Հանելուկի դարպասները

Եվան մեր գյուղի առեղծվածն էր, համենայնդեպս, մեզ` բակում խաղացող երեխաներիս համար այդպես էր: Ասում էին`խենթ է ու վերջ: Ես, որ գրեթե հինգ տարեկան էի, նրա տան մոտով անցնում էի վազելով` ասես ուր որ է դուրս կգա ու կբռնի`չգիտեմ, թե ինչ անելու համար: Երազներիս մեջ Եվան պատկերվում էր հեքիաթների չար վհուկի կերպարանքով`ցախավելով թռչելիս, բարձր քրքջալիս ու անպայման` բիզ-բիզ մազերը շաղ տված: Մի խոսքով, մենք` բակի երեխեքս, վախենում էինք նրանից, թեև չէինք դադարում միամիտ հետաքրքրասիրություն ունենալ նրա անձի նկատմամբ:

Եվան կլիներ մոտ ութսուն տարեկան, տնից դուրս չէր գալիս, երեխաներ չուներ, միայն  բարեկամ մի կին, ով նրա դրկիցն  էր, օրը մեկ կամ երկու անգամ ճաշ էր տանում նրա համար: Երբ կինը  ներս էր մտնում, մենք դարպասի հետևում պահ էինք մտնում`մի բան լսելու սպասումով: Մի այդպիսի պահի էր, երբ մեր բակի Հարութիկը ասաց.

-Եթե հնարավոր լիներ`ականջներս կպոկեի ու կհրամայեի`գնացեք, լսեք ու հետ եկեք: Ասելուն պես`դարպասի մոտ կուչ եկածներս  սկսեցինք քրքջալ:

-Սո~ւսս…Ոնց որ բան եմ լսում,- ասաց  մեծ, սիրուն ականջներով Արմենը:

-Ո՞նց ես լսում, ախր մենք բան չենք լսում:

-Սո~ւսս, իմ ականջները սուր են:

-Ի՞նչ է խոսում:

-Ասում է`ցախավելս նորոգելու ժամանակն է, որ գնամ երեխեքին հերթով բռնեմ,- հորինեց լավ լսողը:

-Վայ մամա~,-   սարսափահար  գոռաց Անուշիկը ու փորձեց փախչել, բայց վախից ոտքը դիպավ քարին ու ընկավ ցած`գլուխը զարկելով հին, ժանգոտ դարպասին: Դարպասն էլ, ասես, էդպիսի մի բանի էր սպասում, որ դմբդմբար:

Բոլորս հետ վազեցինք: Այդ պահին տան պատուհանը բացվեց, եւ Եվան սկսեց հայհոյանքի խոսքեր թափել, գոռալ: Հետո լսվեց տանը գտնվող բարեկամի ձայնը, նա հետ քաշեց կնոջը, փակեց պատուհանը և  դուրս եկավ տնից: Դուրս գալիս տեսանք, որ թոկով կապկպեց տան դուռը, կապկպեց նաև պատուհանը: Տան ներսից միայնակ կնոջ գոռոցներն էին շարունակ լսվում: Մի ձայն մի քանի անգամ հասավ ականջներիս.

-Բաց թողե~ք, բաց թողե~ք,Աշոտը եկել է, բացեք դարպասը, Աշոտը եկել է…

Երբ շունչներս պահած հասանք ծմակի տակի խնձորի այգուն, կանգ առանք, որ ուժ առնենք:

-Աշոտը ո՞վ է,- հարցրի վախեցած:

-Երևի սիրածն է,- քրքջաց  Կարենը, ով ամենաբոյովն ու ամենամեծն էր մեր մեջ, համ էլ`ինքը դպրոց էր գնում, մենք`դեռ ոչ:

-Սիրածն ի՞նչ է,- հարցրի:

Բոլորը նորից քրքջացին, բայց, չգիտես ինչու, իմ լացը գալիս էր:

Իրիկնամուտը եկել-հավաքվել էր մեր տան կտուրին, ու կտուրը դեղնակարմիր գույներ էր հագել: Տան բաց դռնից կարկանդակի բույրը գլոր-գլոր դուրս էր վազում և փաթաթվում փոշոտ ձեռքերիս: Բույրը ներս էր կանչում, բայց ես չէի ուզում ներս մտնել, ինձ ավելի շատ կտուրն էր գայթակղում, որովհետեւ ենթադրում էի այնտեղից  տեսնել Եվայի փոքրիկ, խրճիթանման տունը: Թոքերիս ողջ ուժով ներս քաշեցի կարկանդակի բույրը եւ ինձ թվաց, թե մի քանի հատ կարկանդակ միանգամից կերա-վերջացրի: Բարձրացա կտուրը: Իրիկնամուտի հայացքի ներքո Եվայի տունը փոքրացել, հալվել ու մի  կետ էր դարձել: Փորձեցի գուշակել` դեռ կապկպվա՞ծ  են  դուռն ու պատուհանը, թե՞ մեկը եկել-բացել է: Ոչինչ չէր երևում:

<<Երանի  կարողանայի ականջներս պոկել, շպրտել մի քանի րոպեով, հետո հետ կանչել>>,- հիշեցի երեխեքի խոսքերը, բայց ես տեսնել էի ուզում, ոչ թե լսել: Ես խղճում էի ծեր կնոջը, ու չէի հասկանում, որ խղճում էի:

Մորս ձայնը ներս կանչեց: Սեղանին դրված մեծ ափսեի մեջ սեթևեթում էին կարկանդակները, բայց  չէի գայթակղվում:

-Կե՛ր,-ասաց մայրս:

-Դեռ չեմ ուզում:

-Ինչու՞:

-Մա՛մ, <<սիրած >> ի՞նչ է նշանակում:

-Ինչու՞ ես հարցնում:

-Ո՞վ է գիժ Եվայի սիրածը:

-Ըհը~, ըհը~, գնացել, ծաղրել ե՞ք ծեր կնոջը, անամոթնե՛ր:

-Չէ, մա՛մ, միայն դարպասի մոտ կանգնել ենք:

-Չի՛ կարելի:

Պապս կողքից միացավ զրույցին.

-Խելքի մեկը պակաս է, դրանից ամեն բան սպասելի է, հեռու կմնաք այսուհետ:

-Է~… Էդ հիմա եք էդպես ասում, մի ժամանակ բոլորը հալվում էին տեսքից, էնպես մարալ, սիրուն աղջիկ էր,- ջղայնացավ տատս:

-Դե որ մարալ էր, թող պսակվեր, խի՞ տանը մնաց,- պապս ծիծաղեց:

-Որովհետև սիրած ուներ ու աչքը ջուր կտրած սպասում էր,- տատս ախ քաշեց,- ո՞վ գիտե, խեղճը որ ֆաշիստի զոհն էր դարձել, թաղեմ պատերազմ հորինողին…

Ես նորից լսեցի ծանոթ բառը եւ մորս ականջին փսփսացի.

-Մա՛մ, սիրածն ի՞նչ է:

-Սիրածն էն է, ում շատ սիրում են, կմեծանաս`կիմանաս:

-Մա՛մ, ով  սիրած չի ունենում Եվայի պե՞ս է դառնում:

-Չէ՛…Լավ՛, լա՛վ, դատարկ բաներ մի խոսիր, գնա կարկանդակ կեր…

Գիշերը  երազ տեսա: Երկար բոյով մի տղամարդ նստել էր ձիու վրա եւ կանգնել էր գյուղամիջում: Նա <<Եվա>> էր կանչում, բայց ոչ ոք չէր լսում նրան: Ես վազեցի դեպի նա, ցույց տվի Եվայի տունը, նա ինձ կոնֆետ տվեց և կորավ փողոցի փոշու մեջ: Ես ուրախ էի, շատ ուրախ, որ կարողացա ցույց տալ նրան Եվայի տունը:

Այսպես գլորվում էր մանկությունս, և Եվայի առեղծվածն էլ հետն էր գլորվում: Արդեն սկսում էի հասկանալ, որ Եվան նշանված է եղել, իսկ նշանածը Հայրենական պատերազմից չի դարձել: Ես միայն լավ չէի հասկանում` այդ ինչպե՞ս են սիրուց խելագարվում, ինչպե՞ս…

Մեր բակում հարսանիք էր: Ձայնը գյուղով մեկ էր եղել, դե  գյուղացիք  հրավիրված էին սովորականի պես, ամեն տնից`մեկ-երկու հոգի պարտադիր, էդպես էր կարգը: Իսկ մենք` գյուղի երեխեքը, հավաքվում էինք  հարսանքավորի տան դարպասի մոտ, սկզբում մի լավ պարում  էինք հարսանքավորների հետ, հետո` նրանց վերադարձից առաջ, երկար քողով ճանապարհն էինք փակում և մանրադրամներ վերցնում` ճանապարհը բացելու դիմաց: Պատահում էր հազարից մեկ, որ մեծ փողեր էլ էին տալիս, դա հիմնականում այն ժամանակ էր լինում,եթե փեսան կամ քավորը ռուսաստանից-մուսաստանից էին լինում: Թեեւ վերջում չէինք հասկանում`էդ <<ռասիյսկի>> փողը ի՞նչ պիտի անենք, ախր գյուղում  բանկ չկար, որ փոխեինք, իսկ քաղաք գնում էինք միայն օգոստոսի վերջին կիրակիին`դպրոցական շորեր գնելու համար: Լա՛վ, դա հեչ, դա հետո կպատմեմ…Հարսին բերող մեքենայի վրա, ըստ սովորույթի, մեծ սիրուն տիկնիկ էր ամրացված լինում`հարսի շորով: Բայց արի ու տես, որ այս հարսանիքի վերջում տիկնիկն անհետացավ մեքենայի վրայից: Մի քանի կանայք սկսեցին ախ ու վիշ անել, թե դա վատ նշան է, իսկ մյուսներն անցան գողին գտնելու գործին:

-Ես գիտե~մ, ես տեսե~լ եմ, գիժ Եվան է տարել տիկնիկը,- հանկարծ ասաց եկար մազերով Արփին, ով ութ տարեկան էր:

Միանգամից մի քանի կին վազեցին դեպի Եվայի տան կողմը, բացեցին թոկով կապկպված դարպասն ու ներս մտան:Նորից ներսից գոռոցներ էին լսվում, հայհոյանքներ, հետո Եվան դուրս պրծավ տնից, մի քանի քար վերցրեց եւ շպրտեց դեպի  հարսանիքի մեքենաները, բայց կանայք նրան ներս քաշեցին: Եվայի տանը տիկնիկ-միկնիկ չգտան, միայն նրա գոռոցներն ու հայհոյանքներն էին լցվել տունն ու փողոցը.

-Աշո~տ, այ տղա, արի~, սպանում են, սպանում են…

Տիկնիկի առեղծվածն այդպես էլ չբացահայտվեց, բայց ես  մի օր գտա պատասխանը, երբ տատիս հետ մեր նոր ծնած կովի խեժից  տարել էինք Արփիենց համար: Ես նկատեցի`հարսի շորով տիկնիկը հանգիստ քնած էր Արփիի մահճակալին :

Գիշերը Եվայի համար թաքուն լաց եղա, թեև չհասկացա, որ դա Եվայի համար էր: Ինձ ոչ ոք չտեսավ լացելիս, բայց ես ինձ տեսնում էի ու չէի հասկանում, թե ինչու է դա այդպես:

Աշխարհն ինձ համար մեծ հանելուկ էր, ամեն բան էր հանելուկ, եւ հանելուկի դարպասները նման էին Եվայի տան  դարպասին: Այնքա~ն նման էին, որ ինձ թվում էր` աշխարհի առեղծվածը սկսվում է հենց այդ ժանգոտ դարպասից: Աշխարհն էլ էր ժանգոտվում բարության պակասից: Ժանգը հարկավոր էր մաքրել, բայց ոչ ոք հանձն չէր առնում, անգամ`ութ տարեկան փոքրիկը: Ու ժանգը մնում էր… պնդանում էր…

Բայց չէ, ի՞նչ եմ ասում, գյուղում բարի մարդիկ էլ կային: Երբեմն մեր հարևան Մարգո տատին ասում էր.

-Էսօր տոլմա եմ սարքել, մի ափսե էլ Եվայի համար տանեմ:

Հետո ավելացնում էր.

-է~, անգլուխ կին է:

Հարևան Ռոբերտն էլ մի արևոտ օր կարտոֆիլ էր հավաքում  հողամասում, երբ կանչեց կնոջը. <<Ախջի~, էս կարտոֆիլից մի քիչ եփիր, տար Եվայի համար, խեղճ կին է>>:

Այդ ամենին գումարվում էր մորս կարկանդակի բույրը եւ տատիս թխած թոնրահացի համն ու հոտը:

Ու բարությունը շարունակում էր ապրել գյուղում, փորձում էր հաղթել ժանգին…

Եղավ նաեւ մեր մանկության ամենածիծաղելի եւ միաժամանակ ամենատխուր ու անհասկանալի օրերից մեկը: Օրերից մի օր լուր տարածվեց, թե Եվան մահացել է: Տատս քթի տակ ասաց. <<Լույս է դառել>>:

-Այ տատ, ո՞նց թե լույս է դառել, մարդը ո՞նց է լույս դառնում:

-Է~, հազար հարց ես տալիս, ա՛յ բալա, որ մարդ մեռնում է` լույս է դառնում էլի~:

Ես գլխով արեցի, թեև չհասկացա:

-Եվայի տանը մոտ չգնա՛ք,- խիստ պատվիրեց պապս:

Բայց դե հետաքրքիր էր ախր, ուզում էի իմանալ,այդ ո՞նց է մարդը լույս դառնում: Բայց դե պապս պատվիրել էր խիստ…Առիթն ինքն իրեն եկավ, երբ պապս ինձ ուղարկեց աղբյուր`ջուր բերելու:

Եվայի տնից ոչ շատ հեռու, մոշի մեծ թփի մոտ հավաքվել էին Անուշը, Արմենը, Արփին ու հետո` ես: Ծիկրակում էինք: Փայտե մեծ, երկար տուփի մեջ ինչ-որ բան դուրս բերեցին Եվայի տնից, տուփը երևի ծանր էր, չորս տղամարդ բռնել էին չորս կողմերից: Տեղավորեցին բեռնատար մեքենայի թափքում:

-Տանում են թաղեն,-ասաց Արմենը:

-Բա ու՞ր է լույսը, տուփի մե՞ջ է,-հարցրի զարմացած:

-Ի՞նչ լույս,- ծիծաղեց Արմենը:

Ես չշարունակեցի, չէի ուզում տատիս ասածը պատմել, մեկ է՝ չէին հավատալու:

Երբ բեռնատար մեքենան անցավ մեր կողքով, թափքում նստած տղամարդը  մատով մեզ խիստ սաստեց: Մեքենայի հետևից փոշի բարձրացավ:

-Եվա~, Եվա~, գիժ Եվա,- ասացին երեխեքը և վազեցին մեքենայի հետևից…

Հետո եղավ լռություն… Հետո… ոչինչ: Մեկը մոտեցավ Եվայի տանը, ամուր փակեց դարպասն ու պատուհանը, բայց տան ներսում լույսը վառ էր մնացել….

Հաջորդ օրը, երբ պապս ինձ նորից ուղարկեց աղբյուրից ջուր բերելու, գյուղամիջի տղամարդիկ այսպես էին խոսում.

-Սիրտս ճաքեց, այ մա~րդ…

-Ուրեմն ճի՞շտ է, որ…

-Հա~, իսկական կինո, էն սարսափներից: Տարանք, որ թաղենք, մեկ էլ տեսնենք` դագաղի մեջ նստել է:

-Հա-հա-հա~,- ծիծաղեցին տղամարդիկ:

-Կատակում է,-ասաց մեկ ուրիշը:

-Կատակու՞մ ես չէ,- հարցրեց մյուսը:

Բայց ես  էլ չլսեցի պատասխանը, արդեն հեռու էի, աղբյուրի ձայնը լցվել էր ականջներս ու խուտուտ էր տալիս:

Վերադարձիս` զրուցող տղամարդկանցից մեկը ջուր խնդրեց: Տվեցի: Մարդը ասաց.

-Այ, ապրե՛ս, կյանքդ ջրի պես երկար լինի:

Ես քայլում էի ու մտածում` տեսնես  ո՞րն է լավ` որ մարդ լու՞յս է դառնում, թե՞ որ կյանքը ջրի պես երկարում է: Մեկ է` ոչ մեկի իմաստն էլ չէի հասկանում:

Եվայի տան մոտով անցնելիս` նայեցի, լույսը վառ էր, դուռը դարձյալ կապկպված էր, ու ես չիմացա` նա ներսու՞մ է, թե՞ այդ նրա լույսն է…

Եվան առեղծված էր ինձ համար, բակի երեխեքի համար, բայց ամենաառեղծվածը կյանքի հանելուկն էր մեզ համար, որի դարպասները շատ նման էին Եվայի տան ժանգոտ դարպասին….

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք