Ծովը վերհիշելիս…

 

 

 

 

 

 

 

 

Դիրքերում

Ինքնաձիգի փողի եզրին

պառկած կարոտս

արթնացնում է ինձ,

որ նամակ գրեմ քեզ…

 

 

Ձմռան երգ

Որպես պարականոն հմայիլ,

սպիտակ հեքիաթ է իջել կտուրիս,

չկարդացված բացիկի պես,

փաթիլե բարուրի մեջ

ծածանվում է գիշերը…

 

Հայաստան

Ցավի մեջ բողբոջած

օրհնված ոտնահետքի բուրմունք…

Կորամեջք հողի ճիչը

պարարտանյութն է

շարունակությանդ։

 

***

Գիշերվա կույր տեսողության առջև դողում է

լույսը նոտայագրող մոմը,

փոթորիկից փրկված նավապետը հանդիմանում է Աստծուն`

ձեռքի ժամացույցը ծովում կորցնելու համար,

վառոդի հոտը մռմռում է կռվից եկած

և ոտքի վրա մնացած տղերքի զտարյուն ուսերին,

(կառավարության որոշմամբ վաճառվել է հողը)…

Մութը իր թեւերի մեջ առել օրորում է քաղաքը,

արթուն մնացած մի քանի բառ խեղդվում են ճաղերի ետևում,

լույսը մարել

և բարձրաձայն, խրոխտ, լույսի մասին ենք երգում…

 

***

Լռությունը բառի մերկությունն է,

յուրաքանչյուրիս հետախուզում է մեկը՝

ում համար ամբողջովին մերկանում են

մեր բառերը,

եթե նույնիս նա հեռու է,

չկա,

չի կրկնվելու…

 

***

Փետրվարը իր փաթիլե փափուկ թաշկինակով

մաքրում է մազերիդ փոշոտ թախիծը,

գիշերը վեր եմ կենում սրճելու,

և խոհանոցիս սրտի մեջ

աղմկում են մատներդ…

 

***

-Ես ձգտում եմ դեպի քեզ.

-Ինչու.

-Քո մեջ ես վերանում եմ

դառնում բացարձակ,

ինչպես հնչյունը երաժշտության մեջ…

 

***

Գիշերը…

Քեզանից հետո…

Քնելուց առաջ…

Առանձնանում եմ ինքս ինձ հետ

որ ընթերցեմ

հայացքիդ խորանի առջև դրված

անԻՆՁ օրերիդ պարականոն ավետարանը…

 

***

Մարմինների սիմֆոնիա,

ասել է թե երկուսի կերպարանափոխությունը

մեկի մեջ…

 

***

Հացի պես մեռնում ես

սրտիս բերանում,

որ կշտանամ….

 

***

-Պատրաստ է,- ասաց խոհարարը,

երբ գազօջախին դրված

ձկան աչքը դուրս եկավ,

ծովը վերհիշելիս…

 

***

Երկու ԵՍ թողեցինք նույն դռան ետևում,

որ մենակ մնանք ներսում,

հետո բոլոր բառերը հանեցինք,

թաց հագուստի պես կախեցինք պարանից…

Ժպտում ենք չասվածի մեջ…

 

***

-Իմ մասին ինչ-որ բան գրե՞լ ես.

-Այո.

-Ինչ.

-Աստված քնարերգություն է…

 

***

Ես ու դու

տարբեր հնչյուններ ենք,

որ ձգտում ենք մեռնել

նույն երաժշտության մեջ…

 

***

Երբեմն ուզում եմ

մրոտ երդիկից վերցնել ու հագնել մանկությունս,

ձեռքս չի հասնում…

Երբեմն ուզում եմ հին օրերի հետ շնչել

տատիս ձեռքի կնճիռների մեջ չորացած

կաթի հոտը,

ինքս ինձ չեմ հերիքում…

Երբեմն ինձ թվում եմ լռություն,

և անհնար է դառնում հարևանությունը բառի հետ…

 

***

ժամանակը հուշամեդալ է

պատմության կրծքին,

գիշերը` երազի տեսողություն…

-Ես ոչինչ չգիտեմ սիրո մասին.

ասում է ժամանակը,

իսկ գիշերը միշտ գտնում է երկու սիրտ

ուր հնարավոր է գինի խմել աննկատ…

 

Անձրև

Խոնավ օրերի կնքահայրը

իր մորուքն է սանրում պատուհանիս տակ,

ես քեզ եմ հիշել

և կրկին մտածում եմ

ցորենի ու հացի մասին…

 

 

լուսանկարը՝ Մխիթար Սերոբյանի

 

Կարծիքներ

կարծիք