Այստեղ միշտ երեկո է

Հեղինակ:

Մարս, երկրորդ դարի երկրորդ կիսամյակ։ Աննպատակ քայլում էի կատարելագործված կայարանի կողքով, երեկո էր, այստեղ միշտ երեկո է, մարդիկ չեն շտապում, ինչպես Երկիր մոլորակում, ամեն ինչ դանդաղ է՝ ժամանակը կանգնած, մեքենա չկա, ծառեր՝ նույնպես։ Ես ինքս փնտրտուքի մեջ էի, կարոտով լցված Երկիր մոլորակի կենդանիների հանդեպ։ Մորս հետ չորս կիսամյակ չեմ խոսել, չեմ սիրում այդ կառույցը, որտեղ բոլորը խոսում են իրենց մայրերի հետ, կարոտած հայացքներով ու կապված փոքրիկ թելով, հիշողության թելով։

Հա, մամ, դեղերս խմել եմ, հա, մամ, հաց ուտում եմ, չէ, մամ, աղջիկ չկա, որ սիրահարվեմ, Երկիր մոլորակի վրա են սիրունները մնացել, Երկիր մոլորակի վրա են սիրում ու սիրվում, հա, մամ, ապաքինվում եմ, լավ եմ նայում ինձ, դուք լավ լինեք։ Ախ այս մայրերը. երևի չգիտի, որ Մարսում հիվանդները գնացք չեն նստում, ինչու ես ծնվեցի, որ ձեզանից հեռու լինեմ ու դատապարտվեմ բուժման, կներես, մայր, բայց դու երևի մեղավոր չես, ուղղակի ես չպետք է ծնվեի ու տեղափոխվեի Մարս, որ ինձ բուժեին, սրսկեին ու դեղեր խմացնեին, ոչ, ես սրա համար չեմ ծնվել, այս մոլորակը փոքր է, որ տեղավորի ինձ։

Անկարող սպասում էի իմ հանգստի ժամին, կայարանում նստած, դատարկ էր այստեղ, գնացքները անհետ կորած էին, նրանք գնում էին Երկիր մոլորակ ու կարոտի պատճառով էլ չէին վերադառնում, ես պետք է գնացք ծնվեի, որ  մարդկանցով լցնեին իմ վագոնը, ու տանեի նրանց իրենց մայրերի մոտ, ես սխալ եմ ծնվել, անգամ Մարսում աստված չար է, անգամ այստեղ մարդիկ ծնվում են, որ դատապարտվեն մահվան, այստեղ բոլորը հիվանդ են, իրենց տները ու կարոտները կորցրած։ Հիվանդասենյակիս դուռը միշտ բաց է, ժամը մեկ մի բժշկուհի մտնում և սրսկում է հիվանդներին, կողքի անկողինը միշտ հարդարած է, ավելի ճիշտ՝ հարդարվում է ամիսը մեկ, սպասելով մյուս հարդարանքին:

Գնացի կայարան, նստեցի սառը նստարանին, Երկրիս գույները Մարսից պարզ երևում են, ինձ թվում է անգամ՝ կարող եմ իմ սիրելի Երկրին վերևից նայել, այստեղից գեղեցիկ է։

Առավոտներ չկան, ինչպես և չկան հույզեր, հիվանդների դեմքերը դանդաղ ճչում են, մտքերի մեջ գոռում, ատամները կրճացնում, այստեղից, նրանց ասելով, ետ՝ մոլորակ է գնացել  7 հոգի, մնացածը փոշիացել են։

Ժամեր չկան, մեզ թույլ չեն տալիս իմանանք, թե քանիսն է, մեզ թվում է, որ այստեղ ժամանակը կանգնած է, արև էլ չկա։ Այստեղ էի արդեն 8 կիսամյակ, անգամ չգիտեմ, թե դա ոնց են հաշվում Երկրի վրա, երևի 4 տարի, 4 տարի ինձ բուժում էին մի հիվանդությունից, որը վտանգավոր էր Երկիր մոլորակի մարդկանց համար, ժանտախտ է երևի՝ մտածում էի ես։

Քնից արթնացա, կողքի սենյակում նոր հիվանդ էին բերել, ձայներով ու հայհոյանքներով նրան մտցնում էին ներս, նա բղավում էր ու ասում.

-Բաց թողեք, ես հիվանդ չեմ, իմ վրա փորձեր եք անո՞ւմ, չի՛ ստացվի, ես ձեր մե՛րը։

Ողջ գիշեր չեմ քնել, մտածել եմ, միգուցե իմ վրա էլ են փորձեր անում, ու երբ վերջանա ներսիս էներգիան, նրանք ինձ դուրս կնետեն, ոնց որ բոլորին են նետում։ Չկարողացա աչք փակել, մինչ հաջորդ սրսկումը չքնեցի, մտածում էի ու մտածում։ Այսքան ժամանակ չեմ մտածել փախչելու մասին, բայց հիմա ուզում եմ, ուզում եմ դուրս պրծնեմ այս կյանքիս վրա փորձերից։ Կարծես միանգամից լիներ՝ ծնվես ու ենթարկվես փորձերի, կյանքս նման էր բարու և չարի պայքարի, բայց չէի հասկանում՝ չարը որն է, բարին՝ որը, մտքերս բախվում և կաթվածահար էին անում, մարմինս ուզում էր արևի շողքեր տեսներ, կրծոտել էի ամբողջ մատներիս միսը։

Մամ ջան, կփախչեմ ու կհասնեմ քեզ մոտ, շատ մի մտածիր։

Երազ էի տեսնում, թե ինչպես եմ վազում գնացքի ետևից, շնչակտուր վազում եմ, իսկ մայրս ձեռքով է անում ու գոռում.

-Արագացրու, Աշոտ, հաղթահարիր հիվանդությունդ։

Թոքերս բերանս էին գալիս, գնացքը ծիծաղում էր ինձ վրա՝ սև ծուխ հանելով ու ավելի ավելի արագացնելով ընթացքը:

Արթնացա տաքության մեջ, սպիտակեղենս կարմիր էր ներկվել, խոսել չէի կարողանում, որ կանչեի բժիշկներին։

Մի քանի րոպե հետո ներս մտան նրանք, սպիտակ շորերով, կարծես պատրաստվում էին հարդարել անկողինս, բռնեցին ինձ, դրեցին սայլակի մեջ և աչքերով փսփսացին։

Երկար սրահով տանում էին,  վերևի լույսերը վառվում էին ու հանգչում, բժիշկները մեկ սև շորերով էին, մեկ՝ սպիտակ, դռներից ինչ-որ հիվանդներ էին դուրս եկել ու նայում էին սայլակիս, բայց ինձ լրիվ մեկ էին նրանք, ես իմ տան մասին էի մտածում, այն տան մասին, որ մշտապես գնացքը ինձ տարել է, բայց այս անգամ ոչ, այս անգամ վերջին գնացքը փախավ ինձանից։

Կարծիքներ

կարծիք