Մի՜  ավարտվիր, բանաստեղծություն

Հեղինակ:

Մի՜ ավարտվիր, բանաստեղծությու՛ն…

Օրը մկրտվում է առավոտյան ամպալույսին` զարթոնքի կաթիլներով և մի հայրենիք արևով:

Օր, որ մեզ տրված է ապրելու համար: Ապրելու այնպես, ասես, վերջին անգամ… Ասես, խնդրելով, որ հարատևի այս հրաշքը, մտքերը արարվեն անտագնապ, անցորդ չկոչվեն մարդիկ:

 

 

***

Անցո՛րդ,

քեզ ո՞վ անվանեց

Անցորդ:

Երևի նա էլ էր

Անցորդ….

Բանաստեղծը իր արարման աշխարհը լցնում է օրերով, ասես, կյանք է տալիս գրականությանը, բառին` խելագարվելու չափ սիրելով, խենթանալու չափ ափսոսալով…

Մտքերը լեցուն են սիրով և ափսոսով: Ստեղծագործություն, որ ընթերցողի հոգու խորքում իր հոգին ունի` մնայուն, սակայն անավարտ, կիսատ, բայց անթերի: Ապրումների և տառապանքի, հույսի և որոնումների շղթա, որ տանում է դեպի հավիտենություն, որ լեռների հովն ունի և գետի կարկաչը, վշշոցն ու խորությունը…

Ասել է թե`

արթնացել ես այսօր,

որ վաղը հիշես,

թե ինչ էիր անելու երեկ:

Ասել է թե`

երկու խնձորներից

քեզ չի հերիքում

երրորդը

և անընդհատ թվում է, որ այդ պահին

մեկը տրոփում է

քո մասին……

 

Բանաստեղծական չափ և ռիթմ, որը կերպ է տալիս ապրումին, մտորմանը և վերհուշին: Սահուն ընթացք` մտքերի և բովանդակության, ներհյուսված փիլիսոփայական հարցերով:

***

Ես գիտեմ, կրակներ կվառվեն երկնքում,

Կանիծեն շները մերկ լուսնին անառակ,

Եվ ինձ էլ սիրո մեջ կխաբի իմ հոգին,

Եվ ես էլ իմ սիրտը կանիծեմ հողի տակ:

 

Բայց կիջնեն արևներ, ինչպես լույս մանուկներ,

Կխաղան հարյուր խաղ, կթամբեն հազար ձի,

Եվ մի օր էլ, գիտեմ, ծառերը կաղմկեն,

Արցունքները կթափվեն տաքացող քարերին……

Բառը հոգիս առել է իր գրկի մեջ, տանում է Դեբեդ գետի ափ, ժայռերի մեջ քանդակում է մի անաղարտ մանկություն, մի զվարթ պատանություն և մի ճերմակ երիտասարդություն: Նարեկացի հիշեցնող այս պոեզիան լի է հակադրություններով. Արարատ Մկրտումյանը  հակադրում է երկու եզրեր. Սկիզբ և Վերջ, Մոտ և Հեռու, Ծնունդ և Վախճան…

ԷՊԻՏԱՖԻԱ

Մենք մեր աչքերը ընծայեցինք Աստծուն,

— Քի՜չ է, քրքջաց Սատանան:

 

Մենք մեր մարմինը ընծայեցինք Աստծուն,

— Քի՜չ է, քրքջաց Սատանան:

 

Մենք մեր երգերը ընծայեցինք Աստծուն,

-Աստված խելագարվե՜ց,-քրքջաց Սատանան:

Կյանքի շրջապտույտն է. Փոքրիկ աղջնակ, Ծերացած կին.

***

Դու նկարեցիր քո ժպիտը տերևներին, և

մարդիկ ասացին` ամառ է:

Եվ մի աղջնակ անչափ ուրախացավ,

որ խաղալու համար ցուրտ չի լինի…..

Աղջիկ, որ խաղում է, ջերմ է աշխարհը ժպիտից: Իսկ մայրամուտին` ցուրտ չէ, պարզապես.

 

Դու հավաքեցիր քո տերևները մայթերից, և

մարդիկ ասացին` ողորմի…

և մի պառավ սահեց դեպի լույսը… և

ուրախացավ, որ խաղալու համար

ցուրտ չի լինի…

 

Հարատև լիներ կյանքը: Արևն անհագ ապրեինք և չավարտվեր այն: Ընթերցում եմ Արարատ Մկրտումյանի  պոեզիան և մի միտք է անընդհատ վերուվար անում. Մի՛ ավարտվիր բառ: Երկարի՛ր բառ, և քո անընդհատության մեջ առ օրերն այս: Օրերը` շաբաթներ, ամիսներ, տարիներ… Սերը հիմքն է բառի, ստեղծան, արարման: Տրտմություն չկա: Կա անհագ կարոտ` անցած օրվա և նոր օրվա նկատմամաբ. Հորինելու նորովի, ապրելու այնպես, ասես, վերջանալու է` ուր որ է: Ասես, ինչ-որ մեկը մեզ օր է նվիրում.

Կողպի՛ր բառերը, բացիր աչքերդ, նայի՛ր աղջկան.

Եվ դեռ մերկ է նա, և դեռ նման է տաք ելևէջի,

Ուրիշ հնչյուններ այս երգ աշխարհում չեն լինի, չկան,

Վերջին երգն է սա, վերջին աղոթքն է ու դարձը վերջին:

Նորից բարձրանում, նորից իջնում է լեգենդը Նոյի,

Ցուրտ-ցուրտ ճոճվում է տապանը դեմքին այս լուսաբացի,

Եթե տաք հուշ կա դեռ այս օրերում իմ նախահորից,

Ի՞նչ է կոչվելու ծեր աճպարարի վախճանից բացի:

Ալլեե~… հոպ.

Ալլեե~…

Մի հավերժություն Սեր և մի հարատևություն Ափոսանք.

Մի՛ ավարտվիր, բանաստեղծություն:

 

 

 

Կարծիքներ

կարծիք