Ֆլորիալիսի հոգու վրա

Հեղինակ:

ՈՂՋՈՒՅՆ

Սերունդ լիապես ինքնագոհների

և լիապես անհարմար սերունդ:

Ես տեսել եմ ձկնորսների խնջույքն արև տակ,

Տեսել եմ նրանց` փնթի ընտանիքներով,

Տեսել եմ նրանց ժպիտները` ատամներով լի,

լսել եմ նրանց ծիծաղն անճոռնի,

Եվ ես երջանիկ եմ առավել, քան դուք,

Եվ նրանք ինձնից երջանիկ են,

Եվ ձկները լողում են լճում

ու նույնիսկ չունեն հագուստ:

 

 

 ՁԵՂՆԱՀԱՐԿ

Եկ խղճանք նրանց ովքեր մեզնից հարուստ են:

Եկ հիշենք, բարեկամ, որ հարուստները

ծառաներ ունեն, բայց ոչ բարեկամներ,

Իսկ մենք ունենք  բարեկամներ, բայց ոչ ծառաներ:

Եկ խղճանք ամուսնացածներին և չամուսնացածներին:

 

Լուսաբացը ներս է մտնում փոքրիկ ոտքերով

որպես մի ոսկեզօծ Պավլովա,

Եվ ես մոտ եմ իմ ցանկությանը:

Կյանքն ավելի լավ բան չի պարունակում

Քան այս ժամը զուլալ զովության-

միասին արթնանալու ժամը:

 

 ՆԿԱՐԸ

Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:

Այստեղ կար սեր, որը ջրասույզ չի լինում:

Այստեղ կար ցանկություն, որը չի ջնջվում համբույրով:

Այս մահացած կնոջ աչքերը խոսում են ինձ հետ:

 

ԽԱՌՆՎԱԾՔՆԵՐ

9 դավաճանություն, 12 արտամուսնական կապ, 64 շնություն

ու բռնաբարություն հիշեցնող մի բան

Ամեն գիշեր հանգիստ նստած են մեր փաղաքուշ բարեկամ

Ֆլորիալիսի հոգու վրա,

Այնուհանդերձ մարդն իրեն այնքան զուսպ է պահում,

Որ կմտածեք, թե անարյուն ու անսեռ է:

Բաստիդիդեսը` հակառակը. մերձեցումից բացի

Ոչնչի մասին չի խոսում կամ գրում

Երկվորյակների հայր է դարձել,

Բայց թանկ գնով է իրականացրել սույն սխրանքը.

Կինը չորս անգամ դավաճանել է նրան:

 

***

« Կեղևապատ զիստերով Դափնեն

Սաղարթախիտ ձեռքերն  է ինձ պարզում»`

Սուբյեկտիվորեն: Կերպասե սենյակում հեղձուցիչ

Ես լեյդի Վալենթայնի հրամանին եմ սպասում,

 

Գիտենալով, որ իմ վերարկուն

Նորաոճ ու հարմար չէ այնքան,

Որ կարողանա նրա մեջ

Ծնել կրքեր տևական:

 

Կասկածում եմ  հաճախ թավշապատ

Գրական ճիգերի վավերացումին,

Բայց երբեք լեյդի Վալենթայնի

Մասնագիտական մարմնացումին.

 

Պոեզիան նրա գաղափարների սահմանն է,

Որպես միջոց մի հավերժ`

Խառնվելու ուրիշ շերտերին,

Ուր բարձրերն ու ցածրերն ունեն վերջ:

 

Մի խայծ` լեդի Ջեյնի համար.

Թատրոնից կխոսի նա մի քիչ,

Իսկ թե հեղափոխություն լինի`

Հնարավոր մտերիմ-ամոքիչ:

 

MONUMENTUM AERE, ԵՎ ԱՅԼՆ

Դուք ասում եք` ես շատ եմ ինքնասիրահարված.

Որ ես ճեմում եմ ամբարտավանության հանդերձի մեջ:

 

Մի  քանի տարուց ոչ ոք չի հիշի միմոսին,

Ոչ ոք չի հիշի իմ էժանագին դերերը:

Զավեշտական մանրամասնը կլինի բացակա:

Իսկ դուք… դուք կփտեք հողում,

Եվ արդյո՞ք ձեր իսկ գոմաղբը բավականաչափ պարարտ կլինի

 

Որ պահի խոտը

Ձեր գերեզմանի:

 

 

ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

Ամբոխի միջի այս դեմքերի տեսիլքը.

Թաց, սև ճյուղի թերթիկներ:

 

 

Թարգմանությունը անգլերենից` Սամվել Մկրտչյանի

 

Կարծիքներ

կարծիք