Երկիր և Հայրենիք

 

Ամբոխն անկառավարելի էր:

Նրանք շարժվում էին միմյանց կոխկրտելով, նզովելով ինչ-որ մեկի քրտինքը, որ սոսինձ էր բյուր մարմինների վրա և ծորում էր ոտքերն ի վար` լպրծուն խորշանք առաջացնելով:

Նրանք դուրս էին եկել Երուսաղեմ մեծն քաղաքից և շարժվում էին լյառն ի վեր` դեպի Գողգոթա:

Յուրաքանչյուր ոք իր տարածքն էր ազատագրում խուռնախիտ հորձանքում, յուրաքանչյուր ոք պայքարում էր յուր եզակի քայլն անելու համար:

Ճանապարհից դուրս, գարնան հյութեղ խոտերի ու ծաղիկների մեջ արնաշաղախ մարմիններ էին թավալվում: Այս մարդիկ ձախողվել էին իրենց ուժասպառության մեջ և ճզմվել էին ոտնատակ, և ծնկասող ազատագրվել էին փոշեկոլոլ խաժամուժից, սակայն հաշմանդամ էին այլևս:

Մահապատժի պատկերը տեսնելու ցանկությունն առավել զորեղ էր, քան սեփական կյանքը հանկարծ չկորցնելու խելամտությունը, և ամբոխը շարժվում էր թերևս ոչխարային բնազդով` կոկորդալի աղաղակների մեջ խորտակելով նզովք, ցասում և հառաչ: Այս ամենին գումարվում էր հռոմեացի հեծյալների բիրտ կարգուկանոնը: Նրանք նեղում էին մարդկանց հակընդդեմ կողմերից` ստույգ պահպանելով լյառն ի վեր ծավալվող գործողության ընթացքը, իսկ նրանց բազմալեզու մտրակները խարազանում էին ճանապարհից շեղվող օրինազանցներին, որ Գողգոթա հասնելու այլ ուղիներ էին որոնում:

Յուրաքանչյուր ոք առանձնահատուկ սիրտ էր մեկ համաձույլ սրտի մեջ, և յուրաքանչյուր ոք այրվում էր խաչափայտերին ամենամոտը լինելու մոլուցքով: Երգեցիկ թռչուններ կային գլխավերևում, իսկ մթնոլորտը հագեցած էր արյան, գոմաղբի ու քրտնախաշ անութների միահույլ ժահրով:

Եվ կար մեկը, որին Սիմոն Կյուրենացի էին կոչում: Նա դուրս էր եկել առօրյա իր գործերից և այս ամենին առնչվելու ցանկություն չուներ բնավ: Նա չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ քայլում է ի վերուստ տրված մարգարեության ճանապարհներով, իսկ հռոմեացի լեգեոներները շուտով ստրկացնելու են իրեն:

Մեծամեծ այս իրադարձությունների պահին Երուսաղեմի հողաշեն տներից մեկում հանգչում էր Սիմեոն անունով ծերունու միտքը: Հենց նա էր օրհնել ութ օրական Հիսուսին, երբ ժամն էր գործողության, և քահանայապետի առջև կանգնելու ժամանակն էր: Սա եղել էր երեսուներեք տարի առաջ, և Սիմեոն ծերունին սպասման ու սարսափների մեջ էր սպառել իր կյանքի հետագա օրերը: Անկողնուն մեկնված մարմինը չոր էր, կապտասև մաշկով, իսկ դեմքն ի վար գլորվում էին պսպղուն արցունքներ:

Նա գիտեր, թե ինչ իրադարձություններ են ծավալվում Երուսաղեմ մեծն քաղաքից դուրս, գիտեր մարդկանց անուն առ անուն և կարող էր ստույգ ասել, թե ո°ւմ ձեռքերում են հիմա մահապատժի գամերն ու հսկայական մուրճերը, որ գործի են դրվում ահռելի ուժով: Ամենը բաց ու մերկ էր, և չկար ծածուկ մնացող մի բան, քանզի երկինքն էր բացվել ծերունու աչքերի առջև, և նա երկնքում էր տեսնում ողբերգության հայելային արտացոլանքը: Ահա Հիսուս Նազովրեցին ծնկում է խաչափայտի ծանրությունից` ուժասպառության մեջ հևասպառվելով, իսկ հռոմեացի զինվորները բերում են առաջին պատահած մարդուն:

-Այդ դո՞ւ ես, Սիմոն,- շշնջում է անկողնուն մեկնված հալիվորը` ինքնաբավ ժպիտ ճանաչելով,- և դու դեռ դիմադրո°ւմ ես, թշվառական:

Մարգարեն ճշմարտությունն էր բարբառում, քանզի Կյուրենացի կոչվող Սիմոնը հրաժարվում էր խաչափայտն ի Գողգոթա տանելու աշխատանքից, իսկ լայնաթիկունք լեգեոներներն ընկճում էին նրա ըմբոստությունը մտրակածեծով:

Գարնան անցողիկ թուխպն էր լողում երկնքում, իսկ սրասայր կայծակները հոշոտում էին նրա բազմածալ մարմինը:

Անձրև…

Ծանրակշիռ կաթիլները փշրվում են, իսկ երեխան սեղմվում է հորը` նրա թևի տակ պաշտպանություն որոնելով:

-Հետո ի°նչ եղավ, հայրիկ, պատմիր ինձ շարունակությունը:

-Հետո եկավ ապրելու մեր ժամանակը, որդիս:

Պատանին լռում է դեռ` ծանրութեթև անելով հոր վերջին խոսքը, իսկ անձրևի հետ համբուրվող եղրևանիները մեռնում են հաճույքից:

Ես լսում եմ աշխարհի արարման անձայնությունը, որ առկա է Ղուկասի ավետարանում և ներկայություն ունի երեխայի հետաքրքրության մեջ:

Ինչ-որ տեղ ապրում է իմ գոյության սկիզբը, սակայն ես չգիտեմ ճանապարհներ, որոնք սկզբնավորվում են երկրից, բայց ավարտվում են երկնքում:

Ես հեծյալն եմ իմ մտքի և ահա իջնում եմ Գողգոթա բարձունքից` ինձ հետ բերելով ճանաչողության խոհը: Նրանք բոլորը ընտրյալներ էին, և նրանցից յուրաքանչյուրը իր տեղն ուներ ողբերգության թատերաբեմում: Անգամ ճամփեզրին թավալվող հաշմանդամները պիտի ոնտնակոխ լինեին նախապես, և գամը գերանի մեջ մխրճող զինվորը պիտի զորավոր լիներ հատկապես այդ հարվածի համար: Եվ եթե երկնքում պիտի արտացոլվեր խաչելության պատկերը, ապա Աստծուն նաև հաճո էր, որ բացվեն երկնքի դռները ոմն Սիմեոն ծերունու առջև: Իսկ եթե կար մի մարդ, ով ըմբոստանում էր` կանխավ հայտնի մարգարեությունը մերժելով, միևնույն է, նա ի վերջո անցավ յուր ճանապարհն ու տարավ խաչն ի Գողգոթա, քանզի անհողդողդ է Վերին իշխանության կամքը:

Ես գիտեմ, որ մարդը ստեղծված է երկրի փոշուց, որպեսզի արմատ ունենա իր եզակի հողում, որպեսզի սնուցվի նրա եզակի գոյությունը նախնիների կյանքով:

Հողը հայրենիք է դառնում արյան հիշողությամբ, իսկ մենք բոլորս փորձում ենք հասկանել, թե առանձնահատուկ ինչն է շղթայում մեզ մեր ծննդավայր երկրին:

Սակայն մի՞թե չգիտես սա, սիրելի ընթերցող, և մի՞թե մեծ է գաղտնիքը, որ ես կբացահայտեմ ևս մեկ անգամ` կրկին վկայելով սերը:

Վերցրո՛ւ քո երկիրը, տեղավորի՛ր այն քո սիրո աննշան հատիկի մեջ և կունենաս հայրենիք:

Բայց մի՞թե ճշմարիտ կարող է լինել տարօրինակ այս ճշմարտությունը:

Հետևիր ինձ, սիրելի ընթերցող, և կհասկանաս խոսքերիս իմաստը:

Երկիրն ի վերուստ տրվում է անվերադարձ, քանզի չկա մեկը, ով կարող է ճակատագիր վերադարձնել:

Երկիրը Հայրենիք է դառնում սրբություններով:

Երկիրը Հայրենիք է դարձնում սրբության առջև ծնրադրող մարդը:

Երկիրը ներծծվում է արյանդ մեջ, երբ քեզ վիճակված հողն ընդունում ես իբրև Հայրենիք և սրբություն ես համարում հողում ննջեցյալների ներկայությունը:

Երկիրը սիրվում է Հայրենիքի սիրով…

Երկիրը արժևորվում է Հայրենիքի սրբությամբ:

Դու քո երկիրն ես արտասվում, երբ վիրավորում են Հայրենիքդ, և քո երկիրն է գլորվում այտերդ ի վար, երբ Հայրենիքիդ սրբությունն են մատաղ անում:

Երկիրը չափվում է Հայրենիքի մեծությամբ…

Երկրի հունդը հասունանում է Հայրենիքի հոգևոր դաշտերում:

Երկիր պահելու կռիվը պետք է Հայրենիք ազատագրող պատերազմ լինի…

Երկրից հեռացողի խեղճությունը չպետք է վարակի Հայրենիքում խեղճացողին:

Երկրի հանդեպ սերը սնվում է Հայրենիքի արմատներով…

Երկրի քարերը սրբատաշվում են Հայրենիքում:

Երկրում ծեծվող երեխան Հայրենիքի որբն է…

Երկրում ծաղրվող ծերությունից զառամում է Հայրենիքը:

Երկրի վերքից արնահոսում է Հայրենիքի խիղճը…

Ու եթե մարդը տառապում է իր երկրում, միևնույն է, նա Հայրենիքում է խոստովանում իր ցավը:

Մարդը պարտվում է իր երկրում, երբ նրանից խլում են Հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորությունը:

Չարքաշ կյանք տուր երկրում բնակվողին, և կսասանես նրա հայրենասիրությունը:

Ստրկացրու երկրի ժողովրդին, և նա կընդունի բոլորովին նոր արժեքներ, որոնք Հայրենիքի սրբությունն են պղծում:

Գլխատիր Հայրենիքը երկրում, և աստիճանաբար վերացող ցեղ կդարձնես երկրի ժողովրդին:

Այնինչ հավիտենական է գագաթը Սիրո, և անփոփոխ է բառը մարգարեության…

Երկիրն ի վերուստ տրվում է անվերադարձ, քանզի չկա մեկը, ով կարող է ճակատագիր վերադարձնել:

Ահա սա՛ տեսա իմ երկրում և Հայրենիքո՛ւմ վկայեցի ճշմարտությունը:

Կարծիքներ

կարծիք