Ուրիշի քաղաքում

Այն, ինչ զգում եմ, դժվար է բացատրել, իսկ քեզ վաղուց բառեր պետք չեն. սիրում եմ ու ուզում եմ կողքիդ լինել: Դու փորձում ես օգնել ուրիշներին, բայց ամենաշատը քեզ է օգնություն պետք: Սպասում եմ, սպասում, որ ինչ-որ մեկը կգա ու փրկություն կդառնա, բայց փրկությունս դու ես: Շատ կուզենայի ասել այն, ինչ մտածում եմ, բայց… Ես ուզում եմ քեզ պատմել, թե ինչ դժվար է ամեն առավոտ արթնանալ ու չհոգնել  չհասկացված լինելուց, սև գույներից, ոչինչ չասող աչքերից: Ամեն ինչ կսկսվի աստիճանաբար, իսկ հետո՝ միանգամից: Դու կձանձրանաս: Առավոտյան կարթնանաս ու կվախենաս ապրել: Կորոշես ամեն ինչ սկսել նորից: Ես քեզ կպատմեմ մայրամուտի մասին: Բոլոր աստղերը մեզ համար կետ կդառնան: Դու ինձ կներես ժամանակի մեջ: Ես քեզ կազատեմ ինձնից:

Ես քեզ կազատեմ ինձնից: Դու ինձ կներես ժամանակի մեջ: Բոլոր աստղերը մեզ համար կետ են: Ես քեզ կպատմեմ մայրամուտի մասին: Դու կձանձրանաս: Կորոշես ամեն ինչ սկսել նորից: Դու առավոտյան կարթնանաս ու կվախենաս ապրել: Ամեն ինչ կսկսվի աստիճանաբար, իսկ հետո՝ միանգամից: Ես ուզում եմ քեզ պատմել, թե ինչ դժվար է ամեն առավոտ արթնանալ ու չհոգնել  չհասկացված լինելուց, սև գույներից, ոչինչ չասող աչքերից: Շատ կուզենայի ասել այն, ինչ մտածում եմ, բայց… Սպասում ենք, սպասում, որ ինչ-որ մեկը կգա ու փրկություն կդառնա, բայց փրկությունս դու ես: Դու փորձում ես օգնել ուրիշներին, բայց ամենաշատը քեզ է օգնություն պետք: Այն, ինչ զգում եմ, դժվար է բացատրել, իսկ քեզ վաղուց բառեր պետք չեն. սիրում եմ քեզ ու ուզում եմ կողքիդ լինել:

Քեզ այնպես եմ նայում ու անհագ կլանում, ինչպես առաջին դասարանցին տառերն է սովորում: Ես վաղուց մոռացել եմ՝ ինչպես են զգում ժամանակը, ու ետ եմ գնում քեզ մոտ: Ես հրաժարվում եմ հասկանալ այս աշխարհն ու ետ եմ վերադառնում 5-րդ փչակ: Ես մեր փչակում խոսում եմ անհանգ, անռիթմ, անչափ: Դու ինձ նայում ես  այնպես, կարծես երբեք չես լսել ձայնս: Դու լսում ես ամենակարևոր տողն ու զգում ես ինձ: Հետո իջնում ենք 5-րդ հարկից, ու դու ամեն ինչ մոռանում ես:

Մտքովդ երբեք չի անցնի, որ հիմա  երջանիկ չեմ, որ աչքերս չեն փայլում, որ վայրկյաններն եմ հաշվում, թե երբ ես գնալու, որ հանգիստ շունչ քաշեմ: Միշտ մեկը մենակ է մնում, ու պետք չի կարեկցել, հույս տալ, մեղավոր փնտրել: Ես հազիվ սովորել էի առանց քեզ ապրել, առանց ձեռքերի, հայացքի սիրո: Ինչպես էլ որ անում եմ՝ սխալ է դուրս գալիս: Ես էլ ուժ չունեմ իրերին անդադար նայել ու հուսալ,  որ աչքերս բացելուց հետո ամեն ինչ կփոխվի: Ես տեղի եմ տալիս ու փակում աչքերս: Ամեն ինչ նորից ծածկվում է մթության քողով: Դու սպասում ես երկար, բայց ես ոչինչ էլ չեմ ասում ու քայլում եմ առաջ՝ հույսով, որ մթությունից հետո միշտ լույս է լինում, երբ համարձակություն ես ունենում բացել աչքերդ: Ես քեզ չեմ գտել, կորցրել եմ միայն:

Ժամանակը դանդաղ առաջ կգնա։ Մի օր կմոռանամ կերակրել ձկանս, ու նա կսատկի կամ կմեռնի, սակայն ի՞նչ տարբերություն։ Ես շաբաթը մեկ անգամ կջրեմ ծաղիկներդ, որ չչորանան, ու կսովորեմ ճիշտ փռել լվացքը։ Ես գիշերը մի պահ կվախենամ մենակ մնալուց ու կսպասեմ նոր օր ազդարարող տհաճ ձայնին։ Ես անընդհատ մտքում կկրկնեմ անելիքներս ու միշտ ինչ-որ բան կմոռանամ։ Ես նորից կսկսեմ հավատալ մարդկանց ու նորից կհիասթափվեմ։ Կհասկանամ, որ մարդուն կյանքում ո՛չ զույգ, ո՛չ էլ կենտ հենարաններ պետք չեն հավասարակշռություն պահելու համար։ Բառերը չեն հերիքի, զգացողությունները կիսատ կմնան։ Մեր կյանքի գծերը դժվարությամբ  կհամընկնեն։ Երևակայությունը կընդունի, որ կա ծերություն ու ավարտ, չկատարված երազներ ու մայրամուտ, ու ամեն ինչ կպտտվի ի շրջանս յուր։ Ես նորից կմոռանամ քեզ բարի գիշեր մաղթել, մա՛մ։

Հիմա, երբ առաջին տողը կա, մնացածը կարևոր չէ: Ժամանակի հարց է: Ժամանակը կանցնի, իսկ ես դեռ կանգնած կմնամ: Թռչուններին չի կարելի դատապարտել ցածր թռիչքների համար: Իսկ մարդկա՞նց: Ա՜խ, եթե կարողանայի ագռավ պահել: Կթռչեինք գիշերով, իսկ լուսադեմին մեր վանդակ կվերադառնայինք: Մեր շատ սիրելի վանդակ, որտեղից հաճախ դուրս գալ չի լինում: Դու կօգնեիր ինձ զգալ թևերս, իսկ ես քեզ մենակ չէի թողնի վանդակում: Բայց, գիտես, ինձ երևի պետք չես: Դու հաստատ կկռռաս թռչելուս ժամանակ, իսկ ես քեզ չեմ կարողանա վանդակում պահել: 3000 տարի հետո դու, գուցե, կկռռաս նաև Նրա թռչելու ժամանակ ու կասես, որ իր նախա-նախա-նախատատը տարօրինակ էր ու քեզ վանդակում էր ուզում պահել:

Ամալեկի լեգենդը քչերն են հիշում: Այդ ժամանակ Նամսեկին ավելի ուժեղ էր: Քաղաքը դատարկվել էր. բոլորը Նամսեկի էին գնում: Մադիկ լսել էին, որ պետք է գտնեն իրենց Նամսեկին, բայց սխալ ուղղությամբ էին գնում, այդ քաղաքը միայն մեկինն էր: Մարդիկ այդպես էլ չհասկացան, որ բոլոր քաղաքները մի հոգանոց են ու որ իրենք ավելորդ են ուրիշի քաղաքում: Բոլորս էլ մեր Նամսեկին ունենք, բայց մեր կյանքում միշտ մեկը պետք է մեզ այդ քաղաք ուղեկցելու համար: Դարպասների մոտ մի ամբողջ կյանք ենք անցկացնում ու հաճախ այդպես էլ ուժ չենք գտնում ներս մտնելու համար: Մենք մեր Վերգիլիոսին ենք սպասում: Ճանապարհը բարդ է: Բոլորս էլ մի օր անտառում ենք հայտնվում ու կորում: Որն է մեր իսկական քաղաքը՝ հնարավոր է այդպես էլ չհասկանանք, քանի որ չենք եղել այնտեղ: Բույրերը, գույները մեզ հուշում են, որ մենք այդ քաղաքի բնակիչ ենք, բայց ճանապարհը ցույց չեն տալիս:  Մեր քաղաքը միայն մերն է, ու մենք պարտավոր չենք այն ինչ-որ մեկի հետ կիսել: Ծածկագիրը միայն մենք գիտենք, ու պատվավոր քաղաքացի լինելու բախտը միայն մեզ է վիճակված: Ապրում ենք մեր քաղաքում մեր հույսերով, երազանքներով, ու գալիս է մի օր, որ հոգնում ենք մենությունից, ուզում ենք նոր դեմքեր տեսնել: Բայց հյուրերն այդքան էլ հեշտ չեն գալիս: Նրանք պիտի ծածկագիրն իմանան, արժանի  լինեն հյուրընկալվելու, իսկ ամենաբարդն այն է, որ քչերը գիտեն այդ քաղաքի մասին: Շատերի համար մենք այլմոլորակայիններ ենք: Մոլորակում հայտնվելու համար հավատալ է պետք: Ու մեկը հավատում է քեզ ու քո հեքիաթին, համաձայնում է ապրել քեզ հետ, մինչև որ չես հասկանում, որ նա քո քաղաքից չէ ու չի կարող լինել: Հնարավոր է՝ շատերին թույլ տանք մեր քաղաք մտնել, բայց ապրել մեզ հետ նույն հարկի տակ չենք կարող, ինչքան էլ սիրենք նրան՝ օտար է: Փոխվելով մենք ուրիշ մարդ չենք դառնում, ինչքան էլ Նամսեկի փնտրենք, մեր ներսի քաղաքը չի փոխվի: Ես հիշեցի իմ քաղաքի մասին, երբ բոլորն իրենց Նամսեկիից էին խոսում: Մեր մտքերի ու երազանքների քաղաքի  մասին միայն մենք գիտենք ու միայն մենք ենք հասկանում, թե ինչ ենք կորցրել այնտեղ: Ես շատ բան չեմ թողել Ամալեկում: Ընդամենը 22 տարի: Ամալեկի մասին ես ձեզ ոչինչ  չեմ պատմի, միևնույնն է, ոչինչ չեք հասկանա:  Հնարավոր է, որ Նամսեկին ավելի ուժեղ է, բայց Ամալեկն իմն է, իսկ եթե իմն է, ուրեմն ամենալավն է:

Ամեն ինչ փոխվում է: Փախչել է պետք: Դու կփրկես ինձ, նոր կյանք կտաս, գուցե և սիրես: Գուցե ես էլ երջանիկ դառնամ: Կգրկես ինձ ամուր ու կրծքիդ կսեղմես, ինչպես բոլոր տափակ ֆիլմերում: Ամեն ինչ կփոխվի: Դու ինձ կսիրես, գուցե և փրկես: Ես միայն անտարբեր դեմքս կշրջեմ, ու աչքերս ոչինչ չեն ասի՝ ո՛չ սիրո, ո՛չ էլ հրաժեշտների մասին:

Դու հիմա չես հասկանա, թե ինչ եմ զգում: Դու պիտի թույլ տաս, որ հանգստացնեն քեզ: Դու ինը ամիս իմ մեջ ես եղել ու միշտ շարունակվելու ես: Ես քեզ չեմ տեսել, բայց դու ամենաիմը պիտի լինեիր: Դու պիտի խոսեիր ու վազեիր, նման լինեիր նրան կամ ինձ: Նրա աչքերով, իմ ժպիտով… բայց չշարունակվեցիր: Ավարտներ են պետք շարունակվելու համար:

Միայն հպարտ հայացքն էր պակասում քո, որ աստղ դառնայի: Բոլորս էլ աստղեր ենք, իսկ ես աստղ եմ, որը չի երևում: Մի օր կընկնեմ, ու դու  երազանք կպահես: Հիմա  ես երազանք եմ պահում, որ մոռանամ քեզ:

Ծանր է գիտակցել, որ դու ավելի ուժեղ դուրս եկար: Հոգնել եմ ինձնից, քեզնից: Վերջն էլ չի երևում, գուցե օգնեի՞ր, չքվեիր մի օր, գնայիր գրողի ծոցն ու էլ ետ չգայիր: Էլ չենք կարող նստել մեր քարին, նայել լույսերին: Հիմա միայն արցունքներն են լողում ջրի վրա, ու սիրուն տողերը չքվում են, երբ մեր փոխարեն ուրիշներն են նստում այդ քարին: Բարդ է վերանալ սեփական եսից: Ներե՛ք, չի ստացվում:

Սպասում ես, սպասում: Կյանքում առաջին անգամ դանդաղ հաշվում  մինչև տասը: Մեկ, երկու, ինը: Ժամանակն անցավ, բայց ոչինչ չպատահեց: Միայն հանգստություն է պետք: Բաց թողնել քեզ, օտարանալ հարազատ դարձած զգացումից:

Դու մի օր կհասկանաս, որ ես պարտավորված չեմ ժպտում, որ չեմ ուզում գետնից իրերդ հավաքել: Չեմ ուզում ամեն օր լսել, թե ինչպես ես կիթառ նվագում, չեմ ուզում լսել քո սիրած երաժշտությունը, քեզ հետ մուլտֆիլմ նայել, երբ  արդեն երեխայիս հետ մուլտֆիլմ նայելու ժամանակն է: Ուզում եմ ազատվել կապանքներից: Ուզում եմ  հենց հիմա հրաժարվես ինձնից: Գիտեմ, որ ծանր է լինելու, որ երկուսիս էլ ժամանակ է պետք հաղթահարելու համար: Բայց էլ չեմ ուզում քո կյանքում դատավորի դեր խաղալ, ուզում եմ ժամանակավոր կառավարություն լինել կյանքումդ…

Ես միշտ սպանում եմ այն, ինչ սիրում եմ: Հասել եմ մի կետի, երբ արդեն ինձ դուր է գալիս ընթացքը: Ամեն ինչ հատուկ եմ անում, մտածված, բայց դու ամեն ինչ գիտես, ու ոչինչ չի ստացվում: 7-8 ժամից լույսը կբացվի, ու ամեն ինչ լավ կլինի: Կմոռանամ հիմար մտքերս: Ես ծորակի եմ նման, որ անընդհատ կաթում ու անհարմարություններ է ստեղծում, մի օր երևի կհոգնես ինձ նորոգելուց…

Մեջքով քաղաքին, քաղաքի օրենքներին դեմ, առանց լույսերի ու հիմար մտքերի մենք կխոսենք ընկերության ու սիրո մասին ու հետո կհասկանանք, որ ընկերությունն ավելի ուժեղ է ու պետք չէ կորցնել այն սիրո պատճառով: Հետո, երբ լույսերը վառվեն, գուցե հասկանանք, որ ամեն դեպքում սերն ամենազորեղ է ու չարժի այն զոհել մի քանի րոպե մեջքով քաղաքին նստելու ու ընկերության մասին խոսելու համար:

Բառարանն էլ հաճախ չափավոր է խոսքերի մեջ: Կան խոր ցավեր, որ երբևէ չեն ամոքվում: Թվում է, թե ինքն իրենից արձակուրդ է վերցնում հաճախ այն սլաքը, որ հոգնել է տկտկալուց: Ուրիշների տարօրինակ վարքի համար միշտ պատճառ ենք ուզում գտնել: Ինքնասպան ենք լինում՝ հաճախ ամեն ինչից հուսահատված: Մի բառ՝ ու վերջ ամեն ինչին: Միայնության զգացում ծնվեց: Սենյակներում բոլոր-բոլոր իրերի մեջ ներկա է նա: Չկա ոչինչ: Լռությունը ոչ մի գնով չի հանդուրժվում: Ժամանակն է մենությանը ընտելանալ: Ճանապարհն այդ անցել եմ ես շատ անգամներ: Նրա ոտքի հետքերը ինձ տանում էին իր ետևից ու ետ բերում: Կանգնում էի ամեն անգամ, երբ վերջակետ պիտի դրվեր: Անհնար է առաջ շարժվել: Դուք սիրում եք կողքիս լինել, բայց իմ հանդեպ սեր չեք տածում: Կյանքս ամբողջ փակագծի մեջ եմ առել: Սա ամենի վերջն է, ասես ժամադրության սևագրի պես: Վերադարձը նրա սիրած հետագիծն է: Բայց ես հոգնած լքում եմ քեզ: Երբ ոչ մի բան չի մնացել, ցանկությունս է՝ ուղիղ կանգնել: Կկամենայի վշտի մասին բարձր գոռալ: Անհնար է: Ես լքում եմ՝ ինչ կա այստեղ: Իմ հուշերն եմ լքում, կյանքը, մանկությունը, հատկապես ես հեռանում եմ հենց նրանից, իմ մեծ սիրուց, միակ սիրուց: Հրաժեշտը նմանվում է իդեալական վերջնակետի: Դու կարող ես չմոռանալ երբևիցե, որ քեզ անխոս հավատում եմ: Երջանկություն քեզ ու մի քիչ ինձ: Միայն օդում, որ շնչում ենք, մարդկանց միջև, որ ապրել են հենց մեր կողքին: Տալիս եմ քեզ կյանքս հիմա, քանզի կյանքն է իմ վերջանում: Ճշգրիտ չափը հիշողության դու սահմանիր ու կարդա կյանքիս մասին ամբողջապես: Տալիս եմ քեզ  հիմա ես սեր ու մի քիչ կյանք, որ չափից շատ է կարևոր: Կարելի է և՛ երջանիկ, և՛ մոլորյալ լինել կյանքում: Թվում է, թե հեռանում եմ  ժամանակից, որպեսզի մնամ քեզ մոտ:

 

Կարծիքներ

կարծիք