում քաղքենիություն է՝ բարեկիրթ քաղքենիություն:

 

Փակում եմ բառարանը և պատուհանից շպրտում: Փողոցային շները լափում են թղթերը: Ստամոքսահյութը խառնվում է բառերին, և մարսվում-գնում են այս տականք քաղաքի գաղտնիքները:

 

 

(Հատված «Ճարտարապետական մուտացիա վեպից )

 

 

Կարծիքներ

կարծիք