Մատյան վրեժի

Հեղինակ:

« Զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք »

 

Աչքիս առաջ Արամ Երկանյանի Նեմեսիսյան դեմքը և դոկտ. Բեհաեդդին Շաքիր բեյի և Ջեմալ Ազմի փաշայի դիակների պատկերը՝ առնված Բեռլինի դիարանին մեջ, զիս ետ կտանեն այն օրերուն, երբ մեր միլիոնավոր դիակները չէին մոռացված, չէին ուրացած: Երբ շուրթերը թուրք բառը շշնջային, այդ՝  միայն արձագանքն էր հոգիներու վրեժին:

Հոգիներ կային, որոնց ահավոր պարապություն, բացված միլիոնավոր հայ նահատակներով, չէր կրնար լեցնել ոչ իսկ նորաստեղծ Հայաստանի տարածությունն ու պաշտելիությունը, ոչ ալ անոր դաշնակցական իշխանավորության կորուստը կրնար մոլորեցնել իրավ դաշնակցականի գնդակը  իր նշանեն:

Վրեժը, որ կփոթորկեր հոգիները, բղխումն էր անթաղ նահատակներուն հաճախանքին և վկայությունը՝ թե հոգիներու մեջ սրբության սրբոցը դեռ կանգուն էր:

Այսպես է, որ 1921 թ. մարտ 15-են 1922 հուլիս 25, Սողոմոն Բեռլինի մայթերուն վրա, Թալեաթով կբանար իրավ պաշտամունքը նահատակապաշտության՝ և Թիֆլիսի մայթերուն վրա՝ Ջեմալ փաշայով կփակեր Ծ… : Իրարու ետևե դատելով Թալեաթ (Բեռլին), Ջիվանշիր (Պոլիս), Սայիդ Հալիմ (Հռովմ), Բեհաեդդին Շաքիր, Ջեմալ Ազմի (Բեռլին), Ջեմալ (Թիֆլիս):

Մինչև որ Թավրիզյան «Պրոմեթե» -ական թրքապաշտ ուխտին քուրմերը գային խեղդամահ ընել հայ Նեմեսիսը:

Իմաստ կար այս վրեժապաշտության մեջ, և՛ արդարություն՝ վեր բոլոր օրենքները ու դատաստաններե, և՛ հայապաշտպանություն:

Հայ հոգին կզգար անոր իմաստությունը: Եվ օտարը չէր կրնար մերժել անոր արդարությունը:

Պետք էր, որ հայության 1915-1918-ի նահատակությունը չուրացվեր: Եվ արդարությունը կփրկվվեր սնանկությունե միայն հայ վրեժին սրբությամբ:

Ի զուր չէր, որ Սողոմոնն ու Միսաքը անպարտ կարձակվեին: Իսկ  «Բոսթըն Թրենսքարիբդ» ի պես արյունե խորշող թերթ մը, Թալեաթի արյունաշաղախ դիակին առջև  «Number-1» ով կվերնագրեր իր խմբագրականը:

Բայց հրավեր հայ հոգիին, շարունակելու արդարագույն գործը մինչև վերջինը Թալեաթներու թիվերուն:

Եվ Արամ Երկանյան մեկն էր, դաշնակցական մը, այդ հոգիներեն…:

Մարմնապես, երևելի, դաշնակցական էին արձակված գնդակներն ալ, ոգիով և աներևույթ, ՀԱՅ: Ահա թե ինչո ՞ ւ հայ բերանները, անխտիր, օրհնենք և ձեռքերը ծափերով կարձագանքեին վրեժխնդիր գնդակները:

Այդ գնդակները նաև ըմբոստության մը հայտարարներն էին:

Հոգիին հրաբուխը՝ ուղեղին դեմ, Դաշնակցության ներսը:

Ի զուր չէ ակնարկությունը Արամի հուշերուն մեջ:

Թող արձանագրվի, ուրեմն, որ Բեհաեդդին Շաքիրներու դիակները պոռթկումն էին ոգեկան՝ երեսին անոնց, որ  « Պրոեթե» ի ուխտին քուրմերը դարձած էին գաղտնորեն:

« Ոճիր» մը, որ, պիտի ապացուցվեր հետո, որ պիտի քավվեր մեկ առ մեկ ու պեսպես…:

Ո՞վ էր Արամ Երկանյան:

Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն ձեզ:

-Հայ Նեմեսիս մը…:

Ես զինքը ճանչցա Պոլիս:

Չէ հանդիպեցա իրեն: Հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չափվիր:

Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ, անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրա և հայու աչքերուն մեջ:

Կարնեցի սա տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին:

Հրաշքով ճողոպրած՝ Կարինի դիակույտերեն, դեռ պատանի՝ մկրտված արյուններուն մեջ անոնց, որ հայ արյուն էին խմած, բայց մարտերեն անցած՝ արյունի դատախազության, Ղասիմբեկովը Թիֆլիսի Երևանյան հրապարակին վրա — Սաֆարովը, Խան-Խոյսկին՝ Գալավինսկի փրոսփեկտին վրա, եկած-ինկած Պոլիս, միլիոնով հայ զոհերու խելառեցնող հաճախանքեն մրրկավար:

Ամեն մեկը այս անուններեն թաթարադեմ տիպը թուրք Թալեաթի, Էնվերի, Ջեմալի:

Ո՛վ Խան-Խոյսկին կճանչնա, անոր պատմության ծանոթ է, ան միայն պիտի կրնա ըմբռնել, թե դյուցազնը, Արամին մեջ, ինչի կըրնար նմանիլ:

Խան-Խոյսկի …  պատմությունը անոր առասպելային քաջություն և հանդգնություն, որ իր «ղոչաղներու» շրջանակով վահանված, գիտեր Կովկասի հայությանը փշաքաղել և Թիֆլիսի փողոցներուն մեջ արհամարհել իր դեմ արձակված հայկական մահավճիռը:

Չէ՞ որ փորձերը, որ կատարված էին ոճիրները քավել տալու, կրցած էր քանի անգամ ձախողեցնել, դաղելով և պարտելով ահաբեկիչները:

Գիտակ ու փորձ, գազան, որ գիտե, թե օրվան որևէ մեկ ժամուն իր դեմ կրնա կանգնիլ հայ վրեժխնդիրը: Եվ կարհամարհե դարձյալ:

Չափվիլ ահաբեկիչներու հետ, դուրս գալ հաղթական մեկե ավելի անգամներ, կարդարացնեին անոր ժպրհությունները:

Կմոռնար միայն, թե թրքահայ նահատակութենեն հարուցյալ մը, տղեկ մը՝ Արամ, պիտի ցցվեր իր դեմ միս-մինակ, և իր ՙղոչաղ՚ներու զրահապատ շղթան պիտի չկրնար պաշտպանել զինքը արդարագույն դատաստանեն:

Պիտի վիրավորվեր թեև հայ ասլանը, բայց տեղացող գնդակներուն տակ պիտի գիտնար ապացուցանել, թե որքան դյուցազն է, նույնքան ալ հնարամիտ:

Ահա Արամը:

Կարինեն Երևան, Թիֆլիս, Պոլիսեն Բեռլին, անգամ մըն ալ ապացուցանելու, թե իրեն կվայելեր նաև Բեհաեդդին Շաքիրը:

Զատկի Մեռելոցին, երկուշաբթի, յոթը տարի հետո այն օրերեն, երբ Շաքիրներ պիտի գլխատեին ողջ թրքահայությունը:

Դիպվա՞ծ այս զուգադիպությունը:

Եթե բոլոր դիպվածներ ստեն, այս մեկը բավական պիտի ըլլար անհավատությունդ սարսելու «Աստուծո մատ»ի հարցականին առջև:

Արամի այս հուշերը էջ մըն են միայն իր կյանքեն, էջ մը նաև 1922 թ. ապրիլ 17-ի մեռելոցի Վրեժի մատյանեն:

Գլուխ մը միայն այն մեծ հատորեն, «ընթերցված Արամե Նեմեսիսե»:

Այդ բոլորը երբ լույսին կուգա, այն ատեն լույսին պիտի գա նաև, թե ինչո՞ ւ ան, ասլան-բալասին ալ, եղավ մեկը լքվածներեն, Պոլսեն-Ռումինիա նետվածներեն, թշվառացվածներեն, օր մըն ալ Հարավային Ամերիկայի մեջ թոքախտով կյանքը փակածներեն և այրեցյալ հողերու մեջ թաղվածներեն ու մոռացվածներեն:

Թուրքեն առաջ ու վատ թշնամին չդավանելու ոճիրին մահավճիռն է այդ, այն օրեն, որ «Դաշնակցության » ուղեղը թուրքեն վատ թշնամի մը գտավ և խեղդակապեն կախվեցավ Դաշնակցության սիրտն ու հոգին:

Ահա այդ մոռացումեն է, որ Արամյան հոգին, հանձին Ա. Ա. ուխտի Լոս Անջելեսի Օղակին, հարություն կուտա Արամին, իր դյուցազնական կյանքին այս դրվագեն էջ մը փրցնելով և տալով իբրև աղոթանք՝ անոնց, որ դեռ Աստուած ունին իրենց կուրծքին տակ, և իբրև հաճախանք՝ անոնց, որ հաղթանակ փնտրեցին Արամներու թոքախտահար մահվան մեջ:

Բառ մը կեղծիք և ուրացում բավական պիտի ըլլար, որ Արամ Երկանյան գորգերու մեջ լողար:

Արամ, սակայն, ծնած էր այդպես մեռնելու համար: Այսինքն՝ սուրբ:

Եվ, Ա. Ա. Ուխտի Լոս Անջելեսի օղակը, ուխտավորն այդ տաճարին, ահա ուխտի կուգա Արամի հիշատակին, այս Վրեժի Մատյանով.

Սուրբ ես, Արա՛մ, սուրբ՝ քու պատարագը, հավիտյանս հավիտենից:

Եվ մենք «Զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք…»:

Կարծիքներ

կարծիք