Փղի սպանությունը

Հեղինակ:

Մոուլմեյնում`  Ստորին Բիրմայում, մեծ թվով մարդիկ էին ինձ ատում, և սա միակ անգամն էր, երբ ես այնքան կարևոր էի, որ այդպիսի բան չզգացվեր: Ես ծառայում էի որպես ոստիկանության ենթասպա մի քաղաքում, որտեղ հակաեվրոպական կրքերը շատ սուր էին, թեև առանձնանում էին աննպատակ ու չնչին դրսևորումներով: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համարձակություն չուներ ոչ ոք, բայց եթե եվրոպացի կինը միայնակ անցներ շուկայով, ինչ-որ մեկն անպայման նրա զգեստի վրա բետելի հյութ կթափեր: Որպես ոստիկան ես ակնհայտ թիրախ էի և ծաղրանքների էի ենթարկվում, երբ թվում էր, թե այդպես վարվելն անվտանգ է: Երբ ֆուտբոլի դաշտում որևէ ճարպիկ բիրմացի տապալում էր ինձ գետնին, իսկ մրցավարը (մեկ այլ բիրմացի) այլ ուղղությամբ էր նայում, ամբոխը սոսկալի քրքիջով էր բռնկվում: Մեկ անգամ չէ, որ նման բան է պատահել: Ի վերջո, ամենուր հանդիպող`  քմծիծաղը դեղին դեմքերին դաջված երիտասարդներն ու իմ հետևից անվտանգ հեռավորությունից հնչող վիրավորանքները սկսեցին ուժգին ազդել նյարդերիս վրա: Իսկ ամենից վատը երիտասարդ բուդդայական քահանաներն էին: Քաղաքում մի քանի հազար քահանա կար, և թվում էր`  նրանցից ոչ ոք այլ անելիք չունի, քան կանգնել փողոցի անկյուններում ու ծաղրել եվրոպացիներին:

Այս ամենը շփոթեցնում ու հիասթափեցնում էր: Քանզի այդ ժամանակ ես արդեն որոշել էի, որ իմպերիալիզմը չարիք է, և որքան շուտ հրաժեշտ տայի աշխատանքիս, այնքան լավ: Տեսականորեն և, իհարկե, գաղտնի կերպով ես ամբողջությամբ բիրմացիների կողմնակիցն էի և դեմ էի նրանց նկատմամբ ճնշումներ գործադրողներին`  բրիտանացիներին: Ինչ վերաբերում է իմ կատարած աշխատանքին, ես ավելի ուժգին էի այն ատում, քան կարող եմ նկարագրել: Այդպիսի աշխատանքում մոտիկից ես տեսնում Կայսրության կեղտոտ գործը: Բանտերի գաղջ խցերում խցկված թշվառ բանտարկյալները, երկարաժամկետ դատապարտյալների մոխրագույն, ահաբեկված դեմքերը, բամբուկներով ծեծի ենթարկված մարդկանց սպիապատ հետույքները,- այս ամենը ճնշում էր ինձ մեղքի անտանելի զգացումով: Սակայն ես չէի կարողանում գլուխ հանել այդ ամենից: Ես երիտասարդ էի ու թերուս, ստիպված էի իմ խնդիրների մասին մտածել կատարյալ լռության մեջ, որին դատապարտված էր Արևելքում ապրող յուրաքանչյուր անգլիացի: Ես նույնիսկ չգիտեի, որ Բրիտանական կայսրությունը փլուզվում է, իսկ ավելի քիչ էի հասկանում այն, որ նա շատ ավելի լավն է, քան այն երիտասարդ կայսրությունները, որ պիտի փոխարինեին դրան: Միայն գիտեի, որ խրված եմ իմ ատելության, որ տածում էի Կայսրության նկատմամբ, որին ծառայում էի, և այն ցասման միջև, որ զգում էի չարակամ փոքրիկ գազանների դեմ, որոնք փորձում էին անհնար դարձնել աշխատանքս: Գիտակցությանս մի մասը կարծում էր, որ բրիտանական ռաջը  անսասան բռնապետություն է`  բռնի ուժով saecula saeculorum պարտադրված ոտնահարված ժողովուրդներին, իսկ մյուս մասով մտածում էի, որ աշխարհի մեծագույն ուրախությունը կլիներ սվինը բուդդայական քահանայի աղիքների մեջ մխրճելը: Նմանատիպ զգացումները իմպերիալիզմի սովորական կողմնակի հետևանքներն են: Կարող եք հարցնել ցանկացած անգլահնդկական ծառայողի, եթե կարողանաք աշխատանքից դուրս բռնեցնել նրան:

Մի անգամ պատահեց մի բան, որ անուղղակի կերպով լուսավորեց ինձ: Դա ինքնին փոքրիկ միջադեպ էր, սակայն այն լույս սփռեց իմպերիալիզմի իրական բնույթի և իրական շարժառիթների վրա, որոնց հիման վրա գործում են բռնապետական կառավարությունները: Մի օր`  վաղ առավոտյան, քաղաքի մյուս ծայրում գտնվող ոստիկանական բաժանմունքի ենթաքննիչը զանգահարեց ինձ և ասաց, որ ինչ-որ փիղ ավերում էր շուկան: Կարո՞ղ եմ արդյոք գնալ և ինչ-որ բան անել: Ես չգիտեի`  ինչ կարող էի անել, սակայն ցանկանում էի տեսնել, թե ինչ է կատարվում: Հեծա ձիս և ճանապարհ ընկա: Վերցրեցի հրացանս`  44 տրամաչափի հին վինչեսթերս, որ չափազանց փոքր էր փիղ սպանելու համար, սակայն մտածեցի, որ աղմուկը կարող էր օգտակար լինել in terrorem: Ճանապարհին բազմաթիվ բիրմացիներ կանգնեցնում էին ինձ և պատմում փղի արածների մասին: Դա, իհարկե, վայրի փիղ չէր, այլ վարժեցրած փիղ, որի մոտ սկսվել էր արբունքի շրջանը: Նա շղթայված էր եղել (ինչպես բոլոր վարժեցրած փղերն են միշտ լինում, երբ մոտենում է այդ վտանգավոր շրջանը), սակայն անցած գիշեր կտրել էր շղթան ու փախել: Նրա տերը`  միակ մարդը, որ կարող էր կառավարել նրան այդ վիճակում, նրա հետևից էր ընկել, սակայն սխալ ուղղությամբ էր գնացել և այժմ գտնվում էր տասներկու ժամվա հեռավորության վրա, իսկ առավոտյան փիղը հանկարծ նորից հայտնվել էր քաղաքում: Բիրմացի բնակչությունը զենք չուներ ու լիովին անօգնական էր դրա դեմ: Փիղն արդեն ավերել էր ինչ-որ մեկի բամբուկե խրճիթը, սպանել էր ինչ-որ կովի, հարձակվել էր մրգի մի քանի կրպակների վրա և խժռել էր պտուղները, ինչպես նաև հանդիպելով քաղաքային աղբատար մեքենային`  շուռ էր տվել մեքենան և ավերածություններ արել դրա վրա այն բանից հետո, երբ վարորդը դուրս էր ցատկել ու կրնկակոխ փախել:

Բիրմացի ենթաքննիչը և մի քանի հնդիկ ոստիկաններ ինձ էին սպասում այն թաղամասում, որտեղ տեսել էին փղին: Դա մի շատ աղքատ թաղամաս էր`  արմավենիների տերևներով ծածկված ու սարալանջին շարված բամբուկե կեղտոտ խրճիթների լաբիրինթոս: Հիշում եմ, որ ամպամած, տոթ առավոտ էր, անձրևային շրջանի սկիզբը: Մենք սկսեցինք հարցաքննել մարդկանց`  պարզելու, թե ուր էր գնացել փիղը, և, ինչպես միշտ, չկարողացանք որևէ հստակ տեղեկություն ձեռք բերել: Արևելքում միշտ է այդպես. երբ հեռու ես, իրադարձությունը բավական պարզ է թվում, սակայն որքան մոտենում ես դեպքի վայրին, այնքան այն ավելի մշուշոտ է դառնում: Որոշ մարդիկ ասացին, որ փիղը գնացել է մի ուղղությամբ, ոմանք`  մեկ այլ ուղղությամբ, ոմանք էլ պնդում էին, որ չեն էլ լսել ոչ մի փղի մասին: Ես գրեթե որոշել էի, որ ողջ պատմությունը ստերի կույտ է, երբ քիչ հեռվից ճիչեր լսեցինք: Ինչ-որ մեկը բարձրաձայն ու վրդովված ճչում էր.  «Հեռացե՛ք այստեղից, երեխանե՛ր: Գնացեք հենց հիմա՛»: Եվ մի ծեր կին`  մտրակը ձեռքին, առաջ եկավ խրճիթի անկյունից`  մոլեգնաբար քշելով մերկ երեխաների ամբոխին: Նրան հետևեցին նաև այլ կանայք`  գոռալով ու ճչալով. ակնհայտ էր`  մի բան կար, որ երեխաները չպիտի տեսնեին: Ես շրջանցեցի խնճիթը և տեսա ցեխի մեջ փռված մարդու դիակ: Նա հնդիկ էր, սևամորթ դրավիդյան կուլի: Գրեթե մերկ էր. պետք է որ կարճ ժամանակ առաջ մահացած լիներ: Մարդիկ ասացին, որ փիղը խրճիթի անկյունից անսպասելի հարձակվել է նրա վրա, բռնել կնճիթով, ոտքը դրել մեջքին և ճզմել նրան հողի մեջ: Անձրևոտ եղանակ էր, գետինը փափուկ էր, և նրա դեմքը մի ֆուտ խորությամբ, իսկ մարմինը մի քանի յարդ երկարությամբ խրվել էր հողի մեջ: Նա պառկած էր փորի վրա, ձեռքերը`  խաչված, իսկ գլուխը թեքված էր մի կողմ: Գլուխը պատված էր ցեխով, աչքերը լայն բացված էին, ատամները`  մերկացած անտանելի տառապանքի արտահայտությամբ: (Երբեք չասեք ինձ, ի դեպ, թե մահացած մարդիկ խաղաղ տեսք ունեն: Իմ տեսած դիակների մեծամասնությունը դիվային տեսք է ունեցել): Հսկայական կենդանու ոտքի հարվածը այնպես էր պոկել նրա մեջքի մաշկը, ինչպես նապաստակի կաշին են հանում: Հենց տեսա մահացած մարդուն, հանձնակատար ուղարկեցի մոտակայքում բնակվող ընկերոջս տուն`  փիղ որսալու հրացան բերելու: Ես արդեն հետ էի ուղարկել ձին`  չցանկանալով, որ նա, զգալով փղի հոտը, խելագարվի ու ցած նետի ինձ:

Հանձնակատարը վերադարձավ մի քանի րոպեից`  հրացանով ու հինգ փամփուշտով, իսկ մինչ այդ մի քանի բիրմացիներ եկել էին ու ասել մեզ, որ փիղը ներքևի բրնձի դաշտերում է`  ընդամենը մի քանի հարյուր յարդ հեռու: Երբ սկսեցի քայլել այդ ուղղությամբ, թաղամասի բառացիորեն ողջ բնակչությունը դուրս թափվեց տներից և հետևեց ինձ: Նրանք տեսել էին հրացանը, և բոլորը ոգևորված գոռում էին, որ ես պատրաստվում եմ սպանել փղին: Նրանք առանձնապես մեծ ուշադրություն չէին դարձրել փղի վրա, երբ այն ավերել էր իրենց տները, սակայն ամեն ինչ այլ էր հիմա, երբ ես պատրաստվում էի սպանել նրան: Նրանց համար դա զվարճալի էր, ինչպես զվարճալի կլիներ անգլիական ամբոխի համար. բացի այդ, նրանք դրա միսն էին ուզում: Այդ ամենի պատճառով ես փոքր-ինչ անհանգիստ էի: Ես փղին սպանելու մտադրություն չունեի. հրացանի հետևից էի ուղարկել ընդամենը անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանության դիմելու համար: Բացի այդ, միշտ էլ նյարդերիդ վրա ազդում է, երբ ամբոխը քեզ է հետևում: Ես ցած քայլեցի բլուրով`  հիմարի տեսքով ու ինձ զգալով հիմարի պես, հրացանը ուսիս, իսկ անընդհատ ավելացող մարդկանց բանակը տրորում էր կրունկներս: Ներքևում, երբ խրճիթներն արդեն հետևում էին մնացել, խճապատ ճանապարհ էր, իսկ դրանից այն կողմ`  հազարավոր յարդերի վրա, բրնձի անմշակ ճահճապատ դաշտեր էին`  դեռևս չհերկված, սակայն թրջված առաջին անձրևներից և տեղ-տեղ ծածկված կոշտ խոտով: Փիղը կանգնած էր ճանապարհից ութ յարդ հեռավորության վրա`  ձախ կողմով դեպի մեզ: Նա չնչին իսկ ուշադրություն չդարձրեց մեզ: Փոխարենը պոկում էր խոտի խրձերը, դրանք մաքրելու համար հարվածում էր ծնկներին և խցկում բերանը:

Ճանապարհի վրա ես հապաղեցի: Փղին տեսնելուն պես ես արդեն գիտեի, որ չպետք է սպանեմ նրան: Ընտելացրած, աշխատավոր փղին սպանելը լուրջ հարց է: Դա կարելի է համեմատել մեծ, թանկարժեք մեքենա ոչնչացնելու հետ, և ակնհայտ էր, որ նման բան չի կարելի անել, եթե դրանից կարելի է խուսափել: Իսկ այդ հեռավորության վրա փիղը, որ հանդարտ ուտում էր, թվում էր ոչ ավելի վտանգավոր, քան սովորական կովը: Այդ ժամանակ, ու նաև հիմա, ես կարծում էի, որ նրա արբունքի շրջանն արդեն անցնում էր, որից հետո նա պարզապես անվնաս թափառելու էր, մինչև տերը գար ու բռներ նրան: Ավելին, ես ամենափոքր ցանկություն իսկ չունեի նրան սպանելու: Ես որոշեցի մի փոքր հետևել նրան ու համոզվել, որ նա նորից չի կատաղում, և ապա տուն գնալ:

Սակայն այդ պահին ես նայեցի շուրջս`  այն ամբոխին, որ հետևել էր ինձ: Հսկայական մի բազմություն էր`  ամենաքիչը երկու հազար մարդ, որոնք րոպե առ րոպե ավելանում էին: Ամբոխը ճանապարհի երկայնքով երկու կողմից արգելափակել էր: Ես նայեցի դեղին դեմքերի ծովին, որ երևում էր վառ հագուստների վերևում. երջանիկ ու տեղի ունեցող զվարճանքից ոգևորված դեմքեր, բոլորն`  այն համոզման, որ փղին պատրաստվում են սպանել: Նրանք այնպես էին հետևում ինձ, ասես ձեռնածու լինեի, որը պատրաստվում է հնարք ցուցադրել: Նրանք չէին սիրում ինձ, սակայն ձեռքիս ունենալով կախարդական հրացանը`  ես ակնթարթորեն արժանացել էի նրանց ուշադրությանը: Եվ հանկարծ ես հասկացա, որ այնուամենայնիվ ստիպված պիտի լինեի սպանել փղին: Մարդիկ դա էին ակնկալում ինձնից, և ես ստիպված էի անել դա. ես զգում էի, թե ինչպես է երկու հազար մարդու կամքի ուժն անկառավարելիորեն առաջ մղում ինձ: Եվ հենց այդ պահին էր, երբ ես կանգնած էի հրացանը ձեռքերիս մեջ, որ առաջին անգամ զգացի Արևելքում սպիտակ մարդու տիրապետության դատարկ ու ապարդյուն լինելը: Ահա ես`  գործողության թվացյալ գլխավոր դերակատարը, հրացանը ձեռքիս կանգնած եմ անզեն տեղաբնիկների ամբոխի առջև: Իսկ իրականում ես ընդամենը մի անհեթեթ տիկնիկ եմ, խամաճիկ, որ ետ ու առաջ է շարժվում իր թիկունքում հավաքված այդ դեղին դեմքերի կամքով: Այդ պահին ես հասկացա, որ այն, ինչ կործանում է սպիտակ մարդը`  բռնակալի վերածվելով, իր սեփական ազատությունն է: Նա դառնում է դատարկ խրտվիլակ, սահիբի պայմանական կերպարանք: Քանզի նրա իշխանությունը ենթադրում է, որ նա իր ողջ կյանքը պիտի անցկացնի «բնիկների» վրա տպավորություն գործելու փորձեր կատարելով, և ուստի ցանկացած ճգնաժամային վիճակում ստիպված է անել այն, ինչ իրենից ակնկալում են «բնիկները»: Նա դիմակ է կրում, և նրա դեմքն աստիճանաբար հարմարվում է դրան: Ես ստիպված էի սպանել փղին: Հրացանի հետևից մարդ ուղարկելով`  ես ինքս ինձ դատապարտել էի անել դա: Սահիբը պարտավոր է վարվել սահիբի նման. նա պետք է վճռական տեսք ունենա, իմանա իր անելիքը և կոնկրետ գործողությունների դիմի: Հրացանը ձեռքիդ այդքան ճանապարհ անցնել, երբ երկու հազար մարդ կրնկակոխ քայլում է հետևիցդ, և առանց որևէ բան անելու թուլակամորեն հետ քաշվել`  ո՛չ, դա անհնար էր: Ամբոխը կծիծաղեր ինձ վրա: Իսկ իմ և Արևելքում բնակվող ցանկացած սպիտակամորթի ողջ կյանքը ծաղրի ենթարկվելուց խուսափելու մի երկար պայքար է:

Այնուամենայնիվ ես չէի ցանկանում սպանել փղին: Ես հետևում էի, թե ինչպես էր նա խոտի փունջը փղերին հատուկ մայրական բարեհոգությամբ թափ տալիս ծնկների վրա: Ինձ թվում էր`  նրան սպանելը իսկական հանցագործություն կլիներ: Այդ տարիքում ես բծախնդիր չէի կենդանիներ սպանելու հարցում, սակայն երբեք չէի սպանել ու չէի ցանկացել փիղ սպանել: (Չգիտես ինչու, խոշոր կենդանի սպանելը միշտ ավելի դժվար է թվում:) Բացի այդ, պետք էր հաշվի առնել նաև կենդանու տիրոջը: Կենդանի փիղն առնվազն հարյուր ֆունտ արժեր, մահացած փիղը կարժենար ճիշտ այնքան, որքան նրա ժանիքները`  հավանաբար հինգ ֆունտ: Սակայն ես պետք է արագ գործեի: Ես շրջվեցի դեպի փորձառու տեսք ունեցող մի քանի բիրմացիները և հարցրեցի, թե ինչպես է փիղն իրեն պահել: Նրանք բոլորը նույն բանն ասացին. նա ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, եթե իրեն հանգիստ են թողնում, սակայն կարող է հարձակվել, եթե շատ մոտենաս:

Ինձ լիովին պարզ էր, թե ինչ պետք է անեմ: Պետք է մոտ քսանհինգ յարդ մոտենայի փղին ու ստուգեի`  ինչպես է իրեն պահում: Եթե հարձակվեր, կարող էի կրակել: Եթե ուշադրություն չդարձներ, կարելի էր ապահով լինել ու հանգիստ թողնել նրան մինչ տիրոջ վերադարձը: Բայց ես նաև գիտեի, որ այդպիսի բան չէր լինելու: Ես վատ հրաձիգ էի, մյուս կողմից էլ մեծ էր ամեն քայլափոխի փխրուն ցեխի մեջ խրվելու վտանգը: Եթե փիղը հարձակվեր, իսկ ես վրիպեի, փրկվելու նույնքան հնարավորություն կունենայի, որքան շոգեքարշի տակ հայտնված դոդոշը: Բայց նույնիսկ այդ դեպքում ես իմ սեփական մաշկի մասին այնքան չէի մտածում, որքան հետևում գտնվող աչալուրջ դեղին դեմքերի մասին: Որովհետև այդ պահին`  ամբոխի հայացքների ներքո, ես չունեի վախի այն զգացումը, որ կունենայի մենակ լինելու դեպքում: Սպիտակամորթը չպետք է վախենա ՙբնիկների՚ աչքի առաջ, և ուստի, ընդհանուր առմամբ, նա անվախ է: Միակ միտքը, որ պտտվում էր ուղեղումս, այն էր, որ եթե ինչ-որ բան ձախողվեր, այդ երկու հազար բիրմացիները կտեսնեին ինձ հալածված, ոտնատակ եղած, քմծիծաղը դեմքին դիակի վերածված. ճիշտ բլրի վրայի այն հնդիկի դիակի պես: Եվ եթե այդպես պատահեր, հավանական է, որ նրանցից ոմանք կծիծաղեին: Այդպիսի բան չպիտի լինի:

Միայն մի այլընտրանք կար: Ես փամփուշտները մղեցի փակաղակի մեջ և պառկեցի ճանապարհին, որպեսզի ավելի լավ նշան բռնեմ: Ամբոխը քարացավ, և անհամար կոկորդներից դուրս պրծավ ցածրաձայն ու երջանիկ հառաչ, ինչպես այն մարդկանց մոտ, որոնք տեսնում են թատրոնի`  վերջապես բարձրացող վարագույրը: Ի վերջո, նրանք պատրաստվում էին վայելել իրենց հասանելիք զվարճանքը: Գերմանական հրացանը հրաշալի էր իր օպտիկական նշանոցով: Այդ ժամանակ ես չգիտեի, որ փղին սպանելու համար պետք է նշան բռնել մի ականջի խոռոչից մյուս ականջի խոռոչը ձգվող երևակայական գծին: Հետևաբար, քանզի փիղը կողքի էր կանգնած, ես պետք է նշան բռնեի ուղիղ նրա ականջի խոռոչին: Իրականում ես մի քանի դյույմ այն կողմ նշան բռնեցի`  մտածելով, որ ուղեղը գտնվում է փոքր-ինչ առջևում:

Երբ քաշեցի ձգանը, չլսեցի կրակոցի ձայնը և չզգացի հետհարվածը (այդպես է, երբ կրակոցը հասնում է նշանակետին), բայց լսեցի սատանայական ուրախության ճիչերը, որ բարձրացավ ամբոխի միջից: Հենց այդ վայրկյանին, այնքան արագ, որ կմտածես`  նույնիսկ հրազենի գնդակը չի հասցնի տեղ հասնել, փղի հետ սարսափելի ու խորհրդավոր փոփոխություն տեղի ունեցավ: Նա ոչ շարժվեց, ոչ էլ ընկավ, սակայն նրա մարմնի յուրաքանչյուր գիծ փոխվել էր: Նա հանկարծ հիվանդ, կնճռոտված ու չափազանց ծերացած տեսք ստացավ, ասես գնդակի ահեղ ազդեցությունը թեև նրան գետնին չէր տապալել, բայց կաթվածահար էր արել: Վերջապես (թվաց`  երկար ժամանակ անց, այնինչ ես կասեի`  անցել էր ընդամենը մի քանի վայրկյան) թուլացած ընկավ ծնկների վրա: Բերանից թուք էր ծորում: Թվում էր`  սարսափելի ծերության ճիրաններում էր հայտնվել: Ասես հազար տարեկան լիներ: Ես նորից կրակեցի նույն տեղին: Երկրորդ կրակոցից նա ոչ թե ընկավ, այլ հուսահատ դանդաղությամբ ոտքի ելավ ու դժվարությամբ կանգնեց. ոտքերը երերում էին, գլուխը`  ցած ընկնում: Ես երրորդ անգամ կրակեցի: Այդ կրակոցը վճռորոշ եղավ: Նրա ողջ մարմինը ցնցվում էր հոգեվարքի մեջ, և ոտքերում մնացած ուժի մնացորդները լքում էին նրան: Սակայն ընկնելիս մի պահ թվում էր, թե փորձում էր բարձրանալ, քանի որ երբ հետևի ոտքերը ծալվում էին, թվում էր, թե վեր է բարձրանում շուռ եկող հսկայական ժայռի նման, կնճիթը, ինչպես ծառ, հասցնելով երկնքին: Նա շեփորի ձայն արձակեց`  առաջին ու միակ անգամը: Եվ ապա որովայնը դեպի ինձ ընկավ մի այնպիսի թնդյունով, որ ասես ցնցեց գետինը նույնիսկ այնտեղ, որտեղ ես էի պառկած:

Ես կանգնեցի: Բիրմացիներն արդեն ցեխի միջով սլանում էին իմ կողքով: Ակնհայտ էր, որ փիղն այլևս երբեք ոտքի չէր կանգնի, թեև դեռ մահացած չէր: Նա շնչում էր շատ խորը` երկար, ծանր հևոցներով, իսկ նրա հսկայական կողը ցավագին բարձրանում ու իջնում էր: Բերանը լայն բաց էր. ես տեսնում էի նրա կոկորդի գունատ վարդագույն խոռոչը: Ես երկար սպասում էի, որ նա շունչը փչի, սակայն նրա շնչառությունը չէր թուլանում: Ի վերջո մյուս երկու փամփուշտները արձակեցի այն ուղղությամբ, որտեղ, իմ կարծիքով, պետք է նրա սիրտը լիներ: Արյան թանձր շերտը ալ կարմիր թավիշի նման հոսեց նրա մարմնից, սակայն այս անգամ ևս նա չմահացավ: Նրա մարմինը նույնիսկ չցնցվեց, երբ կրակոցները հասան նրան, իսկ տանջալից շնչառությունը շարունակվում էր: Նա մահանում էր դանդաղ ու ցավոտ հոգեվարքի մեջ, սակայն մի աշխարհում` ինձնից այնքան հեռու, որ ոչ մի փամփուշտ այլևս չէր կարող վնասել նրան: Զգում էի, որ պետք է վերջ դնեի այդ ահեղ աղմուկին: Սարսափելի էր այդ հսկայական կենդանուն այդպես պառկած տեսնել` անզոր շարժվելու և, միևնույն ժամանակ, անզոր մեռնելու, և ի վիճակի չլինել նույնիսկ նրա վերջը տալու: Ես ուղարկեցի փոքր հրացանիս հետևից և փամփուշտ փամփուշտի հետևից արձակեցի նրա սրտի ու կոկորդի ուղղությամբ: Դրանք ասես ապարդյուն լինեին: Տանջալից հևոցները ժամացույցի զարկերի նման հետևում էին իրար:

Ի վերջո, այլևս չդիմացա ու հեռացա: Հետո լսեցի, որ նա միայն կես ժամ հետո էր մահացել: Բիրմացիները սկսել էին բերել իրենց դանակներն ու զամբյուղները նույնիսկ մինչև իմ գնալը: Ինձ ասացին, որ մինչև կեսօր փղին մինչև ոսկորները մսազերծել էին:

Հետո, իհարկե, հաջորդեցին փղի սպանության մասին անվերջ խոսակցությունները: Տերը կատաղած էր, բայց նա ընդամենը հնդիկ էր ու ոչինչ չէր կարող անել: Բացի այդ, իրավաբանորեն ես ճիշտ էի վարվել, քանզի եթե տիրոջը չի հաջողվում կառավարել նրան, ապա կատաղած փղին պետք է սպանել, ինչպես կատաղած շանը: Եվրոպացիների շրջանում կարծիքները տարբեր էին: Տարեցների կարծիքով` ես ճիշտ էի, իսկ երիտասարդներն ասում էին, որ խայտառակություն է սպանել փղին կուլի սպանելու համար, որովհետև փիղն ավելին արժե, քան ցանկացած անիծյալ կուլի: Ի վերջո, ես շատ գոհ էի, որ կուլին սպանվել է. իրավական տեսանկյունից դա ինձ արդարացնում էր և բավարար պատճառ էր հանդիսանում փղին սպանելու համար: Բայց ես հաճախ էի մտածում` արդյոք որևէ մեկը հասկացե՞լ էր, որ ես այդպես էի վարվել բացառապես հիմարի կարգավիճակում չհայտնվելու համար:

 

ԱՆգլերենից թարգմանեց Լիլիթ Հովհաննիսյանը

 

Կարծիքներ

կարծիք