Մի գեղեցիկ դանիուհի

«Նման պայմաններում կովերի արդյունավետությունը, ինքնին հասկանալի է, շատ ցածր է: Մեկ կովի կաթնային եկամտաբերությունը տարեկան միջին հաշվով…»,-իմ առջև դրված էր Դանիան պատկերող մի գեղեցիկ ուղեցույց, որը ինձ մտերմաբար տվել էին Արտաքին գործերի նախարարությունում: Այս գրքույկում, սակայն, ոչինչ գրված չէր այն մասին, թե ինչպիսին են այդ երկրի կանայք:
Սկանդինավյա՜ն կանայք: Տեսնես ինչպիսին են նրանք: Ֆրանսուհիները թեթևամիտ կոկետուհիներ են՝ միշտ պատրաստ սիրուն անձնատուր լինելու: Դա ես գիտեմ: Ամեն դեպքում, կա մի կարծրատիպ, որը ստիպում է մտածել, որ Ֆրանսիայում կանանց մասնագիտություն չկա, ընդհանրապես չկա: Ա՜խ, նրանց սկանդինավյան քույրերը: Նրանց մասին ես ոչ մի պատկերացում չունեմ: Նրանց հակառակ… Լավ, դա զրույցի հատուկ թեմա է:
Ողջո՛ւյն, Կոպենհա՛գեն: Երիտասարդ աղջիկները շորորալով քայլում են այս ու այն կողմ, հետաքրքրությամբ էսպերանտո լսում և խոսում իրենց լեզուներով: Երբ դանիացիները ցուցանակի վրա տպագրվածը օտարականին բացատրում են, ամեն դեպքում հասկանալի է լինում, թե որքանով ենք միջգերմանական բարբառները և անգլերենը մենք հասկանում նաև անձրևոտ եղանակին: Նման խոսակցությունների ընթացքում դանիացիների լեզուն ավելի քիչ է կիրառվում: Այն հալվում է տեղացիների բերանում՝ շտապ արտաբերվելով: Ու ամբողջը դառնում է մի բառ՝ շատ դժվար ու անհասկանալի: Եվ երբ Fiske 1 ռեստորանում ոչինչ չեն ասում, տարատեսակ ուտեսներ են մատուցում, իսկ երբ ինչ-որ բան են ասում, սառը և տաք ուտեստների տարափ է լինում: Ես հավատում եմ՝ եթե ինչ-որ մեկը գիտի դանիերեն և տեղացիների լեզվով ուտելու բան է պատվիրում, հյուրընկալողի կողմից ժելե է ստանում: Աստված օրհնում է դանիական կալորիաները:
Հա՜, կանայք… Ես ամբողջ օրը քաղաքում դես ու դեն էի թափառում և ոգևորվում սպասվելիք երեկոյի հեռանկարով: Երեկոն լավ անցկացնելու համար ինչ-որ բան էի փորձում մտածել: Ահա կանգնել էի մի պարարվեստի շենքի առաջ (ինչպես կարողացա կարդալ), որտեղ պետք է պարեին, և երկու նվագախումբ պետք է լիներ: Ապա կարդացի.
INGEN PAUSER
«Ինգեն» անվանումը հավանաբար «Ինգա» իգական անվան դանիական տարբերակն է: Ինչքա՜ն սիրուն անուն: Ինգեի ընդմիջումը… Ինչպիսի՞ տեսք նա կունենա: Գուցե լինի բարձրահասակ, սպիտակամաշկ, նրբակազմ, խարտյաշ, սիրուն քթով և առողջ մարմնով: Նրան հաստատ տեսնել է պետք:
Բայց նախքան այդ երկար ժամանակ կար՝ զբոսնելու և նավահանգստում շրջելու: Կարող էի ժամանակս զուր վատնել: Սկսեցի թափառել: Շատ զվարճալի բամբասանք լսեցի: Նաև դանիացի աստղերի հանդիպեցի, որ քայլում էին փողոցներում, շփվում մարդկանց հետ: Եվ ահա նրանց տեսա բնության գրկում միմյանց հետ քչփչալիս, ուրիշներին խեթ-խեթ նայելիս: Կռահեցի, որ նրանցից ոմանք արդեն երեք անգամ հասցրել են ամուսնալուծվել: Եվ այդ ընդհանուր աղմուկի մեջ հեգնանք կար աղքատների նկատմամբ, որոնց ես հարգում էի, ինչպես, հավանաբար, Ինգեն:
Ձևականությունից ելնելով՝ գուցե ես պետք է Ինգեին Ինգեն դիմեմ: Դա դատարկ բան է ինձ համար: Մենք իրար շատ կսիրենք: Յուտլանդիայում2  նա, հավանաբար, մի մորաքույր կունենա: Մենք կցանկանանք Յուտլանդիա մեկնել: Կոպենհագենում, անշուշտ, նրան ամեն ինչ ծանոթ կլինի: Յուտլանդիայում պետք է որ մի փոքրիկ քաղաք լինի՝ աղյուսե եկեղեցով և շուկայի հրապարակում ծաղկած ծառերով: Քնելուց առաջ մենք կթափառենք արահետներով ու փողոցներով, ապա՝ միջգյուղական ճանապարհի երկայնքով: Այդ ընթացքում Ինգեն կպատմի իր քրոջ մասին, որը հավանաբար բնակվելիս կլինի ԱՄՆ-ում, ինչպես նաև կխոսի դեպի Լոնդոն հնարավոր ճամփորդության մասին: Ապա առաջին աստղը կփայլի վերևում, և մենք այլևս իրար բան չենք ասի:
Այո՛, նա կխոսի գերմաներեն: Իհա՛րկե, կխոսի: Նա այնքան հիանալի տոնայնությամբ կարտաբերի բառերը, ինչը այստեղ շատ մարդկանց է բնորոշ ՝ դեռևս ոչ հստակ և ոչ այնքան ճշգրիտ:
-Ուտելու բան պատվիրե՞մ,- կհարցնի նա: Իսկ ինչո՞ւ չպետք է հենց այդպես հարցնի: Եվ նա ինձ կասի.
— Kopenhagen ist selbstfroh.
«Selbstfrohե նշանակում է «գոհ լինել ինչ-որ բանից»: Նա որոշ արտահայտություններ իր նախընտրած ձևով կարտաբերի: Ականջներով և բոլոր զգայարաններով հիանալի կլինի ընկալել գերմաներենը նոր և անակնկալներով լի տարբերակով: Դա նման է այն բանին, որ ինչ-որ մեկը պետք է նորովի վերարտադրի լեզուն: Նրա համբույրը աղի հա՞մ կունենա: Դա փորձել է պետք: Ամեն ինչ կտեսնենք:
Քաղաքային խորհրդարանի շենքը՝ արևի վերջին ճառագայթներով ողողված, ոսկու պես փայլում է: Կինոթատրոնի ցուցափեղկերից փողոցին են նայում լուսանկարներ, որոնց վրայից կինոաստղերի դեմքերը այնպես քաղցր ու ախորժալի են նայում, կարծես դանիական տորթեր լինեն: Իսկ  Թիվոլիի3   դիմաց մի մարդ է կանգնած և երգ է երգում, որը ես նախկինում կարծես թե արդեն լսել եմ:
Թիվոլիի հետ են կապված դանիացի բոլոր նավաստիների կարոտները, որոնք ներկայումս մեծ ծովերում են: Թիվոլի՝ մտածում են նրանք, երբ ալիքներն են մագլցում, Թիվոլի՝ ածխահորերում, Թիվոլի՝ Բրոդվեյիվրա:
Ահա բարձրության վրա՝ դեպի երկինք ձգվող մի կետում, կանգնել է մի գերմանացի արտիստ՝ սպիտակ նեղ հագուստով: Նա պատրաստվում է օղակի միջով ցատկել:
-Ուշադրությո՜ւն,-բղավում է նա: Իսկ մարդիկ գոռգոռալով ծիծաղում են այդ բացօթյա կինոթատրոնի դիմաց: Ես էլ մտածում եմ Ինգեի մասին: Ինգեի ընդմիջումը:
Vivel ռեստորանի մոտ մատուցողները՝ անձեռոցիկները ձեռքներին, անհանգիստ այս ու այն կողմ են վազվզում: Եվ հենց ավագ մատուցողը մատով նշան է անում, ծովատառեխի մի ամբողջ նավատորմ է տեղում կրկնակի բացված դռներից ներս: Ամեն դեպքում ցանկալի է, որ ծովատառեխ լինի: Միայն թե պետք է իմանալ՝ դանիական «ստամոքսը» ներսից ինչ տեսք ունի: Դա պարզապես աներևակայելի է:
Արդեն ժամը ինն է: Հիմա ես ուզում եմ Ինգեի մոտ գնալ: Հա՜: Եվ հենց մենք յուտլանդական քաղաք ժամանենք, բացված պատուհանից կհնչի «Allways» վալսը: Ես դա առանձնահատուկ եմ մտածել: Այդ ժամանակ էլ մենք կպառկենք քնելու:
***
Շա՜տ ափսոս: Ինգեն բնավ էլ աղջկա անուն չէ: Այն նշանակում է դադար չկա : Առանց դադարի երկու նվագախմբերը նվագելու էին: Այնտեղ ոչ մի Ինգե էլ չկար: Ծանր քայլերով շտապ դուրս եկա մաքուր օդ: Լուսնի շողերը մեղմ լույս էին տարածում: Ես սխալ էի հասկացել և անօգուտ սիրահարվել:

1.Դանիերենից թարգմանաբար նշանակում է ձուկ:
2.Թերակղզի Եվրոպայում, բաժանում է Բալթիկ և Հյուսիսային ծովերը:
3.Գեղեցիկ զբոսայգի Կոպենհագենում:
4.Նյու Յորքի ամենաերկար փողոցը:

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը

Կարծիքներ

կարծիք