Արև եմ գտել խավարում

Մի բան էի փնտրում, ինչ՝ չգիտեի, չէի հասկանում, թե ինչ. մի՛ բան: Ուղեղիս մեջ  ձիեր էին վարգում՝ անսանձ, վայրի ձիեր, դոփում սրտիս վրա գիշերվա անքնության մեջ: Սիրտս նվվում էր անբացատրելի տառապանքից, որ հետզհետե դառնում էր մղձավանջ: Հոգիս պատվել էր դառնության մառով: Մի անտես ձեռք թափանցիկ սահման էր գծել իմ ու իրականության միջև: Ես ինձ զգում էի տարածությունից ու ժամանակից դուրս: Ամեն ինչ դատարկ էր թվում՝ անբառ, անանուն ու տխուր: Նայում էի ու չէի տեսնում այն, ինչ տեսնում էի: Անձրևը դարձել էր արցունք, բառերը՝ փուչիկներ, մարդկային դեմքերը՝ աշնան հերկած դաշտ՝ ամայի ու լերկ, իսկ աչքե՜րը… Աչքերը նման էին անօդ պղպղջակների, ու սիրտս անլսելի մրմնջում էր.

Անխոսությամբ է լցված օդը սառնարյուն,

Պղպջակներ են երկու աչքերը դատարկ,

Աչքերն առանց  սեր… Սիրտն առանց ճախրանք՝

Առանց ճաղ՝ վանդակ ու բանտախուց մութ, հոգին…

 

Մրմնջում էի լուռ. որոնածս չէի գտնում. ջարդվել էին հոգուս թևերը… Աստված իմ, հույզերի, որոնումների այս ի՜նչ տեղատվություն է, տուրևառություն, ի՜նչ ալեվետում, որ, սակայն, այդպես էլ ինձ լույսի ափ չէին հանում, ու շարունակում էի որոնել՝ մտասույզ, մռայլ, ջարդված ներքուստ:

Մոլորուն մտքերով անցնում էի դպրոցի գրադարանի մոտով (դա իմ աշխատասենյակից հեռու չէ), դուռը բաց էր: Վերանորոգումից հետո դասավորում էին գրքերը: Ներս մտա: Անթարթ աչքերով նայում էի թափթփված գրքերին՝ խառնիխուռն, փոշոտ: Մոտեցա: Գրքերի կույտի մեջ կիսով չափ երևում էր մի բան՝ գիրք, թե ամսագիր. այն շատ էր տարբերվում մյուսներից: Հետ տարա գրքերը, հանեցի, փրկեցի նրան մռայլ գրքերի մեջ խեղդվելուց: Ամսագիր էր՝ գեղեցիկ կազմով, առինքնող  ու խորհրդավոր: Փոշոտ էր: Մաքրեցի ու սկսեցի թերթել. էջ էջի վրա զարմանք էր ու զմայլանք, անբացատրելի կախարդանք: Հետ գնացի դեպի գրքերի կույտը: Գրքերի փոքրիկ բլուրը քանդեցի, մեկ առ մեկ հանեցի ինձ կախարդած ամսագրերը: Դրանք շատ էին՝ փոշոտ ու տխուր:  Դրանք գիրկս առա (ի՜նչ փույթ, թե կփոշոտվեմ), տարա դեպի սեղանը: Խնամքով մաքրեցի, բացեցի առաջին էջը, ու… ա՜րև ելավ էջերից՝ ջերմացնող, տաք, հուսաբեր արև… Սկսեցի արագ ու փութկոտ թերթել էջերը, աչքերս, թռչունի թևեր առած, թռչում էին էջերի վրայուվ: Ուզում էի բոլորը միանգամից կարդալ. մեկ բացում էի առաջին էջը, մեկ հասնում էի ամսագրի սրտին , հետո՝ վերջին էջին: Փակեցի ամսագիրը ու խոշոր տառերով կարդացի՝ «Բաժանորդագրվելը պատիվ է»:

Ես չէի բաժանորդագրվել, ես ինձ չէի արժանացրել այդ պատվին՝ մեծ պատվին: Գուցե դրա համար էի մոլորուն ու գլխիկոր: Գուցե: Աչքերս գտան երկրորդ տողը. «Կարդալը հարստություն է»: Ես ինձ զրկել էի նաև հարուստ լինելու հնարավորությունից: Այդ պահին զգացի, որ ես աղքատ եմ, շատ աղքատ: Տողերի վերևում խոհարարի հագուստով մի աղջիկ էր՝ «հոգևոր ճաշի շերեփը ձեռքինե:

Զգացի, որ նաև սոված եմ, հոգով սոված:

Գլխիկոր, աղքատ ու սոված:

Ես ամսագրերը խնամքով դասավորեցի ամենաաչքի ընկնող պահարանում, բայց չկարողացա տեղից շարժվել, հեռանալ: Ես գողի զգացողությամբ մի ամսագիր վերցրի ու տարա ինձ հետ: Տարա, որ մի քիչ տաքանամ, որ վաղը՝ արևագալին, քայլեմ գլուխս բարձր, հոգիս՝ հարուստ ու աչքերս՝ կուշտ:

Տունդարձի ճամփին քայլում էի արագ, վախենում էի ինձ թալանեն, տանեն հազիվ գտած արևի շողը: Մերթընդմերթ շոշափում էի պայուսակս՝ համոզվելու, որ այնտեղ է: Հասա տուն: Անհանգիստ էի: Ուզում էի, որ օրը շուտ մթնի ու ես մենակ մնամ արևի շողի հետ, բայց օրը ցավալիորեն տարաժամում էր, ու ես լռելյայն սպասում էի։

Երբ հանում էի ամսագիրը, փոքրիկս տեսավ, ձեռքիցս խլեց, նայեց շապիկի խորհրդավոր աղջկան ու հարցրեց (նա ընդամենը 28 ամսական է).

-Մայրի՛կ , ինչո՞ւ է աղջիկը տխուր:

-Չգիտեմ, երևի նեղացրել են:

-Չէ՛, մամ, լացում է, որովհետև ձեռքեր չունի, թևեր են…

-Թևերի համար երբեք չեն լացում, փոքրի՛կս, թևերը մարդուն միշտ վերև են տանում, պիտի լացեն այն մարդիկ, որոնք ձեռքեր ունեն, բայց ոչ՝ թևեր:

Ես երկար նայեցի նկարին ու գուցե առաջին անգամ հասկացա, որ կարող է ստվերը նման չլինել այն մարդուն, որի արտացոլանքն է, և կարող է արտացոլել ոչ թե մարմինը, այլ հոգին:

Օրն իրիկնացավ: Մտասույզ ու անհամբեր օրորում եմ փոքրիկիս, որ շուտ քնի ու ես մենակ մնամ, որ արևի շողը հանեմ դարակից ու տաքանամ, բայց նա չի քնում, նստում է օրորոցում ու նորից հարցնում.

-Մա՛մ, ինչո՞ւ էր լացում աղջիկը, ո՞վ էր նեղացրել նրամ, մա՛մ, որտեղի՞ց նրան այդ թևերը:

-Նկարի աղջիկը քնել է, դու էլ քնիր:

Ու սկսում եմ օրորել: Քնի՛ր, Նանիկ, որ ես վերջապես մենակ մնամ իմ երրորդ զավակի հետ, անունը՝ Անդին… Ուզում եմ մինչև լուսաբաց նրան սիրել աչքերով…

Ես գտե՛լ եմ որոնածս: Ի՜նչ զարմանալի է, հաճախ մարդը որոնածը փնտրում  է հեռվում, անհայտի մեջ, այնտեղ, ուր նա չի կարող լինել, մինչդեռ նա կարող է քո կողքին լինել, ընդամենը մի քայլ հեռու, մի ակնթարթ հեռու, ընդամենը մի պատ անդին…

Իմ որոնածը արև էր: Ես արևը գտա… խավարում… մի պատ անդին…

 

 

 

Կարծիքներ

կարծիք