Չինարը

Իրիկվա կողմ էր, երբ մի տղամարդ բարձրանում էր պողոտայի չինարներից մեկը:  Նա երկու ձեռքով  զգուշությամբ կառչում էր ծառի հանգույցներից, ոտքերն օղակում  չինարի շուրջը և չոր ու փտած բնի վրայով սողում վերև: Նրա տաբատի հետևամասին երկու տարագույն կարկատաններն աչք էին ծակում, իսկ կոշկատակերից մեկն էլ  պատռված էր:

Խանութներին նայող մարդիկ հետ շրջվեցին և սկսեցին դիտել տղամարդու մագլցումը: Բյուրեղյա թևերը դուրս գցած երիտասարդ մի կին բռնեց իր փոքրիկ ու թմբլիկ տղայի ձեռքը և սկսեց մտիկ տալ այդ մարդուն, որ չինարն ի վեր բարձրանում էր ու բարձրանում: Երկարաբոյ մի երիտասարդ աջ ձեռքի երկու մատներով թուլացրեց-ձգեց  իր փողկապի հանգույցը, հետո ակնապիշ նայեց տղամարդուն, այնուհետև շուռ եկավ և հայացքը սահեցրեց երիտասարդ կնոջ թևերի ու կրծքերի վրայով:

Երկնքի անցքերն ամպերի սպիտակ ու թարախագույն քուլաներով կարկատանվել էին, և արևի դեղնավուն շողը կիսով չափ էր լուսավորում չինարի հասակը:

-Ինչի՞ համար  է բարձրանում վերև,-հարցրեց լայնեզր գլխարկով մի տղամարդ:

-Չգիտեմ, գուցե խենթ է,-քրթմնջաց նրա կողքին կանգնած կարճլիկ ու ցմփոր մարդը:

-Չէ, գիժ չէ,- հարեց երիտասարդը,- գուցե ուզում է ինքնասպանություն անել:

-Այսինքն ո՞նց,-բողոքեց բարձրահասակ ու գեր մի մարդ,  ում գլխի առջևի մազերը թափվել էին,- ինքնասպանություն անողը  գիժ չէ՞, ձեր հրամանքով՝ խելացի՞ է:

Բազմության միջից մի ոստիկան հայտնվեց և իր ռնգային ձայնով հարցրեց. «Ի՞նչ է պատահել»:

Բայց մարդիկ բան չասացին, միայն վերևն էին նայում. տղամարդն արդեն ստվերից անցել էր, և արևն ընկել էր նրա մոխրագույն տաբատ-բաճկոնի  վրա: Ոստիկանը, որ զայրացած էր այդ մարդու՝ ծառ բարձրանալուց, այն էլ օրը ցերեկով,  բռունցքի մեջ ամուր սեղմեց իր մահակը և բղավեց.

-Էհե՜յ, ավանա՛կ, ցած իջի՛ր, ի՞նչ գործ ունես այդ վերևը:

Բազմության մեջ նոր տեղավորված մի մարդ մանրիկ ծիծաղեց: Ոստիկանը շրջվեց և շեշտակի նայեց նրան՝ ձեռքը քսելով իր մահակին: Այնուհետև նրա նեղլիկ աչքերը կրկին դարձան ու սահեցին մարդկանց վրայով,  և հետո խոժոռեց.

-Ի՞նչ է, հաց ու հալվա հո չե՞ն բաժանում:

Այդ ասելով՝ մի քանիսին հրմշտեց,  ապա շուռ եկավ և տեսավ, որ տղամարդն արդեն հասել էր չինարի ծայրին, աջ ձեռքի երկու մատներով ոլորեց իր  վերի շրթունքին ծանրացած բեղերի ծայրը և անխոս կանգնեց:

Ցնցոտիներով մի կին՝ շալակին դեղնած մի երեխա, սողոսկեց ժողովրդի մեջ և ձեռքը երկարելով մեկի կողմը՝  ասաց. «Պարո՛ն, տասը շահի»[1]: Բայց երբ նկատեց, որ ամենքը վերևն  են նայում, ինքն էլ իր դատարկ հայացքն ուղղեց ծառին: Նրա երեխայի քթի փսլինքները երկու սպիտակ որդի պես կախ էին ընկել մինչև նրա ներքևի շուրթը:

Չադրայով մի կին՝ իր հետևից երկու մանր ու խոշոր  երեխա գցած, փողոցի մյուս կողմից վազեց դեպի այս կողմը և, տեսնելով չինարի վրայի տղամարդուն՝ ասաց.

-Վա՜յ, ողորմած Աստված, ի՞նչ է անում այդ վերևում, հիմա ցած է ընկնելու խալխի ջահել-ջիվանը…

Ոչ ոք ձայն չհանեց, միայն մուրացկան կինը ձեռքը մեկնեց մի ակնոցավորի, ով համառությամբ շարունակում էր հետևել չինարի վրայի տղամարդուն, և ասաց.«Պարո՛ն, տասը շահի»: Նրա երեխան իր սև ու մանրիկ աչքերով զննում էր մարդկանց և լեզվի ծայրով լիզում իր փսլինքը: Մուրացիկ կինը թափահարում էր իր կեղտոտ ու դեղին ձեռքերը, որոնք ոսկրոտ էին ու վտիտ: Նրա սպիտակ ու կեղտակալած լաչակի տակից ցից-ցից մազերը դուրս էին ընկել՝ թափվելով երեսի վրա: Նա գլխի վրա կարգի բերեց նամազի չադրան, իսկ մազերը ծածկող կեղտափայլ գլխաշորը քորոցով պինդ ամրացված էր կոկորդի տակ:

-Լավ կլինի մեկը բարձրանա  վերև ու բռնի նրան, որ ցած չնետվի,- դանդաղորեն խոսեց ակնոցավորը:

-Չի լինի…. Մինչև մեկը գնա-հասնի այնտեղ, նա իրեն փողոց կնետի,-նկատեց երիտասարդը, ապա իր  դեմ ցցված մուրացիկ կնոջն  ասաց. «Մանրադրամ չունեմ»:

Մեքենաները մեկ առ մեկ  շարվում էին պողոտայում: Առջևի ավտոմեքենայից մի երիտասարդ աղջիկ գլուխը դուրս բերելով՝ հետևում էր չինարի  կատարին շարժվող տղամարդուն: Հաստափոր մի մարդ, ում ճեփ-ճերմակ օձիքի տակից լայն փողկապ էր կախված, իջավ մեքենայից և մոտեցավ ժողովրդին: Էլի՛ մի քանի ոստիկաններ եկան և մտան բազմության շարքերը: Ոստիկանները ցրում էին բազմությանը, բայց մարդիկ ետ-առաջ անելով՝ նորից էին կուտակվում:

— Ի՞նչ է պատահել, այդ տիպն ի՞նչ  է անում չինարի գլխին,- բեղավոր ոստիկանին դիմեց փողկապավոր գեր մարդը:

Ոստիկանը երկու ոտքերի կրունկները վախով պինդ զարկեց  իրար, ողջունեց և կամաց շշնջաց.

-Պարոն գնդապե՛տ, նա ուզում է…. ինքնասպանություն գործել:

Մարդիկ իրենց աչքերը հառեցին նախ՝ ոստիկանի, ապա՝ ճոխ հագնված հաստափորի վրա, այնուհետև նորից սկսեցին մտիկ տալ տղամարդուն, որ կռացել էր ծառի վերևում: Բազմության հետևի շարքերից  օդում սփռվեց լրագրավաճառի ձայնը.

-Այսօրվա թեժ համարը, երկու պոռնիկ կնոջ սպանությո՜ւն մի երիտասարդի ձեռքով, նոր համարն արժե մեկ ղրան[2]:

Շատ չանցած, լրագրավառաճառի ձայնը կորավ: Մի միտք ծնգաց իմ ուղեղում, գլուխս վեր բարձրացրի և ձայն տվեցի.

-Հե՜յ, հոպա՛ր: Մենք այստեղ քեզ համար փող կհավաքե՜նք: Արի՜ ու  վար իջիր սատանի ձիուց:

Ձայնս թռավ բազմության գլխի վրայով: Հետո ձեռքս գրպանս տարա, մատներս կպան երկու հատ արծաթ մեկթումանոցի[3], դուրս բերեցի դրանք և շպրտեցի գետնին:  Մետաղադրամներից մեկը գլորվելով կորավ ժողովրդի ոտքերի տակ: Մարդիկ հրհրեցին իրար, մինչև փողը գտնվեց,  այնուհետև ամեն ոք ձեռքը տարավ   իր գրպանը և   մեկական մետաղադրամ  գցեց փողերի վրա: Փողերն իրար վրա ընկնելով՝  զրնգ-զրնգ ձայն էին հանում:   Գեր մարդն էլ ման եկավ իր գրպանները, բայց  փող չգտավ:

-Բախտի ի՜նչն եմ ասել, մանրադրամ չունեմ,- ցածր ձայնով, բայց այնպես, որ ինձ լսելի լինի, ասաց նա:

Չադրայով կինն իր գուլպայի միջից դուրս քաշեց կեղտակոլոլ քսակի գլուխը  և երկու հատ տասնոց սև շահի հանեց ու գցեց փողերի վրա: Հանկարծ ծառի վերևից տղամարդու ձայնը՝ ինչպես հորի խորքից եկող ձայն, զնգաց մարդկանց ականջներում.

-Ես հո փող չե՜մ ուզում… Ձեր փողերը տարե՜ք ձեր հոր գերեզմանի  վրա ծախսե՜ք:

Ձայնը զրնգուն էր, բայց կարծես թե դողում էր: Էլ ոչ ոք փող չգցեց: Մուրացկան կինը  սևեռված նայեց փողերին և հետո անհայտացավ մարդկանց միջից: Շիկ հագնված մարդն  ինչ-որ բան ասաց բեղավոր ոստիկանին:  Ոստիկանը շրջվեց և դեպի վեր աղաղակեց.

-Էհե՜յ, հոպա՛ր, իջի՛ր ցած, պարոն գնդապետը պատրաստ է քեզ օգնել:

Կարճահասակ մի սպա, ում շրթունքների վերևին բարակ բեղ էր բուսնել, հետևից քշում էր ժողովրդին՝ դես ու դեն հրելով նրանց: Երբ առաջ եկավ, գոռաց ոստիկանների գլխին.

-Շո՛ւտ արեք, սրանց  ցրե՛ք այստեղից:

Ծառն ի վար  հնչեց տղամարդու ձայնը.

-Հողե՜մ ձեր գլուխը: Ինձ պետք չէ՛ ձեր բարեգործությունը:

Նորեկ սպան նախ՝ նայեց վերևը և հետո՝ հարցրեց զգաստ կանգնած ոստիկաններին.

-Սա ի՞նչ է անում այդ վերևը:

-Ուզում է ինքնասպանություն գործել,- քթի տակ պատասխանեց նրանցից մեկը:

-Դեհ լա՛վ, ինքնասպանության համար հո չե՜ն հավաքվում:  Անմիջապես բոլորին ցրե՛ք այստեղից,-ասաց սպան, ապա դառնալով ժողովրդին,  բղավեց.

-Պարոնա՛յք, ի՞նչ եք կորցրել այստեղ, իսկույն  ցրվեք-գնացեք:

Հենց այդ պահին միանգամից աչքն ընկնելով  գնդապետին՝  իրեն հավաքեց, ձգվեց    և ողջույն տվեց:

Ոստիկաններն անցան մարդկանց շարքերը:  Ճանապարհային ոստիկանության սուլիչների ձայները,  որոնք մեքենաներին զոռով ստիպում էին շարժվել տեղից, շչում էին ականջներում: Մետաղադրամները մնացին մարդկանց ձեռուոտի տակ, ոմանք կռացել ու հավաքում էին փողերը: Տեսնելով ստեղծված նեղվածքը՝ երիտասարդ կինը վերցրեց իր երեխային և դուրս ելավ  բազմության միջից, երիտասարդ տղամարդն էլ կնոջ հետևից չքացավ:  Մի հոգի իր ռնգային ձայնով նրա հետևից կանչեց.

-Ո՞նց կլինի դրան բռնել, մի՞թե յոթ քարի գնդակ  է:

Հետո թաշկինակը տարավ իր քթի մոտ և մի քանի անգամ պինդ փնչաց մեջը: Մարդիկ կիտեցին հոնքերը, բայց նա փույթ չդարձնելով, ճմոխեց թաշկինակն   ու խոթեց գրպանը ՝ շարունակելով  ակնդետ հետևել ծառի կատարին:

-Եթե ընկնի, երկու-երեք հոգու էլ միջից կտանի, բայց կարծես թե հեչ վեճը  չէ, նստել՝ մարդկանց է նայում,- բազմության մյուս  կողմից, ծխախոտը մխելով, կարծիք հայտնեց  թիկնեղ  մի երիտասարդ: Հետո դառնալով հետևից  բրթող մարդուն՝ ասաց.

-Ինչու՞ ես մշտում, հոպա՛ր: Չե՞ս կարող ուղիղ կանգնել տեղում:

Մի ուրիշն էլ փորձում էր իր ուսերին առած շիկահեր երեխայի ուշադրությունն ուղղել վերև.

-Բալա՛ս, նայի՛ր վերև, այնտե՛ղ է, նստել է չինարի վրա:

Քիչ այս կողմ կանգնած  նիհար կազմվածքով մի պարոն իր ձեռքի ամսագրով, որի շապիկին բյուրեղալանջ ու ժպտուն կնոջ նկար կար, հովհարում էր իրեն: Մարդիկ միմյանց ուսերի վրայից ծիկրակում էին, մեքենաներն անցնում էին մեկը մյուսի հետևից, իսկ ավտոբուսների ուղևորներն ապակիների միջով նայում էին չինարի ծառի գագաթին: Ճանապարհային ոստիկանն անընդհատ սուլում էր, մի քանի ոստիկան էլ բազմության մեջ էին անցուդարձում:

-Էս տիպը չինարի ծառը ուխտատեղի է կարծել՝ գնացել է վերև, որ մուրազը կատարվի, իրա արևին,-հետևի շարքերից հնչեց ինչ-որ պատանյակի կատակասեր ձայնը:

Հետո նա նորից աղաղակեց.

-Հե՜յ, ախպե՛րս, զգույշ չընկնես՝  գլուխկոնձի տաս….

Մի քանիսը կիտեցին իրենց հոնքերը,  պատանյակի ձայնը կտրվեց: Մի քանիսն էլ առանձին-առանձին մռթմռթալով՝ դուրս ելան բազմության շարքերից: Նորեկները, «Պարո՛ն, ի՞նչ է պատահել» հարցը տալով,  իրենց հայացքը բարձրացնում էին չինարի կատարին:

Պողոտայի լուսասյուները ողողվեցին գունատ լույսով: Հեծանվորդներն իջել էին փողոցի մյուս կողմում  և գալիս էին այս կողմ: Ճանապարհային ոստիկանն ուղղորդում էր նրանց: Երբեմն խեղդիչ օդում հեծանվի անվադողի ֆսսոցի ձայնն էր լսվում ու հանգչում, որից հետո հեծանիվատիրոջ  տրտնջոցն էր  թրթռում ականջներում:

Չինարի վերևի մարդը փոքր-ինչ շարժվեց իր տեղում և կռացավ, հետո ձեռքերն ամրացրեց ծառի հանգույցներից մեկի շուրջ և կրկին նստեց իր տեղը: Բազմությունը ծպտուն չէր հանում:  Ամենքը նայում էին վերև:

Ականջիս տակ մեկեն վնգվնգաց կարճլիկ մարդու ձայնը.

-Հիմա չի նետվի, կսպասի մինչև բոլորը հեռանան:

Գլուխս վեր  ձգեցի մարդկանց  ուսերի վրայից և տեսա, որ մեքենաները գնացել էին, պողոտան էլ համարյա թե ազատվել էր, բայց մեջտեղի մայթում հետիոտներն ու հեծանվորդները սևին էին տալիս,  և նրանց քչփչոցի ձայնը հասնում էր այս կողմ:

Հոգնեցի, մի քիչ էլ ոտքս կախ գցեցի և ի վերջո ամբոխի միջից դժվարությամբ ճանապարհ բացեցի: Մի քանի աղջիկ էին կանգնած հետևի շարքերում, նրանցից մեկը շատ սիրուն էր, սև խալ ուներ շուրթերի վերևին: Հետ դարձա և նայեցի վերև, տեսա՝ տղամարդը թիկունքն արել էր  փողոցին և մյուս կողմն էր դիտում՝ խանութների հետնամասը: Հոգնած ու շշմած քայլեցի ամբողջ պողոտան, իսկ երբ վերադարձա, բազմությունը նոսրացել  էր, սակայն տղամարդը դեռ նստած էր չինարի ծայրին:

Հենց այդ մոտերքում կինոթատրոնի տոմս գնեցի և խառնվեցի կինոդիտողների մեջ, բայց աչքիս առաջ անընդհատ պատկերվում էր՝ փողոցի սև մակերեսին փռված մարդու և նրա երկու քթածակերից հոսող արյան բարակ շիթերի  տեսարանը, որն անհետանում և նորից էր հառնում դեմս. հնամաշ շորերով մարդու մարմինը՝ ջարդված գլխով և  ասֆալտին ցրիվ եկած ուղեղով:

Բան չհասկացա ֆիլմից: Երբ դուրս եկա, պողոտան դափ-դատարկ էր, բայց խանութները դեռ բաց էին, ժողովուրդը հեռացել էր: Տաքսիների վարորդների օգնականներն էին իրենց կոշտ-կոպիտ ձայնով գոչում.

-Մասջեդ Ջոմե՛, Փահլավի՛,  գալացող կա՞… շո՜ւտ արա, աղա՛, վազ տուր, վազի՜…

Չինարի մոտ որ հասա, շուրջբոլորը թափուր էր, տղամարդն էլ չէր երևում կատարին: Չինարի դեմ-դիմացը երկու հոգի կանգնել ու զրուցում էին: Նրանցից մեկին, ում գլխի մեջտեղն անմազ էր, իսկ բրդոտ ձեռքերը մինչ արմունկները  բաց էին, հարցրեցի.

-Պարոն, ներեցե՛ք, այն մարդն իրեն ցած գցե՞ց:

-Է՜հ աղա, ի՜նչ էլ հավես ունես,-իր հոգնած հայացքը երեսիս գցելով խոսեց ճաղատագլուխը,-երբ տեսավ, որ փողոցը դատարկվել է, ցած իջեց, հետո ուզում էր գնալ, բայց…

Կողքի մարդը, որ, ասես, յոթ ամսական ծնված լիներ, վրա բերեց.

-Հա՜, իսկապե՛ս, նա ինչի՞ համար էր բարձրացել չինարը:

-Ի՜նչ իմանամ, երևի ուզում էր ինքնասպանություն անել, հետո փոշմանել էր,- պատասխանեց նրան ընկերը:

-Հաստա՛տ ֆիլմն էր թամաշա անում,-ծիծաղով ասաց դուքանի պատանի աշակերտը՝ գլուխը դուրս  բերելով խանութից:

-Լահնա՛թ հարամզադա սատանային,-ասաց հոգնած մարդը,-բանտում դեռ երկար պիտի պարապ հորանջի, որ սրանից հետո է՛լ մտքովը չանցնի մուֆտա ֆիլմ  թամաշա անել:

Հաջորդ օրն առավոտյան քաղաքապետարանի փողոց ավլողներից մի քանիսը  հատում էին Չարբաղ պողոտայի հնամենի չինարը:

 

 

Պարսկերենից թարգմանեց՝  Էմիկ Ալեքսանդրին

 

[1] Դրամական հին միավոր Իրանում (մանրադրամ):

[2]Դրամական   հին միավոր Իրանում: Ներկայումս այս միավորը կոչվում է  ռիալ:

[3] Անցյալում մեկ թումանը  հավասար էր 10 ղրանի, ներկայումս այն հավասար է 10 ռիալի:

 

Կարծիքներ

կարծիք