Կապույտի զինվորը

Արցախյան հերոս
Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

-Հարո ՛ւթ, հե՞շտ ա ծառայելը, ես կկարողանա՞մ:
-Ինչի՞ պիտի չկարողանաս, ախպե րս:
-Ես վերջին Աբաջյանն եմ, բոլորիդ պես պատվով ծառայելու եմ ու գամ: Կողքիս ես, չէ՞, ասա ՛, որ կողքիս ես:
-Ախպե՜րս…
Ասացի ու…Փաստորեն չարեցի ասածս:
***
Աչքերդ կապույտ էին` խաղաղության գույնի: Երևի բոլոր կապուտաչյա մարդիկ բաժին ունեն խաղաղությունից, երևի դա ի վերուստ է սահմանված: Իսկ մազերդ… Մազերդ խարտյաշ էին, արևագույն: Դա էլ անհիմն չէր. ի վերջո, արևը կյանքն է որ կա: Երբ ժպտում էիր, այտերիդ թեթև փոսիկներ էին երևում, մտածում էի` որտեղի՞ց այսքան պայծառություն քո մեջ, այդ ե՞րբ հասցրիր, ե՞րբ հասար տասնութին…
-Իսկ եթե ազատե՞նք:
-Չէ ՛, ես պիտի ՛ ծառայեմ:
Հայրենասիրության մասին բարձրաձայն չեն խոսում, և հայրենասեր չեն դառնում օրերի մեջ: Հայրենասիրությունը ապրելակերպ է, բնավորություն, տեսակ, և հայրենիքը կանաչը չէ, ծառ ու ծաղիկը չէ բնավ, հայրենիքը ավելին է, քան մենք գիտենք:
Թողեցիր ընտանիք, ընկերներ ու գնացիր, թողեցիր քոլեջ, լսարան ու դասախոսներիդ, աչքերը` սառած քո դատարկ նստարանին: Փոքր ժամանակ ասում էին, չէ՞. երբ աչքերը սառում են, ուրեմն մարդ է գալու: Իսկ դու, Ռո՛բ, չեկար այդպես էլ, բայց Հարությունյանի աչքերը էլի մնացին նույն տեղում: Հարությունյանը, դե հիշում ես, քո դասախոսն էր, թե՞…
-Չէ ՛, Ռոբերտն իմ ընկերն էր, ինքը պարզապես ուսանող չէր:
Հարությունյա՜նը… Ասում է` ուրիշ ես, տարբերվող, ասում է` պայծառ ես, ամենապայծառը: Քեզ հետ անհնար է լուրջ լինել, քեզ հետ կարելի է ծիծաղել, լաց լինելու աստիճան ծիծաղել միայն, որովհետև ներսումդ այնքան շատ է դրականը, ու տե ՛ս, Ռո ՛բ, որ էլի ներկայով է խոսում:
…Զորամասից զանգը ուրիշ զանգ է, դա սպասում է, կարոտ, դա պարզապես հեռախոսազանգ չէ, դա արդեն հանդիպում է, իսկական զրույց: Մի օր զանգեցիր ու…
-Պապի ՛, տանը վանդակ ունե՞նք:
-Ունենք, բալե°ս:
-Պապի ՛, թութակ կառնե՞ս. էս երկու օրը մեկը կգա, կտանի:
Ո՞վ գիտի, թե առաջին անգամ զորամաս մեկնող ավտոբուսի պատուհանից նայող աչքերդ ում հայացքն են փնտրել, ո՞վ գիտի, թե ինչ դժվարությամբ են նրանք ետևում թողել իրենց չնվիրած ծաղիկները, չգրած նամակը, վերջին հանդիպումը… Մի քանի օրից ինչ-որ երիտասարդ եկավ ու տարավ թութակին. պարզվեց` կա մի աղջիկ, ում ծննդյան օրվա առթիվ նվեր էիր պատրաստում նույնիսկ զորամասից:
Ռո ՛բ, հիշո՞ւմ ես հորդ վզի այրվածքը, դե, էն մեծ սպին: Դեռ մանկապարտեզի երեխա էիր, դաստիարակչուհիդ կանչեց, ասաց, որ քո հանդեպ ուշադիր լինենք. ուզում էիր` քոնն էլ այրվի, ուզում էիր ամեն ինչով հորդ նման լինել: Դու հորդ տղան չէիր, դու նրա ընկերն էլ էիր` ամենաիսկականը: Ու դա դեռ մանկապարտեզի տարիքում: Հետո դպրոց, համալսարան. բժիշկ էիր դառնալու, այ թե բժիշկ կլինեիր…
-Պապի ՛, ա ՛յ պապի, ինձ մոտ ես բուժվելու, չէ՞:
Պապդ ծիծաղում էր և մտքում թաքուն հպարտանում քեզնով: Իսկ հիմա… Հիմա, գիտե՞ս, քանի՜ հոգի է հպարտանում: Դե, Ռոբ, էդ չակերտավոր հրադադարը մխիթարանք չեղավ ոչ մեկիս համար, դու էլ հո լա°վ գիտես. մի օր` վիրավոր, մի օր` զոհ, իսկ մի օր` պարզապես ապրիլի երկուս…
-Պա ՛պ ջան, ծնունդդ շնորհավո¯ր: Տղեդ գնում ա դիրքեր, դիրքեր պահելու, պա՜պ…

***
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հիշո՞ւմ ես, թեժ կռվի ընթացքում կորցրիր դիրքապահ ընկերներիդ` Արմենակին, Անդրանիկին, հա, Ռո ՛բ, Սլոյանին էլ: Զգալով գերի ընկնելուդ վտանգը` ձևացրիր, թե հանձնվում ես, և պայթուցիկ նռնակով ոչնչացրիր թշնամու զինվորներին` զոհելով նաև սեփական կյանքդ:
-Էլ մարդ չկա, մնացինք ես ու իմ նռնակը:
Մնացիր դու ու հայրենիքդ:
Հայրդ ասում է` ուզում էիր հայտնի դառնալ: Դարձար, Ռո ՛բ, հիմա քեզ բոլորն են ճանաչում ու ինչ-որ տեղ նաև անպայման սիրում: Եվ փաստորեն քո նռնակով փրկեցիր ոչ միայն կյանքի գնով ժառանգած հողերը մեր, այլև թիկունքից օգնության հասնող տղաներին, ովքեր գուցե պարզապես չհասցրին…
-Ինձ ասաց` մենակ եմ մնացել, բոլորը զոհվել են, ասացի` չշարժվես, տեղումդ մնա, գալիս ենք, էն էլ…
Հայրենասեր չեն դառնում օրերի մեջ, չէ ՛, չեն դառնում: Կամ ի սկզբանե ես, կամ չես: Ուրիշ ճանապարհ չկա:
-Մի ՛ լացիր, բալե ՛ս, մի ՛ լացի ՛ր,- հորդ ձայնն է,- հպարտացի՛ր, որ նման ախպեր ես ունեցել, որ նման Ռոբերտ ես ունեցել կողքիդ:
Իսկ հեռվում ինչ-որ տեղ դեռ զնգում են քո խոսքերը.
-Հա ՛ր, հե՞շտ ա ծառայելը, ես կկարողանա՞մ:
Էն էլ ո՜նց կարողացար, Ռո ՛բ:

 

Կարծիքներ

կարծիք