Հայոց նոր պետականության արարման….

Հեղինակ:

Հայոց նոր պետականության արարման և զարգացման գլխավոր փուլերը

Հայոց նոր պետականության սկիզբը համարվում է 1918 թ. մայիսի 28-ը, երբ ռազմական և դիվանագիտական գործընթացների արդյունքում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հռչակեց հայկական գավառների միակ իշխանություն: Այդ հայտարարության մեջ հստակ սահմաններ չկային մատանշված, և դա ճիշտ էր, որովհետև գրգռելու էր հարևաններին: Թեև մյուս կողմից էլ հարևաններն առանց այդ էլ գրգռվելու էին, որովհետև պայքարը կենսական տարածքների համար նոր էր սկսվելու, մանավանդ Բաթումի պայմանագրից և Թուրքիայի`  դաշնակիցների կողմից պարտությունից հետո 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով:

Ինչևէ, 1918 թ. մայիսի 28-ի որոշմամբ ծնվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Բայց արդյոք հայոց նոր պետականության ծնունդը պետք է հաշվել ա՞յդ օրվանից: Անշուշտ ոչ, որովհետև հայոց պետականության արարումն ուղիղ համամեմատական չէ Հայաստանի Հանրապետության արարմանը: Այսինքն`  1918-20 թթ. հայոց պետականության մասին խոսելիս պետք չէ նկատի ունենալ միայն Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պետականությունը de facto կար մայիսի 28-ից առաջ: Սա նշանակում է, որ հայոց նոր պետականության սկիզբ չպետք է համարել 1918 թ. մայիսի 28-ը: Մեր պատմագրության սխալներից մեկն էր և է, որ հանրապետության կառավարման տիպի պետության հռչակմամբ է սկզբնավորել հայոց նոր պետականությունը`  անտեսելով այն հանգամանքը, որ դրանից առաջ եղել է հայոց պետականությունը`  դիկտատորական կառավարմամբ, բայց ոչ դասական իմաստով դիկտատորական, որի փաստացի ղեկավարն էր Արամ Մանուկյանը: Մինչև այդ էլ գոյություն ունեին հայկական գրեթե անկախ քաղաքական միավորներ, որի մասին կարևոր պատկերացում են տալիս Ռուբեն Տէր-Մինասյանի հետևյալ տողերը. «1918թուի սկզբները սահմանային խնդիրները փաստօրէն լուծուած էին Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Մինչեւ թուրքերի Կովկաս մտնելը, կազմակերպուած էր Շիրակի նահանգը (որի հետ կապուած էր Ախալքալակը) եւ Բորչուլուի հայկական մասը`  Վրաստանում: Կազմուած էր Ղարսի նահանգի հայկական մասը, կազմուած էր Երեւանի նահանգը, հաստատուած էր Ղարաբաղի եւ լեռնային Գանձակի (քաղաքի մի մասով) հայկական առանձին իշխանութիւն, եւ վերջապէս կազմուած էր լեռնային Ղազախի, ներկա Դիլիջանի շրջանը, որը կապուած էր Երեւանի հետ: Այս շրջանների Վրաստանից եւ Ադրբեջանից բաժանման փաստը առանձին զարմանք չէր պատճառած ոչ վրացիներին, ոչ թաթարներին, որոնք համակերպած էին եղած դրութեան:

Բայց հայոց Ազգային Խորհուրդների շինած հայաբնակ օճախը գալիս էր քանդելու տաճիկ զորքը»:

Ռուբենից այս մեջբերումը պատահաբար չենք անում: Փաստորեն ռուսական հոկտեմբերյան հեղափոխությանն հաջորդած տեղատվության հետևանքով աստիճանաբար առարկայանում էին հայկական փոքրիկ քաղաքական միավորներ, որից հետո սկսվելու էր դրանց մեկ պետության մեջ միավորվելու գործընթացը, որը, ցավով պետք է նշել, այդպես էլ լիարժեքորեն չի ավարտվում հաջողությամբ: Դրանց պատճառների մեջ խորանալու խնդիրը զանց առնելով`  շեշտենք, որ արդեն 1918 թ. գարնանից արարվում է Հայկական պետությունը կամ Արարատյան Հայաստանը, որի մեջ այս տարածքների միավորման իրավական կողմի ամրապնդման գործընթացն սկսվում է արդեն 1919 թ. փետրվարից:

Անհրաժեշտ ենք համարում նաև մատնանշել, որ Հայկական պետության արարման կամ ձևավորման դիվանագիտական գործընթացը տեղի է ունեցել Հայաստանում տեղ գտած ռազմական գործընթացներից անկախ, և եթե դիվանագիտական գործընթացներում Հայկական պատվիրակություններից անկախ ի հայտ եկավ Հայաստանի Հանրապետությունը, ապա ռազմական իրադարձությունների արդյունքում դեռևս դրանից առաջ էր ձևավորվել Հայկական պետականությունը:

Հայկական պետականության սկիզբ պետք է համարել 1918թ. հունվարը, երբ որպես Հայոց Ազգային խորհրդի լիազոր Թիֆլիսից գալով Երևան Արամն անմիջապես ձևավորում է հայկական պետական կառավարման մարմինները: Այդ կառավարման մարմնի հավակնությունն ստացավ Երևանի Ազգային խորհուրդը, որն, ինչպես վկայում է Ս. Վրացյանը, մինչև այդ «անգոյն ու անջիղ մի մարմին էր, որը գնում էր դէպքէրի հոսանքի յետեւից», և կյանք ստացավ, երբ Երևան ժամանեց Արամ Մանուկյանը:

Կարծում ենք, որ Արամ Մանուկյանի մասին բազմաթիվ հրապարակումներում և ուսումնասիրություններում նրա պատմական դերի մասին հայեցակետը այնքան էլ ճշտորեն չի ճևակերպվել: Նա համարվել է հայոց պետականության հիմնադիրը, ինչը ճիշտ է, բայց մենք գտնում ենք, որ նրա դերը հայոց պատմության մեջ գլխավորապես նրանում է, որ ճիշտ հասկանալով, որ պետության արարումն անհնար է առանց պետական մարմինների ձևավորման, և առաջնայինը համարելով այդ խնդրի կազմակերպումը`  անմիջապես գնացել է դրան, առանց որի անհնար էր արդյունավետ քաղաքականություն վարել տարածքային խնդիրների լուծման առումով, մանավանդ որ արդեն ընթացքի մեջ էր թուրք — հայկական պատերազմը: Ճշմարիտ է, այդ պետական մարմինը կրկին կոչվում էր Հայոց ազգային խորհուրդ, բայց այն, ի տարբերություն Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի, որը գնում էր դեպքերի հետևից և չէր հանդիսանում թելադրող կողմ, ուներ միանգամայն նոր ձև և բովանդակություն: Այսինքն`  Երևանի Ազգային խորհուրդը հայկական առաջին պետական մարմինն էր, որը միտված էր կազմակերպչական աշխատանքների`  հանուն թրքական վտանգի չեզոքացման և պետականության արարման: Եվ նրա ստեղծած պետական կազմակերպությունը գնահատելի է նախ և առաջ նրանով, որ եթե մինչև այդ հայկական զինյալ ուժերը թուրքերի դեմ կռվել էին այլ պետությունների`  Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ Անգլիայի դրոշների տակ, նրանցից քաղաքական ակնկալիքների իրականացմամբ պայմանավորված, ապա այժմ կռվում էին հանուն ազատության և անկախության`  սեփական պետական կամ իշխանական մարմինների կազմակերչական աշխատանքների շնորհիվ:

Այդ իշխանական կամ պետական մարմինը հենց Արամի առաջարկով կոչվեց Հատուկ կոմիտե, որն ստացավ «երեք ամսով գործելու կատարեալ ազատութիւն»:

Ճշմարիտ է, այս մարմինն ընտրվել էր Երևանի Ազգային խորհրդի որոշումով, բայց այնտեղ թելադրողը Արամն էր: Որ իսկապես Հատուկ կոմիտեն պետական կառավարման մարմին էր`  երևում է նրանից, որ նրա մեջ մտել են անձինք, որոնք համակարգել են այս կամ այն բնագավառի աշխատանքները: Դրանք էին Արշալույս Աստվածատրյանը, Մ. Մուսինյանը, Սահակ Թորոսյանը, Արամ Մանուկյանը, իսկ քարտուղարն էր Ս. Օհանջանյանը: Այս կոմիտեն Երևանի կամ Արարատյան հանրապետության փաստացի իշխանությունն էր: Համոզվելու համար դրանում բավական է նշել, որ Հատուկ կոմիտեին էին ենթարկվում Երևանի նահանգի հայկական զորքերը Մ. Սիլիկյանի գլխավորությամբ, Երևանի զինվորական կոմիսար Դրոն, նրա հրամանով էին իրականացվում կառավարման կամ զորակոչի հետ կապված բոլոր խնդիրները: Եթե Հատուկ կոմիտեն իրականացնում էր պետական գործառույթներ, ուրեմն արդեն առկա էր պետությունը: Այսպես, կառավարման համակարգը կար, բանակը կար, նոր ձևավորված և նորաստեղծ պետության նախնական սահմանները կային, որոնք ներառում էին Ռուբենի վերը մատնանշած տարածքները: Ուրեմն, արդյունքում արդեն 1918 թ. սկզբներին հայկական պետությունը ձևավորվում էր կամ փաստացի կար: Բավական է նշել մեկ հանգամանք ևս. հայտնի ճշմարտություն է, որ զորակոչն իրականացնում է պետությունը: Իսկ Հատուկ կոմիտեի առաջին հրամանը վերաբերվում էր հենց զորակոչին, որով զենքի տակ էին առնվում 18 — 25 տարեկան բոլոր զինապարտները:

Պետական կառավարման մարմինը նոր ձև է ստանում 1918 թ. մարտի սկզբներին, երբ «դիկտատոր» է հռչակվում Արամը: Ինչպես նշեցինք, «դիկտատոր» ասելով չպետք է հասկանալ բռնապետություն դասական իմաստով, այլ ուժեղ իշխանություն և թշնամու դեմ պայքարելու նպատակով ուժերի համախմբման համար լայն լիազորություն ստացած անձնավորություն: Հատուկ կոմիտեն էլ շատ չանցած վերածվում է Վարիչների մարմնի, որը փաստորեն պետական իշխանությունն էր մարմնավորում: Այդ մասին Ս. Վրացյանը հետևյալն է գրում. «Ըստ ձեւի, Արամի դիկտատոր նշանակվելուց յետո էլ1918թ. մարտի սկզբին /Էրզրումի անկումից շատ չանցած — Ա. Ն./ իշխանութիւնը մնաց Ազգ. Խորհրդի ձեռքին: Յատուկ կոմիտէի փոխարէն այժմ գործում էր առանձին մի մարմին, որի անդամները կոչւում էին վարիչներ: Այդ մարմինը փաստօրէն Արարատեան դաշտի կառավարութիւնն էր, որի նախագահն ու զինւորական գործերի վարիչը Արամն էր, ներքին գործոց վարիչը`  Սահակ Թորոսեանը, պարենաւորմանը`  Մկ. Մուսինեանը, ելեւմտականը`  Յովհ. Մելիքեանը, ինքնապաշտպանութեանը`  Արշ. Աստւածատրյանը: Քիչ վերջը իշխանութեան մէջ մտան նոր անձեր`  Ալեքսանդրապոլի նախկին քաղաքագլուխ Կամսարականը, բժ. Յ. Տէր-Միքալէլյանը/Օվին/ եւ այլն…»:

Այստեղ Ս. Վրացյանի հետ չենք կարող համաձայնել միայն այն հարցում, որ Արամի դիկտատոր նշանակվելուց հետո էլ իշխանությունը մնաց Ազգ. խորհրդի ձեռքում: Ընդհակառակը`  ամեն ինչ որոշում էր Արամը: Մնացյալ հարցերում Ս. Վրացյանը ճիշտ է:

Այսպիսով, 1918 թ. մայիսի 28-ից առաջ արդեն սկզբնավորվել էր հայկական պետականությունը, որն ուներ իր կառավարման մարմինները հանձինս Հատուկ կոմիտեի և Վարիչների մարմնի: Այն և՛գործադիր, և՛օրենսդիր, և՛դատական, և՛զինվորական բարձրագույն մարմին էր, որին ենթարկվում էին բոլորը, հարկ եղած պարագայում ուժի միջոցով: Այս պետության ղեկավարն էր Արամ Մանուկյանը: Ուրեմն, հայոց պետականությունը չհստակեցած սահամաններով սկզբնավորվել է 1918 թ. հունվարից, որը կարողացել է կազմակերպել մայիսյան հերոսամարտերը`  անկախ Տրապիզոնում և Թիֆլիսում տեղի ունեցող դիվանագիտական գործընթացներից: Հայկական նոր պետականության պարբերացման առաջին փուլ պետք է համարել 1918 թ. հունվարից մայիս ամիսները:

Հայտնի է, որ Սեյմի կազմալուծման հետևանքով 1918 թ. մայիս 28-ին ասպարեզ իջավ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Բայց մայիսի 28-ի ակտը ավելի շատ իրավական ակտ էր ստեղծված պետության մասին, քան թե գոյության սկզբի`  որպես պետության: Ավելին`  այնտեղ հետևյալն ենք կարդում`  «Անդրկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով եւ Վրաստանի եւ Ազրպէջանի անկախութեան հռչակումով ստեղծուած նոր դրութեան հանդէպ Հայոց Ազգային խորհուրդը իրեն յայտարարում է հայկական գաւառներու գերագոյն եւ միակ իշխանութիւն»:

Այս ակտի ընդունումից շատ չանցած միայն դիկտատորական կառավարման ձևին եկավ փոխարինելու ժողովրդավարական կառավարման ձևը, և Արարատյան պետությունը կոչվեց Հայաստանի Հանրապետություն: Բայց առհասարակ անտեսվում է մի կարևոր հանգամանք`  հանրապետական կառավարման համակարգը բնորոշ չի եղել Հայկական պետության գոյության ողջ ընթացքին: Որպես հայկական պետականության հանրապետական կառավարման առաջին շրջան պետք է առանձանացնել 1918 թ. մայիսի 28-ից 1919 թ. փետրվարի 28-ը: Որպես խորհրդարանական պետություն Հայաստանը գործել է այս կարճ ժամանակահատվածում: 1918 թ. փետրվարի 28-ին Հայաստանի առաջին օրենսդիր մարմինը բռնությամբ արձակվում է:

Պատճառն այն էր, որ ՀՀ գոյության սկզբից տարաձայնություններ են եղել պետական կառավարման համակարգի ընտրության շուրջը: Ոմանք համարել են, որ պետք է ստեղծել կուսակցական դիկտատուրա`  բնականաբար նկատի ունենալով Դաշնակցությանը /Արամ, Ռուբեն, Ա. Ջամալյան, Արտ. Բաբալյան և այլն/: Ոմանք էլ այն կարծիքին են եղել, որ պետք է ի սկզբանե կյանքի կոչել ժողովրդավարական կառավարման համակարգը /Հովհ. Քաջազնունի, Ալ. Խատիսյան, Ս. Վրացյան և ուրիշներ/: Կարծում ենք, որ առաջինի կողմնակիցներն ավելի ճիշտ էին, քանի որ`  ա/ դեռևս հստակեցված չէին Հայաստանի սահմանները, ինչը նշանակում է, որ խորհրդարանում այլազգիների ներկայությունը անպայմանորեն իր բացասական ազդեցությունը պետք է թողներ երկրի ազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից, բ/ թաթար ներքին տարրը, թուրքերի հետ համախորհուրդ, ներսից քայքայում էր հայոց պետականությունը, գ/ խորհրդարանական վեճերն հաճախ անպտուղ էին վերջանում`  խանգարելով լուծել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:

Ահա այս ամենով էր պայմանավորված, որ 1920 թ. օգոստոսի 1-ից իր նիստերը սկսած Հայաստանի խորհուրդը շատ կարճատև կյանք ունեցավ: Արտ. Բաբալյանը գրում է. «Հայաստանի Խորհուրդը շնորհիւ իր տարամերժ տարրերի չկարողացավ բարձրության վրա կանգնել եւ աջակից լինել նորաստեղծ կառաւարութեան»: Ավելին, Խորհրդում բուռն վեճեր էին գնում կապված Էջմիածնի գավառում, Արաքսի ափին, Բաշգառնիում, Միսխանայի շրջանում թաթար ըմբոստ տարրերի չեզոքացմանը միտված քաղքականության դեմ: Այսպես կոչված ժողովրդավարները դեմ էին նման քաղաքականությանը: Ս. Վրացյանը գրում է. «Հայաստանի Խորհրդի ժողովրդական պատգամաւորները, որոնք սկզբում ոյժ էին տալիս կառավարութեան, կամաց-կամաց կրկին անցան ընդդիմադիրների կողմը, եւ Խորհրդի ամբիոնը նորից դարձաւ կուսակցական կրքոտ վէճերի տեղ, կառավարութիւնը ստիպւած էր լինում բան ու գործ թողած օրերով զբաղւել հարցումներու ու հարցապնդումներով եւ քննադատութիիններին պատասխանելով:

Նման քննադատութիւններն ու յարձակումները յուզում էին հանրային միտքը»:

Եվ ահա, փետրվարի 28-ին, երբ քննվում էր Սուրմալուի գավառում ռազմական դրություն մտցնելու կառավարության առաջարկությունը, այն հիմնավորումով, որ թուրքերն այնտեղ հարձակվում են հայ խաղաղ բնակչության վրա և կոտորում, ընդդիմադիրները դեմ դուրս եկան դրան: Այս պայմաններում Խորհրդի շենքում հավաքված մարդիկ հարձակվեցին սոցիալիստ-հեղափոխականների և մյուս ընդդմադիր տարրերի վրա`  դահլիճը մաքրելով պատգամավորներից, աղաղակելով, որ «այսպիսի ներկայացուցչական մարմին ժողովուրդը չի ուզում ունենալ եւ պահանջում է ժողովրդական ընտրութիւններ: Այս դեպքը տեղի ունեցաւ 1919 թ. փետրվարի 28-ին, որ պիտի համարել Հայաստանի Խորհրդի վերջը»:

Այսպիսով ՀՀ խորհրդարանական կառավարումը 1919 թ. փետրվարի 28-ի դեպքով գտնում է իր ավարտը: Ինչպես վկայում է նույն Ս. Վրացյանը, այս իրադարձության կազմակերպիչները թեև Աշխատանքի նախարարարության պաշտոնյա Սաքո Համբարձումյանն ու Արտ. Բաբալյանն էին, բայց վերջիններիս հետևում կանգնած էր Ռուբեն Տեր-Մինասյանը:

Այս քայլը Ռուբենը բավական տրամաբանորեն է մեկնաբանում. «Նա /ՀՀ Խորհուրդը — Ա. Ն./ ընդօրինակում էր առաջադեմ երկրների սովորույթները եւ օրենքները եւ դրանով բաւականանում, քանի որ յուր միջակ ույժերը թոյլ չէին տալիս խորամուխ լինել եւ որոնել թէ այդ օրենքները կը բխեին ժողովրդական ոգուց ու ավանդույթներից, կը համապատասխանեն ժամանակին, տեղին ու պայմաններին: Եւ հաճախ այդ շատ գեղեցիկ օրէնքները անհասկանալի, անմատչելի կը մնային գրուած թուղթերի վրա»:

Ռուբենը չէր սխալվում այն տեսանկյունից, որ մինչ Խորհուրդը երկարորեն քննում էր այս կամ այն խնդիրը և օրենք ընդունում, թշնամին արդեն կյանքի էր կոչում իր դավադիր նպատակները: Այսինքն`  Հայաստանի Հանրապետությունը դեռևս չէր հասունացել որպես ժողովրդավարական պետություն: Սա է ճշմարիտ հայեցակետը:

Փետրվարի 28-ից մինչև օգոսոտսի 1-ը Հայաստանի կառավարման համակարգը ձեռք է բերում մի յուրահատուկ կարգավիճակ. նրա կառավարությունը Ալ. Խատիսյանի գլխավորությամբ, որը վարչապետի պաշտոնակատարն էր 1919 թ. փետրվարի 15-ից, փաստորեն հաշվետու չէր օրենսդիր մարմնի առջև, որն այլևս չկար, և ոչ էլ ՀՅԴ բյուրոյի առջև, որի ցանկությունները ընդունելի չէին կառավարության շատ անդամների կողմից: Սա բացառիկ իրավիճակ էր, որը երկարորեն չէր կարող իշխել, մանավանդ որ նման կառավարման մեխանիզմ անհնար է գտնել ժողովուրդների պատմության մեջ: Իրավիճակը փորձ արվեց փոքր-ինչ փոխել մարտի 12-ին ընդունված մի օրենքով, որի համար վերջին անգամ գումարվեց Խորհուրդը և որով իր օրենսդրական իրավունքները փոխանցեց կառավարությանը:

Խորհուրդը, որը փաստորեն որպես քաղաքական մարմին փետրվարի 28-ից այլևս գոյություն չուներ, վերջնականպես փակվում է հունիսի 5-ին` «ընտրելով կենտրոնական հանձնաժողով եւ որոշելով պառլամենտի ընտրությունների օրը»:

Կարելի է ենթադրել, որ այդ նիստը պարտադրել է ՀՅԴ բյուրոն: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգը 1919 թ. փետրվարի 28-ից մինչև օգոստոսի 1-ը չի գործել, և այս փուլում թե՛օրենսդիր և թե՛գործադիր իշխանությունը իրականացրել է կառավարությունը, որը հաշվետու չի եղել որևէ կոնկրետ մարմնի առջև:

Փաստերը վկայում են, որ այս ընթացքում եթե երբեմն գումարվել է Խորհրդի նիստ, ապա դա տեղի է ունեցել կառավարության նախաձեռնությամբ: Դրանցից մեկն էլ վերաբերում է 1919 թ. մայիսի 28-ի անկախ և միացյալ Հայաստանի հռչակման ակտին, որի մասին Ալ. Խատիսյանը գրում է. «Պէտք է ըսել, որ այդ ժամանակ Խորհրդարանը ցրված էր /փետրվարի 28-ին/ եւ անոր օրէնսդրական իրաւունքները ձգուած էին կառավարութեան: Այս իրավունքներու վրա հենուելով`  կառաւարութիւնը որոշեց հրավիրել Խորհրդարանը, յայտարարել միացման աքտը եւ մտցնել Խորհրդարան 12 նոր պատգամավորներ`  իբրեւ թրքահայ ժողովրդի ընտրեալներ»:

Սա ինչ-որ տեղ նշանակում էր ձևական բնույթի ակտ, որն ավելի շատ հոգեբանական նշանակություն ուներ, քանի որ`  ա/ դեռևս հասկանալի չէր, թե Արևմտյան Հայաստանն ասելով ինչ տարածքներ պետք էր հասկանալ և բ/ դրանից հետո Խորհուրդն այլևս ոչ մեկ նիստ չունեցավ:

Հայոց նոր պետականության զարգացման մյուս շրջանը ընդգրկում է 1919 թ. օգոստոսի 1-ից մինչև 1920 թ. մայիսի 5-ը: Երբ գործում էր հունիսյան ընտրությունների հետևանք Խորհրդարանը`  80-հոգանոց կազմով, որում 72 տեղ զբաղեցնում էր Դաշնակցությունը: Բայց այս շրջանում ոչ մի կարևորագույն իրադարձություն տեղի չի ունեցել, կառավարման ժողովրդավարական համակարգը ոչինչ չի տվել երկրի ժողովրդագրական պատկերը հօգուտ հայոց փոխելու, ինչպես նաև տարածքային վեճերի կարգավորման և միացյալ Հայաստանի ակտի իրականացման առումով: Առաջին խնդիրը չէր իրականանում, որովհետև հենց Դաշնակցության ֆրակցիայում չկար մեկ ընդհանուր մոտեցում ներքին հարցերի լուծման տեսանկյունից, և երկրորդ`  հայոց երկու պատվիրակությունները, նաև իրենց քաղաքական լայն ախորժակներով պայմանավորված, չէին կարողանում գրանցել հաջողություններ արտաքին քաղաքականության ոլորտում: Հայաստանի կառավարությունը չափազանց թույլ էր ներքին քաղաքականության տեսանկյունից, որովհետև հանդուրժողական վերաբերմունք էր դրսևորում բոլոր այն դավադիր տարրերի նկատմամբ, որոնք քանդում էին ՀՀ հիմքերը: Դա վերաբերում է քաղաքացիական կռիվների հետևանքով Ռուսաստանից Հայաստան փախած հայ բոլշևիկներին և ներքին դավադիր թաթար տարրին: Ուստի և այս ընթացքում էլ շարունակվեց պայքարը խորհրդարանը ցրելու և կուսակցական դիկտատուրա ստեղծելու համար, որը հրատապ դարձավ 1920 թ. ապրիլի 28-ից հետո, երբ հատուկ բեմադրությամբ խորհրդայնացվեց Ադրբեջանը: Մայիսի 1-ից Հայաստանում սկզբնավորվեցին բոլշևիկյան խռովություններ, որոնք ընթանում էին թաթար տարրի ըմբոստություններին զուգընթաց: Այս իրադարձությունների մեջ խորանալը մեր  նպատակը չհամարելով`  շեշտենք միայն, որ այս խռովությունների առիթով մայիսի 5-ին իրականացավ ՀՅԴ բյուրոյի որոշ անդամների`  Հայաստանում կուսակցական դիկտատուրա ստեղծելու ձգտումը: Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը տեղի է ունենում Դաշնակցության խորհրդարանական ֆրակցիայի, ՀՅԴ բյուրոյի և որոշ կենտրոնական կոմիտեների նիստ, որի ժամանակ Բյուրոն որոշում է իր ամբողջ կազմով դառնալ կառավարություն և «վարել կուսակցութեան եւ կառաւարութեան մեծ նշանակութիւն ունեցող բոլոր գործերը»:

Խորհրդարանը պետք է դադար տար իր աշխատանքներին և կառավարությանը փոխանցեր իր օրենսդրական բոլոր իրավունքները`  «բացի սահմանադրական նշանակութիւն ունեցող խնդիրներէն»:

Հաջորդ օրը`  մայիսի 5-ին, ժամը 11-ին խորհրդարանի արտակարգ նիստում Ալ. Խատիսյանի կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը: Իշխանության է գալիս Բյուրոն`  նախագահ Հ. Օհանջանյանի գլխավորությամբ: Կառավարության մյուս անդամներն էին Ռուբենը /ներքին գործոց և զինվորական նախարար, Ս. Վրացյանը /գյուղատնտեսության և աշխատանքի նախարար/, Ա. Ջամալյանը /հաղորդակցության նախարար/, Ա. Գյուլխանդանյանը /ֆինանսների և արդարադատության նախարար/, Ս. Արարատյանը /խնամատարության նախարար/ և Գ. Ղազարյանը /կրթության նախարար/: Ինչպես վկայում է Կ. Սասունին, «Ռուբէնը այս նոր կառավարութեան կեդրոնական դեմքն էր»:

Այսպիսով 1920 թ. մայիսի 5-ին Հայաստանում կրկին վերջ է դրվում խորհրդարանական կառավարմանը, որը փաստորեն տևում է մինչև Հայաստանի խորհրդայնացումը`  դեկտեմբերի 2-ը: Այս փուլը Հայաստանի 1918-20 թթ. պատմության մեջ ամենակարևորագույն տեղն է զբաղեցնում, որովհետև Բյուրո — կառավարությունն իրականացնում է մի շարք կարևորագույն խնդիրներ, առանց որոնց Հայաստանը 1920 թ. վերջին թերևս կդադարեր գոյություն ունենալուց: Դրանցից ամենակարևորը Հայաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխությունն էր հօգուտ հայոց, քանի որ մինչև օգոստոս ամիսը լիկվիդացվեց Հայաստանի ներքին դավադիր թաթար տա, և Հայաստանը դարձավ միատարր: Այս փուլում տեղի ունեցան նաև մի քանի նշանակալի իրադարձություններ`  կապված արտաքին քաղաքականության հետ`  հայ-ռուսական բանակցություններ, Սևրի պայմանագիր, Թիֆլիսի համաձայնագիր, Ալեքսանդրապոլի պայմանագիր և, վերջապես, Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագիր, որով խորհրդայնացվեց Հայաստանը: Դրանց մանրամասները ներկայացնելը նույնպես մեր նպատակը չենք համարում: Պարզապես շեշտենք, որ այդ պայմանագրերից և համաձայնագրերից ոչ մեկը իրական չդարձավ, որովհետև դեռևս բոլշևիկ — քեմալական դաշինքի առկայության պայմաններում հստակորեն մատնանշված չէին Հայաստանի սահմանները: Դրանք հստակ դարձան 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով:

Իսկ ինչու ենք մենք Հայաստանի 1918 — 20 թթ. պետականության ընթացքում գոյություն ունեցած դիկտատորական շրջանը ավարտում ոչ թե Բյուրո — կառավարության հրաժարականով, որը տեղի ունեցավ 1920 թ. նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Բ. Լեգրանի հետ Հ. Օհանջանյանի և Ռուբենի վարած անպտուղ բանակցություններից հետո և որն ընդունվեց 1920 թ. նոյեմբերի 23-ին, երկար ընդմիջումից հետո գումարված խորհրդարանի նիստում: Այն պարզ պատճառով, որ ընտրված նոր`  Ս. Վրացյանի կառավարության կարճատև գոյության ընթացքում խորհրդարանն այդպես էլ լիարժեքորեն չգործեց, որովհետև արդեն կտրուկ կերպով դրված էր ՀՀ խորհրդայնացման հարցը, որն իրականացավ դեկտեմբերի 2-ի համաձայնագրով: Որպես խորհրդարանական պետություն նա փաստորեն չի գործել 1920 թ. մայիսի 5-ից սկսած: Սա է պատմական ճշմարտությունը:

Վերոշարադրյալից գլխավոր եզրակացություններն հետևյալներն են.

Առաջին. Հայոց 1918 — 20 թթ. պետականությունը չի սկզբնավորվել 1918 թ. մայիսի 28-ի ակտով, այլ նրա պատմության պարբերացումը պետք է սկսել 1918 թ. հունվար ամսից, երբ փաստացի ստեղծվում են պետականության մարմինները`  հանձինս Հատուկ կոմիտեի և Վարիչների մարմնի: Հայոց պետականությունը սկզբնավորվել է ոչ որպես հանրապետություն կամ հանրապետական կառավարման տիպի պետություն:

Երկրորդ. որպես հանրապետություն այս ժամանակահատվածում հայոց պետականությունը գործել է 1918 թ. մայիսի 28-ից մինչև 1919 թ. փետրվարի 28-ը, երբ Խորհուրդը բռնությամբ արձակվել է`  պայմանավորված հանրապետական կառավարման տիպի պետության`  այդ ժամանակահատվածում գոյություն ունենալու աննպատակահարմարությամբ: Ուրեմն, որպես պարբերացման երկրորդ փուլ պետք է ընդունել այս ժամանակահատվածը:

Երրրոդ. երրորդ շրջանը պետք է համարել 1919 թ. փետրվարի 28-ից մինչև օգոստոսի 1-ը, երբ փաստորեն չկար օրենսդիր մարմինը և թե՛օրենսդիր, թե՛գործադիր իշխանությունն իրականացնում էր կառավարությունը:

Չորրորդ. պետության գոյության հաջորդ փուլը 1919 թ. օգոստոսի 1-ից 1920 թ. ընդգրկող ժամանակահատվածն է, երբ կրկին վերականգնվում է հանրապետական կամ խորհրդարանական հանրապետական կառավարման տիպի պետությունը:

Հինգերորդ. խորհրդարանական տիպի հանրապետությունն իր ավարտն է գտնում 1920 թ. մայիսի 5-ին`  ՀՅԴ դիկտատուրայի հաստատումով, որը տևում է մինչև նոյեմբերի 23-ը: Այս շրջանում իշխանությունն իրականացնում է ՀՅԴ բյուրոն`  Բյուրո -կառավարության անվան տակ, որը ներքին քաղաքականության մեջ իրականացնում է կարևորագույն գործողություններ: Այս շրջանը հայոց պետականության մեջ կազմում է վերջին կարևորագույն փուլը: Կառվարության անկումից հետո մի քանի օր գոյություն ունեցած Ս. Վրացյանի կառավարման շրջանը չի կարելի պարբերացման հիմք ընդունել, որովհետև այդ կառավարությունը գլխավորապես իրականացրել է մեկ առաքելություն`  իշխանությունը Լեգրանի պարտադրանքով հանձնել է բոլշևիկներին:

Անդին 04.2018

Կարծիքներ

կարծիք