Սիրեկանները    

 

 «Ես գիտեի, որ նա որսում  էր ինձ…»  Ռոման Շուբին

Այնժամ  երբ ես ու Ռիտան վերածվեցինք սիրեկանների, նա ինձ ասաց.

-Հա, հետո ի՞նչ: Չէ՞որ մենք ոչ ոքի չենք վնասում…

Եվ ես համաձայնեցի: Եվ հենց այդ ժամանակ էր, որ վրա հասավ նոյեմբերը: Եվ երբ եկավ նոյեմբերը, եկավ իրական աշունը՝  անձրևներով հանդերձ: Գրեթե շուրջօրյա անձրև էր մաղում, ամենուր բուրում էր թաց տերևներով, և չգիտես ինչու, նաև էկլերներով: Մարդիկ ապրում էին, ուտում  էկլերներն ու հետևում, թե ինչպես է մահանում աշունը: Դեկտեմբերին էլ նույնն էր, սակայն էկլերների բույրը չգիտես ինչու  չքվել էր, փոխարենը՝ արագորեն այլ բույրեր տարածվեցին, այնուհետև  եկավ և Նոր տարին: Ոչ մի անսովոր բան: Պարզապես  դիմավորեցինք Կեսգիշերը. Լոլան, Դավիթը, Արթուրն ու ես: Որոշ ժամանակ նստեցինք և կարծեմ թե կես ժամ անց, անցանք քնելու: Քնեցինք ՝ կիսատ թողնելով  «Օլիվյեն», մինչև վերջ չըմպելով շամպայնը, և նույնիսկ անավարտ թողնելով  հեռուստացույցով ցուցադրվող  ամանորյա  համերգը: Պարզապես անջատվեցինք: Ես ու Լոլան նույնիսկ սիրով չզբաղվեցինք, թեև դա կարծես թե սպասվում էր… Իսկ ընդհանրապես, մեզ մոտ շատ վաղուց  սեքս չի եղել…

Օրեր առաջ մի կատակ էր աչքովս ընկել. «Առաջին տասը տարվա ընթացքում կինն ու տղամարդը  ամուսիններ են, հաջորդ տասը՝ քույր և եղբայր, և հետո արդեն՝ երկու քույր»: Կարդացածս ժպիտ հարուցեց: Լոլայի հետ ամուսնացած ենք շուրջ տասնհինգ տարի:

Նոր տարվա գիշերը այդպես էլ ձյուն չտեղաց, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կանխատեսում էին ու սպասում դրան: Կար միայն մառախուղ ու անձրև, տաք էր, ու թվում էր՝ աշունը կրկին վերադարձել է, և այն երբեք չի մահանա: Բայց դե ամեն դեպքում, աշունը մահացել է, նրան այլ ելք չէր մնացել, չնայած որ ձյունն այդպես էլ չէր տեղում: Պարզապես մի օր մենք հասկացանք, որ աշունը չկա, և դա կարծեմ թե ձմռան կեսերին էր:

 

«Ո՞վ կմտածեր, որ 2010-ի ձմեռն  անձյուն է լինելու»,-  մտորում էի ես:

Անվերջ միգամածություն, անձրևներ… Եվ մեծահասակների, և մանավանդ, երեխաների մոտ զգացողություն էր, որ նրանց խաբել են  ձյան խոստումով, բայց արդեն  որևէ բան փոխելն  անհնար էր: Ծերերն  ասում էին, որ հեռու անցյալում  անձյուն ձմեռները հաճախադեպ էին: «Ըստ երևույթին, ամեն ինչ կրկնվում է: Եվ բնության մեջ, և մարդկային կյանքում նկատվում է որոշակի ցիկլություն», — մտածեցի տունդարձին, իսկ լոգանք ընդունելու ընթացքում  հույս հայտնեցի, որ ըստ ամենայնի, կյանքը  միայն կախարվդած շրջան չէ, որից ելք չկա, այլ պարույր է: Հույսս մեծ էր այդ առումով:

Տուն էի վերադառնում: Մտածում էի քաղցս հագեցնելու, և մեկ էլ՝ ծերության մասին: Ես ընդամենը երեսունհինգ տարեկան էի, և հանկարծ մտորեցի ծերանալու շուրջ, բայց ավելի ճիշտ, այն մասին, որ երիտասարդությունս անցավ…. Օդը բուրում էր մանդարիններով`  որպես ամանորի տոների ծանուցում, և ծխախոտի ծխով: Ծխով էր ներծծված  ամեն բան. հագուստը, մարմինը, մտքերը:  Տուփը տուփի հետևից  մեքենաբար  անհետանում էր, և միայն երբեմն լսելի էր դառնում, թե ինչպես  է մեկը, համարյա շշուկով օգնություն աղերսում՝  թխկթխկացնելով հուսահատ SOS-ը.  այն սիրտն էր…

Սակայն ծխելը թողնել չէի կարող, չնայած որ հասկանում էի,  դա ընդամենը դանդաղ մահ է: Իսկ միգուցե  ես ուզու՞մ էի մահանալ: Հնարավոր է հենց դրա համար էր Լոլան ասում, որ ես ոչ ոքի չեմ սիրում և երբեք չեմ սիրել: Որ ես էգոիստ  եմ: Եվ փղձկաց: Ընդանրապես,  վերջերս նա հաճախ էր լալիս: Եվ ես ինձ մեղավոր էի զգում: Լոլայի մոտ հիանալի էր ստացվում այնպես անել, որ ես ինձ մշտապես մեղավոր զգայի…

Ես տուն էի վերադառնում: Կուրտկա, շարֆ, ուսիս՝ նոթբուք: Մի գրպանում բջջային, մյուսում՝ ծխախոտ, երկու վայրի շագանակ, կապիկի տեսքով կախազարդին  ամրացված՝  բանալիներ:

Անձրում էր: Այդպես լինում է. ոչ մի հստակ միտք չի այցելում: Գլուխս թեթև էր, սիրտս չէր ծակծկում, ու նույնիսկ ծխելու ցանկություն չունեի: Ուզում էի, որ ձյուն տեղար: Ուզում էի զգալ ձյան, այլ ոչ թե այս  հավերժական աշնան՝  գարնան մշտական  բույրին  միախառնված   հոտը: Ու մեկ էլ ուզում էի ճաշել, թեպետ վստահ էի, որ ախորժակս ինչպես միշտ կարող եմ փչացնել սուրճով և ծխախոտով: Անմիջապես մտքովս անցավ Ջարմուշի «Սուրճ և ծխախոտե ֆիլմը, ապա մտածեցի, որ պետք է դիտել «Նորը» թղթապանակում  զետեղված  ֆիլմերը (խոսքը այն ֆիլմերի մասին է, որոնք քաշել եմ համացանցից, բայց դեռ չեմ հասցրել դիտել):  Սակայն վախենամ, դրա համար ոչ այսօր, ոչ վաղը ժամանակ չգտնվի: Ես աշխատում էի ինտերնետ կապի ծառայություններ  մատուցող  խոշոր ընկերությունում՝ իբրև ցանցային ադմինիստրատոր:

Այժմ ես տուն էի վերադառնում, և, իհարկե, նորից մեղքի զգացողությամբ: Որովհետև շուրջ  երկու օր անցկացրել էի սիրուհուս հետ (ինչ էլ վատ խոսք է), իմ սիրո՝ Ռիտայի հետ, ում իրապես սիրում էի: Լոլային ասել էի, որ երկու օրով մեկնում են պոետ ընկերոջս մոտ( նա դասախոսում էր Վերնո կոչվող գավառական մի քաղաքում, որտեղ կար փոքրիկ համալսարան), իսկ ինքս մեկնեցի կուրորտային բնակավայր Դորմի: Մեկնեցի ռեյսային ավտոբոսով, որպեսզի Ռիտայի հետ երկու ոչ լիարժեք օր անցկացնեմ:

Երբ Ռիտան հայտնվեց  իմ կյանքում, ես հասկացա, որ արևաբաց է սկսվել: Երբ Ռիտան հայտնվեց իմ կյանքում, ամեն ինչ ծաղկեց, շունչ առավ…

Կար նոթբուքով ճամպրուկս՝ մեջքիս, կուրտկաս և սպիտակ շարֆս: Երբ ավտոբուսը շնչահեղձ  կանգ առավ, ես ծխելով անցա թաց ասֆալտի վրա  և շատ զարմացա տեղի օդի մաքրությանը:

Կուրորտային բնակավայրը գտնվում էր բարձրադիր գոտում՝ սարերի մեջ, և այժմ այն պարուրված էր մշուշով: Ես անցա փողոցի անկյունային հատվածը և հայտնվեցի պղպջականման հրապարակում, որտեղ ինչ-որ գեներալի արձան էր տեղադրված:  Դեռ առավոտ էր: Օդում տարածվել էր մժժացող անձրևի և թարմ թխված հացի բույրը: Թե մեկը, թե մյուսը գրգռում էին ախորժակս: Փողոցի հակառակ կողմում մշուշից  հազիվ նշմարվում էր «Բիստրոե գրվածքով ցուցանակը: Ես անկյունագծով  հատեցի  հրապարակը և հայտնվեցի բիստրոյում:

-Մի բաժակ սուրճ, «Վինսթոն» ծխախոտ, և բալի միջուկով  բուլկի:

Նոթբուքով ճամպրուկը, կուրտկան, երկար սպիտակ շարֆը դրեցի կողքի աթոռին:

-Դուք հավանաբար տեղացի՞ չեք: Կարո՞ղ եմ որևէ կերպ օգտակար լինել:

-Իրավացի եք, ես ընդամենը տասնհինգ րոպե առաջ եմ ձեր քաղաք եկել: Եվ, անկեղծ ասած, ձեր օգնությունը չէր խանգարի:

-Ի՞նչ կարող եմ անել ձեզ համար: Երկա՞ր ժամանակով եք մեզ մոտ:

-Դա դեռ պարզ չէ, բայց հյուրանոցի սենյակի փոխարեն կուզեմ տուն վարձել: Ինքներդ գիտեք որքան բարձր են այնտեղ գները:

-Ես ձեզ համար մի երկու հասցե կգտնեմ, կնտրեք մեջներից հարմարը:

-Շատ լավ: Դուք շատ բարի եք: Եվ սուրճն է ձեզ մոտ շատ համեղ:

-Չարժե՛: Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել մեր քաղաքում: Ընդհանրապես, ի՞նչ կա, որ այստեղ եք եկել:

-Ներեցեք, իսկ դուք պատահմամբ գաղտնի  գործակալությու՞նից չեք:

-Չէ… Ներեցեք  համառության  համար:

-Մի՛ նեղացեք….Հասկանու՞մ եք, ինձ դժվար է պատասխանել  հարցին, թե ինչու՞ եմ  այժմ ձեր քաղաքում գտնվում: Երևի այն պատճառով, որ այստեղ դեռ երբեք չեմ եղել:

— Միթե՞ դուք եղել եք աշխարհի մյուս բոլոր քաղաքներում,- մատուցողի դեմքին  հրճվանքի արտացոլանք երևաց:

-Համարյա,- պատասխանեցի ես, բայց  դա, իհարկե, սուտ էր,- իսկ ձեր քաղաքում  մի՞շտ է մառախլապատ:

— Չէ: Միայն այս տարի չգիտես ինչու շատ է մառախուղը, անձրևները, իսկ ձյուն դեռևս չի տեղացել: Եվ զբոսաշրջիկներն են շատ քիչ:

— Կարծում եք գլոբալ տաքացու՞մ է:

— Սատանան գիտի,-  անկեղծ պատասխանեց մատոցողը:

Բիստրո մտան երիտասարդ աղջիկ ու տղա, և մատուցողը, ներողություն խնդրեց, ապա նոր հաճախորդներին  մոտեցավ: Երևի թե այս մատուցողն իր բոլոր հաճախորդների հանդեպ է այսչափ զգուշավոր:

Աղջիկն ու տղան տխուր էին երևում. ըստ երևույթին, աղջիկը քիչ առաջ արտասվել էր: Զգացվում էր,  երկուսն էլ ցանկանում  են, որ  իրենց  հանգիստ թողնեն, սակայն մատուցողն անվերջ պտտվում էր ջահելների սեղանի շուրջբոլորը, և, ամենայն հավանականությամբ, զզվեցնում իր հարցերով: Ես մտածեցի, որ նրան անհրաժեշտ է կանչել, այլապես աղջիկն ու տղան  հնարավոր է նորից վեճի բռնվեին:

-Չե՞ք հուշի, այսօր ամսի քանիսն է:

— Ներեցե՞ք:

— Ամսի քանի՞սն է այսօր:

-Դուք չգիտե՞ք ամսի քանիսն է այսօր:

-Չէ: Դա Ձեզ շա՞տ է զարմացնում:

-Խոստովանեմ, այո՛: Այսօր շաբաթ է, ամսի տասնհինգը:

-Շատ շնորհակալ եմ:

-Միայն  այսքա՞նը:

— Այո, ամեն ինչ հիանալի է:

-Ի՞նչն է հիանալի:

-Այն, որ այսօր այսպիսի օր է՝ շաբաթ, ամսի տասնհինգը: Միթե՞ դա հիանալի չէ:

-Չգիտեմ,- մատուցողը խիստ մտահոգ էր:

-Ահա սուրճի և բուլկու գումարը: Կվերադառնամ մեկ ժամից: Չեք մոռանա չէ՞, որ խոստացաք վարձով բնակարանների երկու հասցե տալ:

-Իհարկե, ոչ:

-Շատ լավ: Եվ մի բան էլ. այն ջահելներին հանգիստ թողեք, նրանք ուզում են երկուսով մնալ:

-Լսում եմ:

Մշուշը դեռևս շրջում էր կուրորտային բնակավայրի փողոցներով, և օդում շատ խաղաղ էր: Թռչունների ձայնը: Խոնավությունը: Ծխախոտի ծուխը:

Ես փոքր-ինչ շրջեցի թաղամասում, ապա վերադարձա բիստրո:

-Անկեղծ ասած, բախտներս չբերեց,-ասաց մատուցողը:

-Ընդհանրապե՞ս չկա:

-Բոլոր բնակարանները զբաղված են: Մի բան էլ բողոքում էի, որ այս տարի զբոսաշրջիկ չկա…

-Շատ վատ է…

-Բայց մի տնակ կա: Չգիտեմ, արդյո՞ք դա Ձեզ դուր կգա:

-Ի՞նչ  տնակ:

-Եթե այս  ճանապարհով մի հինգ կիլոմետրի չափով դեպի սար բարձրանաք, համարյա սարի ծայրին երկհարկանի տնակ կգտնեք: Այն  Հանգստյան  տան համար է  կառուցվել, դա մի փոքր ներքևում է գտնվում: Հիմա դատարկ է: Հանգստայն տան մենեջերն ասաց, որ շատ չի վերցնի: Այդ տարբերակը կբավարարի՞  Ձեզ:

-Լրիվությամբ:

Եվ մատուցողն ասաց  տան արժեքը: Եվ փոխանցեց Հանգստյան տան մենեջերի հեռախոսահամարը: Մենեջերի անունը Լենա էր:

Հինգ կիլոմետր հեռավորությունը հաղթահարեցի մեկ ժամից ավել ժամանակահատվածում: Ասֆալտապատ ճանապարհը,  կեռմաններով սլանալով, անընդմեջ վեր էր բարձրանում:

Դժվարությամբ էի շնչում (ամեն դեպքում անհրաժեշտ է  թողնել ծխելը). մնացած  ճանապարհը անցա մենեջերի հետ, ում անունը Լենա էր: Նա շատ նիհար, հիսունին մոտ կին էր, որն անվերջ էժանագին ծխախոտ  էր ծխում:

Տնակը կանաչ էր՝ ճերմակ կտուրով, սպիտակ պատուհաններով և  սպիտակ դռնով: Լենան ցույց էր տալիս,- «Ահա սառը, տաք ջուրը, գազօջախը, սանհանգույցը առանձին է»: Մենեջեր Լենան գնալուց առաջ բացատրեց նաև, ինչպես անջատել ջեռուցումը:

Ես մխրճվեցի առաջին հարկի սրահի բազկաթոռի մեջ, իհարկե, ծխեցի, ձեռքս առա շատ հին և շատ հարազատ բջջայինս (մեր ժամանակների համար արդեն՝ ծերուկ)՝ «SIEMENS ME4», և կարճ հաղորդագրություն գրեցի. «Տնակը սարում է: Կենտրոնից՝ հինգ կիլոմետր: Կգտնես: Այստեղ սար տանող ընդամենը մի ճանապարհ կա»:

Եվ Ռիտան  տեղ հասավ: Իր «նիսսանով»: Ռիտան սպիտակ «նիսսան» էր վարում, ինչին ես ոչ մի կերպ չէի կարող հաշտվել: Ես ինքս մեքենա չունեի, որովհետև չէի էլ ուզում ունենալ: Անհրաժեշտություն չէի զգում այն ձեռք բերելու համար, և,  բացի այդ, անասելի նյարդեր ու գումար կպահանջվեր ինձնից: Եվ ես հաճախ ափսոսանքով եմ նայում իմ այն բոլոր մտերիմներին, ովքեր, իրենց իսկ սեփական  մեքենային ինքնակամ  գերության են հանձնվել(որտեղի՞ց  էժանով գտնել ձմեռային անվադողեր, ինչպե՞ս կանգառել, ե՞րբ մեքենան ավտոսերվիս տանել, որովհետև ինչ-որ բան ինչ-որ տեղ թխկթխկում է):  Այդ ամենը, ամենաքիչը ծիծաղելի են թվում ինձ, և ես հետզհետե համոզվում եմ, որ իմ այդ մտերիմների կյանքի միակ իմաստը մեքենան է: Չէ՞որ մեքենայի մասին նրանք ավելի շատ են հոգում, քան սեփական երեխաների:

Երբ Ռիտան  տեղ հասավ, անձրև սկսվեց: Եվ մենք ամբողջ օրը տանը մնացինք: Միայն գիշերվա կողմը երկինքը բացվեց, ու այդժամ մենք դուրս եկանք զբոսնելու տան շրջակայքով ու նայելու աստղաշատ երկնքին: Այստեղ այն  զարմանահրաշ էր, և Ռիտան խոստովանեց, որ նման երկինք երբևէ չի տեսել: Եվ շնորհակալություն հայտնեց աստեղերի համար: Մենք քայլում ու քայլում էինք տան շուրջը և, իհարկե, նայում աստղերին:

Երբ Ռիտան  տեղ հասավ, մենք զբաղվեցինք սիրով, ապա որոշեցինք սրճել, և հետո միայն մտածել ճաշի մասին: Ես նստել էի խոհանոցում՝ սեղանի մոտ դրված աթոռակին և հետևում է ինչպես է Ռիտան սուրճ պատրաստում:

-Տեսքդ այնքան էլ էն չի, գիտե՞ս:

-Չէ: Չգիտեմ: Եվ ինչպիսի՞ն է տեսքս ըստ քեզ:

-Հոգնած:

-Կանցնի: Աշխատավայրում շատ են գործերը…

-Կարծում ես պատճառը դրանու՞մ է:

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Ես կարծում եմ, որ խնդիրն իմ մեջ է: Քեզ հոգնեցնում ու հյուծում է երկակի կյանքը, որը վարում ես…

— Ի՞նչ  նկատի ունես:

-Դու սիրուհի ունես, մոռացե՞լ ես: Եվ դու երկակի կյանք ես վարում: Դա քեզ  հյուծում է:

-Պարզապես  աշխատանքս է շատ, Ռիտա:

Ռիտան նայեց ինձ:

— Երբ զգաս, որ էլ չես ձգում, վռնդիր, լա՞վ: Չես ձգում ինձ:

-Հիմարություններ ես խոսում:

-Խոստանու՞մ ես, որ կվռնդես, երբ ես  սկսեմ հոգնեցնել քեզ:

— …

-Ապրես: Իսկ հիմա արի սրճենք, իսկ հետո կչափեմ ճնշումդ:

-Իսկ միգուցե հակառակը՞:

-Մի՛ սովորեցրու ինձ,- ծիծաղեց նա:

Ի զարմանս ինձ, ճնշումս նորմայի սահմաններում էր, և մենք որոշեցինք տապակած ճտեր  պատվիրել ճաշին (կամ ընթրիքի՞ն): Ես զանգեցի Լենային, և նա ասաց, որ կարիք չկա Հանգստյան տան  ճաշարան  իջնելու, որ ամենը կբերեն վերև, և այդժամ ես խնդրեցի տապակած  ճտեր մատուցել մեզ:

-Միայն թե գինին ճիշտ  կանեք  խանութից վերցնեք, թե չէ մեզ մոտ շատ թանկ արժի,-ասաց Լենան:

— Շատ շնորհակալ եմ խորհրդի համար:  Թող որ մեզ ճաշ բերող առաքիչը երկու շիշ գինի և մեկ տուփ «Վինսթոն» գնի, գումարը իրեն կտամ:

-Բարի: Ամեն ինչ կլինի:

Երեկոյան, երբ անձրևն ավարտվեց, մենք դուրս եկանք զբոսնելու և նայելու աստղերին: Հենց այդ ժամանակ էր, որ Ռիտան ասաց, թե նման աստղաշատ երկինք երբևէ չի տեսել…

Գիշերը նորից սիրով էինք  զբաղվում, հետո կրկին սիրով էինք զբաղվում, և միայն առավոտվա դեմ ստացվեց քնել: Բայց ես, ինչպես միշտ, զարթնեցի ութն անց կեսին: Դուրս եկա պատշգամբ՝ սուրճ ըմպելու:  Ծանր թխպերը առավոտ կանուխ կախ էին ընկել հովտի  վրա և համատարած մուգ մոխրագույն զանգվածի վերածված՝ այժմ շարժվում էին դեպի հյուսիս- արևելյան ուղղությամբ՝ սարի կողմը, դիպչելով դրա գագաթին և պարուրելով այն: Հետո քամի փչեց, և անսպասելի անձրևեց: Սառն էր, և տան հետևում գտնվող անտառից թռչունների ձայներ էին հասնում: Իսկ ընդհանրապես, շատ խաղաղ էր, անսովոր խաղաղ. միայն շատ հազվադեպ լսելի էր ինչ-որ մեքենայի մի խուլ ձայն, որը հավանաբար Տեոֆիլից  շարժվում էր դեպի Լիճը (կամ հակառակը): Բայց այդ աղմուկը շատ արագ անհետանում էր, և վերստին լռություն էր տիրում: Տունը երկհարկանի էր: Փայտե աստիճանները առաջին հարկից, որտեղ և գտնվում էին ննջարանը, խոհանոցը և ճաշասենյակը, տանում էին երկրորդ հարկ, որտեղ ևս երկու ննջարան կար: Երբ աստիճաններով բարձրանում էիր, դրանք սկսում էին ճռճռալ, ինչը յուրահատուկ ռոմանտիկական վիճակ  ու նաև առանձնահատուկ հարմարակեցություն էր հաղորդում: Այս տունը գտնվում էր բլրակի ամենավերևում, անտառով պատված, և դրա պատուհաններից երևում էր ներքևում գտնվող հովիտը, հեռվում ծիկրակող սարը, որին հիմա հենվել էին թխպերը…

Անձրևը դադարեց այնպես անսպասելի, ինչպես որ սկսվել էր, և քամուց պատառոտված թուխպերի միջից երևաց ժպտացող արևը… Մեկ այլ արև տանից շեմք դուրս եկավ, և վառ լույսից կկոծելով աչքերը, նայեց սուրճի բաժակին, ծխախոտին և մոխրամանին, ժպտաց ու խոսեց.

— Բարև: Ո՞նց ես քնել:

Եվ ես ինձ շատ երջանիկ զգացի:

Ռիտան սևահեր էր, գլխավերևը՝ փոքր-ինչ ճերմակած, նշաձև շագանակագույն աչքեր ուներ և  համարձակ փոսիկներով օվալ դեմք: Նրա աչքերը կայծկլտում էին, թեև երևում էր, որ այնտեղ տեղ ունի նաև թախիծը: Նա միջահասակ էր, հրաշալի կազմվածքով: Նրա հագին  երկար սվիտր էր, զուգագուլպա և սպորտային կոշիկներ: Քայլերը դանդաղ էին, անվրդով և վստահ: Նա արագ էր խոսում, բայց և հասկանալի էր, որ ամեն բառ արտաբերելուց առաջ  մտածում է, այլ ոչ թե դուրս հանում խելքին փչածը:

Նա այն աղջիկներից էր, ովքեր դուր են գալիս տղամարդկանց: «Այո՛,-մտածեցի ես,- նրա շուրջ միշտ եղել են ու կան տղամարդիկ: Եվ այնուամենայնիվ, նա միշտ իրեն մենակ է զգալու: Աստվա՜ծ իմ: Եվ ի՞նչ է պակասում նման կանանց: Բայց երևի թե միշտ ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան շարունակում է փչացնել նրանց կյանքը, և դրանից նրանք համակվում են թախիծով: Իսկ երբեմն էլ լինում է այսպես, ինչպես հաճախ դասավորվում է կյանքը: Ինչպես հայտնի է, ոչ այնքան ուրախ: Չէ՞որ շատերի մոտ հենց այդպես է դասավորվում կյանքը: Ես երբեք նրան չեմ հարցրել, բայց ենթադրում էի, որ նա ունի պատմություն, կամ պատմություններ: Բոլոր մարդիկ էլ ունեն պատմություններ: Եվ ամեն մարդ պատմությունների, պատահարների  հավաքածու է: Ամեն մարդ՝ գիրք է, որը գրվում է ամբողջ կյանքի ընթացքում: Եվ կյանքի ավարտին ստացվում է հավաքել ամբողջ պատմությունների, գրվածքների ժողովածուն: Ու հենց այդ Գրքով մարդը ներկայանում է Աստծոն: Երբեմն այդ Գիրքը գրում է մարդը, երբեմն՝ Գիրքը ինքնստինքյան է գրվում: Գլուխ առ գլուխ: Էջ առ էջ:  Ենթադրում եմ՝ Աստված զարմանահրաշ  գրադարան ունի: Երնեկ մահվանիցս հետո այնտեղ աշխատելու անցնեմ իբրև գրադարանավարե:

-Հիմա ինձ էլ սուրճ լցնեմ և վերադառնամ քեզ մոտ:

-Լավ…

Ամեն անգամ, երբ ես նայում էի Ռիտային, կոկորդս սեղմում էր: Ես մտածեցի այդ մասին և հետո փորձեցի հասկանալ ինչու է այդպես լինում: Բայց պատասխանն այդպես էլ չգտնվեց:

Ռիտան նորից երևաց պատշգամբում, սուրճի մեծ բաժակը ձեռքին, և տեղավորվեց ծնկներիս վրա:

-Դու սուրճն ավելի՞ շատ ես սիրում, քան ինձ:

-Ասեմ ասյպես. ես ձեզ տարբեր ձևով եմ սիրում,- ժպտացի ես:

-Իսկ կարելի՞ է տարբեր ձևով սիրել:

— Իմ կարծիքով միայն այդպես կարելի է սիրել:

-Բայդ այդ դեպքում սիրտդ հանրակացարանի կվերածվի:

-Ես կասեի՝ սիրտը մեծ պոռնկատուն է: Ով ասես, որ չկա այնտեղ:

-Դա միտումնավո՞ր ասացիր:

-Ի՞նչ կա որ:

-Չգիտես, որ ես գժվում եմ, որ այդպես ես ասում:

-Լավ դե, հանգստացի: Տես քեզ ինչ կասեմ. ես քեզ սուրճից շատ եմ սիրում…

— Այ դու բ… տղա: Ու ըստ քեզ,  դրա համար պետք է շնորհակալ լինեմ, հա՞:

-Իհարկե,- ծիծաղեցի ես, ապա համբուրեցի նրան:

Ցերեկը մեզ հյուր եկավ մենեջեր Լենան: Չգիտես ինչու սկսեց ինչ-որ հարցեր տալ: Մենք ծիծաղելով պատմեցինք, որ սիրեկաններ ենք, և առաջարկեցինք սրճել մեզ հետ: Մենեջեր Լենան համաձայնեց,  և երբ մենք սրճեցինք, նա կիսվեց մեզ հետ իր պատմությամբ:

— Մենք անծանոթ էինք: Պարազապես ամեն առավոտ երկար տարիների ընթացքում միմյանց  հանդիպում էինք կանգառում, ապա միասին նստում նույն տրոլեյբուսը, հասնում ինստիտուտ, մինչև վերջին կանգառ: Մենք չէինք բարևում իրար, չէինք շփվում, չէինք զրուցում:

Մի անգամ ձմռանը մրսացրել էի թոքերս: Մի ամիս պառկեցի: Ապա առողջացա ու նորից սկսեցի ինստիտուտ հաճախել: Հասա կանգառ: Ինչպես միշտ նա այնտեղ էր: Դեմքին անհանգստություն էր երևում, շատ նիհարած էր:

-Հիվանդացե՞լ էիր,- հարցրեց նա ինձ:

-Այո…

Եվ այլևս ոչինչ:

Անցան տարիներ: Ես արդեն ունեի հրաշալի ամուսին, երկու աղջիկ: Մեկը Փարիզում, մյուսը` այստեղ, երկուսն էլ սովորում են, մենք համերաշխ ընտանիք ենք: Վերջերս Ամերիկայից հյուրեր ունեինք: Ու ոնց ընդունված է մեզ մոտ, տարանք նրանց զբոսարշավի՝ Արևին նվիրված հեթանոսական տաճարը տեսնելու, այն միակը, որը մնացել է մեր երկրում քրիստոնեության ըդունումից հետո: Ցույց տվեցինք տաճարը, դուրս եկանք: Մեկ էլ հանկարծ մի անասելի զգացում պատեց ինձ…. Անասելի, բայց շատ ծանոթ: Կոկորդս չորացավ, սրտխփոցս ահագնացավ: Իջնում ենք աստիճաններով: Եվ հանկարծ տեսնում եմ աստիճաններով բարձրանում է նա՝ կանգառի իմ ծանոթը…Մենք հավասարվեցինք:

-Ամուսի՞նդ է,- հարցրեց նա:

-Այո,- պատասխանեցի ես:

Եվ նորից վրա հասավ վերջը: Դա մեր երկրորդ և վերջին զրույցն էր: Ո՞վ գիտի, միգուցե նորից մի օր այդպես պատահական հանդիպենք… Վերջերս իմացա, որ նա ճանաչված գրող է դարձել…

Երբ Լենան գնաց, Ռիտան ասաց.

-Գիտես ի՞նչ էի մտածում:

-Ի՞նչ:

-Ի՞նչ կլիներ, եթե մենք այդպես էլ չծանոթանայինք այդ օրը:

-Ես էլ հենց նոր դրա մասին մտածեցի… Վախենալու է, չէ՞:

-Հա, շատ…

Հիմա ինձ թվում էր, որ Ռիտան միշտ ճիշտ էր: Որ ես նրան հազար տարի է, ինչ ճանաչում եմ: Իրականում, դա ընդամենը նոյեմբերին պատահեց: Հենց այդ ժամանակ էլ Ռիտան ասաց.

-Հա, հետո ի՞նչ: Չէ՞որ մենք ոչ ոքի չենք վնասում…

Ռիտան պարզապես ներխուժեց իմ կյանք և դեռ ապրում էր այնտեղ: Եվ հետո արդեն հաճախ կեսկատակ- կեսլուրջ ասում էր, որ վաղուց էր ինձ «աչքադրելե, որ նա «որսորդե է իր խառնվածքով, և նա որսում էր ինձ:

-Եվ ես քեզ ունեցա:

-Եվ սատանան գիտի ինչեր արեցիր,- տրտնջում էի ես, բայց մեկ է, Ռիտայի հետ ես ինձ երջանիկ էի զգում:

Երևի, չգիտես ինչու հենց այնպես է պատահում, երբ քո կյանքում հայտնվում են նմանօրինակ աղջիկներ, ինչպես Ռիտան, սկսում ես զգալ, որ ապրում ես: Ապրում ես լիարժեքորեն: Բայց Ռիտայի նմանները սրտիդ հետ ինչ ասես, որ չեն անում և հետո էլ հետագիծ են թողնում: Ռիտայի նմաններին հիշում ես ամբողջ կյանքում: Եվ ես ասացի.

-Ինձ ունենալն այդքան էլ բարդ չէր, այդպես չէ՞: Ես հոգնած էի, ջարդված ու մոլորված… Ես անմիջապես հանձնվեցի…

-Թող այդպես լինի, -ժպտաց Ռիտան,- եթե քեզ չի կաշկանդում այն փաստը, որ սովորաբար տղամարդիկ են կանանց որսում: Չէ՞որ որսորդը հենց տղամարդն է: Դա դարերով ընդունված բան է:

Հիմա էլ  ես ծիծաղեցի.

-Ժամանակները փոխվել են, սե՛րս: Վայրի որսորդները վերացել են՝ իրենց տեղը զիջելով ամազոնուհիներին: Իմիջայլոց, գիտես, որ պատմության մեջ, ինչպես որ մոդայում, որոշակի ցիկլություն է նկատվում: Ահա և մենք էլ մայրիշխանությանն ենք վերադառնում:

— Ձեզ՝ տղամարդկանց, այդպես ավելի հարմար է, չէ՞:

-Այո՛, իհարկե…

Ռիտան և ես վերև բարձրացանք, մտանք ննջարան և առանց հանվելու՝ պառկեցինք: Ես քաշեցի գլանակը ու գրկեցի նրա, և նա էլ, իր հերթին, հենվեց ուսիս:

-Գիտես՝ ո՞ր գրական ստեղծագործությունից եմ առաջին անգամ իրականում տպավորվել,-հարցրեց նա,- դա Մոպասանի պատմվածքն  էր:

-Տարօրինակ է,-ասացի ես,- Մոպասանը քո առաջին  հեղինա՞կն էր:

 

-Չէ հա, լսիր: Դու չհասկացար ինչու՞ գրական: Ես այդ պատմվածքը մի անգամ եմ կարդացել, դա վերջին հատորում էր, բայց վերջին երկու էջը պոկված էին գրքի միջից: Ես փոքրիկ աղջիկ էի, և այդ ժամանակ մենք գյուղում էինք ապրում: Գրքերը տեղի գրադարանից  էի վերցնում: Եվ ուրեմն: Վերջին երկու էջը պոկված էր, և ես չէի կարող իմանալ ինչպես ավարտվեց պատմությունը: Պարոն Մոպասանի պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Եվ ես տեղս չէի գտնում: Շատ էի ուզում իմանալ ավարտը: Բայց դրա հնարավորությունը չունեի (համենայն դեպս, մինչ այն պահը, երբ կավարտվեր ամառային արձակուրդը, ու ես կմեկնեի քաղաք` ծնողներիս մոտ): Ու ի՞նչ ես կարծում, ի՞նչ արեցի ես:

-Չեմ պատկերացնում,- պատասխանեցի ժպտալով:

-Ամեն ինչ շատ պարզ է: Ես ինքս վերջացրի Մոպասանի պատմվածքը: Այնպես, ինչպես ինքս էի պատկերացնում:

-Խելո՛քս:

-Չէ հա, թանկագինս: Ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Հաջորդ օրը ես սկսեցի մտածել, ոչ մեծն Գին իր պատմվածքը հենց  այդպես էլ ավարտել էր: Եվ ես երկրորդ տարբերակը գրեցի: Ապա, դրա հաջորդ օրը՝ երրորդ, և այդպես շարունակ: Ընդհանուր առմամբ ես ունեցա վեց տարբերակ: Բայց դրանցից և ոչ մեկում ես համոզված չէի: Անվերջ մտածում էր, որ Գի դե Մոպասանը իր պատմվածքը այլ կերպ է ավարտել:

-Լավ պատմություն  է,-ասացի ես:

-Թանկագինս: Սա դեռ վերջը չէ:

-Արձակուրդների ավարտվելուն պես, ես քաղաք վերդարաձա՝ ծնողներիս մոտ: Եվ առաջին բանը, որ արեցի, շտապեցի քաղաքային գրադարան և վերցրեցի Մոպասանի հատորը: Նույնիսկ չհամբերեցի, որ տուն հասնեմ: Դուրս գալով գրադարանից՝ ես նստեցի այգու նստարանին (հիշու՞մ ես գրադարանի դիմացի այգին) և ագահորեն բացեցի վերջին երկու էջը: Կարդացի ու ոչինչ չհասկացա: Ես չէի հավատում աչքերիս: Ես վերընթերցեցի այդ երկու էջը, ապա արագ տուն դառնալով՝ վերստին կարդացի ամբողջ պատմվածքը: Ու ես մտածեցի (օ, դու չես պատկերացնի ինչպես վախեցրեց ինձ իմ իսկ սեփական  միտքը)…Միայն թե չծիծաղես վրաս, լա՞վ:

-Չեմ ծիծաղի:

-Համենայն դեպս,  խոստացիր, որ չես ծիծաղի:

-Խոստանում եմ, թանկս: Եվ ի՞նչ մտածեցիր:

-Կարճ ասած, Մոպասանի ավարտը ինձ բացարձակ դուր չեկավ: Այն ինձ անբնական թվաց: Ու ես մտածեցի, որ իմ տարբերակներն էլ ավելի հետաքրքիր էին:

-Ես խենթանում եմ քեզ համար,- հռհռացի ես:

-Մի՛ ծիծաղիր: Ես մինչև  հիմա դրանից վատ եմ զգում: Շատ եմ ամաչում իմ մեծամտությունից:  Դա մեղք է: Բայց ազնիվ խոսք, իմ այդ վեց տարբերակն էլ շատ ավելի լավն էին, քան  վարպետինը:

-Գիտե՞ս, դրանում ոչ մի վատ բան չկա: Հիշում ես ի՞նչ էր ասում Չեխովը: Ամենաբարդը՝ սկիզբն է ու վերջը:  Երևի Գին վրիպել է վերջում: Կամ էլ հնարավոր է պատմվածքից հոգնել է և փորձել հնարավորինս արագ վերջացնել այն:

— Հնարավոր է: Դու կկարդա՞ս Մոպասանի այդ պատմվածքը:

-Չէ:

-Ինչու՞:

-Չեմ ուզում…

-Իսկ դու երբևէ ուզե՞լ ես գրող դառնալ:

-Չէ…

-Ինչու՞:

-Չեմ ուզում…

Իսկ հետո ձյուն տեղաց: Ես ու Ռիտան գիտեինք, որ Տեոֆիլում ձյուն չկա, որ այն միայն  այստեղ՝ Դորմիում  է տեղում, և ուրախացանք, որ հենց այստեղ ենք եկել:

-Միաժամանակ ուզում եմ դուրս գալ զբոսնելու ձյան ներքո և մնալ տանը, պատուհանից հետևել ինչպես է  թափվում ձյունը,-ասաց Ռիտան,- որը՞  ընտրենք:

-Ավելի լավ է տանը մնանք,-պատասխանեցի ես,-  արդեն երեք ժամից պիտի հավաքվենք ու վերադառնանք Տեոֆիլ:

-Իսկ դու կարող ես վայրկյանը մեկ չհիշեցնել դա:

-Ինչի՞ մասին է խոսքը:

-Ուղղակի ուզում եմ քեզ հետ լինել: Ու չեմ ուզում մտածել, որ նորից բաժանվելու ենք:

— Ների՛ր, էլ չեմ հիշեցնի: Արի հաճախ վերադառնանք այստեղ: Համաձա՞յն ես:

-Իհարկե,  համաձայն եմ, թանկագինս: Երբ որ դու ասես, երբ հրամայես, երբ ակնարկես: Ես կհայտնվեմ, կժամանեմ, կհասնեմ…

-Այդպես մի ասա…

-Դու քեզ վատ զգացի՞ր: Ինչու՞ ես այդքան վախենում իմ սիրուց:

-Ինչի՞ց  ենթադրեցիր, որ վախենում եմ,- զարմացա ես:

-Ես դա զգում եմ…

-Երևի թե այն պատճառով, որ գիտեմ՝  չեմ կարող պահպանել այդ սերը: Հնարավոր է՝ դա ինքնապաշտպանության ինստինկտ է:

-Գիտես քեզ ի՞նչ կասեմ,-զայրացավ Ռիտան:

-Ի՞նչ:

-Գնա՛ գրողի ծոցը քո ինստինկտների հետ: Ե՞րբ ես դու վերջապես սովորելու ապրել իսկական կյանքով: Ախր ես ամեն ինչ անում եմ դրա համար: Ես ինձ ամբողջությամբ քեզ եմ տվել: Տե՛ս, ոչ ոք այսպիսի սիրուհի չունի, իսկ դու ունես: Ու դու ինձ ունենում ես: Արդյո՞ք դու հպարտանում ես դրանով: Ինչու՞ ես քեզ տանջում հիմար կասկածներով: Ինչու՞ չես ապրում: Ինչու՞ ես վախենում ապրելուց:

-Ինչու՞ ես բարկանում:

-Գրողի ծոցը գնաս:

Ես ծիծաղեցի:

-Ոնց կհրամայես,- և գրկեցի Ռիտային:

Երբ սկսեց մթնել, մենք հավաքվեցինք, և հրաժեշտ տալով մենեջեր Լենային՝ մեկնեցինք Տեոֆիլ: Ես Ռիտայի մեքենայում էի: Ամբողջ ճանապարհին մենք լուռ էինք: Տհաճ էր մտածել, որ համարյա կես ժամից մենք բաժանվելու ենք իրարից և մեզնից ամենքը ապրելու է իր ինքնուրույն կյանքով: Եվ պարզ չէ, թե երբ կհանդիպենք նորից:  Մենք ասես և միասին էինք, և առանձին: Մեր մասին ոչ ոք չգիտեր: Եվ ամեն անգամից, ամեն հանդիպումից հետո թվում էր, թե այդ ամենը մեզ հետ չի կատարվել, որ դա ընդամենը երազ էր: Իմ երազի անունը Ռիտա էր: Ռիտան ինձ  իջեցրեց Ֆրանսիայի հրապարակում և  շարժվեց: Այժմ ես տուն էի վերադառնում: Ես հաճախ էի մտածում՝ ինչու ՞ են տղամարդիկ տուն դառնում: Եվ պատասխանը չէի գտնում: Միայն ենթադրում էի: Մանավանդ ի՞նչ է լինում, երբ տղամարդը չի վերադառնում: Ու այդժամ ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ սին է դառնում: Միգուցե ամբողջը  չվերացնեու պատճառո՞վ է տղամարդը վերադառնում:  Չգիտեմ:

 

Նորից անձրև մաղեց: Եվ նորից բուրեց մանդարիններով: Եվ ես բարձրացրի վերարկուիս օձիքը: Ես դռան  զանգը տվեցի ու աչքս գցեցի ժամացույցին. քսաներեքն անց  երեսուն:

-Բարև, ահա և ես:

-Բարև: Ընթրիքին հասցրիր: Հանվիր, ձեռքերդ լվա: Դավիթն ու Արթուրը քեզ համար անակնկալ ունեն:

 

Թարգմանությունը՝ Սաթե Հովակիմյանի

Կարծիքներ

կարծիք