Բարբարոսի արտաքին հարդարանքը

(մտորումներ «Բանինի Կովկասյան»1 օրեր  գրքի շուրջ)

Այս հեղինակի մասին լսել եմ վաղուց: Տարիներ առաջ Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող գրողների միութենական խորհրդակցություններից մեկում, պաշտոնական շրջանակից դուրս, խոսք բացվեց դիասպորայի, այլ խոսքով` սփյուռքի գրականության մասին: Խոսեց նաև մեր մեջ գտնվող ադրբեջանցի մի գրող, հիշեց Բանինին` նշելով, որ ֆրանսիական արդի գրականության խոշորագույն դեմքերից է, գրեթե Նատալի Սարրոտին հավասար:

Ես, որ Շահնուրի և Կոստան Զարյանի, Սարոյանի և Մայքլ Առլենի, Ադամովի և Վահե Քաչայի տերն եմ, բնավ պատճառ չունեի նման հայտարարությունից նախանձով լցվելու, մանավանդ որ կողքիցս հնչած պատասխանն այդ հարցը փակեց. «Նատալի Սարրոտին լավ գիտենք, ֆրանսիական արդի արձակն էլ քիչ թե շատ գիտենք, բայց ձեր ասած գրողի մասին չենք լսել»: Հետագայում ևս մեկ-երկու անգամ խոսք բացվեց այս գրողի մասին, և ամեն անգամ` որպես արդի ֆրանսիական, եվրոպական, համաշխարհային գրականության խոշոր դեմքերից մեկը:

Նավթարդյունաբերող, մուսավաթական նախարար, բազմամիլիոնատեր Շամսի Ասադուլաևի դուստր, ադրբեջանցի ֆրանսագիր արձակագիր Բանինը ծնվել է 1905 թ. Բաքվում հայ-թաթարական բախումների օրերին: 1924 թ. գաղթել է Փարիզ և այնտեղ ապրել իր ամբողջ կյանքը` մինչև 1992թ.: Տպագրել է մի քանի գիրք (ըստ որում` բավական պատկառելի հրատարակչություններում), որոնցից բախտ եմ ունեցել կարդալու միայն «Կովկասյան օրեր» հուշապատումը` երկու հարյուր վաթսուն խիտ էջեր բազմաթիվ լուսանկարներով2 :

Այսպիսով, Բանինի անվանը բազմիցս պիտի հանդիպեի անցած տասնամյակների ընթացքում: Դրանցից ամենատպավորիչը, թերևս, ադրբեջանցի գրաքննադատ և արձակագիր Էլչինի ընդարձակ հրապարակումն էր «Լիտերատուրնայա գազետա»-ի էջով մեկ: Թերթն ասես կաշվից դուրս էր գալիս Սումգայիթի, Բաքվի և Գանձակի սահմռկեցնող խժդժությունների տպավորությունը մեղմելու, ադրբեջանցիների մասին հնարավորին չափ դրական պատկերացումներ ստեղծելու համար շուրջ չորս միլիոն տպաքանակ ունեցող թերթի ընթերցողների մեջ, որոնց մի զգալի մասն, ի դեպ, առանձնապես մեծ տարբերություն չէր տեսնում հայերի և ադրբեջանցիների միջև:

Ավելին, բանից անտեղյակ մարդը չէր կարող հարգանքով չլցվել այդ հեղինակի, գուցե և ադրբեջանցիների հանդեպ, օրինակ` այսպիսի տողեր կարդալուց հետո. «…և Փարիզն արդեն նրա համար բնակեցված էր բարեկամներով. Արագոն, Սարտր, Էլյուար, Մոնտեռլան, Տրիոլե, Կ. Ռոյ… Փարիզը միաժամանակ բարեկամ վտարանդիների ապաստանն էր. Բունին, Ա. Տոլստոյ, Շալյապին, Զ. Գիպպիուս, Տեֆֆի… » («Լիտերատուրնայա գազետա », 26 հուլիսի, 1989):

Իհարկե, մեզ քաջ ծանոթ է նման հրապարակումների խոհանոցը: Բացի այդ, դժվար է ասել, թե բարեկամությունը, նման պարագաներում, կարող է նաև վերոհիշյալ անձանց մասնագիտական գնահատությունը լինել: Ի վերջո, հայտնի է ֆրանսիական բարեկրթությունը, երբ ստացված և նվիրաբերված գրքերը մեծ մասամբ ընթերցվում են և, ինչպես պահանջում է գրական վերնախավի չգրված օրենքը, պատասխանվում են խրախուսանքի և երախտագիտության մի քանի հանրահայտ ու ընդհանուր ֆրազներով: Ի դեպ, եթե ֆրանսերեն իմացող մեկը չծուլանա և թերթի, ասենք, Շահան Շահնուրի արխիվի մի չնչին մասը, որ անխռով ննջում է մեր գրական թանգարանում, ապա այնտեղ` իսկական ու բարձր գնահատությունների կողքին, կգտնի քաղաքավարական նման անթիվ փաստաթղթեր ֆրանսիական գրականության գրանդների ստորագրությամբ:

Այնուհանդերձ, Էլչինի հրապարակումն իր ազդեցությունը թողնում էր, անգամ եթե քաջ ծանոթ ես այս խոհանոցին: Հոդվածում բերված այս տպավորիչ անուններին ավելացել էին խանումի թղթակցության որոշ դրվագներն Իվան Բունինի հետ: Չգիտեմ, պատահակա՞ն են ընտրված այդ պատառիկները, բայց ստացվում էր մի անջնջելի տպավորություն, որ Նոբելյան մրցանակակիր ռուս մեծ դասականն ուշիմ աշակերտի պես, սուսուփուս, գլուխը կախ լսում է արևելցի կնոջ դասերն ու խրատները:

Բանինը Բունինի (ներողություն այս ակամա հանգավորման համար) մասին գիրք ունի գրած, հավանաբար այնտեղից կարելի է իմանալ բարոյախրատական այս կազուսի պատճառները: Ընթերցողները, չգիտենք, այդ գիրքը կկարդան, թե ոչ, բայց «Լիտերտուրնայա գազետա»-ի հրապարակումը նրանց հիշողության մեջ ամրապնդեց եվրոպացի, քաղաքակիրթ, եթե կուզեք, նույնիսկ բարձրաշխարհիկ ադրբեջանցի խանումի կերպարը:

Ահա այսպե՛ս: Հրաշալի դաս հայ մտավորականներին առ այն, թե ինչպես կարելի է գրական-մշակութային անսեթևեթ նյութը միջակ պերսոնաժով, եվրոպական որոշ առասպելաբանությամբ համեմելով դարձնել քաղաքական պայքարի զենք: Մի ձեռքով մարդ կեր, բռնաբարիր, մորթիր, թալանիր, մյուս ձեռքով բարձրաշխարհիկ քրոնիկոն մատուցիր միամիտ ընթերցողներին: Կարծում եմ` այս հարցում մեկնաբանությունների կարիք չկա, մանավանդ որ հարկ է խոսել Բանինի հետ ունեցած իմ հեռակա մեկ այլ հանդիպման մասին:

Փարիզում լույս տեսնող «Յառաջ»-ի 1990 թ. հունիսի 3-ի համարում տպագրվել էր Մարկ Նշանյանի «Արդիական սկզբունք» հոդվածը` ֆրանսերեն, որն ինձ ծանոթ էր վաղուց, անտիպ տարբերակով, սակայն առաջին իսկ հայացքից անծանոթ պարբերություններ նկատեցի, և, ո՜վ զարմանք, Բանինի մասին այս անգամ արդեն խոսում էր ֆրանսահայ գրականագետը:

Համառոտակի ներկայացնելով ադրբեջանցի գրողին` Մ. Նշանյանը գրում է, որ Բանինն «այս տարվա հունվարին «Մոնդ» օրաթերթում հրապարակել է մի նամակ, ուր բացատրում է, թե Ղարաբաղը չի կարող պատկանել հայերին»:

Ութսունհինգամյա այս յազիջի3  մադամն ինձ համար սկսում էր դառնալ հետաքրքրության լուրջ առարկա: Արագոնի և Սարտրի ընկերն Արցախի հարցում կանգնել էր Անարի և Վահաբ-զադեի պլատֆորմին: Հատկապես շեշտում եմ Սարտրի անունը, մի մտավորական, որն անցյալ դարի հիսնական թվականներին, Կամյուի և ֆրանսիական մշակույթի այլ ականավոր դեմքերի հետ մեկտեղ, պահանջում էր ապագաղութացնել Ալժիրը:

«Սակայն անսպասելին հայտարարությունը չէր Արցախի մասին: Մ. Նշանյանի հոդվածում բերված Բանինի տողերն ապշեցնում էին իրենց լպիրշությամբ և սադիզմով: Խնդրո առարկա գիրքն ընդհանրապես հուշագրություն է ծայրեծայր: Դրվագներից մեկում հեղինակը պատմում է ամառանոցային հարևաններից մեկի աղջկա` Թամարայի մասին: Հրեշտակային գեղեցկության մի էակ, հայ մոր և օսմանցի հոր խառնուրդ:

«Թամարան շատ թանկ էր վճարում այն բանի համար, որ մայրը հայ է»,- գրում է Բանինը: Այնուհետև պատմում է, թե ինչպես իր զարմիկները, տասներեք-տասնչորս տարեկան երկվորյակները` Ասադ և Ալի անունով, տևականորեն խոշտանգում էին այդ աղջնակին իր միակ և անշտկելի «մեղքի» համար.

«-Թամարա, դու անարգ և կեղտոտ հայ ես,- ասում էր Ալին` կսմթելով նրա ձեռքը…

Թամարան ցավի մի ճիչ էր արձակում, հետո ընկճված հառաչում և իջեցնում իր սքանչելի գլուխը:

-Թամարա, արի շտկեմ քո հայի կեղտոտ և ծուռ քիթը,- գոռում էր Ասադը և ամբողջ ուժով քաշում Թամարայի փոքրիկ և անթերի ուղիղ քիթը:

Արցունքները հոսում  էին նրա աչքերից, բայց նա լուռ էր… »:

«Գործող անձինք», ինչպես տեսնում ենք, դեռ երեխաներ են, սակայն մեծահարուստների, նավթարդյունաբերողների զավակներ, ուստի նրանք հազիվ թե իրենց կյանքի փորձից քամեին այս պաթոլոգիկ հայատյացությունը: Երեխաները կրկնում են այն, ինչ խոսվում է տանը: Հայատյացությունը, ռասիզմն ընդհանրապես, ծայրաստիճան անհանդուրժողականությունը բոլոր այլազգիների և հատկապես քրիստոնյաների նկատմամբ նրանք ժառանգել են իրենց ծնողներից: Սա նույնիսկ ծիսական առասպելի պես մի բան է, որ փոխանցվում է սերնդից սերունդ և բնավ ենթակա չէ քննական հայացքին: Այլ խոսքով, ստացվածքն անխաթար ձեռքից ձեռք է անցնում, և ոչ մի ստացող պարտավոր չէ իր համար պարզել դրա ծագումը և անհրաժեշտությունը: Նույնն է թե փորձ անես պարզելու հարսանեկան ծեսերը կամ կրոնական պարտադրանքները. այսպես է և վերջ, կատարիր և մի մտածիր:

Ստորև բերվող ընդարձակ նկարագրությունը մեր ասածի հաստատումն է: Շարունակելով թրքուհի (հետո՞ ինչ, որ մայրը հայ է, ասում են` Աբդուլ Համիդի մայրն էլ հայ էր) Թամարայի խոշտանգումների և ծաղրուծանակի նկարագրությունը` Բանինը բավական չեզոք ոճով պատմում է. «Տոն օրերին մենք խաղում էինք հայկական ջարդեր, մի խաղ, որ գերադասում էինք մյուս բոլորից: Ցեղապաշտ կրքերով արբած` մենք զոհաբերում էինք Թամարային նախնյաց ատելության խորանի վրա: Նախ, ուզածին պես մեղադրում էինք նրան մահմեդականների սպանության մեջ և բազում անգամներ, իրար ետևից, տեղնուտեղը գնդակահարում` շարունակ նորոգելու համար մեր հաճույքը (ընդգծումը մերն է.- Ալ.Թ.): Այնուհետև, երբ արդեն լավ գինովցած էինք նրա արյան տեսքից, Թամարային հարություն էինք տալիս` ի պետս մեր դատի, որպեսզի այս անգամ նրան սպանենք համաձայն արվեստի (խոսքը, հավանաբար, մարդասպանության «արվեստի» մասին է.- Ալ. Թ.) բոլոր կանոնների: Նրա ձեռուոտը կապում էինք և շպրտում գետին, հետո կտրում էինք նրա մարմնի մասերը, լեզուն, գլուխը, պոկում սիրտն ու փորոտիքը և նետում շներին, որպեսզի ավելի ընդգծենք մեր արհամարհանքը նրա հայկական մարմնի հանդեպ: Երբ, վերջապես, բավականաչափ հագեցնում էինք մեր վայրագությունը և այլևս ոչինչ չէր մնում թշվառ աղջկանից, սկսում էինք պարել նրա դիակի շուրջը` ճոճելով մեր փայտե հրացանները և գազանային ոռնոցներ արձակելով… »:

Ես բախտ չեմ ունեցել աչքովս տեսնելու, թե ավելի ուշ «Широко шагай Азербайджан»4-ում երեխաներն ինչ խաղեր էին խաղում, ոչ էլ «եղբայրական» հանրապետության գրողների գործերում եմ կարդացել և հազիվ թե կարդայի. ի տարբերություն փարիզաբնակ խանումի` նրանց գրքերը հսկվում էին գրաքննությամբ: Սակայն կարող ենք անվարան ասել, որ Սումգայիթում, Գանձակում և Բաքվում միևնույն և ավելի սոսկալի բաները զանգվածաբար անող ամբոխը կազմված էր նման «երեխաներից», այն տարբերությամբ, որ նրանք շքեղաշուք տներում չէին ապրել, Գերմանիայից բերված դաշնամուրների վրա Մոցարտ ու Լիստ չէին նվագել և մանավանդ եվրոպացի դաստիարակչուհիների խնամքի տակ չէին մեծացել: Հետաքրքիր է, Հիտլերի իշխանության օրոք գերմանացի երեխաներն արդյոք խաղո՞ւմ էին «հրեական ջարդեր»… Այդ մասին երևի Էռնստ Յունգերը պիտի գրեր իր առաջաբանում:

Այս տեսարանին, սակայն, հաջորդում են նույնքան քստմնելի նախադասություններ . «Երբ տեսադաշտում որևէ դաստիարակչուհի էր երևում կամ հասուն մարդ, անմիջապես ոտքի էինք հանում կիսամեռ Թամարային, բռնում նրա ձեռքը և, մանկական երգեր երգելով, եղբայրական շուրջպար բռնում»:

Ընթերցողին պիտի հավաստիացնեմ, որ ջանացել եմ ծայրաստիճան հարազատորեն ներկայացնել Բանինի տեքստը և հատկապես որոշ ածականներ թարգմանելիս հավատարիմ մնալ օթելլոյական պատվիրանին. «Ո՛չ ավելացնել, ո՛չ պակասեցնել չարամտորեն»: Այսինքն` կարիք էլ չկար: Տեքստի բուն տրամաբանությունն այնպիսին է, որ որևէ միջամտություն, բարի թե չար կամքով, էական փոփոխություն չի կարող մտցնել, և մանավանդ կծու ճաշին կարիք չկա պղպեղ ավելացնել:

Այն, որ Բանինը իսկապես անխաթար է ներկայացրել իր մանկության դրվագները, ընթերցողը կնկատի առաջին իսկ էջերից, ուստի պատմելով երկերեսանիության և կեղծավորության պժգալի տեսարանը, հեղինակը ցանկություն չի ունեցել ընթերցողի ուշադրությունը բևեռել առանձնահատուկ մի բանի վրա: Գրել է, որովհետև հիշել է: Առանց որևէ փոփոխության, առանց խմբագրման պատմել է այն, ինչ պահպանել է հիշողությունը: Եվ պատմել է անմասնակից, չեզոք, անտարբեր ոճով: Ասես խոհանոցի մասին է պատմում կամ իրենց ընտանեկան համամի, այսինքն` ներողություն, խոհանոցի և բաղնիքի վերհուշները գրքում չափազանց աշխույժ են:

Մոնտեռլանի և Էլյուարի բարեկամուհին, տասնամյակներ հետո հիշելով այս ամենը, հարկ չի համարել վերանայել, սրբագրել իր հուշերը, մարդկային արժեքների նոր լույսի ներքո գնահատել իր իսկ գործողությունները (թեկուզ մանկակա՛ն)` կատարված անցյալում: Իրադարձություններն, այո, տեղի են ունենում վաղուց, կիսաֆեոդալական միջավայրում, բայց չէ՞ որ հեղինակն արդեն Փարիզում է, նա գտնվում է գրական-մշակութային, վերջապես, բարոյական մի համատեքստի մեջ, որը պահանջում է վերանայել շատ ու շատ արժեքներ, ինքնաքննադատաբար վերաբերել սեփական անցյալին, հարկ եղած դեպքում ներողություն խնդրել, նույնիսկ մեղա գալ: Սակայն Բունինին դասեր տվող այս խանումը կարիք չի զգացել Փարիզի կենտրոնում գոնե փոքրիկ շտկումներ մտցնել իր հայացքների մեջ, վերանայել իր և իր ժողովրդի վերաբերմունքը մարդկության այն հսկայական հատվածի հանդեպ, որը թուրք ու ադրբեջանցի չեն:

Այլ խոսքով, քաղաքակրթությունը, եվրոպական մշակույթը որքանո՞վ են բարեշտկել Բանինին և նրա միջոցով` ադրբեջանցիներին: Որքանո՞վ են նրանք իրենցը, սեփականը բերել-ավելացրել մարդկության ստեղծածին: Քաղաքակրթությունը և մշակույթն այն ասպարեզներն են, որտեղ բացառվում է պարզունակ և միակողմանի սպառումը: Քաղաքակրթվում է նա, ով իրենն է դնում ընդհանուր գործընթացի մեջ, և քաղաքակրթվում է այնքանով, որքանով ներդնում է: Թեկուզ փոքրիկ, թեկուզ աննշան: Կարևորը սեփական լուման դնելն է: Կարևորը ձգտումն է:

Այսօր չափազանց կարևոր է պարզել, թե Բաքվի հարուստ ապարտամենտներում և առանձնատներում սերտած Բախի խորալները, ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի դասերը դարձե՞լ են, արդյոք, այն սերմերն ավետարանական, որոնք ընկան պարարտ ու բարեբեր հողի վրա և ծիլ տվեցին: Ոչինչ, որ խոսքը մահմեդական կնոջ մասին է, չէ՞ որ ավետարանական ճշմարտությունը համամարդկային է: Եվ հասկանալի է, որ խնդիրը միայն Բանինի անձը և ստեղծագործությունը չէ. սա հերթական առիթ է` պարզելու, թե ինչպիսին է լինելու մեր հարևանների հետագա ուղին մարդկության ընտանիքում: Այն շտկած ու սիրունացրած ֆասադը, որով ներկայանում են աշխարհին, օրերից մի օր պիտի դառնա՞ բովանդակություն: Պիտի շարունակե՞ն իրենց տան մեջ այլազգիներ մորթել, բռնաբարել ու այրել, իսկ տեսադաշտում «օտար մարդ» երևալու պահին, այն է` աշխարհի աչքին, մորթված զոհի հետ  «եղբայրական շուրջպար բռնել ու մանկական երգեր երգել»:

Վերոբերյալ տողերը որքան էլ սահմռկեցնող էին, այնուամենայնիվ, ես հույսեր էի փայփայում, որ գիրքն ամբողջությամբ պետք է տարբերվի: Մի կողմ դնելով գրաքննադատիս ու լրագրողիս տասնամյակների փորձառությունը և հանրահայտ ասացվածքը` ծովի համն առնելու համար մի կումն էլ բավական է, ես շարունակում էի հավատալ քաղաքակրթության բարենորոգիչ ազդեցությանը, ես ենթադրում էի, որ ավելի քան վեց տասնամյակ աշխարհի Լույս-Քաղաքում ապրած խանում-մադամը փոքր-ինչ վերանայած պիտի լինի իր ազգակիցների հայացքն այլազգիների և մանավանդ հայերի հանդեպ: Դա պետք է մեզ, և ինչո՞ւ միայն մեզ: Դա պետք է առաջին հերթին իրենց:

Այս սպասումներով ու հույսերով էր, որ վճռեցի ուշադիր կարդալ Բանինի «Կովկասյան օրերը» :

***

Այս ծավալուն ինքնակենսագրությունն ամենայն ուշադրությամբ կարդալուց հետո առաջին բանը, որ անցավ մտքովս, հետևյալն էր. եթե ցանկություն ունենայի ադրբեջանցիներին վարկաբեկել ի լուր աշխարհի, այնպես, ինչպես Զիա Բունիաթովն էր ճիգեր թափում, իսկ հիմա նրա անխոնջ հետևորդները` հայերին վարկաբեկելու համար, ապա դեսուդեն չէի ընկնի, կտպագրեի միայն Բանինի «Կովկասյան օրերը», մանավանդ որ հեղինակն էլ իրենց միջից է, ադրբեջանցի է, մանավանդ որ իրենք էլ` ադրբեջանցի մտավորակաները, այդ կնոջը մեծարում-փառաբանում են:

Երկրորդ գյուտը, որ արեցի հետևյալն էր. շատ կասկածելի է, թե Էլչինը և մյուս նրանք, ովքեր փառաբանում են Բանինին, կարդացել են այս գիրքը: Ավելին, կարելի է համոզված ասել, որ չեն կարդացել, այլապես հազիվ թե քաղաքակիրթ երևալու իրենց նկրտումների մեջ նրան դրոշ սարքեին: Նրանք այսօր միայն հաճոյախոսություն են ուզում լսել, ամենաչնչին քննադատությունը, նույնիսկ բարեկամների բերանով ասված, մթագին մի կատաղության մեջ է գցում նրանց: Չէ՛, անկարելի է, որ նրանցից որևէ մեկը կարդացած լիներ այս գիրքը:

Ինչ որ է, այս հարցը թողնենք իրենց` ադրբեջանցիներին, ինչ վերաբերում է ինձ, ապա գրքի յուրաքանչյուր էջի հետ անհետանում էին իմ չնչին հույսերը` այնուամենայնիվ մարդկային մի բան գտնել  Փարիզի գրական սալոններում մուտք ունեցող այս խանումի երկի մեջ: Ըստ որում, մոտ կես դար առաջ Բաքվից բերված և գիտակցության խորքերում անխաթար պահպանված բարբարոսության վկայությունները պետք չէ խոշորացույցով փնտրել. բառացիորեն ուզած էջում կարելի է մի խայտառակ բանի հանդիպել:

Բայց սկսենք մեզ ամենից շատ հետաքրքրող նյութից` նրա վերաբերմունքը հայերի հանդեպ, որն, ինչպես ասացինք, Եվրոպայում ապրած երկար տարիներից հետո գոնե փոքր-ինչ պիտի փոփոխված լիներ: Բայց, ավա՜ղ, ես պիտի համոզվեի, որ հայատյացությունը նրանում դարձել է ավտոմատիզմի պես մի բան: Եվ ոչ միայն հայատյացությունը: Խնդրեմ, հեղինակի այս խոստովանությունը.  «Եվ ես դասում էի անգլիացիներին միևնույն գզրոցում, ուր արդեն գտնվում էին հայերն ու հույները: Գզրոց` հատկացված այն ազգերի համար, որոնց ես համարում էի ծածկամիտ և վնասակար»:

Լավ, հայերին գիտենք, թե հեղինակն ինչու է այդպիսին համարում: Հույներն էլ դժվար չէ կռահել, թե ինչու են ընկել այդ չարաբաստիկ «գզրոցը», բայց անհասկանալի է անգլիացիների պարագան, քանզի ադրբեջանցիք, իրենց թուրք եղբայրների պես, լավ ու վատ կարծիքները որևէ ժողովրդի մասին կազմում են զուտ իրապաշտ հաշիվներից ելնելով: Այդ դեպքում սա ի՞նչ ապերախտություն է, մոռացա՞վ խանումը, որ անգլիացիները լուրջ ներդրում ունեն Ղարաբաղն ադրբեջանցիներին նվիրելու «գործում»:

Բայց ինձ ավելի մեծ հայտնություն էր սպասվում: Այն, որ Բանինը հայերից, հույներից ու անգլիացիներից ավելի շատ ատում է իր ազգը: Այսինքն` ես գուցե սխալ բնորոշեցի. ատելությունը երբեմն ազնիվ, արդարացնող դրդապատճառներ է ունենում: Բանինն, ավելի շատ, իր ժողովրդին նայում է վերևից, արհամարհում, զզվում նրանից:

Նա իր ազգին կապված է գերազանցապես արյունով և որոշ չափով էլ` ժառանգականությամբ: Վերջին հանգամանքն ավելի շատ արտահայտվել է ավանդական-ծիսական ստացվածքներով, որոնց մասին արդեն խոսվեց: Այն կյանքը, որով ապրել է Բանինը իր ծննդյան օրից, պիտի ստեղծեր պատմասոցիալական ճամփաբաժանին կանգնած մի տիպ, որը մշակութային ոչինչ չունի ստանալու իր հողից ու ժողովրդից, իսկ նոր ստացած այլ մշակութային հարուստ շերտերն ստեղծել են արժեքների մի ամալգամ, որի մեջ իսպառ բացակայում է հումանիզմը` մշակույթի արյունը:

Ինչո՞վ է կապված հեղինակն իր ժողովրդին. լեզվո՞վ: Իր մանկությունը` լեզուն յուրացնելու ամենաբարեբեր շրջանը, հեղինակը որակում է այսպես` «կես արևելյան, կես գերմանական, ավելի ուշ` ռուսական՚: Խոսելով քույրերի (որոնցից ամենակրտսերն ինքն է) և իրենց տատի հարաբերությունների մասին` Բանինը գրում է. «Մենք, որ հասակ էինք առել նրան (տատին — Ալ. Թ.) բացարձակապես օտար մի մթնոլորտում, խորհրդանշում էինք անցյալի ժխտումը: Մենք հազիվ էինք խոսում ազիրի (հեղինակն այդպես է գրում` l’aziri — Ալ. Թ.) լեզվով: Ճիշտ է, որ գործածական բառերը շատ հաճախ պակասում էին մեզ, բայց փոխարենը մեր հայհոյանքների շտեմարանը շնորհիվ նրա (դարձյալ նույն տատն է — Ալ. Թ.) զարմանալիորեն հարուստ էր: Ես նրան հիշում եմ շարունակ հայհոյելիս, սաստելիս և սրտնեղելիս»:

Ինչո՞ւ ոչ, հայհոյանքներն էլ լեզվի իմացության մասն են կազմում, պայմանով, որ գիտես կամ բավարար չափով տիրապետում ես ամբողջին: Սակայն հարցն այն է, որ հեղինակը և իր «հերձվածող» քույրերն իրենց մայրենի լեզվին նայել են գերազանցապես հայհոյանքների «երաժշտության» միջով. «Խոսակցական, ավելի շուտ գոռգոռոցի ազիրի լեզուն մեր սեղանի շուրջ հնչում էր կոպիտ և անկանոն. ես երբեք չեմ սիրել այդ լեզուն և, անկասկած, հենց այդ պատճառով երբեք չեմ կարողացել կարգին խոսել՚:

Լեզուն սովորում են ամենօրյա շփումների, համակրանքների և հակակրանքների մեջ: Բանինի մանկական հուշերում հիմնականում հանդիպում է վերջինը. մեկուսացում, տարածություն իր և ազգականների միջև: Հարազատ տատին միշտ հիշում է հայհոյելիս ու չարանալիս. «Լուի 14-րդի պես նստում էր ծակ աթոռին, որի վրա անց էր կացնում օրվա մեծ մասը, և կողքը դնում էր տակը լվալու ամանը»: Միևնույն` օտար մարդու խորթությամբ է նայում իր պապին` առասպելականորեն ժլատ մի մարդ: Ածականներն ու ընդհանուր շեշտն ավելի հանդուրժողական են դառնում, երբ հերոսուհին խոսում է հոր մասին, սակայն չէի ասի, թե ջերմություն է զգացվում դրանցում: Մոր մասին գրեթե խոսք չկա, քանի որ այդ կինը մահացել է հերոսուհուն ծննդաբերելիս:

Անսքող զզվանքով, ատելությամբ ու արհամարհանքով է հիշում հեղինակն իր բազմաթիվ ազգականներին. «Մեր աղքատ ազգականների թաց համբույրները միակ անպատեհությունը չէին: Անհամեստությունը նրանց ուտում էր և մղում խիզախություններ գործելու, նրանք ներխուժում էին մեր ննջասենյակները, երբ քնած էինք լինում, բացում մեր բոլոր դարակներն ու պահարանները, որպեսզի ստուգեն մեր իրերը, շոշափեն մեր զգեստները, որպեսզի կերպասի արժեքն իմանան, շոշափում էին նաև մեր կրծքերը, որպեսզի տեսնեն` արդյոք լա՞վ են աճել: Նրանք ուզում էին ամեն ինչ իմանալ և անդադար հարցեր էին տալիս: Օրինակ` ո՞րն է մեզնից արդեն սեռահասուն և երբվանի՞ց… Նրանք ականջ էին դնում դռների ետևից, աչքերը հպում մեր պատուհանների ապակիներին և ամեն ինչից ապուշ կտրում. դաշնամուրից, լարովի խաղալիքից, թենիսից… »: Հեղինակը չի թաքցնում իր եղկանքը նաև սրանց երեխաների հանդեպ. «Ոջլոտ, խլնքոտ, ճղճղան` այս երեխաներն իմ մեջ գարշանք էին առաջացնում, և ես բնավ ճիգ չէի գործում այն թաքցնելու»:

Գուցե աղքատությունից է, որ այս թշվառ մարդիկ հեղինակի հուշերում սվիֆտյան եհուների կերպարանքով ու վարքով են պահպանվել: Գուցե դրամը, եվրոպական կենցաղը, նոր հարաբերությունները հղկում էին այս անտաշ և իսկապես գարշահարույց ռամիկներին: Բայց, ավա՜ղ, կամ հեղինակը շարունակում է մնալ անողոք, կամ դրամն անզոր է որևէ բան կատարելագործել այս մարդկանց մեջ: Կարծում ենք` թե՛ մեկը, թե՛ մյուսը, և մանավանդ մյուսը` դրամը, որ բարեկրթելու փոխարեն երբեմն ավելի է սանձազերծում ստոր կրքերը և անասնական բնազդները:

Օրինակ` հեղինակին հիացմունք են պատճառում իր քեռու` Սուլեյմանի (մեծահարուստի որդի մեծահարուստ) նկարագրի մի քանի գծերը և որոշ սովորույթներ: Տեսնենք` որոնք են. « Նա հրաժարվել էր անհավատալի տուգանք մուծել բեռլինյան ոստիկանին, երբ ցանկություն էր ունեցել գերմանական մայրաքաղաքում, չնայած հատուկ արգելքներին, ամբողջ օրը փողոցում թքել: Մի ուրիշ անգամ հյուրանոցներից մեկի վերելակի աշխատողին ստիպել էր մի հարյուր անգամ, անդադար վերուվար անել: Մեր կողմի երգերն էր երգել Փարիզի օպերայի ճեմասրահում, պանդոկի սենյակի պատշգամբից միզում էր, իր ահադղորդ զկռտոցներն էր գցում «Մաքսիմ» ռեստորանում: Իսկ արտասահմանից վերադառնալիս… նա միայն նվերներ չէր բերում, այլև ամենավայելուչ հյուրանոցներից գողացված իրեր… »:

Ինչպես արդեն ասվեց, այս «գծերը» զմայլանք են պատճառում հեղինակին: Ավելին`«ինքնատիպության լուսապսակի» մեջ են ներկայացնում առասպելական հարստության տեր Թաղիևի զավակ քեռի Սուլեյմանին: Այնպիսի տպավորություն է, կարծես հուշերի հեղինակը նպատակադրվել է իր ընթերցողին համոզել, թե անասնականությունն իր ցեղի ու տոհմի ամենացայտուն գիծն է: Եվ եթե չես ուզում հավատալ դրան, միևնույն է, հեղինակն իր հետևողական աշխատանքով նկատելի արդյունքների է հասնում: Ըստ որում, ասես նրա նպատակը միայն իր տոհմը խայտառակելը չէ, այլև ամբողջ «ազիրի» ժողովուրդը, ինչը դարձյալ բարեհաջող ի կատար է ածվում: Սակայն շարունակենք ծանոթանալ Թաղիև-Ասադուլաև դաշինքի անդամներին:

Քեռի Սուլեյմանի արու զավակները` վարպետորդի սադիստներ Ասադն ու Ալին, կարելի է ասել, որ շատ բաներով գերազանցում են իրենց հորը: Ահա հեղինակի բնութագիրը նրանց մասին. «Առավել քան ազատամիտ մի բարոյականությամբ նրանք ստում էին, լրտեսում, մատնում և, եթե պատեհ առիթ էր հանդիպում, նույնիսկ գողանում էին: Ճարպիկ ձեռքով թռցրած դրամը սահեցնում էին իրենց գրպանը»:

Սիրելի ընթերցող, դու չափազանց միամիտ կլինես, եթե կարծես, թե այս բնութագրումներն ասվում են պախարակիչ շեշտերով: Ամենևի՛ն: Այս սանձարձակ լակոտների մասին հեղինակը խոսում է անթաքույց հիացմունքով. «Նրանց ընկերակցությունը ես փնտրում էի անհագ ցանկությամբ»: Այդպես էլ գրել է. «Անհագ ցանկությամբ»:

Եվ ինչի՞ց էին խոսում կամ ի՞նչ էին անում այդ ընկերակցության մեջ, որ այդպես ոգևորում էր նրբաճաշա՜կ հեղինակին: Մինչև այս մանրամասներին անցնելը ես պիտի ներողություն խնդրեմ ընթերցողից որոշ բառեր ու երևույթներ բացեիբաց, ստիպողաբար, սեփական տեքստ ներմուծելու համար: Չէ՞ որ խոստացա օթելլոյական պատվիրանը չխախտել: Այսպիսով, այդ ի՞նչ մի արտակարգ բաներ էին անում Ասադն ու Ալին (բռնաբարությունից ու խոշտանգումներից, ստախոսությունից ու գողությունից զատ), որ այդպես անջնջելի տպավորվել է Բանինը. «Նրանք առատորեն խոսում էին մարսողության և դրան հաջորդող բանի մասին` իրազեկորեն վիճելով և բանիմաց մարդու բացատրություններ տալով… »:

Իսկ հիմա ընթերցողին խորհուրդ եմ տալիս քիթը բռնել, քանի որ դեֆեկանտության տեսական մարզանքներից պիտի անցնենք ասադալիական պրակտիկային` գեղագիտական թեքումով և, իհարկե, այնտեղ, ուր այդ բանն արվում է, այսինքն` պետքարանում. «Ինչպես մարդիկ նկարում են սանգինայով, մատիտով կամ պաստելով, Ասադն ու Ալին մատները թաթախում էին (պետք է՞ ճշտել, թե ինչի մեջ — Ալ. Թ.) և նկարում պետքարանի ճերմակ պատերին: Այդ արտաքնոցներից մեկը, որտեղ նրանք շատ էին սիրում իրենց երկարաժամյա այցելությունները կատարել, զետեղված էր ռոմանտիկ տեսքով մի աշտարակում, և պատերն ամբողջովին նախշված էին նրանց ձեռքով: Այդ ճերմակ պատերը ծածկված էին այնպիսի ստեղծագործություններով, որոնց մեջ գրեթե քնարականություն կար, քանի որ նրանք ծաղիկներ նկարում էին նույնքան լավ, որքան խայտառակ պատկերները»:

Շտապենք դուրս գալ այս զարդարուն պետքարանից, քանզի եթե հեղինակն է ասում, թե դրա «մասնահատուկ հոտը մինչև այժմ մնացել է քթումս», ապա մենք բնավ պարտավոր չենք նրա հետ վայելելու այդ «բույրը»: Եվ, վերջապես, հեղինակի հիացմունքի պատճառները պարզելու նպատակով արժե հիշել նաև այն տեսարանը, որտեղ Ասադը, փաստորեն ոչինչ բանի համար, նավթ է լցնում իր ազգականներից մեկի վրա և լուրջ փորձ անում վառելու:

Արևելքին հատուկ հարգանքը մեծերի հանդեպ, անբեկանելի ավտորիտարիզմը բացակայում են: Բանինի գրքում բոլորը ներկայանում են ծիծաղելի գծերով, հեգնանքի, արհամարհանքի արժանի: Հոգեբանական բարդ և հակասալից իրավիճակում է գտնվում նրա ինքնակենսագրության հերոսուհին: Որքան ավելի շատ է զգում իր ազիրիությունը` մարմնապես, թե հոգեպես, այնքան ավելի մեծանում է մեկուսանալու, օտարանալու ձգտումը: Տեղ-տեղ սա դառնում է զզվանք ինքն իրենից, իր ազգից: Օրինակ` ադրբեջանցի կանայք, որոնց մեծ մասն իր ազգականներն են, նրանում խիստ բացասական հույզեր են առաջացնում. «Նրանք ահավոր մի ժխոր էին ստեղծում, որի կողքին գորտերի գիշերային կռկռոցը քնքույշ կարկաչ էր»: Եվ ոչ միայն ժխորը: Հեղինակն էական, կազմախոսական թերություններ է տեսնում նրանցում. «Այս կանայք, գրեթե բոլորը, վատ կառուցվածք ունեին. վճարը գուցե մի կյանքի, որ մեծ մասամբ անցնում էր գետնին նստած: Միայն փոր էր երևում և կախ ընկած կրծքեր, նրանք մազոտ մարմին ունեին, կարճ վիզ և հսկա հետույք»:

Բանինի հերոսուհին շարունակ իրեն նեղված է զգում սեփական ազգի ֆիզիկական պակասավորության համար: Նրա գրքի էջերում ադրբեջանցի կանայք գրեթե բոլորն այլանդակ են, մազոտ, սև, բեղավոր, զուրկ տարրական կանացիությունից, հմայքից: Օրինակ` պատմում է, թե ինչպես իր քույրերից մեկը` Լեյլան, «պոկոտում էր գրենադերի իր բեղերը և դեմքի մեկ երրորդն զբաղեցնող հոնքերը», ինքը` հերոսուհին էլ շարունակ տառապում է այդ պակասավորությունից, երազում, որ օրերից մի օր կարթնանա և իրեն կտեսնի շեկ մազերով, ինչպես իրենց գերմանացի դաստիարակչուհին` ֆրոյլայն Աննան, գրքի հազվագյուտ լուսավոր կետերից մեկը:

Հերոսուհու թերարժեքության զգացումի այս տվայտանքները հիշեցնում են անդերսենյան Անճոռնի ճուտիկի բարդույթը, այն տարբերությամբ, որ սագերի մեջ տառապում է ոչ թե կարապը, այլ նույնանման մի սագ: Այս տանջահարույց բարդույթով հեղինակն, ըստ էության, փաստում է, որ ինքը սեփական ազգի տիպական ներկայացուցիչն է:

Սակայն չէի ասի, թե սա բավարար է, որպեսզի «ազիրի» ժողովրդի ներկայությունն զգանք գրքի էջերում: Կարո՞ղ ենք, արդյոք, ժողովուրդ անվանել թղթախաղի մեջ դրամ մսխող «բիրդան» միլիոնատերերին: Ժողովուրդ չէ նաև տան պարտիզպանը, կառապանը կամ «համամը» տաքացնողը: Ավելի շուտ, սրանք ժողովրդի մի մասն են:

Դարասկզբի  «ազիրի» ժողովրդին, ամբողջության մեջ, չենք տեսնելու գրքում, քանի որ չի տեսել ինքը` հեղինակը: Ենթադրել կարող ենք, և քանի որ շարունակ ենթադրությունների մեջ ենք լինելու, ապա հեղինակի որոշ անվերապահ հայտարարությունները պետք է երևի թերահավատության մաղով անցկացնենք: Ասենք, երբ պատմում է, թե ինչպես այդ տարիներին բոլորն զբաղված էին թղթախաղով: Բնական է, որ նավթահանքերի բանվորների զբաղմունքը չէր դա: Կամ, օրինակ, կարո՞ղ ենք ամբողջ «ազիրի» ժողովրդին վերագրել հեղինակի հետևյալ տողերը, չնայած ինքը` Բանինը, անվերապահ պնդում է, թե դա գրեթե համաժողովրդական բնույթ էր կրում. «Բաքվում ծաղկում էր երկու տեսակի արվամոլություն` ակտիվ և պասիվ… Առաջինը` բավական հարգված, գրեթե բոլոր տղամարդկանց զբաղմունքն էր, առնվազն մինչև ամուսնությունը, և որոշ չափով էլ համարվում էր հասարակայնորեն օգտակար մի բան (ընդգծումը մերն է — Ալ. Թ.): Երկրորդն, ընդհակառակը, բանեցնում էին մեղկացած տղաները, որոնք ծայրաստիճան արհամարհված էին: Տղամարդուն վիրավորում էին «գյոթֆերան» բառով: Բայց եթե նա պատկանում էր «ուշախբազների» հարգարժան եղբայրակցությանը, մեղադրելու որևէ պատճառ չէր լինում»:

Անչափ ցավալի է, որ Բանինը հպանցիկ է խոսում արվամոլության ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ մասին, այլապես նրա դրույթներն այսօր պետք կգային իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող միասեռականներին: Ափսոս, խանումը հանգեաւ ի Տէր, թե ոչ, «հարգարժան եղբայրակցության» անդամները կապեր կհաստատեին նրա հետ և կխնդրեին, որ մանրամասնի այդ նախադասությունը: Իսկ մենք` հարգելի ընթերցող, իրավունք ունե՞նք հեղինակի պես պնդելու, թե վերոհիշյալ «զբաղմունքը» կարող է այդպես դյութել որևէ ազգի բոլոր տղամարդկանց: Ես կասկածում եմ, մինչդեռ Բանինը պնդում է, բերում ավելի համոզիչ օրինակներ: Ասենք, ի՞նչ կարող է երազել, ի՞նչ կուզի դառնալ տասներեք-տասնչորս տարեկան տղան, երբ մեծանա. օդաչո՞ւ, բժի՞շկ, մարզի՞կ… Դժվար է ասել: Իսկ Բանինը մեզ ուզում է համոզել, որ այս հարցում իր պաշտելի ասադ-ալի հրեշների համար խնդիր չկա. «Ես ուշախբազ կդառնամ»,- հստակ ու աներեր պատասխանում է Ասադը:

Ի դեպ, նրանք այդ «գործով»  սկսում են զբաղվել դեռ մանկութ, և առաջին օբյեկտներից մեկը դառնում է իրենց հարազատ քրոջ ապագա ամուսինը` Սելիմը: Այլ խոսքով, տղան մինչև քրոջ հետ ամուսնանալը «ամուսնանում»է եղբայրների հետ: Ըստ երևույթին, ասադ-ալի տանդեմը շոշափելի արդյունքների է հասել, այլապես աչքաբաց և մանավանդ նման բաներից լավ հասկացող քեռի Սուլեյմանը պարապ տեղը շանթեր ու բոցեր չէր արձակի. «Ջահել ժամանակ բոլորս ենք մեղք գործել… բայց փո՜րձ անել գայթակղել Սելիմին, ձեր քրոջ նշանածի՜ն… »:

Չենք կարծում, թե այս և նման հուշերն են, որ հեղինակին կապում են իր հողի և ժողովրդի հետ: Ուրեմն, ի՞նչն է կապում` կրո՞նը: Դժվար է պնդել, թե նա անհարգալից վերաբերմունք ունի իսլամի հանդեպ, ավելի շուտ անտարբեր է. «Ղուրանից ընդամենը մի կարճ ոտանավոր գիտեի»,- գրում է նա: Կրոնական տոները հիշում է որպես ուրախանալու առիթ, և, վերջապես, նրանում ամենադժնի հուշերն են մնացել մահմեդական աղջիկների հատուկ դպրոցից, ուր մեր հերոսուհին դժբախտություն է ունենում մի քանի շաբաթ անցկացնելու` Կազանից եկած մոնղոլոիդ դեմքով դաժան ուսուցչուհու հսկողության տակ:

Գուցե մշակո՞ւյթն է կապում նրան, «ազիրի» ե՞րգը, գրականությո՞ւնը… Գրքի երկու հարյուր վաթսուն էջի ոչ մի տողում ես որևէ «ազիրի» գրողի, նկարչի կամ երաժշտի անվան չհանդիպեցի: Փոխարենը կարդացի այսպիսի տողեր մուղամ կամ բայաթի երգողների մասին. «Տեղական երգերը սոսկում էին պատճառում ինձ, և երբ տեսնում էի, թե ինչպես երգիչը ձեռքը դնում է այտին (երգին նախորդող շարժումը), ես անմիջապես փախչում էի»:

Հայրենիքը (եթե այդպիսի հասկացություն եղել է նրա գիտակցության մեջ) Բանինի համար Բաքվի շքեղ առանձնատունն է և ամառանոցը, որն այդպես էլ չենք հասկանում, թե որտեղ է եղել: Ինքը` հեղինակն էլ իր հողը կարգին չի պատկերացնում: Նրա համար հայրենիքը պատմություն չէ (թեկուզ հորինված, հարևան ազգերից թռցրած), աշխարհագրություն չէ, կրոն չէ, մշակույթ չէ, մարդկային, բարեկամական-ազգակցական կապերը չեն, այլ եդեմական մի պահ այս անցողիկ կյանքում, որն ապրել է վաղուց և որն անդարձ կորել է: Մի խոսքով, դրախտ կորուսյալ ըստ Բանինի: Այսքանից հետո այս անհող ու անհայրենիք (ոչ թե որ իր հայրենիքից հեռու է, այլ որ հայրենիք չունի իր մեջ) մարդը հանկարծ բարբառում է, թե Արցախն ում կարող է պատկանել: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդայնացումը Բանինը համարում է «աշխարհի վերջը»:

Սա մետաֆոր չէ: Սա բացարձակ ճշմարտություն է: Իսկապես, վերջացավ այդ ավարա, անդարդ ու անպտուղ կյանքը: Կյանք, որը ոգեղեն ոչ մի նշույլ չէր կարող ծլեցնել, անգամ եթե Բախ էր նվագում և գիշերները գաղտնի Մոպասան կարդում: Այս արհեստական աշխարհի վերջը պիտի գար: Դրախտից արտաքսումը պիտի տեղի ունենար վաղ թե ուշ:

Դժվար է ասել, թե նոր աշխարհում ինչպիսի բնակիչ է դարձել Բանինը: Էլչինի հոդվածը և Բունինի հետ ունեցած նամակագրության դրվագը գրեթե ոչինչ չեն ասում, ինչպես առայժմ ոչինչ չի ասում գրքի վերջում զետեղված միևնույն հեղինակի մյուս գրքերի ցուցակը` թվով ինը, որոնց մեջ նաև «Փարիզյան օրեր» վերնագրով մի գիրք կա: Հնարավոր է` Բանինն ինչ-որ չափով մերվել է նոր միջավայրին: Փարիզն ամենակուլ է, ամեն ոք այնտեղ մի անկյուն կգտնի: Բայց որ Բանինը երկիր, մշակույթ չի կորցրել` ինձ համար պարզ է: Նա կորցրել է հոր ահռելի ժառանգության իր բաժինը:

Չեմ կարծում նաև, թե այս գիրքը հնարավոր կլիներ ընդունել որպես դաժան ինքննադատություն, որ կարող էր անել սրտացավ, հայրենասեր գրողը` ի շահ իր ժողովրդի, որպիսին կարող ենք տեսնել Պատկանյանի, Սունդուկյանի, Րաֆֆու, Պարոնյանի, Օտյանի, Շահնուրի երկերում: Սա տանտիրոջ ցավն ու վրդովմունքը չէ: Բանինը տնատեր, նույնիսկ մի քանի տների տեր է եղել, բայց տանտեր չի եղել: Նա պարզապես դժգոհ է Ալլահից, որ «ազիրի» է ծնվել: Ահա ամբողջ տագնապը5:

***

Ես հասկանում եմ, որ Բանինի գիրքը հրաշալի առիթ է ընձեռում մեր հարևաններին ամենաանպաստ լույսի տակ ներկայացնելու: Մանավանդ որ, ինչպես ասացինք, սեփական ազգին խայտառակում է ինքը`  «ազիրի» կինը: Շատ դյուրին է այս գայթակ  ղությանը տրվելը, հատկապես վերջին երկու տասնամյակի ընթացքում կուտակված ծանրակշիռ պատճառներով: Չասած այն մասին, որ եթե մի հայազգի գրող նման գիրք տպագրեր (մի պահ պատկերացնենք), ապա շատ հնարավոր է` մեր հարևան մտավորականները գիտական նստաշրջաններ հրավիրեին այդ կապակցությամբ: Չէ՞ որ Զ. Բունիաթով և այլք, պատմության աղբանոցներն ընկած, վարկաբեկիչ բնութագրումներ են հավաքում հայ ժողովրդի մասին: Այնուհանդերձ, ես չէի ուզի արջի ծառայություն մատուցել իմ ժողովրդին: Ես չէի ուզի, որ իմ հոդվածի (հնարավոր է նաև քննարկվող գրքի) ընթերցողը ձեռքերն ինքնագոհ շփեր, չարախնդար և վերևից նայեր մեր հարևաններին: Այդ նպատակով չեն գրվել այս մտորումները:

Ավետարանական ասույթը խորհուրդ էր տալիս ուրիշի աչքի շյուղը տեսնելուց առաջ սեփական գերանը նկատել: Եվ չնայած նրանց աչքում եղածն ամենևին «շյուղ»չէ, այնուհանդերձ զբաղվենք մեր գերաններով, որոնցից մեզանում շատ-շատ է կուտակվել:

Ավելի լուրջ պատճառ էլ կա:

Չի կարելի սեփական քաղաքականությունը` ինչպիսին ուզում է լինի, տնտեսական, թե մշակութային, վարել ուրիշի թերությունների հաշվարկով: Իսկ չարախնդալը, սեփական գերակայության զգացումն այդ սխալ հաշվարկի առաջին քայլերը կդառնան: Եվ դա կլինի ոչ միայն առօրյա կրքերի տխմար ինքնաբավարարում, վտանգավոր ինքնախաբեություն, այլև յուրատեսակ ինքնասպանություն: Եվ հետո, անվայել զբաղմունք է պատմական ինչ-որ հատվածում քեզ համար ատելի դարձած հարևանի թերությունները հավաքել և մատուցել աշխարհին: Սա քաղաքական իմպոտենտի զբաղմունք է, բարոյական ինքնաոչնչացում: Ուրիշի տան կեղտը փնտրելով` քո ժողովրդի մեջ սերմանում ես ցածր կրքեր, բամբասանքն ու զազրախոսությունը դարձնում համազգային քաղաքականություն:  (Ճիշտ այդպիսին է Ադրբեջանի պետական ներկա քաղաքականությունը հայկական հարցում): Թերթենք մեր մատյանները, մեր դասականնների երկերը: Ստոր կրքերը, քինախնդրությունը երբեք չեն իշխել մեր մեծերի վրա: Ոչ մի վիրավորական տող չենք գտնի նրանց ժառանգության մեջ, որ ասված լինի մեր հարևանների կամ մեզնից հեռու ապրող ժողովուրդների հասցեին: Մինչդեռ մենք նրանցից ինչե՜ր ենք քաշել…

Բանինի այս գիրքը ես պարզապես կհամեմատեի հայկական սփյուռքի մի շարք հեղինակների հետ: Իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ սա էլ մեր հարևանների մշակութային սփյուռքն է: Վերցնենք, օրինակ, «կարոտի գրականության» կարկառուն ներկայացուցիչներին` Համաստեղ, Շուշանյան, Մնձուրի կամ Էդվարդ Պոյաճյան: Հեղինակներ, որոնք ականատես էին կամ սեփական մաշկի վրա զգացին ցեղասպանության արհավիրքները, իսկ Շուշանյանը, մասնավորապես, եղեռնի և աքսորի ճամփաներին իրար ետևից կորցրեց ծնողներին, քրոջն ու եղբորը, բազմաթիվ ազգականների, բարեկամների, իր ժողովրդի մի հսկա հատվածը… սակայն նրա ոչ մի ստեղծագործության մեջ ատելության, ոխի, վրեժի կամ պարզապես չարության տող անգամ չեք գտնի թուրքերի հասցեին:

***

Եվ այնուհանդերձ, այս գիրքը մեզ համար ուսանելի բաներ ունի, և ես գոհ եմ, որ

կարդացի: Ամենամեծ դասը մեզ համար պիտի լինի սեփական տաղանդներին գնահատելը, արժանին մատուցելը, և ոչ թե գորշության դժկամությամբ, միջակության սրտնեղությամբ, մի կերպ, իմիջիայլոց, այլ հիանալ կարողացող մարդու շռայլությամբ: Տաղանդի և բացառիկ անհատականությունների գնահատման գործը մեզանում լիմիտավորված է եղել ռազմական ժամանակների նորմաներով: Որովհետև տաղանդի լինել-չլինելու հարցը կախված է եղել զանազան ու անմեռ ցախեսների6 քմահաճույքներից: Լիլիպուտներն իրենց չափերով զգեստ են կարում գուլիվերների համար…

Բանինի գիրքն ինձ վերստին համոզեց, որ Սփյուռքը մեծ գրականություն է տվել մեզ: Տվել է գրողներ, որոնք իրենց ստեղծածով պիտի որ վաղուց գտնվեին մեր դարի համաշխարհային գրականության խոշոր դեմքերի շարքում: Իսկ եթե հիմա այդտեղ չեն, պատճառն այն է, որ մենք ինքներս, ինչպես հարկն է, դեռ չենք գնահատել, չենք հասկացել նրանց արժեքը… Այն դեպքում, երբ հնարավորություններ ունենք այսօր աշխարհի հետ, հոգևոր ասպարեզում, խոսել ինչպես հավասարը հավասարի հետ և չենք անում, մեր հարևաններն ամենաչնչին առիթը չեն փախցնում` աշխարհի աչքին քաղաքակիրթ երևալու: Թերևս արժե նրանցից որոշ բաներ սովորել այս հարցում: Եվ հատկապես նրանցից: Ինչո՞ւ ոչ:

1.Banine, « Jours caucasiens », gris banal editeur, 1985, Paris.
2.Գուցե հարկ է նշել, որ գիրքը բացում է գերմանացի գրող, գերմանական բանակի բարձրաստիճան սպա, համաշխարհային երկու պատերազմների մասնակից արձակագիր Էռնստ Յունգերի նամակը (հիացական, գերադրական գնահատություններ Բանինի համեստ շարադրանքի մասին): Է. Յունգերը, Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ նացիստական բարձրաստիճան շրջանակներում ունեցած կապերի շնորհիվ կարողացավ խուսափել Արևելյան ռազմաճակատ մեկնելուց և գործուղվեց Փարիզ, որտեղ և հավանաբար ծանոթացել է ադրբեջանցի գրողի հետ:
3.Գրող (թուրք.):
4.Հեյդար Ալիևի կարգախոսն է, ասպարեզ հանված անցյալ դարի 70-ական թվականների վերջին:
5.«Տարօրինա՜կ մանկություն: Գիտեմ, որ ամեն մի մանկություն թվում է հեռավոր: Սակայն իմս, աշխարհագրական և հասարակական ամբողջական խզումի փաստով, թվում էր առավել անիրական: Այլևս ոչինչ ինձ չի կապում նրան` ո՛չ կրոնը, որը լքել եմ ես, ո՛չ լեզուն, քանի որ այսօր մտածում և գրում եմ ֆրանսերեն, ո՛չ իմ քաղաքացիությունը, որը փոխված է, ոչ էլ կորսված միլիոնները, ոչի՛նչ, ո՛չ ոք», — գրում է Բանինը(էջ 82): Այս անկեղծ ու ցավով ասված խոստովանությունից հետո արդյոք կարո՞ղ ենք նրան համարել աշխարհաքաղաքացի: Հազիվ թե: Քանի որ աշխարհաքաղաքացին նախևառաջ խզում է տոհմական, կլանային, երբեմն նույնիսկ ժառանգական կապերն իր ժողովրդի հետ: Մինչդեռ, Բանինը որքան էլ խոսի «ամբողջական խզումի» մասին, ուղնուծուծով մնում է բիոլոգիական, քարանձավային բարբարոս «ազիրի», որին որքան էլ շպարես քաղաքակրթությամբ, միևնույն է, իր զոոլոգիական հայատյացությամբ, ուզի, թե չուզի, գալու է և կանգնի Ադրբեջանի Ժողճակատի` հարյուրամյա տատիկներ բռնաբարող ու ողջ-ողջ այրող իգիթների և կացին բռնող սաֆարովների կողքին: Ավելորդ չի լինի այստեղ ավելացնել, որ 1956 թ. խանումը մկրտվեց և դարձավ կաթոլիկ քրիստոնյա, իսկ 1959 թ. գիրք տպագրեց`  «Ես ընտրեցի օպիումը» վերնագրով, որտեղ մանրամասնում էր այդ իրողությունը: Վերնագիրն ակնարկ է Լենինի բնորոշումին. «Կրոնը օպիում է ժողովրդի համար»: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, քրիստոնեությունը նրա համար ձևական մի բան էր, քանզի քրիստոնեական արժեքները նա չէր որդեգրել:
6.Հոֆմանի «Պստիկ Ցախեսը» վիպակի հերոսը, հրեշ, ճիվաղ, ոչնչություն, նախանձի և չարության մարմնավորում:

Անդին 04.2018

Կարծիքներ

կարծիք