Հաստլիկը

Հունվարի վերջն էր՝ ծննդյան տոներից հետո, երբ Հաստլիկը ինձ մոտ եկավ: Ես այդ ձմեռը մի հետաքրքիր ձևով էի սկսել. հարևանների երեխաներին գրքեր էի տալիս, որոնք նրանք սահմանված օրը պետք է բերեին և հետ վերադարձնեին: Երեխաների մեծ մասին բնականաբար ճանաչում էի, բայց երբեմն գալիս էին նաև անծանոթները, որոնք ապրում էին մեր փողոցից այն կողմ: Քանի որ գրքափոխանակությունը հաճախ շատ ժամանակ է խլում, նրանց մեծ մասը սովորաբար երկար ժամանակ էր անցկացնում ինձ մոտ, ուստի մի քանիսը կային, որ նստում էին տեղում և անմիջապես սկսում կարդալ: Այդ ժամանակ ես նստում էի գրասեղանիս մոտ և աշխատում, իսկ երեխաները տեղավորվում էին գրապահարանի կողքի սեղանի մոտ: Նրանց ներկայությունը հաճելի էր և ինձ չէր խանգարում: Հաստլիկը եկավ մի ուրբաթ կամ շաբաթ օր՝ հաստատ ոչ գրքափոխանակության օր: Ես մի թեթև նախաճաշելու մտադրություն ունեի: Նախաճաշը ձեռքիս, որ ինքս էի ինձ համար պատրաստել, սենյակ էի մտնում: Դրանից առաջ հյուր էի ունեցել, որը մոռացել էր մուտքի դուռը իր հետևից փակել: Այնպես ստացվեց, որ Հաստլիկը լրիվ անսպասելի հայտնվեց իմ առաջ ճիշտ այն պահին, երբ ես մատուցարանը գրասեղանին էի դրել և շրջվել էի՝ խոհանոցից ինչ-որ բան բերելու: Իմ առջև մի աղջիկ էր՝ հավանաբար տասներկու տարեկան՝ հագին բրդյա հնաոճ վերարկու և սև գուլպաներ, իսկ ձեռքի կաշվե պարանից մի զույգ չմուշկ էր կախված: Նա ինձ ծանոթ թվաց, թեև երբևէ չէինք հանդիպել:  Եվ քանի որ նա այդպես անսպասելի ներս մտավ, ես երկյուղեցի:

-Ես քեզ ճանաչո՞ւմ եմ,-հարցրի զարմացած:

Հաստլիկը ոչինչ չասաց: Նա պարզապես կանգնել էր՝ ձեռքերը կլորիկ փորին, ու իր խորաթափանց աչքերով ինձ էր նայում:

-Գի՞րք ես ուզում, -հարցրի:

Հաստլիկը կրկին չպատասխանեց: Բայց դա ինձ առանձնապես չզարմացրեց: Ես սովոր եմ, որ երեխաները ամաչկոտ են լինում, այդ պահերին պետք է օգնել նրանց: Մի քանի գիրք վերցրի և դրեցի անծանոթ աղջկա առաջ: Ապա սկսեցի լրացնել թերթիկը, որի վրա գրանցված են փոխ տված գրքերը:

-Անունդ ի՞նչ է,-հարցրի:

-Ինձ Հաստլիկ են ասում,-պատասխանեց երեխան:

-Ես է՞լ պետք է քեզ այդպես դիմեմ,-հարցրի:

-Ինձ համար միևնույնն է,-պատասխանեց:

Նա չժպտաց, և ես հիմա հիշում եմ, որ նրա դեմքը այդ վայրկյանին թախծոտ էր: Բայց ես դրան ուշադրություն չդարձրի:

-Ե՞րբ ես ծնվել,-հարցրի քիչ անց:

-Ջրհոս եմ,-հանգիստ պատասխանեց երեխան:

Այս պատասխանը ուրախացրեց ինձ, և ես այն գրանցեցի թերթիկի վրա պարզապես կատակի համար և նորից շրջվեցի դեպի գրքերը:

-Ինչ-որ հատուկ բա՞ն ես ուզում,-հարցրի:

Բայց նկատեցի, որ անծանոթ երեխան գրքերին բոլորովին ուշադրություն չէր դարձնում, այլ նրա հայացքը դեպի մատուցարանն էր, որտեղ իմ թեյը և նախաճաշն էին:

-Հավանաբար դու ուզում ես մի բան ուտել,-ակնարկեցի ես:

Երեխան գլխով արեց, և նրա համաձայնության մեջ վիրավորված զարմանքի նշույլ կար: Այդ միտքը միայն հիմա է գլխովս անցնում: Նա սկսեց հացի կտորները մեկը մյուսի հետևից խժռել, և դա այնքան առանձնահատուկ կերպով էր անում, ինչի մասին ես ավելի ուշ միայն սկսեցի մտածել: Ապա նա նորից նստեց այնտեղ և իր սառը հայացքով սկսեց սենյակը զննել: Աղջկա ներկայությունից փոքր-ինչ զայրույթ և հակակրանք զգացի: Հիմա գիտեմ՝ այդ երեխային հենց սկզբից էլ ատեցի: Նրա մեջ ամեն ինչ նյարդայնացնում էր ինձ՝ ծույլ վերջույթները, կանոնավոր, նուրբ դեմքը, խոսելաոճը, որը միաժամանակ և՛ հանդարտ էր, և՛ հանդուգն: Թեև ես որոշել էի նրա պատճառով զբոսանքի չգնալ, նրա հետ վարվեցի բնավ ոչ ընկերական, այլ խիստ և սառը:

Կարելի՞ է արդյոք բարեկամական համարել այն, որ ես նստել էի գրասեղանի մոտ և զբաղվում էի իմ աշխատանքով, ապա ուսիս վրայով հպանցիկ ասացի.

-Դե կարդա՛,-թեպետ հաստատ գիտեի, որ երեխան բնավ չի ուզում կարդալ: Ապա մոտ նստեցի և ուզում էի գրել՝ չփորձելով թուլացնելով լարվածությունը, որովհետև մեղքի մի տարօրինակ զգացում ունեի այնպես, ինչպես եթե ինչ-որ մի բան պետք է գուշակեն, և նախքան ոչ մի բան չեն կարողանում գուշակել, ոչինչ չի կարող լինել այնպես, ինչպես նախկինում: Դա տևեց մի ակնթարթ միայն, ոչ շատ երկար, ապա շրջվեցի և վերսկսեցի խոսակցությունը: Մտքիս միայն հիմար հարցեր եկան.

-Քույր կամ եղբայր ունե՞ս:

-Հա՛,-պատասխանեց երեխան:

-Հաճույքո՞վ ես դպրոց գնում:

-Հա՛,-պատասխանեց:

-Ամենաշատը ի՞նչ ես սիրում:

-Ներեցե՛ք՝ ի՞նչ:

-Ո՞ր առարկան,-հարցրի հուսահատ:

-Չգիտեմ,-պատասխանեց երեխան:

-Գուցե գերմաներե՞նը:

-Չգիտեմ:

Ես մատիտը խաղացնում էի մատներիս արանքում: Իմ մեջ զզվանքի նման ինչ-որ բան ծնվեց, որը երեխայի արտաքին տեսքի հետ բնավ կապ չուներ:

-Ընկերուհիներ ունե՞ս,-հարցրի դողալով:

-Հա՜,-պատասխանեց աղջիկը:

-Դու հաստատ նրանցից մեկին ավելի շատ ես սիրում, -ասացի:

-Չգիտեմ,-ասաց երեխան և երբ նստեց, իր բրդյա հնաոճ վերարկուով նմանվեց մի չաղլիկ թրթուրի, և թրթուրի պես էլ նստած էր և նրա նման էլ հոտոտում էր շուրջը:

«Ոչինչ էլ չես ստանա»,-մտածեցի ես՝ մի տարօրինակ վրեժխնդրությամբ լցված: Բայց ապա դուրս եկա և հաց ու երշիկ բերեցի, իսկ երեխան դեմքի բութ արտահայտությամբ աչքերը սևեռել էր դրա վրա, ապա սկսեց ուտել, ինչպես թրթուրն է խժռում՝ դանդաղ և անընդհատ, կարծես հարկադրված, իսկ ես նայում էի նրան թշնամաբար ու լուռ: Եվ ահա արդեն ժամանակն էր, որ այս ամեն ինչից գրգռվեի ու ջղային դառնայի: «Ի՜նչ անհեթեթ սպիտակ զգեստ, ի՜նչ ծիծաղելի օձիք»,-մտածում էի ես, երբ ուտելու ժամանակ երեխան արձակել էր վերարկուի կոճակները: Ես նորից նստեցի՝ աշխատելու, բայց լսեցի՝ ինչպես է երեխան մեջքիս հետևում չփչփացնում: Այդ ձայնը նման էր անտառում ինչ-որ մի տեղ գտնվող մի վայրի կենդանու ծույլ չփչփոցի, և այդ չփչփոցը գիտակցությանս մեջ առաջացնում էր մարդկային բնավորության բոլոր դժվարություններն ու պղտորությունները ու ինձ շատ էր հուզում: «Ի՞նչ ես ուզում ինձնից,-մտածում էի ես,-հեռացի՛ր, գնա՜»: Ես ուզում էի երեխային իմ ձեռքերով սենյակից դուրս հրել, ինչպես անհանգստացնող կենդանուն են վռնդում: Բայց ես նրան սենյակից դուրս չհանեցի, այլ նորից հետը խոսեցի և դարձյալ խիստ հնչերանգով.

-Դու հիմա սահադա՞շտ  ես գնում:

-Հա՛,-պատասխանեց Հաստլիկը:

-Չմուշկներով լա՞վ ես սահում,-հարցրի՝ ցույց տալով չմուշկները, որոնք դեռ երեխայի ձեռքում էին:

-Քույրս է լավ կարողանում,-պատասխանեց երեխան, և նրա դեմքին կրկին հայտնվեց ցավի ու տխրության արտահայտությունը, իսկ ես դարձյալ ուշադրություն չդարձրի դրան:

-Քույրդ ինչպիսի՞ տեսք ունի,-հարցրի,-նմա՞ն է քեզ:

-Ա՜խ, չէ՛,-ասաց Հաստլիկը,-քույրս շատ նիհար է և սև ու խուճուճ մազեր ունի: Ամռանը, երբ մենք գյուղում ենք լինում, նա գիշերները՝ ամպրոպի ժամանակ, արթնանում է, նստում վերնասրահում՝ բազրիքին և երգում:

-Իսկ դո՞ւ,-հարցրի:

-Ես անկողնում եմ մնում: Վախենում եմ:

-Քույրդ չի վախենում, չէ՞:

-Չէ՛,-ասաց երեխան,-նա երբեք չի վախենում: Նա նաև ամենաբարձր ցատկատախտակից է ցատկում: Նաև սուզվում է ու դեպի հեռու լողում…

-Քույրդ ի՞նչ է երգում,-հարցրի հետաքրքրված:

-Երգում է այն, ինչ ուզում է,-ասաց Հաստլիկը տխուր,-նա բանաստեղծություններ էլ է գրում:

-Իսկ դո՞ւ:

-Ես ոչինչ չեմ անում,-պատասխանեց երեխան, ապա ոտքի ելավ ու ասաց,- իսկ հիմա պետք է գնամ:

Ես ձեռքերս մեկնեցի և բռնեցի նրա հաստլիկ մատները, և հաստատ չգիտեմ՝ ինչ էի այդ պահին զգում, գուցե նրան հետևելու ինչ-որ պահանջ՝ մի անլսելի, անհետաձգելի կանչ:

-Էլի կգաս,-հարևանցի ասացի ես: Երեխան ոչինչ չասաց՝ իր սառը հայացքով նայելով ինձ: Ապա գնաց, և ես վերջապես պետք է թեթևություն զգայի: Բայց հազիվ էի դռան փակվելու ձայնը լսել, քայլերս ուղղեցի դեպի միջանցք և հագա վերարկուս:

Աստիճաններով արագ վազեցի ներքև և փողոցը մի հայացքով աչքի անցկացրի. երեխան հաջորդ անկյունում անհետացավ:

«Ես պետք է տեսնեմ՝ ինչպես է այդ թրթուրը չմուշկներով սահում,-մտածում էի ես,-պետք է տեսնեմ՝ ինչպես է այդ ճարպագունդը շարժվում սառույցի վրա»: Քայլերս արագացրի, որպեսզի երեխային տեսադաշտիցս չկորցնեի:

Կեսօրից հետո էր, երբ Հաստլիկը իմ սենյակ մտավ, իսկ հիմա համարյա երեկո էր: Թեպետ այս քաղաքում են անցել մանկությանս մի քանի տարիները, ես այն դեռևս լավ չեմ ճանաչում: Եվ մինչդեռ ճիգ էի գործադրում՝ երեխային հայացքով գտնելու, այլևս չգիտեի, թե որ ճանապարհով պետք է շարունակեի: Փողոցները և հրապարակները, որ ինձ հանկարծակի երևում էին, լրիվ անծանոթ էին: Եղանակն էլ միանգամից փոխվեց: Շատ ցուրտ էր, բայց, անկասկած, տաք հոսանք էր մոտենում և մի այնպիսի մեծ ուժով, որ ձյունը արդեն կաթում էր տանիքներից, և բարձր երկնքում հարավային քամիները փոխում էին իրենց ուղղությունը: Մենք քաղաքից դուրս եկանք, հասանք այնտեղ, որտեղ տները շրջապատված են մեծ այգիներով, ապա էլ տներ չկան: Քիչ անց երեխան, զառիվայրով իջնելով, նորից անհետացավ: Եվ երբ ես սպասում էի, մի սահադաշտ տեսա՝ լուսավոր խցիկներով ու աղեղնավոր լամպերով մի շողացող հարթություն՝ աղմուկով ու երաժշտությամբ լցված, ինչպես ներկայանում էր ինձ առաջին հայացքից: Այնտեղ՝ ներքևում, լիճն էր, որի շրջակայքը ենթադրում էի՝ պետք է կառուցապատված լիներ, բայց, միևնույնն է,  ճիշտ այն տեսքը ուներ,  ինչ մանկությանս տարիներին:

Այս անսպասելի տեսարանը այնքան շատ հուզեց ինձ, որ Հաստլիկին տեսադաշտիցս կորցրի: Բայց քիչ անց նորից նկատեցի նրան. նա կքանստել էր ափին ու փորձում էր, մի ոտքը մյուսի վրա դնելով, մի ձեռքով չմուշկը ոտքին հագցնել, մինչդեռ մյուսով ամրակներն էր ձգում, որոնք մի քանի անգամ ընկան, ապա Հաստլիկը չորսն էլ գցեց և սկսեց սահել սառույցի վրա: Նա տարօրինակ դոդոշի տեսք ուներ: Մթնում էր: Սահադաշտը, որ երեխայից ընդամենը մի քանի մետր էր այն կողմ՝ լճի շրջակայքում, կարծես սև հետք լիներ հարթ մակերեսին, որ փայլում է արծաթի նման, բայց ոչ ամենուր հավասար, այլ այստեղ-այնտեղ մի փոքր մուգ, իսկ այդ պղտոր տեղերում  սառույցը հալվում էր:

-Արագացրո՛ւ,-ճչում էի անհամբեր, և Հաստլիկը, իրոք, շտապում էր, բայց ոչ իմ կանչով, այլ որովհետև երկար սահադաշտի անկյունից մեկը նշան էր անում և «Ե՛կ, Հաստլի՛կ» էր գոռում, մեկը, որ նրան այնտեղ՝ դեպի իր շրջապատն էր ձգում իր թեթև, լուսավոր տեսքով: Ինձ թվաց, թե նա Հաստլիկի քույրն է՝ պարուհին, ամպրոպի ժամանակ երգողը, իմ սրտի երեխան, և ես գրեթե համոզված էի, որ հիմա ոչինչ չի կարող խանգարել իմ ցանկությանը՝ տեսնելու այդ գրավիչ էակին: Միևնույն ժամանակ ես պատկերացնում էի նաև վտանգը, որում հայտնվում են երեխաները: Ապա միանգամից սկսվեցին այդ տարօրինակ հառաչանքները, այդ խորը հառաչները, որ լսվում էին լճում, մինչև սառույցի կոտրվելը: Այդ հառաչանքները գալիս էին խորքից, մի սարսափելի վայնասունի էին նման: Ես լսում էի, իսկ երեխաները չէին լսում այն:

Իհարկե ո՛չ, նրանք չէին լսում: Հակառակ դեպքում Հաստլիկը՝ այդ սարսափելի արարածը, չէր շարժվի տեղից. նա իր անշնորհք, անկապ կույտի մոտից չէր հեռանա, քույրն էլ դրսում ձեռքով նշան չէր անի և չէր ծիծաղի ու բալետի պարուհու նման իր չմուշկների ծայրերին պտույտներ չէր անի, որպեսզի կրկին ուշադրություն գրավի: Հաստլիկը սակայն հալված տեղերից խուսափում էր, նա հիմա սարսափում էր այդ տեղերով անցնելուց: Քույրն էլ դիտավորյալ չէր բարձրանում վերև և այդ տեղերով չէր սահում, այլ՝ դեպի հեռու, հեռու, դեպի փոքրիկ, մեկուսի խորշերից մեկը:

Ես ամբողջը պարզ տեսնում էի, որովհետև այնպես էի ձևացնում՝ իբր սահադաշտի այն կողմում շրջում եմ քայլ առ քայլ: Չնայած տախտակամածը արդեն սառցակալել էր, բայց երբ Հաստլիկը արդեն ներքևում էր, ես ավելի արագ առաջացա, ու հենց շրջվեցի, հստակ տեսա նրա դեմքը, որ բութ էր և միաժամանակ՝ արտահայտիչ: Ես կարող էի նաև ճեղքվածքը տեսնել, որը բացվել էր. ջուրը մի քիչ փրփրակալած էր, ինչպես փրփուրը ընկնավորների շրթունքների արանքում: Եվ ապա նկատեցի նաև՝ ինչպես Հաստլիկի ոտքերի տակ սառույցը ջարդվեց: Դա պատահեց այն տեղում, որտեղ դրանից առաջ քույրն էր պարել և վերջում ձեռքերով կամուրջ արել:

Ես պետք է անմիջապես ասեմ, որ նրա ընկնելը կյանքի համար վտանգավոր չէր: Լիճը մի քանի շերտով էր սառած, երկրորդը ընդամենը մի քանի մետր էր առաջինից ցածր և դեռևս ամբողջովին պինդ էր: Ամենը, ինչ կատարվեց, Հաստլիկին մի մետր խորությամբ ջրի մեջ նետեց՝ ճիշտ սառած ջրի մեջ՝ փշրված սառցաբեկորներով, բայց հենց նա ջրի միջով մի քանի քայլ արեց, կարողացավ ելք գտնել և բարձրանալ: Եվ ես այդ ժամանակ կարող էի օգնել նրան: Բայց հենց այդ պահին մտածում էի, որ նա չգիտի՝ ինչ անի, և նա, իրոք, այնպիսի տեսք ուներ, որ չգիտեր՝ ինչ պետք է անել. մահից վախեցած՝ այնքան անօգնական շարժումներ էր անում:  Ջուրը հոսում էր շուրջը, սառույցը, որին հենվել էր ձեռքերով, ևս ջարդված էր: «Ջրհոսը,-մտածեցի ես,-հիմա նա նրան ներս է քաշում»: Այդ ժամանակ ես նույնիսկ չնչին կարեկցանք չզգացի և տեղիցս չշարժվեցի:

Բայց հանկարծ Հաստլիկը բարձրացրեց գլուխը, և քանի որ արդեն բոլորովին մութ էր, ու լուսինը ամպերի հետևից փայլում էր, ես կարողացա հստակ տեսնել, որ նրա դեմքը մի քիչ փոխվել է: Նույն դիմագծերն էին, բայց արդեն փոքր-ինչ տարբեր՝ կամքից ու պայքարից ընկճված, հիմա դեմքին մահվան կնիք կար, կնիք, որ կյանք է խլում, աշխարհի բոլոր վառ կյանքերը: Այո՛, ես իսկապես հավատում էի, որ մահը մոտ է, և դա վերջն էր, ու խոնարհվելով ճաղաշարին՝ նայում էի ինձնից ներքև գտնվող սպիտակ կերպարանքին և իմ առջև որպես արտացոլում տեսա մոտեցող սև հոսանքը: Բայց Հաստլիկը հասավ-բռնվեց մի ցցից: Նա մեկնեց ձեռքերը և սկսեց մոտենալ, շատ ճարպկորեն բռնվեց մեխերից ու կեռերից, որոնք ցցված էին տախտակի վրա: Նրա մարմինը ծանր էր, մատներից արյուն էր հոսում, և նա կրկին ընկավ, ու նորից սկզբից ամեն ինչ սկսվեց: Դա երկար պայքար էր, ազատագրման և փոխակերպման մի սարսափելի ճիգ, ես հիմա հաստատ ուզում էի օգնել երեխային, բայց գիտեի՝ այլևս կարիք չկար նրան օգնելու. ես դա գիտակցում էի:

Այդ երեկո ես մոռացել էի ծննդավայրիս կարոտի մասին: Միայն գիտեմ, որ մեր աստիճանների վրա մի հարևանուհու հարցրել եմ, թե արդյոք մոտերքում մի լիճ կա՞՝ մարգագետիններով ու մութ անտառներով շրջապատված, բայց նա առարկել է՝ ասելով, որ նման լիճ չկա: Բայց ես գրասեղանիս թղթերի մեջ ինչ-որ նկար գտա, որում հենց նա էր պատկերված՝ բարձր օձիքով սպիտակ բրդե զգեստով, լուսավոր, խորաթափանց աչքերով և շատ գեր:

 

 

 

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը

Կարծիքներ

կարծիք