Հետադարձ հայացք

Ահա և ես, այսինքն`  դու

Ահա և ես,

այսինքն`  դու,

որովհետև մենք տարբեր չենք առանձնապես,

ուստի այնպես հարազատի զգացում է մեջս մտել,

որովհետև նույն կրքերն են մեզ հոշոտում,

նույն հզոր ձայնն է մեզ սաստում,

ու նույն ձեռքն է իջնում նիհար մեր ուսերին,

որովհետև նույն շղթան է մեզ զարդարում,

նույն հոսանքն է քշում առաջ:

 

Եվ խաբկանքի ժամանակը ապրում ես լուռ,

երբ ծերության նշանն արդեն

հետևիցդ քարշ է գալիս,

քանզի տեսել է վերարկուդ,

որի տարիքն էլ չես հիշում,

ու հաշտության զգացումը կամաց-կամաց

ներս է սողում քնատ հոգիդ,

թեև մի քիչ դեռ դժգոհ ես,

որովհետև քեզ քիչ ծանոթ

ինչ-որ ուրիշ մարդկանց կամքով

կարծիքներ են հասունանում քեզ որակող:

 

Երևում է, որ հոգնել ես աղավաղված գաղափարից,

սափրվելուց և հումորից (որը, ի դեպ, պաշտում էիր),

շուրջդ իբր գեղգեղացող

բայց բանսարկու տիկիններից,

գրաճանաչ տիրաններից,

ծուխ ու մրի խառնուրդի մեջ

հանկարծ բացվող միրաժներից

և չնայած ոտ փոխելու կույր արվեստին վարժվել ես

ու հեշտությամբ խուսափում ես

համատարած ծուղակներից,

սակայն զղջման կոկոնն արդեն մեջդ բացվել`

հորդորում է հրաժարվել վերը գրած քո տողերից,

թեև դրանք բոլորն էլ քեզ մերձավոր են:

 

Քանզի չունեմ էլ ժամանակ

ո՛չ խորհելու, ո՛չ ընտրելու,

զգուշորեն կշրջանցեմ դիպուկ հարցը դեմս ելած

ու կգնամ սրճարանում ընթրելու,

և, կարծում եմ, ինձ չի լքի զգացումը,

թե ապրել եմ լավով-վատով մի ամբողջ կյանք,

այսինքն`  այն, որ շատերին չի էլ տրվել:

 

Է, ի՞նչ արած, թե այդպես է,

իմ ափի մեջ բացվող գծեր,

ապավինում եմ ձեր խղճին,

իմ աստղի հետևից եմ քայլս փոխում,

թեև նժարս հա թեթև է,

մյուս նժարս էլ ինչ-որ ուժեր

անվերջ ձգում են դեպի ցած:

 

Դե՛, աստղ ի՛մ,

առաջնորդի՛ր,

բայց առայժմ`  երկրի վրա,

ես դեռ պիտի ապրեմ այնպես,

որ ճանաչեմ թռչունների ոտնահետքերն,

ուսուցանեմ գնչուներին գուշակության նշանները,

ու դեռ պիտի երգեր գրեմ նախալեզվով տերևների:

 

Եվ որպեսզի, այդուհանդերձ,

միտքս լինի լրիվ ազատ,

առաջնորդիր այնպիսի տեղ,

որտեղ խոցող բառի դիմաց

տարածությունն է փռվում բաց…

 

Սկզբունք

Պատմության ճեղքվածքները նորոգելու համար

վարպետներ կանչեցին,

բոլոր հիմքերը լցրեցին ժամանակակից շաղախով,

բոլոր պատերը հարմարեցրին տիրող ոգու տառին,

սվաղեցին բոլոր անցքերը,

ձևավորեցին նոր ճաշակի համաձայն,

շատրվաններ արարեցին,

այգիներ ու վարդաստաններ տնկեցին,

խնջույքներ սարքեցին

ու պատվիրեցին չկասկածել

այդ կատարյալ հորինվածքին,

սակայն վարկածի պատերը նորից ճաք տվեցին,

քանի որ հիմքերի ու պատերի արանքներից

անսպասելիորեն հայտնվեցին

հանիրավի մերժված կամ մոռացված հերոսները,

իրադարձությունների մասնակիցներն ու ականատեսները

և, մեղմ ասած,

ջրեցին նորակերտ պատմության

սվաղը դեռևս թաց պատերը…

 

Նրանք նաև խոստացան,

որ, սկզբունքի համաձայն,

հարկ եղած պահերին միշտ էլ գալու են`

կամայական նորոգումները կանխելու համար…

 

Խաղ բազմությամբ

Երբեմնի մի ժողովի առիթով

Ինձ ճնշում է օրակարգը

պարզունակ ու անհրապույր`

գեղեցկության բառը չկա,

և պարտադիր մի նոտա է շուրջս նվում,

միապաղաղ խոսք ու ձայնից

ազատվելու հնար չկա,

պայմանական նշաններն են

մթնոլորտում իրար բախվում:

 

Հարցը`  փոքր,

աղմուկը`  շատ,

շինծու խոսքից շուտով պիտի

մթնոլորտը մշուշոտվի,

ինչ-որ մեկի երակներում

արյունը ջուր պիտի դառնա,

ինչ-որ մեկը պիտի ճչա

անեղանակ զայրույթը իր,

մեկ ուրիշը քրտինքի մեջ պիտի լողա,

յուղի շերտը պիտի նստի մեկի սրտին,

իսկ մյուսը իր դառնության լեղին քամի,

մնացածը, ըստ օրենքի,

հաղթողներ են կամ պարտվողներ,

ու երդվել են ամեն մեկն իր թաքուն աստծուն,

որ չեն շեղվի խաղի անգիր կանոններից:

 

Խոսք է ուզում

դասը սերտած մեղադրող առաքյալը`

պիտի դատեն մի երբեմնի մարգարեի,

իսկ հանցանաց նշանները

այնքա¯ն շատ են, այնքա¯ն որոշ,

որ խառնիխուռն բզզում են

մեղանչողի շուրջբոլորը,

և ամեն մեկն սպասում է

իր աստղի բոցկլտալուն.

մի ճգնավոր իր մորուքն է շոյում հանգիստ,

մի ավազակ սպասում է հարմար պահի,

որ իր սուրը գոտուց հանի,

մի շնագայլ պահ է մտել,

որ իր պատառը փախցնի:

 

Հայտնվում են իրար կողքի

սատանան ու սուրբը հանկարծ,

վարժապետն ու աշակերտը

ախորժում են սիրել միմյանց,

հարկադրյալն ու կամավորն

ընկնում են նույն կապանքի մեջ,

հարբեցողը և սթափը

լաց են լինում իրար գրկած:

 

Անարգանքի սյունի վրա էլ տեղ չկա.

թե՛ մարգարեն, թե՛ առաքյալն,

արդեն խաչված,

աղաչում են Տիրոջը,

թե`  Տե¯ր, փրկեա¯ զիս… իջեցրու ցած…

 

Էլ ժամանակ չկա սակայն,

օրակարգը սպառված է,

խաղն`  ավարտված:

 

Խոսքը մեր մեջ,

ինչ-որ բան էլ իմ մեջ փոխվեց`

հետ եմ առնում ես իմ կարծիքը կանխակալ-

օրակարգը աշխույժ էր ու հրապուրիչ,

գեղեցկության բառը վկա`

արդյունքն էլ էր գոհացուցիչ…

 

Վարկած

Միգուցե արժե՞ նորից աշխարհ գալ,

այս անգամ արդեն հին սխալները ուղղելու համար:

 

Միգուցե, սակայն գայթակղության վտանգը մեծ է,

ու եթե հանկարծ Ամուրն իր նետը սիրտդ մխրճի,

վախենում եմ,

թե գիշերվա մթնում խոստովանանքի գրքային բառերն

առավոտները նախաճաշի հետ կուլ տաս ու լալկվես,

ինչպես որ եղավ քո անցյալ կյանքում:

 

Իսկ եթե մի օր

սատանան շողոմ բառերը շուրթին

քեզ խաբեությամբ տանի փորձության,

երաշխիք չկա,

որ նրա հետքով էլ չես գնալու,

ինչպես որ եղավ քո անցյալ կյանքում:

 

Թե այնպես լինի,

որ քո թշնամին կարեկցանքի խնդիր ունենա,

ո՞վ կհավատա,

որ փխրուն սիրտդ

խղճի ծփանքից էլ չի թալկանա,

ինչպես որ եղավ քո անցյալ կյանքում:

 

Արժե՞ ամեն բան թվարկել մեկ-մեկ,

արժե՞, որ հիշես, թե նախորդ կյանքում

քանի սխալ ես կրկնել ամեն օր-

ձեռքդ դիր խղճիդ ու խոստովանիր,

իսկ թե իմ խոսքին դու չես հավատում,

միգուցե փորձես նորից աշխարհ գալ…

 

Թռուցիկ հետադարձ հայացք

Իմն են իմ լավ ու վատ բոլոր օրերը,

առավոտները`  ամպամած ու արևոտ,

կեսօրները`  թախծի ու տապի մեջ կորած,

իրիկունները`  հեռավոր վայրերի կարոտներով,

ու գիշերները`  խաբկանքներով լեցուն:

 

Իմն են իմ համոզմունքներն ու սխալներն անգամ,

երազանքները ծովերի, անապատների

ու հեռավոր ճամփորդությունների մասին,

հրաժեշտները արցունքներով,

ու հանդիպումները`  խնդություններով շաղախված,

և հիմա, երբ հիշողությունները դառնում են բառեր,

երգի բաղձալի հնչյուններ են դառնում,

թաքստոցներից խումբ-խումբ ելնում են

մանկության ու պատանեկության մոռացված ընկերները

ու հանդիմանանքով նայում իմ հետևից,

որովհետև դեռ այն ժամանակ գլխի էին ընկել,

որ հեռանում եմ անվերադարձ:

 

Իմն են իմ բոլոր տագնապները,

դավերով ու նաև սիրով համեմված

ցավոտ կամ բաղձալի օրերը,

գյուղը, որի անխաթար առավոտն

այսօր էլ ապրում է ինքնակա:

 

Իմն է այս քաղաքը,

որի տտիպ ծուխը

շարունակ ալեկոծում է քիմքս,

միջավայրը, որ ես վերծանեցի անմնացորդ,

պահերն ու դիպվածները`

խառնիխուռն հրավառություններով համեմված,

որտեղ գինով ու սթափ պահերի արանքում

ճշտեցի կարգախոսների իմաստն իսկական

ու դրանց բուն պատճառները պարզեցի,

մեկ գահի վրա

ու մեկ գահընկեց տեսա

սադրանքների փուչիկ արքային,

աղետներ հարուցողների ամբոխը տեսա,

խաբված բազմության ճիչերը

պատռեցին ականջներիս թմբուկները,

նրանց խարույկների բոցերից կուրացա,

քարհալած ու բրածեծ եղա

և հիմա խուլ, կույր ու համր`

ձեռքերս կարկառել եմ երկինք`

թախանձագին աղոթելով ողջամտության ոգուն:

 

Իմն են գալիքի սուղ ժամանակն ու անակնկալները,

կրկնությունը երբեմնի զգացողությունների,

իմ կյանքն ու գիրը դեռ անավարտ,

իմ սերը, որ երբևէ եղել է,

իմ խռովքը վաղեմի ու այսօրվա,

իմ խնղությունն ու թախիծն անգամ,

և, վերջապես, իմ մահը,

որ մշտապես իմն է, անկասկած…

 

Այն աշխարհից խոսելու իրավունք

Այս աշխարհում ինչ էլ խոսեմ հիմա,

բառերը`  զուրկ կյանքից,

շաղախվում են թուք ու լուտանքի հետ,

օդը լիքն է, քո՛ւյրս,

ձայնով,

աղաղակով,

հոխորտանքի ազդով,

ձանձրացել ենք զգույշ, ամուլ մտքից:

 

Խաղից հոգնել վաղուց,

բահ չենք կարող բռնել,

սիրտ բանալն էլ, գիտես,

վտանգներով լի է,

գրիչը երակում թաթախելը`  ամոթ –

այս աշխարհում ինչ էլ խոսեմ,

անիմաստ է,

քանի լսող չկա:

 

Հմայանքի թմբիրն անցավ,

սթափվեցինք,

հարմարվեցինք,

որքան պարտքը մեզ թույլ տվեց,

հիմա ձուկ ենք անփուշ`

քլորի հետ մերված –

կերպափոխությունն այս, գիտես, վերջինը չէ,

օրը կգա,

կասեն`  ճանճ էր`  տարականից սերված:

 

Հետո էլ օր չի գա,

ու կլինի գիշեր,

չե՛նք հասցնի, քո՛ւյրս,

այս աշխարհում խոսել:

 

Բայց թե մե՛կ է, քո՛ւյրս,

չհասցնել չկա,

մենք մեր խոսքը կասենք ուրիշ մի չափման մեջ,

բազմամբոխ ու ընտիր ունկնդրի համար –

պոետներին վերուստ տրված է իրավունք

անգամ այն աշխարհից իր խոսքը հղելու,

բարբառելու, ինչ որ համարում է հարմար…

 

 

Այնտեղ, ուր էլ չեմ լինի երբևէ

Այնտեղ, ուր արևը ելնում է

արևելյան լեռներից այնկողմ,

ես էլ չեմ լինի երբևէ,

քանզի օտար եմ,

թեև հիշում են ինձ,

եթե անգամ գնամ

ու ներս մտնեմ այն տան շեմից,

որի պատերի տակ սեզը,

որ երեսուն տարվա անընդմեջ պատմություն ունի,

արմատն ամուր կխրի հողի մեջ

ու կճչա, որ ես չկամ:

 

Եվ հորիզոնը,

որ բացվում է

արևելյան լեռներից այն կողմ,

որ բոսոր է դառնում մայրամուտին,

մոռանալով, որ հնչում է

որպես անօրինակ,

անկրկնելի բնանկար,

անտարբեր կշշնջա,

որ ես չկամ:

 

Եթե անգամ գնամ,

եթե անգամ կանգնեմ

անթառամների դեղին բլրի վրա,

որտեղ ոտնահետքերս դաջված են տակավին,

մամռոտ քարերը զարմանքով կխոսեն.

-Տե՛ր իմ, ի՞նչ խաբկանք է`

մարդն այս, մենք գիտենք, որ վաղուց է, ինչ չկա։

 

Այնտեղ, ուր անհիշելի ժամանակներից

ինձ լավ գիտեն, անշուշտ,

քարերը, թռչունները, խոտերը,

ու դրանց ներկա սերունդներն անգամ,

ես էլ չեմ լինի երբևէ,

եթե անգամ գնամ,

 

եթե անգամ ծնկի գամ,

եթե անգամ խոստովանեմ,

իմ թաքուն սերը,

եթե անգամ կարոտի մասին

անհաշիվ բանաստեղծություններ կարդամ…

 

 

Ամառվա մի կեսօր… հիշողությամբ

Խոտերը դեպի երկինք են ձգվում,

հոսում է ջուրը՝ ուր որ կամենա,

մեղվի ձագեր են փեթակից փախած,

ժամերգություն է ժայռի ճեղքերում։

 

Քեզ սպասում են,

բայց տուն չես դառնա՝

քո բահը հողում խրված կմնա։

 

Դու հնձվորներին ջուր պիտի տանես՝

ծարավը թոկ է նրանց կոկորդին,

քո դույլը, սակայն, դատարկ կմնա։

 

Տաք են քարերը առուների մոտ,

և զեռուններ են ապրում դրանց տակ,

և մրջյունների քարավաններ կան՝

ասես Բաղդադից գնում են Խիվա։

 

Քեզ որոնում են,

բայց դու ձայեն չես տա՝

խոտիդ պարանը դատարկ կմնա։

 

Դու սարվորներին ձի պիտի տանես՝

նրանք հոգնել են քարոտ ճամփեքից,

քո ձին արոտում արձակ կմնա։

 

Օդը դողում է ճառագայթներից,

թվում է՝ գիտես, թե ինչ է սերը,

դու պատրաստվում ես խոստովանության

և գրքերից ես ասույթներ քաղում։

 

Քեզ կհավատան,

եթե կարմրես,

քո բառը, սակայն, չասված կմնա։

Բանաստեղծության պատրանքն է արդեն,

որ քո խորքերում ձևեր է առնում,

քո գիրը, սակայն, կիսատ կմնա։

 

Անդին 04.2018

Կարծիքներ

կարծիք