Կոմիտաս-Բանգլադեշ

Անկախության օրն էր։ Գնում էի տատիկիս տեսնելու․ անկախությունս իրենից էր սկսվում, քանի որ նրա տարիքը ինձ հուշում էր, որ մենք հին ժողովուրդ ենք՝ մեր մոտեցումներով ու կարծրատիպերով։ Սիրում եմ ժողովրդիս մուննաթը, որ կապված է զբոսաշրջիկների հետ, քաղաքականության, ընտրությունների, աղջիկների հագուկապի և տղամարդ լինելու հանգամանքի հետ։ Մենք նման ենք համով աղցանի, որ զբոսաշրջիկները փորձում են մեզ ուտել, ուղղակի պետք է ճիշտ չափով աղ անեն, թե չէ չափազանցություններ չենք սիրում: Կոմիտասից մինչև Բանգլադեշ․ էդքան էլ քիչ չի, բայց հեռու էլ չի։ Կարգի բերելով ինձ, այսինքն՝ հագնելով կոշիկներս, դուրս եկա ու քայլերս ուղղեցի դեպի հորքուրենց տուն: Ճանապարհին, կանգնեցնելով 34 համարը, լուրջ դեմքով նստեցի գազել։ Վարորդը, որ միջին տարիքի սովորական մարդ էր, իմ օրն ու անկախությունը ավելի պայծառացրեց․ նրա մագնիտաֆոնում երգում էին ռոքի զավակները՝ Led Zeppelin (Stairway to heaven) և, իհարկե, Queen (The show must go on-ը), ու ես վայելում էի, ինչպես տանը կվայելեի մի բաժակ սուրճը: Այդպես ուղևորների հետ գնում էի տատիկիս տեսնելու, միշտ էլ նա սպասում էր։ Հորքուրենց տան պատուհանով նայելիս թռչելով դեպի անհուն եզերքը՝ հիշողության մեջ պտտում էր իր անցած ուղղին, կարոտով հիշում հորս ու թախծոտ նայում երկնքին՝ բողոքելով, թե մինչև երբ կթրջվի իր աչքերը հիշողություններից կպած: Երբ տան դուռը բացվեց, մի ժպիտ ուղեկցեց ինձ․ կնճռոտված դեմքը ուրախությունից լալիս էր, թոռն է եկել իրեն տեսնելու։ Ես այն մեղավորներից եմ, որ միշտ խոստանում է տատիկին գալ տեսնելու, սակայն օրը հերիք չի անում դեպի Բանգլադեշ գնալու։ Այո՛, բոլոր թոռները հանցավոր են․ միշտ էլ ուշանում են, սպասեցնել տալիս, իսկ նրանց փխրուն սիրտը միշտ էլ հույսով է։ Էս անհույս ժողովրդից մենակ տատուս աչքերն են հույսով լի․ ոչ թե որ մի օր մենք կդառնանք զարգացած երկիր, և ոչ էլ որ արտագաղթը կպակասի, ու իր զավակները կգան դեպի տուն՝ իր մոտ, այլ այն, որ ես կգամ նրան տեսնելու։ Երբ այցելում են նրան, նրա համար լուսավոր են բոլորը՝ պետությունը, կրոնը (տատս կոմունիստ էր, Ստալինին էր սիրում), մարդիկ և նույնիսկ անկախությունը, որն արտացոլվում էր իմ աչքերի մեջ:

 

 

Կուսազրկված Կշեռքը

Մեր հանդիպումը առաջին անգամ անցյալ տարի էր, ձմեռվա գաղտնախորհուրդ ձյան հովանու ներքո։ Առիթը չեմ բարձրաձայնի, այս տողերը չեն պատմի դրա մասին, բայց այդ օրը նա ինձ նվիրեց մի գերմանական գրողի, որը գրում էր ապրելու և մեռնելու ժամանակը, կորուսյալ սերնդի զավակը ինձ չգերեց իր ահեղ վերնագրով, այնուամենայնիվ նվերից չէի կարող հրաժարվել, քաղաքավարության հարցը կամ թեման չէր տանջում ինձ, ուղղակի ումից որ ստանում էի նվերը, նա մաքուր էր ու սպիտակ ինչպես սավանը, որին դեռ չէր կպել կեղտոտ երկոտանին: Ես չէի սխալվում, դա պարզվեց մի տարի հետո, երբ անակնկալ կերպով մեր հանդիպումները սկսեցին շատանալ, այնպես էր ստացվում, որ մենք մի տարածության մեջ հաճախ էինք մենակ մնում, և ես անկարգ երեխայի պես չարաճճիություններս սկսեցի ի կատար ածել: Առաջին անգամ կպնելով նրա ոտքին՝ տեսա, թե նրա դեմքը ինչպես շառագունեց, ես ուղղակի կպա նրա ոտքին, բայց դա արդեն իր համար մեղք էր, նրա մարմինը տղամարդկային շունչը զգացել էր միայն իրանից տասը մետր այն կողմ… Նա կույս էր բառիս բուն իմաստով, հայհոյանքները կարմրացնում էին ականջի եզրերը, իսկ սեռական հայճոյախոսություններս լսելիս կուչ էր գալիս ցրտից կծկվող կատվի նման: Որքա՜ն գեղեցկություն կար այդ միամտության մեջ, ես նախանձում էի նրան, քանի որ մաքուր էր, ամեն կերպ փորձում էի կեղտոտել , որպեսզի մի քիչ հավասարվենք, փորձում էի մի քիչ մարդկայնացնել անմարդկային կերպարանքը, թե չէ հրեշտակի հետ խոսելը դժվար էր ինձ համար: Օրերը գլորվում էին իրենք իրենց, առանց ինչ որ մեկի միջնորդության, իսկ ես արդեն գրկում էի նրա հետույքն ու սեղմում ասես փափուկ խաղալիք, ես խաղում էի նրա փափկության հետ, մի սքանչելի բոհեմ էր, մի խնջույք, որ շարունակվեց հետագայում, և խրախճանքը արդեն կեղտոտում էր մեր տակ գտնվող սավանը, ես կեղտոտեցի նրան, մաքրեցի բարոյական կեցվածքը ու դրա տեղը տեղավորեցի ինձ:

 

 

 

Их много, ищущих меня,

Неповторяемого взгляда,

Неугасимого огня.

А.Блок

Դիպված

Կիրակի էր, պարզ առավոտներից մեկը… Աչքերս հազիվ էին բացվում քնից, թվում էր՝ երկար էի երազ տեսել, որի մանրամասները մնացին ենթագիտակցությանս մեջ: Արևի ճառագայթները, որ ներս էին սողոսկում դրսից պատուհանից, ստիպեցին ոտքի կանգնել: Վեր կենալով փորձում էի հիշել երազը, որը պետք է հավաքեի խճանկարի նման՝ համապատասխանեցնելով փոքրիկ դետալները միմյանց հետ, ինչի արդյունքում կստանայի պատկերի ամբողջ տեսքը: Դեպի խոհանոց քայլելիս աղոտ կերպով աչքերիս առաջ զարնվում է մի շինություն, որը եկեղեցի էր հիշեցնում։ Ամեն կերպ ուղեղս լարելով փորձում էի վերականգնել երազային դիպվածը, սակայն չէր ստացվում: Այսօր մեր գյուղի եկեղեցում պետք է պատարագ լիներ, որին պետք է անպայման մասնակցեի։ Հագնելով շորերս՝ դուրս եկա տնից և քայլերս ուղղեցի դեպի եկեղեցու ուղղությամբ: Եկեղեցու բակը սովորականի պես լցված չէր,տիրում էր անսովոր լռություն: Նրա պատերը արտաքինից խորհրդանշում էին միջնադարը. այն մռայլ և խավար չէր, ինչպես ներկայացնում են պատմության էջերում: Մտնելով եկեղեցի՝ նստարաններից մեկին նկատեցի գանգուր մազերով մի կնոջ։ Ես նրա դեմքը չէի տեսնում, բայց առաջին հայացքից հավատացյալի տպավորություն չթողեց, քանի որ խախտել էր եկեղեցական կանոններից մեկը. նրա գլխին գլխաշոր չկար, որը համարվում էր հավատացյալ կնոջ բաղադրիչ մաս։ Ես հակում ունեի մտածելու, որ կինը միշտ պետք է գլխաշորով լինի, մանկուց աչքերս սովոր էին այդ իրականությանը, սակայն եկեղեցի մտնելու պես կարծես հանդիպեցի մի հեթանոսի, որը շփոթել էր իր սրբավայրը՝ պատահաբար սխալ դուռ թակելով: Իմ դիմաց վեր էր խոյանում Աստվածամոր և մանկան սրբապատկերը, որոնք կարողացել էին իրենց աչքերով մխիթարել հազարավորներին, վառել ապրելու հույսի կրակը, որը լույսի կանթեղի նման տանում էին իրենց հետ եկեղեցուց դուրս գալուց: Կինը հատուկ կերպով էր նայում սրբապատկերին, ոչ հավատացյալի խնդրող աչքերով, դեմքի արտահայտությունը չէր բնորոշում ո՛չ ապաշխարհություն և ո՛չ էլ ափսոսանք։ Աչքերը կարմրած էին, թվում էր, թե մի քանի վայրկյան հետո աչքերից կկաթեն մոխրից մնացած վերջին ծխի քուլաները, սակայն նա կլանված էր սրբապատկերի մեջ. ի՞նչ էր կորցրել կամ ի՞նչ էր փնտրում: Գուշակելու հակումը գալիս էր նույնպես վաղ տարիքից, միշտ փորձում էի կանխատեսել հաջորդ քայլը։ Սակայն այս միջադեպը սովորական դեպքերից չէր, հարց էր առաջանում ՝ առեղծվածը կնո՞ջ մեջ էր, թե՞ սրբապատկերի։ Արդյոք երկխոսությունը կորցրե՞լ էր ժամանակի զգացողությունը, թե՞ ոչ։ Հարցերի տեղատարափը հորդառատ անձրևի նման կուտակվեց գլխիս մեջ՝ փորձելով ինձ շեղել դեպի դուրս, իրականության հորձանուտներ, որտեղ կանգ էր առել կյանքը: Փորձեցի ավելի մոտենալ կնոջը և սրբապատկերին, հանդարտ ու համաչափ քայլերս ուղեկցվում էին եկեղեցու պատերի արձագանքով։ Հեթանոսի կերպար ներշնչող կինը անշարժ էր մնացել. չկար ձայն,սրտի արագ բաբախում,ավելորդ շարժում։ Գնալով թանձրանում էր օդը… Մի պահ թվաց, որ սրբապատկերը և կինը սպասում էին հաջորդ քայլիս, լարվածությունը հասել էր գագաթնակետին, բոլորը սպասում էին ինձ, չգիտեի ինչ անել։ Այդ պահին եկեղեցի մտավ մի աղավնի, որը նստեց սրբապատկերի գլխին , մարմարե քարի վրա։ Կինը շրջվեց իմ կողմը՝ հայացքով ակնարկելով, որ մոտենամ իրեն ,բայց ոտքերս քարացել էին հուզմունքից։ Չսպասելով իմ հաջորդ քայլերին՝ անսպասելիորեն նա վազելով գրկեց ինձ՝ շնչակտուր եղած, իսկ այդ պահին սրբապատկերի մանկան աչքերից արցունք կաթեց, և աղավնին դուրս գալով թռավ դեպի երկինք:

 

 

 

Կարծիքներ

կարծիք