Գարունը շատ էր արևոտ ու ջերմ

Հեղինակ:

Մայրերը շատ էին որդիներ ունեցել, հայրերը շատ էին սիրուհի պահում, գարունը շատ էր արևոտ ու ջերմ, դրա համար էլ պատերազմ սկսվեց, որ մաքրի, ինչպես Նոյի ջրհեղեղը: Պատերազմը միշտ մաքրելու համար է սկսվում` չնայած աղբ է:

Մուշեղը փողոցներն էր ավլում, նրա գործը փողոցներն ավլելն էր. մի օր Մուշեղը գործի չգնաց, ու ամբողջ քաղաքը բողոքեց աղբի առատությունից, ամեն օր Մուշեղը գործի էր գնում, բայց որևէ մեկը չէր ասում, թե ինչ մաքուր է քաղաքը: Հենց փողոցից էլ տարան, ասացին` ցած դիր ավելդ, ահա զենքդ ու առաջ, զինվոր ես, հայրենիքին պետք ես, ինչպես յուրաքանչյուրս, երբ սկսվում է պատերազմը: Մուշեղն ուրախացավ. ո ՞ր հավաքարարը չի ուրախանա, երբ ասեն` ցած դիր ավելդ ու ահա քո զենքը: «Վերջապես կգտնեմ իմ տեղը»՚,-մտածեց Մուշեղն ու ցատկեց բեռնատարը, որը տանում էր զինվորին հայրենիքի համար կռվելու: Բեռնատարում ոչ ոք չէր մտածում մեռնելու մասին, հայրենիքի մասին, պապերի սխրագործությունների մասին. բոլորի մտքում հերոսությունն էր, բոլորն արդեն հերոսի դեմք ունեին, նրանք վստահ էին, որ պատերազմն այնպիսի բան է, որտեղից վերադառնում են միայն հերոսները, որտեղից չեն վերադառնում միայն հերոսները, որի ժամանակ ապրում են միայն հերոսները… չնայած պատերազմն ու հերոսությունը միմյանց հետ կապ չունեն: Հերոսությունը չպատերազմելն է, կյանքը, ոչ թե կռիվը, ու քանի որ մարդիկ միշտ գերադասում են կռիվը, հերոս չկա, ու որովհետև մարդիկ առանց հերոսների չեն կարող, նրանց խաբել են` վստահեցնելով, որ պատերազմը հերոսության դարբնոցն է. Ապրես` հերոս ես, մեռնես` հերոս ես: Մեռած հերոսն ո՞ւմ է պետք, նրա մայրը պետք է ժպտալո՞ վ քայլի իր որդուն հերոսացրած քաղաքում, թե՞ որդին պետք է Աստծո աջ կողմում նստի, երբ Երկնքում մատուցեն ընթրիքը, գուցե նրա որդի՞ն պետք է ամեն օր քեֆ անի`  «Ոչինչ, որ հայրս մեռել է, բայց չէ՞  որ նա հերոս է» ասելով: Իսկ ողջ հերոսները վտանգավոր են, մանավանդ պատերազմից հետո, երբ նրանք գիտեն, որ հերոսությունը կրակելն ու սպանելն է, բայց պատերազմ չկա, որ կրակեն ու ստիպված սպանում են խաղաղության ժամանակ, բա էլ ինչպե՞ ս պահպանեն հերոսի կոչումը, ինչպե՞ ս ամեն օր ապացուցեն, որ հերոս են… Պատերազմն ու հերոսությունը հականիշներ են:

Մխիթարը ծաղկավաճառ էր, ու երբ տեսավ, որ ծաղիկները հնանում` թոշնում են, հասկացավ, որ պատերազմ է սկսվել: Ամենաշուտը դա զգում են ծաղիկները. անմիջապես սկսում են թոշնել: Երբ բեռնատարը եկավ ու կանգնեց ծաղկի խանութի դիմաց, Մխիթարը ժպտաց, ցած դրեց վարդերն ու դուրս եկավ խանութից: Ահա զենքդ, զինվոր, ասացին, Մխիթարը վերցրեց ու բարձրացավ բեռնատարը: Ծաղիկների խանութի դուռը բաց մնաց, բայց մեծ քաղաքում ոչ ոք չմտավ այնտեղ, որ անվճար ծաղիկ վերցնի. մարդ չկար փողոցներում: Տղամարդիկ բեռնատարներում էին, կանայք, նույնիսկ սիրուհիները` եկեղեցիներում: Մթնեց, քաղաքում ոչ ոք չէր հարբել ոչ սիրուց, ոչ գինուց, կանայք սպասում էին իրենց տղամարդկանց ու սիրով, քանի որ պատերազմը միակ ժամանակահատվածն է, երբ հաստատ գիտես, թե ամուսինդ ուր է: Նույնիսկ անկնիկ, աներեխա, որբ, կույր մուրացկան Համբոյին տարել էին: Երբ զենքն ուսին ցատկել էր բեռնատարը, տղերքից մեկն ասել էր. «Արա, էտ քոռ-քոռ կռիվ ե՞ ս գալիս »: Համբարձումն էլ ասել էր. «Ի՞ նչ պարտադիր է պատերազմը տեսնելը, վաղը երանի եք տալու ինձ»:

Պատերազմը մարդասպանություն չեն անվանում, որ Աստծուն մարդասպան չկոչեն կամ գոնե կույր: Որ օրը պատերազմը կոչվեց մարդասպանություն, մարդը դադարելու է հավատալ Աստծուն, իսկ դա վտանգավոր է, դա հույսասպանություն է, մարդասպանությունից էլ մեծ բան: Պատերազմում չեն սպանում, կամ մեռնում են, կամ ապրում, ու չեն հաղթում, միայն պարտվում են. եթե պատերազմը կա, արդեն մարդը պարտվել է…

Առաջին ճակատամարտը հաղթեցին: Ազատագրեցին մի քսան քառակուսի մետր անտառ, անունը դրեցին հայրենիք ու դանակը դրեցին սև գառան վզին: Լավ հաց կերան: Համբոն, որին Քոռ էին ասում, քաղաքի միակ մուրացկանը, որ հայրենիքի զինվոր էր դարձել, կենաց ասաց. « Տղերք ջան, ձեր հոգուն մեռնեմ: Թող գա էն օրը, երբ կտեսնենք մեր հայրենիքը լրիվ ազատագրված»… Մուշեղը միջամտեց. «Թե դու ո՞նց պետք է տեսնես» Բոլորը խնդացին, Քոռն ասաց. «Հայրենիքը տեսնելու համար աչքերի լույսը պարտադիր չէ, տղերք: Հըլը փակեք բոլորդ աչքերը, ախպոր պես, խնդրում եմ, փակեք»: Բոլորը փակեցին: «Տեսնո՞ ւմ եք, տեսաք՞ , ասում էի, չէ՞ »: Տղերքն այդպես` աչքերը փակ ու լուռ նստեցին մի երկու րոպե: Այդ ընթացքում Համբոն հասցրեց մի թաս օղի խմել ու ձեռքը մեկնեց և վերցրեց գառան դմակից մի անուշ կտոր, հենց դմակից, ջոկեց ու վերցրեց:

-Քոռ, քեզ նշանակում ենք ջոկատի իմաստուն,- ասաց Մուշեղը:

-Դու համբերի հըլը, ախպեր, էս պատերազմը որ մի ամսից չպրծնի, բոլորս էլ իմաստուն ենք դառնալու,- ասաց Քոռը:

-Եթե ողջ մնանք,- ասաց ուսուցիչ Հակոբը:

-Տո, Հակոբ, մտքովդ չանցնի մեռնես, հիշում ես, չէ՞, ինձ 200 դոլար ես պարտք, կռիվը պրծնի` տալու ես,- ասաց խանութպան Մերուժը… Խնդացին:

-Հակոբ, ես քո տեղը կմեռնեի-կպրծնեի,- ասաց շինարար Պողոսը,- կյանքս չստացվեց, գոնե մահս կստացվեր: Բոլորը նորից լռեցին: Լսվում էր մենակ Քոռի չփչփոցը. դմակը շատ յողուտ էր:

-Արա, դու պատերազմ ես եկել, որ ուտե՞ ս,- գոռաց իրավաբան Սարգիսը:

-Թողեք գոնե հիմա ուտեմ, հետո, մեկ ա, էլի դուք եք ուտելու,- ասաց Քոռը:

Մուշեղն ու Մխիթարը միանգամից ընկերացան: Քաղաքում միմյանց չէին ճանաչում. հավաքարարները ծաղիկներ չեն գնում: Միասին ծխում էին, կռվում, ուտում, խմում, նույնիսկ քնում: Մի անգամ Մուշեղն ասաց, որ աշխարհում ամենախեղճ բաները ծաղիկներն են:

-Ինչո՞ ւ,- զարմացավ Մխիթարը:

-Որովհետև նրանք ամենաանուշաբույրն են ու երբ հնանում են, գարշահոտություն է տարածվում:

Մխիթարը հիշեց իր ծաղիկները, խանութի բաց դուռը…

-Երևի ամենագարշահոտը լինելու համար պետք է նախ ամենաանուշաբույրը լինել,- ասաց Մխիթարը:

-Միշտ զարմացել եմ, թե ինչո՞ ւ են մարդիկ միմյանց ծաղիկ նվիրում, երբ պետք է հետո դեն նետեն:

-Իսկ ինչո՞ ւ ես դու կնոջդ գիշերը սիրում, երբ առավոտյան պետք է նորից պատերազմես:- Լռեցին:

-Քաղաքը հիմա սասիկ կեղտոտ կլինի,- ասաց Մուշեղը:

-Ու չնայած միայն կանայք են մնացել, բայց ոչ մեկի ձեռքին ծաղիկ չի լինի,-ասաց Մխիթարը:

Գիշերը ուսուցիչ Հակոբը զոհվեց. խանութպան Մերուժը դիակի կողքին մինչև լույս լալիս էր:

Անտառից մի տասը քառակուսի մետր էլ ազատագրեցին, ու քանի որ կարևորը հաղթանակն էր, ոչ թե մարդը, էլի գառ կերան:

-Քանի՞  երեխա ունես,- ասաց Մուշեղը Մխիթարին, երբ ծաղկավաճառը լուցկու հատիկով ատամը մաքրում էր գառան մսի մնացորդից:

-Երկուսը, երկու աղջիկ, Հասմիկս ու Մանուշակս:

-Լավ ա ծաղկավաճառ ես, ոչ թե հյուսն, տնաշեն,- ծիծաղեց Մուշեղը,- ես մի տղա ունեմ, Արեգս: Վերցրեց հետը տարավ, հիմա Լայպցիգի երաժշտական դպրոցում ա սովորում, ջութակահար ա:

-Ինչի՞  բաժանվեցիք,- Մխիթարը դեն նետեց լուցկու չոփը:

-Կարևոր չէ, միշտ այդ հարցն են տալիս, բայց կարևորը դա չէ: Ինչի՞  ամուսնացաք, դա է կարևորը: Երբ մի օր ոչ դու, ոչ ինքը չեք հասկանում, թե ինչու, բաժանվում եք: Բաժանվելը հետևանք է:- Լռեցին:

-Բայց եթե քեզ կոնկրետ դա է հետաքրքիր, թե ինչու բաժանվեցինք, ասեմ. մի օր գործից տուն եկա, լավ շոգ էր, ես էլ քրտնող եմ: Վրայիցս հոտ էր գալիս, ասաց. «Անասունի հոտ ա գալիս վրայիցդ, այ փնթի»: Ես էլ ասացի`  «Բաժանվիր, ուրեմն»: Ինքն էլ բաժանվեց: Չէի սպասում… Դրանից հետո ամեն օր փողոցներն եմ մաքրում…

-Չի սիրել քեզ ուրեմն:

-Չգիտեմ, կարող է` ես չեմ սիրել, եթե սիրեի, չէի թողնի, որ գնա:

-Էս պատերազմը պրծնի, գնանք տուն, մի ընտիր ծաղկեփունջ կսարքեմ իմ ձեռքով, կուղարկես, տեսնեմ հըլը ոնց հետ չի գա:- Ժպտացին:

-Ախպեր, երանի ես պատերազմը երբեք չավարտվի:

-Էտ ինչի՞ :

-Տղամարդիկ միշտ պիտի պատերազմում լինեն, կանայք` միշտ հեռվում, որ ոչ մեկը չամուսնանա, որ ոչ մեկը չբաժանվի: — Մուշեղը մի սիգարետ վառեց:

-Իրականում ճիշտ ես ասում. պատերազը երբեք չի ավարտվում, նույնիսկ երբ բոլոր զինվորները տուն են գնում: Խաղաղություն չկա: Միայն պատերազմում է մարդը հասկանում, թե ինչ է անում, ինչու է անում, որ չանի` ինչ կլինի: Էս մեռնելը, որ չլիներ, պատերազմը դրախտ կլիներ…

-էլի դրախտ է,- ասաց Մուշեղը,- ինչի՞ , քո կարծիքով դրախտում չե՞ ն մեռնում: Էն էլ ոնց են մեռնում, եթե չմեռնեն, էլ ի՞ նչ դրախտ: Մահն է դրախտի ապացույցն ու դուռը, ախպեր, ոչ թե ծնունդը…- Լռեցին:

Հեռու քաղաքում լսվեցին եկեղեցու զանգերը. քահանան կանանց աղոթելու էր կանչում:

Հինգ զոհ ունեին. 24 հոգու մեջ 5-ը շատ է, 24 միլիոնի մեջ էլ է շատ, զոհը միշտ շատ է: Իրավաբան Սարգիսը, ոսկերիչ Սերոժը, էլեկտրիկ Արսենը, ավտոյի մասնագետ Էդիկը, քանդակագործ Գրիշը մեռան: Անտառի արդեն կեսն ազատագրել էին:

-Մեր զոհված ախպերների կենացը,- առաջարկեց բժիշկ Արշակը, ում բոլորն անվանում էին Պետրոսյան ու նեղանում էին, երբ ասում էր, թե չի կարող վիրավորներին բուժել, քանի որ գինեկոլոգ է: Զոհվածները կենացից հետո իրենց լավ զգացին, ինչպես պաշտպանված էին զգում, երբ աղոթում էին իրենց ողջության համար: Երևի, ըստ աղոթողների:

Կանայք աղոթում էին, որ պատերազմն ավարտվի, տղամարդիկ հաղթանակներով ու զոհերով առաջ էին գնում` այն երբեք չավարտելու հույսով, որ իրենց միշտ սպասեն, որ իրենց համար միշտ աղոթեն, որ իրենք միշտ հերոս լինեն և միշտ հաղթեն:

Ու միշտ հաղթում էին: Որոշել էին, որ ոչ մի դիակ քաղաք չեն ուղարկելու, որ հույսը չսպանեն: Այս ջոկատն աշխարհում միակ ջոկատն էր, որը երբեք չպարտվեց, ոչ մի ռազմաճակատում, չնայած ամեն օր, կռվից հետո գոնե մեկին թաղում էին` ազատագրված հողերում, որ էլ երբեք դրանք հետ չտան: «Մեր գերեզմանները չենք տա»,- ասում էին ու կանգում, և ոչ մեկը չի ասում.  «Մեր ծննդավայրը չենք տա»: Որքան առաջ էին գնում, այնքան հեռանում էին հարազատ քաղաքից, որքան շատ էին զոհվում, այնքան շատ էին առաջ գնում: Անտառն ասես անծայրածիր լիներ, պատերազմը` անվերջ… Մուշեղը, Մխիթարը, Քոռը և կոշկարար Մկոն, մնացին այսքանը, երբ ռումբը պայթեց: Մկոն` առանց ձեռք, Մուշեղն` առանց ոտք, Մխիթարն` առանց մատների, բայց բոլորն էլ` ողջ:

-Երնեկ քեզ, Քոռ,- գոռում էին բոլորը,- ոչինչ չես տեսնում…

Կրակոցները չէին դադարում: Հերթով ընկան. սկզբում` Մխիթարը, հետո` Մկոն, հետո` Մուշեղը… Քոռն առաջ էր գնում: Նա ոչինչ չէր տեսնում, էլ ոչինչ չէր լսում, միայն առաջ էր գնում, ինչպես բոլոր կույրերը, ինչպես բոլոր պատերազմներում, որոնք երբեք չեն ավարտվում:

Քաղաքում կանայք հավաքվել էին եկեղեցում: Նույնիսկ մարմնավաճառներն այնտեղ էին: Որոշեցին, որ բոլորով այնտեղ պետք է ապրեն, մինչև պատերազմն ավարտվի:

Նորից գարուն էր, ծաղիկները թոշնում էին…

 

 

 

Կարծիքներ

կարծիք