Այնտեղ ուր չկամ

 

***

Գիշեր էր, մութ էր,

Քնած էին մարդիկ,

Երկինք սողոսկեց մի կլոր լուսին,

Գիշեր էր, մութ էր, քնած էին մարդիկ:

Լույսից արթնացա,

Վառվող հրագունդ

Երկինքը առել, գիշերը՝ ցերեկ,

Ցերեկ էր դառել,

Գիշեր էր, մութ էր, քնած էին մարդիկ:

Գիշերվա կեսին, մի կլոր լուսին,

Հենվել էր սարին,

Մեծ սարի ուսին,

Ինչո՞ւ արթնացրեց.

Որ ես հիանամ,

Իր վառվող սիրո գիշերվա լույսից,

Թե՞ որ ես հիշեմ, ինչպես մի գիշեր

Լուսին էի դառել, երկինքը առել

Հենվել էի սարին…

Ինչպես մի գիշեր,

Գիշեր էր, մութ էր, քնած էին մարդիկ:

 

***

Մենք բոլորս,

որ չգիտենք մեզնից պահված գաղտնի ուղին,

Մենք՝ բոլորս, որ փնտրում ենք

սիրահոժար այդ փակուղին,

Լիաեռանդ և ինքնակամ վազում ենք միշտ դեպի անհայտ

Ճանապարհներ ուղիղ և ոչ, արդեն հարթված

կամ դեռ անհարթ:

Մենք բոլորս այս խելագար վազքին հլու, անհեռատես

Մոմերն առած խուլ թողության դեպի անդին՝

Վազում ենք դեռ, և հևիհև հասնում մութին հոգևորսի,

Եվ ծառացած ձիու նման խրխնջում ենք պարտված լույսին…

Մենք բոլորս …

 

***

Դու կանգնիր ոտքդ ամուր,

Դու կանգնիր հպարտ որպես,

Թող ճոճվող վայրագ քամուց,

Բայց երբեք խոնարհ ու հեզ:

Դու անսա, օտար քամին,

Թող շաչե որքան կուզե,

Իմ երկիր արև-անուն,

Թող շառաչը քեզ չհուզե:

Դու կանգնիր ոտքդ ամուր,

Թող զնգա երգդ երկիր,

Փոթորիկ, քամի, սամում

Երբ դողան հոգուդ երգից:

Դու նայիր դեպի առաջ,

Դեպ հեռուն միտքդ սրիր,

Մի լսիր ողբ ու հառաչ,

Որ քամին դրսից բերի:

Թող ճոճվող վայրագ քամուց,

Բայց երբեք խոնարհ ու հեզ,

Դու կանգնիր արև- անուն

Քո շնչով վառվող հրկեզ:

 

***

Օրը թխպել է, ո՞վ է թաքնվել

Ամպերի ծալ-ծալ թերթերի խորքում,

Ձեռքս առել եմ մի հսկա ավել,

Մաքրում եմ թուխպը ներսից երկնքում:

Բացում եմ ուղին Ծիր- Կաթին տանող,

Աստղերին թափված փոշին եմ սրբում,

Ավելիս վրա հետքերն են մանվող

Ծալ-ծալ ամպերի ծավալված թխպում:

Հե՜յ, օտարական` ճերմակ մորուսով,

Դուրս արի տեսնեմ դեմքդ խստադեմ,

Ես ավլում եմ, տե՛ս, երկինքը հույսով,

Որ քեզ կտեսնեմ մի օր դեմառդեմ:

Վաղուց է արդեն երկինքն եմ մաքրում,

Քեզ գտանելու հույսով մեկ անգամ,

Դուրս արի իմ դեմ հայացքով մաքուր,

Ճերմակամորուս իմ օտարական:

 

***

Այնտեղ, ուր չկամ, երկինքներն ավաղ

Ավազ են մաղում անձրևների տեղ,

Ճերմակել են վաղ ձորերը անշաղ,

Անծառ, անտերև բավիղները նեղ:

Այնտեղ, ուր չկամ, մութը չի բացվում,

Քանի որ լույսը մայրամուտ չունի,

Մայրացում չունի և ոչ մի հարցում,

Անէությունն է գույնը աշունի:

Ջրերը պահվել, թաքնվել են մութ,

Իրենց խեցիում կայծակների հետ,

Այնտեղ, ուր չկամ ծերացումն է սուտ,

Տարիներն ապրած կորել են անհետ:

Այնտեղ, ուր չկամ ինձանից բացի,

Աշխարհը՝ խելառ, խրախճանքը՝ խեղճ

Տոնում է անշունչ շունչը չեղածի՝

Ծնունդը պատիր, մահացումի մեջ:

Այնտեղ, ուր չկամ, լույսը արարել,

Կիսատ է թողել արարն իր վերջին,

Չի եղել այնտեղ միակ մարգարեն,

Այնտեղ,  ուր չկամ՝ հոգին միածին:

 

***

Մայրամուտները ոչինչ չեն ասում,

Միտքը փոխանցում արշալույսներին,

Լույսն առավոտի դառնում է խոսուն

Շռայլ տողերում խենթ պոետների:

Թարգմանիչները՝ բառի երկնային

Խենթ պոետները, բացված վերքի պես,

Թողել են պեղի ցեղը մարդկային,

Հոգու ընդերքը տողերում անկեզ:

Ամփոփ պատկերը չի ամբողջանում,

Քանզի պոետի տրոփն է սրտի

Մեզ իմաց տալիս խոսքի կայանում,

Որ մենք կիսատ ենք աշխարհում ստի:

Երբ մայրամուտը գույնը կփոխի,

Եվ կմայրանա գիշերը արդար,

Եվ ճերմակաթույր վախը մորմոքի

Կտանի դեպի սրբության տաճար,

Այնժամ պոետներ կլինեն արթուն

Պահակներ՝ վերին դռների առջև,

Որ հրամցրած ամեն բան թաքուն

Թարգմանվի երկրի, երկնքի միջև:

Այդ մայրամուտը կլինի վերջին

Ժամանակների ժամհարը լռիկ,

Լույսն առավոտի կմնա խղճին

Աստծո պատկերի պատին անառիկ:

 

***

Լույսի պես մարդիկ գալիս են, գնում՝

Թողնելով ճամփին լույսի ոտնահետք,

Նույն արահետով դու էլ ես գնում`

Քո լույսը խառնած իրենց լույսի հետ:

Եվ շատերի պես դու էլ կքայլես`

Ամեն քայլիդ հետ նորին հպվելով,

Որ քեզ կհուշի՝ կյանքիդ արևկեզ

Էջերը ինչպես թերթես այրվելով:

Դու չես մոռանա քո ճանապարհի

Առաջնորդողին՝ քեզ միաձուլված,

Որ տարբերակես քեզ՝ քո արարից,

Քեզ՝ քո դիմակից՝ լույսի հետ մերված:

Եվ երբ կհասնես վերջին, որ նաև

Սկիզբն է արարի այս լույսի անվերջ,

Կմերժես դու քե՛զ, ուրիշի՛ն, ա՛րև,

Եվ սե՛ր, և բերկրա՛նք ունայնության մեջ:

Թող քո հետնորդին հույսի մի փշուր,

Լույսի ճանապարհ, դեռ մանուկ է նա,

Նա պիտի անցնի այս ուղին տխուր,

Այս ուղին անհայտ և հեռագնա:

 

 

Կարծիքներ

կարծիք