Ապրիլյան  մայրամուտ

Հեղինակ:

 …ապրիլյան հերոսներին, նրանցից` յուրաքանչյուրին…

«Ողջույն, հարազատս:

Հիմա միայնակ նստած եմ ընթերցասրահում: Քննությունս պարապելուց առաջ որոշեցի գրել քեզ՝ նորից ու նորից:

Երկու ամիս մնաց… Երկու ամիս անց կվերադառնամ հայրենիք՝ ուսումնական տարին ավարտած: Վերջապես կկրճատվեն այն անգութ մղոնները, որոնք այսքան ժամանակ անգթորեն կիսել են մեզ:

Հաճախ ինձ թվում է, որ բոլոր այս բառերը հոգնել են ինձանից ու փախչում են գրչիս ծայրից՝ ջանալով չգրվել, փորձելով չկրկնվել: Շատ են մաշվել դրանք: Նաև հոգնել են:

Գիտե՞ս, հաճախ ինձ թվում է, որ այս չարչրկված բառերը թերևս ի վիճակի չեն փոխանցել մեր զգացածն ամբողջությամբ:

Նրանք աղքատիկ են ու սառը, մի տեսակ անհոգի:

Դրանցում չկա քո ձայնը, իսկ ես ուզում եմ լսել քեզ, որսալ ամեն թրթիռ ու ելևէջ, ամեն տատանում և ի պատասխան՝ միայն լռել:

Ես չեմ ուզում, որ մեր միջև եղած բառերը խանգարեն մեզ ու պատնեշ դառնան չբարձրաձայնվող մտքերի միջև: Կներես, որ այսօր այսքան սենտիմենտալ եմ: Դա նրանից է, որ քեզ շատ եմ կարոտել, ու աշխարհում չկա չափման այնպիսի միավոր, որով թվակալվի իմ խելահեղ կարոտը:

Այստեղ արշալույսները մի տեսակ անգույն են, որովհետև մենք նրանց չենք դիմավորում:

Քեզ լավ նայիր այդտեղ՝ դիրքերում:

Քո Լուսինե»:

 

* * *

Չորս օր… Չորս օր շարունակ մոլեգնեց պայքարն՝ իր ողջ ուժգնությամբ: Աղոթքների մրմունջը խլացավ թնդանոթների բովում:

Գուցե շատերը պնդեն, որ դա աշխարհի ամենակարճատև պատերազմներից էր: Գուցե… Բայց սա էլ, մյուս բոլորի նման խլեց կյանքեր, կոտրեց ճակատագրեր, այն որբացրեց, խլեց, մոխրացրեց, ցավեցրեց:

 

* * *

Բոլոր դիրքերը նշանառության տակ էին: Թշնամու հարձակումն անսպասելի էր: Երկու կողմերն էլ կրակ էին թափում միմյանց վրա՝ աշխատելով ոչնչացնել մեկմեկու:

Նեղ խրամատներում տիրում էր խառնաշփոթ: Զինվորները խառնիխուռն խմբերով տեղաշարժվում էին դիրքից դիրք: Թնդում էին զենքերը: Զորամասից նորանոր համալրումներ էին գալիս:

Դիրքերի ուղղությամբ սլանում էր շտապօգնության մեքենան: Դիվերսիոն թափանցումը կասեցվել էր, բայց մոտենում էին հակառակորդի նոր ուժեր: Տղաներից երկուսը կյանքի ու մահու կռիվ էին տալիս:

— Արագացրե՛ք, տղաներին պետք է հիվանդանոց հասցնել,- գոռում էր բարձրահասակ մի զինվոր, ով ուներ շագանակագույն մազեր և փղոսկրի պես ճերմակ մաշկ:

— Արմենա՛կ, ճանապարհը հիմա նշանառության տակ է, թշնամին կարող է խոցել մեքենան:

— Րաֆֆի, ախր տղերքի կյանքը մազից է կախված, այլ ելք չկա, պետք է ռիսկի դիմել,- պատախանեց Արմենակը, ում թևի վերքն արյունահոսում էր:

— Դու ինքդ օգնության կարիք ունես, գնա՛, թող վիրակապեն վերքը,-  առաջարկեց Րաֆֆին:

— Ես կլուծեմ այս հարցը, տղաներին անօգնական չեմ թողնի:

Այս ասելուց հետո Արմենակը կռացած վազեց՝ անցնելով զինակից ընկերներին և անհետանալով խոսակցի տեսադաշտից:

— Հիմարություն չանես, Արմենա՛կ,- նրա հետևից գոռաց Րաֆֆին:

Երեկոն դժգույն էր, դալուկ: Երկինքը սփրթնել էր հրթիռների կրակահերթերից և պայթյունների ահագնությունից:

Երկրային դժոխք է ռազմադաշտը:

— Սասու՛ն, Սասու՛ն, ի՞նչ լուրեր կան հիվանդանոցից,- կրակահերթերի աղմուկի մեջ հարցրեց շիկահեր ու կապուտաչյա տղան իրենց խմբին նոր միացած հաղթանդամ ու սևահեր զինվորին, որը դիրքավորվեց իր կողքին և պատրաստեց ինքնաձիգը:

— Ադամ, Մերուժանին անդամահատել են, նա զրկվել է երկու ոտքից:

— Գրողը տանի սրանց,-  բղավեց Ադամը և մատը սեղմեց ձգանին:

— Տղե՛րք, նոր ուժերի համալրում է սպասվում, դիմացեք, մինչև հասնեն մեզ,-  տեղեկացրեց փոքրամարմին Արշակը:

— Կդիմանանք, կդիմանանք, մի՛ մտածիր, սրանց էլ մի լավ դաս կտանք,-  պատասխանեց Սասունը՝ զենքը նորից լիցքավորելով:

 

* * *

Օրն արդեն մթնել էր: Մեղմացել էին կրակահերթերը: Զինվորներն ուշիուշով զննում էին հակառակորդի ամեն քայլը, կուտակած տեխնիկայի քնակը և զեկուցում հրամանատար Սիմոնյանին:

Զինվորների մի խումբը, օգտվելով հարաբերական դադարից, սկսեց  ծխել:

—  Ադա՛մ, էս ծնունդդ երբեք չես մոռանա, այնպես չէ՞:

— Հա՜, հիշարժան եղավ ողջ կյանքիս համար, Սասուն, ինչ խոսք,- պատասխանեց Ադամը՝ քմծիծաղ տալով և գլուխը տարուբերելով:

— Պարզապես հրավառությունն էր մի քիչ չափից ուժեղ,-  սրամտեց Արշակը և ձեռքով սրբեց փոշուց սևացած դեմքը:

— Երբ էս ամենը վերջանա, խոստանում եմ, որ իմ ձեռքով մի մեծ տորթ եմ պատրաստելու քեզ համար, Ադա՛մ, ու միասին նշելու ենք ծնունդդ՝ հենց այս կազմով,- ավելացրեց Ռուբենը, որը չէր նայում զրուցակից ընկերներին ու մեծ եռանդով մաքրում էր ինքնաձիգը:

— Դե ասա, եթե փրկվենք այստեղ, ամեն դեպքում մեռնելու ենք, այն էլ թունավորումից,- պատասխանեց Արամը, ում հաղթանդամ լինելու համար կոչում էին Հսկա:

Բոլորը բարձրաձայն ծիծաղեցին: Բայց դա այն սովորական ծիծաղներից չէ, որ գալիս է ուրախությունից ու հնարավոր չէ զսպել: Այս ծիծաղը արհեստական է, այն սոսկ քողարկում է հոգու անհանգստությունը և խաբելով փորձում հուսադրել դիմացինին: Այդ ծիծաղը հուզմունքի ու անսպասելիության դեմքին նկարված դիմակ է:

Դժվարին պահին ծիծաղել կարողանում են միայն ուժեղները… ծիծաղել, որպեսզի քողարկեն սեփական թուլությունը:

Ադամը սթափվեց: Նա լրջացավ ու լռեց: Այժմ լուռ էին նաև մյուսները: Թշնամու անսպասելի հարձակումը, այն էլ խաղաղ պայմաններում, խլել էր զինակիցների կյանքը, կորսվել էին որոշ տարածքներ:

Տղաներն անձայն խոսում էին՝ յուրաքանչյուրն ինքն իր հետ՝ մեկը մյուսին փոխանցելով սեփական խոհերի ծանր լռությունը:

Անդորրը խախտվեց մոտեցող ոտնաձայների աղմուկից: Տղաները աղոտ լույսի ներքո փորձեցին հասկանալ, թե ով է մոտեցողը:

— Ո՞վ է,-  բղավեց Արմենակը՝ լապտերն ուղղելով այդ կողմ:

— Ես եմ՝ Րաֆֆին,-  պատասխանեց մոտեցողը:

Նա եկավ, ձեռքից դրեց արկղը և նստեց:

— Րաֆֆի, ի՞նչ լուր ունես:

Զինվորը տխուր տարուբերեց գլուխը:

— Ախր ասացի, որ հիմարություն չանի, ասացի՛: Անձամբ նստել էր մեքենայի ղեկին ու փորձել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց:

— Արմենակը դա արել է առանց հրամանի՞,-  հարցրեց Արշակը:

— Հա, ու երբ նրան հարցրել են ՝արդյոք այդիպսի հրաման ունի, նա պատասխանել է, որ կյանք փրկելու համար իրեն հրամաններ հարկավոր չեն: Ճանապարհին մեքենան ռմբակոծվել է: Արմենակը զոհվել է: Դեպքից երեք ժամ անց մերոնք կարողացել են վիրավերներին հասցնել հիմանդանոց: Նա ինձ չլսեց, ախր ասացի…,- Րաֆֆիի ձայնը դողաց ու լռեց:

Բոլորը կախեցին գլուխները: Արմենակին սիրում էին բոլորը:

— Էս ի՞նչ ես բերել,-  հարցրեց Արշակը՝ ցրելու համար ծանր մթնոլորտը:

— Բացի՛ր, ինքդ նայիր,-  պատասխանեց Րաֆֆին:

Արշակը բացեց արկղը: Այն լի էր շոկոլադով և թխվածքաբլիթներով:

— Պա՜հ,- բացականչեց Ռուբենը,- ինչ բախտավոր ես, Ադամ, ծննդյանդ քաղցրավենիքն էլ եղավ:

— Ինքդ էլ գիտես, որ սա բոլորիս համար է, բացի այդ արդեն իմ ծնունդը չէ,- պատասխանեց Ադամը և լապտերով լուսավորեց թևի ժամացույցը: Սլաքները ցույց էին տալիս տասներկուսանց քսանը:

Ռուբենը վերցրեց քաղցրավենիքով լի տուփը և  սկսեց հյուրասիրել ընկերներին:

— Դե լավ, շատ չի ուշացել:

— Էսպիսի պահերի ես հասկանում, որ թիկունքիդ կանգնած է մի ողջ ժողովուրդ, մի ողջ ազգ, ում համար մենք հսկում ենք սահմանը՝ փորձելով ավելի ու ավելի ամուր պահել այս փխրուն խաղաղությունը,- ավելացրեց Ադամը՝ վերցնելով շոկոլադի փաթեթը;

Աղոտ լույսի տակ նշմարվեց թաքնված սպիտակ ծրարը: Ադամը վերցրեց այն և բացեց:

«Սիրելի ու քաջ զինվորներ, ձեզ գրում է Մանեն, ով սովորում է չորրորդ դասարանում: Մեր ողջ դպրոցը ձեզ լիքը քաղցրավենիք է ուղարկում, որպեսզի ուտեք և ավելի ուժեղնաք: Մենք բոլորս շատ հպարտ ենք, որ ձեր նման քաջ տղաները պաշտպանում են մեր անառիկ երկիրը: Մենք հասկանում ենք, որ դուք հսկում եք մեր խաղաղ քունը՝ վտանգելով ձեր սեփական կյանքը:

Մենք ուժեղ ենք ձեզանով:

Ես ամեն գիշեր աղոթում եմ ձեր համար»:

Զինվորները լուռ լսում էին Ադամի՝ նամակի ընթերցանությունը, ով հետո ուշադիր նայեց դպրոցի հասցեին:

— Տղենք,- շարունակեց Ադամը՝ նամակը դնելով ծոցագրպանը,- երբ  այս ամենը ավարտվի, ես խոսք եմ տալիս, որ կայցելեմ այս դպրոց ու փոքրիկ Մաներին այստեղ աճող  հիասքանչ դաշտային ծաղիկներից մի մեծ փունջ կնվիրեմ, խոստանում եմ:

— Մեզ լրիվ հերոսացրեցին,- ավելացրեց Արշակը,- ուրիշ էլ ինչ է հարկավոր զինվորին:

— Չկա գնահատված լինելուց ավելի լավ բան, երբ հասկանում ես, որ արածդ անարձագանք չի մնում: Դրա շնորհիվ փորձում ես հասնել ավելի ու ավելի մեծ նվաճումների, ապացուցել, որ դու կարող ես ավելին: Երբ մարդիկ քեզ հառում են հավատով լի իրենց աչքերը, դու պարզապես իրավունք չունես նրանց հուսախաբ անելու,- եզրափակեց Սասունը:

* * *

Արշալույսին գործողությունները ոչ միայն չդադարեցին, այլև շարունակվեցին նոր թափով: Պայթյուններից առաջացած փոշին ու ծուխը դժվարացնում էին զինվորների առաջընթացն ու դիմակայությունը:

Լսեցին հերթական պայթյունի ձայնը:

Ինչ-որ այրող ցավ զգաց զինվորն իր կրծքավանդակում: Անսպասելիությունից նա մի պահ տեղում քարացավ՝ նայելով իր կողքին մարտնչող ընկերներին: Նկատեց, որ Հսկան վիրավոր պառկել է ու չի շարժվում, մեկը մոտեցլ է նրան և փորձում էր կանգնեցնել կողքից եկող  արյունահոսությունը, մյուսները կրակում էին, մեկ այլ տեղից լսվում էր զինտեխնիկայի աղմուկը:

Նրա ձեռքերը թուլացան, աղմուկը խլացավ ականջներում, աղավաղվեցին պատկերները, հողը երերաց ոտքերի տակ: Զենքը սահեց ու ընկավ ներքև: Ընկավ նաև զինվորը:

* * *

Ադամը փորձեց բացել ծանրացած կոպերը: Առատ լույսը ծակծկեց աչքերը և ստիպեց կկոծել: Հասկացավ, որ պառկած է մահճակալին: Դռներն հաճախակի շրխկոցով բացվում ու փակվում էին, բժիշկները շտապում էին այս ու այն կողմ: Նա կարողացավ որսալ ինչ-որ բառեր՝ շտապե՛ք, վիարահատարան, արյուն է պետք…

Ադամին էին միացված սարքավորումներ, որոնց միալար ձայնը աղմկում էր նրա ականջներում: Զգաց, որ ուժերը լքում են, ինքը կարծես թեթևանում է ու անէանում՝ վեր բարձրանալով ինքն իրենից:

Բուժքույրը մոտեցավ, նայեց Ադամին իր կապույտ ու խոշոր աչքերով, որոնք լցված էին անսահման կարեկցանքով:

Ադամը նկատեց այդ աչքերը, նրան թվաց, թե իրեն են նայում մեկ այլ մարդու՝ իրեն հարազատ ու թանկ աչքերը, որոնցում կարելի էր գտնել սիրո անսահմանություն և աշխարհի բոլոր գույները:

Ներարկում կատարելուց հետո աղջիկը հեռացավ:

Արդեն անցել էր մի քանի ժամ, երբ Ադամը բացեց աչքերը: Նա թեքեց գլուխը և նայեց շուրջը: Կողքին նստած էր հարազատ ընկերը՝ Սասունը:

Տենելով, որ Ադամը ուշքի է գալիս, նա բռնեց ընկերոջ ձեռքը և շշնջաց՝ ձգվելով առաջ.

— Ադամ, ինչպե՞ս ես:

— Լավ,- մի կերպ արտաբերեց վիրավորը:

— Չմտածես, ամեն ինչ լավ է լինելու:

— Գիտեմ, հավատում եմ: Իսկ սահմանի՞ն…,- ու ձայնը լռեց:

— Մի՛ մտածիր, մենք հետ ենք բերել կորցրածը: Այսօր թշնամին զինադադար է խնդրել:

Ադամը փորձեց ժպտալ՝ չնայած ուժերը դավաճանում էին:

— Մի՛ խոսիր, ընկերս, քեզ չի կարելի: Դու կհաղթահարես այս վիճակը, հետո մենք երկար ժամերով կզրուցենք, այնքան երկար, որ ես գլուխդ տանեմ ու դու ինքդ խնդրես, որ ձայնս կտրեմ: Գիտես չէ՞, մեր տղաները խիզախ են անսահման, պարզապես ցավն այն է, որ նրանցից շատերը այլևս չկան: Կապիտան Սիմոնյանն ընկավ շրջափակման մեջ և նռնակով պայթեցրեց իրեն՝ հետը տանելով մի խումբ ոսոխի: Ռուբենն էլ ընկավ մարտում այն պահին, երբ փորձում էր զինվորներից մեկի դին չթողնել թշնամու տարածքում: Ադա՛մ, այսքանից հետո դու իրավունք չունես ինձ մենակ թողնելու:

Ադամի աչքերը պղտորվեցին, նա մի կերպ բացեց իր չոր շուրթերը.

— Լուսինեին կասես, որ ամուսնանա:  Ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի:

— Ադամ, այդպես մի՛ ասա, ինչու՞ ես հրաժեշտ տալիս, դու կապաքինվես:

Սասունը աթոռից սահեց ցած և ծնկի իջավ ընկերոջ առաջ՝ շարունակելով իր երկու ձեռքերում սեղմած պահել Ադամի սառը ձեռքը:

Ակամա հիշեց իրենց մանկության այն դրվագը, երբ երկուսով միասին գնացել էին իրենց թաղի ծերունուն «թալանելու»:

Փողոցի այդ մասում ձգվում էր սեփական տների շարքը: Տասնամյա տղաները որոշել էին այդ օրն անպայման խնձոր ուտել: Նրանք թաքուն մուտք էին գործել միայնակ ծերունու այգին, ով հայտնի էր իր ագահությամբ ու փնթփնթան բնավորությամբ:

Սասունը բարձրացել էր կարճլիկ ծառը և սկսել խնձորները քաղել ու նետել Ադամին, վերջինս դրանք արագ-արագ լցրել էր իր փեշը: Երբ ծերունին դուրս  էր եկել պատշգամբ, նկատել էր Սասունին և աղմուկ բարձրացրել: Տղաները խուճապահար սկսել էին վազել: Ադամն օգնել էր Սասունին բարձրանալ պարսպի վրա և ցատկել փողոցի կողմը՝ ասելով, որ նա հեռանա: Ինքն էլ թաքնվել էր վարդի թփերի հետևում՝ աննկատ մնալով ծերունու աչքից: Արդեն մութն ընկել էր և Ադամը դեռ կուչ եկած մնացել էր իր թաքստոցում, իսկ բռնվել ոչ մի կերպ չէր ցանկանում: Նա առանց օգնության չէր կարող անցնել պարիսպը:  Շուտով պարսպի վրայից լսել էր Սասունի ձայնը: Վերև նայելով տեսել էր, որ ընկերը պառկել է պատնեշի վրա, կիսով չափ ձգվել առաջ ու իրեն պարզել ձեռքը: Ադամը բռնել էր այն և մի կերպ դուրս եկել: Միասին վազել էին իրենց փողոց և տեղ հասնելով՝ մի լավ ծիծաղել իրենք իրենց վրա: Հետո Ադամը հանել էր գրպանի խնձորները, և նրանք միասին վայելել էին իրենց ավարը: Սասունը այդ օրը խոստացել էր Ադամին, որ միշտ իր ձեռքը կպարզի, եթե ընկերն ունենա իր կարիքը:

Ու այսօր այդ ձեռքը էլի բռնել էր Ադամին, բռնել, որպեսզի նա չհեռանա իրենից:

Գիծն ուղղվեց էկրանի վրա, սարքը միալար զնգաց: Կյանքը սահեց, ու Սասունը ի զորու չեղավ այն պահել իր ամուր ձեռքերում: Մարդը միշտ էլ կորցնում է այն ամենը, ինչը փորձում է ամենաամուրը պահել, ինչից փորձում է միշտ կառչած մնալ: Ճակատագիրը քմծիծաղ է տալիս, նորից ու նորից ապացուցում, թե որքան անկարող է մարդ արարածն իր դեմ:

— Չէ՜, չէ՜, Ադա՜մ, մի՛ վարվիր այդքան դաժան:

Բուժաշխատողները հազիվ կարողացան ընկերոջ մարմնի մոտից հեռացնել Սասունին:

 

Իջել էր ապրիլյան անվրդով երեկո: Մայրամուտը ներկել էր երկինքը այրվող կարմիրի ամենագույներով, փչում էր քամին և փորձում իր հետ տանել պատերազմի չարագույժ խանձահոտը:

Երկինքն անհաղորդ էր երկիր վրա կատարվող վայրագություններին, նա մնացել էր իր վեհ բարձրության վրա:

Դիտողին կթվար, թե այստեղ երբեք ոչ մի արյունոտ իրադարձություն չէր կարող կատարված լինել, որ այս ներդաշնակությունը չէր կարող երբևէ խաթարված լինել, որ ոչ մի չար ուժ չէր կարող խլել խաղաղության հարատևությունը:

Կյանքում առաջին անգամ Սասունը արտասվեց: Կորուստները շատ էին, բայց մի՞թե ջրի այդ անզոր կաթիլները ի զորու էին սրբել ու տանել կարծրացած ցավը, որն այրում էր ներսից, որը խլում էր ուժերը և ջլատում զգացմունքները:

Նա բարկացած սրբեց արցունքները՝ փորձելով թաքցնել իրենից իր իսկ թուլությունը: Չէ՛, կյանքը չէր կարող կոտրել իրեն, ինքը թուլանալու իրավունք չուներ, ինքը պարտավոր էր լուծել իր վրեժը՝ ապրել շարունակելով:

Ու եթե նույնիսկ կոտրվեր, միևնույն է, դրանից հաստատ ավելի լավ չի լինելու: Երբեք պետք չէ հանձնվել, հարկավոր է պայքարել նույնիսկ սեփական ճակատագրի դեմ:

Մարդն ի զորու է տանել ցանկացած կորուստ ու փորձություն և շարունակել ապրել: Դա է հաղթանակը, հաղթանակը իրավիճակի նկատմամբ: Նա հստակ գիտեր, որ ուժեղներին քաջալերում են, իսկ թույլերին՝ խղճում:

 

* * *

Ընթանում էր թափորը: Մարդիկ համրաքայլ գնում էին մեկ ուղղությամբ: Նույնիսկ ծառերը չէին սոսափում, որպեսզի չխանգարեն այն անդորրը, որը լցրել էր մթնոլորտը:

Պանթեոնը մարդաշատ էր: Այն պատրաստվում էր իր սրտում ընդունել նոր հերոսին՝ հայ ժողովրդի հերթական հերոսին, որի արյունը թափվեց  ու միացավ բազում իրպեսների արյան հետ: Հերոսների որդիները հերոսներ են, այլ կերպ լինել չի կարող: Առյուծները միշտ էլ առյուծներ են  ծնում:

Սասունի կողքին կանգնած էր սևազգեստ մի աղջնակ: Նա ուներ մուգ մազեր ու կապույտ աչքեր, որոնցում արտացոլվում էր խաղաղ երկինքն՝ իր ողջ լազուրով: Բայց թաց էր այդ երկինքը, արցունքներն անոգ գլորվում էին և հոսում դժգույն այտերի վրայով:

Աղջկա դենքին դաջված էր կորստի անամոք ցավը:

— Լուսինե՛, ուժեղ եղիր,- շշնջաց Սասունը և գրկեց աղջկա կուչ եկած ուսերը,- նա ուզում էր, որ դու երջանիկ լինես:

* * *

Կարմրագույն մազերը հյուսած, խաժ աչքերով մի փոքրիկ աղջնակ, չարաճճի ժպիտը դեմքին, վազեվազ բարձրանում էր բարձրահարկի աստիճաններով: Աղմուկով փակվեց երրորդ հարկի բնակարանի դուռը:

— Մայրի՛կ, մայրի՛կ,- բղավեց աղջնակն ու շտապեց մոր մոտ, ով խոհանոցում բանջարեղեն էր կտրատում:

Գեղեցկադեմ կինը գլուխը բարձրացրեց և նայեց երեխային: Նա զարմանքով նկատեց նրա ձեռքի ծաղկեփունջը՝ կազմված դաշտային գույնզգույն ծաղիկներից;

— Դա որտեցի՞ց քեզ, Մանե,-  հարցրեց մայրը՝ մոտենալով և կռանալով աղջկա դիմաց:

— Մայրի՛կ, դպրոցի բակում ինձ մի զինվոր մոտեցավ և նվիրեց այս փունջը: Նա ասաց, որ դա ուղարկել է Ադամը, ով իր զինվոր ընկերն է ու իսկական հերոս, ինչպիսիք միայն ֆիլմերում են հանդիպում ,- պատասխանեց Մանեն և գրկում սեղմեց ծաղկեփունջը:

* * *

Անցան շատ ամիսներ: Հայաստանից հեռու գտնվող եվրոպական խոնավ ու մռայլ քաղաքի բնակարաններից մեկում՝ գրասեղանի մոտ, որը ծանրաբեռնված էր հաստափոր հայատառ և օտարալեզու գրքերով, նստած էր գեղեցկադեմ մի օրիորդ:

Էլեկտրական լամպի լույսի ներքո նա ծալեց թուղթը, ծրարեց նամակը և բացեց դարակներից մեկը: Ձեռքի նուրբ շարժումով այնտեղ դրեց հետթական անհասցե նամակը.

«Ողջույն, հարազատս:

Օտար քաղաքի փողոցներով քայլում եմ անվերջ ու աննպատակ: Իմ շուրջ փոխվում են մարդիկ, փոխվում են դեմքերը, տեսարաններն ու անհետք մայթերը: Բայց մտքերս… Մտքերս մնում են նույնը: Նրանք քեզ հետ են: Երազանքներս որբացել են ու կուչ եկած հեկեկում են մտքերիս տակ: Հույսերս գլխատված են:

Յուրաքանրյուրի մեջ փնտրում եմ քեզ: Իզուր…

Ափսո՜ս  ժամանակը սպանել չգիտի: Այն ոչինչ չի ոչնչացնում մարդու ներսում՝ ո՛չ հոգում, ո՛չ զգայարաններում, ո՛չ մտքում և ո՛չ էլ գիտակցության մեջ, ո՛չ մի տեղ: Գուցե կարողանում է թմրեցնել, այն էլ որոշ ժամանակահատված:

Կորուստս անդառնալի է: Կորցնելուց հետո երբեք հնարավոր չէ վերագտնել նույնը, իսկ նմանի հետևից երբեք չեմ վազել ու չեմ վազի:

Դու հետ չես վերադառնա, գիտեմ, իսկ ես փոքրիկ երեխա չեմ, որ հավատամ հրաշքների: Երբեք չեմ ակնկալել անկարելին:

Միևնույն է, չեմ համակերպվում այս բաժանմանը: Ես շարունակում եմ զգալ քո աննյութ ներկայությունը, քո անգո շունչը ամեն անգամ ինձ բերում է քամին:

Այսօր վերջնականապես վերադառնում եմ հայրենիք: Հիշու՞մ ես, ես դա խոստացել էի քեզ: Ես գալիս եմ այն հայրենիք, որի համար դու թափեցիր արյունդ, ես ապրելու եմ մեր սիրելի քաղաքում: Այնտեղ ես կգտնեմ մեր անցյալի բոլոր հիշատակները, բայց, առանց քեզ: Չեմ ուզում, որ այդ մասունքները կորսվեն կամ ցիրուցան լինեն ամայի փողոցներում, կուչ գան պատերի տակ, անտեր մնան:

Ես վերադառնում եմ հայրենիք՝ քեզ մոտ, բայց գիտեմ, որ մնալու եմ անքեզ:

Գրողը տանի, ինձ մոտ չի ստացվում երջանիկ լինել, կներես:

Քո Լուսինե»:

 

Կարծիքներ

կարծիք