Աշխարհիդ փակ պատուհանին

 

***

Այս վայրի, այս սանձազերծ կարոտը

կպոկվի մի օր․

այն օրը, երբ վարդ վառ առյալ է,

և օրհնել են ջուրը,

ջուր… ջուր ցանիր աչքերիս,

սրբիր, սեր,

սրբիր գույնն այս կրակի․

չի մեռնում անտեր տափաստաններում

ծարավից փշոտված հույսը,

Ես ինն անգամ ծակծկել եմ մատներս,

և ծաղկել է ճեփ-ճերմակ ծաղիկը արցունքի:

Չթողնես դատարկ իմ աչքերի հայելին․

քեզ հետ դեռ պիտի ապրեմ

կյանքերից իմ վերջինն այս…

 

***

Ներսում լիքը լցված մի ամպիկ է լողում,

նանի¯կ, սի՛րտ իմ, նանի¯կ,

կարոտից ճաքճքած կարմիր հողն է ջրում,

անձրևում է այսօր աչքերիս գիշերը…

հետո մի զով քամի հոգու պատուհանից

մտնում-լցնում-գրկում ու պտտում է ինձ,

ու սպասման երկինքն է ծաղկում,

ու օրն ալիք-ալիք

տարուբերում է լույս…

Եվ երբ իջնում է ամպիկը հոգուս սարին,

մթում ծաղկաթափվող երկինքն աղոթարան է բաց,

անձրևում է կաթ-կաթ աչքերիս գիշերը,

նանի¯կ, սի՛րտ իմ, նանի¯կ…

 

***

Սուս․

աշունը չիմանա`

կարոտների խաշամն ուր կտանի

խռովքների քամին:

Եվ կռիվ տալով`

կարկտիկները

անցնող օրերի պես

կթակեն այրվող երկինքը` պատրանքով յոթերորդի:

Սրթսրթալով կընկնեմ

աշխարհիդ փակ պատուհանին,

և՛ ներքին ձայնից շուտ, և՛ լույսի արագությամբ

հուշը կլցնի քեզ…

Սուս․

ես տերև եմ,

որ պոկել ես աշունից

ու դրել քո կարդացած միակ գրքի

Իմ ամենասիրած էջում․

Աշունն ի՞ նչ իմանա:

 

***

Մեր հանդիպման oգոստոսյան երկնքում,

երբ բաց էր աչքը մեզ իրար համար ստեղծածի,

և մատը թաթախված մելանի մեջ`

բախտի ճակատին դաջելու պատրաստ

պոեզիան մեն մեզ համար բանաստեղծված-

Գիր, որ անջնջելի է,

իրար ու Իրեն հավատալու ցորենհատի չափ

իրական և տողատակերով լի…

կարոտի կարմիրթել նարոտը կապեցին

մեր բաժին ժամանակի բազուկներին,

որ գրկեն մեզ

անանցողիկ, անխուսափելի

և անբաժանելի սիրով,

որ պիտի իջներ թթվածնի պես ու լցներ մեզ

ու նստեր մեր աչքերում

որպես հոգու արտացոլանք,

որպես էության գույն ու համ,

միշտ վերևներին գգվող

և հար անվերնագիր ու

բառե լռությամբ կարոտած…

և, և, և…

որ, որ, որ

կարդանք միշտ, միշտ կարդանք ու չհասնենք վերջին․

և դեռ բանստեղծում է Տերը մեզ` բաց աչքով, ու

ամեն գիշեր մի նոր քամի թերթում է մեզ,

և լուսանում է մեր առավոտը նույն բառով`

շարունակելի:

 

***

Այս երեկո բաց են

հայելիները

երկրի ու երկնքի․

և կայծակն է գժված

կարոտի զարկերակ:

Պատռելով բամբակե

վարագույրը սպասման`

ջարդվում է սրտաձև մի ծաղկաման:

Աչքերի մեջ

չներելով փոթորկումը վախի`

մեր գլխին չկարդացված

սիրո մի ավետարան

վառվում է խնկի պես փայտածուխին:

Եվ մեն տերն անհնազանդ անհնազանդ իր կրակի,

երկրի ու երկնքի մեջտեղում

խաղողօրհնության այս կիրակի

Բանաստեղծությամբ սրբում է

հայելիները:

 

Անդին 04.2018

 

Կարծիքներ

կարծիք