Ստվերը

Հեղինակ:

Հայաստան վերադառնալիս սիրտս տրոփում էր: Քսան տարի բացակայությունից հետո, թեկուզ և կարճատև, վերադառնում էի հայրենիք: Չեմ ուզում ասել այցելում էի, որովհետև այցելությունը մի տեսակ տուրիստին է բնորոշ: Իսկ ես տուրիստ չէի, ես գալիս էի հայրենիքս:    1995-ին, երբ թողեցի Հայաստանը և մեկնեցի Լոս Անջելես, գաղափարը, որ մի օր կգամ Հայաստան, ամենևին իրական չէր թվում: Այն ժամանակ մտածում էի միայն գնալու մասին: Երազում էի դուրս գալ տաղտկալի, գորշ վիճակից, որ պարուրել էր հոգիս և միտքս: Հայտվելով Ամերիկայում՝ ընկնում ես մի նոր իրավիճակի մեջ: Նոր Աշխարհ, նոր մարդիկ, նոր համեր, նոր հոտեր, նոր աշխատանք և վազք, վազք: Հայաստանի մասին չես էլ մտածում: Կարոտում ես, իհարկե, ընկերներիդ, հարազատներիդ,  բայց ինքը՝ երկիրը, դառնում է հեռավոր, մշուշոտ մի գաղափար, սպիացած մի վերք հոգուդ խորքում, որին վախենում ես կպնել, որ չարնոտի: Հետո, տարիների հետ Հայաստանը նորից սկսում է կենդանանալ, գույներ ստանալ: Լուրերից, խոսակցություններից, Հայաստանի ընկերներից, որոնց հետ դեռ պահպանել ես կապը: Ամերիկայի ընկերներից, որոնք այցելում են Հայաստան և վերադառնալով պատմում… և կամաց-կամաց այդքան էլ ֆանտաստիկ չի թվում միտքը, որ մի օր էլ դու կարող ես վերադառնալ, քայլել հարազատ փողոցներով, տեսնել մոռացված դեմքեր, շնչել Երևանի օդը:  Հիմա, այսքան տարի անց ես գալիս եմ տուն: Երկու շաբաթվա այցս հստակ պլանավորել էի:  Կգնամ Տաթև, Սևանում ձուկ կուտեմ: Շատ էի ուզում Նորավանք գնալ, Հայաստանի մի հրաշք անկյուն, որը միշտ սիրել եմ:Կթափառեմ Երևանի փողոցներով… Կարոտը խեղդում էր ինձ: Կար նաև մի շատ կարևոր  հարց, որ պետք է լուծեի: Անպայման պետք է հայաստանյան անձնագիր ստանայի: Վաղուց երազում էի երկքաղաքացի դառնալ: Շատ էի ուզում: Իմ համոզմամբ՝ ՀՀ քաղաքացի դառնալը ինձ կկապեր Հայրենիքիս հետ ավելի ամուր կապերով:  Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության  միջոցով փորձեցի այդ հարցը լուծել, սակայն չստացվեց: Մերժման կոնկրետ պատճառը չասացին, ասացին՝ Հայաստանում ինչ-որ թղթաբանական խնդիր կա, OK չեն տալիս:

Հայաստան գալուս պատճառներից մեկը նաև դա էր: Պարզեմ մերժման պատճառը և լուծեմ այդ հարցը: Իմ համոզմամբ՝ ոչ մի արգելք չպետք է լիներ, ես օրենքը կարդացել էի: Զվարթնոց օդանավակայանում ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես սիրտս սկսեց ուժեղ բաբախել: Գիտակցեցի՝ Հայաստանում եմ: Այդ պահից սկսած՝ ժամանակը թռավ,ինչպես երազի մեջ: Տարօրինակ զգացողություն էի ապրում: Կարծես երբեք բացակայած չլինեի Երևանից: Հիմա Լոս Անջելեսը, Ամերիկան այնքան հեռու և անիրական էին թվում: Այնպիսի տպավորություն էր, կարծես ընդամենը մի 2 ամիս բացակայությունից հետո եմ վերադարձել: Քաղաքը, իհարկե, շատ էր փոխվել: Մանավանդ կենտրոնը: Կարծես Եվրոպայում լինեի: Գեղեցիկ սրճարաններ, ռեստորաններ: Մինչև գիշերվա ուշ ժամը՝ աշխուժություն: Մարդիք զբոսնում են փողոցներում: Իսկ աղջիկնե՜րը: Աղջիկների գեղեցկությունը ամեն քայլափոխի ուղակի շլացնում էր: Ցավոք, ծանոթ դեմքեր համարյա չկային: Դե, մեր սերնդից շատերն իմ նման պանդուխտ դառան և ցրվեցին աշխարհով մեկ: Նոր դեմքեր էին, նոր մարդիկ: Հին հիշողություններից էլ շատ բան չէր պահպանվել: Մեր հին փողոցի մթերայինի տեղում, որտեղից միշտ առևտուր էի անում երիտասարդ ժամանակ, հիմա բրենդային շորերի խանութ էր: Բակի մանկապարտեզի տեղում՝ ինչ-որ օլիգարխի տուն: Դե, մեր բնակարանն էլ վաղուց մերը չէր: Հիմա փողոցից նայում էի մեր պատուհաններին և փորձում գուշակել, թե ով է այնտեղ ապրում: Բայց  քաղաքի շունչը նույնն էր: Ամեն վարկյան զգում էի, որ իմ Երևանում եմ: Ընդհանրապես զարմանալի է, բայց Երևանը մի տեսակ կոսմոպոլիտ քաղաքի տպավորություն թողեց: Չնայած օտարազգի տուրիստներից բացի համարյա բոլորը իայեր են, քաղաքը բավականին բազմաշերտ էր երևում: Երևի նրանից էր որ ամեն տեղից հայեր կային՝ սիրիահայեր, ռուսահայեր, Եվրոպայից եկած հայեր: Լոսի իմ ծանոթներից էլ տեսա փողոցում:  Այցելությանս չորրորդ օրը գնացի ՕՎԻՐ, անձնագրիս համար:  Լրացրի դիմումը, կցեցի նկարներս: Դե, ինչպես կարգն է: Դիմումն ընդունող երիտասարդին ասացի, որ փորձել եմ Լոս Անջելեսից ստանալ անձնագիրը, բայց՝ ապարդյուն: Նա ինչ-որ բան փնթփնթաց, գնաց-եկավ, գրառեց հեռախոսիս համարը և ասաց, որ ինձ հետ անպայման կկապվեն: Երկու օր անց զանգ ստացա, և ինձ հրավիրեցին ՕՎԻՐ: Մի պահ զարմացա: Հնարավո՞ր է արդյոք, որ անձնագիրս երկու օրում պատրաստ լինի: Ոգևորված իջա: Գտնելով համապատասխան գրասենյակը՝ դուռը թակեցի և մտա: Ինձ դիմավորեց սառը դեմքով մի տիկին և հրավիրեց նստել: Նստելուս պես տիկինը, ակնոցների տակից վրաս հայացք գցելով, սառը տոնով ասաց, որ ցավում է, բայց ինձ ՀՀ քաղաքացու անձնագիր այս պահին չեն կարող տրամադրել: Ինչ-որ տեխնիկական խնդիր կա, նշեց նա: Թե որն է այդ տեխնիկական խնդիրը՝ նա այդպես էլ չկարողացավ ինձ բացատրել, տպավորություն ստեղծելով, որ ինքն էլ լավ տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում: Ես, իհարկե, որպես Ամերիկայի քաղաքացի հեշտ չհանձնվեցի: Պնդեցի, որ իմ իրավունքն է իմանալ, թե մերժման պատճառը որն է: Պահանջեցի, որ ինձ հենց հիմա կամ տան իմ անձնագիրը, կամ էլ գրավոր փաստաթուղթ, որի վրա հստակ նշված կլինի մերժման պատճառը:  Տիկինը, տեսնելով, որ ես այդպես հեշտ չեմ նահանջի և բավական լուրջ եմ տրամադրված, խնդրեց, որ սպասեմ: Մոտ տասը րոպե ինձ սենյակում մենակ թողնելուց հետո վերադարձավ: Դիմացս նստելով և ակնոցների տակից նույն սառը հայացքը վրաս գցելով ասաց.

-Պարոն Մինասյան, ձեզ անձնագիր տրամադրելու արգելքը մեզ եկել է Պետանվտանգության Կոմիտեից…

ՊԱԿ-ի՞ց։ Մի պահ աչկիս առաջ եկավ սովետական իմ մանկությունը: Երբ վզկապներ կապած Մայիսի 1-ն շարքով մտնում էինք հրապարակ:

-Մտնում են Մյասնիկյանի շրջանի աշակերտները ,- խրոխտ ձայնով թնդում էր հրապարակի վրա,-  Ուռռաա:

Ինչո՞ւ է ՊԱԿ-ը դեմ, որ ես վերականգնեմ Հայաստանի իմ քաղաքացիությունը: Միտքս սկսեց արագ պտտվել: Ես ոչ լրտես եմ, ոչ խաբեբա: Ոչ էլ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում: Փորձեցի հիշել, թե իմ կյանքում ինչ եմ արել, որ կարող էր հետաքրքրել ՊԱԿ-ին, բայց՝ ապարդյուն: Կասկածը ավելի խորը սկսեց տանջել հոգիս:

-Եթե ցանկանում եք պարզել, թե ինչն է խնդիրը,- շարունակեց տիկինը,- կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով և ժամադրվել պրն Աշոտ Մինասյանի հետ, ես ուրիշ ոչնչով չեմ կարող ձեզ օգնել:

Մի պահ ծիծաղս հազիվ զսպեցի: Աշոտ Մինասյան, նույն իմ անուն-ազգանունն է: Դե իհարկե, անունն էլ, ազգանունն էլ բացառիկ չեն մեր իրականության մեջ, սակայն պահը մի քիչ կոմիկական էր:

-Շատ լավ,- ասեցի ես, համարը վերցրի և դուրս եկա: Շենքից դուրս գալուն պես ինձ պատեցին տարօրինակ զգացողություններ: Ջղայնություն, վիրավորանք, հետաքրքրություն: Ամեն ինչ խառնվել էր իրար: Պահ,-մտածում էի ես,- ուրեմն ես, իմ ամերիկյան անձնագրի զուգահեռ, ուզենամ հայկականը ստանալ, դուք էլ մի հատ պոչ խաղացնեք: Ինքներդ պետք է ինձ խնդրեք: Ավելի շատ դա ձեզ է պետք, քան ինձ: Հետո էլ ներգաղթից են խոսում,- մտածում էի ես:

Վիրավորանքիս չափ չկար: Թվում էր, թ Հայաստանը փակում է իր դռները իմ առջև: Ես ձեռքերս բաց վազում եմ իր գիրկը, իսկ նա երես է թեքում ինձնից: Սարյան փողոցի վրա իմ սիրած ռեստորաններից մեկի դիմաց ազատ սեղան կար, և ես նստեցի: Մի բաժակ գինի պատվիրեցի և փորձեցի հանգստանալ: Կարմիր գինու մի երկու կենարար կումի հետ միասին մտքերս կամաց-կամաց հանդարտվեցին:

-Ախր Հայաստանը չէ, որ դուռը փակում է քո առաջ: Սա ինչ-որ հերթական չինովնիկ է, Սովետից մնացած բյուրոկրատական ապարատի մնացուկ, որ ուզում է ինձ զրկել իմ իրավունքից,- ասում էի ես ինքս ինձ: Մոտս կարծես դեժավյու լիներ: Հիշեցի, որ 95-ին, Հայաստանից գնալուց առաջ էլի նույն մտքեր էին իմ գլխում:

-Երկրից պետք չի նեղանալ,- համոզում էի ինքս ինձ: Համակարգն է աղտոտված, մարդիկ, բայց ոչ Հայրենիքը:Ոչինչ չի փ ոխվել,- մտածեցի ես: Գինին սկսում էր հաճելիորեն ազդել: Առջևում երևանյան ամառային երեկոն էր: Մի՞թե արժե տխրել: Միևնույն է, նրանք չեն կարեղ ինձ արգելել Հայրենիք այցելել: Երբ կուզեմ՝ կգամ, երբ կուզեմ՝ կգնամ… և ընդհանրապես ուր կուզեմ՝ կգնամ,- նստած մտածում էի ես: Բայց ի՞նչն է մերժման պատճառը և ո՞վ է այդ Աշոտ Մինասյան կոչվածը. մտքիս խորքերում ծվարած հետաքրքրասիրությունը բավարարում էր պահանջում:

Հաջորդ օրը ծրագրված էր իմ երկօրյա ճամփորդությունը Արենի և Տաթևի վանք: Չքնաղ բնությունը, աստվածային վայրերը, համեղ գինին հոգիս լցրին և մեծ հաճույք պատճառեցին ինձ: Երևան վերադարձա՝ բոլորովին մոռացած անձնագրի հետ կապված խնդիրը: Հաջորդ մի քանի օրերը քաղաքում նորից թռան կայծակնային արագությամբ:  Ընկեր, բարեկամ, իմանալով, որ Հայաստանում եմ, բոլորն էլ ուզում էին հանդիպել, ինչ-որ տեղ հրավիրել… Դժվար է ոչ մեկին չնեղացնելը: Չէ, մյուս անգամ անպայման պետք է ավելի երկար ժամանակով գամ,- մտածում էի ես: Գոնե մի ամիս պետք է: Տեսնես ե՞րբ կլինի մյուս անգամը,- մտածում էի ես: Իհարկե, ոչ ևս 20 տար անց: Ես չեմ դիմանա, անպայման պետք է մոտակա 2 տարում նորից գամ Հայաստան: Ախր անտերը շատ հեռու է, գոնե Եվրոպայի նման լիներ 3-4 ժամ, թե չէ…

Մտքերս նորից խառնվեցին, տարան ինձ Լոս Անջելես… hետ բերեցին Հայաստան …

Նորից հիշեցի անձնագրիս հետ կապված խնդիրը: Ինձ մի տեսակ պարտված էի զգում, իսկ ես չեմ սիրում պարտվել: Հանեցի դրամապանակս և  գտա տիկնոջ տված հեռախոսահամարը: Մեխանիկորեն հավաքեցի այն: Մի քանի զանգից հետո հեռախոսին պատասխանեց երիտասարդ կնոջ ձայն:

-Այո՞:

-Բարև ձեզ, ինձ այս համարը տվել են ՕՎԻՐ-ից, անձնագրի հետ կապված:

-Այո, -նորից լսվեց հեռախոսափողի մեջ:

-Ինձ ասել են, որ հանդիպեմ պրն Աշոտ Մինասյանի հետ,- շարունակեցի ես:

-Ձե՞ր անունը,- հարցրեց  կինը:

-Գիտեք, իմ անունն էլ է Աշոտ Մինասյան,- քմծիծաղ տվեցի ես:

Լսափողի ձայնը ոչ մի հույզ չարտահայտեց:

-Ես ձեզ կհեռաձայնեմ մի քանի րոպեից,- ասեց և կախեց լսափողը:

-Լավ, կսպասեմ,- ասեցի արդեն անջատված խոսափողի մեջ: Նորց մի տեսակ նյարդայնացա: Ամեն անգամ սրանց հետ շփվելիս ջղայնանում եմ,- մտածեցի ինքս ինձ: Մի քանի րոպե հետո հեռախոսս ծնգաց, և նույն ձայնը, առանց որևէ զգացմունք արտահայտելու, արտաբերեց.

-Վաղը ժամը 12-ին եղեք Նալբանդյան 47 հասցեում, պրն Աշոտ Մինասյանը ձեզ կընդունի: Նորից, առանց իմ պատասխանին սպասելու հեռախոսը անջատվեց: Վաղը, վաղը իմ վերջին օրն էր Հայաստանում: Վաղը գիշերը ես վերադառնում էի Լոս Անջելես:

-Ինչո՞ւ զանգեցի,- կշտամբեցի ինքս ինձ: Միգուցե հույս ունեի, որ իմ զանգին ոչ ոք չի պատասխանի: Կամ մտածում էի, որ կասեն, թե Աշոտ Մինասյանը արձակուրդում է կամ պարզապես ինձ չի կարող ընդունել… Բայց երկու հարց հուզում էր ինձ: Առաջինը՝  անպայման ուզում էի իմանալ մերժման պատճառը, իսկ երկրորդը՝ ուղղակի հետաքրքիր էր տեսնել իմ անվանակցին: Մի անհասկանալի պատճառով այդ մարդու անձը ինձ հետաքրքրում էր: Հաջորդ առավոտ ժամը 11:45-ին ներկայացա համապատասխան հասցով:

-Խնդրեմ, հաղորդեք պրն Աշոտ Մինասյանին, որ եկել է…  Աշոտ Մինասյանը,- ասեցի ես ընդունարանում նստած սիրունիկ աղջկան: Աղջիկը մի տեսակ քմծիծաղով նայեց վրաս և լսափողը վերցնելով զեկուցեց: Երկու րոպե անց նա ինձ ուղեկցեց աշխատասենյակ: Մտնելով ներս՝ նայեցի շուրժս: Բավականին ընդարձակ սենյակում, լայն գրասեղանի մոտ, ՀՀ նախագահի պատկերի ներքո… նստած էի… ես: Ավելի ճիշտ՝ ես էի և ես չէի: Դիմագծերը կարծես թե իմն էին, մարմնակազմն էլ… սակայն ավելի կոպիտ, մի տեսակ ագրեսիվ: Ես անշարժ կանգնել էի դռան մեջ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Անկարող որևէ բառ արտաբերելու՝ քարացած հայացքով նայում էի սենյակում նստած տղամարդուն:

-Դե ներս արի, ներս արի, ի՞նչ էս կանգնել, ի՞նչ ես հիմար հայացքով քարացել,- Ռուբեն Հախվերդյանի հանրահայտ երգի բառերով  փորձեց կատակել տղամարդը:Ես շարունակում էի մնալ կանգնած:

-Նստի, նստի- ասաց նա՝ ձեռքով ցույց տալով դիմացի բազկաթոռը: Կարծես երազի մեջ, ես մի քանի քայլ անելով ընկա բազկաթոռի մեջ:

-Ես էլ արդեն մտածում էի, որ քեզ երբեք չեմ տեսնի,- քմծիծաղը դեմքին ասաց տղամարդը:

-Չնայած լսեցի, որ մի երեք տարի առաջ դիմել ես Հայաստանի անձնագիր ստանալու համար, հասկացա, որ չես մոռացել հայրենիքդ: Էն հայրենիքը, որ լքեցիր 20 տարի առաջ: Հետո իմացա, որ եկել ես: Վստահ էի, որ մի օր էլ կբացես էս դուռն ու կհայտնվես իմ դիմաց,- նույն հեգնական տոնով շարունակեց նա:

Ես դեռ անշարժ նստած, ապշած նայում էի դիմացիս իմ անհաջող կրկնօրինակին:

-Ապշա՞ծ ես,- կարծես ինքն իրեն ասաց դիմացինս: Բացեց դիմացը դրված հանքային ջրի շիշը և մի բաժակ լցնելով՝ պարզեց ինձ։- Խմի:- Բաժակը մի շնչով դատարկելուց հետո փորձեցի կապակցված խոսք արտաբերել.

-Բայց դուք…

-Ես ո՞վ եմ,- հարցս գուշկելով՝ առաջ ընկավ տղամարդը: Ես գլխով տմբտմբացրի:

-Ես քո ստվերն եմ,- ասաց նա՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով: Երկրորդ բաժակ ջուրը ես ինքս լցրեցի: Հայացքն է տարբեր, մտածեցի այդ պահին ես, հայացքը իմը չէ:

-Լավ, կատակը մի կողմ,- ասացի ես՝ փորձելով տիրապետել ինձ:

-Իհարկե, դուք ինձ նման եք… ինչ-որ չափով, և անուն-ազգանունն էլ նույնն է, եթե, իհարկե, սա կատակ չէ: Բայց ես կատակների ժամանակ չունեմ, ես գիշերը վերադառնում եմ Միացյալ Նահանգներ…

-Հա, գնում ես, նորից գնում ես… ինձ թողնում ես մենակ,- ընհատեց նա և հանկարծ սկսեց բարձրաձայն ծիծաղել: Չեք պատկերացնում, թե ինչ շփոթված վիճակում էի ես: Ուղեղս ամբողջ ուժով ինձ հուշում էր՝ վեր կաց գնա, փախիր այստեղից: Սակայն մարմինս այնպես էր թուլացել, որ նույնիսկ շարժվել ի վիճակի չէի: Լիաթոք ծիծաղելուց հետո դիմացինս նորից կտրող հայացք գցելով վրաս ասեց.

-Աշոտ, ես քո ստվերն եմ,- ուշադրություն չդարձնելով դեմքիս ապշած արտահայտությանը` շարունակեց։

-Դու իհարկե գաղափար չունեիր իմ գոյության մասին: Չէիր էլ կասկածում, որ ես կամ, որ ես գոյություն ունեմ: Բայց ես միշտ եղել եմ քո կողքին, քո ծնված օրից:  Քաղաքի մութ անկյուններում, նկուղներում: Այնտեղ, որտեղ շատ քիչ լույս է թափանցում։ Որտեղ ստվերներն ապրում են իրենց կյանքով: Երբ երեկոյան ժամերին դու քայլում էիր Երևանի փողոցներով, մի գեղեցիկ աղջկա հետ թևանցուկ, ես քո կողքին էի: Ես շարժվում էի լուռ, աննկատ… պատերի տակով: Երբ դու մոդեռն հագնված դուրս էիր գալիս փողոց, ես քո հետ էի: Սև շորերով գալիս էի քո հետևից: Դու լույսն էիր, ես՝ խավարը, դու սպիտակն էիր, ես՝ սևը: Դու ինձ բանի տեղ չէիր դնում: Մեկ-մեկ դու քայլում էիր իմ վրայով՝ նույնիսկ չնկատելով ինձ: Քեզ ճանաչում էին, քեզնով հիանում… քեզ սիրում էին: Իսկ իմ մասին ոչ ոք չգիտեր: Ինձ ոչ ոք չէր սիրում: Ես անտեսանելի էի,- ասեց նա և լռեց՝ կարծես սպասելով իմ արձագանքին:

-Բայց ինչպե՞ս,- մի կերպ արտաբերեցի ես:

-Ինչպես է դա հնարավո՞ր,- նորից ընդհատեց նա ինձ:

-Դե, մի օր դու գնացիր — շարունակեց նա։- Ես իհարկե գիտեի քո այդ մտադրության մասին, էդ քո նայած ամերիկյան ֆիլմերը, էդ քո լսած երաժշտությունը: Ես զզվում էի այդ ամեն ինչից:  Քո լսած ջազից էլ, քո հագած շորերից էլ, քո կարդացած գրքերից էլ, քո մազերի ձևից էլ… Ես ուրիշ էի, ես դու չէի: Եվ քո արտահայտած մտքերը, քո մեծ-մեծ խոսքերը, Ամերիկայի հետ կապված քո երազանքները… Չէս պատկերացնում, թե ոնց էիր դու իմ նյարդերի վրա ազդում,- նա մի պահ լռեց` կարծես ընկնելով հիշողությունների մեջ:

-Դե մի օր էլ դու գնացիր: Ես, իհարկե, տրամադրվել էի, որ գալու եմ քեզ հետ: Բայց միտքը, որ շարունակելու եմ էնտեղ էլ քո ստվերը մնալ, ինձ հեչ դուր չէր գալիս: Մենք գնացինք օդանավակայան: Ու հանկարծ էն պահին, որ դու անցնում էիր սահմանը, մի պահ լույսերը կտրեցին:

-Դե էն մութ ու ցուրտ տարիներն էին, հիշո՞ւմ ես,- մի տեսակ սարկազմով հարցրեց նա:

-Ուղակի 5 րոպեով,- շարունակեց նա:- Ու երբ լույսերը ետ եկան, դու արդեն սահմանի այն կողմում էիր, իսկ ես՝ այս: Այդ պահին ես ընդունեցի իմ կյանքի ամենակարևոր որոշումը: Ես որոշեցի չգալ քո հետևից, ես որոշեցի մնալ: Մնացածն արդեն պատմություն է,- ասեց նա։

-Սուրճ կխմե՞ս,- առաջարկեց ստվերս:- Կամ գուցե կոնյա՞կ։

Ես, իհարկե, խմիչքի կարիք շատ ուժեղ զգում էի այդ պահին, բայց սեփական ստվերիս հետ կոնյակ ըմպելը մի տեսակ զավեշտալի թվաց ինձ:

-Ինչպե՞ս կարող է նման բան լինել,- ճիչի նման թռավ կրծքավանդակիցս:

-Ինչպե՞ս կարող ես դու, իմ ստվերը լինելով, հիմա այստեղ նստած լինել, այս աթոռին։

-Ինչպես կարող եմ ես էս աթոռին նստա՞ծ լինել,- ջղայնացած հարցրեց նա, և աչքերի միջի փայլը իմ դուրը հեչ չեկավ:

-Ինչպես կարող եմ ես էս պաշտոնի՞ն լինել,- ավելի զայրացած կրկնեց նա: Ես, իհարկե, պաշտոնը նկատի չունեի: Իմ ուղեղը պարզապես չէր կարող ընդունել, որ իմ սեփական ստվերը, մարմնացում ստացած, նստած է իմ դիմաց:

-Քեզ թվում է հե՞շտ եմ հասել էս դիրքին,- զայրացած շարունակեց նա:

-Թողեցիր թռար են մութ ու ցուրտ տարիներին, քո համար Ամերիկաներում կայֆերի մեջ էիր:  Մտքովդ էլ չէր անցնում, թե մարդիկ էստեղ ինչեր են քաշում: Փափուկ ապրում էիր քո համար…

-Ես հեչ էլ փափուկ չէի ապրում, ես օր ու գիշեր աշխատում էի,- չգիտես թե ինչի փորձեցի արդարանալ, բայց նա ընդհատեց ինձ:

-Թե՞ քեզ թվում ա հեշտ էր նկուղներից ու մութ անկյուններից դուրս գալ ու հասնել էս դիրքին: Գիտե՞ս ինչերով եմ անցել, ինչեր եմ քաշել…Ստվերս հետ ընկավ հարմարավետ իր բազկաթոռի մեջ, իրեն հավաքեց, հանգիստ ժպտաց և ասաց.

-Բայց տես թե հիմա ուր եմ հասել: Հիմա դու էս եկել իմ մոտ խնդրանքով: Հիմա ես եմ որոշողը:

-Լավ, անունս ինչի՞ վերցրիր: Եթե այդքան ինձնից զզվում էիր, ինչի՞ հենց իմ անուն- ազգանունը վերցրեցիր,- հարցրի ես:

-Ճիշտն ասած, չէի ուզում,- պատասխանեց նա: Սրտովս չէր: Սկզբում ինձ դա հիշեցնում էր քո մասին: Բայց դե ուրիշ ճար չունեի: Քո գնալուց հետո վերադարձա տուն: Մեր բնակարանը, որը դու էտենց անշնորք ձևով լքեցիր ու տարիներ հետո վաճառեցիր: Ոչինչ, ես հիմա նույն բակում տուն ունեմ, սեփական տուն,- մի տեսակ փքվելով ասաց նա:

-Մեր բակի մանկապարտեզը հիշո՞ւմ ես, այ էդտեղ հիմա իմ տունն է։- Ուղիղ նայելով աչքերիս մեջ, կարծես գուշակելու համար, թե ինչ տպավորություն թողեց իր վերջին ասածը՝ շարունակեց.

-Հա, էկա տուն ու անկյուններից մեկում գտա քո ծննդականի պատճենը, որը դու արագ-արագ հավաքվելուց գցել էիր: Ու ըտենց ես կամաց-կամաց դառա Աշոտ Մինասյան:  Դե ես, իհարկե, ինձ Աշոտ Մինասյան չեմ զգում, ինձ պետք էլ չի: Դա ուղղակի անուն-ազգանուն ա: Ես կարող էի լինել Ջոն Սմիթ կամ Իվան Պետրով: Դա էական չի: Ես ազգություն չունեմ: Ես մոլորակի բնակիչ եմ: Կուզեմ՝ վաղը կգամ ձեր էդ Լոս Անջելեսները: Ես ուրիշ արժեքներով եմ ապրում ու ոնց որ թե վատ էլ չեմ ապրում,- քմծիծաղով ավելացրեց նա:

-Լավ, գանք քո գործին, քեզ պարզ ասեմ՝ դու հայկական անձնագիր չես ստանալու:

-Պատճա՞ռը,- չոր հարցրի ես։

-Պատճա՞ռը, նախ որ ես չեմ ուզում: Ես եմ որոշողը ու ես որոշում եմ, որ քեզ չի հասնում: Էն դաժան տարիներին որ մենք երկիր էինք կառուցում, դու ու քո նմանները ստեղ չէիք: Հիմա որ արդեն լավ ա, էկել էս ու անձնագիր էս ուզում: Չեղավ, ախպեր… Մեկել էդ անձնագրի պահով կարող ա սկսեն մի քիչ շատ թղթեր քրքրել: Ծննդական-բան, իսկ դա ինձ պետք չի: Դրա համար արի քո համար հանգիստ գնա-արի: Ես որ շատ ուզեմ, կարող եմ քո մուտքը ընդհանրապես արգելել ես երկիր,- շարունակեց նա, բայց ես հո քո թշնամին չեմ:

-Գնա-արի ինչքան ուզում ես, բայց մի մնա: Ուղիղ աչքերիս մեջ նայելով՝ սառը ձայնով ավելացրեց.

-Քո տեղը ես երկրում արդեն զբաղված ա…

Մի պահ սենյակում քար լռություն տիրեց: Միայն լսվում  էր  ժամացույցի սլաքների ձայնը: Չգիտեի էլ ինչ ասել: Հայացքս ակամա բարձրացավ պատից կախված նախագահի պատկերին: Եթե հիմա նկարը ինձ հետ խեսեր, բնավ չէի զարմանա: Բայց այն լուռ էր: Սառը, անհաղորդ հայացքով նայում էր ինձ:

-Չուզեցիր հետս մի բաժակ բան խմես էլի,- քմծիծաղով ասաց ստվեր Աշոտ Մինասյանը:

-Չէ,- կամաց պատասխանեցի ես, չեմ խմում…

-Հաա,- քմծիծաղ տվեց նա, ամերիկացի ես դառել, առողջությանդ ես հետևում:

Ես լուռ վեր կացա և ուղղվեցի դեպի դուռը:

-Ես գնամ:

-Գնա,- ասաց նա:

Դռան մոտ շրջվեցի: Նրա սառը, մի տեսակ ատելությամբ լցված հայացքը ուղիղ ինձ վրա էր նայում:

-Իսկ շա՞տ կան քեզ նման ստվերներ մարդու կերպարանքով,- հարցրեցի ես: Նա մի տեսակ ջղաձգվեց, բայց արագ իրեն տիրապետելով պատասխանեց.

-Ինչքան որ պետք է, էդքան էլ կան: Համ էլ մենք էլ ստվեր չենք մարդու կերպարանքով: Մենք մարդ ենք, նոր տեսակի մարդ: Մենք նույնիսկ կարող ենք վերարտադրվել և ոչ միայն քաղաքականապես,- ծիծաղելով ասեց նա, ակնհայտորեն շատ գոհ իր կատակից:

-Ընտանիքս է,- ասաց նա՝ ձեռքով ցույց տալով սեղանի անկյունում դրված լուսանկարը: Այս ամբողջ ընթացքում ես չէի նկատել այն: Շրջանակի միջից ինձ էին նայում երիտասարդ մի կին և անչափահաս երկու տղա: Տղաներից մեկը մորն էր նման, մյուսը՝ հորը…  Ես ինձ ստիպեցի ժպտալ, դուռը բացեցի ու դուրս եկա:

Հայտնվելով փողոցում՝ շվարած կանգնել էի ամառային կիզիչ արևի տակ և չգիտեի, թե ուր գնալ: Րոպեներ առաջ տեղի ունեցածն այնքան անհավանական էր, որ թվում էր, թե չի էլ եղել: Ես ուզում էի հետ վազել, բացել աշխատասենյակի դուռը և համոզվել, որ այնտեղ լրիվ ուրիշ մարդ է նստած: Նա ինձ կհավաստիացներ, որ ոչ մի Աշոտ Մինասյան էլ չի աշխատում իրենց հիմնարկում, և որ ես ուղղակի զառանցում եմ: Բայց, ցավոք, ես չէի զառանցում: Սկսեցի աննպատակ քայլել փողոցներով: Նույնիսկ շոգը չէր ազդում ինձ վրա: Դիմացից եկողներին նայում էի կասկածանքով: Սիրահար զույգը, արագ քայլավազքով տղամարդը…  բոլորը անիրական էին թվում: Չեմ հիշում, թե ինչքան եմ այդպես թափառել: Քայլերս ինձ ակամա բերեցին հյուրանոց: Մտնելով սենյակ՝ անմիջապես ինձ գցեցի դեպի մինիբարը և օղու երկու փոքր շիշ լցնելով բաժակի մեջ՝ քաշեցի գլուխս: Մի տեսակ սարսափ էր պատել ինձ: Ուզում էի շուտ իրերս հավաքել, հասնել օդանավակայան ու… Փախչել և էլ երբեք ետ չվերադառնալ: Մոռանալ այս ամենը որպես վատ երազ: Սակայն մինչև թռիչքը դեռ 16 ժամ կար: Չգիտեմ, թե ինչն էր պատճառը՝ սենյակի հաճելի սառնությո՞ւնը փողոցի անտանելի շոգից հետո, թե՞ ալկոհոլը… Աչքերս բացել եմ, երբ արդեն երեկո էր: Արևը օրվա վերջին շողերն էր գցում Երևանի վրա: Բացավառ հորիզոնի վրա հպարտ կանգնել էր Արարատը։  Շենքերի պատուհաններում կամաց-կամաց վառվող լույսերը կարծես աչքով էին անում ինձ: Իմ քաղաքը հանգիստ էր: Մի պահ ահավոր կարոտեցի Երևանը: Բաժանումս ավելի դժվար է լինելու այս անգամ, քան այն ժամանակ, 95-ին, — մտածեցի ես: Առավոտվա հանդիպումը կարծես երազ էր թվում: Մղձավանջ, որ հօդս ցնդեց զարթնելուն պես: Բայց ես գիտեի, որ այդպես չէ: Օդանավակայանում անձնագրաին ստուգումը անցնելուց հետո ակամա շարժվեցի և հետ նայեցի: Սահմանագծի այն կողմում կանգնած էր ստվերս և ձեռքով էր անում ինձ: Ցտեսություն էր ասում: Աչքերս թարթեցի, և նա չքվեց: Տեսիլք էր:

Հիմա երեկոները, նստած Լոս Անջելեսի իմ տանը, հաճախ մտքով սլանում եմ Հայաստան, փորձում պատկերացնել, թե ինչ է հիմա անում ստվերս այնտեղ: Արդյոք իր ընտանիքի հետ հաճելի երեկո՞ է անցկացնում,  թե՞ ընկերների հետ է: Կամ միգուցե պետական հարցե՞ր է լուծում: Նրա խոսքերը մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս։

-Քո տեղը ես երկրում զբաղված ա… Խառը զգացմունքներ են ինձ պատում այդ ամենը վերհիշելիս: Կարծես երկու մարդ լինի մեջս նստած: Մեկն ասում է՝ դե մոռացիր: Թքած Հայաստանի վրա էլ, իրանց վրա էլ: Ի՞նչ էս կորցրել էնտեղ: Դու արդեն ստեղի մարդ էս, Սիթիզեն մարդ էս, գործերդ էլ լավ են: Մոռացի,  էլի, ոնց որ քո ծանոթներիդ մի ստվար մասը: Չեն էլ ուզում հիշել, որ Հայաստան կա, կամ որ իրենք էնտեղ են ծնվել: Բայց մյուս կեսս ըմբոստանում է: Ախր էդպես ո՞նց կլինի: Նկուղից  դուրս եկած ստվե՞րդ պիտի քո տեղը զբաղեցնի Հայաստանում ու հլա մի հատ էլ քեզ ասի, որ դու էդ երկրում տեղ չունե՞ս: Քո սեփական երկրո՛ւմ: Քո ծննդավայրո՛ւմ: Ինչ-որ ոչնչություն փորձի քեզ զրկել քո Հայրենիքից…  Չի՛ լինի էդպիսի բան: Մեջս պայքար է գնում:  Երկու մարդու կռիվ: Ու դա ինձ հանգիստ չի տալիս: Կարծես երկու քարի արանքում լինեմ: Բայց հավերժ պայքար չի կարող լինել: Մի օր մեկը կհաղթի: Ու ես կասկածում եմ, թե որ մեկը: Այն մեկը, որ հզոր զենք ունի: Այդ զենքը կոչվում է Կարոտ:

 

Կարծիքներ

կարծիք