Պոետի վերադարձը

Հարություն Խաչատրյանի 60-ամյակին

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կթախծեք ճոխ սեղանի մոտ: Ավ. Իսահակյան

Երբ արվեստագետը ճշմարիտ և անկեղծ է իր պատկերած նյութի և այն արվեստի էության հանդեպ, որին զինվորագրված է, արդյունքը դառնում է գործ: «Պոետի վերադարձը» ֆիլմը այդպիսին է: Չկա կինոարվեստի հանդեպ ոչ մի մեղանչում:
Հարություն Խաչատրյանը հետամուտ է հայ կինոյի երկու մեծ վարպետների՝ Արտավազդ Փելեշյանի և Սերգեյ Փարաջանովի՝ կինոյի էությունը հայտնաբերող արտիստական սկզբունքին, գեղարվեստական փորձին, թողած արժեքներին: Նրանց իսկական ժառանգն է՝ առանց մազաչափ անգամ նմանը դառնալու: Իր համար ևս կինոն միջոց չէ իրականության առաջ հայելի պահելու, պատմություններ պատմելու, դատողություններ ձևել — կարելու:
Իրականությունն ու իր ապրելու ժամանակը հենց ինքն է, որ կա, իր և իր արվեստի հետ դեմ հանդիման կանգնած՝ միայնակ, բաց ու խոցելի: Եվ լինե -չլինելու այս գոտեմարտում իրական ժամանակի հետ ունեցած բոլոր կապերը անզոր են նրան փրկելու, եթե իր ոգին չպոկվի այդ ամենից ու չհայտնվի այն մշտնջենական ներկայի տարածքում, ուր անցյալն ու ապագան հայտնվում են կողք կողքի ու ներողամիտ կարեկցանքով հուսադրում միմյանց:
Եվ արվեստներից ուրիշ էլ որը, եթե ոչ կինոն պիտի ակնառու և զգայելի դարձներ ոգու այդ փոխատեղումը: Կինոն՝ իբրև ժամանակի, տարածության և շարժումի գաղտնիքների հրաշագործ բանալի: Կինոն, որ լույսի ու ստվերի թրթռուն մի խաղ է, ուր նյութեղենը նույնքան թվացյալ է, որքան անիրականը՝ նյութեղեն, էլեկտրական հոսանքին գերի մի հեքիաթ՝ «լինում է, չի լինում» նշանաբանով:
Այս հավատամքով է շնչում «Պոետի վերադարձը» թե իբրև ֆիլմ, թե իբրև կյանքի պատկերացում և ապրում: Իսկ որն է այդ կյանքը, որն արծարծվում է ֆիլմում՝ մի քանդակի ստեղծման և տեղադրվելիք վայրը տանելու ամբողջ ընթացքը: Նյութի ընտրության ռեժիսորական սկզբունքը նախընտրում է փաստը՝ անհերքելիորեն ճշմարիտ, ակնառու և անեղծ: Հայ հանդիսատեսը կհավաստի, որ Ջիվանունն է արձանը, որ քանդակագործը իսկականն է՝ Արտաշես Հովսեփյանը, որ Հայաստանով մեկ՝ ծանոթ ճանապարհներով քանդակը տարվում է պոետի ծննդավայր՝ Ջավախք:
Կինոարվեստի սկզբնատուր այս հատկանիշի հանդեպ ունեցած իր ձգտումով ռեժիսորը մերձենում է փելեշյանական կինոյին: Մի տարբերությամբ սակայն, որ իր և հավաստի նյութի միջև սահմանում է անմերձենալի մի հեռավորություն՝ վերջինիս տալով անկաշկանդ, ինքնուրույն և երկարատև ծավալվելու արտոնություն: Նյութի հանդեպ երբեմն դառնալով այնքան ինքնամոռաց, կարծես ոչինչ չի ընտրում: Ի տարբերություն փելեշյանական հուժկու ներկայության իր նյութի բոլոր բջիջներում և ամեն վայրկյանին, այստեղ առկա է ռեժիսորի՝ նյութի մեջ տարրալուծվելու, անհետանալու, չքանալու երանությունն ու կամքը: Ինքնարարվող և ճշմարիտ հավաստիությունը Խաչատրյան ռեժիսորի համար գերագույն պայման և երաշխիք է՝ նյութի բուն ներքինն ու ոգին գտնելու:
Խուլ ու միալար, երկարաձիգ գվվոց, և ջուրը ներխուժում է կավի մեջ: Փոշեհատիկները սեղմվում են ու ձուլվում ջրին: Մարդը խառնում, շաղախում, հունցում, տրորում է նրանց, դարձնում մի զանգված, որն այլևս ոչ կավ է, ոչ էլ ջուր: Այդ ձեռքի սեղմումից, որ ուժ է ու եռանդ, նրանք փոխում են բնության կողմից իրենց տրված գոյաձևը, դառնում հնազանդ ու զգայուն: Նաև պատրաստակամ՝ այդ ամորֆ ու տարտամ վիճակից դուրս գալու՝ ձև ու կերպարանք առնելու ձեռքի շփումով իրենց փոխանցվող կամքին համաձայն: Նյութն ու արձանագործը այլևս մեկմեկու շարունակությունն են՝ շնչավոր նույնքան, որքան և նյութեղեն:
Ռեժիսորական անշտապ ու ծորուն ռիթմը կերպավորում է այս ամենը իբրև երկունքի և սպասումի լուռ ընթացք: Հավատարիմ իր սկզբունքին՝ նա պահպանում է անխառն «չեզոքություն». ոչինչ, ոչ մի մանրամաս չի թաքցնում իր հանդիսատեսից՝ նրան դարձնելով ամենաիրազեկ ու ամենատես: Ավելին, այս ամենը զննող ու արձանագրող կամերայի համար սահմանում է սևեռուն ու միակ դիտակետ, որ հանդիսատեսինն է, վերջինիս դարձնելով այս արարումի ոչ թե վկա, այլ մասնակից:
Կավաշաղախ զանգվածի ու մարդու միջև ծայր առած այս մերձեցումից մարմին է առնում արձանագործի մտքի ու հոգու մեջ ապրող աննյութ պատկերը: Շտկվում է, սրբագրվում, հայտնի չէ՝ իր, թե արձանագործի կամքով, դառնալով ցանկալին, իր իսկ նմանությունը: Եվ ոգեշնչվում է կավե զանգվածը, կենդանանում, հառնում է իբրև տեսիլք՝ ճանաչելի, շոշափելի: Արարումը դառնում է կախարդանք, իսկ արձանագործը՝ աստվածային արարչության փորձը կրկնող մի դեմիուրգ:
Հանդիսատեսը ներքաշված է այս ծեսի մեջ, քանզի նրա աչքով է արձանագրված ամենը: Սակայն ռեժիսորը ընդլայնում է աչքի տեսունակության սահմանը՝ ստիպելով նրան սուզվել սեփական հոգու խորխորատները, ուր մշտապես տրոփում է իր հողեղեն շինվածքը, իր բնության երկվությունը վկայող նախաստեղծ արարումի առասպելը: Կախարդանքը իրական է, կյանքն է,- կարծես հորդորում է ռեժիսորը: Իր արձանագործն էլ սովորական մարդ է, պարզապես դեմիուրգ է: Այսինքն՝ վարպետ կամ բառացի՝ «ժողովրդի համար ստեղծող», որ իր գործն է անում: Եվ բոլորի պես ու սովորական՝ ուտում է, խմում, ծխում, քնում. քանդակելը նրա գոյության ու ապրելու կերպն է, նրա իսկությունը:
Այս իսկությանն է հետամուտ Խաչատրյան ռեժիսորը իր ֆիլմի ամբողջ հյուսվածքում: Նրան խորթ է փարաջանովյան կյանք — թատրոն ծեսի շքեղ վերստեղծումը, ուր յուրաքանչյուր պատկեր ու անձ ռեժիսորի մտքի ու հոգու իդեալական խամաճիկն է, ուր ամեն ինչ «սարքովի է» խաղ է՝ բացի սարքողից: Խաչատրյանը իր բոլոր ֆիլմերում և հատկապես այս մեկում պահպանում է մի անուրանալի հավատարմություն վավերագիր կինոյի էության հանդեպ: Արվեստը կյանքն է, որի ծագման հնամենի նախադեպի հմայքն ու ոգին առօրեական, անվերջանալի կրկնություններով, ավաղ, մարդու համար դարձել է անզգայելի: Գեղեցիկը իրականն է, կյանքը,- կարծես հորդորում է ռեժիսորը,- իբրև կյանքի ու մարդու արտիստական ըմբռնում:
Եվ ինչպես իր ֆիլմի արձանագործը փնտրում էր ու գտավ ճիշտ այն քարը, որի մեջ փակված էր իր ձեռքով շնչավորված մարմինը, այնպես էլ ռեժիսորը սևեռուն հետապնդումով պոկում է իր պատկերած կյանքի՝ առօրյա ընկալումներից քարացած պատյանը և կարոտալի թախիծով շոշափում նրա ծնունդի պատճառն ու հոգին: Եվ այդ ամենը՝ առանց իր ներկայությունը մատնող որևէ ժեստի: Անտեսանելի, անանձնական, բայց և հավաստի, ճիշտ իր ֆիլմի արձանագործի պես, որը հարունման է վաղնջական ժամանակների այն անանուն վարպետներին, որոնց համար արարումը կյանքից անանջատելի հոգևոր ծես էր, խոնարհ ու երկյուղած ուղերձ՝ իրենց աստվածներին:
Եվ էկրանին երևակված իրականությունը փոխվում է արվեստի՝ նույն է թե ոգու արարման ծեսի՝ կյանքի մեջ և կյանքից դուրս՝ միաժամանակ: Ռեժիսորի անվրեպ ընտրած դիտակետի տևականությունը, կադրերի ու դրվագների ռիթմն ու հերթագայումը ֆիլմի հանդիսատեսին դարձնում են արձանագործին հեղինակակից՝ նրա մեջ հարուցելով կյանքը արվեստի աչքով ապրելու ունակությունը: Երբ բնության մեջ ամեն ինչ՝ կենդանի ու անկենդան, հավասարապես զգայելի են իբրև լուռ ու անբացատրելի հիշեցում իր հետ ունեցած ազգակցության:
Եվ սրանով հանդերձ ֆիլմի տեսողական, պատկերային շարքը շարունակում է մնալ ավելի քան իրապատում: Ռեժիսորը բացառում է գեղարվեստական «խաբկանքի» որևէ հնար: Ամենայն մանրամասնությամբ նա ի ցույց է դնում արձանի տեղադրումը հսկա մեքենայի թափքին: Սակայն նախորդ դրվագների ընկալման էմոցիոնալ փորձառությունը դիտողին արդեն իսկ դրդում է նյութից անդին տեսնելու զգայնության: Արձանն այդ պահին տեղափոխվող բեռ չէ: Ամբարձիչ կռունկի երկաթյա պարաններով բռնված քանդակի մարմինը կախվածի պես անօգնական օրորվում է օդում: Բոլորի հայացքները գամված են վերելքի մեջ խարխափող մարմնին: Անբառ ու անզարդ՝ ռեժիսորը ստեղծում է տագնապի, լարվածության և դարձյալ սպասումի մի պատկեր: Մի պահ երերվում է արձանը, ապա անշարժանում բեռնատարի թափքին՝ տախտակներով գրկված, ու ճամփա ընկնում այնտեղ, ուր սպասում են իրեն:
Ռեժիսորը կերպավորում է այդ սպասումը իբրև գալուստի ու դիմավորումի՝ ընդառաջի ծես: Կինոարվեստի չարչրկված հնարներից մեկը՝ դիտակետը, շունչ է առնում իր խորունկ ու մոգական ուժով՝ դառնալով այն փայտիկը, որն ի զորու է կենդանություն տալու քարի մեջ փակված մարդուն: Խաչատրյան ռեժիսորի, ինչպես միշտ, պարզ ու անբռնազբոս արտիստական ժեստով արձանն օժտվում է տեսունակությամբ: Նրա աչքով է այլևս տեսնվում էկրանին ամեն ինչ: Հանդիսատեսին ռեժիսորի կողմից վերապահված դիտակետը միաժամանակ դառնում է նաև արձանինը, իսկ հանդիսատեսը՝ նրա աչքը: Այսուհետ արձանի ֆիզիկական տեղափոխումը փոխակերպվում է հայեցումի ճամփորդության՝ երկրի, կյանքի ու մարդու մեջ:
Այս ճանապարհի բոլոր հանգրվաններում երկիրը կերպավորվում է իբրև բնություն՝ մարդուն պարուրող մի շրջանակ, որ ֆիլմի գեղարվեստական հյուսվածքի տրամաբանությամբ փոխարկվում է ծիսական շրջանի, իրականից սահմանազատված անժամանակյա այն տարածքի, ուր կենսակերպի վիճակը, խնդիրները, հոգսերը մուտք չունեն այնտեղ: Այդ տարածքում դրված մարդը ևս «ապրում է» նույն օրենքով:
Ռեժիսորը ի ցույց է դնում այդ կեցության տարրերը իբրև արձանի հայացքի բովանդակություն. երգում են, պարում են, խմում են, շարժվում են, նայում են, խաղի մեջ են: Ու ձև է առնում մի անբառ երկխոսություն արձանի ու մարդկանց միջև՝ առանց երկրպագության արտաքին կերպերի: Հանդիպումը կայանում է ֆիզիկականից, տեսողականից անդին իբրև՝ բանաստեղծի խոսքով ասած, «ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք»:
Երգում է այդ ծեսի մեջ ներքաշված մարդը արձան — պոետի երգը: Խոշոր պլանը պոկում է նրան շրջապատից, հանում բոլոր հարաբերությունները իրականի հետ: Ինքնասույզ մի կենտրոնացում է երգը, ավելի ստույգ՝ ասերգը, խոստովանություն՝ աղոթքի պես պարզ ու շիտակ, ու անձայն, ինչպես զգացում: Քանդակին ուղղված մի ողջույն է դա, որ նրա լռության հանդիման փոխվում-դառնում է աղերս ու կարոտ: Եվ դիմավորումի ամբողջ ծեսը՝ ֆիլմի տարբեր դրվագներում երգերի ռիթմիկ զետեղումներով, վերածվում է փոխադարձ հայտնաբերումի արարողության:
Պոետի խոսքը կրող մարդիկ ու պոետ-արձանը դառնում են միմյանց հայելացումը և նույնանում ոգու համատրոփ ապրումի մեջ: Ռեժիսորի սևեռուն հայեցումը վերադարձնում է արձանի արարման դրվագների հարուցած ապրումները՝ բացահայտելով նաև նրա արարման՝ դեռևս նախաստեղծ ակունքներում կնքված պատճառն ու իմաստը:
Խաչատրյան ռեժիսորը կարծես ոգեկոչում է վաղնջական հավատալիքների շունչը, և, ինչպես հազարամյակներ առաջ, արձանը պատկերանում է իբրև նախնիների ոգու ապաստարան, որի կենդանության ձևը ողջերի հիշողությունն է: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ֆիլմում այն չտեղադրվեց ու չդարձավ հուշարձան: Քանզի ռեժիսորի նպատակը նրա տեղադրման ու նրա գեղարվեստական՝ թող որ անուրանալի արժեքի ցուցադրումը չէ, այլ մարդուն ստվերի պես հետևող անցյալի անշոշափելի ներկայության՝ այդ մշտապես տրոփող ապրումի արվեստային անդրադարձը: Ինչպես նաև արձան կանգնեցնելու հնամենի փորձի նորօրյա վերագտնումը: Այն փորձի, որի հիմքում ընկած էր ժամանակների՝ անսկիզբ ու անվերջ պտույտի պատկերացումը, երբ ապագան՝ հենց ապագան /ինչպես շատ լեզուներում/ ընկալվում էր իբրև չեկող, իբրև ներկայի սպասում, իր թիկունքում գոյատևող, իրեն թիկունք հանդիսացող եղելություն:
Ձմռան սառնաշունչ ու ամայի բնանկարի ֆոնին մի պահ խոշոր պլանի մեջ լուսավորվում է պոետի՝ կարծես քարե շղարշի տակ առնված կերպարանքը ու կինոխցիկի հետընթաց շարժումով հետզհետե հեռանում ու տեսիլքի պես անհետանում է աչքից: Առաջին ու վերջին անգամ ռեժիսորը մատնում է իր ներկայությունը՝ կարծես ազդարարելով իր տագնապներից ու խոհերից ծնված կինոծեսի ավարտը: Արձանը ապագայի երաշխիքն է,- հորդորում է Հարություն Խաչատրյանը՝ հուսալով, որ իր Պոետի վերադարձը լինի գոհացում Ոգու սովի:

 

Անդին 6, 2014

Կարծիքներ

կարծիք