Կեսգիշեր

Հեղինակ:

Եթե  լռությունն  ինձ  հարվածեր  մուրճով, ես  կզգոնանայի  ու  կհաշվեի  ձեռքիս  մեխերը:

Դրսում  վառվող  լույսերը  ծակում  էին  աչքերս:Ի՞նչ  լավ  բան  կարող  եմ  անել,այնպիսի  մի  ապուշ  ցանկություն  էր  առաջացել  մեջս, այնպիսի  մի  ցանկություն,  որի  ընթացքում  ցանկանում  ես  ինչ-որ  լավ  բան  անել,ու  չգիտես  էլ  ինչի,  նկատում  ես,  որ  երջանիկ  ես ու  քեզ  ոչ  մի  բան  պետք  չի, բացարձակապես  ոչինչ, թեքվեցի  վարորդի  կողմը  ու  հիմարավարի  ասեցի.

-Կհասցնեմ  ֆուտբոլն  էլ  նայել։

Բան  չասեց,շարունակեց  կենտրոնացած  վարել, մտածում  եմ՝ ինչի ՞ ասեցի, դե երևի  ուզում  էի  հետը  խոսել, բայց  իր  հետ,  թե՞  ուղղակի  խոսել  էիր  ուզում: Էդպես  երկար  կարող  ես  խորանալ  ու  վերջում  անիմաստությունից  բացի  միայն  քմծիծաղն  է  ժամանում, հետո  մտածում  եմ՝ ինչի՞  չպատասխանեց,չեմ  կարծում,  թե  արհամարհեց, երևի  խանգարում  եմ վարելուն, հետո  վերջնական  եզրահանգումը այն  էր,  որ  նա  էլ  իր  կյանքի  ինչ-որ  տրամադրության  տակ  էր, և  նրան  մեղադրել  չէի  կարող:

Բայց  ինչ-որ  հենց  այդ  վարորդի  նկատմամբ  լավ  բան  անելու  ցանկություն  ունեի, որ  մի  տեսակ  միջիցս  դուրս էր  գալիս ու չէի  կարում  պահել, որոշեցի մի  անգամ  էլ  փորձել.

-Ֆուտբոլ  սիրո՞ւմ  եք։

Հարցրի  ու  մտածեցի՝  հիմա  հարց  եմ  տվել, դե  գոնե  շնորհքից  դրդված  պետքա  չէ՞  պատասխանի,չնայեց  էլ  վրես։

-Չէ, ժամանակ  չունեմ։

Մի  տեսակ  նենց  պատասխանեց , որ  ինձ  վատ  զգացի,  որ  ժամանակ  ունեմ,հետո  մտածում  եմ, կարողա՞  ես  էլ  ժամանակ  չունեմ  ու  նստած  ֆուտբոլ  եմ  նայում:

Էլի  անցավ  որոշ  ժամանակ, այնքան  էլ  երկար  չէր  մնացել,  որ  տուն  հասնեի, բայց  ցանկությունը  դեռ  չէր  կորել,իսկ  եթե  ոչ  թե այս վարորդի,  այլ  ուղղակի  ինչ -որ  մեկի  հանդեպ  պետք  է  մի  լավ  բան  անեմ,ուղղակի  հիմա  բացի  իրենից  ոչ  մեկ  չկար, դե ինքն  էլ  ինչ-որ  ուրիշ երևի  մելոդրամիկ  տրամադրության  ներքո  էր, մտածեցի  թե  չէ  ականջս  միանգամից  բռնեց  տաքսու  միջի  երաժշտությունը, որ  էդքան  ժամանակ  երևի  լսելի  էր,բայց  նոր  էի  լսում, լսեցի  թե  չէ,  հաստատվեցի  վերլուծածիս  մեջ  ու  լռեցի:

Հասանք, վճարեցի  ու  մի  տեսակ  ուզում եմ ինչ-որ  բան  ասեմ, մտածում  եմ՝ եթե  չասեմ, չի  լինի,ինչ-որ  բան ա  պակասում:

-Ձեզ  շատ  շնորհակալ  եմ, շատ  հաճելի  զրույց  էր, երևի  նորից  կհանդիպենք,- ու  հիմարի  նման  ժպտում  եմ:

Դե  ինքն  էլ  նայեց  վրես, մտածեց՝ երևի  ձեռ  եմ  առնում, շատ  վիրավորված  ու  մի  տեսակ նյարդային  ձևով  ասեց.

-Հա,  տղա  ջան, իջի  վռազ  եմ։

Հետո  արդեն  դուռը  փակվեց  ու  գնաց, ես  էլ  սկսեցի  քայլել, ինչ -որ  պակաս  կար  մեջս,  որ  տենց  էլ  չլրացվեց:

Սեղանի  դիմաց  եմ  նստած  ու  չոր  հացն  եմ  մեխանիկորեն  ծամում, լավ  կերած  եմ,ինքս  էլ  գիտեմ,  որ  մտքերս  են  խաղում  էդ  ծամելու  հետ:

Հետո  նայում  եմ  դիմացս  ու  քթիս  տակ,  որ  հանկարծ  ինքս  էլ  չլսեմ,  ինչ -որ  բան  եմ  փսփսում: Երբ  կողքդ  մարդիկ  կան, սրտիդ  ուզած  չափով  կարող  ես  անկեղծ  լինել, միևնույն է նրանք ամեն ինչ կեղծ կհամարեն: Երբ  մենակ  ես`  ամեն  ինչ  այլ  է…

Կարծիքներ

կարծիք