Մի օր, երբ քեզ չգտա…

/Պ.Մառի օրագրից/

Այդ օրը կսկսվի սովորականից վաղ: Լուսադեմին հնչած հեռախոսազանգը տակնուվրա կանի, կխառնի մտքերս: Կիսարթուն, քնաթաթախ առաջին պատահած շրջազգեստը կգցեմ վրաս, պայուսակս կվերցեմ, մի քանի անհրաժեշտ իր կլցնեմ մեջը: Կնայեմ երկնքին. անձրև է գալու: Վերջին պահին կմոռանամ անձրևանոցն ու արագ դուրս կգամ տնից:
Քամին կխփի երեսիս` սառը շնչով, վերարկուս վրա կբերեմ ու կծկված արագ-արագ կքայլեմ փողոցով : Քունս տանում է: Այս ժամին, առավոտ շուտ, երբ քաղաքը դեռ չի արթնացել, դեռ վայելում է առավոտյան քնի քաղցրությունը, ես դատարկ փողոցի միակ հյուրն եմ: Ոտքերս հրաժարվում են ենթարկվել, դեռ թմրած են, անբնական, կիսագլորվելով այնուամենայնիվ գնում եմ, համարյա վազում եմ: Մեկ, երկու անգամ քիչ մնաց ընկնեմ: Մրսում եմ, քամին էլ չի դադարում: Ձգում եմ վերարկուիս գոտին ու օձիքը բարձրացնում: Օգնում է. այդպես գոնե քամին վերարկուից ներս չի թափանցում:
Գիշերվա երազս հիշեցի. ձեռքս երկարեցի ու չհասա քեզ…
-Նույն ուղղությամբ ենք նայում, դրանից է,- կասես ու կժպտաս ներողամիտ,- ստացվում է` դեռ մի քայլ անգամ իրար կողմ չենք արել:
Նույն ուղղութամբ ենք շարժվել, միշտ, ու մնացել իրարից հեռու`մի ծովաչափ հեռավորության վրա…
Քամին է՛լ չեմ զգում, կա՛, ես չեմ զգում: Ոտքերս արթնացան վերջապես, ուղեղս դեռ թմբիրի մեջ է: Քայլում եմ դեպի քեզ` առաջին անգամ այսքա՜ն տարիների ընթացքում…
Անձրև կսկսվի, իսկ ես անձրևանոց չեմ վերցրել: Կմտնեմ կայարանի կողքի փոքրիկ խանութը, որ քսանչորս ժամ աշխատում է: Այս ժամին դեռ հաճախորդ չկա: Աշխատողը գիշերվա հերթափոխից ուռած աչքերը կլորացրած` հարցական վրաս կնայի:
-Անձրև՜ է:
Կկանգնեմ անկյունում: Անձրևաջուրը հագուստիս փեշից կաթում է հենց նոր մաքրած սալահատակին: Երեսս ապակուն եմ կպցրել: Դիմացի մայթի տները ջրաներկով արված նկար են հիշեցնում, գույները խառնվել են, կորագծերով ցած են սահում ապակու վրայով:
Անձրև է, ինչպես այնտեղ, ծովի ափին` տարիներ առաջ…
…Հագուստս թրջվել, կպել է մարմնիս` մաշկի նման: Տաք անձրև է: Պարուրում է մարմինս` համբույրիդ նման: Նստում եմ կողքիդ, թաց ավազին: Հայացքդ ջրից չես չկտրում, խոսում ես հետս, բայց միտքդ այնտեղ է ջրերի հետ, ծովում: Մի քար կվերցնես երկա՜ր կնայես, հետո կնետես ծովը.
-Նկատե՞լ ես ինչքա՜ն են իրար սիրում:
-Ո՞վ,- կհարցնեմ` անհասկացող երեխայի պես աչքերս վրադ հառելով:
-Ծովն ու ավազը…
Ասածներիդ մի մասը չեմ հասկանում, տարիներ են պետք, որ հասկանամ ու սիրեմ ծովն ինչպես, որ դու ես սիրում այն: Ծովը քո տարերքն է, նույնիսկ խանդում եմ: Ինձ թվում է ծովն ավելի ես սիրում քան ինձ…Կտավներդ ես ցույց տալիս: Ծովն ամենուր է` կտավներիդ, աչքերիդ մեջ: Մինչև մազերիդ ծայրը ծով ես բուրում…
Կինը ծովի՜ց է,- ծորացնում ես` հայացքդ ալիքներին ու վրձինը սահեցնում թղթի վրայով,- ամեն վայրկյան տարբեր, փոփոխվող ու չկրկնվող: Ինքնախաբեություն է, թե կարծում ես, որ կարդացել ես նրա բոլոր էջերը: Խաղաղ է, մեկ էլ տեսար` ալիքվեց, բարձրացավ ահռելի ուժով: Վայրի կատաղության մեջ ահարկու են երկուսն էլ: Արդեն ալիքների մեջ` ապարդյուն փորձում ես գտնել կործանարար ձգողականության գաղտնիքը: Խեղդվում ես` երջանիկ ժպիտը դեմքիդ: Երկխոսության սկիզբը դժվար է: Ծովն իրեն ենթարկող է, պիտի հնազանդվես տարերքին, որ խաղաղվի, վստահի քեզ, բացվի քո առաջ: Ժամերով նայես չես հագենա. այն կողմն աշխարհը կա՛, գոյություն ունի, բայց տեսնել չես ուզում, քո աշխարհն այստեղ, ա՛յս կտավն է:
…. Քամին ծովաջուրը շփում է երեսիս, ալիքները զարկում են արդեն նկարից ու հաղթանակած ծիծաղում…
— Ինձ ե՞րբ ես նկարելու,- չէ՛, չեմ բարձրաձայնի, կմտածեմ միայն: Ներկերը կհավաքեմ ու թաց նկարը ձեռքիս մեջ կկանգնեմ կմնամ:
-Մի օր, գուցե…-Կհամբուրես ջրից գանգրացած մազերս…
Միայն մի օր, վերջին օրը կնկատեմ, որ ծովի միջով ինձ ես նայում: Ծովն էլ տարօրինակ խաղաղ է, կամ քնած է ձևանում: Քեզ թողնում եմ ծովին: Գիտի, զգում է, թույլ է տալիս ինձ վայելել քեզ վերջին անգամ`մի կյանք հիշելու համար:
— Ծովը կտխրի առանց քեզ, — կասես…
…Անձրևը գնալով սաստկանում է: Մի քիչ աջ կգնամ, որ խանութի աշխատողը չորացնի հատակը:
Վերջապես ավտոբուս կբարձրանամ: Հինգ ժամ պիտի գնամ, մինչև հասնեմ քեզ…
…Կնստեմ ծովափին մենակ: Ծովը տխրում է առանց քեզ: Կամացուկ կզարկի ոտքերիս ու հետ կքաշվի: Մի քար կվերցնեմ, երկա՜ր կնայեմ, հետո կնետեմ ջուրը: Կիջնի ցած, կկուտակվի ափին մոտ, հատակին պսպղացող գույնզգույն քարերի կողքին: Ժամերով կնայեմ ու չեմ հագենա… Ծովը քո տարերքն է, իսկ ես ապրում եմ ծովից, քեզնից այնքա՜ն հեռու…
Անձրևը դադարել է վաղուց: Անձրում է ներսս, գնալով սաստկանում է…

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք