Շապիկիս տակ ճախրանքներ կային

Հեղինակ:

***

Շապիկիս տակ ինչքա՜ն ճախրանքներ կային,

Որ չգիտեիր…

Երբ պատռեցիր այն թռիչքից առաջ,

Կոտրված թևերով ճնճղուկներ թափվեցին

Փեշիս քարերին…

 

***

…Ինձ սովորեցրու աչքերով լռել,

Երբ որ շուրթերը ծովերի բերած

տաք քամիների սարսուռն են բառում…

Լույսը չտեսած քո մեջ վարարել,

Երբ կարոտները առավոտների կոնքին են թառում…

…Ինձ սովորեցրու ձյուներով քայլել,

Երբ հարավներից էլ փոթորկումի հողմեր չեն գալիս…

Քո նռնաշապիկ խլրտումների լուրթը վայելել`

Հիշողությանդ վերջին էջերին սրբագրվելիս…

 

***

Քո բոլոր գլխատած բառերի

հիշողությունը

Լերդացել է իմ մեջ`

Իբրև ճակատագրի  ծռմռված հեգնանք,

Իբրև… խիղճ սնամեջ…

 

***

Երևի երբեք չհասնեմ Աստծուն…

Նրա ոտքերը թեթև են,

Իմ մեղքերը` ծանր…

 

***

Գաղտնիքների մասին ոչինչ չեն խոսում

Անդուռ սենյակները…

Նրանց միջով հազա՜ր ցավեր են հոսում`

Մինչև քանդվում են բախտի մեհյանները…

 

***

Նամակները մեր որբություններ են`

Թողած սպասման փոշոտ ճամփեքին…

Ու հենց որ մի օր որդեգրում ենք,

Կարոտը դառնում է հին նամականիշ…

 

***

Աստծուց առաջ բառեր չկային,

Քարեր էին…

Աստծուց հետո` երկինքն այնքա՜ն ծանրացավ,

Որ աշխարհը փլվեց աղաղակներից…

 

***

Թռչնի թևերի տակ  է դողի ծանրությունը…

Մի օր, երբ ձեռքերս շոյանքներով օծեմ`

Կգնամ փրկելու սարսուռներում ննջող

Ջահելությունդ…

 

***

Մաշկիս տակ խայտացող

ձկները խեղվում են

շոյանքներիդ ծովում…

Երեկ անձրև եկավ…

Ու մենք կարկամեցինք

Բախտի ակվարիումում…

 

***

Լուսինն իմ կորցրած հին արահետի

դեղնավուն աչքն է.

փակեմ,

Որ հանկարծ քամին չստի,

Թե գիշերվա մեջ մեռնող այս կինը

Սխալներ չունի…

 

 

Կարծիքներ

կարծիք