Քեզ փորագրեցի բառերիս մեջ…

Твое лицо печально,

как мир, и заманчиво,

как самоубийство.

Лотреамон

***

Դեմքիս կնճիռները կարված եղելություններ են,

Որ կյանքը կարեց իր սուր ասեղներով:

 

***

Ես չեմ կարող վերադարձնել քեզ…

Ուղղակի կվերակառուցեմ անցյալս այն ձևով,

որ չցավեցնի:

 

***

Մարտի դաշտում որպես ռազմիկ ավելի լավ կկռվեի,

Քան իմ սրտի հետ,

որ ինձ հետ է ծնվել:

 

***

Ժամանակը ,

որ չափում է ամեն ինչ,

հօդս ցնդեց,

երբ իմացավ՝

քեզ սիրելու եմ իրենից անկախ։

 

***

Բազմաթիվ ճակատամարտերից հետո

Որոշեցի հանգստանալ.

ուրիշ ելք չկար…

Քեզ փորագրեցի բառերիս մեջ։

 

***

Կգաս մի օր՝ արթնացնելու հիշողությունները,

Իսկ ես կդիմավորեմ քեզ ծանոթի նման,

Կխոսանք քաղաքավարի,

Որովհետև զգացմունքս արդեն դեմքդ չէր ուզում տեսնել:

 

***

Քաղաքի շենքերը իրար են նայում ու խոսում,

Իսկ մենք դեռ լռության կամուրջն ենք կառուցում

մեր ներսի բզկտված ձայներից:

 

***

Ցերեկները կարոտում եմ գիշերվա իմ տանջանքները:

Առավոտվա խնջույքները խորթ են ինձ…

Ես մի բու եմ,

Որ լուսավորվում եմ գիշերներով:

 

***

Ջութակի լարերը չեն կարող նվագել դեմքիս վրա  գրված նոտաները:

 

***

Պլան էիր քաշում կողքս նստած՝ ծխելով քո մտքերը…

Տատիկների ասած ՝ ժամանակակից անբարոյականն էիր։

Ես արդեն քաշել էի իմ պլանը ,

երեկ դու իմ գրկում էիր:

 

***

Ներքևիդ ճաղավանդակը,

պատված բարակ,

մուգ կապույտ կտորով,

հիշեցնում էր պատուհանը ծածկող վարագույրին։

Ինձնից այն կողմ թաքնվածը բացահայտեցի՝

պատռելով նախշազարդ պատառը ,

բանտարկյալի պես մտա քո խուցը և ապրեցի նրա մեջ։

 

***

Ինչ որ մեկի սրտի խորքում կիսատ թողնված երգ եմ…

Գիշերները, երբ լռություն է տիրում, նա ինձ է իր գլխում միացնում

Ու սկսում երգել:

 

***

Տանն էինք…

քո կենցաղային հմտությունները ցույց էին տալիս,

որ զուր չեմ սիրահարվել քեզ.

կոտլետ էիր սարքում ՝

սփռելով իմ հոտառության բնազդին անուշահամ կտորներ։

Հիմա զգում եմ,

որ քո կանացիակերպ զբաղմունքը կծածկի

աշխարհի ցանկացած գեղագիտություն:

 

***

Մեր հեռավորությունը իրարից գնացքի ռելսերի չափ էր,

Սակայն ոչ մեկս չկարողացանք մոտեցնել մեր քայլերը իրար:

 

Կարծիքներ

կարծիք