Գիտակցության խամաճիկը

1.

Պատմությունը, որով պատրաստվում եմ կիսվել ձեզ հետ, պատահել է շատ տարիներ առաջ մեր գյուղաքաղաքում և, ցավոք, մեծ հաշվով արդեն մոռացվել է շատերի կողմից։ Գրեթե բոլորն այդ օրերին Էլիոտին դիտում էին որպես թաղի խելագարի և, ինչ խոսք, ենթարկում նրան ծաղր ու ծանակի։ Անգամ հիմա այն եզակիները, որ հիշում են Էլիոտին, ներկայացնում են նրան որպես անեկդոտի մի հերոս: Եվ միայն շատ քչերը, այդ թվում և ես, կարողացան տեսնել այդ դժբախտ մարդու աչքերի մեջ այն ահռելի ողբերգությունը, որը նա ապրեց։ Մինչ օրս սիրտս մղկտում է իմ խեղճ ընկերոջը, այդ թշվառ և բոլորի կողմից մերժված մարդուկին վերհիշելիս։

Բայց առաջ չընկնենք…

Մեր քաղաքի ամեն անկյունում, ամեն նրբանցքում և բակում ծաղկում են ճոխ ու բազմազան թփեր: Վարդերի արբեցնող անուշահոտը տարածվում է քաղաքով մեկ, իսկ արքայամորու անհաշվելի մացառներն ամեն օր ստիպում են աղմկոտ ու չարաճճի դպրոցականներին կանգ առնել դպրոցից տուն ընկած ճանապարհին և մերկացնել այդ թփերը։

Քաղաքն այնքան փոքր է, որ ցանկացած ուղղությամբ շարժվելիս, այսպես թե այնպես, կես ժամից կհատես բնակավայրի սահմանները։ Գետակի շուրջը փռված երկհարկանի տնակները ծածկված են սպիտակ ներկով, իսկ այն հազվադեպ տնակները, որոնց բնակիչները որոշել են ժամանակ չվատնել ներկարարության վրա, ապշեցնում են իրենց աղյուսների անբիծ կարմրությամբ՝ էլ ավելի նմանեցնելով մեր համեստ ավանն Անդերսենի ստեղծագործություններից մի հեքիաթային գյուղաքաղաքի։ Շուրջբոլորը տարածվում են խիտ փշատերև անտառները: Ինձ մոտ մանկուց ստեղծվել է այն տպավորությունը, որ մենք ապրում ենք ողջ աշխարհից զատված, կարծես մենք մի առանձին մոլորակ ենք երկրագնդի վրա։

Այ եթե մեր բնակիչների հոգիները լինեին նույնքան գեղեցիկ և նուրբ, ինչպիսին մեր քաղաքն է արտաքուստ, ես ինձ կհամարեի լիովին երջանիկ։

Բայց, ցավոք, այդպես չէ։ Ինձ երբեմն նույնիսկ թվում է, որ ատելությունը միմյանց հանդեպ բնածին արատ է, որի ազդեցությունից տառապում են բոլորը, բայց որից և ոչ ոք չի ցանկանում ազատվել առաջինը։ Երևի խնդիրը վախն է… Երևի ամենքը վախենում են բացել իրենց սիրտն աշխարհի առաջ և արդյունքում դառնալ ծաղրի առարկա…

Չգիտեմ։ Սակայն ենթադրում եմ, որ հենց դա փորձեց անել Էլիոտը՝ բացել իր սիրտը, լինել երջանիկ և, ցավոք, արդյունքում մնաց ձեռնունայն։

Նա՝ Էլիոտը, մեր քաղաքի միակ և հմուտ փայտագործն էր։ Նրա գործերն ավելի հիշեցնում էին արվեստի իսկական գլուխգործոցներ, արժանի ցուցադրվելու Էրմիտաժում, քան սովորական արհեստավորի ձեռքի աշխատանք։ Եվ չնայած իր չափազանց երիտասարդ տարիքին՝ նա արժանացել էր քաղաքի տարեցների և արվեստի սիրահարների համակրանքին։ Նրա տաղանդն աստվածատուր էր։

Այժմ այս բառերը գրում եմ Էլիոտի պատրաստած հոյակապ գրասեղանի վրա, որ նվիրեց ինձ տասնութամյակիս առթիվ։ Չեմ դադարում հիանալ գրասեղանիս անզուսպ ճոխության ու բնական նրբության անկրկնելի համադրությամբ։

Ինչևիցե…

Թեկուզ և ինձ իրավունք եմ վերապահում կոչել այդ լուսավոր անձնավորությանը «իմ ընկերը», սակայն պետք է մեծ ցավով ընդունեմ այն փաստը, որ երբեք իրապես չեմ ճանաչել նրան, նրա բուն էությունը։ Չէի կարող մտածել, որ այդ հանգիստ և խաղաղ մարդու հոգում ապրումների անզուսպ ալիքներ են մոլեգնում ։ Կարծում եմ նրան ոչ ոք չէր ճանաչում: Նույնիսկ հարազատ ծնողները։

Այնուամենայնիվ երջանիկ եմ, որ հենց ես դարձա այն մեկը, ում առջև նա քիչ թե շատ բացեց իր հոգին։

Հուսամ ինձ կներեք հակասական մտքերս համար, չեմ կարողանում սթափ պատմել Էլիոտի մասին։ Ամեն անգամ այդ անունն հիշատակելիս աչքերս լցվում են, լեզուս կապ է ընկնում։

Իմ խեղճ ու թշվառ ընկեր…

2.

Ուղիղ քսան տարի առաջ, հենց այսօրվա պես մի ամպամած և զով առավոտ Էլիոտը, իր արհեստանոցում նստած, տաշում էր մի շքեղ, քանդակների բազմազանությամբ շլացնող աթոռի դիմացի ձախ ոտքը։

Գիշերները լավ չէր քնում։ Քանի-քանի անգամ արդեն լուսադեմին, ժամն հինգի կողմերը զանգահարում կամ գրում էր ինձ.

— Զբոսնել կուզե՞ս,- հարցնում էր նա,- դրսում լավ եղանակ է։

Եվ թեկուզ սովորաբար հազիվ էի աչքերս բացում, երբեք չէի կարողանում մերժել նրան։ Շատ ճնշված ձայն ուներ: Միշտ իմացել եմ, որ եթե զանգում է կամ գրում, ուրեմն իմ կարիքն ունի, զուտ իմ ներկայությունն է ուզում զգալ։ Թեպետ համապատասխան բառեր չէի կարողանում գտնել և չգիտեի՝ ինչպես ժպիտ առաջացնեմ Էլիոտի դեմքին, այնուամենայնիվ վստահ էի, որ անգամ իմ լռությունը որոշ չափով փարատում էր նրա անհուն միայնության զգացողությունը։ Մեր ավանի միակ շուրջօրյա սուպերմարկետից գնում էինք երկու շիշ կոլա կամ ֆանտա (երբեք չենք սիրել ոչ գարեջուր, ոչ որևէ այլ խմիչք, որի մեջ գեթ մի կաթիլ սպիրտ կա) և բարձրանալով Էլիոտի արհեստանոցի տանիքը՝ վառում էինք այդ օրվա մեջ առաջին ծխախոտը, և քանի դեռ քամին շոյում էր մեր՝ պատանեկան նոսր մորուքով ծածկված դեմքերը, հետևում էինք արևի դանդաղ շարժին հորիզոնն ի վեր։

Բայց այդ օրը նա ինձ չզանգեց: Անգամ չգրեց։ Ո՞վ գիտի, միգուցե հարյուրավոր այլ առավոտներ նույնպես նա դիմավորել է միայնության և լռության մեջ, շուշաթղթի միատոն շրշյունի ներքո։

Այդ ժամանակ մենք տասնինը տարեկան էինք, սակայն երիտասարդական բնական կիրքն ու եռանդը, որ, այսպես թե այնպես, նկատելի են բոլոր երիտասարդների մեջ, հիմնովին բացակայում էին Էլիոտի սրտում։ Ինձ երբեմն թվում էր, որ Աստված մեզ երկուսիս հասանելիք փառասիրությունն ու երազկոտությունը բաժին է հասցրել միայն ինձ, այնժամ, երբ Էլիոտը մնացել է լիովին դատարկաձեռն։

Արհեստանոցը լեցուն էր փայտի մանր թեփով, որ միախառնվելով արհեստավորի թունդ ծխախոտի թանձր ամպիկին՝ ստեղծում էր մառախուղի տպավորություն այդ փոքրիկ սենյակում։ Գարնանային ջերմ արևի ոսկեգույն շողերը ներթափանցում էին կիսաբաց պատուհանի ճեղքից, իսկ գիշերը եկած հորդառատ անձրևի տարածած թարմությունն զգացվում էր ամենուր։ Էլիոտն իր աշխատանքային բաց մոխրագույն վերնաշապիկով էր, որ քամու անգամ ամենաչնչին շարժից խաղում էր նրա վտիտ մարմնի վրա։ Նրա հնամաշ ջինսի ճեղքերը իրենցից ոչ թե ոճային լուծում էին ներկայացնում, այլ մեկ տաբատը երեք տարի շարունակ կրելու արդյունք։ Երևի թե միակ, մնացած հագուստի համեմատ քիչ քրքրվածը սպիտակ բոթասներն էին, որ հազիվ էի համոզել նրան գնել։

Աշխատանքն ընթանում էր իր սովորական, միապաղաղ հունով, երբ հեռախոսազանգն ստիպեց նրա գիտակցությանը վերադառնալ հեռավոր հեքիաթային աշխարհից իրականություն։

-Բարև ձեզ,- հնչեց երիտասարդ կնոջ անվստահ ձայնը,- դուք Էլիոտն եք, չէ՞…

-Ես եմ։ Լսում եմ ձեզ,- իրեն բնորոշ լակոնիկ ոճով պատասխանեց Էլիոտը։

-Այսօր, իհարկե երբ ձեզ հարմար լինի, կարո՞ղ եք մոտենալ իմ կրպակ։

-Որևէ խնդի՞ր կա…

-Ոչ, ոչ… այսինքն՝ զուտ ուզում էի իմ վաճառասեղանն աչքի անցկացնեք։ Երեկ պատահաբար կոտրվել է դիմացի հատվածում։ Շատ տգեղ կերպով է կոտրվել։ Անգամ դրսից է երևում։ Ուզում եմ նայեք տեսնեք՝ հնարավո՞ր է արդյոք վերանորոգել…

-Լավ: Կգամ,- ասաց Էլիոտը և գրանցելով «Կակաչների փողոց, N 12շենք» հասցեն՝ անջատեց հեռախոսն ու վերադարձավ իր աշխատանքին։ Ոչ մի տարօրինակ զգացողություն, ոչ մի ետին միտք… Միայն թեթև գլխապտույտ էր զգում, որը սակայն նույնպես շուտով անցավ։

Կեսօրից հետո եղանակը կտրուկ փչացավ։ Մռայլ ամպերը վարագույրի պես ծածկեցին երկինքը, և ցերեկը գիշերվա նմանեց։ Քանի դեռ չէր վերսկսվել գիշերվա վարար անձրևը, Էլիոտը որոշեց անհապաղ գնալ հրուշակագործուհու կրպակ և արագ ավարտել բոլոր գործերը։

Հիշում եմ, մռայլ, մթամած օր էր։

Ես, սովորականի նման իմ աշխատավայրում նստած, գլուխ էի կոտրում հերթական խուճուճ կոդի վրա, երբ նկատեցի, որ հենց իմ պատուհանի տակով, ծխախոտը շուրթերի արանքում սեղմած անցնում է Էլիոտը։

-Է՜յ,- կանչեցի ես,- ո՞ւր ես գնում այդպես ջղային։

-Գործ կա։

-Ինչպե՞ս ես։

-Նորմալ,- հազիվ լսելի շշնջաց նա և շարունակեց ճանապարհը։

Նրա փոխարեն ցանկացած այլ մարդ լիներ, կմտածեի, որ ինչ-որ փորձանքի մեջ է ընկել կամ նման բան… Բայց ոչ Էլիոտի դեպքում։  Դա նրա սովորական խոսելաձևն էր։

Եվս մի քանի րոպե, և Էլիոտը արդեն կանգնած էր Կակաչների փողոցի N12 շենքում գտնվող մի կրպակի առջև, որի դռան վերևում կախված մի խղճուկ ցուցանակի վրա գրված էր՝ «Հրուշակեղեն»։ Եվ թեպետ ամբողջ փոքրիկ կրպակից խեղճության շունչ էր փչում, անգոյության աստիճան մաքրած պատուհանները, դռան երկու կողմից ծաղկած ճոխ կակաչները, որ իրենց գլխիկներն հպարտորեն ձգում էին դեպի երկինք, և շուրջբոլորը տարածվող անուշահոտությունն հուշում էին տիրուհու անձնվեր ջանքերի՝ կրպակն հնարավորինս խնամված և կոկիկ պահելու մասին։

Դուռը բացելուն պես Էլիոտն ընկղմվեց ամենաբազմազան քաղցր բույրերի մի օվկիանոսի մեջ, և նա ակամայից կորցրեց թե՛ իրեն, թե՛ ինքնագիտակցությունը։ Դրանք կարծես կախարդեցին նրան, գերեցին ողջ գիտակցությունը, և նա ինքնամոռաց տրվեց այդ բազմազանության մեջ ծանոթ բույրերի գուշակությանը։ Գերակշռողն, անշուշտ, շոկոլադն էր, որ կարծես ներծծվել էր նույնիսկ պատերի մեջ։ Հետո մեխակի սերմերը, դարչինը, մեղրը, ընկույզը, շաքարափոշին… Սակայն նա կենտրոնացավ մի որոշակի բույրի վրա: Այդ բույրը վանիլն էր։ Վանիլի գամող ուժը շոկոլադի բույրի պես զորեղ չէր։ Այն ավելի նուրբ էր, ավելի դյութիչ, կարծես հրավիրեր ռոմանտիկ պարի: Վանիլի կախարդանքին տրված Էլիոտն առաջին պահին նույնիսկ չնկատեց վաճառասեղանի ետևից հայտնված, շագանակագույն մազերը հյուսած և աջ ուսի վրայով գցած աղջկան։ Առաջին հայացքից նրան քսաներեքից ավելի չէիր տա։ Դեմքը ճերմակ էր, իսկը դաշտերին իջած անբիծ ձյուն։ Սև աչքերն հետաքրքրությամբ ուսումնասիրում էին Էլիոտին, իսկ բաց վարդագույն շուրթերը թեթևակի դողում էին՝ փորձելով ինչ-որ բառեր արտաբերել։ Նույնիսկ նրա համարձակ ու հավակնոտ շարժուձևը չէր թաքցնում այն անորսալի թրթիռն աչքերում, որ խոսում էր շատ խորը, գիտակցության հեռավոր անկյունում թաքնված հուզականության մասին։

-Էլիո՞տ,- բացականչեց նա այնպիսի անբռնազբոս տոնայնությամբ, որով ավելի շուտ կդիմես հին ընկերոջդ, քան անծանոթ տղայի։

-Այո, իսկ,- ընկերս այդ պահին դեռ չէր գիտակցում, թե ինչու լեզուն սկսեց կապ ընկնել, իսկ սրտի աշխատանքն արձագանքեց ականջներում,- ո՞ւմ հետ պատիվ ունեմ…

-Անաբել։

-Անկեղծ ասած երբեք չեմ նկատել ձեր խանութը, ձեզ նույնպես։ Երևի նոր եք բացվել…

-Օհ ոչ։ Այս կրպակը մայրիկս է բացել, արդեն երեսուն տարի առաջ։ Ինչպես տեսնում եմ, շատ անուշադիր եք,- վերջին բառերի հետ միասին նրա քնքուշ դեմքը զարդարեց մի չքնաղ ժպիտ, որը խեղճ ընկերոջս վիճակված էր երբեք չմոռանալ։

-Ուրախ եմ ծանոթության համար, Էլիոտ,- կրկին մերկացնելով իր անթերի ատամները՝ շարունակեց Անաբելը, և կարծում եմ՝ եթե նա չմիջամտեր, փայտագործն այդպես էլ չէր համարձակվի խոսել,- հապա նայեք սեղանիկիս։ Շա՞տ դժվար կլինի վերանորոգելը…

-Ահ, իհարկե, իհարկե,- ուշքի գալով պատասխանեց Էլիոտը,- այսինքն… ոչ, այսինքն… այո… Ուզում եմ ասել՝ այո, հիմա նայեմ։ Բայց ոչ, խնդիր չկա։ Ամեն դեպքում մի հնար կգտնեմ։

Անաբելը մի պահ կաշկանդվեց երիտասարդի չպատճառաբանված խուճապից, և միայն րոպեներ անց լցրեց փոքրիկ կրպակը իր զրնգուն և վարակիչ ծիծաղով։

-Լաաավ,- նորից հնչեց աղջնակի ձայնը։

Հետդարձի ճանապարհին Էլիոտը կրկին ստիպված էր անցնել իմ աշխատավայրի կողքով, բայց այդ պահին ես անգամ չճանաչեցի ընկերոջս. նա ամբողջապես կերպարանափոխվել էր այդ կարճ ընթացքում։ Արագ, ասես եթերային արագ քայլերով նա գնում էր փողոցն ի վար, և չնայած դրսում տեղացող սառը անձրևին՝ թվում էր, թե ո՛չ քամին և ո՛չ էլ թաց ոտքերը չեն կաշկանդում նրան։ Ողջ էությամբ փայլում էր ու շողարձակում՝ կարծես ողողելով փողոցն իր հոգու լույսով… Բայց ամենից ավելի և առաջին հերթին աչքիս զարնեց, որ նա՝ իմ մշտապես տխուր և միայնակ ընկերը, ժպտում է։

-Ինչպե՞ս ես,- ուրախ ձայնով գոչեց ինձ։

-Լավ եմ, Էլիոտ։ Քեզ ի՞նչ է եղել։ Չլինի՞ ծխախոտի փոխարեն սխալվել ուրիշ բան ես վերցրել,- փորձեցի սրամտել, բայց նա նույնիսկ չլսեց ինձ։

-Ամեն ինչ լավ է, ամեն ինչ,- տվեց նա իմ չհնչեցրած հարցի խորհրդավոր պատասխանը։

-Արի ներս։ Լրիվ ջուր ես։ Ոնց որ գետից դուրս եկած լինես։ Կմրսես։

-Չէ, չեմ կարող։ Գնամ, գործեր կան,- ասաց նա և ժպտաց։

Նա այնքան անհոգ, այնքան երջանիկ տեսք ուներ, որ չհամարձակվեցի շարունակել հարցուփորձս՝ վախենալով կոտրել նրա փխրուն անդորրը։ Եվ թեկուզ այդժամ դեռ տեղյակ չէի առավոտյան անծանոթուհու զանգից այն փոքրիկ ու անուշահոտ հրուշակեղենի կրպակից և ոչ էլ չքնաղ Անաբելի դյութիչ ժպիտից, և պետք է ծանոթանայի բոլոր այդ մանրամասներին շատ ժամանակ անց չար լեզուներից և Էլիոտի օրագրերից, այնուամենայնիվ  առաջին անգամ երկար տարիների ընթացքում հանգիստ էի ընկերոջս համար։

«Երբ հարկ համարի որևէ մեկի հետ կիսվել,- ասում էի ինքս ինձ,- հաստատ առաջինն ինձ կասի։ Իսկ հիմա դեռ լուռ կուրախանամ նրա համար։ Ինչպիսին էլ լինի այդ երջանկությունը, Էլիոտն արժանի է դրան»:

3.

Գալիք օրերն ու շաբաթներն ինձ համար լեցուն էին հանելուկներով։ Բնականաբար, չէի ստիպում ընկերոջս կիսվել հետս, մեկնաբանել իր պահվածքի կտրուկ փոփոխությունը։ Բայց որքան էլ արտաքուստ ինձ զուսպ էի պահում, միևնույն է՝ հարյուրավոր անպատասխան հարցեր կրծում էին սիրտս։

Ընդհանրապես այդ շրջանում մեր շփումները կրճատվեցին, և դրանում կար թե՛ իմ, թե՛ Էլիոտի մեղքը։ Ինձ շատ էին ծանրաբեռնել աշխատանքով։ Մեր ընկերությունը մի մեծ պատվեր էր ստացել, և ինձ վրա, որպես լավագույն ծրագրավորողի, բարդել էին տասն հոգու աշխատանք։ Ամեն առավոտ դժվարությամբ արթնանալով՝ զինվորականի արագությամբ հագնվում ու վազում էի գրասենյակ։ Մի գավաթ սուրճ և չորս ձանձրալի ժամ համակարգչի առջև։ Լանչ, ևս մի գավաթ սուրճ, ու նորից համակարգչի մոտ՝ այս անգամ արդեն վեց ժամ։ Հետո սողեսող հասնում էի տուն, գցում ինձ բազմոցին և անջատվում մի քանի ժամով, մյուս օրը նույն՝ սարսափելի ունայն օրվա կրկնությունը՝ վերապրելու հեռանկարով։ Ոչ ժամանակ էի գտնում ընկերոջս համար, ոչ էլ էներգիա, ինչի համար հիմա անվերջ մեղադրում եմ ինձ։ Եթե իմանայի այդ ամենի մասին մի փոքր վաղ, եթե Էլիոտը կիսվեր հետս ճիշտ պահին… միգուցե կարողանայի կանխել այդ խայտառակությունը։ Սակայն… Այդպես եթե-ներով և միգուցե-ներով կարելի է անուրջներով լցնել մի ամբողջ կյանք, որ երբեք գոյություն չի ունենա իրականում։

Կարծում եմ՝ եկել է համակերպվելու ժամանակը, ես արդեն ոչինչ չեմ փոխի։ Հերիք է որքան տանջեցի ինքս ինձ…

 

Անաբելի հետ հանդիպումից կես ժամ անց Էլիոտն արդեն, իր արհեստանոցում նստած, մի գեղեցիկ, շքեղ, բազմապիսի ու չքնաղ նախշերով զարդարած վաճառասեղանի էսքիզն էր անում, որը պիտի զարդարեր նրբիկ հրուշակագործուհու փոքրիկ ու գողտրիկ աշխարհը։

Անաբելին նա ոչինչ չասաց։ Ոչինչ, բացի մեկ բառից՝ «կանեմ»։ Ենթադրում եմ, որ հրուշակագործուհին չկռահեց, թե ինչ էր թաքնված այդ բառի ետևում։ Այն, որ Էլիոտն համաձայնեց վերանորոգել վաճառասեղանը՝ պարզ էր։ Բայց աղջիկն անգամ մտքի ծայրով չէր կարող անցկացնել, որ ընկերս նոր սեղան կկերտի իր համար։

Թեփի ու փոշու մեջ կորած Էլիոտն աշխատեց մի ամբողջ շաբաթ, որից հետո մի մեծ փալասի մեջ փաթաթած սեղանը բարձեց բեռնատարն ու ժպիտը դեմքին, ահը սրտում շարժվեց դեպի հրուշակեղենի այն չքնաղ կրպակը։

Չնայած խանութում հաճախորդ չկար, Անաբելը կրկին ծայրաստիճան զբաղված էր, այնպես որ առաջին պահին նույնիսկ չնկատեց կրպակի առաջ կայանած բեռնատարը և սեղանն իջեցնող բանվորներին։

Էլիոտը փակեց բեռնակիրների հետ հաշիվը և ճանապարհեց նրանց՝ նախքան Անաբելը կհասցներ նկատել փոքրիկ իրարանցումը դռան առաջ։

-Կարելի՞ է ձեզ մեկ րոպեով շեղել,- Էլիոտի ձայնը խախտեց կրպակի լռությունը, և նրան անգամ թվաց, որ Անաբելը հանկարծակիի եկավ այդ անսպասելի հարցից։

-Օ, Էլիոտ,-  նա կրկին խոսեց այն նուրբ և անբռնազբոս ձայնով, որով մի քանի օր առաջ գերել էր ընկերոջս ուշադրությունը,- իսկ ես արդեն մտածում էի, թե մոռացել եք։ Եկել եք վերանորոգելո՞ւ։

-Դեե… Մոտավորապես,- այս անգամ բազմանշանակ ժպիտը Էլիոտի դեմքին էր,- մոտեցեք4 խնդրեմ։ Մի բան եմ ուզում ձեզ ցույց տալ։

Անաբելը ժպտաց դյութիչ մի ժպիտով, որի մեջ կար թե՛ հետաքրքրասիրություն, թե՛ գայթակղություն և թե՛ կախարդանք։ Այդ հայացքով նա կարծես ասեր՝ «Այս ի՞նչ է, անակնկա՞լ ես պատրաստել ինձ համար, խենթ, հմայիչ երիտասարդ»։ Պատկերացնում եմ ընկերոջս ապրումներն այդ պահին։ Համոզված եմ՝ նա զգաց, որ միայն այդ հայացքի, այդ ակնթարթային բերկրանքի համար, որ ինքը պարգևեց աղջկան, արժեր քրտնաջան աշխատել մի ողջ շաբաթ։

Բայց այն, ինչ եղավ դրանից հետո, էլ ավելի ամրապնդեց Էլիոտի մեջ այդ համոզմունքը։

Դեռ չէր հասցրել մոխրագույն փալասը մերկացնել Էլիոտի հանճարի ողջ զորությունը, երբ Անաբելի շուրթերը կիսաբացվեցին՝ արտահայտելով ապշեցուցիչ մի հիացմունք։ Մի պահ հրուշակագործուհու սիրտը կանգ առավ, և նա ողջ էությամբ հպատակվեց Էլիոտի գլուխգործոցի մոգական ուժին։

Վաճառասեղանը շատ ծանրակշիռ տեսք ուներ։ Ներքևի հատվածում այն լայնանում էր չաղլիկ մարդու փորի պես, իսկ վերևում նուրբ էր և հարթ։ Մակերեսը ծածկված էր կանաչ, թավշե կտորով։ Անհաշվելի փոքրիկ և մեծ դարակները կորչում էին պերճ զարդանախշերի մեջ։ Իսկ այդ ամբողջ հրաշքը Էլիոտը ներկել էր մուգ շագանակագույն ներկով՝ ճիշտ և ճիշտ Անաբելի մազերի գույնի պես, ու ծածկել էր լաքի բարակ շերտով։

-Աստված իմ, Էլիոտ, ախր ես ձեզանից ուղղակի խնդրել էի վերանորոգել այն փոքրիկ ճեղքը… Ինչի՞ համար է այդ ողջ չարչարանքը… Ինչպե՞ս եմ ձեզ վարձահատույց լինելու…

-Դուք արդեն…,- ամաչկոտ մի ժպիտ խաղացնելով դեմքին պատասխանեց Էլիոտն ու բացելով կրպակի երկփեղկ դռները՝ անսպասելի հեշտությամբ ներս քաշեց սեղանը։

Անաբելը, բնականաբար, դեռ երկար տեղը չէր գտնում: Նա չէր կարող հենց այնպես ընդունել այդ նվերը, բայց ոչինչ այս աշխարհում ի զորու չէր ստիպել Էլիոտին գեթ մի գրոշ  ընդունել աղջկանից։ Նա իրեն առավել քան վարձատրված էր զգում։ Նա երջանիկ էր։

-Դե ինչ, կարծում եմ՝ այսքանը,- հին սեղանը խանութից հանելով և դրա տեղում նորը դնելով՝ ասաց Էլիոտը ու արդեն պատրաստվում էր հեռանալ, երբ Անաբելի ձայնն ստիպեց նրան հապաղել։

-Մի րոպե, խնդրում եմ,- ասաց նա և առանց որևէ բառ ավելացնելու պինդ գրկեց Էլիոտին։

Միայն այդ պահին արհեստավորն զգաց, որ այն հմայիչ վանիլի բույրի աղբյուրը հենց Անաբելն է։ Այդ ջերմ հոտն այնքան անորսալի էր, բայց միևնույն ժամանակ այնքան գրավիչ, որ հասցնում էր խելագարության շեմին։

Սկզբից ընկերս այդ հանկարծակի գրկախառնությունից այնքան այլայլվեց, որ գույնը փախավ դեմքից։ Եվ միայն վայրկյաններ անց նրա ձեռքերը նրբորեն սահեցին Անաբելի գոտկատեղի վրայով՝ ավելի շուտ մեղմ շոյելով նրան, քան գրկելով։

-Շնորհակալ եմ,- շշնջաց Անաբելը նրա ականջին՝ տարածելով իր տաք շնչառության իշխող ուժն Էլիոտի ողջ ինքնամոռաց էության վրա։

-Այդ ես եմ ձեզ շնորհակալ…

 

Դրան հաջորդող օրերին նույնպես չտեսա ընկերոջս։ Ճգնավորի պես իր խցում փակված՝ տքնաջան աշխատում էր՝ օրեցօր կատարելագործելով իր հանճարը, հասցնելով մարդկային երևակայության սահմաններին և այնուհետ ևս կանգ չառնելով։ Բայց դա չէ էականը։ Հարցը այն էր, թե ում համար էր նա այդքան չարչարվում, ինչի համար էր հրաժարվում իրական գումարից և նվիրվում անիրականին, իր գույնզգույն անուրջներին։

Նա դա անում էր միայն նրա ժպիտի, նրա հիացմունքի, կրկին նրա ջերմ գրկում հայտնվելու համար։

Անաբել, Անաբել, Անաբել…

Այդ անունը սրտում և շուրթերին՝ նա շենացնում էր հրուշակագործուհու կրպակը, զարդարում այն ամենաբազմազան իրերով։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բծախնդիր Էլիոտին հանգիստ չէր տալիս նախկին ճաքճքած ցուցանակը, որը շատ համեստորեն տեղեկացնում էր անցորդներին այն մասին, որ այստեղ հրուշակեղենի կրպակ է։

Վաճառասեղանի և գրկախառնության պահից հինգ օր անց Անաբելի խղճուկ կրպակի վերևում հայտնվեց մի մեծ և աչքի զարնող ցուցանակ՝ «ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ»։ Կարմիր փայտի մեջ Էլիոտն այնպիսի նրբությամբ էր փորագրել այդ տառերը, որ ոչ մի կերպ հավատդ չէր գա, թե դա մարդ արարածի ձեռքի աշխատանք է, որ դա տաշել են կոպիտ ռանդայով, շուշաթղթել փոշոտ սենյակում, և որ դա փայտագործի ձեռքի աշխատանք է։ Այն չքնաղ ձեռագիր տառատեսակը, որն ընտրել էր Էլիոտը, պատկերեք ձեր երևակայության մեջ որպես դեռահաս սիրահարի փետուրով գրված նամակի տակ ստորագրություն։ Ամեն տառը լի էր սիրով՝ անձնվեր, անբիծ, պատանեկան սիրով։ Կարծես նա ցուցանակը Անաբելին հանձնելուց առաջ ժամեր շարունակ շոյել էր այդ գրվածքը՝ դարձնելով այն կատարյալ հարթ։ Ո՞վ գիտի, միգուցե դա հենց այդպես էլ եղել է։

Անաբելի աչքերը կրկին փայլեցին նկարագրության չենթարկվող մի փայլով, նա կրկին խառնվեց իրար, խնդրեց Էլիոտին անտեղի չտանջել ինքն իրեն, բայց ընկերս պարզ տեսնում էր նրա աչքերում կայծկլտող այն փայլը, որ հույս էր նշանակում: Հույս, որ Էլիոտը կրկին առիթ կունենա իր մոտ վերադառնալու։

Եվ չնայած Անաբելը որոշեց չսպասել նոր հերոսությունների և հրավիրեց Էլիոտին իր կրպակ հաջորդ առավոտ միասին նախաճաշելու, փայտագործն այնուամենայնիվ չդադարեց աշխատել Նրա համար։

 

Նախաճաշն համեստ էր, բայց  չափազանց համեղ։ Անաբելը պատրաստել էր բրաունի պաղպաղակով և փրփուն կապուչչինո։ Այնժամ, երբ տաք բրաունին հալչում էր Էլիոտի բերանում, նրա աչքերն անհանգիստ վազվզում էին այս ու այն կողմ՝ մերթընդմերթ փորձելով որսալ Անաբելի հայացքը, և ամեն հաջողության դեպքում նա նորից կարմրում էր և փախցնում հայացքը։

Նախաճաշի ընթացքում նրանք գրեթե չէին խոսում՝ երկուսն էլ լարված էին, հաճելիորեն այլայլված։

Անաբելի հագին կարմիր ու սև վանդակավոր վերնաշապիկ էր, իսկ կոկոսի բույրով ներծծված մազերը թափվում էին ուսերին։ Էլիոտի աչքերում նա կատարյալ էր՝ նրբության ու գեղեցկության անկրկնելի օրինակ…

Երևի հենց այդ պահին իմ զգացմունքային ընկերը հասկացավ, որ իր ողջ գիտակցությամբ տրվել է նրան՝ նրա չքնաղ աչուկներին, նրա տաքուկ շնչառությանը, նրա բաց, հազիվ նշմարելի խալերին, որ զարդարում էին կլորիկ այտերը։

Նրան անդադար տանջում էր մի անհագ ցանկություն՝ համբուրել Անաբելին, շուրթերով ջերմացնել նրա խալերից ամեն մեկն առանձին ու գրկել… խորտակել այդ հրեշտակին իր մեջ։

Բայց այդ առավոտ չասվեցին այն նվիրական բառերը, որ հնչում էին թե՛ Էլիոտի, թե՛ Անաբելի գլխում։ Չհնչեցին նաև շատ օրեր անց։ Եվ միայն Էլիոտի հեքիաթային գեղեցկությամբ պարուրված աշխատանքներն էին խոսում այն ամենի մասին, ինչ նա զգում էր։

Ժամանակի ընթացքում փոքրիկ ու համեստ կրպակը, ինչպիսին որ այն եղել էր Էլիոտի առաջին այցելության պահին, վերածվեց իսկական ցուցահանդեսի։

Դռան վերևում, երկու կողմից հայտնվեցին լոնդոնյան ոճով սարքված լուսամփոփներ, որ ջերմություն էին սփռում երեկոները։ Հնամաշ պահարանները դեն նետվեցին, և դրանց տեղում հայտնվեցին նոր, մուգ շագանակագուն պահարաններ, որ վաճառասեղանի հետ միասին հավաքածու էին կազմում։ Մուտքի դռները նույնպես փոխվեցին։ Էլիոտը դրանց տեղում կախեց շատ զուսպ, վեց փոքրիկ պատուհաններով կանաչ դռներ։ Նա ներկեց ներսի պատերը և մի նրբաճաշակ ջահ կախեց… Նա մի հարմարավետ աթոռ պատրաստեց Անաբելի համար և նոր մանրահատակ փռեց հնի ու խունացածի փոխարեն… Նա կյանքով լցրեց այն, ինչ մի ժամանակ կիսամեռ էր… Իսկ այդ կրպակն ու Անաբելը կյանք տվեցին նրան։

 

Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս, ախր ինչպե՞ս նա չէր նկատում ապշած հարևանների քրթմնջոցը, շշուկները, որ հետապնդում էին նրան ամբողջ թաղամասում։ Եվ այն, որ երբեք, գեթ մի անգամ նա հաճախորդ չէր տեսել Անաբելի կրպակում։

Չեմ հասկանում։

4.

Մի օր վերջապես հանդիպեցի նրան։

Օգոստոսի սկիզբն էր, երկնքից կրակ էր թափվում։ Երեկոյան աշխատանքից հոգնած, ջարդված տուն էի վերադառնում։ Այնքան հոգնած էի, որ հազիվ էի շնչում, իսկ անխիղճ տապը խեղդում էր ինձ իր դաժան ճանկերում։

Մի հերթական խաչմերուկի վրա, որից աջ թեքվելով ինձ արդեն երկու քայլ էր մնում մինչև տուն, դեմ առ դեմ բախվեցի մի անցորդի և ընկնելուց առաջ միակ բանը, որ հասցրեցի տեսնել, դաշտային հոտավետ ծաղիկների ծովն էր, որ փակում էր տեսադաշտս։ Գերակշռող գույները սպիտակն ու դեղինն էին։

Աջ ու ձախ ներողություն սփռելով՝ ոտքի ելա, ու հայացքս մի պահ սառեց զարմանքից։ Այն երիտասարդը, որ կանգնած էր իմ առջև, և ում բախվել էի րոպե առաջ, անկասկած Էլիոտն էր։ Բայց, Աստված իմ, այն Էլիոտից, որին տեսել էի վերջին անգամ ամիսներ առաջ, չնչին նշույլ իսկ չէր մնացել։ Այս երիտասարդը փայլում էր իր ողջ էությամբ։ Վախենում եմ խելագարի տպավորություն թողնել՝ ասելով, որ նա փայլում էր ոչ միայն փոխաբերական իմաստով, այլ հենց ֆիզիկապես, կարծես ֆոսֆորապատ լիներ, կարծես աչքերը լուսարձակեին, կարծես Էլիոտը  չլիներ…

Ահեթեթություն։

Անշուշտ, նա չէր փայլում։ Երևի զուտ աչքիս երևաց։ Բայց նա երջանիկ էր։ Իմ ամբողջ կյանքում չեմ հանդիպել այդպիսի անզուսպ, հոգու սահմաններից դուրս հորդող երջանկություն։

Ես գրող չեմ և ինձ չեմ համարում համեմատությունների վարպետ։ Ամբողջ երևակայությունս ու բառապաշարս գործի եմ դնում, ու էլի չի ստացվում փոխանցել այն խինդը, այն հրճվանքը, այն ժպիտը… այն մարդու, ում տեսա այդժամ։ Երազում եմ մի օր կրկին հանդիպել այդպիսի երջանկության։

Մանր երիցուկներից ու խատուտիկից բարձրացած փոքրիկ ամպիկը դեռ երկար պտտվում էր Էլիոտի շուրջը։  Դրանց տերևները ջինջ ու հանդարտ իջնում էին Էլիոտի ուսերին ասես ձյան փաթիլներ, իսկ նա լուռումունջ կանգնած ինձ էր նայում։ Մի պահ նույնիսկ մտածեցի, որ տեղը չի բերում ինձ, որ այդպես տարված իր ապրումներով՝ չի ճանաչի նունիսկ հորն ու մորը։ Նա անէացած էր, եթերային, նման էր գարնանային մեղմ հովիկի, որ մոռացության է մատնում այս աշխարհի ամբողջ վատն ու լավը, ամեն հոգս ու միտք և լցնում է հոգին անդորրով։

-Ո՞ւր ես գնում,- հնչեց ձայնս՝ խախտելով անդորրը։

-Նրա մոտ,- արտաբերեց նա այնպիսի քնքշանքով, կարծես սիրեցյալի վարսերն էր շոյում։

-Ո՞ւմ։

-Ես քեզ կպատմեմ։ Անհապաղ կպատմեմ, բայց հիմա չէ։ Ուշանում եմ։

Հայացքով ուղեկցեցի նրան, քանի դեռ չէր կորել տեսադաշտից։ Եվ նույնիսկ դրանից հետո չէր ստացվում սթափվել ու շարունակել ճանապարհս։ Դեռ երկար նայում էի ճանապարհին, որով նա հեռացավ, և միայն րոպեներ անց նկատեցի ալ կարմիր վարդերը, որ ձգվում էին ողջ ծառուղու երկայնքով։ Թվաց, թե Էլիոտից հետո ծաղկեցին դրանք…

 

Արևն արդեն մայր էր մտել, երբ Անաբելի կրպակի դուռը թույլ ճռռոցով բացվեց, և հայտնվեց նա, ում աղջիկն սպասում էր ողջ օրը։

Դարչնի ու շոկոլադի բույրերը միանգամից տեղը զիջեցին թարմ դաշտային ծաղիկների անուշաբուրությանը։ Նրանց հայացքները հանդիպեցին, և այնքան պարզություն սողոսկեց այդ հանդիպման մեջ, այնքան չասված խոսքեր դուրս հորդեցին երկուսի աչքերից…

-Արի գնանք,- արկածախնդիր երեխայի ձայնով ասաց Էլիոտը և դնելով ծաղիկներն իր իսկ պատրաստած վաճառասեղանիh՝ ձեռքը մեկնեց Անաբելին։

-Բայց… Դեռ շուտ է կրպակը փակելու համար։

Թեպետ Անաբելը փորձում էր հակառակվել, Էլիոտն այնուամենայնիվ որսաց նրա ձայնում այն ցանկությամբ լի մեղեդին, որ ինքնին խոսեց աղջկա պատրաստակամության մասին։

-Քսան րոպե շուտ փակիր, վնաս չկա,- ասաց Էլիոտը և նայեց Անաբելին այնպիսի մի համառ ժպիտով, որը մերժում չէր ընդունի։

Միակ ձայնը, որ հասցրեց լսել Էլիոտը կրպակից դուրս գալուց առաջ, Անաբելի շրջազգեստի նուրբ շրշյունն էր, որ կարծես խաղում էր նրա ձյունաճերմակ ոտքերի վրա քամու ամենաչնչին շարժից։

Նրանք կողպեցին դուռը, և Էլիոտը, Անաբելի ձեռքից բռնած, վազեց փողոցն ի վեր։ Ետևից ծիծաղի ձայներ լսվեցին, և կարծես ինչ-որ մեկը գոչեց՝ «էս խելառին նայեք։ Էլի թռչկոտում է։ Երևի ծխած է…»։

Սյդ պահին Էլիոտը ոչինչ չլսեց կամ լսեց, բայց ուշադրություն չդարձրեց։  Հետագայում ընկերս դեռ ստիպված էր լինելու վերհիշել, գիտակցել և հասկանալ այդ բառերի իմաստը, ինչպես նաև հարյուրավոր այլ լուտանքների… Իսկ այդ րոպեներին նա մտածում էր միայն Անաբելի ձեռքի ջերմության մասին, որն սեղմում էր իր ափի մեջ։

Նրանք վազում էին քամուն ընդառաջ։ Ցերեկվա տոթը հետզհետե ցնդում ու տարրալուծվում էր օդում։

Սկզբից նրանք հասան փողոցի ծայրը, հետո թաղամասի, հետո քաղաքի, և վերջապես մոտեցան սաղարթախիտ անտառին, որ բոլոր կողմերից շրջափակում է մեր փոքրիկ ավանը։

-Էլիոտ,  համոզվա՞ծ ես, որ մենք ճիշտ ենք գնում,- փոքր-ինչ վախեցած հարցրեց Անաբելը, բայց վայրկյան անց Էլիոտի հաստատակամ քայլերը կրկին վստահություն ներշնչեցին նրան։

-Արի…

Անտառի խավարը կլանեց նրանց։ Բուի խուլ ձայնն արձագանքում էր ամենուր։ Սարսափելի էր այդ ժամին հանձնվել բնության քմահաճույքին։

Իսկ հետո, մի քանի րոպե անց լուսնի կաթնագույն ճառագայթները ճեղքեցին համատարած մութը, և Անաբելը նշմարեց խավարի սահմանը։

Շուտով նրանք հայտնվեցին լույսով ողողված մի բացատում, որտեղ կարծես ողջ աշխարհի ձայներն էին լռել։ Գիշերային լուսատուն անխնա իր ջերմությունն ու խաղաղությունն էր սփռում չորսբոլորը։ Կարճ խոտի մեջ թաքնված լուսատտիկները և միլիարդավոր աստղերը, միախառնվելով իրար, մի ընդհանրություն էին ստեղծում, և ջնջվում էր սահմանը երկրի և երկնքի միջև։ Թվում էր, թե նույնիսկ Արարիչն է շունչը պահել այդ անդորրը չխախտելու համար։

Եվ մինչ հրաշքով տարված Անաբելը զմայլվում էր պարզ երկնքում փռված Ծիր Կաթինի աստղաբույլով, Էլիոտը նայում էր նրա աչքերին և տեսնում, թե ինչպես է երկինքը ծավալվում դրանց մեջ։ Ողջ տիեզերքն էր այնտեղ, և երկիրը՝ նույնպես, և ողջ աշխարհը։

Նա չկարողացավ դիմադրել Անաբելի կլորիկ այտը շոյելու գայթակղությանը։ Եվ նա՝ Անաբելը, կկոցեց իր աչքերը Էլիոտի ձեռքի ողջ ջերմությունը կլանելու համար, և կարծես մի անհուն մոռացություն տիրեց նրան։ Նա զգաց, թե ինչպես Էլիոտի ձեռքը նրբորեն սահեց իր շուրթերի վրայով և կանգ առավ պարանոցի վրա։ Տաք շնչառությունը գնալով մոտենում էր նրան, իսկ հետո, ասես արևի շողեր, որ շոյում են մեր դեմքը, նրան հպվեցին տաք շուրթերը, և բոլոր մկանները մի ակնթարթում թուլացան և հանձնվեցին այդ ջերմությանը։

Նա նույնիսկ չզգաց, թե ինչպես Էլիոտի ձեռքերը իջեցրին նրան ներքև, և թե ինչպես իր մուգ շագանակագուն վարսերը տարածվեցին խոտերի վրա։ Նրանց համբույրն այնքան նուրբ էր և տաքուկ, իսկ Էլիոտն այնպիսի զգուշությամբ էր շոյում նրա մարմինը, որ մի պահ Անաբելը գիտակցեց՝ նա իր մարմնի ամեն մի նյարդով զգում է Էլիոտի ջերմ հպումը, բայց միևնուն է՝ չի լարվում։ Ընդհակառակը՝ փորձում է պահել իր մարմնի մեջ ամեն ակնթարթը, ամեն համբույրը, ամեն շունչը…

Էլիոտի ձեռքը, նրբորեն սահելով Անեբելի ոտքի վրայով, բարձրանում էր վեր, և ամեն հաջորդ վարկյանն ու հպումը էլ ավելի մեծ հաճույք էր պատճառում աղջկան։ Էլիոտի անվերջ տեղացող համբույրները սահեցին նրա այտի վրայով դեպի ծոծրակը և հետո դեպի կաթնագույն, իրենց նրբությամբ խենթացնող կրծքերը։ Էլիոտը համբույրներով էր ծածկում նրա կրծքին փռված բոլոր խալերն առանձին և միասին։

Այն տաք շնչառությունը, որ զգում էր Անաբելը իր մարմնի վրա, խենթացնում էր նրան, պոկում հողից և տարածում երկնքով մեկ։ Իսկ հետո Էլիոտի ձեռքերը զգուշորեն սահեցին ևս մի փոքր վեր, և Անաբելն զգաց՝ ինքը տրվում է Էլիոտին իր ողջ խելակորույս էությամբ։

Նրանց մարմինների միաձուլումը տեղի ունեցավ այնքան ինքնաբերաբար, այնքան ջերմ, որ թվում էր, թե աստղերն են հովանավորում այդ սերը։ Նրանց շունչը տարածվեց օդում, և նույնիսկ խոտը, որի վրա նրանք պառկած էին, տաքացավ նրանց ապրումներից ու զգացմունքներից։

 

5.

Ժամանակը հոսում էր իր բնականոն հունով, և մի հերթական ձանձրալի օրվա ավարտին աշնանային սառը քամին ինձ հուշեց, որ ևս մի ամառ մնաց անցյալում, ևս երեք անիմաստ ու աննպատակ վատնած ամիսներ։

Ոտքերս իրենք հասցրեցին ինձ տուն, իսկ ես անգամ չնկատեցի, թե ինչպես չոր, մանր տերևները  լցվեցին վերարկուիս գրպանները և խառնվեցին մազերիս մեջ։ Իմ փոքրիկ տան անշուք, սակայն սպիտակ վարդերով շրջապատված շեմը  հատելուց րոպե անց միայն զգացի, որ ողջ մարմինս և դեմքս փոշու բարակ շերտով է ծածկված։

Տաք ցնցուղ ընդունեցի, թեյի բաժակով սուրճ պատրաստեցի, մի քանի չոր փայտ լցրեցի բուխարու մեջ, և կրակի նուրբ լույսը բազմատեսակ շողքերով զարդարեց հյուրասենյակս։ Տունս միանգամից լցվեց թուլացնող ու մոռացության գիրկը նետող ջերմությամբ։

Այդպես կիսաքուն նստած էի բազկաթոռին, ոտքերս բուխարուն դեմ տված, երբ թեթև, անինքնավստահ թակոց լսվեց շքամուտքի կողմից։ Այնքան թույլ էր այդ ձայնը, այնքան մեղմ, որ առաջին պահին նույնիսկ չլսեցի։ Հետո մեծ ջանք գործադրելով ոտքի ելա և հողաթափերովս քստքստացնելով առաջացա դեպի շքամուտք։

Դռան մեջ կանգնած էր նա՝ իմ մանկության ընկեր, իմ սիրելի Էլիոտը, որը սակայն այլևս լիովին օտար էր դարձել ինձ համար։ Այնուամենայնիվ ուրախ էի՝ ավելի լավ է աշխարհը ևս մի երջանիկ մարդով համալրվի, քան ես իմ ճանկերում պահեմ մի դժբախտ արարածի՝ կոչելով նրան «իմ ընկերը»։

-Եկել եմ վերջապես քեզ ամեն ինչ պատմելու,- ժպիտը դեմքին ասաց նա և առանց հրավերի սպասելու ինձ մի կողմ հրեց ու անցավ հյուրասենյակ,- ամեն ինչ այնքան շատ է, ապրումներս ու զգացմունքներս՝ այնքան անզուսպ, որ զգում եմ՝ այլևս անզոր եմ ամենը մեջս պահել։ Կպայթեմ։ Կպայթեմ երջանկությունից։ Սա քո՞նն է։ Ես կխմեմ,- նա խոսում էր այնքան արագ, կարծես կարևոր հանդիպման էր շտապում։ Իսկ վերջին բառերը վերաբերում էին սուրճիս բաժակին, որից հազիվ մի կում արած լինեի։

-Նստիր։ Կարծում եմ՝ հիմա սուրճն ամենավերջին բանն է, ինչի կարիքն զգում ես,- ծիծաղեցի ես,- առանց այդ էլ ոնց որ լարած զսպանակ լինես։

-Չէ, չէ… դու լսիր։ Խնդրում եմ. մի միջամտիր,- համառորեն գոչեց նա և նստեց իմ առջև, սուրճի բաժակը ձեռքից բաց չթողնելով։

Նա ինձ պատմեց ամեն ինչ՝ անծանոթուհու անսպասելի զանգից սկսած մինչև վերջին հանդիպումը Անաբելի հետ։ Ամեն մանրուք, ամեն ապրում, ամեն խանդավառության րոպե դարձան իմ էության մի անբաժան մասնիկը։ Նա պատմում էր այնքան հախուռն, այնքան գունեղ, որ ակամայից ինձ թվում էր, թե այդ ամենը հենց ինձ հետ է տեղի ունենում։

Երբ նա պատմում էր, թե ինչպես առաջին անգամ դիպավ Անաբելի ձեռքին, ես կարծես օդային մի հպում զգացի ձեռքիս վրա։ Երբ պատմում էր իրենց առաջին պարի մասին, հեռու հեռվից ականջիս երաժշտության ձայներ հասան։ Իսկ երբ խոսեց առաջին համբույրի մասին, որ տեղի ունեցավ անձրևոտ մի երեկո, կորած-մոլորած մի նրբանցքում, ես ուղղակի ֆիզիկապես զգացի եթերային մի համբույր, որ ցողի նման իջավ շուրթերիս։

Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, այնքան հեքիաթային, որ լսողի հավատը չէր գա, թե նման զգացմունքներ հնարավոր են իրական կյանքում, և որ դրանք միայն հեքիաթագիրների երևակայության արդյունքը չեն։

Այդ պահին ցնծում էի ողջ հոգով։ Չափազանց զգայուն դարձա մի ակնթարթում, և հիմա, այսքան տարիներ անց արդեն չեմ կարող հաստատ որոշել, թե ինչն էր գերակշռում մեջս՝ ի սրտե երջանկությունը ընկերոջս համա՞ր, թե՞ լուռ, խեղդած նախանձը։

-Աստված իմ, Էլիոտ։ Դու պարտավոր ես նրան ցույց տալ ինձ ։

Նա կարծես սթափվեց ասածիցս, մտածեց մի քանի ակնթարթ և հետո տեղից վեր թռնելով ասաց․

-Ինչո՞ւ ոչ… Արի՛։

-Ինչպե՞ս, հիմա՞…- ապշեցի ես այդ պատրաստակամությունից։

-Այո, հիմա։ Ասում եմ արի։ Ուզում եմ տեսնես Անաբելին։

-Էլիոտ, ես քիչ առաջ եմ տուն մտել, հոգնած եմ։

Ավելորդ է նշել, որ ոչ մի փաստարկ չկանգնեցրեց նրան, և րոպե անց ես արդեն հանձնվեցի։

 

Ճանապարհն ինձ թվում էր առավել քան երկար։ Ուզում էի վազել, միայն թե ևս մի րոպեով կրճատեմ իմ ու այդ «երկնային արարածի» (ինչպես Անաբելի մասին արտահայտվում էր Էլիոտը) միջև տարածությունը։

Կակաչների փողոց հասնելուն պես Էլիոտը քայլքն արագացրեց և առաջ ընկավ։ Հազիվ էի հասցնում նրա ետևից։ Հայացքս, անկախ իմ կամքից, սահում էր հասցեների վրայով։

Ահա N 26 տունը…

Հասանք 22-ին…

Անցանք 18-ը…

Սրտիս աշխատանքն արագացավ։

Տեսա 14-րդ տունը…

Ինչ-որ բան էի կանխազգում՝ ի՞նչ, չէի հասկանում։

Եվ վերջապես, ահա և համար 12-ը։

Մութ մի շքամուտք դիմավորեց մեզ։ Սև կրպակը զարդարված էր կակաչներով և Էլիոտի ձեռքի աշխատանքով։ Նա զգուշորեն բացեց դուռը և ժպիտը դեմքին ներս հրավիրեց ինձ։

Փոքրիկ մի կրպակ էր, որ ամեն անկյունից պաղ օդով էր պարուրված։ Մարդ չկար, ինչպես նաև կյանքի չնչին նշույլ։ Հիշում եմ՝ առաջին իսկ պահից սիրտս թրթռաց, ասես մոմի հանգչող կրակ։ Մի մոգական շունչ կար այդ կրպակում, ծայրաստիճան հակասական։ Մահը և կյանքը, ցուրտն ու տաքը, դատարկությունն ու լիությունը պոետիկ կերպով հակադրվում էին իրար։

Նա՝ Էլիոտը, իսկապես կյանքով էր լցրել այդ կրպակը՝ իր կյանքով։ Նա հյուծվել, նվազել և մաշվել էր՝ փոխանցելով իր կյանքն այդ դատարկ պատերին։

Իսկ հետո…

Հետո ընկերս կանգ առավ մութ կրպակի մեջտեղում, և նրա ափը սահեց օդի վրայով, կարծես ուրվականի էր շոյում։ Նա նուրբ բառեր շշնջաց աներևույթ մի կերպարի, և ես ջուր կտրեցի սարսափից։

-Տեր Աստված,- հազիվ լսելի ձայնով, իսկ գուցե և մտքում շշնջացի ես։

Այդտեղ ոչ ոք չկար։ Ոչ ոք՝ ինձնից և Էլիոտից բացի։

6.

Ինձ պատասխանատու էի զգում ընկերոջս համար՝ հիմա արդեն առավել, քան երբևէ։ Գիտակցությունը դաժան խաղի էր բռնվել նրա հետ, իսկ խեղճ ընկերս, տրված նրա քմահաճույքին, մի թշվառ խամաճիկի էր վերածվել։

Մի օր որոշեցի այցելել Էլիոտի ծնողներին։

Մինչ ես իմ գրասենյակում, համակարգչին գամված ռոբոտային աշխատանք էի կատարում, կյանքն առաջ էր գնում, և հիմա, կանգնելով ինձ հարազատ այդ երկու մարդկանց առջև, չէի կարողանում ճանաչել նրանց։ Առաջինը, որ դեռ երկու բառ չփոխանակած աչքի էր ընկնում, նրանց տանջահար հայացքն էր։ Մի լուռ ողբ էր սառել այդ աչքերում, հազարավոր չթափված արցունքներ… Ուզում էի գրկել նրանց, սեղմել կրծքիս և ասել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ նրանց միակ և սիրելի որդին չի կորչի անուրջների մեջ, որ ես կփրկեմ նրան…

Բայց ոչինչ չարեցի և չասացի՝ վախենալով ստել։ Չէի կարող խաբել հարազատներիս։

-Գիտե՞ս ինչն է խնդիրը,- դողդողացող ձայնով հարցրեց Էլիոտի մայրը, երբ արդեն հյուրասենյակում նստած թեյ էինք խմում,- մենք չենք ուզում նրան կրկին դժբախտացնել։ Ինչ հիշում եմ Էլիոտին, երեք տարեկանից սկսած, միշտ մելամաղձոտ է եղել, միշտ տխուր, միայնակ… Այդպես էլ չկարողացանք փարատել նրա միայնության զգացողությունը, ոչինչ չօգնեց, ոչինչ… Իսկ այդ ուրվականը վերջապես հանեց նրան այդ անդունդից։ Կասես՝ ախր դա անիրական մի խաբկանք է, տեսիլք, երազանք… Բայց չէ՞ որ այդ ուրվականը, այդ չքնաղ Անաբելն իրական է Էլիոտի գլխում։

Նա լռեց մի պահ, և ոչ ես, ոչ նրա ամուսինը չհամարձակվեցինք խախտել լռությունը։

-Եթե տղաս չի կարող երջանիկ լինել այս աշխարհում, թող գոնե գտնի իրեն իր սեփական, հնարածին երկրում, որտեղ միշտ արևոտ է։

 

Հազիվ մի շաբաթ անցած լիներ այդ օրից, երբ կրկին մի ցրտաշունչ երեկո դռան թակոցը խախտեց տանս անդորրը։

Դրսում հորդառատ անձրև էր տեղում։ Թվում էր՝ նույնիսկ պաստառներն են խոնավացել այդ անվերջ տեղումից։ Գիշերային հյուրիս թակոցը միաձուլվում էր պատուհանները ծեծող անձրևի ձայնին, և ես դժվարությամբ զանազանեցի այդ ձայները։

Կրկին դռան մեջ կանգնած էր նա՝ իմ Էլիոտը։ Այո, նա նորից դարձել էր իմ ընկերը, իմ այն եղբայրը, ում ճանաչել եմ այսքան տարիներ… Նա դժբախտ էր։ Այնքան թաց էր, որ նույնիսկ չհասկացա՝  անձրևի կաթիլնե՞րն էին հոսում նրա այտերով, թե՞ լաց էր լինում։ Շորերը կեղտոտ էին, ինչպես նաև դեմքը, որ ցեխի մեջ կորած էր։ Աչքի տակ մի փոքր վերք նկատեցի, որը, սակայն, այլևս չէր արնահոսում։ Թշվառ տեսք ուներ։ Կարծես մի լավ ծեծ կերած լիներ կամ էլ թե չէ խոզի պես ցեխերի մեջ թավալված։

-Կարելի՞ է,- շշնջաց նա, և ես նրան ներս հրավիրեցի։

Առանց որևէ բացատրության սպասելու վազեցի ննջասենյակ և մի հաստ մոխրագույն ծածկոց բերեցի նրա համար։ Երբ փաթաթում էի այդ անշարժ և հյուծված մարմինը ծածկոցի մեջ, նա արդեն բուխարու մոտ նստած նայում էր կրակին, և ես տեսա գոլորշու այն թափանցիկ ալիքները, որ բաձրանում էին նրա վերնաշապիկից։

Ծխախոտ առաջարկեցի։ Թեյ, սուրճ, չոր հագուստ… Ոչինչ չէր ուզում։

Վախենում էի գեթ մի բառ արտաբերել։ Ինձ զգում էի որպես դասին անպատրաստ ներկայացած աշակերտ։ Իսկ այդ ճնշող լռությունը, պարուրված կրակի ճթճթոցով և տեղատարափի անզուսպ հոսքով, ոչ մի կերպ չէր վերջանում։

-Անաբելը չկա…- շշնջաց նա, և սիրտս մղկտաց հանրահայտ  ճշմարտությունը նրա շուրթերից լսելիս։

Հիմարի պես շարունակ լռում էի։

-Նրանք սպանեցին Անաբելին…

-Ովքե՞ր, Էլիոտ,- հարցրեցի ես։

-Մարդիկ։ Նրանք չէին ուզում տեսնել, որ ես կարող եմ նաև երջանիկ լինել։ Բոլորն ուզում էին միայն ցավ ու տառապանք։ Նրանք ուրիշների ցավով են սնվում։

Եվս մի քանի րոպե նստեցինք լռության մեջ, որից հետո նա վերնաշապիկի տակից հանեց տոպրակի մեջ փաթաթած մի նոթատետր ու, հանձնելով ինձ, ասաց․

-Ուզում եմ քեզ մոտ մնա։ Այստեղ իմ ու Անաբելի ողջ պատմությունն է։ Վարվիր դրա հետ ինչպես կցանկանաս։ Համոզված եմ՝ ինձնից ճիշտ որոշում կկայացնես։

Վեր կացավ տեղից, մի կողմ նետեց ծածկոցը և քայլեց դեպի դուռը։

-Ո՞ւր ես գնում,- բացականչեցի՝ նրա ճանապարհին կանգնելով,- այս վիճակով ոչ մի տեղ չեմ թողնի գնաս։

-Տուն եմ գնում,- ասաց և ժպտաց ինձ լավ ծանոթ այն ժպիտով, որ միշտ խոսում էր իր ցավերի մասին հազարավոր բառերից լավ։

Երկար էի պնդում, համառում, նույնիսկ ձեռքից քաշում, որ չթողնեմ տանից դուրս գա… Վախենում էի։ Բայց ի վերջո նա կոտրեց իմ հաստատակամությունը և համոզեց, որ, իրոք, ուղղակի տուն է գնում։ Համաձայնեցի թողնել նրան միայն մի պայմանով՝ պետք է անձամբ ուղեկցեի մինչ դռան շեմը և, այսպես ասած, առձեռն հանձնեի ծնողներին։

-Ոնց ասես… Ինձ համար մեկ է,- թափ տալով ուսերը ասաց Էլիոտը, և ես, ոտքերիս քաշելով ջրակայուն կոշիկներս, վերցնելով անձրևանոց, ուղեկցեցի նրան մինչև վերջ։ Ողջ ճանապարհին լռում էինք, անգամ մի ծպտուն չհանեցինք։

Իսկ հետո, ինչպես և որոշել էի, հանձնեցի նրան ծնողներին և վերադարձա տուն։

Գիշերն անհանգիստ անցավ, մի րոպե չկարողացա աչք փակել։ Երևի մի տասն անգամ տեղից վեր եմ կացել, որ ստուգեմ՝ արդյոք մարդ չկա՞ դռան հետևում։ Անընդհատ խառնում էի անձրևի ձայնը դռան թակոցի հետ… անընդհատ զգում էի Էլիոտի ներկայությունը։

Երբեք այդքան անհամբեր չեմ սպասել արևի առաջին շողերին, ինչպես այդ գիշեր։ Որոշեցի լույսը բացվելուն պես այցելել Էլիոտին և տեղեկանալ նրա որպիսության մասին։ Բայց ժամանակը չէր հոսում։ Ծխախոտիս ողջ պաշարը սպառելուց, չորս բաժակ սուրճ խմելուց և տան բոլոր սենյակներով մոտ 30-40 անգամ պտտվելուց հետո միայն երկնքի սևը զիջեց տեղը վարդագույնին։

Ժամը վեցը կլիներ, երբ վերարկուս հապշտապ ուսերիս գցելով դուրս թռա և թարմությամբ ողողված փողոցներով վազեցի նրանց տուն։ Պարզվեց՝ Էլիոտի մայրը նույնպես չի քնել ողջ գիշեր՝ օրապահի պես հսկելով որդուն։

Իսկ Էլիոտը քնած էր հանդարտ քնով։ Երբ դանդաղ, ոտնաթաթերիս ծայրին կանգնած մոտեցա նրա մահճակալին, Էլիոտը ժպտում էր քնի մեջ, նուրբ և հանդարտ։ Կարծում եմ՝ երազում նա Անաբելի հետ էր։

 

Անցնում էին օրեր, շաբաթներն, ամիսներ… Թվում էր, թե կյանքն իր բնական հունի մեջ է ընկել։ Էլիոտին ամենուր հետապնդող ծիծաղն ու ծաղրը գնալով մարեցին, և նրան, կարելի է ասել, մոռացության մատնեցին։ Այդպիսին է հասարակությունը՝ սիրում է թարմ նյութեր, թարմ տառապանք, թարմ ապրումներ… Էլիոտի ժամկետը լրացավ, նա այլևս հետաքրքիր չէր։

Իսկ հետո, դրանից մոտ կես տարի անց, Էլիոտն անհետացավ։

Մի սովորական ապրիլյան առավոտ հնչեց հեռախոսիս զանգը, և նրա մայրը հայտնեց, որ այդ առավոտ Էլիոտը դուրս է եկել տանից՝ չվերցնելով ոչ իր հեռախոսը, ոչ փաստաթղթերը, և առանց որևէ գրություն թողնելու անհետացել է։ Ուզում էր իմանալ՝ միգուցե ես տեսել եմ նրան…

Բայց ես նրան չէի տեսել ոչ այդ օրը, ոչ էլ տեսա հետագա օրերին և տարիներին։

Արդեն տասնինը տարի է անցել, և ամեն օր, կարծես անցյալի մի ուրվական, ինձ հետապնդում է Էլիոտի այն ժպիտը, որ տեսա չարաբաստիկ գիշերվան հաջորդող առավոտյան, երբ նա մանկան խաղաղ քնով ննջում էր իր անուշաբույր անկողնու մեջ։

Եվ թեպետ ես հավատացյալ  չեմ և չեմ հաճախում եկեղեցի, ամեն օր աղոթում եմ և խնդրում, որ Էլիոտն ինչ-որ տեղ, ինչ-որ աշխարհում գտած լինի իր Անաբելին։

Կարծիքներ

կարծիք