Հրաշամանուկ

Նա արտասովոր մանչուկ էր, արտասովոր ընդունակություններով։ Դեռ փոքրուց զգում՝ հասկանում էր մեծերի խոսքերը, նույնիսկ դրանց ետևում թաքնված մտքերն էր կռահում։ Նա գիտեր, որ շատ կարևոր են հոր քննությունները։ Երբ հայրը բժիշկ դառնար նորից, նրանք փոքրիկ, խղճուկ բնակարանից կտեղափոխվեին մեծ, շքեղ առանձնատուն, իսկ ինքը կհաճախեր այնպիսի դպրոց, որտեղ խելացի, հարուստ տղաներն են սովորում։ Չի կարելի ասել, թե նա չէր սիրում մայրիկին և տատիկին, բայց հորը սիրում էր առանձնահատուկ, ամենքից առավել։  Բաժանումից առաջ մանչուկը միշտ էլ տխրում էր։ Ուզում էր կերպարանափոխվել՝ փոքրիկ մկնիկ դառնալով, ու թաքնվել հոր ճամպրուկի մեջ։ Ուզում էր մեկնել նրա հետ։

Երբ հայրը վերադարձավ վերջին գործուղումից` շատ տխուր էր։ Փոքրիկ տղան հասկացավ, որ նա անհաջողության էր մատնվել երրորդ՝ կարևոր քննությունը հանձնելիս։ Զգում էր, որ մայրն ու տատը քչփչում են հոր մեջքի ետևում՝  նրան մի տեսակ վերևից նայելով։ Ակնհայտորեն՝ հայրը գիտեր սա ու դրանից ավելի էր հուսահատվում։  Տղան փորձում էր զվարճացնել հորը, բայց վերջինս զայրացած հանդիմանում էր՝ պատվիրելով  չխանգարել։

Քննությունը տապալելուց հետո հայրը գունատվեց, կորացավ, իսկ մի քանի ամիս անց ընկավ անկողին։

Տղան իհարկե տխրում էր, զի հայրն անկողնային հիվանդ էր հիմա, բայց նաև երջանիկ էր, քանի որ հոր ողջ ուշադրությունն այժմ կենտրոնացած էր իր վրա, ու իրենք միշտ միասին էին։  Հայրը սովորեցնում էր նրան հաշվել, գրել, կարդալ։ Շարժուն մանչուկ էր, բայց անբացատրելի մի բան նրան գամում էր հոր մահճակալին։  Ընդամենը հինգ տարեկան էր, բայց  մի քանի ամիս անց կարդում էր վարժ, կարողանում էր որոշ բառեր գրել  հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, անսխալ գիտեր ոչ միայն գումարումն ու հանումը, այլև՝ բազմապատկման, բաժանման աղյուսակները. մինչև իսկ՝ երկրաչափական որոշ  թեորեմներ։ Դասերի ընթացքում, իբր՝ պատահաբար, հպվում էր հոր մարմնին, ու երբ հայրը գրկում էր նրան, անսովոր մի կախարդանք էր իրականանում։ Լույս էր ծագում հոր դեմքին, ապա բարձրանում էր լույսը՝ վառ շողեր սփռելով ոչ միայն ցածր առաստաղով փոքրիկ սենյակում, այլև՝ երկնքում, բակում, քաղաքում և աշխարհում համայն…

Հայրը գիտեր, որ տղան ընդունակ է, որ հեշտությամբ է յուրացնում  գիտության խրթին բացահայտումներ, բայց հիվանդության օրերի ընթացքում համոզվեց, որ  իր մանչուկն օժտված է ի վերուստ։ Նա ուներ սիրելի գիրք` Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»։ Երբ արդեն ավարտել էր ընթերցանությունը, շարունակ խնդրում էր, որ իրեն Թոմիկ անվանեն։

Պարապմունքները շարունակվում էին: Չնայած հայրն օրավուր հյուծվում էր, բայց խուսափում էր դեղ ընդունելուց։ Մի օր, երբ ցավը սաստիկ էր, տղայից ջուր խնդրեց՝ դեղահաբը մատնանշելով… Հայրը տառապանքով նստեց անկողնում, մի կերպ կուլ տվեց հաբը։ Տեսնելով հոր թուլությունը, տեսնելով, թե նա ինչպես է պայքարում ցավ հաղթահարելու համար, Թոմը շատ տխրեց։ Այնպե՜ս տխրեց, որ մի հաբ էլ ինքը կուլ տվեց։ Չնայած կեսօր էր, բայց տղան խոր քուն մտավ… Սարսափելի երազ տեսավ։  Հեքիաթի երեք, յոթ և քառասուն գլխանի դևերը  վայնասունով հետապնդում էին իրեն, իսկ ինքն ու հայրը,         ձեռք-ձեռքի տված, ոտքով  հարվածում էին գետնին և բարձրանում էին յուրաքանչյուր հարվածից հետո՝ օդի մեջ ճախրելով։ Այդպես նրանք խուսանավում՝ ազատվում էին դիվական հալածանքից։ Բայց թափանցիկ չարքերն ի վերջո անակնկալ հետապնդում ձեռնարկեցին, իսկ Թոմը կառչել էր հոր դաստակից, քանի որ վստահ էր. հայրը կպաշտպանի՛, կգտնի դևերին հաղթելու հնարը։ Բայց, ո՜վ զարմանք, հոր ձեռքը թույլ էր, իսկ անճոռնի, լորձոտ երախներով հրեշները մոտենում էին… Թոմը կորցրեց հոր ձեռքը, իսկ սա ամենամեծ սարսափն էր, որ նա ունեցել էր երբևէ։  Մի՞թե խժռելու են։ Անօգնական ծղրտալով և հոր օգնությունն աղերսելով՝ արթնացավ։ Արդեն գիշեր էր։  Հոր մահճակալը դատարկ էր։

Առավոտյան մայրը բացատրեց, որ հորը տեղափոխել են հիվանդանոց։

…Նա եկեղեցում տեսավ հորը վերջին անգամ, կես տարի հետո` ծաղիկներով շրջապատված ննջատուփի մեջ։ Համոզված էր, որ սմքած, դեղնա-շագանակագույն դեմքով տղամարդը իր հայրը չի։  Արարողությունը խիստ չարացնում էր նրան։ Մայրը նախապես և հանգամանալից բացատրել էր, որ պետք է իրեն վայելուչ պահի, ինչպես դաստիարակված տղաները՝ համանման իրավիճակներում։ Սակայն, միևնույն է, ուզում էր գոռալ և գոռալով փախչել էր ուզում։ Որդու անհանգստությունը նկատելով՝ մայրը ժամանակ առ ժամանակ քաշում էր թևից, զսպում աննկատ։

«Հայրս մեկնել է երկարատև գործուղման… Բայց կվերադառնա… Անպայման կվերադառնա… Իսկ հետո չենք բաժանվի այլևս… Երբե՛ք չենք բաժանվի…»։- Ահա թե ինչ էր մտածում փոքրիկ տղան։

Երբ հնչում էր դռան զանգը, ոտքի տակ ընկնելով՝ շնչասպառ վազում էր եկվորին ընդառաջ, բայց…. ա՜յ քեզ ափսոսանք, եկողը ուրիշ մեկն էր լինում։ Իսկ հետո եկավ այն օրը, երբ Թոմը չէր սպասում հորն այլևս։

* * *

Տատիկը, մայրն ու Թոմը շատ երկար ապրեցին փոքրիկ բնակարանում։ Դպրոցն առանձնապես չէր հետաքրքում  տղային, քանի որ շատ բան գիտեր և շատ ավելի հասուն էր, քան իր հասակակիցները ։

Օրվա մեծ մասը տատիկի հետ էր, իսկ տատն այնքա՜ն հպարտ էր իր դստերով, այսինքն՝ Թոմի մայրիկով։ Նա աստվածացնում էր աղջկան՝ մինչև իսկ Թոմին ստորադասելով։ Տատիկը հաճախ էր կրկնում, թե մայրիկը, ի տարբերություն Թոմի հոր, որ թույլ ու հիվանդոտ էր, ուժեղ է և հաջողակ։ Նման պահերին մանչուկը  ոչ միայն չէր հասկանում տատիկին, այլև խուսափում էր նրանից և փախչում էր տնից՝ պատեհ առիթը բաց չթողնելով, և վերադառնում էր սոսկ քնելու համար։

Երբ տասնչորս տարեկան էր՝ ընտանյոք հանդերձ տեղափոխվեցին՝ բնակություն հաստատելով մեծ, շքեղ առանձնատանը։ Թոմիկը հասկացավ, որ տատիկը ճշմարտությունն էր ասում։ Այո.  մայրիկն իրոք ուժեղ էր, սակայն ինչպե՞ս պիտի իրականանային տատի խոսքերը ի՛ր մասին։ Չէ՞ որ տատը տարիներ շարունակ պնդում էր, թե իրենից Պողոս-Պետրոս դուրս չի գա, այլ խոսքով՝ ինքը մարդ չի դառնա երբեք։

Հաճախ տխուր էր։ Հասակակից տղաների խորհուրդով՝  սկսեց ընդունել ցավազրկող դեղահաբեր,  որոնցից կյանքը մեկ այլ գրավչություն էր ստանում։ Գեղեցկագույն տեսարաններ էր տեսնում կիսաշշմած վիճակում, լսում էր չքնաղ երաժշտության հնչյուններ, սավառնում էր լուսեղեն անուրջների եզերքում։ Բայց և  դժգույն իրականությանն էր բախվում ամեն անգամ, երբ  անցնում էր դեղի ազդեցությունը։ Մի անգամ, երբ առանձնապես սուր հոգեվիճակում էր ընկճախտի պատճառով, միանգամից երկու դեղահաբ կուլ տվեց։ Տղան գժվել-դիվահարվել էր… Կոտրեց տան կահ-կարասին, խոհանոցի ամանեղենն ու վարագույրներ պատառոտեց։ Ծայրահեղ ագրեսիան կանխելու նպատակով, նրան բռնի ուժով տեղափոխեցին հիվանդանոց։ Բժիշկները հայտնաբերեցին  դեղեր խմելու նրա տարօրինակ մոլուցքն ու արգելեցին երբևէ մոտենալ դրանց։ Թոմը չէր հանձնվում, մտմտում էր դեղորայք հայթայթելու տարբերակներ։ Տղան բազմաթիվ գրքեր էր կարդացել, քննել ու հասկացել էր դեղորայքի հետ կապված ամենայն մանրամասներ։ Բնատուր տաղանդի շնորհիվ՝ ըմբռնել էր դեղագիտությունն ամբողջ խորությամբ։ Ընդ որում՝ տվել-անցել էր ցանկացած բժիշկ-դեղագործի։ Նրա հանճարը դրսևորվեց խելամտությունից զուրկ հանգամանքներում, որոնք առավել քան տարօրինակ էին։ Հատուկ դեղերի միջոցով` նվազեցրեց սրտի զարկերի քանակն ու արյան ճնշումը։ Հիվանդանոց ընկավ սրտի ծանր նոպայով։ Բժիշկները ծայրահեղ դեպքերում են սրտի էլեկտրական խթանիչ տեղադրում նույնիսկ հիսուն տարեկաններին, բայց տղան խարդախեց հմտորեն՝ վիրաբույժներին մոլորության մատնելով։ «Օրհասական» վիճակում գտնվող տասնութամյա տղայի կյանքը փրկելու համար՝ սրտի բաց վիրահատություն կատարեցին՝ էլեկտրական խթանիչ տեղադրելով։  Բժիշկների մտքի ծայրով իսկ չէր  անցնում, թե իրենք խաբված են. լիովին միակարծիք էին վիրահատության անխուսափելիության հարցում։

Այդ դեպքից հետո նա անարգելք օգտվում էր ցավազրկողներից։ Մոր բժշկական  ապահովագրությունը թանկ էր և հուսալի։ Հաճախ հիվանդ էր ձևանում, ընկնում էր հիվանդանոց և սրսկվում ցանկալի դեղերը։ Ավելի ուշ՝  կապվեց հերոինի հետ։

Կյանքի շատ հարցերում մայրը շրջահայաց էր, խելացի, բայց որդու դեպքում դառնում էր անօգնական, կամազուրկ։  Որդին ամենաթանկն էր, որ ուներ բովանդակ աշխարհում։

-Մի՛ արա, թե չէ ինձ կսպանեմ…

Սակայն անօգուտ էին մոր սպառնալիքները, սերն ու նվիրվածությունը՝ անզօր։ Անգամ մայրական սերը չէր պատնեշում մեղքը, որովհետև մեղքը հզոր էր։

Թոմիկը հաճախ գործարքի մեջ էր մտնում անծանոթ, խարդախ մարդկանց հետ՝ խաբելով մորը, թե վերջիններս հրաշք հոգեբաններ են, իսկ ինքը արդեն  քանի ամիս «մաքուր» է։ Մայրը վճարում էր նրանց՝ հերթական հույսը փայփայելով, իսկ խարդախ սրիկաները գումարը կիսում էին Թոմիկի հետ։ Ահա այսպես, որդին քամում էր մորը՝  թմրադեղեր հայթայթելով։

Թոմն արդեն քսաներեք տարեկան էր։ Հերոինի չափաբաժինը աճում էր օրըստօրե։ Նա ապրում էր՝ կոտրելով բարակ այն անջրպետը, որ իրականությունն է բաժանում ցնորքների աշխարհից։ Տեսիլքներում հայրը կենդանի էր մշտապես։

* * *

….Ինքնաթիռը թռչում էր սրընթաց՝ ժամանակ առ ժամանակ բարձրություն հավաքելով։ Ներքևում կլորավուն ամպերն էին՝ բրդոտ ու սպիտակ ոչխարների պես։ Ամպերի տակ, ինչ-որ տեղ  սփռված էր երջանկության Ոսկե քաղաքը։ Նրանք թռչում էին՝ անհամբեր սպասելով, թե վերջապես երբ են վայրէջք կատարելու քաղաքի օդանավակայանում։ Նրանք… Վերելքը սկսել էին երկրից` շատ վաղուց։ Ի՞նչ էր այդ Երկրի անունը. չէր հիշում։ Միայն մի բան գիտեր և մի բան էր զգում. Ոսկե հանգրվանն անտեսանելի թելերով կապված էր հոր հետ։ Այնտեղ եղել էր ժամանակ, երբ փոքրիկ երեխան իր վստահությունն էր գտնում ամեն անգամ, երբ պստլիկ իր ձեռքն էր մեկնում՝ հոր դաստակից կառչելով, իսկ հայրը վերցնում էր երեխայի ձեռքն իր առնացի ափի  մեջ ու փայփայում։ Հուշերը երանության լույսն էին բերում՝ մանկության ստվերներ թողնելով տանջահար դեմքին։ Կար նարնջագույն մի հեքիաթ, որտեղ  Թոմիկ անունով տղան էր ապրում  հոր հետ։ Հենց այստեղ էր բնակվում երջանկության թափանցիկ խոստումը, որ տրված է մարդկանց ի վերուստ, սակայն չի գտնվում ամբողջ մի կյանք։ Նա սիրում էր  հոր ծնկներին նստելն ու զրույցները հոր հետ։ Իրականություն չկա՛։ Իրականությունն աներևույթի մեջ է։ Եղել էր ժամանակ, երբ նա անբաժան հավիտենություն էր ցանկանում հոր հետ։ Երբ ցանկանում էր անխարդախ Լույս, որ  ստվերներ չունի խորքում։ Ինքնաթիռը սահում էր՝ ճեղքելով կարմրասև շողեր… Կարմիր հրաժեշտը արևի։

Ապա խավար իջավ՝ ծածկելով մարդկանց երկիրը։

 

 

Կարծիքներ

կարծիք