Երազանք Դիդոնեի  համար

Արմինե Իկնադոսյանը ծնվել է Լիբանանում, այնուհետև 1978 թվականին  քաղաքացիական պատերազմից խուսափելով` գաղթել է Կալիֆոռնիա իր ընտանիքի հետ : UCLA-ի բակալավրի կոչում ստանալուց հետո  աշխատել է այնպիսի սյունակագիրների մոտ, ինչպիսիք են Արիանա Հաֆինգթոնը, Ռոբերտ Շիերը եւ Մոլի Իվինսը: Պոեզիայի բնագավառում մագիստրոսի կոչում է  ստացել էԱնտիոքի համալսարանում:  Այժմ Beyond Baroque Bookstore (The Scott Wannberg Poetry Lounge)-ի ղեկավարներից մեկն է:

 

 

 

 

 

 

Պատահական պոեզիա

Պատահական բանաստեղծությունները

Նման են

Պատահական հղիություններին,

Պատահում են

Յուրաքանչյուրիս հետ,

Ամեն փոքրիկ բիճ

Հիշեցնում է մեզ,

Որ չենք կարող պաշտպանվել

Դարվինի թեորեայից։

Երեք տուն ահա —

Եվ մտածում ես՝

Մի՞թե պետք է անհանգստանալ։

Հնարավոր է՝

Լավագույնը ձևացնելն է,

Որ երբեք չի պատահել։

Կոճակի մեկ սեղմում,

Մի փոքր արյուն,

Եվ ոչ ոք ավելի խոհեմ չէ,

Կամ կարող ես տալ մեկին,

Ով քեզ կասի,

Թե ինչու պետք է սիրել նրան

Ինչպիսին որ կա։

 

Պատահական բանաստեղծությունները

Պատահական գերդոզավորման են նման։

Երբևէ դուրս գրված  դեղահաբի նման

Կախվածություն են թողնում

Եվ վտանգավոր են ինչ-որ մեկի

Առողջության համար,

Ընտրիր քոնը զգուշությամբ

Եվ հաճույքը ստացիր

Վերջում միայն։

Այրիր նրան, ինչպես Դիքենսը

Կարգեց կերպավորումր նրա,

Կամ ինչպես Հանթեր Թոմսոնը1

Հետապնդում է ոսկե գլխով

Վիշապին նախադասության

Քթանցքի դիմաց

Գրիչով արդեն դատարկված

Եվ թանաքոտված ձեռքով

Հասնելով իր Սմիթ և Վեսոնին2։

 

Պատահական բանաստեղծությունները

Պատահական ինքնասպանության են նման,

Դու ամեն անգամ վճռում ես,

Եվ սա մկանային ջղաձգում չէ

Եվ ոչ էլ գերդոզավորում

Սխալ հաշվարկների,

Դու մտապահում ես

Յուրաքանչյուր բառը,

Անգամ երբ բանաստեղծությունը

Սխալմունք է,

Այն  գրական կառուցվածքն է շնչահեղձության,

Որ ինքնաբավարարում է միայն,

Ամեն ստորացուցիչ տուն

Սպիտակ էջին փլվող

Ինչպես երիտասարդ կինը

Զգեստներով կատարյալ,

Որ գլխապտույտ է զգում

Առաջին անգամ

Երթևեկությունից քաղաքի կենտրոնի։

 

 

Յոթ քարեր

 

Նորից ու նորից

Կշռում եմ մարմինս,

Ամեն ուրբաթ առավոտ

Ավելացնում եմ մի քար,

Վերցնում եմ մի քար,

Մի ոտքս բարձրացնում կշեռքից

Ու պատկերացնում,

Թե ազդրերս չեն ցավում էլ։

 

Կրծքերս մեծանում են

Ամեն տարի,

Մի քար կերուխումի համար

Հարցազրույցից հետո աշխատանքի,

Մի քար

Պատռված թևատակերի համար

Իմ սիրելի բլուզի։

 

Ես զգում եմ մկանները ճարպոտ,

Երբ պառկում եմ ստամքոսիս,

Տարօրինակ ոչ հղիություն,

Վիրաբույժը հեռացրեց ավելորդը,

Բայց ոչինչ չդրեց գոգիս,

Թուրինջի չափ է,- ասաց,-

Դու կորցրիր կեսը քո արյան։

Այս գոյությամբ կեղծ

Երեխաները

Հեռացվեցին մի օր,

Նման մաստակի գնդերի

Ծամված և փաթաթված

Բռունցքի մեջ

Առանց ոտքեր

Առանց ձեռքեր

Եվ առանց դեմք։

 

Իմ մարմինը ազատվեց

Վերջապես,

Գցեց մարմնեղ հրեշներին

Աղբամանը թունոտ,

Նետեց աղբամանը

Երեխաներին գոյություն չունեցող։

 

Մի քար մարդու համար

Հեծանիվ քշող,

Որ սպանվեց կրակոցից

Իմ տան առաջ,

Մի քար ծիսակարգի համար

Փրոցաքի3 թմրության

Ճիշտ ամեն առավոտ,

Մի քար ջարդված

Ձախ ոտքիս համար,

Մի քար

Պատռված ծնկներիս համար

Եվ մի քար

Իմ սրտի հիվանդության համար

Ժառանգական։

Վերցրու նրանց

Եվ գցիր քո պարտեզում,

Դիր քարերն այնտեղ,

Ուր կարող ես տեսնել,

Ես նրանց այլևս

Չեմ ցանկանում։

 

 

Երազանք Դիդոնեի4  համար

 

Ես փյունիկ չեմ՝

Չարչարանքով

Կրակից ծնված,

Ոչ էլ վերափոխված

Մի գոյություն,

Առնելով կյանք

Մոխրից ծխախոտի՝

Ես կշռում եմ

Գրեթե ոչինչ։

Ինչպես Դիդոնեն,

Ով նետեց իրեն

Խարույկին դիակիզման,

Ես փորձեցի հնարավորը,

Բայց մի ցնցում

Շրջեց սիրտս,

Եվ ես կրում եմ

Այս պատմությունը,

Իմ սեփական

Փոքրիկ ակվարիումը։

Սկզբում փլված կամարները,

Հետո քանդված հատակը,

Եվ ահա վերջում

Լոգատաշտակը՝

Լցված աղոթքներով

Անպատասխան։

Իմ բոցավառ անկողինը

Լողում է ջրերում

Միջերկրական ծովի՝

Հաղթահարելով ալիքները

Թունիսյան ափերի։

Կնոջ սնափառությունը

Ստիպում է նրան

Անել այն,

Ինչ ատում է ուժգին,

Ես ծնվեցի կրկնակի արագ,

Ծխեցի ինձ մինչև մահ,

Անկողինը հիմա

Նստած է ելուստներին ջրի՝

Կարթագենի և

Շառագունող մի իրի միջև։

Ես քննադատվել եմ

Եվ կախաղան հանվել

Տղամարդկանց կողմից,

Որ լքեցին ինձ,

Փորձված աղջիկ,

Թագուհին թատերական

Հանդերձանքի,

Որ այնպես

Անհարմար է նրան։

 

1.Ամերիկացի գրող, լրագրող

2. Smith & Wesson Firearms Co. զենք արտադրող ամերիկյան ֆիրմա

3. Հանգստացնող դեղամիջոց (լատ. Fluoxetine)

4.Կարթագենի թագուհի

Անգլերենից թարգմանությունը՝ Արման Թովմասյանի

Կարծիքներ

կարծիք