Ընկ. Վ. Հայրապետյանին
I
Օր օրի կազդուրվում էր Դիվը: Մերին վախենում էր դրսի աշխարհից: Գիտեր, որ Դիվը բոլոր անհեթեթ պատահարների կենտրոնում է լինելու: Սարսում էր Դիվի որոնած երրորդ շրջանակից, որտեղ Դիվի կարծեցյալ երջանկությունն էր:
Հասունության շրջանում Դիվը ինքն իրեն հարցրեց, թե ո՞վ է ինքը, ի՞նչ է ուզում ինքն իրենից և… և էլի անպատասխան հարցեր:
-Եթե մարդը փունջ ծաղիկը տեսնում է տասը և ավելի գույն ու երանգով, ապա քանի՞ գույն ու երանգ կունենա տասը փունջը տասը մարդու աչքերով: Եվ աճեցրել էր թվաբանական պրոգրեսիա:
Արդյունքում` անհեթեթություն: Թափ էր տվել ձեռքը: Ապրած տարիքը բաժանել էր շրջանների` պատանեկություն, երիտասարդություն, հասունություն: Դրանք գեղեցիկ հնչելու համար ամեն շրջան շրջանակ էր անվանել: Եվ գտել էր, որ կյանքը անհոգ ու թեթև է պետք ապրել:
Մինչ վերջին պատահարն էր: Դիվն ասաց. «Թեթև ապրել է պետք»: Ու դուրս եկավ տնից: Կենտրոնը տնից հեռու չէր: Լսվում էր շրթհարմոնի ձայնը: Երեխաները պաղպաղակի հերթ էին կանգնել: Ինքն էլ կանգնեց: Իսկ նրան հյուրասիրեցին: Վաճառողը ճանաչում էր Դիվին և նրա անհեթեթությունները: Ուզեց ազատվել նրանից:
Դիվը թեև կիրթ ու հասուն մարդ էր, բայց… այլևս այն չէր:
Չհասցրեց ճառը բարեգութ բարերարների հասցեին, երբ նրա գլխին մի քանի դույլ ջուր լցրին: Նրանք էին` խմբվածները, որոնք օրվա դատարկությունը լցնում էին հիմար արկածախնդրությամբ:
Շրթհարմոնահարը Բաքոս էր, թևանցուկ արեց Դիվին, և մտան մոտակա Այգին:
Դիվը եղածը չէր ուզում հիշել:
Եվ հիմա օր օրի կազդուրվում էր: Գրասեղանի մոտ նստած, դիմացը սպիտակ թուղթ: Թղթի վրա մի շրջանակ գծեց, նշեց կենտրոնը և այնտեղ գրեց ՙԿատարյալ Մարդ՚:
Մերին ծպտյալ համբերությամբ ճաշ էր պատրաստում: Չէր կարողանում հասկանալ` այս ամենը ինչպես կատարվեց: Երբ էր` Դիվի դուռը, ավելի շուտ` հեքիաթի դուռը, բաց մնաց, ու քամին հանգցրեց դռան վերև(ը) պլպլացող ճրագը ու տունը դարձրեց ավերակ:
Դիվի միտքը տրոհվում էր, ձեռքը` դողում, չէր կարողանում ընտրել իր տեղը շրջանակում: Կամ գուցե դուրս էր շրջանակից: «Չէ, այդպես հնարավոր չէ: Ես կյանքի մեջ եմ»: Որոշեց ընտրել շրջանակում պատահական մի կետ և պայծառացավ:
Երբ Մերին տեսավ Դիվին ուրախ, առաջարկեց ճաշել: Ճաշի ժամանակ Մերին ուզում էր իմանալ, թե ինչ է կատարվում նրա հետ: Դիվը կցկտուր ու անորոշ պատասխան տվեց: Կիսվել չէր ուզում:
Ճաշից հետո Դիվը մոտեցավ գրասեղանին. այնտեղ սեղանի սպիտակ թղթին գծված շրջանակը սպասում էր իրեն: Նստեց ու չէր կարողանում որոշել` ինչպես միացնել ընտրված կետը կենտրոնին` ուղիղ գծո՞վ, թե՞ ոլորապտույտ: «Կյանքը պետք է թեթև տեսնել, Դիվ»,-ասաց Դիվը ինքն իրեն և ուղիղ գծով միացրեց կենտրոնին: Իհարկե, սկզբից իր գլխին եկածը` իր ընկալմամբ, աշխարհը, մարդկային փոխհարաբերությունները: Եվ շրջանակը դարձավ մի մրոտ թղթի կտոր: Լաբիրինթոս: Մարդկային ճակատագրերի, տեսակների, ընկալումների, պատմությունների և ինչե՜ր… ինչե՜ր… ինչե՜ր… ու ծանր հոգոց հանեց:
Շրջանակը հևում էր, ընդլայնվում, երբեմն էլ կուչ էր գալիս, ՙԿատարյալ Մարդ՚ հասկացությունը ճզմում, ոչնչացնում:
Ուժասպառ Դիվը պառկեց քնելու:
II
Մարդկային հոծ խմբերը եկել ու հավաքվել էին սենյակի սարդոստայնում: Խմբից մի աղջիկ առանձնացել ու հասկ ու ծաղիկ էր ծոցքաղում: Դիվը հետամտում էր նրան: Ճանճը կախվել էր ոստայնից ու դզզում էր: Սարդոստայնի տերը սարդն էր ու իջնում էր զոհին(զոհի վրա): Սարդ-ճանճ-զոհ-Դիվ: Դիվը անառակ որդին էր, որ հետամտում էր աղջկան: Դիվը մղձավանջների մեջ էր: Վերմակը նետեց վրայից ու բղավեց:
-Մերի, որտե՞ղ է ավելը:
-Ի՞նչ ավել, այ մարդ:
-Ճանճերը լցվել են ու չեն թողնում քնել: Սենյակը չեք մաքրում: Ամբողջ տունը սարդոստայնի մեջ է :
-Ավելը միջանցքում է:
Մերին գիտեր, որ սենյակը վերջերս են վերանորոգել ու ոչ մի սարդոստայն էլ չկա: Խղճաց ամուսնուն: Ուզեց շտապօգնություն կանչել: Բայց չոր հացը կախված էր առաստաղից:
Դիվը բերեց ավելը: Ոտքերի տակ աթոռ դրեց: Մաքրեց անկյունների սարդոստայններն ու պառկեց քնելու:
Սրթսրթացնում էր:
Ահա նա գալիս է, հեռավոր ծայրամասից: Իր հարազատին այցելության էր գնացել: Ձմեռ էր ու ձյունը` ճեփ-ճերմակ, երկիրը առել էր ձյուն ճերմակի տակ: Կիսակայարանում է, մինչև ծնկները թաց:
Դիվը վերմակի տակ սրթսրթացնում էր:
«Ի՞նչու է ուշանում գնացքը»,- զառանցում է Դիվը:
Գնացքը եկավ: Դիվը բարձրացավ, գնացքում ընտրեց մի ուղեխուց: Մեկնվեց սառը տախտակին ու սրթսրթացնում էր:
Խցի ուղեկիցները երկուսն էին: Կինը, որ հիվանդատես էր գնում ամուսնուն, և թղթաղաղի սիրահար երիտասարդը: Նա աճպարար էր: Դիվը լսում էր: Չէր տեսնում նրանց: Ուրիշ ուղևորներ էլ կային: Խշշում էին ականջները, չէր լսում նրանց: Գնացքը արդեն վաղուց էր շարժվում: Մարդիկ ծանոթացել ու զրուցում էին: Վագոնը կամաց-կամաց տաքանում էր:
Երեկոյացել էր, ու գնացքում հացի ժամ էր: Ահա Դիվն էլ է մասնակցում հացի:
Հաճույքով նայում է աճպարարի ձեռքերի խաղաթղթերին: Աճպարարը ուզածդ պահին կարողանում էր Դիվին ցույց տալ ցանկացած խաղաթուղթ` դնելով սեղանին: Եվ հետո աճպարարը խաղաթղթերով մի գեղեցիկ շրջանակ կազմեց ու նրա միջից նայում էր Դիվին ու ծիծաղում: Շրջանակը Դիվին ծաղկի պսակ թվաց: Եվ ծաղկապսակի միջից ծիծաղողն ինքն էր:
«Լավ է` հանգստացավ»,- մտածում էր կինը վերմակի տակ:
-Իսկ գնացքը գնում-գնում էր ձմեռային ճեփ- ճերմակի միջով:
Հացից հետո Դիվը արդեն ոգևորվել էր:
Դիվը չէր, Բաքոսն էր տարերքի մեջ: Ամբողջ վագոնը իրենն էր: Բաքոսը ընտրում էր մենակյացին: Ավելի շուտ` Բաքոսը սիրում էր մենակյաց մարդկանց սանձարձակությունը:
Բաքոսը կերուխումի աստվածն էր:
-Մերի, տուր ծոցքաղած ցորենը: Գնամ ցանեմ արտը:
Հիվանդատես գնացող կինը գիտեր, որ բոլոր տղամարդիկ նման են իրար: Նրանց աչքերը շան քոթոթի պես քսմսվում, ծծկեր երեխայի նման ձգվում են կյանքը-կաթի բույրը:
Դիվը արդեն հատակին էր:
Ոստիկանը արձանագրություն կազմեց: Մեկնեց կնոջը: Կինը խղճաց` հիշելով ամուսնուն, չստորագրեց: Դիվին տարան ուրիշ վագոն, ոստիկանը սպառնում էր Դիվին ստորագրել: Դիվը ասում էր:
-Ինչպե՞ս եք վարվում ինձ հետ: Իմ երակներով ազնիվ արյուն է հոսում: Սարսափահար Մերին հանգստացնում էր Դիվին: Երկու ծանր բռունցք իջավ Դիվի ծնոտին: Դիվը ուշքի եկավ: Տանն էր:
Ձմռան ճեփ-ճերմակի միջով գնացքը գնում էր դեպի լուսնի ընդգծված կարմիրը:
Հաջորդ օրը Դիվի զբաղմունքն այլ էր: Նա հաստափոր բառարան էր դրել սեղանին, կողքին թուղթ էր: Թերթում էր, բառեր էր արտագրում ու արտագրած բառերի վրա գիծ քաշում:
Կնոջ հարցին` ի՞նչ ես անում: Դիվը ասաց.
-Բառեր եմ արտագրում:
-Ի՞նչ բառեր…
-Բառեր, որ միշտ խանգարել են մարդկությանը:
Մերին ծիծաղեց:
— Եվ որքա՞ն(որո՞նք) են այդ բառերը:
Դիվը ասաց.
-Սուտը, Բամբասանքը, Փառասիրությունը:- Նա ուզում էր էլի շատ բառեր ասել:
Մերին ասաց.
-Ավելի լավ չէ՞ դահիճ դառնաս ու այդ մարդկանց վերացնես: Ապրելը հեշտ կլինի, գիտե՞ս,- ծաղրեց Մերին:
-Ես` Դահի՞ճ, ո՞նց կլինի, Մերի, ավելի լավ է այդ բառերը ջնջեմ, որ նրանք կառչելու տեղ չունենան:
Հետո Մերին գնաց ամանները լվալու ու քթի տակ փնթփնթալու և զայրանալու: Որովհետև տանը բան չկար պատրաստելու:
Դիվը բառարանը թերթելուց հանդիպեց «ազատություն» բառին: Նա արտագրեց բառը: Ու սկսեց մտածել: «Սկզբից փորձարկեմ, հետո նոր մատուցեմ մարդկությանը»:
Դիվը մեկ ուրիշ սպիտակ թուղթ էլ դրեց դիմացը: «Այո, «ազատություն» բառը պետք է քարտեզագրել»,- որոշեց Դիվը: Մեծ դժվարությամբ, բայց քարտեզագրեց: Երբ հասնում էր ազատության բառի անսահմանության սահմանին, մի նուռ էր նկարում այնտեղ:
Արդյունքում ստացվեց ալեկոծ ծովի ալիքներ: Ավելի շուտ այն լեռնապար էր հիշեցնում: Լեռների գոգին` լճակ: Այ քեզ հրաշք:
-Մերի, լճակը: Մերի, դու տեսնո՞ւմ ես լճակը:
-Մարդ դարձիր, վերջապես: Սովից կոտորվում ենք: Իսկ դու` մարդ, երջանկություն, լեռնային լճակ:
-Եվրոպան սրբագրել, նկարել դեմդ են դրել, դու էստեղ գլուխ ես արդուկում: Վերջ, վաղվանից` գործի: Էլ հնար չկա,- ճչաց կինը:
-Բա իմ ասածն էլ էդ է,- հանգիստ տոնով ասաց Դիվը:
Աճպարարը ծաղկապսակի միջից ժպտում էր: Դիվը գոտեպնդվեց:
III
Առավոտյան Դիվը օրվա թերթերն էր կարդում, հրապարակումների վերնագրերը, ծանոթանում օրվա իրադարձություններին` ավելի գրավիչ գովազդներ պատրաստելու համար:
Թերթերը թևատակին դուրս եկավ: Ավելի մարդաշատ վայրեր: Շուկա: Դեռ շուկա չհասած լսեց շրթհարմոնի կեղեքող, կպչուն ձայնը: Գիտեր շուկան: Գիտեր մարդկանց: Բարևում ու գրավիչ խոսքեր էր ասում` գովազդելով թերթը, հույս տալով նրանց. ՙՏերը փոշմանել է, մեզ բոլորիս նորից դրախտ է կանչում: Քերովբեներն ու Սերովբեներն հիմա ուր որ է կբանան դրախտի դռները: Պարզապես մի փոքր համբերել է պետք: Իսկ մինչև այդ թերթեր գնեք: Ամեն ինչ լավ է լինելու՚: Ոմանք ծաղրում էին, ոմաք խղճահարվում` գնում:
Դիվը օրվա կարիքը հոգում էր իր թերթավաճառությամբ:
Հայտնվում է մուրացկանը: Նա խաչը դնում է գետնին ու գլխարկը` կողքին…
-Խղճացե¯ք, ողորմություն եմ խնդրում: Ես եմ, որ պիտի հարթեմ Տիրոջ շավիղները: Ողորմացեք ի սեր Տիրոջ: Ողորմացեք խեղճիս,- լաց ու վայնասունով խնդրում էր մուրացկանը:
Դիվը գրպանները քչփորելով մոտենում էր մուրացկանին:
Բաքոսը հասցրեց Դիվի ականջին.
-Դիվ, մի՛ արա: Նա Հուդա՛ն է: Իր մատնումի համար ազնիվ մարդկանցից դրամ է հավաքում որպես փրկագին: Բայց հաջորդ քայլը գինետանն է: Հետևիր` կտեսնես՝ հեռացավ:
Դիվը մուրացկանից հետո մտավ գարեջրատուն: Մի գավաթ գարեջուր վերցրեց և ուզեց նստել մուրացկանի դեմ դիմաց: Մուրացկանը արդեն չկար: Միայն գավաթն էր սեղանին: Հայտնվեց Բաքոսն ու նստեց մուրացկանի աթոռին£
-Տեսա՞ր, Դիվ, ասում էի, չէ ՞: Ես Հուդային ծննդայն օրից եմ ճանաչում, նա մատնիչ է: Ու չի էլ փոխվելու:
Դիվն ու Բաքոսը բավական շփվեցին: Դիվը արդեն մի քանի գավաթ գարեջուր էր խմել: Բաքոսը գոտեպնդում, հաճախ էլ նախատում էր Դիվին:
-Չափից ավելի ես հաճոյանում այդ փերեզակներին խունկ ու մոմ վաճառող կամ թե լեռնային լճակում լողացող ջրահարսեր,- բացատրում էր Բաքոսը,- նրանք բոլորը ինձ են երկրպագում: Նրանք միայն մարմնով են քոնը: Ուշքի՛ արի, Դիվ, ուշքի՛£
Դիվը գինով էր արդեն, զայրացավ, թողեց Բաքոսին ու դուրս եկավ գարեջրատնից:
Թե որքան էր շրջել քաղաքում` չգիտեր: Հայտնվեց տոնավաճառում:
Այստեղ վաճառվում էր ամեն ինչ: Որովայնի համար: Միայն թե միտքը աշխատի: Եվ Դիվը` նրանցից մեկը: Կեսլուրջ-կես կատակ, հարբած:
Քայլում էր կողք կողքի դրված ցուցադրվող նկարների շարքով: Նկարիչների համար իրենց ստեղծածը արվեստի կոթող էր կամ նման մի բան:
Դիվը նայում է նկարներին:
-Մսի հոտ եմ առնում,- ասաց,- ճագարի մսի, այստեղ արվեստ չկա:- Շարունակեց ընթանալ…
-Մսի հոտ եմ առնում…
-Զոհասեղանը ո՞ւր է, ընթրող կա: Ո՞ւր է ընթրիքը,- քայլում էր Դիվը ու ծաղրում: Նկարիչները, չհանդուրժելով, ծեծում են Դիվին:
Դիվը ուշագնաց վայր է ընկնում: Մտքում լեռնային լճակն է, ուր ջրահարսերն են: Մերին այնտե՞ղ էր, թե՞ ոչ`չէր տեսնում: Դիվը ցատկոտում է լճում արտացոլված լուսնացոլքերի վրայով: Կարապի նման քնում այստեղ: Ջրահարսերը հրճվում էին իրենց ազատությամբ ու գեղեցկությամբ: Կույր երկրպագուները ո՞ւր էին: Ջրահարսերը շորերը կախ էին արել ծառից: Դիվը տեսնում էր նրանց դատարկ կրծկալները: Հասկը ո՞ւր էր: Գուցե թափվել էր:
Երբ Դիվը իր շապիկը ուզեց նետել ծառին, ծառի հետևից հայտնվեց Բաքոսը: Նա ռետինե ճտքավոր կոշիկից դուրս քաշեց դանակը ու ճոճեց Դիվի դեմքին, Դիվը սարսափահար եղավ: Նկարների դիմաց` ասֆալտին փռված, նա հոգոց էր հանում: Բաքոսի հռհռոցի ներքո լեռներից իջավ հանդ: Թափառում էր` ձեռքերը վեր ու վար, ոտքերը մեռոլ:
Դիվը, նկարների առջև փռված, նորից հոգոց հանեց: Չկար իր շրջանակը: Չկար աճպարարը ծաղկապսակի միջից ժպտացող:
Դիվը կրկին հոգոց հանեց ու փոխարկվեց բաց գրքի, քամին թերթում էր գրքի բաց էջերը: Քամին պոկեց մի էջ ու թռցրեց տարավ, ուր լճափին մեղքի ծառն էր: Ծառից պղնձագույն մի տերև ընկավ: Իսկ տերևները սվսվում ու կրկնում էին.
-Ունայնությո¯ւն, ունայնությո¯ւն…
IV
Երկրի վրա Բաքոսը մենակ մնաց: Գրպանում` իր խորտիկ-ձուկը, ձեռքին` գինու գավը: Մենությունը ծանր էր տանում: Մենություն` ուրեմն հռհռոց: Հռհռոց, որ բռնում էր ողջ աշխարհը: Աշխարհը վերածվում էր անապատի:
Դրախտից էր ծլկել լուսին: Երբ մեղքը համարվեց ադամական, չուզեց մեղսակից լինել մեղքին: Փնջեց լուսնի շողերն ու բարձրացավ լուսին: Բնակվեց լուսնի կեսխավարի վրա: Սիրում էր երկրային վայելքները: Գիշերները լուսնի շողերի հետ իջնում էր երկիր:
Զվարճանքն ու վայելքը նա կիսատ չէր թողնում: Երբեմն մնում էր ու շարունակում:
Թեև ընկեր էր բոլորին, բայց ընտրում էր նրանց, ովքեր երկվության մեջ են իրականի և երևակայականի, իրականի և անորոշության:
Լրջախոհից խորշում էր Բաքոսը:
Երբ բռնում էր մտքերի մեջ սուզված լրջախոհին, Բաքոսը երկու ճանճ էր իջեցնում նրա դիմաց: Ու ժպտալով ասում.
-Աճելու և բազմանալու մասին մի պատվիրան հորինիր, եղբայր,- ու կում էր անում գավից: Մինչև լրջախոհին հունից հաներ: Մինչ լրջախոհի բռունցքը կիջներ ճանճերին, հեռանում էր Բաքոսը: ՙՀատակի մարդկանց չարժի ընկերանալ ու գրգռել՚ ասելով խույս տալով նրանցից:
Սիրում էր երիտասարդներին, որոնք աղավնիների նման ղունղունալով տրվում էին միմյանց: Բայց ե՞րբ և ինչպե՞ս էր անդունդ բացվում` դա արդեն իր գործը չէր: Երջանիկ ծերություններ էլ են լինում: Լավ է:
Երբ լարախաղացը հանդիպեց Բաքոսին, վերջինս ուրախացավ: Քաղաքի վրա լարը ձգված էր ամբողջ երկայնքով` արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ: Բաքոսը գինով էր ու չէր կարողանում կողմնորոշվել: Նա չէր էլ կարողանում ընկալել, թե որտեղ են ամրացված լարի ծայրերը: Երկրագնդի՞, թե՞ մտքի բևեռից բևեռ: Անտեսանելի էր, Բաքոսի համար` անակնկալ: Չհասկացավ:
Լարախաղացը` ձի, աչքերը մի կետի, խաղում էր: Բազմությունը հափշտակված ու զմայլված հետևում էր:
Բաքոսը նկատեց, որ ծաղրածու չկա:
«Սա պատրվակ է ընկերակցելու»,- մտածեց Բաքոսն ու իր ծառայությունն առաջարկեց:
Լարախաղացը արհամարհանքով մերժեց:
Բաքոսը վիրավորվեց, կում արեց գավից, հռհռաց ու հեռացավ:
Հանդում հանդիպեց բաց էջով գրքի: Ճանաչեց, ողբաց Դիվի համար, հռհռաց ու խմեց:
Գնացքը ժամանեց: Դիվը պիտի գնար դեպի իր երրորդ շրջանակը:
Համասփյուռ ճեփ-ճերմակի միջով գնացքը գնում էր դեպի կարմրալուսին…
Հեռավոր, հազիվ նշմարելի մի կետում այն վերածվեց հազարոտնուկի…