Միլիոն դոլար

Երեք երիտասարդ քայլում էին Ազատության պողոտայով: Եղանակը մռայլ էր, բայց ամպերի մեջ նշմարվում էր արևի սկավառակը: Աշնանային թխպոտ օր էր, և օդի մեջ կուտակվում էր խոնավությունը գորշության: Երիտասարդներից երկուսը միջահասակ էին, մյուսը բավական բարձրահասակ էր ու մուգ ակնոց էր կրում: Ուրախ չէին, տխուր չէին, յուրաքանչյուրի դեմքին կարելի էր տեսնել միայն անորոշություն: Ջահել անորոշություն էր, որ տիպական էր այդ տարիքի երիտասարդների համար: Ուսանողներ էին՝ 20-21 տարեկան, և երազանքների ու իրականության միախառն խառնուրդը էլ ավելի էր սկսել ահագնանալ նրանց բառերում, մտքերում, հայացքում անգամ: Նրանցից մեկը, որ դարչնագույն կոստյում էր կրում, ածիլված չէր բնավ, ու մազերը քամին տարուբերում էր ճակատին, հանկարծ բարձր ծիծաղեց, ու մի քանի անցորդ նայեց նրա կողմը.

— Գրազ եմ գալիս ձեզ հետ: Ես միլիոնատեր կդառնամ: Միլիոն դոլար: Այ կտեսնեք: Ես Բորա Բորա պիտի գնամ: Մի կղզի կգտնեմ, աղջիկներ, խմիչք, օհ, կյանքը հրաշալի:

— Հա, բա ոնց, ախպերս, դու անգամ սեփական կատու չունես, վաղը-մյուս օր հետներս գալու ես Կիևյանի տակ նստենք, բոմժության փողերը հաշվենք:

— Լսի, երազանքներ չունե՞ս: Ես որ չեմ պատրաստվում ամսական 100 հազար դրամով ապրեմ: Էդ իմ կյանքը չի:

— Հա, ախպերս, քո ասածնա: Կապրենք՝ կտեսնենք:

— Չեք ջոկում, որ անկապ կռիվ եք անում: Մակրոտնտեսագիտության քննությունը դեմներդ, դրել ինչեր եք խոսում: Քանիսի՞ն գնանք պարապելու:

— Իրիկունը 6-ին: Լոֆթ գնանք:

— Վերջ, պայմանավորվեցինք: Մարշուտնիս էլ եկավ: Թռա:

— Զգույշ՝ կոսմս չթռնես:

Ծիծաղեցին երեքն էլ:

Համակուրսեցիներ էին: Պետական համալսարանում էին սովորում: 4-րդ կուրս: Վերջին տարին էր, և ապագայի մասին հարցերը հաճախ երեք ընկերների խոսակցության թեման էին: Երիտասարդները վազել են, գիտեն վազել օրերի վրայով, բառերի, խնդիրների, երազանքների: Մինչև որ չեն հարվածվում իրականության պատին: Եվ հարվածը նմանվում է ծնողական ապտակի, որով կյանքը իր չարաճճի որդիներին սովորեցնում է հնազանդ լինել: Եթե ուսանողին հարցնես ապագայի տեսլականը, կվիճի Մարքսի հետ «Կապիտալի» մասին, Ադամ Սմիթի հետ կրկին կհայտնագործի տնտեսագիտության սկզբունքները, կհայհոյի կոմունիզմը, կպաշտպանի ազատ շուկայական հարաբերություններն ու կհայտարարի, որ հենց իրենք չեն լինի նախորդ սերունդների նման, իրենք գլուխ չեն կախի, նոր կյանքի հիմքերը կդնեն ու կսկսեն նորը: Բայց երբ անցնում են տարիները, բառերը կախվում են օդում, դառնում երազանքի չորացած տերևներ ու թափվում, անցնում ժամանակի հետ:

Քննության պատրաստվել միշտ սկսում էին մի ամիս առաջ, իսկ տարվա մնացած օրերին թրև էին գալիս քաղաքի փողոցներում, սրճարաններում ու աղջիկների փեշերի հետևից: Երբ հասնում էր վերջին ամիսը, գիշերը ցերեկ էր դառնում, ցերեկը՝ գիշեր, ու տղաները վերլուծում էին բոլոր եգիպտական հիերոգլիֆները, Բերմուդյան եռանկյունու անորոշությունը, Աստծո լինել-չլինելու հարցը, անում անհնարինը ու սովորում ամբողջ կիսամյակի նյութը և բարեհաջող հանձնում քննությունները:

— Լավա եկաք: Մեռա ձեզ սպասելով:

— Կոմունիստ, եկել 15 րոպե շուտ կանգնել ես, մենք ի՞նչ անենք:

— Լավ, թարգեք, եկեք մտնենք:

Ներսում շատ մարդ չկար, բայց բավականին այցելուներ այնուամենայնիվ կային: Անկյունում ազատ սեղան գտան ու հարմար տեղավորվեցին: Նարեկը վերցրեց հեռախոսը, սկսեց քչփորել ինտերնետը: Առանց ինտերնետի նրա կյանքը վերածվում էր անլույս ցերեկվա: Անդադար ինչ-որ ինֆորմացիա էր կարդում: Դիմացի բազմոցին աղջիկներ էին նստած, սեղանի ինչ-որ խաղ էին խաղում: Նրանցից մեկը աչքի տակով նայում էր Նարեկին:

Նարեկը նկատեց, բայց ոչինչ չասաց: Նա սովորաբար սիրում էր լինել ուշադրության կենտրոնում, բայց չէր խոսում այդ մասին, դեռ ավելին՝ կմերժեր, չէր խոստովանի, կասեր, թե իր համար մեկ են բոլորը, բայց իրականում ցանկացած հայացք բաց չէր թողնում:

Վահագը, որ, ընդհակառակը, սեփական կյանքի դրամաներով չէր փայլում, շատ ավելի ապրում էր մյուս բոլորի կյանքով և չէր էլ զգում՝ ինչպես է սեփական անձը լուծել տարբեր մարդկանց մեջ և դեմքի փոխարեն թողել դատարկություն: Նա այն մարդկանցից էր, ում գոյությունը երբեք չես նկատի, եթե շղթայից դուրս փնտրես: Կան մարդիկ, որոնց կյանքի տեսակը միայն խմբային կեցությունն է, բայց որպես առանձին տեսակ անգամ անունը հիշելը դժվարություն կառաջացնի: Վահագը կանանց սիրում էր Նարեկի աչքերով, հասարակության, պետության մասին արտահայտվում էր Նարեկի բառերով, կյանքի նկատմամբ դիտակ ուներ Նարեկի թիկունքից միայն: Նա լավ ընկեր էր, բայց այդ ընկերությունը շատ ավելի սիմբիոզ համակեցության էր նման, որտեղ մեկը տեղավորվել էր գոյություն ունենալու հարմարության համար, իսկ մյուսի համար ծառայում էր որպես հարմար անթացուպ՝ միայնակ չքայլելու համար:

— Նարեկ, քեզ է նայում, հը՞ն:

— Հա, տեսել եմ:

— Բա մոտիկացի, կարողա մի բան ստացվի:

— Տեսնենք, դեռ միտք չեմ տեսնում: Օրը հազար հոգի իրար նայում են հետաքրքության համար:

— Իմ արև, շատ դժվարա քո հետ, Նարեկ:

Գրքերը հանեցին: Ինչ-որ գրաֆիկներ, խնդիրներ, տնտեսական համակարգեր: Նյարդայնանում էին, որովհետև դժվար էր մարսել մի ամբողջ կիսամյակի նյութը ընդամենը մեկ շաբաթում, բայց տղաների համար այս խառնաշփոթը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը: Մնացել էր մի քանի քննություն, ու հրաժեշտ կտային համալսարանին: 2-3 ժամ աշխատելուց հետո թողեցին ու սկսեցին զրուցել ապագայից: Վաչեն, որը ի ծնե պեսիմիստ էր ու չափից դուրս չափավոր, բոլոր երազանքները ֆիլտրում էր կասկածի ու վախի միջով: Կան մարդիկ, որ ամբողջ կյանքում կճկվեն ծանրությունից, բայց երբեք առաջ քայլ չեն անի, որտեղ իշխում է անորոշությունը: Վաչեն երազում էր լինել բոլոր տրոպիկական կղզիներում, զգալ կյանքը, ապրել բոլոր կրքերով, դառնալ հարուստ պարոն, բայց երբեք պատրաստ չէր կատարել մի քայլ, որը դուրս կլիներ «կոմֆորտ զոնայից», որը կցնցեր նրա խաղաղությունը, չէր համապատասխանի ընդունված կարգին, ծնողների սկզբունքներին, շրջապատի պահանջներին: Նա քաղքենի էր և ափսոսանքի մեջ իրեն ավելի հարմար էր զգում, քան մի քայլ ավել երազելու:

Ի տարբերություն Վաչեի՝ Վահագը պատրաստ էր զոհողությունների, ռիսկի, խելագարության, բայց եթե միայն Նարեկը առաջնորդեր: Այս երեքին կապողը համալսարանական ժամանակն էր, իսկ առանձին վերցրած ընդհանուր ոչինչ չունեին:

Նարեկը հանկարծ ծլկեց: Մոտեցավ աղջիկների սեղանին ու զննելով անցավ: Աղջիկն այնտեղ չէր: Ջղաձգված գնաց խոհանոցի կողմն ու, ահա, գտավ նրան: Թեյ էր պատրաստում: Մոտեցավ նրան և ուղիղ կանգեց դիմացը: Մի գիրք բացեց, որի մեջ թղթին գրված էր. «Ես նկատեցի քեզ: Աչքերդ ճանաչում եմ արդեն»: Աղջիկը նույն պահին թղթին գրեց՝ «Բարև»: Ու ծիծաղեց: Սկսեցին խոսել թեյից ու առօրյա բաներից, ապա Նարեկի՝ զբոսնելու հրավերին տվեց բացասական պատասխան ու հայտնեց անուն-ազգանունը միայն: Գիտեր՝ ինտերնետով՝ սոցիալական ցանցով կգտնի:

Տղաները գլխի չընկան, թե ուր գնաց: Երբ վերադարձավ, հավաքվեցին ու որոշեցին դուրս գալ: Կծխեին, մի փոքր կզբոսնեին ու տուն կգնային:

Առավոտյան մտածում էր աղջկա մասին, բայց որոշեց չփնտրել նրան: Կարևոր չէր, թող գլխից դուրս գար, առջևում քննություններն էին: Հեռախոսը զանգեց: Բանկից էր: Հիշեցում էր վարկի տոկոսի մուծման օրվա մասին: Հավաքվեցին ընտանիքով, վարկի տոկոսի թղթերը հանեցին ու սկսեցին նույն ժխորը, մի պատքը մյուսով ծածկելու ռազմավարությունը, փոխադարձ մեղադրանքները և վերջում նորից բախտը անիծելու ամենօրյա սովորությունը: Նարեկը վերցրեց ծխախոտն ու անհետացավ: Սիրում էր ծխել տանիքին: Բոլորից հեռու, կյանքից հեռու: Միայնությունը հարազատ ցուրտ ուներ պահած: Վահագը զանգեց: Հարցազրույցի էր գնացել: Որոշել էր պահակ աշխատել մի շինությունում: Գիշերը հերթապահ կմնար, դաս կաներ, առավոտյան կգար դասի: Համալսարանից հետո էլի մի գործ կգտներ, ու ֆինանսական վիճակը բավականին կլավանար:

— Էդ ո՞նց ես էդքան չքնելու, մտածե՞լ ես:

— Հա, դե մի մեծ բան չի, կարևորը՝ մեջը փող կա: Կքնեմ, էլի, ձեռի հետ: Հո ամբողջ օրը չե՞մ նստելու արթուն, ո՞վ պիտի ստուգի:

— Չգիտեմ, դու գիտես: Ես որ չէի կարա: Լավ, գնամ, գործեր կան:

— Ի՞նչ գործեր:

— Պիտի մի քանի բան ուսումնասիրեմ:

— Ա, էլի անկապ սկսեցին, մեղք ես, հանգիստ ապրի:

— Բիզնես եմ դնելու: Միլիոն դոլար: Կունենամ, կտենաս:

— Ես էլ շատ կուզեի բիզնես, մեքենա, աղջիկներ: Բայց ախր ռեալ չի: Փող ա պետք:

— Դու սպասի: Մենակ սպասի, կտեսնես:

— Հաջող, պարոն բիզնեսմեն:

— Ցը…

Որոշել էր ամեն գնով մի փոքր գործ ստեղծել: Փաբերում ինչ-ոչ խաղ էր ցանկանում կազմակերպել, ապա մտածում էր արծաթյա զարդեր վաճառել, ապա թե ոչ՝ մի փոքր կրպակ աշխատեցնել: Փողի պակասը խեղդում էր: Երազանքները նույնպես իրենց գինն ունեն: Եվ սա նա լավ գիտեր: Վաչեին էր դիմել, որ միանա, միասին մի բան ստեղծեն, չէ՞ որ նա էլ էր երազում սեփական գործ ունենալու մասին: Բայց Վաչեն, իր սովորության համաձայն, անորոշ պատասխաններ էր տվել ու մոռացել: Նա երազանքներից ազատվելու սովորություն ուներ, որպես անպետք իր: Երազանքները որբ են իրականությունից: Նա լավ գիտեր հասարակ մարդ լինելու պարզ խաղաղությունը:

Նարեկը մի ոսկյա շղթա ուներ, որը նվեր էր ստացել դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ծնողների նվերն էր, մեծ աշխատանքի արդյունք: Որոշել էր վաճառել ու գումարով մի քանի անհրաժեշտ նյութ գնել ձեռագործ պայուսակներ կարելու համար: Նա արհեստներից գլուխ էր հանում ու փորձում էր մանրածախ վաճառքով զբաղվել: Շատերն էին գովել ու սիրտ տվել:

Օրերն անցնում էին, և ոչ ոք այլևս Նարեկին չէր տեսնում: Ամբողջ օրն անցկացնում էի արհեստանոցում, ձևում, չափում ու կարում: Մի քանի հրաշալի մոդելներ ստեղծեց, որոնցից մի քանիսը գնելու ցանկություն ունեցան ծանոթ աղջիկները: Այս փաստը անչափ ոգևորեց նրան, և նրա ձեռագործ պայուսակների քանակն օրեցօր աճում էր: Անգամ սոցիալական ցանցերում գովազդ դրեց և սպասում էր լավ արդյունքների: Եվ իրականում ամեն բան հիանալի էր ընթանում: Այնպես չէր, որ մեծ շահույթ ուներ, բայց բավական էր իր առօրյա ծախսերը հոգալու համար:

Վաղը պիտի ընկերներով հանդիպեին: Տղաներից մեկն աշխատանք էր գտել ֆինանսական կազմակերպությունում: Նրա հետ քիչ էր շփվում, բայց դպրոցական ընկերներ էին, և ապրած կյանքը տարբեր թելերով կապել էր նրանց: Այս տղան և Նարեկը չափից դուրս տարբեր էին արժեքային համակարգով: Նարեկը հակում չուներ կյանքի մռայլ ու կեղտոտ կողմի նկատմամբ, կարծում էր՝ խնդիրը պետք է կանխել, այլ ոչ թե ընկնել մեջն ու փորձել լուծել: Սա այն ելակետային դրույթն էր, որը որոշում էր նրանց ապրելու փիլիսոփայությունը: Մեկը սառը կարգապահությամբ ձգտում էր հասնել սոցիալական բարձր աստիճանի, մյուսը փողոցային կյանքի մանրուքներն էր սովորում, մեկը խուսափում էր կոնֆլիկտներից, մյուսը փորձում էր անուն վաստակել փողոցի «ավազակների» մոտ: Իսկ ի՞նչն էր այս երկուսին հետաքրքիր դարձնում միմյանց համար։ Կյանքի խոր ընկալումը: Երկուսն էլ մեկ այլ կյանքում կամ զուգահեռ աշխարհում գուցե լինեին վանականներ ու փիլիսոփաներ, ու իմացաբանությունը հավերժ ու ոչ հավերժական գոյության մասին լիներ նրանց քննարկման գլխավոր նյութը: Եթե Նարեկը գիտեր հասկանալ մարդկանց և փորձում էր ընդունել նրանց գոյության տեսակը, ապա այս մյուսի համար աշխարհը սեփական պրիզմայի միջով էր անցնում միայն: Մեկը խաղաղություն էր փնտրում, մյուսը՝ պատերազմ, ու նրանց կապող կարճ զինադադարի պահերին նրանք չափչփում էին քաղաքն ու ծխում սեփական դատարկությունը: Այս երկուսը կարող էին լինել ամենակատարյալ թշնամիներ, բայց կյանքը նրանց դրել էր ընկերության կերպավորման մեջ, ուստի հարգում էին միմյանց և միաժամանակ չէին հասկանում, ատում էին իրար, բայց առանց իրար նույնպես չէին կարողանում գոյություն ունենալ:

Ընկերը՝ Հայկը, նոր աշխատանք էր գտել, և որոշել էին նշել: Մի սրճարան գտան օպերայի մոտ ու նստեցին: Զրուցեցին դեսից-դենից և այն հեռանկարներից, որ աշխատանքը կբացեր նրա առաջ: Նարեկը ոգևորությամբ իր նախագծի մասին էր պատմում, որը Հայկը քմծիծաղով ընդունեց՝ ավելացնելով, որ ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը ու վերջում էլի մի աշխատանք է գտնելու և մոռանալու է այս ամենի մասին: Սա վիրավորեց Նարեկին, բայց նա գիտեր լռել, երբ բառերը հոգին տակնուվրա էին անում:

Վերադարձավ տուն, ուր տանեցիները ակտիվ քննարկման-վիճաբանության մեջ էին: Քույրը՝ Էմման, նոր էր ավարտում դպրոցը և ցանկանում էր բժիշկ դառնալ: Բայց կրթությունը պահանջում էր շատ բարձր ծախսեր, ուստի հայրը նեղսրտում էր, մայրը՝ պնդում աղջկա՝ կրթություն ստանալու անհրաժեշտությունը: Այս աղմուկը էլ ավելի սրեց Նարեկի առանց այդ էլ լարված ջղերը: Մտավ ներս,անփույթ հայացք գցեց տանեցիների վրա ու գոռաց.

— Դու կսովորե՛ս, տղամարդու խոսք եմ տալիս:

Հեռացավ: Վեճը մարեց:

Հեռախոսը զանգեց: Վաչեն էր, հրավիրում էր գարեջուր խմելու: Մերժեց, ուզում էր առանձնանալ: Բացեց փիլիսոփայության գիրքը, որը հաճախ էր ընթերցում:

«Մարդը ամենաթույլ եղեգն է բնության մեջ, բայց նա մտածող եղեգ է»: Բլեզ Պասկալ

Պասկալի միտքը շատ դուր եկավ նրան: Անդադար խորասուզվելով ինքն իր մեջ՝ իր մտքերի հետ էր խաղում, փայլեցնում դրանք, կռվում դրանց հետ, գժտվում ու միաբանվում կրկին: Ինքը գաղափարն էր, գաղափարը՝ ինքը:

«Սիրտն ունի իր օրենքները, որը բանականությունը չգիտի»: Բլեզ Պասկալ

«Ես սիրտ ունե՞մ միթե»,- հարցրեց ինքն իրեն: Սոցիալական դժվար կացությունը նրան մղում էր անդադար փնտրել լուծումներ, բայց չզգալ երբեք սեր, ուրախություն կամ թախիծ: Նպատակներ, նպատակներ, փող, աշխատանք ու նվաճումներ. այս մտքերը օր օրի է՛լ ավելի մռայլ շթղա էին հագցնում նրա հայացքին: Երբ երկար ժամանակ չես սիրում, սիրտդ անհարմար է զգում սիրո գոյությունից:

«Մարդու էությունը իր ոչնչության գիտակցության մեջ է»: Բլեզ Պասկալ

Նա գիտակցում էր, որ ինքը ոչինչ է այս մեծ աշխարհում, բայց հենց այս գիտակցումը նրան ստիպում էր անդադար կրթվել, աշխատել ու ինքնազարգացման միջոցով իր համար ապահովել բարվոք կյանք, սոցիալական ավելի բարձր դիրք ու սեփական ես-ի նոր որակի բարձրացում:

Սովորություն ուներ թղթի վրա մի միտք գրել մեծ տառերով ու կպցնել պատին, մինչև մեկ այլ միտք կհագեցներ իրեն: Վերջին թուղթը պոկեց: Պասկալը հայտնվեց պատին:

Առավոտյան ուշ արթնացավ: Սուրճ խմեց: Վերցրեց հեռախոսը: Էլի Վաչեն էր զանգել: Որոշեցին հանդիպել: Վաչեն մռայլվել էր: Աշխատանքի էր անցել մի կազմակերպությունում որպես հաշվետար, բայց աշխատավարձը ընդամենը 120 հազար դրամ էր, ու իրեն չափազանց հիմար վիճակում էր զգում: Նարեկը հանգստացրեց՝ ասելով, թե նորեկի համար լավ է, դեռ կաճի: Իրականում այս բառերը բավական էին Վաչեի համար: Նա այն մարդկանցից էր, որ միայն փնտրում էր մեկին, ում միջոցով կարող էր ինքն իրեն արդարացնել, ու վերջ: Կյանքը ուրախ է: Նախ՝ իրեն մեղավոր է զգում իր երազած կյանքից քայլ առ քայլ հրաժարվելու համար, բայց հետո հարմարվում էր այն մտքին, որ ինքը հասարակ մարդ է, ու հասարակ մարդը բարեկեցիկ ապրել չի կարող: Նա գիտեր հարմարվել: Սա ամենահեշտ ձևն էր և՛ փախուստի, և՛ կյանքի՝ թեկուզ կռացած:

Մի քիչ զբոսնեցին քաղաքում: Քաղաքը փթթում էր նոր ծնվող գարնանային կյանքով: Ծաղիկների գույները, աղջիկների ժպտացող դեմքերը, արևի առատությունը Նարեկի սիրտը լցրին ուրախությամբ: Ժպիտով լի վերադարձավ:

Ծլընգ… հեռախոսը զանգեց: Ամեն անգամ, երբ Հայկը զանգում էր, դեմքը խոժոռվում էր:

— Ապեր, լուրջ գործ կա: Պիտի հանդիպենք: Հեռախոսով ասելու բան չի:

— Ի՞նչ գործ:

— Մի երկարացրու էլի: Ասում եմ՝ հանդիպենք ու վերջ: Քեզ հզոր առաջարկ ունեմ: Նմանը չունեցող:

— Տեղ ու ժամ ասա:

— Երեկոյան 6-ին: Սարյանում մի հատ փաբ կա՝ «Վանոտեկը»: Էդտեղ:

Երեկ էին հանդիպել: Բարկացել էր, մերժել: Խելագարություն էր թվում Հայկի ասածը: Իր կյանքը կկործանվի: Այս գարշելի արարածը հիմա էլ որոշել է երկուսի կյանքը ուղարկել գրողի ծոցը: Ախր նրա առաջարկը գողություն է, ավազակային հարձակում: Անպատճառ կբռնվեն: Քանի՞սն են իրենց պես լավ կյանքի հույսով արել այդ քայլն ու կործանվել: Չէ, հաստատ չի անի:

Տրվեց իր աշխատանքին: Ամեն բան լավ էր ընթանում: Վաճառքի քանակը նույնն էր: Գլուխը պահում էր: Հայկի հետ չէր խոսել այդ խոսակցությունից հետո: Մեկ ամիս է, ինչ խաղաղ էր:

Երեկոյան հայրը եկավ: Վարկերի տոկոսները, կոմունալները, պարտքերը վճարելու ոչ մի դրամ չկար: Այլ հնարավորություն անգամ չկար նոր պարտք վերցնելու: Հոր աշխատանքն էլ բնավ բավարար չէր: Տանը նյարդայն մթնոլորտ էր: Բոլորը կռվում էին բոլորի հետ, ու միակ հաղթողը տանը տիրող տագնապն էր ու դատարկությունը: Քույրն ընդանրապես լռում էր: Նրա ուսումը մոռացված պատմություն էր:

— Համբերե՛ք, ես ամեն բան կարգի կբերեմ,- օդի մեջ շպրտեց Նարեկն ու հեռացավ:

***

Հայկ.- Ուրեմն էսպես ենք անում: Վաղը էստեղ լինելու ա մենակ պահակը ու էլի 3 աշխատող: Պահակի հարցը լուծելը թող իմ վրա: Ինքը սովորություն ունի 10 րոպեով մտնի կողքի խանութ, սիգարետ ու պերերիվի մի քանի բան առնի, գա: Ունենք ընդամենը էդ 10 րոպեն: Դու չգաս, ինձնից հարցնես գումարի տեղը: Էդ հավելյալ կասկած ա: Էդ գիշեր մի հատ մոտոցիկլետ կվերցնեմ կողքի թաղից: Գիշերը կթռցնեմ, որ ոչ մեկը չիմանա, թե ինչով եկար: Համարները կհանեմ: Մոտոյով կգաս: Գլխիդ պարիկ կդնես՝ սպիտակ մազերով: Վրեն կեպկա կդնես: Դեմքդ էսօր գրիմ կանենք: Հատուկ ձևով, որ ոչ մեկը չճանաչի քեզ, կնճիռներ կավելացնենք: Դու կդառնաս լրիվ այլ: Երբ 14:00-ին կմտնես ներս, դռների մոտ նոր դիմակ կդնես: Մեջքով շրջված, որ դեմքդ, աչքերդ չֆիքսեն: Կամերայի տեղը հիմա նկարով ցույց կտամ: Հեսա: Վերցրու էս ատրճանակը: Մեջը պատրոն կա, բայց չկրակես հանկարծ: Էս ախպորս ընկերոջ զենքն ա, թռցրել եմ մեքենայի բարդաչոկից: Կգնաս Աննայի մոտ: Ինքը նստում ա իմ աջ կողմում: Դիմացից կմտնես, ինձ կխփես: Ուղիղ մռթիս: Ես ուշագնաց կլինեմ: Հետո Արմենին կբոքսես: Մոտս քնաբեր կա: Կսրսկես իրեն: Ինձ էլ կսրսկես: Ձևը ասել եմ: Որից հետո Աննային կստիպես, որ տեղը ցույց տա: Ստեղ 200 հազար դոլար փող կա: 100 հազարը՝ քեզ: 100 հազարը՝ ինձ: Բայց չծախսես հանկարծ: Պիտի սկսենք էդ փողը մաս-մաս երկրից հանել: Մենակ վարկի տոկոսները կփակես: Վարկը չփակես հանկարծ: Էդ պահին կվերցնես փողերը ու նույն մոտոն չնստես: Դիմակդ կհանես: Ու էլի նույն տարիքով մարդու պես կգնաս դիմացի շենքի շքամուտքը:  Էդտեղ կմաքրես լրիվ գրիմդ, պարիկ-բան, սաղ կհանես, շորերդ կփոխես ու կհեռանաս տաքսիով: Փողերը պայուսակով չտանես: Կդնես տորթի տուփի մեջ, տորթն էլ՝ վրեն: Ծաղիկներ կառնես ու տաքսու վարորդի հետ ուրախ-զվարթ կգնաս տուն: Իբր մամայիդ ծնունդն ա: Ես ինձ կպահեմ որպես զոհ ու վերջ: Մենք հարուստ ենք: Փող ունենք: Աստված մեր հետ: Իրենք էդ փողերը ժողովրդից են գողանում, մենք՝ իրենցից:

— Ուրեմն ե՞րբ: Վաղը: Վաղը, Նարեկ:

— Մենք հարուստ կլինենք:

— Կլինենք:

Առավոտյան ութից պատրաստվում էին: Անհրաժեշտ ամեն բան հաշվարկված էր, և թվում էր, թե ոչինչ չի կարող խանգարել: Ժամը 13:00-ին Նարեկն արդեն ծերունու դեմք ուներ, անգամ ձեռքերին էին փորձել կնճիռներ ավելացնել: Կեղծամը դրեց, նստեց մոտոցիկլետը և 14:00-ից 10 պակաս արդեն վարկային կազմակերպության դիմաց էր: Զինված պահակը հեռացավ խանութ, ինչպես որոշված էր, կանխատեսված: Սիրտը ուժգին խփում էր: Թվում էր՝ կպայթի: Կրկին մտածում էր փախուստի մասին: Դեռ 2 ամիս առաջ երբեք չէր գուշակի իրեն նման ճակատագիր, բայց հիմա ուներ այն, ինչ ուներ: Չէ, չի նահանջի: «Ոչնչից ոչինչ չի ծնվում». հիշեց Դեկարտի խոսքերը: Իսկ ինքը ոչինչ է, ուրեմն սա մի հնարավորություն է փրկվելու: Իսկ ո՞վ չի գողացել, ո՞ր հարուստը:

Մտավ ներս: Զգուշությամբ անցկացրեց դիմակը: Ամեն ինչ կատարեց ծրագրվածի համաձայն: Մյուս երկու աշխատողները վախից դողում էին: Հայկը նույնպես ձևացնում էր, թե խուճապի մեջ է: Հարվածեց Հայկին, ապա երկուսին էլ քնեցրեց: Աղջկանից վերցրեց ամբողջ գումարը, քրոջը հիշեց ու հեռացավ: Դռան մոտ շտապ հանեց դիմակը: Աննային նույնպես քնեցրել էր: Դժվար էր որոշում կայացրել ու հարվածել այդ գեղեցիկ արարածին, բայց գործը չէր սիրում սպասել:

Գնաց մի 100 մետր ու շենք մտավ: Մաքրեց գրիմը: Կեղծամը հանեց: Շուտ փոխեց շորերն ու պայուսակը նույնպես փոխեց, փոխարենը մի տոպրակի մեջ լցրեց ու դուրս եկավ: Տորթը գնեց, ծաղիկները վերցրեց ու գումարը դրեց տորթի ամանի մեջ՝ խմորի ներքևի հատվածում: Տաքսու վարորդի հետ թվացյալ ուրախ վերադարձավ տուն: Շքամուտքից գումարը դատարկեց ու մտավ տուն: Տանեցիների հետ քիչ շփվեց: Միայն ջղաձիգ ծիծաղեց: Հրավիրեց տորթ ուտելու, ապա փակվեց իր սենյակում:

Իսկ եթե ճանաչե՞ն: Եթե իմանա՞ն, որ ինքն էր: Ի՞նչ պիտի անի: Կկործանվի թե՛ ինքը, թե՛ ընտանիքը:

Հայկը զանգեց: Պատմեց, որ այսօր հարձակման է ենթարկվել, շատ վախեցած : Այս շոուն կազմակերպեց, որովհետև գիտեր, որ ոստիկանությունը իրեն կհետևի: Պայմանավորվել էին, որ գործողությունից հետո Նարեկը պիտի Հայկի բաժին փողը տաներ մի լքված տուն Դիլիջանում ու թողներ այնտեղ: Դրանից հետո ուղիղ 6 ամիս պիտի անցներ, ու նոր Հայկը վերցներ գումարը:

Հանցագործությունը պարզել չէր հաջողվում: Ոչ մի ձևով չէր ստացվում: Սկզբում մի ամիս նստել էին Հայկի պոչին: Գիտեր, որ հետևում են իրեն: Գրեթե չէին տեսնվում Նարեկի հետ: Մոտենում էր հունիսի 25-ը: Երկուսն էլ հրավիրված էին ընդհանուր ընկերոջ ծնունդին: Լավ առիթ էր աննկատ խոսելու համար: Զուգարան մտան:

— Նարեկ, ամեն բան հրաշալի ա գնում: Մի տարի հետո նոր կսկսենք փողերը երկրից դուրս բերել: Մանր-մանր մի բան դուրս կգա: Հավատա:

— Հա, ես էլ չեմ վախենում:

— Տեսար, որ դու՝ սուրբդ, առաջինը որոշեցիր ճղել սրբի դիմակդ, երբ փողի համն առար:

— Ի՞նչ ես խոսում: Ես ստիպված էի: Շանս չկար: Ընտանիքս կարիքի մեջ էր:

-Մանր բաներ ես ասում: Բոլորն էլ կարիքի մեջ են:

Իրականում օրինավոր մարդուց հանցագործ դառնալու միջև ընկած է մի ակնթարթ, և ամեն վայրկյան բանտերը լցվում են «սրբերով», որ ապրեցին այդ ակնթարթը:

Որոշեց գնալ Հայկենց տուն: Մի լավ խմեցին: Հին ու նորը հիշեցին: Նարեկը նկատեց, որ գազի խողովակը ռեզինից է, որն այնքան էլ լավ չէր հարմարեցված գազի վառարանին:

«Պիտի անեմ, պիտի վկաներ չլինեն»,- մտածեց: Խողովակը թեթև իջեցրեց խցանից, զգաց, որ գազ է լցվում: Ապա ողջագուրվեց ընկերոջ հետ ու հեռացավ:

Առավոտյան ընկերը զանգեց, ասաց՝ շատ վատ լուր պիտի հայտնի,  Հայկը շմոլ գազից մահացել է: Հեռախոսն անջատեց: Որոշել էր, երկու ամիս հետո կլքեր երկիրը: Տոմսերը գնել էր:

Հաջորդ օրը սև կոստյումով գնաց Հայկի ծնողներին ցավակցություն հայտնելու: Հիշեց իրենց ապրած կյանքը: Փորձեց հասկանալ՝ մեղավո՞ր է, մեղավո՞ր է զգում իրեն: Վերցրեց օղու բաժակը, խմեց հոգու հանգստության համար:

Հեռացավ:

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք